Loading...

Articles

Մաքսիմ Գորկի. «Հրեաների մասին» (նախորդի շարունակությունը)

10:24, Thursday, 19 July, 2018
Մաքսիմ Գորկի. «Հրեաների մասին» (նախորդի շարունակությունը)

Մենք բոլոր հիմքերն ունենք հրեաներին մեր բարեկամները համարելու, մենք նրանց երախտագիտություն հայտնելու շատ պատճառներ ունենք. նրանք շատ բարի բաներ են արել ու անում են այն ճանապարհներին, որոնցով ընթացել են ռուս մարդիկ:

Բայց և այնպես չենք նողկում և չենք զայրանում՝ մեր խղճի վրա կրելով հրեական իրավազրկության ամոթալի բիծը:

Այս բիծը լի է զրպարտության կեղտոտ թույնով, արցունքով ու անհամար ջարդերի արյամբ:

Ես չեմ կարող հակասեմիտականության, հրեատացության մասին խոսել այնպես, ինչպես հարկն է: Ո՛չ թե այն պատճառով, որ ի վիճակի չեմ, որ ի զորու չեմ, այլ այն պատճառով, որ ինձ ինչ-որ բան խանգարում է, որը չեմ կարող հաղթահարել: Ես կարող եմ գտնել բավականաչափ ուժեղ բառեր, որպեսզի դրանք նետեմ մարդատյացների երեսներին, բայց դրա համար ես պետք է կեղտոտ փոսը մտնեմ, հասնեմ այն մարդկանց մակարդակին, որոնք ինձ համար գարշելի են:

Ես հակված եմ մտածելու, թե հակասեմիտականությունն անժխտելի իրողություն է, ինչպես անժխտելի է բորոտությունը, սիֆիլիսը, և որ աշխարհն այդ ամոթալի հիվանդությունից կբուժվի միայն մշակույթով, որը թեպետ դանդաղաքայլ, այնուամենայնիվ մեզ ազատագրում է հիվանդություններից ու արատներից:

Դա, իհարկե, ինձ չի ազատում ամեն կերպ հակասեմիտականության դեմ պայքարելու պատասխանատվությունից, հրեատյացության վարակից մարդկանց հեռու պահելու պատասխանատվությունից, քանի որ այսօրվա հրեան ինձ հարազատ է, և ես ինձ մեղավոր եմ զգում նրա առջև. ես այն ռուս մարդկանցից մեկն եմ, որոնք հանդուրժում է հրեա ժողովրդի կեղեքումը: Իսկ այդ ժողովուրդը լավ ժողովուրդ է. ինձ հայտնի է, որ Եվրոպայի խոշոր մտածողները հրեային, որպես հեգեբանական տեսակ, համարում են, մշակութային առումով, ռուսներից բարձր ու գեղեցիկ:

Ես կարծում եմ, որ դա ճիշտ գնահատական է. որքան ես կարողանում եմ դատել, հրեաներն ավելի եվրոպացի են, քան ռուսները՝ թեկուզ այն պատճառով, որ նրանց մեջ խորապես զարգացած է աշխատանքի ու մարդու նկատմամբ հարգանքը: Ինձ զարմացնում է հրեա ժողովրդի հոգեկան հաստատակամությունը, նրա համարձակ իդեալիզմը, չարի նկատմամբ բարու անշրջելի հաղթանակի նկատմամբ հավատը, երկրի վրա երջանկության հնարավորորության մասին համոզմունքը: :

Լինելով մարդկության հին ու ամուր խմորիչը՝ հրեաները միշտ աշխարհին տվել են անհանգիստ ու ազնվածին գաղափարներ՝ մարդկանց մեջ լավագույնին հասնելու ձգտում արթնացնելով:

Բոլոր մարդիկ հավասար են, երկիրը ոչ մեկինը չէ, միայն Աստծունն է, մարդն իրավունք ունի և ի զորու է դիմակայել սեփական ճակատագրին ու նույնիսկ կարող է Աստծո հետ բանավիճել. այս ամենը գրված է հրեական Աստվածաշնչում՝ աշխարհի լավագույն գրքերից մեկում: Եվ մերձավորի հանդեպ սիրո պատվիրանը նույնպես հինհրեական պատվիրան է՝ ինչպես «մի՛ գողանա», «մի՛ սպանիր» և մյուս պատվիրանները:

1885 թվականին Գերմանիայի հրեաների միությունը հրատարակեց «Բարոյականության մասին հրեական սկզբունքները»: Ահա՛ այդ սկզբունքներից մեկը.

«Հուդայականությունը սահմանում է՝ սիրի՛ր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ, և սիրո այս պատվիանը հռչակում է ամբողջ մարդկության նկատմամբ հրեական կրոնի հիմերի հիմքը: Այդ իսկ պատճառով այն արգելում է ամեն կարգի թշնամանք, նախանձ, անբարյացկամություն ցանկացածի նկատմամբ՝ անկախ ծագումից, ազգությունից ու կրոնից:

Այս սկզբունքը հաստատել են 350 ռաբիններ ու հրատարակել են Ռուսաստանում սկսված հրեական ջարդերի ժամանակ: :

«Հուդայականությունը պահանջում է հարգանքով վերաբերվել մերձավորի կյանքին, առողջությանն ու ունեցվածքին»:

Ես՝ ռուս մարդս, երբ մեկուսի քննության եմ առնում իմ արժանիքներին ու թերությունները, ինձ թվում է, թե ես նույնիսկ չափազանցված ռուս եմ, և ես խորապես համոզված եմ, որ մենք՝ ռուսներս, հրեաներից սովորելու շատ բան ունենք:

Օրինակ՝ «Բարոյականության մասին հրեական ուսմունքի սկզբունքներ» -ի յոթերորորդ պարագրաֆն ասում է.

«Հուդայականությունը պահանջում է հարգել աշխատանքը, ֆիզիկական կամ մտավոր աշխատանքով մասնակցել հասարակական գործունեությանը, կենսական բարիքներ փնտրել ստեղծագործ աշխատանքում: Դրա համար էլ այն պահանջում է հոգածու լինել մեր ուժերին և ունակություններին, կատարելագործել դրանք ու գործուն կիրառում ապահովել: Այն արգելում է աշխատանքի վրա չհիմնված ցանկացած հաճույք»:

Դա հիանալի է, իմաստուն է, և հենց այն է, ինչը պակասում է մեզ՝ ռուսներիս:

Եթե՜ մենք կարողանայինք դաստիարակել մեր ուժերն ու ունակությունները, եթե~ ցանկանայինք դրանք գործնականորեն կիրառել մեր չկարգավորված, անմաքուր կյանքում, որը սարսափելիորեն խցանված է պարապ դատարկաբանությամբ ու տնաբույս փիլիսոփայությամբ և որն ավելի ու ավելի է հագեցվում մանկամիտ պարծենկոտությամբ…Ռուս մարդու հոգու խորքում, լինի նա մուժիկ, թե մեծատեր, նստած է կրավորական անարխիզմի թունոտ դևը, որը մեզ ներշնչում է անհոգ ու անտարբեր վերաբերմունք աշխատանքի, հասարակության, ժողովրդի ու ինքն իր նկատմամբ:

Ես համոզված եմ, որ հուդայականության բարոյախոսությունը մեզ շատ կօգներ այդ դևի դեմ պայքարում, եթե, իհարկե, ցանկանում ենք պայքարել նրա դեմ:

Վաղ երիտասարդությանս տարիներին ես կարդացել եմ, չեմ հիշում՝ որտեղ, հրեա հին իմաստուն Գիլելի, եթե չեմ սխալվում, հետևյալ խոսքը.

«Եթե դու հանուն քեզ չես, ապա ո՞վ է հանուն քեզ: Բայց եթե դու միայն հանուն քեզ ես, ապա ո՞ւմ ես պետք»:

Այս խոսքի իմաստը ինձ շատ խորիմաստ թվաց, և ես այն ինձ համար այսպես մեկնաբանեցի.

«Ես ինքս պետք է հոգամ, որպեսզի ավելի լավ ապրեմ, ես իմ հոգսը չպիտի դնեմ ուրիշի ուսերին, բայց եթե ես հոգամ միայն ինքս ինձ, միայն իմ անձնական կյանքը, այդ կյանքն անօգտակար, տգեղ ու իմաստազուրկ կլինի»:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5570 | 0 | 0
Facebook