Loading...

Articles

Նաիրի Հախվերդյանի սցենարով գրված ֆիլմն արժանացել է վարչապետի մրցանակին

10:26, Tuesday, 17 July, 2018
Նաիրի Հախվերդյանի սցենարով գրված ֆիլմն արժանացել է վարչապետի մրցանակին
     «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնին Հայաստանի վարչապետի մրցանակին արժանացավ «Սինե Միտք» ծրագրի երկու ֆիլմեր: Դրանցից մեկը ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Վարորդը» ֆիլմն էր: Այն ներկայացրեց սցենարիստ Նաիրի Հախվերդյանը։ Սա Նաիրիի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի համար գրված սցենարն է, իսկ Լուսինե Սարգսյանն արդեն երեք ֆիլմ է նկարահանել։ «Նիդերլանդական օրագրի» ընթերցողներին հայտնում ենք, որ Նաիրի Հախվերդյանը նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի և իրավաբան Ինգա Դրոստի դուստրն է, ով նաև իր հետաքրքիր հոդվածներով հանդես է գալիս նիդերլանդական մամուլում:
     Նաիրի Հախվերդյանի սցենարը վերաբերվում է կնոջ կերպարին:
     Ֆիլմում ներկայացված է կինը, որտեղ ցույց է տրվում նրա ներքին ապրումները՝ հոգեբանական վիճակը, ազատության ու պայքարելու կերպը, ներքին մղումն ու ցանկությունը: Միառժամանակ կնոջ ներքին հոգեկան տագնապներով լի իրավիճակը, ներքին վախերը։ Ի վերջո կինը իր մեջ գտնվող իրարամերժ էմոցիաները կարողանում է կառավարել: Ֆիլմը վերջանում է այն խոսքերով, որ այդ պահից հերոսուհին իր ձեռքն է վերցնում կյանքի ղեկը և հստակ այն կառավարում է: Ճիշտ է, բավական սիմվոլիկ է մրցանակային գումարը՝ 2000 ամերիկյան դոլար, բայց ոգևորող է ու խթանիչ դեր ունի: Դե գումարն էլ ինչ որ փուլի կարող է ծառայել, ասենք թարգմանության, ֆիլմը այլ տեղեր ներկայացնելու, կամ ճանապարհածախսերի վրա:
    
     Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնը հիմնվել է ՀՀ մայրաքաղաք Երևանում 2004-ին: Այն հիմնել են «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիան` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Այն նաև Հայաստանի պատմության արտացոլումն է, որը դարեր շարունակ մրցակցող աշխարհաքաղաքական ուժերի համար բռնկման կետ է հանդիսացել: Փառատոնը հատկապես ողջունում է այնպիսի ֆիլմեր, որոնցում ներկայացված են զանազան էթնիկ, ազգային խմբեր, տարբեր կրոններ, սովորական և հայտնի մարդկանց առօրյա կյանքը, նրանց հոգսերն ու ուրախությունները: Փառատոնի նպատակն է ստեղծել համընդհանուր մարդասիրական սկզբունքներին համապատասխանող կինոյի մթնոլորտ և կինոդաշտ։
     «Ոսկե ծիրան» 15-րդ հոբելյանական փառատոնի հիմնական մրցանակակիրներն ու հաղթողներն են.
     Միջազգային խաղարկային մրցույթ անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակը տրվեց ռեժիսոր Ռոման Բոնդարչուկին՝ «Հրաբուխ» ֆիլմի համար, «Արծաթե ծիրան» -ը՝ Ժերմինալ Ռոոյի «Ֆորտունա» ֆիլմին։
     Միջազգային վավերագրական ֆիլմեր անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ Շևաուն Միզրահի «Հեռավոր Համաստեղություն» ֆիլմը, «Արծաթե ծիրան» մրցանակի՝ Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա» ֆիլմը։
     «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակը տրվեց ռեժիսոր Վախթանգ Կունցև-Գաբաշվիլին՝ «Հստակ աշխարհ» ֆիլմի համար։
     «Հայկական համայնապատկեր» հատուկ ծրագրի լավագույն ֆիլմ ճանաչվեց Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը, իսկ «Հայկական համայնապատկեր» -ի լավագույն դեբյուտային ֆիլմը Արթուր Սահակյանի «Քամու հետ» -ն է։
     Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարին՝ «Մայրամուտի Բեռնատարը» ֆիլմի համար։
     Սոս Սարգսյանի անվան մրցանակը լավագույն դերակատարման համար տրվեց Շանթ Հովհաննիսյանին՝ «Եվա» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։
     «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ ճանաչվեց Առնո Խայաջանյանին։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2685 | 0 | 0
Facebook