Loading...

Articles

Պո ռնիկները մեծ ուժ են (նախորդ հոդվածի շարունակությունը)

13:16, Friday, 13 July, 2018
Պո ռնիկները մեծ ուժ են (նախորդ հոդվածի շարունակությունը)

Ավելի ուշ շրջանի թագավորները մարմնավաճառների նկատմամբ նման ծայրահեղ դաժան միջոցներ չեն կիրառել, պարզապես նրանց, ինչպես ասում են, իրենց տեղն են դրել: Եթե մարմնավաճառ ես, միայն երկուշաբթի օրն իրավունք ունես բաղնիք ու շուկա գնալու: Եթե մարմնավաճառ ես, պիտի ապրես քաղաքի` քո նմաններին հատկացված հատուկ շրջանում կամ քաղաքի պարիսպներից դուրս: Քո տնակի առաջ պետք է կարմիր լապտեր վառվի, իսկ եթե մտքովդ անցնի եկեղեցի մտնել, ապա աջ ուսիդ պետք է կարմիր ճոպան կապես, ու եթե դու նույնիսկ մետաքսե զգեստ ես հագած և ուսերիդ սամույրի մորթի ես գցել, միևնույն է, պատվարժան կանայք քեզ արհամարհելու են: Մարդկային ու ընկերային այսպիսի անարդարություն տեսնելով` մարմնավաճառներն ահազանգ են հնչեցրել, թե մարմնավաճառությունը վտանգված է ու սկսել են իրենց ակումբներն ու կազմակերպությունները ստեղծել: Ֆրանսիայում ծնունդ է առնում «Մագթաղենացու միաբանություն» -ը, որին անդամագրված յուրաքանչյուր մարմնավաճառ կին կարող էր աշխատանքից հետո մտնել իր ակումբ, սուրճ խմել ու մի քիչ հանգստանալ: Հանրահայտ Կազանովան հետևյալ կարծիքին է եղել ֆրանսուհի մարմնավաճառների մասին.

«Վեներայի սպասուհի ֆրանսիացի աղջկերքը շուտ կռահող են ու կրթված, բայց անկիրք են ու անկրակ, այդ իսկ պատճառով էլ սիրելու ունակ չեն: Նրանք կարողանում են գոհացնել ու գործում են սահմանված հերթականությամբ ու կարգով: Նրանք իրենց գործի վարպետներ են և միատեսակ թեթևությամբ կատակում են, գրգռում ու խզում կապը»:

Բայց պետք է ասել, որ մարմնավաճառները միայն Հունաստանում են իրենց լիարժեք մարդ զգացել: Նրանց թույլատրվել է բարոյական կանանց հետ ազատ հաճախել տաճարներ: Աթենքում հասարակաց տները գրեթե պետական հաստատության կարգավիճակ են ունեցել: Նրանց «հետերա» (նշանակել է ընկերուհի, կյանքի ուղեկցուհի) են անվանել: Սրանք ազատ, անկախ կյանք վարող կանայք են եղել: Ամենավաղ շրջանում հետերաներ են եղել ստրկուհիները, ավելի ուշ` ազատ կանայք: Հայտնի է, որ նրանք լավ կրթություն ստացած անձնավորություններ են եղել: Նրանց գովերգել են բանաստեղծները, կանգնեցվել են նրանց արձանները: Երբ մեկնարկել է ծովերի աստված Պոսեյդոնին նվիրված պետական տոնը, դրա մեկնարկը տվել է Ֆրինան` հին Հունաստանի ամենահռչակավոր հետերան: Նա է առաջինը մտել Էգեյան ծովի փրփրացող ջուրն ու տոնի մեկնարկը տվել: Իսկ Ալեքսանդր Մեծն ուղղակի աստվածացրել է իր հարճին` Տաիսին (Ալեքսանդրի մահից հետո նա դարձել է Եգիպտոսի թագավոր Պտղոմեոս 1-ինի օրինական կինը), որը մեծ նվաճողին համոզել է հրկիզել Պարսկաստանի Քսերքսես թագավորի` Պերսեպոլիս մայրաքաղաքում գտնվող պալատը, դրանով իսկ վրեժ լուծելով նրանից մ.թ.ա. 480 թվականին Աթենքն այրելու համար: Իսկ միլեթացի հետերայի` Ասպազիայի մշտական այցելուներն են եղել Սոկրատեսն ու Պերիկլեսը: Հետերաներից ոմանք նշանակալի դեր են խաղացել հասարակական կյանքում: Նրանք իրենց տներում հանդիպումներ են կազմակերպել նշանավոր պետական գործիչների, բանաստեղծների, քանդակագործների հետ: Նրանց հիմնականում հովանավորել են հարուստ աթենացիները և նրանց բարեհաճության համար խորշոր գումարներ են վճարել: Պահպանվել են քարե սալիկներ, որոնց վրա տղամարդը խազել է այս կամ այն հետերային առաջարկվող գինը: Եթե հետերան համաձայն է եղել, ապա առաջարկության տակ խազել է հանդիպման օրն ու ժամը: Բայց դա ավանդական ըմբնմամբ մարմնավաճառություն չի եղել, որովհետև հետերաները սեռական հարաբերություն են ունեցել միայն այն տղամարդկանց հետ, որոնք իրենց դուր են եկել և որոնք իրենց հովանավորել են: Օրինակ՝ վերն հիշատակված Ֆրինային ամենևին դուր չի եկել Լիդիայի թագավորը, և որպեսզի մերժի նրան, այնպիսի աներևակայելի գին է պահանջել, որ թագավորը թեպետ վճարել է պահանջված գումարը, բայց ստիպված է եղել բարձրացնել հարկերը, որպեսզի կարողանա պետական գանձարանի հսկայական պակասորդը լրացնել: Իսկ Դիոգենեսին նա ձրի է տրվել, քանի որ հիացել է նրա խելքով:

Հույն նշանավոր քաղաքական գործիչ և հռետոր Դեմոսթենեսն ասել է, թե ինքն իրեն հարգող յուրաքանչյուր հույն երեք կին պետք է ունենա. մեկը` ցեղը շարունակելու համար, երկրորդը` ստրկուհի՝ զգայական հաճույքների համար և երրորդը՝ հետերա` հոգեկան հարմարավետության համար:

Հետերան ամուսնանալու իրավունք է ունեցել: Օրինակ` Ասպազիան, որ հայտնի է եղել խելամտությամբ, կրթվածությամբ ու գեղեցկությամբ, դարձել է նշանավոր պետական գործիչ Պերիկլեսի կինը: Հետերային դաստիարակել է տանտիրուհին` իր ստրկուհիներից. Նա նրան ուսուցանել է ու ազատություն է շնորհել կամ էլ հանձնել է արժանավոր հովանավորողի: Հետերան կարող էր հրաժարվել սեռական մերձեցումից այն տղամարդու հետ, որն իրեն դուր չէր գալիս:

Բայց հին Հունաստանում բոլոր մարմնավաճառուհիները նույն կարգավիճակը չեն ունեցել: Այնտեղ ևս սոցիալական աստիճանակարգ է եղել: Ստորին դասակարգերին պատկանող մարմնավաճառուհին «պոռնա» է անվանվել և ստրկուհիների դասակարգից է եղել: Նրանց պահել են «կանանոցներ» -ում, և նրանց դերը սովորական սպասուհիների դերից շատ քիչ է տարբերվել: Ավելին, տնային աշխատանքներից բացի, նա պարտավոր է եղել նաև իր մարմնով սպասարկել հաճախորդներին:

Վերածննդի դարաշրջանի Ֆրանսիայում նույնպես մարմնավաճառը հարգի է եղել: Ֆրանսիացի բարեպաշտ բուրժուան, առանձնատնից ու արաբական ազնվացեղ ձիերով համալրված ձիանոցից բացի, գեղեցիկ կուրտիզանուհի է ունեցել: Դա պատվաբեր է համարվել, և իրեն հարգող ոչ մի բուրժուա առանց մշտական սիրուհու չի կարողացել ապրել: Նրա հեղինակության ու սոցիալական դիրքի մասին է խոսել այն փաստը, թե ով է եղել նրա կուրտիզանուհին: Բոլոր կուրտիզանուհիներն առանձնահատուկ անուններ են ունեցել: Ձևի համար կուրտիզանուհի են պահել նույնիսկ այն տղամարդիկ, որոնք այլևս չեն կարողացել իրենց կնոջը գոհացնել: Կազանովան հաղորդում է, թե ինքը ճանաչել է այդպիսիներից մեկին, որը սիրուհի է պահել զուտ ցույց տալու համար, որ ինքը ժամանակի սովորույթին հավատարիմ է:

Մարմնավաճառուհին տղամարդուն իսկական սեր չի կարող տալ: Նախ` որովհետև նրա սիրային զգացմունքը բթացել է, երկրորդ` մասնագիտությունը նրա սիրո զգացումը մեխանիկական գործընթացի է վերածել: Այս իրողությունը լավ է հասկացել Անգլիայի Գեորգ 2-րդ թագավորի կինը` Քերոլայնը, որը սիրուհիների ինստիտուտը որպես պետական անհրաժեշտություն է ընդունել: Նա այն կարծիքին է եղել, թե սիրուհին հասարակական պարտականություն է, տնային շնիկի նման մի բան, իսկ թագավորին իսկական սեռական հաճույք կարող է պարգևել միայն նրա կինը: Մահանալուց առաջ նա իր ամուսնուն խնդրում է երբեք չամուսնանալ և միայն սիրուհիներ պահել: «Այո', այո', ես միայն սիրուհիներ կունենամ», - սիրուհիների նկատմաբ լիակատար անտարբերություն դրսևորած, բայց մահվան մահճում անգամ հնարավոր երկրորդ օրինական կնոջ հանդեպ խանդով համակված կնոջը հանգստացրել է ամուսինը: Գեորգ 2-րդը հավատարիմ է մնացել իր խոստմանը:

Կարող է ձեզ թվալ, թե սույն հոդվածում ինչ-որ անտրամաբանական բան կա: Մի կողմից, թագավորներին ֆիզիկական մեծ հաճույք պատճառող սիրուհիների գովքն է արվում, մյուս կողմից էլ հայտարարվում է, թե կուրտիզանուհիները իսկական սեր չեն կարող տալ: Բայց այս երկու պնդումներն ամենևին իրար չեն հակասում, պարզապես պետք է թագավորական կուրտիզանուհուն տարբերակել փողոցային մարմնավաճառից: Վիկտորիա թագուհու գահակալության վերջին շրջանում փողոցային մարմնավաճառները սոցիալական ստորին խավի կարգավիճակի էին հասել: Վիկտորիայի մահից հետո մարմնավաճառությունն այնպիսի տարածում է ստացել, որ 1841 թվականին 2 միլիոն 200 հազար բնակիչ ունեցող Լոնդոնում արդեն 80 հազար մարմնավաճառ կար: Այս խավը ծնունդ առավ ծանր աշխատանքի դիմաց չնչին աշխատավարձ ստացող գործարանային բանվորուհիների միջավայրում: Այսպիսի խավն այժմ էլ առկա է ԽՍՀՄ նախկին հանրապետություններում: Գործազրկությունը, սոցալական անբավարար ապահովվածությունը, ժողովրդի հոգսերի նկատմանբ իշխանությունների անտարբերությունը ծնում է էժան վաճառվող ունեզուրկ մարմնավաճառների հոծ շերտ:

Իրականության արատները չհանդուրժող գիտնականները վաղուց ապացուցել են, որ մարմնավաճառության ինստիտուտը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է: Ինչո՞ւ մարմնավաճառներին նսեմացնել, ասում են նրանք, ընդհատակյա գոյությամբ: Դարեր շարունակ տարատեսակ հալածանքների միջոցով ջանացել են ազատվել «սիրո քրմուհիներից»: Դա ոչ մեկին չի հաջողվել ու չի էլ հաջողվելու: Ինչո՞ւ մարդուն նսեմացնել սիրո խղճուկ կացարաններում: Հույն փիլիսոփա Արիստոֆանեսի ժամանակներում մարմնավաճառներն ու հասարակաց տները, ինչպես վերն ասվեց, պետությանը հարկ են վճարել: Խելացի պետությունը, դարձյալ ասում են մարմնավաճառության օրինականացմանը կողմնակից գիտնականները, ոչ թե չնկատելու է տալիս մարմնավաճառության գոյությունը, այլ ձգտում է, ճապոնացիների նման, գեղեցիկ կիմոնո հագցնել հարմարավետ պայմաններում մատուցվող սիրուն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5725 | 0 | 0
Facebook