Loading...

Articles

«Եկեղեցասեր» շարժումը Եկեղեցին կործանելու փորձերը

09:50, Monday, 09 July, 2018
«Եկեղեցասեր» շարժումը Եկեղեցին կործանելու փորձերը
    
«Եկեղեցասեր» շարժումը Եկեղեցին կործանելու բոլոր հնարավոր տարբերակները փորձարկեց և ձախողելով՝ ստիպված կանգ առավ պղծելու, ապականելու և վարկաբեկելու կամ գոնե ֆեյսբուքում մի-քիչ երևալու տարբերակի վրա։ Հերթական սին պատրվակը դրոշ դարձրած՝ նրանք եկան-լցվեցին Դիվանատուն։ Ընդ որում՝ եկեղեցական կառավարման համակարգը լավ չպատկերացնողների համար մանրամասնեմ, որ եթե Եկեղեցին դիտարկենք իբրև մի միասնական մարմին, հավանաբար Դիվանատունը պետք է նկատվի իբրև սիրտ, որ անդադար արյունը շրջանառում է հեռու և մոտ կենտրոնների միջև։ Դիվանատունն է, որ մշտական՝ 24-ժամյա, կապ և գործակցություն է ապահովում Մայր Աթոռի և Առաքելական Եկեղեցու թեմերի միջև։ Ես նշեցի 24-ժամյա, որովհետև վերին Նախախնամությունն այնպես է կամեցել, որ արևը երբեք մայր չմտնի Առաքելական Եկեղեցու թեմերի վրա՝ բառիս և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստներով։ Եվ եթե անգամ Վաղարշապատում աշխատանքային օրն ավարտվել է, աշխարհի տարբեր ծագերում լինում են բազմաթիվ մարդիկ՝ կարոտյալներ, իրական հավատացյալներ, ժառանգավորներ, որոնց հարցերին և խնդիրներին լուծում պիտի տրվի Հայ Եկեղեցու կենտրոնից, Միածնաէջ Սուրբ Քաղաքից՝ Առաքելական կառույցի Դիվանատնից, որ այսօր անգործության է մատնվել «եկեղեցասերների» ջանքերով։ Համացանցում կարելի է դիտել տեսագրությունը, թե ինչպես «սուրբ» դարձած լրբերը եկան լցվեցին Դիվանատուն, գոռգոռացին ու աղմկեցին մի վայրում, ուր ընդհանրապես ընդունված է խոսել շշուկով։ Եվ Դիվանատան անձնակազմը, տեսնելով, որ հորդորներով և զգոնության կոչերով արդյունքի չի հասնում, առճակատումից խուսափելով, հեռացավ շենքից։ Արդյոք սա պետք է իբրև թուլության կամ վախի արտահայտություն դիտարկել։ Բնավ ո՛չ։ Զիջողությունն ու մեծահոգությունը, մեղմ վերաբերմունքը ուժեղ և իմաստնացած, իր կարողություններին վստահ անձին են հատուկ։ Իսկ թույլը, կամ նա, որ գիտի, որ արդարության դիրքերից չէ խոսում, ստիպված է աղմկելով, զոռբայությամբ առաջ գնալ։ Այդ ուղին ընտրողը մեկ կարող է հայտարարել, թե. «Գեղարդից կտոր է պակաս, դրա համար եմ եկել», իսկ հետո խոստովանել, որ՝ «Իմացել եմ, որ իմ հարցն է քննվելու, և եկել եմ Դիվանատուն՝ խոչընդոտելու» ։ Բարձր, սուրբ բաներից հետո ինչքան հեշտ հասավ նեղ ու ճղճիմ՝ իր մաշկի կամ մորթու կարիքներին։

Ինչ խոսք՝ ազատ երկիր ենք, ով-ինչ ուզի կարող է խոսել։ Բայց արդյո՞ք այնքան ազատ ենք, որ ով ինչ ուզի՝ կարող է անել։ Օրինակ ես ջրմուղի աշխատանքից եմ դժգոհ՝ կարո՞ղ եմ ընկերներիս հետ գնալ նրանց գրասենյակը գրավել։ Մի՞թե ՀՀ Քաղ. Օրենսգրքի՝ «Հոդված 203. Հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելու արգելքը» օրենքով ապահովված չէ, թե օրենքները դարձյալ սկսել են ընտրովի գործել։ Անշուշտ լաչառներն իբրև արդարացում պնդում են, թե «Մենք էլ եկեղեցու անդամ ենք, կարող ենք մտնել Դիվանատուն» ։ Այդ դեպքում, կուզենայի հարցնել՝ «Իսկ ազգի անդա՞մ եք։ Կարո՞ղ եք ներխուժել Ազգային անվտանգության շենք» ։ Ես չգիտեմ՝ փչացած ապրանքը ետ վերցնել չկամեցող՝ շուկայի լրբացած կնոջ վարք դրսևորող անձինք ընդհանրապես բանակում ծառայել են, թե՝ ոչ։ Բայց կցանկանայի, որ ոչ թե հոգևոր կամ աշխարհիկ մայրաքաղաքներում շենք-շինություններ գրավեին, այլ, եթե իրապես այդքան զորեղ են իրենց հավատքով, կամքով և ուժով, որևէ դիրք ազատագրեին։ Իսկ օրենքի մասին խոսքն ավարտելով, օրենքներից խոսել շատ սիրողներին պետք է հիշեցնեմ, որ ոչ թե պետք է կասկածյալին ստիպել, թե՝ «Ապացուցիր քո անմեղությունը», այլ քննություն կատարող մարմինը՝ այդ դեպքում «եկեղեցասեր» անդամները, պետք է հիմնավոր և փաստացի ապացույցներ բերեն, այլապես պիտի խնդրեմ իրենց ապացուցել, որ մտավոր հետամնացությունը չէ պատճառը, որ չընկալեցին ասածներս։
     Եվս մեկ հարց, որին կուզենայի անդրադառնալ։ Դիցուք մեկն առողջական խնդիր ունի և գնացել է հիվանդանոց։ Ընդունարանի բժիշկն ուզում է նրան պատրաստել վիրահատության, սակայն նա ընդվզում է, թե՝ «Ես գլխավոր բժշկին չեմ վստահում» ։ Հիմա նույնն այստեղ է. իրականում այս «եկեղեցասերները» Կաթողիկոսի հետ գործ կամ խնդիր չպիտի ունենային։ Եթե որևէ համայնքից են, եթե իսկապես հավատացյալ են, պիտի գնային իրենց մերձակա եկեղեցին, պատարագի, աղոթքի մասնակցեին, իրենց բազմաթիվ մեղքերը խոստովանեին։ Եվ եթե իրենց այս հոգևոր կարիքները հոգացող չլիներ (ինչն իրականում անհնար է) ՝ դիմեին իրենց թեմակալ առաջնորդի օգնությանը՝ սպասելով վայրկենական հանգուցալուծման։ Եվ եթե, ու հազար եթե, այս ամենից հետո էլ չարժանանային հոգևոր մխիթարության, նոր միայն մտածեին Կաթողիկոսին դիմելու, Կաթողիկոսից գոհ կամ դժգոհ լինելու մասին։
     Հայ հոգևոր դասը, ինչպես և նրանց ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ համախմբված հավատացյալները բազմիցս ապացուցեցին, որ եթե հարկ լինի «եկեղեցասերներից» հարյուրապատիկ, հազարապատիկ շատ մարդկանցով կարող են դուրս գալ փողոց, կամ եթե պետք է՝ գնալ-ազատագրել Դիվանատունը։ Վերջիվերջո, եթե պետական օրենքը այլևս չի գործում, կամ եթե հղփացածը այլևս չի ընկալում վերին կիսագնդով, կարելի է նրան հասկացնել ստորին կիսագնդերին թեթևակի՝ ուսումնադաստիարակչական ցավ պատճառելով։ Չէ որ կան սահմաններ, որոնք հատել չի կարելի։ Չէ որ մարդկային համբերությունն անսահման չէ։ Պետական, բարոյական, համամարդկային օրենքները պիտի գործեն միաժամանակ և միասին, իսկ եթե հանկարծ դրանցից մեկը դադարի գործելուց՝ ստիպված բացը պիտի լրացնեն մյուս երկուսը։

«Եկեղեցասերներից» մեկը շատ է սիրում ճամարտակել փշալարերից։ Խոսքս ավարտելով հայտնի անեկդոտի բառերով, պիտի խոստովանեմ, որ այդ մեկը մնաց փշալարերից կախված։

Source: facebook.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4161 | 0 | 0
Facebook