Loading...

Articles

ՆԱ ՔԱՆԴԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԸ

02:09, Friday, 20 July, 2018
ՆԱ ՔԱՆԴԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԸ

Սիմֆերոպոլում Տեր Խաչատուրը հայտնի է եղել ջեբկիր, սատանա մականուններով։ «Նա նաև հայտնի բիլիարդ խաղացող էր, որսորդության սիրահար» , -պատմում են քաղաքի հայերը։ Տեր Երեմիա ավագ քհն․ Մակիյանը, ով ծառայում է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցում, մի առիթով ներկա է եղել, թե ինչպես է Թեմակալ Առաջնորդ լուսահոգի Գրիգորիս Սրբազանը նախատում Տեր Խաչատուրին որսորդությամբ զբաղվելու համար և խստորեն զգուշացնում թե կարգալույծ կանի, եթե մեկ անգամ էլ որսի գնալու լուրն ականջն ընկնի։

Ջեբկիր անունն էլ պատահական չի տրվել։ Նախկին քահանան սովորություն է ունեցել մարդկանցից գումար կորզել, պարտքով փող վերցնել ու չվերադարձնել։
     «Սուրբ Հակոբ եկեղեցուն կից գերեզմանատուն կա, այդ տարածքում հուղարկավորություն անելու թույլտվությունը, չգիտես ինչու, Տեր Խաչատուրը պիտի տար, և այդ թույլտվությունը մի կլորիկ գումար արժեր, նման կարգ մեր եկեղեցում գոյություն չունի, դա փող աշխատելու իր հնարած ձևերից մեկն էր։Եկեղեցին որպես շահույթի աղբյուր օգտագործելու նրա երևակայությունը սահմաններ չուներ։ Սուրբ Հակոբ եկեղեցուն կից փոքրիկ տնակի անմխիթար վիճակը, որը ծառայում էր իբրև հովվատուն, նախկին քահանան օգտագործում էր բարերարներից գումարներ կորզելու համար» , -ասում է Տեր Երեմիան։ Վազգեն Աբգարյանը, ով նույնպես այդ նպատակի համար ներդրում է արել, պատմում է, որ Տեր Խաչատուրը հարյուր անգամ գումար է հավաքել ու նույնքան անգամ էլ անհիմն, սուտ պատճառաբանություններով նորոգումը հետաձգել։Ղրիմի Սուրբ Խաչ վանքի վանահայր, փոխառաջնորդ Տ․Մխիթար աբեղա Գրիգորյանը հոգու ցավով է պատմում Տեր Խաչատուրի ծառայության մասին, ով ավելի շատ ավերել է, քան կառուցել, ով գերադասում էր սեփական բիզնեսը ծաղկացնել, քան եկեղեցական գործերով զբաղվել։ «Սիմֆերոպոլում բնակվում է տասը հազար հայ, մեծաթիվ հայություն ունեցող քաղաքում իր քահանայագործության տարիներին այդպես էլ չկարողացավ ստեղծել եկեղեցասեր երիտասարդների միություն, տիկնանց միություն, կիրակնօրյա դպրոց, էլ չեմ խոսում բարեպաշտական արարողությունների, հոգևոր զրույցների և ուխտագնացությունների, հավուր պատշաճի եկեղեցական տոների անցկացման մասին։
     Տասը հազար բնակիչների մեջ իր հետևից գնացող տասը հավատացյալ չուներ։Ցավով եմ սա ասում, որովհետև տեսնում էի անփառունակ, անձնական շահը վեր դասող անձի կործանարար գործունեությունը։Թեպետ միշտ հորդորել եմ, խրատել, անգամ սաստել, ազնիվ ծառայության կոչ արել, բայց ապարդյուն» , -ասում է հայր Մխիթարը։
     «Որպես քահանա նա վերջնականապես կորցրեց իր վստահությունը, երբ պարզվեց, որ թաքուն խոսակցություններ է ձայնագրում ու մարդկանց միմյանց դեմ հանում։Այսպիսի քահանայի մոտ ո՞վ կգնա խոստովանության» , -ասում է Վազգեն Աբգարյանը։ «Վատահամբավ այդ քահանան քանդեց, ավերակ դարձրեց հայկական եկեղեցին ու համայնքը» , -հավելում է Սիմֆերոպոլի բնակիչ Վիլիկ Մանուկյանը։


     Է․Միրզոյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3587 | 0 | 0
Facebook