Loading...

Articles

Եթե հիմա չխոսեք արդարության մասին, ապա ձեր ամբողջ կյանքում կլսեք Սուրբ Հոգու հանդիմանությունը

Ազատ Խոսք
Spokesperson:
Ազատ Խոսք
19:19, Monday, 25 June, 2018
Եթե հիմա չխոսեք արդարության մասին, ապա ձեր ամբողջ կյանքում կլսեք Սուրբ Հոգու հանդիմանությունը

Այսօր, այս կարևոր և դժվարին պայքարի մեջ, բազմաթիվ հոգևորականներ կոչեր են անում և հետևություններ, որոնցից մեկին ուզում եմ անդրադառնալ։ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանի գրությունն է, որին կպատասխանեմ կետ առ կետ։

«Սիրելի’, եղբայրներ ի Քրիստոս և «նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման կազմակերպիչներ ու Քրիստոսասեր հայորդիներ, Հայ Եկեղեցում բարեփոխումներ անելու և նրա ազգընտիր գահակալի՝ Հայոց Հայրապետի դեմ ուղղված շարժումը, եթե նույնիսկ, ըստ ձեզ արդար է և անկեղծ, այն արդեն իր բացասական ազդեցությունն ունեցավ» ։

1. Նախ այն, որ կաթողիկոսն ազգընտիր է, դեռ պարզ չէ, վկայություններ կան, որ կաշառքով գնված է Լուսավորչի գահը։ Տեր Խաչատուրի տեսագրությունը դիտեք, որտեղ նա պատմում է կաշառընտիր կաթողիկոսի մասին։
     2. Այս շարժումն իր դրական ազդեցությունն ունեցավ նախ նրանով, որ կայծակնային արագությամբ Սբ. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու տեր Հակոբ քահանան զարկ տվեց «հովվական» միջոցառմանը, որը կայացավ Հյուսիսային պողոտայում։ Չնայած ակնհայտ է նրա քայլը, բայց Քրիստոս էր քարոզվում, որն արդեն իսկ լավ է։

«Դուք առիթ տվեցիք գայթակղության և մոլորության շատերի՝ բաժանման սերմեր ցանելով հավատացյալների մեջ» ։

3. Հավատացյալները, և առհասարակ՝ բոլոր հայերը համասփյուռ, վաղուց են գայթակղված կաշառընտիր կաթողիկոսի գահակալությունից սկսած։ Եկեղեցին լի է մարդկանցով, որոնցից կեսը գաղափար չունեն Աստվածաշնչից, մոլորված են կամ անհավատ։ Նույնիսկ այս օրերին, երբ Աստված բարեփոխումների դուռ է բացել հավատացյալներիս առաջ, շատերդ կուրացած եք և վախի ու սարսափի մեջ գտնվելով՝ չեք միանում արդարության ձայնին։
     Լինելով քրիստոնյա՝ կարողանում եք նայել դեմքիս և արհամարհել, կարողանում եք գրել ամենաստոր խոսքերը։ Ահա թե ի՛նչ սարսափելի վիճակում է գտնվում հայ քրիստոնյան այսօր։ Նշանակում է, որ իսկապես կարիք կա բարեփոխումների, որպեսզի հավատացյալը տեսականորեն միայն չլինի քրիստոնյա, այլ՝ գործնականում էլ։ Չէ՞ որ հոգևորակններին պիտի նայեն և օրինակ առնեն նրանցից։

«Առիթ տվեցիք ոմանց՝ քարկոծելու Հայ Եկեղեցին, ոմանց էլ վարկաբեկելու և հայհոյելու մեր ողջ նվիրապետական կարգը՝ կաթողիկոսից մինչև դպիր, իսկ ոմանք էլ բաժանվեցին խմբերի կաթողիկոսամետ և հակակաթողիկոս» ։

4. Մենք հիմա մաքրում ենք քարկոծված համբավը Հայ Եկեղեցու։ Կաթողիկոսը և նրա ընտրյալները մի լավ քարկոծելու առիթ են տվել ու մինչ օրս շարունակում են տալ։
     5. Ինչպես խոսեցի վերևում, նորից կրկնեմ համալրելով, որ շատ հոգևորականների տկարությունից նաև հավատացյալն է տկար այսօր և ունակ չէ ինքնուրույն տեսնելու և մտածելու։ Եվ առհասարակ, այս բարեփոխումների արգասիքը դեռ չտեսած՝ արդեն մեղադրում եք մեզ երկպառակության մեջ։ Սա վտանգավոր հայտարարություն է, քանի որ որոշ տկարամիտներ կարող են կարդալ և առանց վերլուծելու՝ արհեստականորեն պառակտված համարեն Եկեղեցին։

«Այս ամենը դուք արեցիք «ի սեր Աստծո և հանուն մեր եկեղեցու պայծառության» » ։

6. Այս նախադասության մեջ նկատում եմ երկու վրիպում՝
     Ա․ Ո՛չ թե արեցինք, այլ դեռ անում ենք,
     Բ․ «ի սեր Աստծո և հանուն մեր եկեղեցու պայծառության» առանց չակերտների, այսինքն՝ ի սեր Աստծո և հանուն մեր եկեղեցու պայծառության։

«Մի’ կարծեք, որ դուք ավելի Աստվածասեր և Եկեղեցասեր եք կամ ավելի եք մտահոգված եկեղեցու խնդիրներով, քան բոլոր մյուս հոգևորականներն ու հավատացյալները» ։

7. Արդեն չենք կարծում, այլ համոզված ենք, քանի որ դուք՝ մյուս հոգևորականներդ ու հավատացյալներդ, ամեն վայրկյան ապացուցում եք սա՝ ձեր հակառակությամբ կամ էլ չեզոք դիրք բռնելով։

«Եկեղեցում առկա խնդիրներն այսպես չեն լուծվում, ինչպես դուք եք ուզում» ։

8. Ինչպե՞ս են լուծվում խնդիրները։ Չի երևում, որ Եկեղեցու իրական խնդիրները լուծվեն, հակառակը՝ ավելի ամրանում են։ Քանի՞ ծառացած խնդիր եք կարողացել լուծել ոչ այս ճանապարհով։
     9. Մենք ենք ուզո՞ւմ։ Ի՞նչ ասել է մենք ենք ուզում։ Ի՞նչ ենթատեքստ կա այս բառի մեջ թաքնված։ Եղեք ուղիղ և պարզ, գրեք հստակ և առանց երկակի իմաստով, արտահայտվեք արդար և եղեք ճշմարտախոս։

«Եկեղեցին հասարակական կազմակերպություն չէ և ոչ էլ քաղաքական կուսակցություն ու հարթակ» ։

10. Մենք քաջ գիտակցում ենք իրական Եկեղեցու իրական կառույցը։ Մի բան հաստատ պետք է իմանալ, որ Եկեղեցու գլուխը միայն ու միայն մեր Տերն է՝ Հիսուս Քրիստոսը, ուրիշ ո՛չ ոք։ Քաջ գիտակցելով այս՝ պիտի որ պատասխանված լինեն այս նախադասության մյուս կողմերը։

«Ապստամբությունը եկեղեցում տանելու է բաժանման, իսկ սա ոչ թե Աստծո, այլ չարի գործն է» ։

11. Ինչպե՞ս եք կարողանում խաբել և հակառակվել ձեր խղճին։ Ինչպե՞ս եք կարողանում ձեր ներսում Աստծո ձայնն արհամարհել ու միայն տեսնել այն, ինչ ձեզ հրամցնում է իրական չարը։ Եկեղեցին արդեն իսկ բաժանված է մի քանի մասերի։ Ճեմարանից դեռ սկսած՝ արդեն կլանների բաժանումներ գոյություն ունեն։ Ավարտելուց հետո էլ ավելի է խորանում և առարկայանում այս կլանային համակարգը։ Ինչո՞ւ չեք ուզում ազատել ձեր հոգին այս պապանձեցնող լծից։ Լա՛վ իմացեք, եթե հիմա չխոսեք արդարության մասին, ապա ձեր ամբողջ կյանքում կլսեք Սուրբ Հոգու հանդիմանությունը։

«Արթուն եղե’ք և աղոթեցեք, որպեսզի մոլորության մեջ չընկնեք։
     Տերը բոլորիս օգնական։ Ամեն։ Տեր Մաղաքիա քահանա Օհանյան»:

12. Այո՛, արթո՛ւն եղեք և աղոթեցեք, որպեսզի դուրս գաք մոլորությունից, հակառակ դեպքում կհարատևեք դրա մեջ։

Ահա տասներկու կետերով անդրադարձա այս նամակին, որը ո՛չ թե տեր Մաղաքիա Օհանյանին էր ուղղված, այլ բոլոր ընթերցողներին։
    
     Սիմոն Սիմոնյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3359 | 0 | 0
Facebook