Loading...

Articles

Փողոցային առևտուրը օրվա ապրուստի միջոց: Օրենքով սահմանված տուգանքներ

10:13, Tuesday, 19 June, 2018
Փողոցային առևտուրը օրվա ապրուստի միջոց: Օրենքով սահմանված տուգանքներ

Վերջին 20 տարիների ընթացքում երեւանցիներս վարժվել ենք փողոցային առեւտրի գոյությանը քաղաքի տարբեր անկյուններում: Ավելին` անգամ վատ սովորություն ենք ձեռք բերել՝ օգտվել փողոցների եզրերին, մայթերին՝ մեքենաների արտանետումներով, փողոցի փոշով ու ցեխով աղտոտված, թունավորված ու հազարումի հիվանդությամբ վարակված, առողջության համար վտանգավոր դարձած մթերքներից:
     Օրենքով՝ փողոցային առևտրով զբաղվող անձինք կտուգանվեն մինչև 20000 դրամ (մոտ 44 դոլար), այսինքն՝ գրեթե նրանց ամսվա ողջ եկամտի չափով:
     Մինչդեռ առողջապահության ոլորտի մասնագետները պարբերաբար զգուշացնում են, որ փողոցից սննդամթերք ձեռք բերելը կարող է ճակատագրական դառնալ մեզ համար, քանի որ հատկապես մեքենաների վառելիքի արտանետումներն ու գազերը, ինչպես նաեւ փոշու ու ցեխի մեջ եղած մանրէներն ու որդերի, պարազիտների ձվերը նստելով այդ մթերքների վրա՝ հայտնվում են մեր օրգանիզմում ու թունավորում այն՝ զանազան, այդ թվում՝ ծանր ու անբուժելի հիվանդություններ առաջացնելով:
     Մասնագետները նաեւ հավաստում են, որ անգամ հոսող ջրի տակ լվանալուց հետո վտանգավոր ծանր մետաղերն ու այլ քիմիական միացությունները, կամ տարատեսակ ստամոքսաղիքային վարակներից շատերը չեն վերանում, եւ մարդու օրգանիզմում դրանց հայտնվելն անխուսափելի է դառնում: Այդ առումով ռիսկային են կանաչեղենը, թարմ ձուկը, հացը, այն մրգերն ու բանջարեղենները, որոնց կեղեւը սովորաբար ուտելիս չի հեռացվում:
     «Փողոցային առևտուրը վտանգում է մարդկանց՝ մաքուր սնունդ ձեռք բերելու իրավունքը: Ակնհայտ է, որ աղտոտված միջավայրում չծածկած սննդամթերքը չի կարող զերծ մնալ փոշուց, կեղտից», - պարզաբանում է Երևանի հիգիենիկ համաճարակային վերահսկողության կենտրոնի լաբորատորիայի բժիշկ Անահիտ Դավթյանը:
     Քաղաքի կենտրոնում Տերյան փողոցում Նարինջ ու կիտրոն վաճառող մի թոշակառու ասում է, որ վերջին 10 տարվա նման շարունակելու է փողոցում միրգ վաճառել, քանի որ չի կարող վճարել կրպակի համար՝ օրական 500-600 դրամ:
     Փողոցում միրգ եւ բանջարեղեն վաճառող մարդկանց խոսքով` եթե անգամ շենքի մուտքում արկղեր են տեղադրում են, ապա ստիպված են ամեն պահի հսկել, ուշադիր լինել, քանի որ ոստիկանները եւ քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար այցելում են եւ ստիպում հավաքել ապրանքը:

Անցած տարի բողոքի բազմաթիվ ցույցեր անցկացրած առեւտրականներից շատերը, գործընկերների փոխանցմամբ, մեկ տարի է գործազուրկ են: Նրանք, ովքեր փորձում են ընդհատակյա առեւտուր անել, պնդում են, որ չեն կարող քաղաքապետարանի առաջարկած մինի շուկաներում տեղի վարձը վճարել, քանի որ առեւտրով ընդամենը օրվա հացի խնդիր էին լուծում եւ հիմա զրկվել են ապրուստի միակ միջոցից: «Քաղաքապետին դիմել ենք, որ անձամբ իր հետ հանդիպենք, հույս ունենք, որ [հանդիպումը] կկազմակերպվի, բայց ոչ մի լավ բան չենք սպասում, միայն ուզում ենք էս քաղաքից գնալ», - ասում էր առեւտրական կանանցից մեկը: Երեւանում փողոցային առեւտրի դեմ վերջին երկու տասնամյակում փորձել են պայքարել գրեթե բոլոր քաղաքապետերը՝ յուրաքանչյուրը պայքարի իր մեթոդները կիրառելով: Թերեւս միայն Կարեն Կարապետյանի օրոք հնարավոր եղավ քիչ թե շատ վերացնել այդ չարիքը, փողոցային առեւտրականների թիվը զգալիորեն նվազեց, ինչը հաստատում է նաեւ Արմեն Պողոսյանը: Բայց նրա դիտարկմամբ՝ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումից հետո փողոցային առեւտրականները նորից սկսեցին սնկի պես աճել: Այսօր իհարկե առեւտուրը նախկին ծավալներին չի հասել, սակայն այն, ինչ կա, մտահոգիչ է՝ հաշվի առնելով առեւտրի այդ տեսակի վտանգավորությունը բնակչության առողջության համար: Ոստիկանության տվյալներով՝ անցյալ տարի գրանցվել է փողոցային առևտրի կանոնների խախտման 2429 դեպք, որոնցից 995-ը՝ Երևանում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3587 | 0 | 0
Facebook