Loading...

Articles

ՉՂՋԻԿՆԵՐԸ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՓԵՇԻ ՏԱԿ

Hasmik
Author:
Hasmik
16:02, Monday, 18 June, 2018
ՉՂՋԻԿՆԵՐԸ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՓԵՇԻ ՏԱԿ
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

«…Հզոր կազմակերպիչ ու դիվանագետ է այս նիհարակազմ,

բայց մեծ կամքի տեր կինը՝ Կարինե Ավդալյանը»

ԻԳՈՐ ՌԱԵՎՍԿԻ

ՌԴ Ալեքսանդրովի անվան Կարմիր դրոշի կրկնակի

շքանշանակակիր երգի պարի ակադեմիական անսամբլի ղեկավար


    

ՌԵԺԻՄԻ ՕՐՈՔ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր Կարինե Ավդալյանի ղեկավարած ԲՈՒՀ-ի գիտական հրատարակումները իրենց արժեհամակարգով գերազանցում են Գյումրիում գործող երեք ԲՈՒՀ-երին միասին վերցրած, իրենց գիտամեթոդական, հասրակական մշակութային բացառիկությամբ և բարձրաճաշակությամբ: 2006-ից նրա հարատարակած «Արվեստ և ժամանակ» , «Հայացք Գյումրուց» ամենամյա ամսագրի պատվավոր խորհրդականներն են եղել Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Արաքս Սարյանը: Ամսագիրը թերթելուց անկեղծորեն կարկամում ես, ցանկանալով, որ շատ-շատ հրատարակիչներ, շատ-շատ արվեստագետ մտավորականներ, որպես դասագիրք ունենան տպագրական այս արտառոց արժեքները:

ՌԵԺԻՄԻ ՕՐՈՔ նա կարողացել է կազմակերպել տասնյակ գիտաժողովներ՝ «Հայ պրոֆեսիոնալ երաժշտական արվեստը և Գյումրին» , «Մշակույթների երկխոսություն» , «Հայ ռուսական մշակութային կապեր» , «Համաշխարհային մշակույթը և Հայաստանը» , Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի և մյուս երևելիների հոբելյաններին նվիրված գիրք-հանրագիտարանները տպագրվել են զուտ գյումրեցիների ուժերով՝ Վահան Թոփչյանի գրաֆիկայի նրբագույն զգացողությամբ արված տիտղոսաթերթերով և էջային ձևավորումներով, Համազասպ և Արամ Պիճիկյանների պոլիգրաֆիկ ոսկերչական լուծումներով, խմբագրական փայլուն աշխատակազմով:

ՌԵԺԻՄԻ ՕՐՈՔ Կարինե Ավդալյանի հրավերով «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում Գյումրի են ժամանել 15.000-ից ավել երաժիշտ կատարողներ.

2009 թվական՝ Էդվարդ Միրզոյանը գրում է. «Հղում եմ իմ օրհնությունը մրցույթի կազմակերպիչներին և մասնակիցներին, ոգևորությունս մեծ է»:

Պատմում է Կարինե Ավդալյանը

2014 թվական.- մեծ ջանքերի գնով ինձ հաջողվեց աշխարհահռչակ հինգ առաջատար տենորներից մեկին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Զուրաբ Սոտկիլավային հրավիրել Գյումրի՝ վարպետության դասերի:

2016 թվական.- ապրիլյան քառօրյան բոլորիս թևաթափ արեց: Փառատոնը նույնպես չէր կարող թևաթափ չլինել. Իմ անձնական հրավերով Գյումրի ժամանեց անվանի օպերային երգչուհի, պրոֆեսոր Լյուբով Կազարնովսկայան: Նա ծնկի իջավ դրամատիկականի բեմին, երգեց ի հիշատակ զոհված հայորդիների. «Ես հասկանում եմ այս երկիրը, ես Ձեզ հետ եմ» , - ասաց երգչուհին արցունքն աչքերին: Մի քանի օրից նա մեկնեց Արցախ:

2017 թվական.- «Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնին հրավիրված էր ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակակիր երգի պարի ակադեմիական անսամբլը: Ի ցավ բոլորիս երաժիշտները ավիաաղետի զոհ դարձան: Մենք ի հիշատակ զոհված արվեստագետների 9-րդ մրցույթ-փառատոնում հիմնեցինք նոր անվանակարգ՝ «Զինվորական երգչախումբ և նվագախումբ»: Գյումրի ժամանեցին հրաշքով կենդանի մնացած Իգոր Ռաեվսկին և Բորիս Դյակովը:

2018 թվական.- Իմ հրավերով առաջին անգամ Գյումրին հյուրեր ընդունեց Կեմերովոյից: Բեմի վրա Կեմերովոյի արվեստի պետական ինստիտուտի արվեստի բաժնի դեկան Նինա Շորոխովային հանձնվեց Կապանի արվեստի դպրոցի սան Արփի Ավագյանի «Գարուն» ստեղծագործությունը, որը խնդրեցինք փոխանցել Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի ժամանակ մահացած 10 տարեկան աղջկա մայրիկին: Տիկին Շորոխովան հետագայում ինձ գրեց. «Սիրելի Կարինե շատ հուզիչ էր դուք ճիշտ պահին կանգնեցիք մեր կողքին…»:

«Վերածնունդ» միջազգային փառատոնի հայտնի երաժիշտ կատարողների, ժյուրիի անդամների անունները թվարկելը անշնորհակալ գործ է, քանի որ մեղք կլինի նրանցից թեկուզ մեկն ու մեկին չհիշատակելը: Ուրեմն բարի գալուստ http://gyumrirenaissance.com/ կայք:

Հարգարժան նախարար. Տեղատվությունից հետո տիղմը միշտ ջրի երեսին է մնում. Լյումպենները համակարգը «մաքրելու» ֆարս են իրականացնում Գյումրիում: Կարինե Ավդալյանը այո՛, համագործակցել է «Փյունիկ» - Լևոն Սարգսյան տանդեմի հետ ո՛չ թաքուն, ի տարբերություն նրա դեմ այսօրվա ծղրտացողների՝ ովքեր թաքուն են երկրպագել Մամոնային: Եթե ունենային մի քիչ համարձակություն, թող հրաժարական պահանջեին ռեժիմի օրոք:

Մեջքը կոտրած քաղաքում նա իրականացրել է ծրագրեր, որոնք պիտի որ աներ կամ կառավարությունը, կամ մշակույթի նախարարությունը կամ գոնե Կոմիտասի անվան մայր ԲՈՒՀ-ը. Չե՛ն արել, կամ արել են մայրաքաղաքի համար: Կարինե Ավդալյանը այո՛, հենց անձնական կապերի շնորհիվ, իմաստության և արվեստը խորապես ընկալելու շնորհիվ իրականացրել է աննախադեպ և շարունակական ծրագրեր, որոնք դեկլարատիվ չեն, շինծու չեն, «Արի տուն» կամ «Բազե» չեն…

Այնպես որ, հարգարժան նախարար, չեմ կարծում թե Կարինե Ավդալյան սուբյեկտը վտանգավոր է հետհեղափոխական ժամանակաշրջանի համար:

Ի լրումն. շուրջ երեք տարի առաջ «Վերածնունդ» փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Մոսկվայից և Ստոկհոլմից անվանի երաժիշտներ: Եռամյա համագործակցությունը և երկարատև բանակցությունները կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրինության հետ տվեցին իրենց արդյունքը: Ռուս և շվեդ ներդրողների գործնական այցը Գյումրի նախատեսված է այս տարվա հունիսի վերջին: Գյումրեցիներին հայտնի «Սեվյանի պալատ» ը, որը 19-րդ դարի կառույց է կվերականգնվի ոչ միայն հուշարձան, այլ Գյումրին կունենա համերգասրահ:


    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5755 | 0 | 0
Facebook