Loading...

Articles

Նոր աղանդի սկզբնավորման նախադրյալներ

17:32, Tuesday, 12 June, 2018
Նոր աղանդի սկզբնավորման նախադրյալներ
    
    

Վերջերս աշխուժացած՝ հոգևոր նկրտումներով սքողված, սակայն բացառապես աշխարհիկ գործելաոճով աչքի ընկնող գործիչներն արդեն հասել են Առաքելական Եկեղեցու հիմքերին՝ սկսելով պնդել, թե անցյալ դարից ի վեր Կաթողիկոսներն ընտրվել են արտաքին միջամտությամբ՝ ԿԳԲ-ի, Վազգեն Սարգսյանի կամ այլ հնարավոր ազդեցությունների արդյունքում։
     Մինչ այս պահը կարելի էր պարզապես արհամարհել նրանց արտաբերած ամեն մեղադրանք, ամեն բառ, ամեն հնչյուն։ Իրենք էին ու իրենց տարածած ստահոդ լուրերը, ավելի ճիշտ՝ կեղծիքի ու շինծուի տարափը, հեղեղը։
     Եթե կամենում ես, որ քո թաքցրած քարը չգտնեն, պահիր այն քարակույտում, իսկ եթե կամենում ես, որ սուտդ չբռնվի՝ քողարկիր այն ստերի հեղեղատում։ Եվ այդպես էլ անում էին՝ առանց տարբերություն ու խտրականություն դնելու, առանց չափի դույզն-ինչ զգացողության։ Սակայն հիմա առաջ քաշված նոր մեղադրանքը արդեն համաեկեղեցական-կանոնական բազմաշերտ մի խնդիր է առաջացնում, ինչը խոսում է խնդրո առարկա գործիչների՝ հոգևոր գիտելիքներից զուրկ ու բոկոտն և հավատքին խորթ լինելու մասին։
     Իբրև առաջին շերտ կարելի է նկատել այն, որ եթե, ինչպես իրենք են պնդում, վերջին մի քանի կաթողիկոսական ընտրությունները եղել են արտաքին ուժերի ազդեցությամբ, այսինքն ոչ-կանոնական, իսկ իրենց՝ աշխարհիկ պատկերացմամբ՝ ոչ-լեգիտիմ, ապա դուրս է գալիս նաև, որ սրբազան յուղի՝ մյուռոնի օրհնությունը, որ կատարել են այդ կաթողիկոսները, եկեղեցիների նավակատիքերը, որ կատարվել են այդ մեռոնով, հոգևորականների օծումները, որ արել են կաթողիկոսները, կամ, առավել ևս, նրանց ձեռնադրած հոգևորականները՝ ամեն բան դուրս է կանոնից։ Այստեղ միայն կարելի է զարմանալ, թե այս համատարած ոչ-կանոնականության մեջ որտեղից են հայտնվել այն «սուրբ-անըստգյուտները», որ միայն իրենց են արժանի նկատում երկնային ու երկրային բոլոր փառքերին ու պատիվներին։ Եվ կամ սա Հայ Եկեղեցին կազմաքանդելու իրենց նախընտրած ճանապարհն է՝ Հայոց Կաթողիկոսներին, նրանց ձեռնադրած եպիսկոպոսներին, կուսակրոն և ամուսնացյալ քահանաներին հռչակել ոչ-կանոնական, դրանով իսկ սահմանելով, թե Հայ Առաքելական Եկեղեցին այլևս գոյություն չունի։ Եվ անշուշտ այս վտանգը կծնրադրեր բոլորիս դռանը, եթե մենք ևս նախընտրած լինեինք հոգևոր գիտելիքների ամբարման՝ բանավոր, ընթերցանությունը մերժող ճանապարհը, որ պատճառ է դառնում թյուրիմացության կամ տգիտության երկրորդ շերտի համար։
     Ահա մի կողմից տ. Կորյունի պնդումը համոզիչ է թվում. ԿԳԲ-ն այնքան հզոր է, որ ոչ միայն կաթողիկոսական, այլև զորավոր տերությունների նախագահական ընտրություններին միջամտելու հանգամանքով է մեղադրվում։ Եվ եթե ԿԳԲ-ն ի զորու է միջամտել գերտերությունների ներքին գործերին, ապա որքան հեշտ պիտի խառնվեր կաթողիկոսական ընտրություններին։ Այս մտածելակերպը լիովին ընդունելի կարող է թվալ բոլոր նրանց, որ հեռու են կրոնից ու հավատքից։
     «Վեցօրեայ» -ում Բարսեղ Մեծը հարցնում է. «Ինչպե՞ս է, որ աստղերը հաստատված են տիեզերքում, ամպերը շարժվում են երկնակամարով, իսկ ջրերը մնում են երկրի մակերևույթին և չեն ներծծվում» ։ Եվ սուրբն անմիջապես պատասխանում է. «Այս ամենի իրականություն դառնալու համար բավարար էր, որ աստվածային Կամքը լիներ» ։ Եթե հավատում ենք Աստծուն, Նրա անսահման և անքննելի զորությանը, պիտի ընդունենք, որ ոչ մի ԿԳԲ և ոչ մի Վազգեն Սարգսյան չէին կարող դեմ գնալ աստվածային Կամքին։ Իսկ եթե գաղափարական և գիտելիքների առումով հավասար ենք տ. կորյուններին, ապա կարող ենք ընդունել նաև, որ վերջին ընտրությունների ժամանակ ԿԳԲ-ն, կամ Վազգեն Սարգսյանը ավելի զորավոր էր, քան Վերին Նախախնամությունը։ Բնականաբար պարզ տրամաբանությունը նաև պիտի հուշի տ. կորյուններին, որ եթե իրենք անհայտ տեսիլքով հավատում են աստվածայինից ավելի բարձր զորության, ուրեմն իրենք ոչ թե Աստծու հավատացյալներ են, այլ նորահայտ և նորագյուտ մի ուղղություն, որ ավանդաբար աղանդ է կոչվել։

Source: facebook.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
2803 | 0 | 0
Facebook