Loading...

Articles

Հանուն ճշմարտության

12:22, Tuesday, 12 June, 2018
Հանուն ճշմարտության

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հունիսի 10-ին տեղի ունեցած տխրալի միջադեպի առիթով հայտնի նախաձեռնության ղեկավարները շտապեցին առաջինը հերթական մեղադրանքները հնչեցնել` ապահովագրելու սեփական պահվածքը, կատարելու «բացահայտումներ» և հետևաբար` եզրահանգումներ:

Հասկանալի է. բացահայտումների ժամանակ է, բայց` ոչ նենգափոխումների:
     Բնավ նախաձեռնության անդամներին չեմ ուղղում խոսքս, առավել ևս, երբ ակնհայտ միտում եմ տեսնում նրանց մոտ` մարդկանց դասակարգելու և անվանարկելու:
     Ցավում եմ, որ իրենց հարազատ եկեղեցականի ձեռնադրության առիթով տարբեր եկեղեցիներից և համայնքներից, այդ թվում և Ապարանից, եկած մարդիկ, նաև ծնողներ, անվանվեցին հրահրողներ: Չեմ խոսում, որ նախաձեռնության «փոքրիկ ակցիայով» ստվերվեց իրենց ուրախությունը:
     Ցավում եմ, որ Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանողները (ավագ լսարանների սաները սարկավագի աստիճանով) անվանվեցին սադրիչներ, թեպետ ճշմարտություն է, որ կիրակի օրերին ճեմարանականներն այցելում են Երևանի և Էջմիածնի եկեղեցիներ և ներկա գտնվում Ս. Պատարագին: Ինչպիսի՜ բացահայտում, ճեմարանականները պաշտպանում են իրենց Հայրապետին: Եթե մասնավոր կարգադրվեր այս ամենը «թվաքանակ ապահովելու համար», ապա Ճեմարանի 135 ուսանողներն այնտեղ կլինեին, ևս 50-ը` Վազգենյան դպրանոցից, 40-ը` Թրփանճյան ընծայարանից և մի երկու տասնյակ էլ` քահանայից պատրաստության լսարանից:
     Տարօրինակ չէ ինձ համար նաև այն, որ նախաձեռնության կոչին ընդառաջ` տարբեր վայրերից, նաև Ոսկեհատ համայնքից, մարդիկ ժամանել էին թույլ չտալու անթույլատրելին:
     Ես ցավում եմ, որ Հայ Եկեղեցու այս զավակները հայտնվել են այսպիսի գայթակղության և փորձության մեջ, ես ուրախ եմ, որ Հայ Եկեղեցու մնացյալ զավակները պատրաստակամ են սիրով սաստելու իրենց եղբայրներին, որովհետև ամենքս պետք է պատասխանատու և հոգատար լինենք միմյանց նկատմամբ:
     Երեկ եպիսկոպոսների հերթական հավաքը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ որոշեց շարունակել բոլոր միջոցները գործադրել՝ հնարավորություն ընձեռելու նախաձեռնության անդամներին վերադառնալ կանոնական դաշտ:
     Եղբայրներ, ամեն ինչ սեփական շահերից ելնելով կարկատելու ձգտումը կործանարար է: Եղեք միշտ անկեղծ:

Source: facebook.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2385 | 0 | 0
Facebook