Կյանքում կա մի պահ, երբ մտածում ես, որ սկսվեց իրական կյանքը:
Կյանքում կա մի պահ, երբ մտածում ես, որ կյանքն արդեն անցավ:
Կյանքում կա մի պահ, երբ մտածում ես, որ ոչինչ չստացվեց այս կյանքում:
Այս և նման պահերը լինում են 20-25 տարեկանում՝
ես լավ գիտեմ այդ տարիքը,
ինքս այդ տարիքից եմ հասել այս տարիքին:
Այդ տարիքում բոլորն են այդպես մտածում:
*
- Բարև Հասմիկ ջան, արդեն մեկ շաբաթ կլինի չենք հանդիպել, ո՞նց ես, ի՞նչ ես արել:
- Է՜, Լիլիթ ջան, մի հարցրու, ամբողջ շաբաթ Նրա հետ էի:
- Ո՞ւմ, Դավիթի՞, բայց դուք բաժանվել էիք:
- Դրանք մանրունքներ են, բանի տեղ մի՛ դիր, կյանքի մանրուքներ:
- Եվ ի՞նչ էիք անում…
- Խոսո՜ւմ էինք…ինքը պատմո՜ւմ էր, ես՝ լսում, կիսվո՜ւմ էր իր մտքերով, նման բան չի՛ եղել երբեք:
- Ինչ-որ բան այնպես չի՞ Դավիթի հետ:
- Հա՜, մեկ էլ անընդհատ ինձ գրկո՜ւմ էր, համբուրո՜ւմ, ամեն 5 րոպեն մեկ զանգահարո՜ւմ, որ իմանա որտե՞ղ եմ, ի՞նչ եմ անում, թափառո՜ւմ էինք քաղաքով մեկ, կռահում էր իմ ամե՜ն մի ցանկություն, պատկերացնո՞ւմ ես:
- Ուրախ եմ քեզ համար: Իսկ հիմա ո՞ւր է:
- Չգիտե՜մ:
- Այսի՞նքն, ինչպե՞ս թե չգիտես, բա ասո՜ւմ ես անընդհատ զանգում էր…
- Այո, բայց դա միայն գիշերնե՜րն էր:
- Չեմ հասկանում քեզ, ազնի՜վ խոսք:
- Ի՞նչ կա չհասկանալու…Նրա բույրը մնացել է իմ երազներում…