Loading...

Articles

Մարզեր այցելելը չի խրախուսվում պետական մակարդակով

16:07, Friday, 23 March, 2018
Մարզեր այցելելը չի խրախուսվում պետական մակարդակով
     Մարզերի համաչափ զարգացում, զբոսաշրջության զարգացում, տարանցիկ երկիր լինելու հեռանկար և մարզերի հետ կապված բազմաթիվ նման նպատակներն այդպես էլ նպատակ կմնան, քանի դեռ չունենք քիչ թե շատ բարվոք ճանապարհներ։ Երևանից Մարտունի հեռավորությունն ընդամենը 130 կմ է։ Զարգացած երկրներում երբեմն մարդիկ ամեն օր նման հեռավորություն են անցնում աշխատանքի հասնելու համար։ Հայաստանում, սակայն, նման հեռավորություն անցնելը կարող է հայոց հարցը լինել, հատկապես եթե գարունը նոր է բացվել: Սևանից սկսած` ճանապարհը, որն ի դեպ, միջպետական նշանակության ճանապարհ է, պատված է հսկայական փոսերով։ Սևան-Մարտունի ճանապարհն ակամա հիշեցնում է Արցախի Մարտունիից դեպի դիրքեր տանող ճանապարհը․ սովետական տարիներին փռված ասֆալտը, որ պատերազմ ու զրահատեխնիկա է տեսել, մի քանի տարի առաջ ճիշտ նման վիճակում էր։ Ուշագրավ է, որ այս տարի ձմեռը համեմատաբար թեթև է եղել, շատ տեղումներ ու ցածր ջերմաստիճան չի գրանցվել։ Եթե նման մեղմ ձմեռից հետո է նման իրավիճակ, սարսափելի է մտածել անգամ, թե ինչ կլիներ բնականոն ձմռան դեպքում։ Ընդ որում, եթե Սևան-Մարտունի ճանապարհը քիչ թե շատ տանելի է, փոսերը դեռևս փոքր են, ապա հակառակ ուղղությամբ փոսերն արդեն հորեր են հիշեցնում։ Մինչդեռ հիշյալ ճանապարհը, առանց քարուքանդ եղած ասֆալտի էլ, լիքն էր ծուղակներով: Ժամանակին ճանապարհաշինարարները բնակավայրերից մի քանիսում հավանաբար ծանոթ ավտոմեխանիկ են ունեցել ու որոշել են նրան լավություն անել՝ հատկապես գիշերային երթևեկության ժամանակ աննկատ փոսեր ու բլուրներ թողնելով ճանապարհին։ Ծուղակներից հատկապես հանրահայտ են Չկալովկայի փոսերը և Գավառի ելուստով հատվածը։ Եթե իրողությունն այդքան ցավալի չլիներ, կարելի էր հումորին տուրք տալ ու ասել, որ տրանսպորտի և կապի նախարարությունը ճանապարհը սպասարկող ընկերությունների հետ «ազգանվեր» նախաձեռնություն է սկսել, նպաստում է, որ մարդիկ Երևանից մարզեր գնան ու չվերադառնան, կամ ջանք ու եռանդ չի խնայում, որ ավտոմայրուղիներին վարորդներն արագությունը չգերազանցեն․ փոսերից կիսատ-պռատ խուսանավելով՝ 90 կմ/ժամ արագությամբ ճանապարհին 60 կմ/ժամ արագությամբ երթևեկելը շքեղություն է դարձել վարորդների համար։ Ընդ որում, անգամ 60 կմ ժամ երթևեկելով ու մեքենան անընդհատ աջուձախ փախցնելով՝ հնարավոր չի լինում փոսերից խուսափել։ Մարտունի օրերս կատարած այցից հետո մեքենայի անիվները փչելու, անիվների նոր թասակներ գնելու և տեխզննման կարիք առաջացավ։ Ճանապարհի վիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Անկախը» դիմել է տրանսպորտի և կապի նախարարությանը։ Ի պատասխան նախարարությունից տեղեկացրել են, որ Սևան-Մարտունի ճանապարհահատվածը սպասարկում են «Ծովագյուղի ՃՇՇ», «Քյավառ Սերվիս» և «Շանթ-Սեյրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, որոնք ճանապարհի սպասարկումն իրականացնում են 2016-ի հունվարից, իսկ Գավառի ընկերությունը՝ 2018-ի հունվարից։ Նախարարությունից տեղեկացնում են, որ նշված ճանապարհահատվածն ավելի քան 15 տարի չի հիմնանորոգվել, ինչի հետևանքով ձմռանն առաջանում են մեծաքանակ փոսեր։ «Նախատեսված է միջպետական ճանապարհների փոսային նորոգումը ավարտել մինչև ընթացիկ տարվա մարտի վերջը, սակայն եղանակային պայմաններից կախված՝ ժամկետները կարող են փոփոխվել», - ասված է նախարարության պատասխանում։ Նախարարությունից վստահեցնում են, որ իրենց մասնագետները պարբերական այցերի միջոցով նորոգման ընթացքում հսկում են աշխատանքների որակը։ Անդրադառնալով ասֆալտի որակին ներկայացվող չափանիշներին՝ նախարարության աշխատակազմի ղեկավար Ս․ Ամիրխանյանը գրում է․ «Համաձայն ճանապարհաշինական նորմերի՝ յուրաքանչյուր 4-6 տարին մեկ պետք է իրականացվի ծածկի վերին շերտի նորոգում, իսկ 15-17 տարին մեկ՝ հիմքի և ծածկի հիմնանորոգում։ Նշված հատվածում արդեն 15 տարի վերին շերտի նորոգում չի իրականացվել» ։ Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ ընթացիկ տարում ճանապարհի այդ հատվածի ամառային սպասարկման համար պետական բյուջեից հատկացվել է 127, 8 մլն դրամ, հիմնանորոգման աշխատանքներ, սակայն, չեն նախատեսվում։ Փոխարենը նախորդ տարի է հիմնանորոգման աշխատանք իրականացվել, 4, 8 կմ հատվածի համար հատկացվել է 650 մլն դրամ։ Այս տրամաբանությամբ եթե հաշվարկենք, 1 կմ-ի արժեքը կազմում է 135, 4 մլն դրամ, հետևաբար շուրջ 93 կմ ճանապարհի հիմնովին բարեկարգումը կարժենա 12, 5 մլրդ դրամ։ Այլ հարց է, թե այդքան գումար ծախսելուց հետո «ատկատների» արդյունքում ինչ որակի ճանապարհ կունենանք ու այն քանի տարի կծառայի առանց վերանորոգումների։ «Անկախը» մեկնաբանություն ստանալու համար դիմեց նաև «Ծովագյուղի ՃՇՇ» և «Քյավառ Սերվիս» ընկերություններին։ Վերջիններիս ներկայացուցիչները, նախ, զարմացան փոսերի մասին հարցերից համարելով, որ ճանապարհը բարվոք վիճակում է։ Ընկերությունները հրաժարվեցին նաև որակի մասին խոսակցությունից՝ նշելով, թե ասֆալտապատող ընկերությունն իրենք չեն, ընդամենը փոսալցումներ են իրականացնում և ընդհանուր ճանապարհի որակի մասին խոսել չեն կարող։ Նաև տեղեկացրին, որ նախարարությունից փոսալցումների մասին հանձնարարական արդեն ստացել են, սպասում են, որ մարզում եղանակային համապատասխան պայմաններ լինեն աշխատանքները սկսելու համար, ամենայն հավանականությամբ դա կլինի ապրիլի կեսերից հետո։ Եթե հաշվի առնենք փոսալցումների հայաստանյան պրակտիկան, ապա ստացվում է, որ մեկ ամիս էլ ճանապարհները երթևեկության համար պիտանի չեն լինի փոսալցումների պատճառով։ Հետևաբար Հայաստանը զբոսաշրջիկների, միջազգային տարանցիկ փոխադրումների ու ընդհանրապես Երևանից դուրս գալու համար պիտանի է տարվա մեջ ընդամենը 4 ամիս․ աշնան առաջին տեղումների հետ փոսերի առաջացման գործընթացը սկսվում է։ Կա մեկ այլ տարբերակ ևս՝ տարվա մնացած 8 ամիսներին կարելի է մարզեր այցելել զինվորական ամենագնացով։ Չնայած տողերիս հեղինակն ականատես է եղել ընդամենը Սևան-Մարտունի ճանապարհի անմխիթար վիճակին, վստահաբար կարելի է ասել, որ դա միակ նման ճանապարհը չէ։ Շատերը նյութը կարդալիս կթվարկեն այն ճանապարհները, որոնցով պարբերաբար անցնում են ու որոնց ամեն խորդուբորդություն զգում իրենց մաշկի և գրպանի վրա։ Ցավոք, ճանապարհների գոնե կիսաքաղաքակիրթ վիճակը դեռևս երազանք է մեզ համար։ Մնում է ամեն անգամ Վրաստան կամ Իրան այցելելիս նախանձել նրանց ճանապարհների բարվոք վիճակին, իսկ հայաստանյան ճանապարհներին ամեն անգամ փոսն ընկնելիս ատկատներով անորակ ասֆալտ անողներին մաղթել, որ իրենց անձնական բյուջեն էլ իրենց պատրաստած ճանապարհի պես լեցուն լինի անցքերով։
    
    
     http://ankakh.com/article/93015/%E2%80%8Bmarzyer-aytsyelyele-chi-khrakhusvum-pyetakan-makardakvov
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3020 | 0 | 0
Facebook