Loading...

Articles

Գանձակի Ջավադ խանի մտերմական հարաբերությունը Գյուլիստանի ու Ջրաբերդի մելիքների հետ: Հովսեփ Արղությանի, մելիքներ Մեժլումի և Աբովի` Ղարաբաղի հայաթափության ծրագիրը (նախորդի շարունակությունը)

11:41, Friday, 23 March, 2018
Գանձակի Ջավադ խանի մտերմական հարաբերությունը Գյուլիստանի ու Ջրաբերդի մելիքների հետ: Հովսեփ Արղությանի, մելիքներ Մեժլումի և Աբովի` Ղարաբաղի հայաթափության ծրագիրը (նախորդի շարունակությունը)

Տեսնելով, որ Իբրահիմ խանը դաշնակցել է Օմար խանի հետ, Հերակլն ուրիշ դաշնակից է որոնում և, հիշելով Դերբենդի Ֆաթալի խանի վաղեմի առաջարկությունը դաշնակցելու վերաբերյալ, բանակցություններ է սկսում նրա հետ: Համաձայնություն է կայացվում միասին հարձակվել Գանձակի վրա, որին այդ ժամանակ տիրել էր Իբրահիմ խանը: Եվ այստեղ անհրաժեշտ է լինում հայ մելիքների ծառայությունը: Հերակլը նրանց ուղարկում է Գանձակը գրավելու: 1788 թվականին նրանք երեք ամիս պաշարում են Գանձակը, բայց չեն կարողանում գրավել, ուստի կողոպտում են շրջակա գյուղերը և վերադառնում: Հաջորդ տարի Ֆաթալի խանը Հերակլին հրավիրում է Գանձակի մոտ, որպեսզի միասին արշավեն Իբրահիմ խանի դեմ: Գանձակի խանը հպատակություն է հայտնում Հերակլին` խնդրելով, որ իր երկրին չվնասեն: Հերակլը մելիք Մեժլումին ուղարկում է Գանձակ, որպեսզի հպատակության պայմաններն հաստատի և որպես գրավական` պատանդներ ստանա: Այնուհետև Հերակլն ու Ֆաթալին արշավում են դեպի Շուշի, բայց պաշարի պակասության պատճառով վերադառնում են: Այդ ընթացքում մեռնում է Ֆաթալի խանը, և Ղարաբաղի տերը` Իբրահիմ խանը, ազատվում է իր մի ուժեղ թշնամուց:

Բուրնաշովի զորամասի հեռացումը Հարավային Կովկասից պաշտոնապես պատճառաբանվում էր նրանով, որ Թուրքիայի դեմ պատերազմ է հայտարարված, սակայն ռուսների սայլին լծված Արղությանին հայտնի էր, որ պատճառը դա չէր: Պատճառն այն էր, որ Հերակլը միաբանվել էր մահմեդականների հետ, և Թիֆլիսում գտնվող ռուսական զորաբաժինը կարող էր վտանգվել: Այդ էր պատճառը, որ այն հեռացվեց Թիֆլիսից: Իշխան Պոտյոմկինը փոշմանել էր, որ զորամասը հեռացրել է, բայց դրանից ի՞նչ օգուտ իրենց երկրից փախած մելիքներին: Իսկ Արղությանը սին խոստումները հալած յուղի տեղ ընդունելով, շողոքորթվելով դիվանագիտական ընդունելություններով` հայությանը հրահրում էր այնպիսի գործողությունների, որոնք չափազանց վտանգավոր էին ամբողջ հայության համար: Բայց դա նրան չէր հետաքրքրում, որովհետև Ռուսաստանի գործակալ էր, և նրա համար առաջնայինը Ռուսաստանի շահն էր, ուստի նորից սկսում է հուսադրել մելիքնելին: Մելիք Մեժլումն ու մելիք Աբովը, Արղությանի խորհրդով, խնդրագիր են ուղարկում Մոզդոկում նստող գեներալ Տեկելիին` Հյուսիսային Կովկասի ռուսական զորքերի գլխավոր հրամանատարին, որ փոխարինել էր գեներալ Պավել Պոտյոմկինին: Այս խնդրագրում մելիքները պատրաստակամություն էին հայտնում անձամբ գնալ Մոզդոկ` բանակցությունների համար: Քանի որ Կովկասում պատերազմական գործողություններ էին սկսվել, մելիքների այս խնդրագիրն անուշադրության է մատնվում:

Բայց շուտով իշխան Պոտյոմկինն Արղությանին կանչում է իր մոտ` գործող բանակ, որովհետև նրա ներկայությունն այնտեղ շատ էր հարկավոր: «Հայոց պայծառափայլ խնամակալ» -ի մոտ Արղությանին համակած հուսահատությունը մարում է, ու նա նորից ստանձնում է Հայաստանի ազատության առաքյալի պաշտոնը, իսկ բախտի կամքին հանձնված մելիքները հեռանում են Թիֆլիսից: Հեռանալու պատճառները շատ էին: Հերակլը թույլ չէր տվել, որ ռուսները հեռացնեն Իբրահիմ խանին, և մելիքները նեղացել էին վրաց թագավորից: Սրան գումարվում է մեկ այլ իրադարձություն, որը լցնում է մելիքների համբերության բաժակը: Իբրահիմ խանը Հերակլին առաջարկում է վերադարձնել Ղազախի ու Շամշադինի այն վիրահպատակ թուրքերին, որոնք գաղթել էին Ղարաբաղ` պայմանով, որ Հերակլն էլ հանձնի իր մոտ ապաստանած երկու մելիքներին: Հերակլը համաձայնում է, բայց մելիքները, իմանալով այդ մասին, շտապ հեռանում են Թիֆլիսից: Մելիքների հեռանալու մեկ այլ ծանրակշիռ պատճառ էլ է եղել: Հերակլը մելիքներին շատ լավ է վերաբերվել ու մտադիր է եղել նրանց առաջնակարգ ազնվականները շարքը դասել, բայց վրաց ազնվականությունը հակառակվել է: Մելիքները տեսնելով, որ Հերակլը չի կարողանում հակառակվել ազնվականությանն ու իր մտադրությունն ի կատար ածել, հեռանում են Թիֆլիսից` ատելությամբ համակված վրաց ազնվականության նկատմամբ: Առավել վիրավորված էր մելիք Մեժլումը, այնքան վիրավորված, որ մի քանի տարի անց մի շատ գարշելի, արյունալի գործ է կատարում, որը աղետալի հետևանքներ է ունենում ոչ այնքան վրացիների, որքան Թիֆլիսի հայության համար:

Մելիքները գնում են Գանձակ: Նրանց 7000 տուն հպատակներից մոտ 300 տունը հեռացել էր Ղարաբաղից և մելիքների հետ գաղթել էր: Գանձակի Ջավադ խանը՝ Շահվերդի խանի որդին, իր հոր նման թշնամի է եղել Շուշու Իբրահիմ խանին ու մտերմական հարաբերություն է ունեցել Գյուլիստանի ու Ջրաբերդի մելիքների հետ: Վերը հիշատակված 500 տուն գաղթականներին Ջավադ խանը տեղավորել էր Շամքորում: Բնակություն հաստատելով Շամքորում ու վայելելով Ջավադ խանի անկեղծ բարեկամությունը՝ Մեժլում և Աբով մելիքները շարունակում են պայքարն իրենց ոխերիմ թշնամու դեմ՝ անդադար ասպատակելով Ղարաբաղը: Բայց այդ ասպատակություններն էլ ավելի էին բարդացնում տեղում մնացած հայերի վիճակը:

Ինչպես վերն արդեն ասվել է, 1789 թվականին իշխան Պոտյոմկինը Հովսեփ Արղությանին կանչում է Բեսարաբիա՝ ռուս-թուրքական պատերազմի մարտադաշտի իր բանակատեղի: Արղությանի ներկայությունն այստեղ շատ էր անհրաժեշտ, որովհետև Բեսարաբիայում և Մոլդովայում հայկական բազում գաղթօջախներ կային, իսկ ռուսական իշխանությունները ցանկանում էին նրանց Ռուսաստան տեղափոխել: 1790 թվականի հունվարի 23-ին Արղությանն իշխան Պոտյոմկինին մի զեկուցագիր է ներկայացնում, որով մելիքներ Մեժլումի և Աբովի անունից առաջարկում էր հայոց «փրկության» մի ծրագիր, որը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական ինքնասպանություն:

Ահա թե ինչ է գրում Արղությանը.

«Ենթարկված լինելով ավերման ու հալածանքների, , բայց իրենց համար պարտք դարձրած լինելով հավատարմությունը նորին կայսերական մեծությանը և իրենց կյանքը նվիրած լինելով նորին մեծությանը` մելիքները խնդրում են վեհապետի պաշտպանությունն ու օգնությունը` հետևյալ կերպ.

1.Բարբարոսների լուծն իրենցից թոթափելու համար տալ զինական օգնություն` թեկուզ փոքրաթիվ: Միացնելով իրենց ուժերը ռուսաց զորքի հետ` նրանք կարող են խորտակել պարսից զորությունը և ոչնչացնել Շուշու խանի իշխանությունը: Հետո մելիքներն ամենահպատակորեն խնդրում են իրենց վրա կարգել մի բարձրագույն իշխանություն` հանձին վրաց արքայազն Դավթի, որը Հերակլի թոռն է, և կամ մեկ ուրիշին, որ ամենաընդունակը լինի իր հատկություններով ու արժանիքներով:

2.Եթե հիշյալ շնորհին նրանք արժանանալ չեն կարող, այդ դեպքում նրանք, հիշելով այն խնդրագիրը, որ իրենց նախնիներն ուղղել էին Պետրոս Մեծ թագավորին, և հիմնվելով այն բարեհաճության վրա, որով թագավորը վերաբերվեց այդ խնդրանքին, ամենահպատակորեն խնդրում են իրենց փոխադրել Դերբենդի շրջակա վայրերը, Կասպից ծովի ափը, և, բնակեցնելով այնտեղ` մելիքներին և իրենց ժառանգներին տալ կատարյալ իրավունք և իշխանություն իրենց հպատակների վրա…

Հիշելով այն խնդիրները, որոնք իրենց նախնիները ներկայացրել են Պետրոս Մեծ թագավորին և հիմնվելով այն հանգամանքի վրա, որ թագավորը բարյացկամ է եղել այդ խնդիրների հանդեպ, նրանք խնդրում են իրենց գաղթեցնել Դերբենդի իշխանություն և մշտնջենապես իշխելու համար և իրենց հատկացնել այդ տեղերը: Իսկ եթե հարկ լինի գաղթեցնել Ռուսաստան, ապա խնդրում են Վրաստանում գտնվող ռուսական զորքերի օգնությունը, որպեսզի կարողանան իրենց ժողովրդի հետ անվտանգ հեռանալ Ղարաբաղի իշխանությունից: Նրանք միաժամանակ հայտնում են, որ իրենց ամբողջ հասարակությունն այդ երկու առաջարկություններում համաձայնելով մելիքների հետ, խնդրում է տեղեկացնել, թե որտեղ, որ երկրում իրեն հողեր կտան, եթե դա լինի Ռուսաստանում, ապա ինչ պայմաններով: Մելիքները պահանջում են, որ Ռուսաստանի իշխանությունը բարեհաճի վերահաստատել իրենց ունեցած վաղեմի արտոնությունները, որոնք նույնիսկ իրենց թշնամիները չեն կամեցել խափանել: Այսինքն` որ նրանք իրավունք ունեն տիրելու իրենց հպատակների վրա և իրենց հաջորդները նույնպես իրավունք ունենան ժառանգելու հոր իշխանությունը: Նույնպես այն երկրները, որոնք նրաց կտրվեն բնակության համար, կարողանան սեփականացնել միևնույն իրավունքով:

Հիշյալ երկու մելիքները` Մեժլումը և Աբովը, իրենց խնդիրքը մատուցելուց հետո, հավատացնում են, որ մնացած երեք մելիքներն էլ, որոնք գտնվում են Ղարաբաղում, համաձայն են իրենց հետ: Այս բոլորը հաղորդելով ձերդ պայծառափայլությանը` նորին կայսերական մեծությանը զեկուցելու համար, հատկապես և ամենախոնարհաբար խնդրում եմ, որ նրանց շնորհվի բարձրագույն ողորմած հովանավորություն, որով նշանակալի օգուտ կլինի Ռուսաստանին»:

Պոտյոմկինն Արղությանի այս խնդրագիրը ներկայացրել է Եկատերինային, բայց որևէ արձագանքի չի արժանացել: Այդպես էլ պիտի լիներ: Մելիքներն ու Արղությանը համազգային հարցը հանգեցրել էին երկու փոքրիկ իշխողների ավատական իրավունքները պահպանելուն: Հիմա այդ երկու մելիքին ընդամենը հարկավոր էր, որ իրենքց իրավունք տրվեր իշխել իրենց նախկին հպատակների վրա, և մելիքների այդ ցանկությանը գոհացում տալու համար հայ ժողովուրդը պիտի գաղթեր, հեռանար իր հայրենի երկրից, գնար կա'մ Դերբենդ, կա'մ Ռուսաստան: Այս մորթապաշտ, եսասեր մելիքների համար ամենևին էլ ամոթալի չէր, որ հայ ժողովուրդն իրենց փառասիրության զոհը պիտի դառնար, պիտի լքեր իր հայրենիքը` միայն թե այս երկուսը պահպանեին իրենց դիրքն ու արտոնությունները, ունենային բավականաչափ ճորտեր` նրանց կալվածքները մշակելու և նրանց հարստացնելու համար: : Նեղմիտ ու տգետ այս անձանցից ավելին չէր էլ կարելի ակնկալել, որովհետև ազգային հարցը նրանց համար ընդեմենը սեփական իշխանությունը պահպանելու միջոց է եղել: Իսկ որ Արղությանն էր ամեն ջանք գործ դնում, որպեսզի իրագործվի մելիքների ցանկությունը, վկայում է այն մասին, որ սա անսկզբունք գործիչ է եղել, որի համար գլխավորը անձնական ու դասակարգային շահն է եղել: Նա սովոր էր ժողովրդական մեծ զանգվածներ գաղթեցնելուն, ու միշտ պարծեցել է, որ ինքն է Նոր Նախիջևանի հիմնադիրը: 1787 – 1791 թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքում էլ նա նախապատրաստվում էր Մոլդովայում բնակվող ամբողջ հայությանը Ռուսաստան գաղթեցնել ու նրանցով բնակեցնել նոր հիմնադրվող Գրիգորիոպոլ քաղաքը: Ռուսաստանի շահերը ռուսից էլ ջանադրորեն սպասարկող այս Արղությանի համար սովորական մի բան պիտի լիներ նաև Հարավային Կովկասից ու Հայաստանից հայ գաղթականությանը Ռուսաստան տանելը: Ռուսական արքունիքի բարյացակամ վերաբերմունքը, բարեհաճությունը վաստակելու համար նա պատրաստ էր հայաթափել իր երբեմնի հայրենիքը: Ահա այս հատկությունները ռուսական կայսրությանը բոլորանվեր ծառայեցնելու շնորհիվ էր, որ նա ի վերջո իշխանի տիտղոսի արժանացավ ու երկու գյուղ նվեր ստացավ, որի բնակիչները նրա ճորտերը պիտի դառնային: Նա, իհարկե, բնական պիտի համարեր, որ եթե Գյուլիստանի ու Ջրաբերդի մելիքները տեղափոխվեն Ռուսաստան, ապա նրանց գյուղացիներն էլ պետք է տեղափոխվեն, որպեսզի օտարության մեջ ծառայեն իրենց տերերին: Եվ այս գործը գլուխ բերելու համար Արղությանը նույնիսկ աղճատել է պատմությունը` փորձելով հավատացնել, թե Պետրոս Մեծի ժամանակ էլ Ղարաբաղում հայրենիքի հարցը նշանակություն չի ունեցել, ուստի և հայերն այն այն ժամանակ իրենք են խնդրել, որ իրենց Դերբենդ տեղափոխեն: Մինչդեռ անհերքելի փաստերը վկայում են, որ Պետրոսն էր, որ հայերին առաջարկում էր գաղթել, և հայերը մերժում էին այդ առաջարկը:


     (շարունակելի)
    
     Նկարում՝ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5179 | 1 | 0
Facebook