Loading...

Articles

Իբրահիմ խանի դաշնակից Հերակլից ու Իբրահիմ խանին հաճախ թիկունք կանգնող Ռուսաստանից Ղարաբաղի մելիքների անհիմն անկնկալիքների ու Դիզակի մելիքության ոչնչացման մասին (նախորդի շարունակությունը)

09:31, Wednesday, 21 March, 2018
Իբրահիմ խանի դաշնակից Հերակլից ու Իբրահիմ խանին հաճախ թիկունք կանգնող Ռուսաստանից Ղարաբաղի մելիքների անհիմն անկնկալիքների ու Դիզակի մելիքության ոչնչացման մասին (նախորդի շարունակությունը)

1785-ի Դաղստանում սկսում է գործել Ռուսաստանի ու Կովկասի քրիստոնյաների դեմ սրբազան պատերազմ մղելու կոչ անող առաջին քարոզիչը` Շեյխ Մանսուրը, և գեներալ Պոտյոմկինը ստիպված էր կռվի բռնվել լեռնականների հետ: Նա այլևս չէր կարող զորք ուղարկել Վրաստան, թեև Հերակլը նրան շարունակ աղաչում էր ավելացնել Վրաստանում գտնվող ռուսական զորքերի թիվը: Լեզգիներն ավելի ու ավելի հաճախակի էին ներխուժում Վրաստան, և նրանց խրախուսում ու դրդում էր Ախալցխայի Սուլեյման փաշան: Ի գոհացումն Վրաստանի թագավոր Հերակլ 2-րդի բազում խնդրանքներին` ռուսներն ընդամենը 21 թնդանոթ են տարամադրում նրան:

Այդ ժամանակներում Վրաստանի ամենադաժան թշնամին Ավարիայի Ումմա կամ Օմար խանն էր` Ղարաբաղի տեր Իբրահիմ խանի աներորդին: Սա կարողանում է 25 հազար զորք հավաքել, ներխուժել Վրաստան, ավերել ու թալանել բազմաթիվ բնակավայրեր: Հերակլի դաշնակիցը` Շուշու Իբրահիմ խանը, ոչնչով չէր օգնում նրան: Ստեղծված վիճակից միակ օգտվողը Ղարաբաղի այս խորամանկ ու երկդիմի խանն էր: Հերակլի ու նրա դաշնադրության գլխավոր առարկան Գանձակի խանությունն էր: Չկարողանալով միայնակ տիրել Գանձակին` Հերակլը չէր էլ ուզում վերջնականապես հրաժարվել իր այդ նպատակից, որովհետև այդ խանությունից ստացվող եկամուտները չափազանց նշանակալի էին Վրաստանի պես մի աղքատ երկրի համար: Ահա թե ինչու նա փորձում էր Գանձակին տիրել Իբրահիմ խանի օգնությամբ, և դա էր պատճառը, որ նա հակված չէր օգնել հայերին: Այս քրիստոնյա թագավորը, որի հետ մեծ հույսեր էին կապում Ղարաբաղի հայերը, նրանց ոխերիմ թշնամու դաշնակիցն ու դժվարին վիճակներում նրա աջակիցն էր: Կա վկայություն, որ մի պահ ռուսները որոշել են Իբրահիմ խանին հեռացնել Ղարաբաղից ու վերականգնել մելիքների իշխանությունը, բայց այս մտադրությանն ընդդիմացել է Հերակլը: Իբրահիմ խանն էլ, օգտվելով Հերակլի դժվարին դրությունից, փորձել է միայնակ տիրել Գանձակին` միաժամանակ հավաստիացնելով նրան, թե հավատարիմ է իրենց դաշինքին: Օրինակ` 1784 թվականի վերջին Դերբենդի Ֆաթալի խանը, համաձայնության գալով Գանձակի խանի հետ, արշավում է Ղարաբաղ` Իբրահիմ խանի դեմ: Վերջինս դիմում է Հերակլին, որը նրան օգնական զորք է ուղարկում: Բանակցություններ են սկսվում Հերակլի զորավարների ու Դերբենդի խանի միջև: Ֆաթալի խանը Հերակլին առաջարկում է միանալ իրեն ու միասին ոչնչացնել Ղարաբաղի խանին ու միմյանց միջև բաժանել նրա երկիրը: Նա Ղարաբաղի հայաբնակ մասն առաջարկել է Հերակլին, իսկ թուքաբնակը` իրեն: Բայց Հերակլը չի համաձայնում: Ղարաբաղի Իբրահիմ խանի թիկունքին է կանգնում նաև գեներալ Պոտյոմկինը՝ Ֆաթալի խանից պահանջելով հանգիստ թողնել Իբրահիմին:

Իբրահիմը, ինչ խոսք, առավելագույնս օգտվեց իր խանության համար այս բարենպաստ պայմաններից և մեծ եռանդով պայքարեց մնացած մելիքությունների դեմ: Նա Ջրաբերդի մելիք Մեժլումին, Գյուլիստանի մելիք Աբովին ու Դիզակի մելիք Բախտամին հրավիրում է Շուշի` բարեկամություն հաստատելու առաջարկով: Մելիքները գնում են ու անմիջապես բանտարկվում: Այնուհետև նա մարդիկ է ուղարկում Գանձասարի վանք, որոնք կողոպտում են այն, իսկ Աղվանքի կաթողիկոս Հովհաննեսին ու նրա հինգ եղբայրներին կալանավորում են ու տանում Շուշի: Ավանդությունն ասում է, թե Հովհաննեսին մատնել էր նրա հարազատ եղբայրը` Ալլահ Ղուլի բեկ Հասան-Ջալալյանը, որը մասնակցել էր Գանձասարի վանքում տեղի ունեցած գաղտնի ժողովներին:

Իբրահիմ խանի այս գործողություններին և' Հերակլը, և' գեներալ Պոտյոմկինը ոչնչով չեն արձագանքում:

1786 թվականին ավարների խանը ներխուժում է Վրաստանի կազմում գտնվող Լոռի, ավերում է Հերակլին տարեկան 100 հազար ռուբլի եկամուտ տվող Ախթալայի պղնձահանքը, այնուհետև հեռանում է Ախալցխա` իր հետ տանելով մոտ հազար գերի, որոնց մեծ մասն Ախթալայի պղնձահանքում աշխատող հույներ են եղել: Այս նույն ժամանակ Իբրահիմ խանը հարձակվում է Գանձակի վրա, բայց պարտվում է, ուստի նամակ է գրում Հերակլին՝ հիշեցնելով իրենց դաշնության մասին և հավատացնելով, թե Գանձակն իր համար չի ուզում գրավել, այլ` երկուսով տիրապետելու համար: Նա նաև առաջարկում է իր միջնորդությունը՝ Հերակլին իր աներորդի Օմար խանի հետ հաշտեցնելու համար: Հերակլը վերջապես հասու է լինում խաբեությանը, բայց քանի որ Օմար խանին Վրաստանից հեռացնելու ոչ մի հնար չուներ, երկիրը նոր ավերումներից փրկելու համար բանակցություններ է սկսում նրա հետ: Թեև Գեորգիևյան պայմանագիրը Հերակլին արգելում էր անմիջական բանակցություններ վարել օտար պետությունների հետ, բայց հենց Ռուսաստանը չխոչընդոտեց, որ Հերակլը դաշինք կնքի ու երկիրը զերծ պահի Ախացխայի կողմից եկող սպառնալիքից: Հերակլը պատանդներ է ուղարկում Ախալցխա, նամակ է գրում սուլթանին՝ պարտավորվելով ռուսներից 3 հազար զինվորից ավելի օգնություն չխնդրել:

Այսպիսով, Ռուսաստանը նորից լքում էր ոչ միայն Վրաստանին, այլև Ղարաբաղի հայությանը, որն ապավինելով սեփական ուժերին, շարունակում է պայքարն իր ազատության ու փրկության համար: 1787 թվականին ավելի վաղ գերված մելիք Մեժլումն ու մելիք Աբովը փախչում են Շուշու բանտից, բայց բանտում մնում են Հովհաննես կաթողիկոսն ու մելիք Բախտամը: Փախած մելիքներն իրենց երկիր այլևս չեն համարձակվում մտնել. նրանք թողնում են ամեն ինչ, նույնիսկ իրենց ընտանիքները և գնում են Գանձակ, ապա՝ Թիֆլիս: Ղարաբաղի Իբրահիմ խանը կալանավորում է մելիք Մեժլումի մորը՝ Ղումար Սուլթանին և մելիք Աբովի ընտանիքի մի քանի անդամների ու բանտարկում է իր բերդում: Հենց այդ ժամանակ Վրաստանի Հերակլ թագավորը Թիֆլիսում գտնվող ռուսական գումարտակի հետ արշավանք է սկսում դեպի Գանձակ, և երկու մելիքները միանում են այդ արշավանքին: Նրանց ոգևորել էր այն հանգամանքը, որ Հերակլը մտադիր էր Գանձակը գրավելուց հետո հարձակվել Ղարաբաղի վրա, որովհետև Ղազախի և Շամշադինի թուրքերը, որոնք նրա հպատակներն էին, օգտվելով իսլամական շարժման հաջողություններից, գաղթել էին Ղարաբաղ, իսկ Իբրահիմ խանը չէր ուզում նրանց վերադարձնել: Նախկին դաշնակիցներն այժմ հակառակորդներ էին: Վրաց զորքերի մի մասն ուղարկվում է Իբրահիմ խանի դեմ: Կռիվը, որին մասնակցում էին նաև հայերը, հաղթական էր վրացիների համար: Հարկավոր էր զարգացնել հաջողությունը և առաջ գնալ, բայց ռուսական զորախմբի հրամանատար Բուրնաշովը հրաման է ստանում իր զորախմբով անմիջապես Հյուսիսային Կովկաս մեկնել, որովհետև սկսվել էր ռուս-թուրքական պատերազմը: Մելիքներն ու Հերակլը թախանձում են, որ ռուսները գոնե մի քանի օր էլ մնան, որպեսզի հնարավոր լինի Ղարաբաղից դուրս հանել մելիքների հպատակներին, բայց Բուրնաշովը չի ընդառաջում և զորքերը տանում է դեպի Թիֆլիս:

Ռուսների հետ Թիֆլիս են գնում նաև անճար մնացած մելիքները: Ստեղծված բարենպաստ իրավիճակը կատարյալ ազատություն էր տալիս Իբրահիմ խանին, և նա բանտում թունավորում է Հովհաննես կաթողիկոսին: Սպանված կաթողիկոսի եղբայրը՝ Սարգիս եպիսկոպոսը, գնում է Գանձակ և 1791 թվականին այնտեղ օծվում է Աղվանից կաթողիկոս: Մելիքներն ու ժողովուրդը դիմում են Էջմիածնին՝ խնդրելով ճանաչել նրան կաթողիկոս, բայց Ղուկաս կաթողիկոսը մերժում է խնդրանքը, քանի որ Ղարաբաղում արդեն կար օծված կաթողիկոս՝ Էջմիածնի հետ հաշտված Իսրայելը: Բայց այս Իսրայելը չի կարողանում Գանձասարում աթոռ հաստատել, որովհետև համարվում էր Իբրահիմ խանի և դավաճան մելիք Շահնազարի բարեկամն ու գործակիցը: Նա մնում է Ամարասի վանքում, որը վերաշինել էր մելիք Շահնազարը՝ ի ապաշխարություն այն մեղքի, որ կրոնափոխ էր արել իր աղջկան՝ Հյուրզադ խանումին, ու կնության էր տվել Իբրահիմ խանին: Բանտում սպանվում է նաև մելիք Բախտամը, և Դիզակի մելիքությունը ոչնչացվում է: Հենց այս ժամանակ մելիքական տոհմի մի մասը մահմեդականություն է ընդունում: Հետագայում դրանք դառնում են Մելիք Ասլանովներ ու Մելիք Եգանովներ ու հաստատվում են Տող գյուղում: 1904 – 1906 թթ. Հայ-թուրքական ընդհարումների ժամանակ այդ Ասլանովներից մեկը, որ պրիստավ էր դարձել Զանգեզուրի գավառում, ահավոր գազանություններ է կատարում հայերի նկատմամբ: Մելիք Ասլանովներից մեկը, որը կրթությամբ ինժեներ էր, 1918 թվականին կազմավորված մուսավաթական կառավարությունում նախարարի պաշտոն է զբաղեցրել: Այդ կառավարության կարգադրությամբ Բաքվում 30 հազար հայ է կոտորվում:

Բայց դառնանք Իբրահիմ խանին: Նա Գյուլիստանի ու Ջրաբերդի կառավարիչներ է նշանակում իր կողմնակից հայերի: Այդ ժամանակից սկսվում է Խամսայի մելիքությունների կործանումը:

Մելիք Մեժլումն ու մելիք Աբովը, զրկվելով իրենց ամբոջ կարողությունից, աղքատ գոյություն էին քարշ տալիս Թիֆլիսում` սպասելով, թե վրաց թագավորը երբ հարմար կգտնի օգտվել իրենց ծառայություններից:


     (շարունակելի)

    
     Նկարում՝ Վրաստանի թագավոր Հերակլ 2-րդը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4960 | 0 | 0
Facebook