Այսօր, չնախատեսված այցով եղանք Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում:
Դպրոցը կառուցվել է 1975 թ-ին, ունի 7 մասնաշենք, աշակերտների թիվը` 1187: Դպրոցն ունի նաև հատուկ կրթության ստորաբաժանում, որտեղ կազմակերպվում է ներառական ուսուցում: Բացակայող աշակերտների թիվը բավական քիչ էր: Ընթանում էր բնականոն դասապրոցես /ընդամենը մեկ թերություն. դասարաններից մեկում ուսուցիչը դասի ընթացքում խոսում էր հեռախոսով/, որոշակի խնդիրներ կար մաքրության հետ, թեև մաքրուհիները բոլոր մասնաշենքերում կատարում էին իրենց աշխատանքը:
2016-2017 թվականներին դպրոցի խնայողությունների հաշվին ամբողջությամբ վերանորոգվել են 2 մասնաշենքերը, տնօրենի աշխատասենյակը և ուսուցչանոցը: Դպրոցի տանիքը նույնպես վերանորոգված է: Այս տարի, ֆինանսական միջոցները գնահատելուց հետո, հնարավոր է հիմնանորոգման աշխատանքներ իրականացվի նաև հիմնական մուտքի հատվածում` մեծ միջանցքի հետ միասին:
Տնօրենի պայմանավորվածության արդյունքում` բարերարների աջակցությամբ վերանորոգման աշխատանքներ են նախատեսվում ֆիզկուլտուրայի դահլիճում: Կարևորվում է նաև հանդիսությունների դահլիճի արդիականացումը:
Կառույցում գործում է 2 համակարգչային դասարան` հագեցած համապատասխան տեխնիկական միջոցներով, որտեղ պարբերաբար իրականացվում են տեսադասեր /հաճախ ուղիղ հեռարձակմամբ/:
Տեղեկացնենք նաև, որ դպրոցում ուսուցանվում է 3 օտար լեզու, գործում է ռոբոտաշինության խմբակ, դասավանդում են միայն մասնագետներ, որի արդյունքում առարկայական օլիմպիադաներում և այլ մրցույթներում աշակերտները գրանցում են հաջողություններ:
Հ. Ադամյան