Loading...

Articles

Քննարկվել են Երևանի և բելառուսական ընկերությունների միջև ներդրումային ծրագրերի շուրջ համագործակցության հեռանկարները

18:29, Friday, 02 March, 2018
Քննարկվել են Երևանի և բելառուսական ընկերությունների միջև ներդրումային ծրագրերի շուրջ համագործակցության հեռանկարները

Քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Ողջունելով հյուրերին՝ Վահե Նիկոյանը ներկայացրել է Երևանի զարգացման ծրագրերի շրջանակում որդեգրած ներդրումային քաղաքականությունն ու վերջին տարիներին դաշտի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Քաղաքապետի տեղակալն անդրադարձել է նաև ներկայում քննարկվող ներդրումային խոշոր ծրագրերին, այդ թվում հարմարավետ միջավայրի ապահովման համատեքստում հասարակական տրանսպորտի բարեփոխումների, վերելակային տնտեսության և մի շարք այլ ուղղություններին՝ ընդգծելով դրանց շուրջ հնարավոր համագործակցության հեռանկարները:
     «Երևանում ձևավորված բարենպաստ ներդրումային դաշտն այսօր փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ է ընձեռում: Մի շարք ոլորտներում հաջողությամբ իրականացվել և ընթացքում են ներդրումային տարբեր նախագծեր: Մենք բարձր ենք գնահատում Բելառուսի, մասնավորապես Մինսկի հետ մեր համագործակցությունը և այս առումով կարևորում ենք քաղաքային ծրագրերի իրագործման ուղղությամբ բելառուսական ընկերությունների հետաքրքրվածությունը» , - նշել է Վահե Նիկոյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է խորացնելու գործակցային կապերն ու աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը:
     Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության և համագործակցության զարգացման հարցում պատարստակամության համար՝ Բելառուսի արդյունաբերության փոխնախարար Դմիտրի Կորչիկը ընդգծել է բելառուսական կողմի հետաքրքրվածությունը Երևանի տրանսպորտային ցանցի, վերելակային տնտեսության և «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրերի իրականացման շուրջ:
     «Ուսումնասիրելով և որոշակիորեն ծանոթանալով Երևանի զարգացման ծրագրերով ամրագրված առաջնահերթություններին, եկել ենք առաջարկելու բելառուսական առաջատար ընկերությունների փորձը: Կարծում եմ, որ վերը նշված, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում քաղաքապետարանի աջակցությամբ կարող ենք արդյունավետ համագործակցության եզրեր գտնել», - նշել է Դմիտրի Կորչիկը:
     Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկն իր հերթին, շնորհակալություն հայտնելով բովանդակալից քննարկման համար, պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:
     Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը փոխշահավետ համագործակցություն ծավալելու գործում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2116 | 0 | 0
Facebook