Loading...

Articles

Լիոնել Մեսսին իր մասին ասել է…

21:25, Thursday, 22 February, 2018
Լիոնել Մեսսին իր մասին ասել է…

Ես ինչ եմ անո՞ւմ – ֆուտբոլ եմ խաղում, և ֆուտբոլն իմ սիրած խաղն է:


     Ես Բարսելոնում ապրում եմ 12 տարեկանից ի վեր, բայց շարունակում եմ արգենտինացի մնալ, թեպետ շատ արգենտինացիներ դրանում համոզված չեն:


     Կարծում եմ, որ ես եսասեր չեմ, համենայն դեպս, այն իր գոյության մասին դեռ չի ազդարարել:


     Ես մեծագույն հարգանք եմ տածում այնպիսի չեմպիոնների նկատմամբ, ինչպիսիք են Պելեն, Մարադոնան կամ Դի Սթեֆանոն, բայց ես չեմ ուզում, որ ինձ նրանց կողքին դասեն հիմա: Այդ մասին կխոսենք, երբ ես թոշակի կանցնեմ:


     Մանկությանս տարիներից սկսած` ես շատ խաղաղ կյանքով եմ ապրում և իմ ամբողջ ժամանակը ֆուտբոլին եմ նվիրում: Երբ փոքր էի, ընկերներս շարունակ կանչում էին զբոսնելու, բայց ես հազվադեպ էի նրանց ընկերակցում, որովհետև գիտեի, որ հաջորդ օրը պիտի մարզվեմ: Այդ ժամանակից ի վեր ոչինչ չի փոխվել: Երբ ընկերներս մի տեղ են գնում և ուզում են ինձ էլ իրենց հետ տանել, ես չեմ գնում, մնում եմ տանը:


    

Զոհաբերվելու կարողությունն ու տաղանդը միշտ ձեռք-ձեռքի են ընթանում:


     Կյանքն էլ ավելի սքանչելի ու գեղեցիկ կդառնար, եթե ամեն օր դու կարողանայիր ինչ-որ մի նոր բան սովորել:


     Ես լավագույնը դառնալուն դեմ չեմ, բայց միայն այն բանի համար, որպեսզի կատարելության դիրքերից կարողանամ քննադատել ինքս ինձ:


     Ես ոչ մի բանով չեմ չափում իմ հաջողությունը: Ինչ տեղի է ունեցել երեկ, երեկվանն է, և պետք է մտածել այն մասին, թե ինչ է լինելու վաղը: Կյանքս ուղղակի շատ արագ արշավում է, ու ես չեմ հասցնում անցած-գնացածի մասին խորհել: Երբ թոշակառու դառնամ, այդ ժամանակ էլ ամեն ինչի մասին ինչպես հարկն է կխորհեմ:


     Պարգևները լավ բաներ են, բայց դրանք պետք է ոչ թե ի'նձ հուզեն, այլ` լրագրողներին:


     Ես չեմ կարող իմ ամենագեղեցիկ գոլը նշել: Ես գոլերի մասին այլ կերպ եմ դատում. Դրանք ինձ համար կա'մ կարևոր են, կա'մ` անկարևոր: Օրինակ` եզրափակիչների գոլերը, դրանք կարևոր են:


     Բոլոր հանդիպումներում ես միատեսակ եմ խաղում, խաղում եմ այնպես, ասես դա եզրափակչի խաղն է:


     Մի անգամ խաղից հետո ինձ մոտեցավ «Արսենալ» -ի խաղացողներից մեկն ու ասաց, թե նույն դաշտում ինձ հետ խաղալն իր համար մեծ պատիվ էր: Իսկ ես մտածեցի. «Տեր Աստված, և դա ասում է այն մարդը, որի թիմը հենց նոր պարտվեց»:


     Հաղթելուց ու պարտվելուց ավելի կարևոր բաներ էլ կան կյանքում:


     Հայր դառնալն իրերին այլ կերպ, նորովի նայել է սովորեցնում: Երեկ դու մեկ միլիոն կարևոր գործեր ունեիր, իսկ այսօր քեզ համար ամենակարևորը քո որդին է դառնում:


     Ինչ-որ մի պահի դու պետք է ինքդ քեզ ասես` ոչ ոք չի կարող անընհատ հաղթել:


     Փողն ինձ ավելի լավ խաղալ չի ստիպում: Առ այսօր ես ինձ զգում եմ այն նույն երեխայի կարգավիճակում, որը թախանձելով մորից ստացել է գնդակն ու գնացել է դրսում խաղալու: Երբ այդ զգացումն անհետանա, հենց այդ օրն էլ ես ֆուտբոլից կհեռանամ:


     Եթե ինձ այլևս չվճարեին որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ես դարձյալ հաճույքով անվճար կխաղայի: Փողը, ինչ խոսք, կյանքն առավել հարմարավետ է դարձնում, բայց ինձ ոգեշնչողը դա չէ, որովհետև ես ֆուտբոլ խաղալու համար եմ ապրում և ոչ թե նրա համար, որ բարելավեմ անձնական տնտեսական ցուցանիշներս:


     Ինձ հարկավոր չեն պաճուճազարդ սանրվածք կամ գեղեցիկ մարմին: Պարզապես ոտներիս մոտ գնդակ դրեք, և ես ցույց կտամ այն, ինչ կարող եմ:


     Ինձ թվում է, որ Ռոնալդուն հոյակապ է: Եթե նա գոյություն չունենար, ես, բնականաբար, նրան գերազանցելու ձգտում չէի ունենա, իսկ դա նշանակում է, որ տեղումս դոփելու էի:


     Մարդու կյանքի ամենատխուր օրն այն օրն է, երբ հասկանում է, որ արդեն ավելի լավը չի կարող դառնալ:


     Ինձ համար ամենակարևորը ոչ թե աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, այլ` լավ մարդ լինելն է: Այլապես, ի՞նչ կդառնամ ես, երբ կարիերաս ավարտվի: Ինձ համար առավել հաճելի կլիներ, եթե ինձ հիշեին որպես լավ տղա:


     Արգենտինան միայն Մեսսին չէ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4962 | 0 | 0
Facebook