Loading...

Articles

Փետրվարի 21- ը՝ Մայրենի լեզվի միջազգային օր

11:34, Wednesday, 21 February, 2018
Փետրվարի 21- ը՝ Մայրենի լեզվի միջազգային օր

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 1999 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ: Չնայած իր ակունքներով այդ տոնը կապված է Պակիստանում բենգալերենի՝ պետական կարգավիճակ ստանալու համար մղված ազգային պայքարի հետ, այնուհանդերձ, 2000 թվականից, որպես Մայրենի լեզվի միջազգային օր, այն նշվում է աշխարհի շատ երկրներում (Հայաստանում՝ 2005 թվականից): Մայրենի լեզուն ոչ թե պարզապես սովորական խոսք է, այլ՝ ազգային ոգի, ինքնագիտակցություն, կենսակերպ: Մենք՝ հայերս, պարտավոր ենք անաղարտ պահել մեր Մայրենին և սրբագործել ու փառաբանել այն ոչ միայն փետրվարի 21-ին, Մաշտոցի ծննդյան օրը, Թարգմանչաց տոնին կամ Գրի, գիտելիքի ու դպրության օրը, այլ մշտապես: Հայկ Նահապետից սկսած՝ մեր յուրաքանչյուր ազգային ազատամարտ պայքար էր նաև Վասն Հայոց լեզվի: Այդպես էր Ավարայրում, Սարդարապատում, մեր օրերում՝ Արցախում: Եթե չլիներ մեր Մայրենի լեզուն՝ մենք չէինք ունենա Ծովից ծով Հայաստան, ինպես նաև՝ մեր այսօրվա Հայաստանի Հանրապետությունը: Ուրեմն՝ եկեք իբրև Սրբության Սրբոց պահենք ու փայփայենք մեր Հայերենը, վասնզի այն ոչ միայն մեր Մայրն է, այլև՝ մեր Զավակը, մեր՝ հոգևոր ու իրական ՀԱՅՐԵՆԻՔԸ…
     ‎
     Հայոց լեզվին
     / Աղոթք/
     Ընդ եղեգան փող ելած հուր ես դու,
     Արդար Արեգակ, Բարի լուր ես դու,
     Հավլունի թուր ես, Լայնալիճ աղեղ,
     Անապակ գինի, Անպարան կանթեղ:

Դու Որդան կարմիր մեր բորբ արյունն ես,
     Մեր քաջ բազուկը, ոգու ավյունն ես,
     Դու՝ մեր ինքնության արթուն պահապան,
     Մեր հույսի ակունք, հավատի տապան:

Ծուխ ես ծխանի ու Զվարթ տաճար,
     Հավերժ կենդանի հրաշք ու հանճար,
     Անսասան վեմ ես, անառիկ բարձունք,
     Առավոտ լուսո, սրբազան մասունք:

Դու Ոսկեղենիկ բարբառ ես ու գիր,
     Դրախտի պարտեզ, Ավետյաց երկիր,
     Մեր՝ Կենաց ծառը, Ծննդոց գիրքը,
     Ծովից ծով փռված մեր հայրենիքը:

Դու մեր աղոթքն ես, մեր աղն ու հացը,
     Մեր լուծման կարոտ դարավոր հարցը,
     Մեր շիտակ ուղին, պայծառ ապագան,
     Անվախճան սերը, արքայից արքան:
    
    

Մինաս Պետրոսյան / Շահենց /
    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5759 | 0 | 0
Facebook