Loading...

Articles

Մոխրոտիկ. Երազանքներն իրականանում են...

14:11, Friday, 16 February, 2018
Մոխրոտիկ. Երազանքներն իրականանում են...


     ԼԱՎ ԱՌԻԹ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԴԻՏԵԼՈՒ
     Փետրվարի 17, 18, 24, 25 ՝ 12: 00, 14: 00
     «Մոխրոտիկ. Երազանքներն իրականանում են...»
     Մանկական երաժշտական ներկայացում
    
     Ի՞նչ անել, երբ մնացել ես աշխարհում մեն-մենակ, իսկ խորթ մայրն ու քույրերը քեզ օգնելու փոխարեն հոգս են

ավելացնում ։ Ինչպե՞ս մնալ բարի ու չչարանալ աշխարհի դեմ միայն երազելով։ Երազանքն է, որ կարող է
     թեթևացնել հոգսերն ու օգնել հաղթահարել դժվարությունները։ Իսկ կարո՞ղ են երազանքները իրականություն
     դառնալ։ Այո՛, մանավանդ, երբ աշխարհում կան բարի փերիներ, որոնք միշտ գիտեն՝ ինչպես լինել
     ամենագեղեցիկը արքայական պարահանդեսում։
     Այս հեքիաթում կա ամեն ինչ՝ չարի և բարու պայքար, հրաշքներ, սեր և երջանիկ ավարտ։ Մոխրոտիկը
     պարզապես դասական հեքիաթ չէ: Այն սովորեցնում է լինել բարի, աշխատասեր, համբերատար և պայքարել
     երազանքի իրականացման համար։ Իսկ երազանքներն անկասկած իրականանում են։
     Փետրվարի 17, 18, 24, 25 ՝ 12: 00, 14: 00 Պետական կամերային երաժշտական թատրոն,


    
    

Ռեժիսոր- Գոհար Փոքրիկյան
     Նկարիչ- Մարիամ Մուրադյան
     Կոմպոզիտոր- Արգինա Հարությունյան
     Պարուսույց- Նարինե Միրզոյան
     Երգերի տեքստի հեղինակ- Երազիկ Գրիգորյան
    
    
    

Տոմսերը վաճառվում են Թատրոնի տոմսարկղում: Տեղեկությունների համար զանգահարել՝
     +37410/ 588813, 096 588813, 093 019922:
     Հասցե՝ ք. Երևան, Պռոշյան 1, փակուղի 1 /մետրոյի «Բաղրամյան» կայարանի հարևանությամբ/


    

Տոմսեր կարող եք ձեռք բերել նաև էլ. տարբերակով.
     https://www.cult.am/


    


     Երևան, Հայաստան
     ՇԱԲԱԹ 24 փետ Պետական կամերային երաժշտական թատրոն, Երևան, Հայաստան
    
    
    

Նոր ներկայացում՝ հին դասական սյուժեյով:
     «Մոխրոտիկը» հեքիաթին անդրադարձել են բազմաթիվ դրամատուրգներ, կոմպոզիտորներ, հեքիաթասացներ: Այս պատմությունը բազմաթիվ տարբերակներով կարելի է հանդիպել տարբեր ժամանակների և տարբեր ժողովուրդների մոտ: Ամենահին տարբերակը, որ հանդիպել է, գրվել էր դեռ եգիպտական պապիրուսներում՝ Հունաստանում ծնված Ռոդոպիս անունով մի օրիորդի մասին, որին որպես ստրկուհի վաճառել էին Եգպտոս: Երբ Ռոդոպիսը լողանում էր գետում, բազեն, որն իրականում եգիպտական Հոր աստվածն էր, գողանում է նրա կոշիկը և տանում է փարավոնի մոտ: Փարավոնը՝ հիացած կոշիկի փոքրիկ և նուրբ տեսքով, անմիջապես հրամայում է գտնել այն հագնողին: Երբ ծառաները գտնում և բերում են Ռոդոպիսին փարավոնի մոտ, վերջինս անմիջապես ամուսնանում է նրա հետ: Այս հեքիաթը դարերի ընթացքում ոչ միայն չի կորցրել իր հմայքը, այլև հարստացել և նոր երանգներ է ստացել: Այս սյուժեին անդրադարձել են Շառլ Պերրոն, Գրիմ եղբայրները, Նիկոլայ Կոլյադան և ուրիշներ: գոյություն ունեն նաև ժողովրդական մեկնաբանություններ:
     Մեր թատրոնի մշտական հանդիսատեսը գիտի, որ մենք մինչև վերջերս մեր խաղացանկում ունեինք Շառլ Պերրոյի Մոխրոտը ներկայացումը՝ Արման Միրիջանյանի բեմադրությամբ: Այսօր մենք Նիկոլայ Կոլյադայի հեղինակությամբ՝ «Մոխրոտիկ. Երազանքներն իրականանում են» պիեսը ներկայացնում ենք Գոհար Փոքրիկյանի բեմադրությամբ:
     - Հարգելի Գոհար, ինչու՞ կրկին Մոխրոտ. Ի՞նչն է այս սյուժեում այդքան ոգեշնչում և գրավում աշխարհի ստեղծագործողներին:
     - Մոխրոտը ամենահայտնի դասական սյուժեներից է: Կոնկրետ այս տարբերակը մեզ հասել է կլասիցիզմի դարաշրջանից: Սա Ն. Կոլյադայի պիեսն է, որ հիմնված էր Շ. Պերրոյի հեքիաթի վրա: Այս պիեսն ինձ գրավեց կերպարային փոխհարաբերություններով, այն թույլ է տալիս այլ պրիզմայի միջոցով բացահայտել կերպարներին: Դրանք դասական կերպարներից տարբերվում են: Հենց թեկուզ Մոխրոտիկը: Ընդունված է մտածել, որ Մոխրոտիկը պիտի լինի հեզ, խոնարհ, բայց այս Մոխրոտիկն այդպիսին չէ. Նա նոր է դուրս եկել մանկությունից և նրան հատուկ է դեռահասային տարիքի վարքագիծը. Նա չարաճճի է, խորամանկ, ըմբոստ և ամենակարևորը՝ շատ է սիրում կարդալ: Այս ներկայացման միջոցով նաև փորձում ենք պրոպագանդել ընթերցանությունը: Իհարկե պարտադիր չէ, որ փոքրիկ հանդիսատեսը մեծ ու ծանր գրքեր կարդա, բայց մանկական գրականություն՝ պարտադիր է: Անգամ դեկորացիաները այս նպատակին են ծառայում՝ ամենը զարդարված է գրքերի էջերով: Բացի այս ամենից՝ այս Մոխրոտիկը սիրում է երազել: Ճիշտ է բոլոր երազանքները չէ, որ իրականանում են, ցավոք դրանք հաճախ իրագործման ճանապարհին փշրվում են: Բայց այս դեպքում դրանք ամրապնդվում և իրականանում են: Մի նրբություն կա. Փերին ասում է, որ երազանքները իրականանում են միայն այն մարդկանց մոտ, ովքեր բարի են: Սա դաստիարակչական նպատակ ունի: Մենք նաև փորձել ենք կախարդանքի ողջ ընթացքը ցույց տալ բեմի վրա: Օգտագործելով բեմի հնարավորությունները, տեխնիկական միջոցները՝ ձգտել եմ ստանալ կախարդանքի արդյունք: Չնայած ողջ կախարդանքին Մոխրոտիկին չեմ առանձնացրել հանդիսատեսից. Մոխրոտիկը հորինած չէ, նա մեզնից մեկն է, նա ապրում է մեզ հետ նույն քաղաքում, մեր հարևանությամբ, ցանկացել եմ մոտեցնել կերպարը հանդիստեսին:
     - Ու՞մ համար եք ավելի հաճույքով աշխատում մեծերի՞, թե՞ երեխաների:
     - Երեխաների ու մեծերի միջև տարբերությունը շատ մեծ չէ. Ցանկացած տարիքի հանդիսատեսն էլ կարևոր է՝ նշանակություն ունի միայն այն, թե որ շրջանում որ հանդիսատեսի համար ես աշխատում: Այս մոխրոտիկը հետաքրքիր կլինի ոչ միայն երեխաների այլև ծնողների և տատիկ-պապիկների համար: Ներկայացման կառուցվածքն այնպիսին է, որ յուրաքանչյուրն իրենը կգտնի՝ շնորհիվ երաժշտական, նկարչական և կատարողական լուծումների:

Կամերային երաժշտական թատրոնի պարուսույց Նարինե Միրզոյանը թատրոնի բոլոր ներկայացումների պարային համարների բեմադրողն է: Նա միշտ կարողանում է հետաքրքիր լուծումներ գտնել, ստեղծագործական մոտեցումներով գունավորել ներկայացումները:
     - Նարինե, Դուք բեմադրում եք Կամերային երաժշտական թատրոնի բոլոր ներկայացումների պարային համարներն արդեն 12 տարի: Ձեր բոլոր աշխատանքները բազմազան են և տարբեր: Ի՞նչն է յուրահատուկ լինելու այս անգամ:
     - Յուրահատուկ լինելու է, այո: Այս անգամ պարելու են ոչ միայն դերասանները, այլև փորձելու եմ պարեցնել նաև անշունչ առարկաներ՝ ափսեներ, բաժակներ, այլ կենցաղային իրեր: Սա, իհարկե, աշխատանքը բարդացնում է, բայց հուսով եմ ուրախ ու հետաքրքիր կստացվի: Ես ինքս իմ առաջ խնդիր եմ դրել՝ չկրկնվել: Սա մեր թատրոնում երկրորդ մոխրոտն է, առանց այդ էլ նույն թեմային նորից անդրադառնալը հեշտ չէ, ուստի ավելի կարևոր է նորարարությունը. նախկին ներկայացումից ոչինչ չի կարելի կրկնել. սա ուրիշ ներկայացում է:

Բեմանկարիչ Մարիամ Մուրադյանը Կամերային երաժշտական թատրոնի հետ համագործակցում է առաջին անգամ, մինչ այդ բազմաթիվ աշխատանքներ է իրականացրել տարբեր թատրոններում տարբեր ներկայացումների համար: Ինչպես նաև շատ միջոցառումների և տեսահոլովակների նկարիչ-դիզայներ է: Ունի նաև սեփական ստուդիան:
     - Մարիամ, հաշվի առնելով սյուժեի դասականությունը, Ձեր գործը դրանից ավելի յուրն դարձա՞վ, թե՞ բարդացավ:
     - Ես կասեի ավելի հետաքրքիր դարձավ: Քանի որ նախկինում մեկ անգամ արդեն մոխտոտիկի դեկորացիաներ հեղինակել եմ (ռեժ. Աբել Աբելյան) ինձ էլ էր հետաքրքիր, թե այս անգամ ինչ նոր բան կկարողանամ մտածել: Սա յուրատեսակ էքսպերիմենտ և փորձություն էր ինձ համար: Հուսով եմ հաջողված է:

Կոմպոզիտոր Արգինա Հարությունյանն ու երգերի տեքստերի հեղնակ Երազիկ Գրիգորյանը մայր ու դուստր են՝ մանկական երգերի համատեղ հեղինակության տեսանկյունից հարուստ փորձով:
     - Տիկին Երազիկ, սա ձեր առաջի՞ն համատեղ աշխատանքն է:
     - Ժանրային իմաստով՝ այո: «Մոխրոտիկը» մեր առաջին բեմադրական համագործակցությունն է, բայց համատեղ աշխատանքի փորձ ունենք: Ես ու Արգինան մի շարք մանկական երգեր ենք հեղինակել: Դրանցից երեքը՝ «Չտեսնված դինոզավր» և «Գնա, ապրիր հեքիաթում» երգերը, ինչպես նաև Կապանի տիկնիկային թատրոնի օրհներգը, հանրայնացված են: Հերթը մյուսներինն է:
     - Հաշվի առնելով, որ մայր ու դուստր աշխատել եք միասին, այդ հանգամանքը խանգարե՞լ թե՞ օգնել է:
     - Ձեր նշած հաճելի հանգամանքն է պատճառը, թե՝ ոչ, մեր գեղագիտական ընկալումները շատ ներդաշնակ են: Կես խոսքի կարիք էլ չի լինում միմյանց հասկանալու համար: Նման համագործակցությունը իսկական վայելք է: Նաև իրար փնտրել-գտնելու վրա ժամանակ չենք կորցնում: Արդյունքում՝ արագ և, ինձ թույլ եմ տալիս ասել, որակով աշխատանք:
     - Կա՞ հավանականություն, որ այս ներկայացման երգերն այնքան տպավորիչ և հիշվող լինեն, որ հանդիսատեսը սիրի դրանք, նաև ՝ ներկայացումից դուրս:
     - «Մոխրոտիկը» աշխարհում ամենաճանաչված հեքիաթներից է: Երբ մեզ հրավիրեցին համագործակցելու հարց առաջացավ՝ ինչու՞ են հատկապես «Մոխրոտիկը» բեմադրում: Մենք այդ մասին չհարցրինք ռեժիսորին կամ տնօրենին, պարզապես փորձեցինք մեր մասով պատասխանել այդ հարցին: Ներկայացումը երաժշտական է, ուրեմն երգերը էական դեր պիտի խաղան և գեղագիտական պատասխանատվություն կրեն: Այս իմաստով, վստահ եմ, մենք խնդիրը լուծել ենք: Ինչ ճակատագիր կունենան մեր երգերը ներկայացումից դուրս, չեմ կարող ասել, բայց վստահաբար և ուրախությամբ հայտնում եմ, որ դրանք ինքնատիպ են, գրավիչ ու տպավորվող:

Բալետ, երեք պիես, մեկ կարճամետրաժ և չորսից ավելի լիամետրաժ ֆիլմեր, մուլտֆիլմեր և բազմաթիվ պարոդիաներ, ահա «Մոխրոտ» -ի հիման վրա ստեղծված աշխատանքների ոչ ամբողջական ցանկը:
     Թեթև, զվարճալի, գունեղ և, իհարկե, բարի հեքիաթ, որը գուցե հավակնի դառնալ դասական հեքիաթի հերթական դասական բեմադրությունը: Դա կորոշի հանդիսատեսը: Իսկ որոշելու համար ներկայացումը պետք է դիտել:
     Եվ այսպես, փետրվարի 17-ին և 18-ին, 24-ին և 25-ին ժամը 12: 00 և 14: 00, Պետական Կամերային երաժշտական թատրոնի հյուրընկալ դահլիճում, որ գտնվում է Պռոշյան 1 Փակուղի 1 հասցեում՝ Բաղրամյան մետրոյի հարևանությամբ, մեր հանդիսատեսը կարող է վայելել ներկայացումը: Տոմսերը նախապես ամրագրելու համար զանգահարել 58 88 13: Ընդունվում են կոլեկտիվ հայտեր:
     Սիրով սպասում ենք:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
9037 | 0 | 0
Facebook