Loading...

Articles

Առաջին հայելագործները

15:32, Wednesday, 07 February, 2018
Առաջին հայելագործները
     Մի դրվագ նրա կյանքի մեծ պատմությունից… Պարզվում է, որ մեր հանրապետությունում առաջին հայելագործների թվում է բյուրեղավանցի (ծնունդով Լիբանանից) Ավետիս Սոմունջյանը: Նրա ձեռքերով են պատրաստվել Երևան քաղաքի տասնյակ կարևոր կառույցների սրահներում տեղադրված հայելիները՝ Մարզահամերգային համալիր, ոսկերչական խանութ, և այլն: Նրա կյանքի պատմությունն անցել է հետպատերազմյան սովի, զրկանքների ու դժվարությունների մեջ: Նրա հայրը՝ հացթուխ Հովհաննեսը, եղել է դաշնակցական, ինչի պատճառով ընտանիքը Լիբանանում ենթարկվել է հալածանքների և 1946 թվականին ներգաղթել Հայաստան:
     Ավետիս Հովհաննեսի Սոմունջյանը ծնվել է Լիբանանի Սուր քաղաքում՝ 1942թ-ին: Նրանց բազմանդամ ընտանիքը Հայաստան գալով հաստատվում է Աշտարակի շրջանի Ուջան գյուղում: Այնտեղ ապրում են մինչև 1949 թվականը: Հետո գալիս են Արզնի բանավան, որտեղ բնակվելու համար նրանց տալիս են «Բելի դոմ» -ի նկուղային հարկը՝ խոնավ, լցված առնետներով ու կարիճներով: «Քույրս ամուսնացել և տեղափոխվել էր Արզնի գյուղ: Նրա խորհրդով եկանք այստեղ: Ես էտ ժամանակ 7 տարեկան էի: Ապրելու տեղ չկար, մեզ տարան Արզնի բանավան և «Բելի դոմ» կոչվող տարածքի նկուղային հարկը տվեցին մեզ: Վերևում ապրելու տեղ տվել էին ապակե տարաների գործարանի շինարարներին: Նկուղը խոնավ էր, մեծանում էինք լամպի լույսի տակ ու առնետների մեջ: Էտ ժամանակ (դա 1952 թվականն էր), սկսել էին կառուցել շշերի գործարանը: Մայրս տեղավորվեց աշխատանքի, գործարանում հավաքարարություն էր անում, հայրս՝ պահակություն; Արդեն սկսվել էր բնակելի շենքերի կառուցումը: 1952 թվականի մայիսի 9-ին, հաղթանակի օրվա կապակցությամբ, որպես գործարանի աշխատողներ, ծնողներս ստացան մեկ սենյականոց բնակարան և մեր վեց հոգանոց ընտանիքը տեղափոխվեց այնտեղ; Դպրոց չկար, Պտղնի գյուղից Կնյազ Հայրապետյան անունով մի դասատու էր եկել: Նա սկսեց երեխաներ հավաքել ու դրսում, ծառերի տակ պարապել: Սովորեցի մինչև 5-րդ դասարան, դրանից ավել էլ դասարան չկար: 1954թ-ից կամաց-կամաց սկսեց մարդկանց վիճակը բարելավել: Մեր բնակարանը դարձավ 2 սենյակ: Կրթությունս շարունակեցի Նոր Գեղիում, հետո՝ Էլար գյուղում: Ցուրտ եղանակներին էստեղից մինչև Էլար դժվար էինք գնում, հետո եզդիների շները հաճախ հարձակվում էին մեր վրա: Դրա համար կիսատ թողեցի ուսումս: Սովորեցի հյուսնություն, 1 տարի 8 ամիս զբաղվեցի դրանով:
     14 տարեկան էի, հայրս գործարանի տնօրենին խնդրեց, որ վերցնի աշխատանքի: Անչափահաս էի, անձնագիր չունեի, բայց ընդունվեցի: Սկսեցի աշխատել, կոտրտված ապակիները բահով լցնում էինք վառարանի մեջ, որ եփվի: Այդ ժամանակ վառարանը նոր էին ստացել, Գերմանիայից էին բերել, 1 րոպեում 10 շիշ էին պատրաստում: Էդպես գործարանում աշխատեցի մինչև 1968թ-ը: Մինչ այդ ամուսնացա, մայրս հիվանդ էր, քույրս հերթափոխով էր աշխատում: Մի խոսքով, ընտանիքին կին էր հարկավոր: Ամուսնացա Մարիիս հետ, նա ևս Լիբանանից էր ներգաղթել Հայաստան: Շնորհակալ եմ Աստծուն, որ նա եղավ իմ կինը: Ցավոք, հիմա նա չկա / աչքերը լցվում են արտասուքով/: Քանի-որ իմ աշխատանքը համարվում էր կյանքի համար վտանգավոր, ինձ բանակից ազատեցին: Ապակի եփող էի և բրոնյա ունեի: Գործարանի տնօրենի փոխվելուց հետո, ես էլ չաշխատեցի»:
     2 տարի մնալով առանց աշխատանքի, 1970թ-ին վարպետ Ավետիսը գնում է Երևան և սովորում հայելագործություն: Այդ ոլորտում նա հանդիսանում է առաջին վարպետներից մեկը:
     «Մինչ 1980թ-ն աշխատեցի այդ արտադրամասում: Շատ սիրեցի էտ արհեստը, ամբողջ Հայաստանի կենցաղսպասարկման հիմնարկների հայելիները ես էի սարքում: Հրազդան մարզադաշտի հանդերձարանների հայելիներն էլ էս ձեռքերով են պատրաստվել, Մարզահամերգային համալիրի սրահների հայելիները ու էդպես շարունակ: 1992թ-ին՝ 50 տարեկանում, անցա թոշակի: Էն ժամանակ 147 ռուբլի թոշակ էի ստանում, ամեն բան հասցնում էին առնել, բայց որ արդեն դրամ էղավ թոշակս դարձավ 43.000: Աղջիկ ջան, դրանով ոնց ապրենք, մեծ ընտանիք ենք: Թոռս Արցախում ա ծառայում, մի բան պիտի անենք, իր համար հեսա պրիսյագա լինելու» - պայմաններից նեղված կիսվում էր վարպետ Ավետիսը:
     Սիրով ու համերաշխ ապրում է որդու ընտանիքում: Չնայած առողջական խնդիրներին, աշխատելու ու արարելու ցանկություն ունի: Սիրում է այն վայրը, որտեղ ապրում է հանգիստ ու խաղաղ: 10 թոռան ու 10 ծոռան պապի ցանկությունն է՝ զինվոր թոռան և բոլոր զինվորներին խաղաղ ծառայություն և ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ:
    
    
    
    

Բյուրեղավանի Քաղաքապետարան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3403 | 0 | 0
Facebook