Loading...

Articles

Լեզվի տեսչությունը կլուծարվի, որ հետո ստեղծվի Լեզվի կոմիտե

15:08, Saturday, 03 February, 2018
Լեզվի տեսչությունը կլուծարվի, որ հետո ստեղծվի Լեզվի կոմիտե
    

ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում հավանության է արժանացել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը, որը հաջորդիվ կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Փաստաթղթում, մասնավորապես կրթության եւ գիտության համակարգում գործող մարմինների վերաբերյալ ամրագրված են որոշակի փոփոխություններ: Ըստ այդմ, ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողով» (ԲՈՀ) գործակալությունը գործելու է որպես Բարձրագույն որակավորման հանձնաժողով: Գիտության պետական կոմիտեիանվանումից հանվելու է «պետական բառը» եւ այն կոչվելու է Գիտության կոմիտե:

Այսպիսով, փաստվում է, որ ԲՈՀ-ը գիտության պետական կոմիտեի կազմում ներառելու ջատագովների երկարատեւ փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն, օրինակ, չէր թաքցնում, որ ինքը միացյալ կառույց ստեղծելու կողմնակից է: Բայց նաեւ նշում էր, որ դա կառավարության որոշելիքն է:

«Ես ճիշտ էի համարում, որ լիներ միացյալ կառույց, որը ամբողջ գիտական ենթակառուցվածքների կոորդինացիան կվերցներ իր ձեռքը, ոչ թե դա բաժանվեր տարբեր նախարարությունների միջեւ: Օրինակ, ինովացիաներով եւ գիտական արդյունքի կոմերցիալիզացիայի հարցերով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը: Ինձ թվում է` դա այնքան էլ ճիշտ չէ: Այնտեղ այս տարիների ընթացքում առանձնապես ոչ մի բան չի արվել: Մենք փոքր երկիր ենք, այդ ամենը պետք է կենտրոնացնել մեկ կառույցի ձեռքում, որպեսզի արդյունավետ լինի աշխատանքը: Իսկ եթե տարբեր, ոչ պրոֆեսիոնալ կառույցների ձեռքն են կենտրոնացնում դրանք, բավականին տուժում է գործը: Նույնը նաեւ ԲՈՀ-ին է վերաբերում: Գիտական աստիճանաշնորհումը գիտություն է: Իմ կարծիքը ԲՈՀ-ի մասին լրիվ ուրիշ է, ես չեմ ուզում հիմա դրա մասին խոսել», - կրթության եւ գիտության նախարարության համակարգում գործող երկու մարմինների լուռ կամ բացահայտ հակամարտության փուլում մեզ հետ զրույցում ասել էր Սամվել Հարությունյանը, երբ տեղեկություններ էին շրջանառվում, թե հնարավոր է դադարեցվի ԲՈՀ-ի գործունեությունը եւ գիտական աստիճանաշնորհման գործառույթը ԲՈՀ-ից փոխանցվի Կոմիտեին:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրինագծով նաեւ նախատեսվում է, որ գործելու է Լեզվի կոմիտե: Բայց որեւէ խոսք չկա այն մասին, որ այդ մարմինը փոխարինելու է Լեզվի պետական տեսչությանը:

«Մենք էլ առաջարկել էինք, որ անցումային դրույթներով գրվեր, որ Լեզվի պետական տեսչությունը գործելու է որպես Լեզվի կոմիտե: Չգիտես ինչու՝ մեր՝ նախարարության կարծիքը փաթեթում ներառված չէ», - մեզ հետ զույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը:

Ըստ նրա, առայժմ գործող լեզվի պետական տեսչությունն ամենայն հավանականությամբ կլուծարվի, որպեսզի փոխարենը ստեղծվի Լեզվի կոմիտեն՝ նոր պետով, տեղակալներով ու աշխատակազմով: Վերոնշյալ օրինագծով սահմանվում է, որ օրենքն ուժի է մեջ է մտնելու ՀՀ նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Դա նախատեսված է ապրիլին: Իսկ հետո երկամսյա ժամկետում պետք է հաստատվի Լեզվի կոմիտեի կանոնադրությունն ու աշխատողների թվաքանակը:

Նշենք, որ ի սկզբանե կառավարությունը պատրաստվում էր Լեզվի պետական տեսչությունն ուղղակի լուծարել եւ դրանով հարցը համարել փակված: Այդ հեռանկարը հանրային դժգոհության ալիք բարձրացրեց: Ավելի ուշ որոշվեց տեսչության փոխարեն ստեղծել Լեզվի կոմիտե:

Ինչ վերաբերում է ԲՈՀ-ի եւ Գիտության պետական կոմիտեի հետ կատարվելիք փոփոխություններին, իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը պատասխանեց, որ դա գործառույթների եւ որեւէ այլ փոփոխություն չի ենթադրում: «Ուղղակի սահմանադրությանն են համապատասխանեցվել, ըստ որի՝ միայն օրենքներով կարող է սահմանվել մարմինների հստակ ցանկը: Սահմանադրությունից բխող փոփոխություններ են», - ասաց նա: ծ

Հետագայում կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվելու է, թե պետական այս կամ այն մարմինը նախարարություններից որի ենթակայությամբ է գործելու: Լուսինե Գրիգորյանի խոսքով, ԲՈՀ-ը եւ Գիտության կոմիտեն, ըստ ամենայնի, կլինեն ԿԳՆ ենթակայությամբ: Լեզվի կոմիտեի հարցն այդ առումով առավել անորոշ է: Վարչության պետը չբացառեց, որ հնարավոր է այն գործի Էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4104 | 1 | 0
Facebook