Loading...

Articles

«Խփի՛ր, բայց լսի՛ր» թևավոր խոսքի ծագման մասին

19:23, Thursday, 18 January, 2018
«Խփի՛ր, բայց լսի՛ր» թևավոր խոսքի ծագման մասին

Միանգամից ասեմ, որ այս թևավոր դարձվածքի հեղինակը հին Աթենքի պետական գործիչ Թեմիստոկլեսն (մ.թ.ա. 525 – 460 թթ.) է: Նա այն արտաբերել է Սպարտա պետության զորավար Էվրիբիադեսի հետ՝ Հունաստան ներխուժած պարսկական բանակի դեմ պատերազմելու մարտավարության վերաբերյալ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Այս վեճին անդրադարձել է հույն նշանավոր պատմագիր Պլուտարքոսը:

Պատերազմի ժամանակ պարսից Քսերքսես թագավորի բանակը մոտենում է հույների պաշտպանական վերջին գծին՝ Իսթմենյան պարանոցին: Աթենքի ու Սպարտայի միացյալ նավատորմը, սպարտացի Էվրիբիադեսի գլխավորությամբ, սկսում է նախապատրաստվել ծովային վճռորոշ ճակատամարտին: Վերջին պահին այս զորահրամանատարն սկսում է տատանվել և ուշացնել հարձակումը պարսից նավատորմի վրա: Աթենացի Թեմիստոկլեսը փորձում է նրան շտապեցնել, բայց հետևյալ պատասխանն է ստանում. «Թեմիստոկլե՛ս, մրցությունների մեկնարկին ժամանակից շուտ վազողին խփում են»: Այս դիտողությանը Թեմիստոկլեսը այսպես է հակադարձում. «Այո՛, այդպե՛ս է, բայց հետ մնացածին դափնեպսակով չեն պարգևատրում»: Էվրիբիադեսն այլևս չի դիմանում ու ձեռնափայտով ուզում է խփել դաշնակցին: Թեմիստոկլեսն ասում է. «Խփի՛ր, բայց լսի՛ր»: Սպարտացին շփոթվում է, և Թեմիստոկլեսին հաջողվում է շարադրել իր փաստարկները, բայց նրան ինչ-որ մեկն ընդհատում է՝ ասելով, թե այն մարդը, որը լքել է իր քաղաքը, իրավունք չունի համոզել այն ունեցողներին լքել հայրենիքն ու այն բախտի քմահաճույքին մատնել: Այդժամ Թեմիստոկլեսը այսպես է պատասխանում նրան. «Սրիկա՛, այո՛, մենք թողել ենք մեր տներն ու պարիսպները՝ չցանկանալով անշունչ իրերի պատճառով ստրուկներ լինել, իսկ մենք քաղաք ունենք, այն Հելլադայի բոլոր քաղաքներից մեծ է, այդ քաղաքն այն 200 նավերն են, որոնք այժմ կառանել են այստեղ, որպեսզի օգնեն ձեզ, եթե դուք ուզում եք գտնել ձեր փրկությունը: Իսկ եթե դուք երկրորդ անգամ հեռանաք ու մեզ դավաճանեք, ապա հելլեններից մեկը հենց հիմա կիմանա, որ աթենացիները և՛ ազատություն են ձեռք բերել, և՛ ազատ քաղաք, և՛ կորցրածից ոչ վատ երկիր»:

Սպարտացի զորավարն ի վերջո ընդունում է մարտական գործողություների նրա ծրագիրը, և հույները կարողանում են Սալամինի ճակատամարտում (մ.թ.ա 480 թ.) ջախջախել պարսկական նավատորմը: Այս հաղթանակը վճռում է հույն-պարսկական պատերազմի ելքը:

Այս արտահայտությունը հետագայում կատակային երանգ է ձեռք բերում և բարձրաձայնվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է ասել տվյալ պահին անհրաժեշտ խոսքը՝ թեկուզ այն ընդդիմախոսին դուր չգա:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5915 | 0 | 0
Facebook