Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը
Հունվարի 18-ին կայացել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, որը մասնագիտական ուսումնասիրության է ենթարկվելու աշխատանքային խմբի անդամների կողմից և համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնականացվելու է։ Վահե Նիկոյանը նշել է, որ ցանցի նախագիծը հասարակական տրանսպորտի նոր համակարգի ձևավորման հիմքն է, և սա բարեփոխման ամբողջ գործընթացի որոշիչ փուլերից մեկն է։ Ըստ այդմ, անհրաժեշտ է մինչև վերջնական տարբերակի հաստատումը հաշվի առնել բոլոր առանձնահատկություններն ու մասնագիտական խմբի և հանրության դիտարկումները։ Նշվել է, որ նոր նախագծով խորհրդատու կազմակերպության մասնագետները կարողացել են լուծել բարեփոխման հիմքում դրված կարևորագույն խնդիրը՝ առաջարկելով օպտիմալ լուծումներ։ Մասնավորապես, նոր նախագծով առաջարկվում է շուրջ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը։ Ըստ այդմ, ներկայիս երթուղային 115 գծերի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Նոր ցանցի տրամաբանությամբ` տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։ |