Loading...

Articles

ԵՐԴԻՑ ԸՆԿՆԻ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ /չափածո/

08:33, Thursday, 18 January, 2018
ԵՐԴԻՑ ԸՆԿՆԻ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ /չափածո/

Փայտիկն առնեմ կախարդական.

Ուրիշ հնար մի՞թե ունեմ,

Եվ մեկ առ մեկ ու անշտապ

Փափագածս կյանքի կոչեմ:

Նախ` հստակեմ եզերքը այն,

Որ ի վերուստ բաժինն էր մեր,

Սահմանադիր քարերն ընկած

Դեմն արևի նորեն պարզեմ:

Ապա` շնչից, բառից օտար

Մի հարվածով օդն ազատեմ…

Բնավայրերը կորուսյալ

Անուններով նախնյաց օծեմ:

Կարգի բերեմ մեր Տունը մեծ,

Օրոցքները թող գնան-գան,

Հնձվորները սարի լանջին

Շապիկները արևին տան:

Շեները` շեն, ճամփան` բանուկ,

Խորաններում խունկ ու կնդրուկ,

Այգիներում ջրի խոխոջ,

Դեզերի մեջ` սեր, փսփսուք:

Լավաշը թարմ` բույրը սփռի,

Թոնիրներից ելնի մշուշ,

Ծիծառները ծափեն օդում,

Երդից ընկնի երեք խնձոր:

Մեկն ասողին, մեկն լսողին,

Երրորդը Ցավը բուժողին,

Նրան, ով կամք ունի, կորով,

Չի գոհանա անրջելով:
    
     ՀԱՆԳՐՎԱՆ շարքից

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7411 | 0 | 0
Facebook