Loading...

Articles

«Անալիտիկ մտածողություն» կամ...

11:58, Wednesday, 17 January, 2018
«Անալիտիկ մտածողություն» կամ...

«Անալիտիկ մտածողություն»

կամ

Մի պատմություն, որն ինձ պատմեց Սննդի տեխնիկումի դիպլոմ, սննդի տեխնոլոգ մասնագիտություն ունեցող, բայց Երևանյան դպրոցներից մեկում որպես գծագրության ուսուցչուհի աշխատող Նաիրա Վարդանյանը և քանի որ նրա տեգրը կառավարության անդամ է, իսկ սկեսրայրը «Գազպրոմ» -ի պատասխանատու աշխատակից, կասկած չի հարուցում պատմության իրական լինելը:


    

Երկա՜ր-բարակ նախաբան գրելու փոխարեն ասեմ, որ դեպքը տեղի է ունեցել

Սարգսյան Հայաստանի Տարոնյան մայրաքաղաքի «դպրոց» կոչված կառույցներից մեկում, որտեղ սովորում են բացարձակապես հանրապետության ֆինանսական բուրգին այս կամ այն չափով առընչվող

մոդայիկ դարձած աստվածապաշտությունը սրտներում ցուցադրաբար ներկայացնող մարդկանց այսպես ասած հետնորդ-սերունդը:


    

Բախտի բերմամբ թե պահմամբ հայ գրկանության ուսուցչուհի տիկին Ռուզաննա Հովակիմյանը այդ օրը դասի չէր ներկայացել՝ նախապես զգուշացնելով, որ հիվանդացել է խոզի, հավի, հնդուհավի թե գիտությանը դեռ անհայտ մի ինչ-որ այլ, անհասկանալի կենդանու գրիպով:

Դասն այդ օրը վստահել էին դպրոցի հոգեբան-մանկավարժ Սիրանույշ Ապիրատյանին, հորդորելով, որ երկու աստղաբաշխական ժամերի ընթացքում երեխաները պետք է արագացված տեմպով ծանոթանան Հովհաննես Թումանյանի բոլոր ստեղծագործություններին:

Թե ի՞նչ պատճառներով էին 8-րդ դասարանի սովորողներին երեխա ասում, տիկին Ապիրատյանի համար ռեբուսի նման մի բան էր, պատկերավոր, անհասկանալի:

Պատահականություններից և սրտի հետ կապված անկանխատեսելի պատահարներից խուսափելու համար Ս.Ապիրատյանը գրատախտակին գրեց.

«Հ.Թումանյան» և գրածն ընդգծեց կրկնակի կավճագծերով:


    

- Երեխաներ, ո՞վ կարող է ասել թե ո՞վ է «Գիքորը» պատմվածքի հեղինակը, ցուցաբերեք ակտիվություն, եթե չստացվի կանցնենք անալիտիկ մտածողության:

- Ռուբեն Հախվերդյանը:

- Սիրուշոն:

- Ռազմիկ Ամյանը:

- Պապաս գրած կլինի:

- Այվազովսկին:

- Ես ասեմ, ես գիտեմ, Պարույր Սևակը:

- Եվա Րիվասը:

Երեխաներ, նրա անունով փողոց կա, ուշադիր պատասխանեք:

- Մաշտոցը:

- Պուշկինը:

- Նորքի Մասսիվը:

- Հյուսիսային պողոտան:

….

Ցուցաբերած բազմաթիվ ակտիվ պատասխաններից տիկին Ապիրատյանը զգաց, որ բարձրանում է արյան ճնշումը և սիրտ կոչված ագրեգատը կանգնելու նշաններ է ցույց տալիս:

- Երեխաներ, տեղից մի պատասխանեք, մի քիչ անալիտիկ մտածեք, այ դո՛ւ, տղաս, ոտքի կանգնիր, ներկայացիր ու մտածիր, հետո կասես բարձրաձայն:

Չհուշե՛լ:

- Էրիկ Լուսինյան: Հիմա կասեմ, մի րոպե:

«…Ուրեմն այսպես, եթե «Գիքոր» ուրեմն հեղինակի անունը Գրիգոր է, Գրիգոր անունով ո՞վ ունենք, Գրիգոր Նարեկացի, բայց եթե Նարեկացին է գրել հարցը կուղղեր Նարեկին:

Գրիգոր Տաթևացի՞, չէ՜, այդ դեպքում կհարցներ Տաթևիկ Առուստամյանին:

Գրիքոր Զոհրա՞պ, չէ՜, կհարցներ Զոհրաբյան Էդմոնդին:

Թե ՀՀ Փաստաբանների Պալատի Գրիգոր Բեքմեզյանն է, տիկին Ապիրատյանը դժվար թե ճանաչի, ուրեմն մնում է մեկը..»

- Գտա՜, «Գիքորը» պատմվածքի հեղինակը Գրիգոր Լուսավորիչն է: Նրա անունով էլ փողոց կա:


    

Բախտի բերմամբ թե պատհամամբ տիկին Ապիրատյանը ողջ առողջ դուրս գրվեց հիվանդանոցից ու տեղափոխվեց Տարոնյան մայրաքաղաքի մեկ այլ դպրոց կոչված կառույց, ինքն իրեն խոստանալով, որ էլ երբեք չի փորձի քչփորել մատաղ հոգիների ժամանակակից անկյունները ու կդասավանդի միայն ու միայն «Եկեղեցու պատմություն», որի հարցերին ով ի՞նչ էլ պատասխանի, ինչպիսի անալիտիկ դատողություն անի, պատասխանը կլինի գոհացուցիչ և ամենակարևորը առանց սրտին վնասելու:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6415 | 0 | 0
Facebook