Loading...

Articles

Խամսայի մելիքներին ծնկի բերած ու Ղարաբաղը նվաճած Փանահ Ալիին ապաստան ու պաշտոն տվողն ու նրա ցեղին Ջրաբերդում բնակվել արտոնողը Ջրաբերդի հայ մելիք Աղա Ղուլի Սուլթանն է եղել

23:19, Monday, 15 January, 2018
Խամսայի մելիքներին ծնկի բերած ու Ղարաբաղը նվաճած Փանահ Ալիին ապաստան ու պաշտոն տվողն ու նրա ցեղին Ջրաբերդում բնակվել արտոնողը Ջրաբերդի հայ մելիք Աղա Ղուլի Սուլթանն է եղել

Թափառական թուրք ցեղից սերված Փանահ խանն իրեն Չինգիզ խանի տոհմից է սերված համարել: Ավանդապատումն ասում է, թե նրա նախահայրերից մեկը գնում բնակվում է Լոռի բերդում` այնքան ժամանակ, մինչև որ Գանձակում զորեղ խանական իշխանություն է կազմավորվում, և այդ ժամանակ Լոռու բերդում ապաստանածը գնում է Գանձակ և ծառայության է անցնում խանի մոտ: Ամուսնության միջոցով նա հարստանում է ու բնակություն է հաստատում Կուր գետի աջ ափի այն տափարակում, որն այն ժամանակ Ջիվանշիր անունն է կրել: Սա մի որդի է ունենում, որին Ալի անունն է տալիս: Քանի որ այս Ալին շեկ է լինում, ուստի «Սարուշայ-Ալի» մականունն է ստանում և հետագայում դառնում է նախահայրը մի թափառական ցեղի, որը, ազգակից մյուս ցեղերին հատուկ «Ջիվանշիր» անունից բացի, կրում է նաև «Սարուշայ-Ալի» կամ «Սարուջալի» անունը: Ցեղապետի հաջորդների ջանքերով ցեղն աճում է ու հզորանում: Այդ հաջորդներից մեկն էլ Իբրահիմ Խալիլն է եղել, որը հռչակվել է իր նախորդների դիզած հարստության շնորհիվ:

Նադիր շահը փոփոխություններ է կատարում Ղարաբաղի քաղաքական կարգի մեջ: Երբ նա Մուղանի դաշտում մեծ ժողով է գումարում «դեմոկրատական եղանակով» շահ ընտրելու համար, Գանձակի խանն այն սակավներից մեկն էր, որը Նադիրին չի ընտրում: Ինչ խոսք, Իրանի նոր ինքնակալը դա չի մոռանում, բայց քանի որ Գանձակի խանը մեծ հեղինակություն ուներ Իրանում, Նադիրը չի կարողանում իր հակառակորդին խստորեն պատժել և բավականանում է միայն նրա իշխանությունը թուլացնելով: Ղազախ և Բորչալու գավառները հանվում են նրա իրավասությունից, և իսկ Խամսայի մելիքներին հրաման է տրվում այլևս չենթարկվել Գանձակի խանին: Բացի դրանից, Նադիրը Ղարաբաղից Խորասան է գաղթեցնում ջիվանշիր, օթուզիքի և քաբիրլի ցեղերը: Սրանց հետ էին նաև վերն հիշատակված սարուջալիները: Խորասանում վերոհիշյալ Իբրահիմ Խալիլի մեծ որդի Ֆազլ Ալի բեկն իր ցեղի կառավարիչ է նշանակվում: Երբ սրան սպանում են, նրա կրտսեր եղբայր Փանալին (Փանահ Ալի), որը նույնպես բեկության աստիճան ուներ, եղբոր պաշտոնում է նշանակվում: Ըստ հայ ավանդապատման՝ սա Պարսկաստանում բարձր պաշտոն չի ունեցել: Նադիրը նրան մունետիկ է դարձրել, և նա փողոցներում բարձրաձայնել է կառավարության որոշումները: Քանի որ մունետիկին պարսկերեն «ջառչի» են անվանում, ուստի նրան «Ջառչի Փանահ» են կանչել:

Ահա այս Փանահը ինչ-որ պատճառով փախչում է Իրանից և մի խումբ կազմելով հայտնվում է Ղարաբաղում ու սկսում է զբաղվել ավազակությամբ: Պարսից կառավարությունը ջանում է ձերբակալել նրան ու բազմիցս հրամաններ է ուղարկում Շիրվանի, Շաքիի և Գանձակի խաներին, բայց Փանահ Ալին միշտ կարողանում է խույս տալ ու ազատ մնալ: Հայկական ավանապատման համաձայն՝ այս փախստականը Ջրաբերդում ապաստան է ստանում մելիք Աղա Ղուլի Սուլթանից, որը նրան նշանակում է իր գյուղերի «դարուղա», այսինքն՝ հարկահավաք: Պարսից կառավարությունը մի քանի անգամ պահանջում է հանձնել ավազակին, բայց մելիքը կարողանում է խույս տալ կենտրոնական իշխանության պահանջը կատարելուց:

Այսպես շարունակվում է մինչև Նադիր շահի սպանությունը: Իրանում վերստին տիրած անիշխանության պայմաններում, ուրիշ շատերի հետ, ոտքի է ելնում նաև Փանահ Ալին: Նա մարդ է ուղարկում Խորասան և, ուշադրություն դրաձրեք, մելիքի թույլտվությամբ, Ջրաբերդ է կանչում իր ցեղակիցներին, որոնց Խորասան էր գաղթեցրել Նադիր շահը: Թափառական ցեղերը գալիս են: Փանահ Ալին նրանց դիմավորում է Ադրբեջանի սահմանին ու բերում բնակեցնում է իրենց նախկին տեղերում: Այժմ արդեն հեշտ էր կողմնակիցների թիվն ավելացնել: Շաքիի գավառից մինչև Նախիջևանի գավառ տարածվող ավազակային արշավանքները նրան հարուստ ավար են ապահովում, և Փանահի կողմն են գրավում քաջություն դրսևորելու և հարստանալու առիթներ որոնող շատ գիշատիչների: Այդպիսի տարրերով Փանահին ապահովում է հատկապես քաբիրլի ցեղը, որի հետ Փանահը բարեկամացել էր՝ ամուսնանալով ցեղապետի աղջկա հետ: Հատկապես այս ցեղի աջակցության շնորհիվ Փանահը ավազակապետից վերածվում է տիրապետողի՝ իրեն հպատակեցնելով Ղարաբաղի հարթավայրերում թափառող ցեղերին: Իշխանություն ձեռք բերելուց հետո Փանահը, որ ինքն էլ թափառական էր, աստիճանաբար անցնում է նստակեցության: Նրան բերդ էր հարկավոր, որպեսզի պատերազմների ժամանակ ապահովեր իր ընտանիքի անվտանգությունը: Քաբիրլիի գավառում նա մի բերդ է կառուցում, որին Բայաթ անունն է տալիս: Նա բերդը խորը խրամով է շրջապատում ու բերդի ներսում մզկիթ է կառուցում: Քոչվոր խաշնարածների համար սա արդեն նշանակալի երևույթ էր, և այդ էր պատճառը, որ տարբեր կողմերից շատերը եկան բերդի շրջակայքում հաստատվելու: Սրանից հետո Փանահը Ադիլ շահից խանի տիտղոս է ստանում:

Սակայն այս նոր իշխանավորը թշնամիներ էլ ուներ: Նրանց անհանգստացնում էր նորելուկ խանի արագ վերելքը: Թշնամինեռրի թվում էին օթուզիքիի և ջիվանշիրի մի քանի ցեղեր: Սրանք շուտով դաշնակցում են Խամսայի մելիքների հետ՝ նոր խանին դիմակայելու համար: Նրանց է միանում նաև Շիրվանի Հաջի Չելեբի խանը: Սա իր զորքերով գալիս ու պաշարում է Բայաթ բերդը, բայց, չնայած արյունահեղ կռիվներին, չի կարողանում գրավել: Ի վերջո բերդի պաշարումը դադարեցվում է, և Հաջի Չելեբին իր երկիր է վերադառնում: «Մինչև այժմ, - ասել է նա, - Փանահը մի դրամ էր առանց գրի (սիքիե), բայց մենք եկանք ու նրան նաև գրեր տվինք»: Շիրվանի խանի այս խոսքը նշանակում էր, թե անհաջող արշավանքն է՛լ ավելի ամրապնդեց Փանահ խանի իշխանությունը, նրան է՛լ ավելի բարձր դիրք ապահովեց: Եվ, իրավ, նոր խանն այլևս Բայաթ բերդով չի բավարարվում: Իրեն հակառակորդ թուրքական այլ ցեղերի ու հայ մելիքների դեմ հաջողությամբ կռվելու համար նա համարյա Խաչենի սահմանագլխին, Շահբուլաղ մեծ աղբյուրի վրա, Թարնակյուտ անունով տեղավայրում մի նոր բերդ է հիմնում, բերդի մեջ շուկա ու մզկիթ է կառուցում և 1749-ին հաստատվելով այդտեղ, սկսում է ընդհարումները Ջրաբերդի ու Գյուլիստանի մելիքների հետ՝ աշխատելով քայքայել նրանց միությունը: Բայց շուտով նա համոզվում է, որ բացարձակ ուժով անհնար է հայ հինգ մելիքներին հաղթել, այդ իսկ պատճառով սպասում է հարմար առիթի, հանգամանքների բարենպաստ դասավորության, որոնք հնարավորություն կընձեռեին պառակտել մելիքներին և առանձին-առանձին բոլորին ջարդել:

Եվ, ահա, թուրք խանի համար բարեհաջող հանգամանքը ներկայանում է. հայ մելիքների միջև կռիվներ են սկսվում, որոնց «մեկնարկը» տալիս է Ավետարանոցում կատարված եղբայրասպանությունը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5868 | 0 | 0
Facebook