Loading...

Articles

Սերժն ու Սաքուլիկը. նոր զարգացումներ Ճըվ-ճըվ Արոյի որդիների «վոյաժներից»

13:39, Tuesday, 09 January, 2018
Սերժն ու Սաքուլիկը. նոր զարգացումներ Ճըվ-ճըվ Արոյի որդիների «վոյաժներից»
    
Երեկ՝ հունվարի 8-ին, դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04: 10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, և կան տուժածներ: Ավտովթարի հեղինակը հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների պատճառ դարձած, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված Ճըվ-ճըվ Արոյի որդին` Սաքուլիկ մականունով Սարգիս Վարդանյանն է: Վերջինս նույն օրը ներկայացել է իրավապահ մարմիններին: Ավտովթարի հետեւանքով զոհվել են ՃՈ-ի երկու աշխատակիցներ:

    
Araratnews.am-ը հրապարակել էր, որ տեղի ունեցած ավտովթարը Սաքուլիկի մասնակցությամբ առաջին դեպքը չէ: Երիտասարդի մասնակցությամբ նմանատիպ դեպքերի պակաս չի եղել, սակայն Սարգիս Վարդանյանը մշտապես ջրից չոր է դուրս եկել: Գրել էինք, որ քննիչները լավագույնս հոգում էին, որ Սաքուլիկը շարունակի վայելել ազատությունը, քանի որ հանցակազմը «բացակայում» էր:

    
Ճըվ-Ճըվ Արոյի մյուս որդին եւս որեւէ կերպ հետ չէր մնում եղբորից: Մենք հրապարակել էինք, որ Սաքուլիկի եղբայրը՝ Սերժ Վարդանյանն էլ 2017-ի հոկտեմբերի 7-ին էր ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվել: Սերժն էլ կասկածվում էր սեպտեմբերի 12-ին` գիշերը ժամը 03։00-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցի 44/2 շենքի դիմաց Երևանի բնակիչ 38-ամյա Կ. Գ.-ի պարանոցից ոսկյա շղթան պոկելու եղանակով բացահայտ հափշտակելու մեջ։ Ս. Վարդանյանը ոսկյա շղթան հափշտակելուց հետո դիմել էր փախուստի՝ տուժածին պատճառելով 200 հազար դրամի վնաս, իսկ տուժած Կ. Գ.-ն եղել էր իր Opel Astra մակնիշի կայանված վիճակում գտնվող ավտոմեքենայում։ Իհարկե, եղբոր նման նա եւս երկար չմնաց անազատության մեջ:

    
Araratnews.am-ի հրապարակումից հետո Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնում է, որ հետախուզում է հայտարարվել Ճըվ-ճըվ Արոյի կրտսեր որդու՝ 24-ամյա Սերժ Վարդանյանի նկատմամբ: Նա ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ) եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) ներգրավվել է որպես մեղադրյալ:

    
Ուշագրավ է, որ կողոպուտը եւ խուլիգանության դեպքը տեղի են ունեցել նախորդ տարվա աշնանը, եւ միայն հիմա, երբ Սերժ Վարդանյանի եղբոր մասնակցությամբ մահվան ելքով ավտովթար է տեղի ունենում, քննչական կոմիտեն վերհիշում է կատարվածն ու որոշում հետախուզում հայտարարել: Ի՞նչն էր խանգարում Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցին կատարվածից անմիջապես հետո հետախուզում հայտարարել Սերժ Վարդանյանի նկատմամբ: Հովսեփյանն ու յուր քննիչները հավանաբար չեն ունեցել համապատասխան «դաբրո», որպեսզի չեզոքացնեն Վարդանյան եղբայրներին:

    
Araratnews.am-ը Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանից հետաքրքրվեց, թե ինչո՛ւ աշնանը տեղի ունեցած դեպքի առնչությամբ միայն հիմա որոշում կայացվեց կրտսեր Վարդանյանի նկատմամբ հետախուզում հայտարարել: «Առաջին դրվագով նրան մեղադրանք առաջադրվել էր, երկրորդ դեպքը տեղի է ունեցել ավելի ուշ` նոյեմբերի վերջին, եւ դեկտեմբերին հարուցվել էր քրեական գործ: Պարզվել է, որ նա եւս խուլիգանությանը մասնակցություն ունեցել է, եւ այդ գործերը միացվել են վարույթին, հետեւաբար, մեղադրանքը փոփոխելու անհրաժեշտություն էր առաջացել», - ասաց Սոնա Տռուզյանը, հավելելով, որ դեկտեմբերի վերջին Սերժ Վարդանյանին ծանուցագիր էր ուղարկվել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու համար, որպեսզի նրա մասնակցությամբ անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ կատարվեին: Սերժ Վարդանյանը, ըստ Տռուզյանի, չի ներկայացել, եւ նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել, որը եւս չի կատարվել: «Ձեռք բերված ապացույցների հիման վրա նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել», - ասաց Տռուզյանը: Սերժ Վարդանյանը դեռ չի հայտնաբերվել: Ըստ Հովսեփյանի խորհրդականի՝ հանձնարարվել է ոստիկանությանը նրան հայտնաբերել եւ հանձնել վարույթն իրականացնող մարմին:

    
Նշենք, որ Սերժ եւ Սարգիս Վարդանյանները Կարեն Կարապետյանի բիզնես գործընկերոջ թոռներն են, եւ նրանց ազատությունը Աղվան Հովսեփյանի համար առավել քան պետք է: Կարեն Կարապետյանն իր քրեաօլիգարխիկ գործընկերներով «խոր եւ համապարփակ» փոփոխություններ է իրականացնում, իսկ Սերժ Սարգսյանն էլ երկարացնում է Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը: Իսկ այս ամենի միջակայքում իրենց ազատությունն են վայելում Սերժն ու Սաքուլիկը` կողոպտելով մարդկանց և խլելով մարդկային կյանքեր:

    
Փայլակ Ֆահրադյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8690 | 0 | 0
Facebook