Loading...

Articles

ԳՈ ՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ, ՍԵՎ ՄԱՐԴԸ

17:23, Sunday, 07 January, 2018
ԳՈ ՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ, ՍԵՎ ՄԱՐԴԸ

1

Գործարանի բանվորական ակումբի բեմից ես նայում եմ ընդարձակ դահլիճում նստած հանդիսատեսներին և փնտրում իմ հերոսին։ Գրականության և կյանքի կապի մասին խիստ շահեկան զեկուցումը (ինչպես նշված է աֆիշայում՝ «Զեկ․ ֆիլոլոգիական գիտությունների թեկ․ Հմ․ Մրմրյան») մոտենում է իր վախճանին։ «Պետք է» ֊ներին փոխարինեցին «անհրաժեշտ է, որ» ֊երը և համոզեցուցիչ ու կատեգորիկ «միայն այսպիսով մենք» ֊ը շարժեց ունկնդիրներին նախապատրաստելու համար ակումբային մասշտաբով բուռն ծափահարություններին։

Ծափահարությունները վերջացան։ Հետո հանդես պիտի գանք մենք, բանաստեղծներս, պիտի արտասանենք մի֊մի բանաստեղծություն։ Ես արդեն գիտեմ, թե ով ինչ է արտասանելու։ Ինչ վերաբերում է ինձ, ես արտասանելու եմ մի բանաստեղծություն, որն ահա երկու տարի է, ինչ բարեհաջող կերպով քարշ եմ տալիս կոլտնտեսությունից կոլտնտեսություն, գործարանից գործարան, ակումբից ակումբ․․․ դա մի կարթ է, որով ես ուզում եմ որսալ իմ հերոսին, բայց բոլոր գրական երեկոներից ու հանդիպումներից հետո ես տուն եմ գնում դատարկ ձեռներով ու թափուր հոգով։

Ասել, որ ես հոգ չեմ տանում գրականության և կյանքի կապի մասին, ճիշտ չէր լինի։ Ես, նման երեկոների ընդմիջումներին, ինչպես թերթերն են գրում, ինձ մոտեցող ընկերների հետ զրուցում եմ, սիրալիր կերպով «պատասխանում եմ նրանց հարցերին», ինքս եմ հարցեր տալիս և «ուշադրությամբ լսում նրանց պատասխանները», բայց այդ դիալոգները ոչ մի կերպ գրականության չեն վերածվում, որովհետև չկա ամենագլխավորը․ չկա հերոսը։ Մտել է ինչ֊որ տեղ, հետևում է իմ զուր ջանքերին, ծիծաղում է ինձ վրա, հնարավոր է անգամ, որ նա անցնում է կողքովս, անգամ խոսում է ինձ հետ, ու ես չեմ նկատում նրան, չե՛մ ճանաչում, չե՜մ բռնում․․․

― Տասը րոպե ընդմիջում, ― հայտարարում է նախագահը, ու մենք դուրս ենք գալիս ծխելու և գրականության ու կյանքի միջև սերտ կապեր ստեղծելու։ Ինչպես միշտ, մեզ շրջապատում են հանդիսականները, և մենք սիրալիր կերպով պստասխանում ենք նրանց հարցերին, ինքներս ենք հարցեր տալիս և մեծ ուշադրությամբ լսում նրանց պատասխանները։

Մեկը քաշեց իմ թևից։ Ես ետ եմ նայում։

Իմ դեմ կանգնած է միջին տարիքի մի մարդ․ կոկիկ հագնված է նա, ժպտում է երեք ոսկե ատամներով, թուխ֊թխորակ, իսկ ճակատով մեկ սպիտակավուն սպին․․․ Սպասի՛ր։

― Սանո՞․․․

― Հա, ես եմ, Սանասարն եմ, անուշ ջան, ախպեր ջան․․․

― Որտեղից՝ որտեղ․․․

― Էնտեղից էստեղ, Գրիշ ջան, ասենք հիմի քեզ Գրիշա ասել չի կարելի․․․

― Ուրեմն քեզ էլ Սանո ասելն անհարմար է, ճի՞շտ է․․․

― Ցեխի վարիչ եմ, երեք անգամ պարգևատրված, ― կարճ կապեց նա, լրջացավ, նայեց իմ աչքերին, բայց չկարողացավ պահել լրջությունը և ժպտաց ինձ քաջ ծանոթ ժպիտով։ Ըստ երևույթին նա միանգամից շատ բան հիշեց այն օրերից և այնտեղից․․․

― Աշոտ դայի՞ն, ― հարցրեց նա։

― Կպատմեմ։ Դու անպայման անցիր ինձ մոտ՝ հյուրանոց։

― Ո՛չ մի հյուրանոց։ Այստեղից գնում ենք ուղիղ մեր տուն։

Էլեկտրական լույսերը երեք անգամ հանգան ու վառվեցին։ Մենք բեմ բարձրացանք։ Նախագահին խոնարհաբար խնդրեցի ազատել ինձ արտասանելու պարտականությունից։

― Ոչինչ չեմ հիշում․․․


    

2

․․․Կիա գետից ոչ հեռու, դեպի հյուսիս արևելք, ոչ խիտ անտառներով շրջապատված ընդարձակ մի բացատի վրա փռվել է աշխատանքային ուղղիչ ճամբարը, շրջափակված տախտակե սրածայր ցանկապատով և փշալարերով։ Երեկո է, մեկը սիբիրյան այն երեկոներից, երբ երկինքը կարծես այնքան մոտ է երկրին, որ թվում է թե նա՝ երկինքը, հաստատված է ծխնելույզներից վեր բարձրացող, անշարժ թվացող ծխե վիթխարի սյուների վրա։ Աստղերը մոտ են թվում, այնքան մոտ, որ թվում է հսկիչ աշտարակի վրա կանգնած գիշերային պահակը կարող է վառել իր ծխամորճը, եթե մի քիչ նեղություն քաշի, բարձրանա ոտքի թաթերի վրա, վիզը բարձրացնի վեր և ծխամորճը պարզի դեպի աստղերը․․․

Աշխատանքային ուղղիչ ճամբարի համար յոթ բարաքի բնակիչները ընթրիքից հետո հանգստանում են։ Նրանցից շատերը զբաղված են հաստ բամբակե կամ բրդե գուլպաները նորոգելով, ոմանք կարդում են նոր ստացած նամակները և նրանց դեմքերի արտահայտությունից դժվար չէ գուշակել նամակի բովանդակությունը։ Երկհարկանի տախտակամածների վրա նստած են նրանք, պառկած կամ կիսապառկած․ միայն գլխի կողմից իրարից բաժանված փոքրիկ, տախտակե արկղիկներով, որոնց վրա վառվում են դեղորայքի փոքրիկ շշիկներից հարմարեցված ճրագները։ Ուզբեկ Նուրանբայը, վառարանի մոտ նստած մի կոճղի վրա, վառ է պահում վառարանի կրակը։ Ամեն անգամ, երբ նա վառարանի կրակին է հանձնում մի քանի կտոր փայտ, ձախ ձեռքի չորս մատներով ստուգում է իր ցանցառ բեղերի ու մորուքի գոյությունը և գոհ, որ նրանք տեղում են՝ նորից անշարժանում է կոճղի վրա, չինական արձանի նման, հայացքը վառվող կրակի բոցերին։

Ես ուզում եմ փակել աչքերս և անձնատուր լինել Մորֆեոսին, բայց այդ ժամանակ զգում եմ, որ մեկը քաշում է ոտքս։ Նստում եմ։ Ներքևում կանգնել է իմ վարպետը, բրուտ Աշոտ դային։

― Բարձրացիր, ― ասում եմ ես, ― քնելու ժամանակն է։

Հիսունից անց է, Աշոտ դային, խիտ մազերն ալեխառն են, սև հոնքերի տակից նայում են մի քիչ թախծոտ, մի քիչ ժպտուն աչքերը․ նա բռնում է սյունը և թեթև բարձրանում ու նստում է իր անկողնու վրա, վալենկաներով պաշտպանված ոտքերը կախելով ներքև։

― Տո՛ւր մախորկադ։

Իսկ Աշոտ դային ծխում է տարվա ընթացքում միայն մի քանի անգամ, այն էլ, երբ մի արտակարգ դեպք է պատահում նրա հետ, կամ ընդհանրապես, կյանքում։ Ես հիշեցի, որ վերջին անգամ նա ծխեց երեք ամիս առաջ, երբ բացեց թրծարանը և տեսավ, որ կավե ամանների մեծ մասը ճաքճքել էր։

― Ուժեղ կրակից է․․․ Շատ եմ թեժացրել քուրան, ― ասաց նա և մի ծխախոտ ոլորեց։

Հիմա էլ նա ծխում է արցունքոտված աչքերով՝ հազում է ծխին անվարժ մարդու հազով, իսկ ես սպասում եմ, թե ինչ պիտի ասի նա։

― Տայշետից էտապ եկավ, ― ասում է նա։

― Լսեցի, ― ասում եմ, ― նորություն չէ, պառկիր, հանգստացիր։

Նա գլուխը բացասաբար շարժում է։

― Լողանում են։ Քիչ հետո գնամ տեսնեմ։ Կոմենդանտն ասաց՝ մի հայ կա մեջները։

Էտապում մի հայ կա ― ահա թե ինչու այս անգամ ծխեց Աշոտ դային։

Կիսատ ծխած ծխախոտը նա շպրտեց վար, հետո ասես անդրադառնալով՝ վար իջավ, ծխախոտի մնացորդը վերցրեց հատակից, նետեց վառարանի անցքից ներս և՝

― Ես գնացի։

Ու գնաց թեթև քայլերով։

Գնաց Աշոտ դային, իսկ իմ քունը փախավ։ Որպեսզի միտքս մի բանով զբաղեցնեմ, ես սկսեցի մտքումս զանազան բառեր արտասանել հակառակ կողմից․ ― կաչաղակ֊կաչաղակ, թութակ֊կաթութ, լուցկի֊իկցուլ, Արարատ֊տարարա, բայց շուտով ձանձրացա դրանից էլ և երևակայությամբ սկսեցի վար իջնել Երևանի Աբովյան փողոցով, բաց չթողնելով ոչ մի մանրամասնություն, ապա մտքով թռա Թիֆլիս քաղաք և Երևանյան հրապարակով սկսեցի բարձրանալ Ռուսթավելու պողոտան ի վեր։ Թիֆլիսի օպերային չհասած եկավ Աշոտ դային։

― Ի՞նչ պտուղ էր, ― հարցնում եմ ես։

― Պտուղ չէր, ծաղիկ էր, ― լինում է պատասխանը։ Հոգեբան լինելու կարիք չկա զգալու համար, որ նա դժգոհ է, ավելին, դառնացած։

Նա բարձրանում է և սկսում է հանվել։

― Ինչո՞ւ լույսը չես վառել, ― հարցնում է նա։

― Ի՞նչ ես անում լույսը։

― Առանց լույսի․․․ ― նա չրխկացրեց լուցկին, վառեց պատրույգը և վերջացրեց, ― տխուր է։ Իսկ հիմա․․․ Տո՛ւր մախորկադ։

Այս արդեն արտակարգ երևույթ էր։ Մի երեկո՝ երկու ծխախո՞տ։


    

3

Ռուսական Г տառի նման կանգնած փայտե հարմարանքից կախված երկաթե սալիկի վրա երեք անգամ զնգաց հերթապահ ավագի երկաթե գավազանիկը։ Այս զարթոնքն է։ Աշխատանքային բրիգադների մատակարարները զամբյուղներով և բաց տակառներով խռնվում են խոհանոցի և հացի պահեստի փոքրիկ պատուհանների առաջ։ Ճամբարը զարթնում է, սկսվում է նրա մեծ առօրյան։ Գիշերային խավարն անթափանց է, չնայած, որ առավոտյան ժամը յոթն է։

Ես զարթնում եմ և առաջին բանը, որ հիշում եմ, այն է, որ այսօր կիրակի է և այն, որ Աշոտ դային երեկոյան երկու ծխախոտ ծխեց։ Հիմա էլ նա չկա․ աստված գիտի, թե որ ժամին և ուր է գնացել այդ անհանգիստ հոգին․ երեկ երեկոյան նա ծխեց երկրորդ ծխախոտը, վերմակը քաշեց գլխին և քնեց առանց մի խոսք ասելու։ Ես էլ չփորձեցի նրան խոսեցնել։ Ես հոգնել էի՝ շրջելով Աբովյան փողոցով և Ռուսթավելի պողոտայով, ունեցել էի կարևոր հանդիպումներ․․․ ու քնեցի ես էլ։

Սկսեցի հագնվել․ համար յոթ բարաքում տեղավորված բրիգադները պատրաստվում են նախաճաշելու։ Մեր մատակարարը պարզում է իմ և Աշոտ դայու օրվա հացի երկու բաժինները։ ― Արարա՛տ֊տարարա՛, ― հիշում եմ ես և տրամադրությունս բարձրանում է։ Շուտով բերելու են նախաճաշը, ո՞ւր մնաց Աշոտ դային։

Ահա և նա, միշտ հանգիստ, միշտ անհանգիստ Աշոտ դային։ Մենք նախաճաշում ենք։ Նախաճաշի ընթացքում նա ինձ պատմում է, որ հիրավի Տայշետից եկած էտապում մի հայ կա։

― Բայց ավելի լավ կլիներ չտեսնեի այդպիսի հայ, ― ավելացնում է նա հառաչելով։

― Ինչո՞ւ, ― հետապնդում եմ ես։

― Սև մարդ է, ― լինում է պատասխանը։

Նախաճաշից հետո մենք զբաղվում ենք կարգի բերելով մեր տնտեսությունը․ մի անգամ էլ վերանայում ենք ստացած նամակները․ Աշոտ դային կարկատում է իր աջ, իսկ իմ ձախ ձեռքի ձեռնոցները, հետո խոսում ենք մենք, ինչի՜ մասին ենք խոսում, ամե՛ն ինչի մասին, ― վիրավորված արդարության ապաքինման մասին, երեք օր առաջ մահացած հյուսն Ծուլուկիձեի մասին, հրեա ուսանող Էյդելմանի մասին, որն ազատվեց ու տուն գնաց, խոհանոցի առաջ փայտ ջարդող բժիշկ վիրաբույժ Լև Բորիսովիչ Ինժիրի մասին, որը ճամբարի պետի հրամանով նշանակվեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Դեռ մի քանի օր առաջ նա թիթեղե ամանը ձեռքին կանգնում էր խոհանոցի փոքրիկ պատուհանի դեմ մի հավելյալ շերեփ կերակուր ստանալու համար, որպես խոհանոցի փայտահատ, իսկ այսօր նա իշխում է բոլոր խոհանոցների, բոլոր բարիքների վրա․․․

― Մալադե՛ց, Ինջի՜ր, ― ասում է մեր հարևան ադրբեջանցի Զամանովը, խփելով երկաթի կտորը կայծքարին և վառելով ծխախոտը, ― մալա․․․ մալադե՛ց Ինջիր։ ― Հետո նա չոր մրգով հյուրասիրում է մեզ։ Մենք չենք մերժում, այսպես է օրենքը, ով ծանրոց է ստանում, նա հյուրասիրում է իր մոտի հարևաններին։

― Լավ թութուն ստացա, Աշոտ դայի, ասում է Զամանովը, ներս քաշելով ծխախոտի ծուխը մեծ ախորժակով, ― դեղին, ոնց որ քյարհըբար․․․ Ասենք, դու չես ծխում, ի՞նչ եմ գովում ապրանքս․․․

Դուռը բացվեց և մեկը ներս մտավ։ Շոգու ամպեր ներս թողնելով, նա առաջացավ, նայելով աջ ու ձախ, երկհարկանի տախտակամածների բնակիչներին։ Հին մի գուլպա բռնել էի ես, իսկ Աշոտ դային քաշում էր նրա թելը և կծկում։ Գուլպան անհետացավ իմ ձեռքում, իսկ Աշոտ դայու ձեռքում վերածվեց այն ձնագնդակի մեծության մի կծիկի։

― Սանասա՛ր, ― կանչեց Աշոտ դային, նկատելով նորեկին։

Նորեկը դանդաղ քայլերով մոտեցավ։

― Բարձացիր, նստիր։

Ասել, որ նա սև մարդ էր, այնքան էլ ճիշտ չէր լինի․ ճիշտ է, թուխ էր նա, ճակատով մեկ սպի․ հոնքերը հաստ ու սև՝ խաղողի հատիկների նման փայլուն ու շարժուն աչքերի վրա, շրթունքների անկյուններում ժպիտի նման թաքնված մի բան․․․ Մի՞թե սա է «սև մարդը» ։

― Էլի բարև, ի՞նչ բանի եք։

― Գործ ենք անում, ա՜յ տղա, ― զվարթ բացականչեց Աշոտ դային՝ ձեռքի կծիկը վեր֊վեր նետելով և բռնելով։ ― Այ, տես մեր աշխատանքը։

― Որ ի՞նչ, ― հարցրեց նորեկը քմծիծաղելով։

― Որ երբ գուլպաներս մաշվեն՝ նորոգենք։

― Էդ օրի՞ն եք, ― նա բարձրացավ ու նստեց՝ կռնակը սյունին։

― Տայշետում երեք կավերկոտե կոստյում ունեի, ― ասաց նա անփույթ։

― Իժո՞ւմ, ― այս անգամ քմծիծաղեց Աշոտ դային։

― Քամին բերավ, քամին տարավ, ― գրեթե երգեց նորեկը։

― Ո՛չ քամու բերածն եմ ուզում, ո՛չ էլ տարածը, ― վճռականապես հայտարարեց Աշոտ դային, կծիկը նետելով արկղը, ― ասում են հինգ տարի՞ է, ինչ տնից․․․

― Հինգ տարի։ ― Ապա սկսեց երգել․


     Հինգ տարին բարի լույս է,
     Տասը տարին աչքալույս է,
     Տասնհինգ տարին էլի հույս է,
     Քսան տարին, դատավոր ջան, ցավդ տանեմ,
     Դու էլ լինես՝ չես դիմանա․․․


     Նա շուռ եկավ, կիսով չափ ձգվեց Զամանովի անկողնու վրա և մախորկա փաթաթեց։

― Հեչ չմտածես, Աշոտ դայի, չեմ թողնի, որ նեղություն քաշես․․․

― Վայ թե ուզում ես հաց կտրո՞ղ դարձնել ինձ․․․

― Հաց կտրո՞ղ․․․ Բան ասաց, հաց կտրող․․․ Մե՛ծ բան։

― Կուխնու կառավարի՞չ։

― Թքի՜ր։

― Հասկացա միտքդ, հասկացա, ― Աշոտ դային ինձ աչով արավ։

― Ի՞նչ հասկացար, ― հեգնեց նորեկը։

― Հիվանդանոցի զավխո՞զ ես ուզում ինձ օծել․․․

Նորեկը, ուրեմն Սանասարը, մեծ արվեստով թուքը հասցրեց մինչև առաստաղը․ եթե չլիներ առաստաղը, ամենայն հավանականությամբ նա կհասցներ մինչև աստծո մորուքը։

― Որ ի՞նչ, մեռելների ոտներին համարներ կապե՞ս․․․ չէ, Աշոտ դայի, ես քեզ չոլում չեմ գտել։ Թող մի ծանոթանամ էստեղի շների հետ, կտեսնես, ո՜նց կապրենք։ Գործ ես գտել, բրո՜ւտ, մարդն է՞լ ցեխի հետ գործ բռնի։

― Բա ինչի՞ հետ գործ պիտի բռնի, ― շարունակում է փորփրել Աշոտ դային։

― Ինչի հե՞տ, ― նա մտածում է և պատասխանում, ― ապրուստի հետ, ապրուստի հետ, ― կրկնում է նա ու չգիտես ինչու՝ ուշադրությամբ նայում է Զամանովին։

― Ապրուստի հե՜տ, ― կրկնում է Աշոտ դային, ― դե, մեր ապրուստն էլ բրուտությունն է։

― Սա է՞լ բրուտ է, ― հարցնում է նա՝ ակնարկելով ինձ։

― Ցեխ է պատրաստում, ― բացատրում է Աշոտ դային։

― Ծը, ծը, ծը, ― լեզվով ծտացնում է նա արհամարհանքով և ցավակցությամբ, ― դուք էլ ասում եք, թե ապրում եք․․․

Նա հորանջում է և ավելի հարմարավետ տեղավորվում կիսով չափ Զամանովի, կիսով Աշոտ դայու անկողնու վրա։

― Ճակատդ ո՞վ է զարդարել, ― հարցնում է Աշոտ դային։

Սանասարը շոշափում է ճակատի սպին։

― Սրա մասի՞ն ես հարցնում։

― Դրա մասին։

― Էս ի՞նչ է որ․․․ Էստեղս էլ ունեմ, էստեղս էլ, ― նա ցույց է տալիս փորը, կռնակը, ակնհայտ հպարտությամբ։

― Մարդ սպանած կա՞ս, ― հարցնում է Աշոտ դային։

Նրա աչքերը փայլում են չար փայլով։

― Դու, ի՞նչ է, քննիչ Տիգրա՞նն ես․․․

― Քննիչ Տիգրանն ո՞վ է, ― հարցնում է Աշոտ դային։

Նա պատասխանելու փոխարեն երգում է․


     Ախ, քննիչ Տիգրանը մեծ գիրքը բացեց,
     Օրենքի համեմատ ինձ հոդված տվեց,
     Էդ ի՞նչ օրենք էր, որ օրս սև արեց,
     Մնաս բարով, մայրիկ, չես տեսնի էլ ինձ․


     ― Խելքի եկ, խելքի, ― հուզվեց Աշոտ դային։

Լավ էր երգում այդ Սանասար կոչեցյալը, մինչև անգամ հուզիչ, վարակիչ տրամադրությամբ։ Չեմ թաքցնի թուլությունս, ես էլ հուզվեցի, հուզվեց մինչև անգամ Զամանովը և երկաթի կտորով խփեց կայծքարին։

Տիրեց լռություն։ Սանասարը շոշափեց չսափրված դեմքը։

― Գնամ մի քիչ քարշ գամ, ― կարծես եզրափակեց նա, ― գնամ․․․

Ու գնաց, ավելի շուտ՝ անհետացավ։

Հիմա մենք նստած խոսում ենք ամենահասարակ բաների մասին, բայց չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ Աշոտ դային մտածում է բոլորովին ուրիշ, մեր խոսակցության հետ կապ չունեցող բաների մասին։ Երբ մենք լռում ենք, նա շարունակում է մտածել և հանկարծ դառնում է ինձ։

― Բա՞ն ասացիր։

― Ես բան չասացի, ― պատասխանում եմ ես, իսկ նա կարծես տխրում է, որ ես ոչ մի բան չասացի։

Պարզ է, անհանգիստ է Աշոտ դային։

― Ուշադրությո՜ւն, ― լսվում է օրապահի ձայնը դռան մոտից։ Բարաքի ավագը, կարճահասակ, անարյուն և բուսականությունից զուրկ դեմքով, սառն, կապույտ աչքերով Կոլոկոլնիկովը առաջ է նետվում․ ներս են մտնում ճամբարի պետը, կոմենդանտը, վերակարգիչը և գլխավոր բժիշկ Լև Բորիսովիչ Ինժիրը, կամ, ինչպես Զամանովն է ասում՝ Ինջիրը։

Տիրում է լռություն։ Հիմա արդեն լսվում է վառվող վառարանի ճարճատյունը։ Պաշտոնական եռյակը շարժվում է առաջ․ կոմենդանտը, նույնպես կալանավոր, լեհ Ժիգիլյավսկին, ամբողջ ժամանակ նայում է պետին, իսկ գլխավոր բժիշկը մոտենում է տախտակամածներին և բարձրացնում է մի քանի ներքնակ, մատներով շոշափում նառերի տախտակները և նայում մատներին։

― Ո՞վ է ավագը, ― ցածր ձայնով հարցնում է նա։

― Կոլոկոլնիկով, ― գոռում է կոմենդանտը։

Կոլոկոլնիկովը կծկվել էր նրա ետևում․ նա առաջ է անցնում և զինվորական պատիվ բռնում։

― Համար յոթ բարաքի ավագ Միտրոֆան Միտրֆանովիչ Կոլոկոլնիկով։

― Կոլոկոլնիկով, նառերը մաքուր չեն։

― Լսում եմ։ Նուրանբա՜յ, ― գոռում է նա իր հերթին, ― շա՛ն որդի․․․

Առաջ է գալիս ուզբեկ Նուրանբայը։

― Երկսին էլ հանել, ― ասում է ճամբարի պետը, իսկ վերակարգիչը տախտակե ֆաների վրա, որը ծառայում է թղթի տեղ, մի բան է գրում արագ։

Կոմենդանտը ինչ֊որ բան է շշնջում պետի ականջին։

Պետը տխուր ժպտում է։ Կոլոկոլնիկովն ու Նուրանբայը կարծես թե փրկված են։ Վերակարգիչը ապակու կտորով գրածն արագ քերում է, այսինքն՝ ջնջում։

Նրանք դուրս են գալիս, և բարաքը նորից բզզում է փեթականոցի նման։ Խոսում են, ծիծաղում, դատում, հերքում, համաձայնում։ Ուզբեկ Նուրանբայը թաց շորով հարձակվում է նառերի վրա։

― Մալադե՛ց, Ինջի՜ր, ― ասում է Զամանովը, ձեռքը խոթում է բարձի տակ և վեր է թռչում, բարձը շուռ է տալիս ու գոռում․

― Թութո՜ւնս․․․ Գողացա՜ն թութունս, քյարհըբարի՜ պես թութունս․․․

4

Կիա գետից ոչ հեռու, դեպի հյուսիս֊արևելք, ոչ խիտ անտառներով շրջապատված ընդարձակ մի բացատի վրա փռվել է աշխատանքային ուղղիչ ճամբարը՝ շրջապատված տախտակե սրածայր ցանկապատով և փշալարերով։ Ապրում են ճամբարի բնակիչները իրենց մանր ու մեծ հոգսերով, մանր ու մեծ տխրություններով, մանր ու մեծ ուրախություններով։ Բարաքների մի մասը գետնափոր է, մի քանիսը գետնի վրա բարձրացած, բաղնիքը կիսագետնափոր է, դիարանը՝ կրկնակի գետնափոր, երկհարկանի շինություն՝ ոչ մի։ Ճամբարի շենքերից ավելի բարի տեսք ունեն իրար զուգահեռ կանգնած հիվանդանոցի երկու շենքերը և երրորդը, որի կեսը բուժարան է, կեսը հիվանդանոցի խոհանոցը։

Ամռանը գազոնների առաջ մշակվում են գազոններ, բարձրանում են խոտեր, ծաղկում են ծաղիկներ, իսկ հիմա, երբ ձմեռ է, անհրապույր է ճամբարի տեսքը, պաղ ու խստահայաց։ Բուն ճամբարից բարձր տախտակե ցանկապատով անջատված են երեք մեծ բարաքներ, իսկ այնտեղ ապրում է ճամբարային բնակչության իգական սեռը։ Բացի երեք բնակելի բարաքներից և տախտակաշեն զուգարանից, կանանց գոտում ուրիշ ոչ մի կենցաղային հարմարություն չկա, որովհետև կանայք օգտվում են տղամարդկանց գոտում գտնվող հարմարություններից։ Փոքրիկ հիվանդանոցներից մեկում առանձնացված է մի փոքրիկ սենյակ՝ չորս մահճակալով, կին հիվանդների համար։ Կանայք բրիգադ առ բրիգադ գալիս, լողանում են բաղնիքում, երբ տղամարդկանց գոտին երրորդ երազն է տեսում։ Բրիգադների մատակարարուհիները հաց, նախաճաշ, ճաշ և ընթրիք են ստանում տղամարդկանցից առաջ։ Ինչպես ազատ, այնպես էլ կալանավոր հսկիչներն աշխատում են, որպեսզի կանայք և տղամարդիկ հեռու լինեն իրարից, չհանդիպեն իրար, չգայթակղվեն, անկարգություններ թույլ չտան։ Մի դեպքում է միայն ճամբարի պահականին աչք փակում կանանց և տղամարդկանց հանդիպման վրա և այդ էլ, երբ նրանք հանդիպում են իրար կրկնակի գետնափորում, երբ նրանք ազատ ու համարձակ պառկում են կողք֊կողքի՝ քնած հավիտենական քնով, անզարթնելի նինջով։

Ճաշից հետո սկսեց ձյուն գալ։ Օդը տաքացավ, քնքշացավ, մեղմացավ, և ձյունը խոշոր փաթիլներով դանդաղ ու հանդիսավոր սկսեց իջնել բաց երկնքից։ Ճամբարի գոտուց դուրս կանգնած հրշեջ աշտարակը չի երևում, մշուշվել է մշուշում, բայց ահա լսվում է այնտեղից խուլ ու փափուկ՝ զանգի երեք հարված։ Ժամը երեքն է։

Ամբողջ ժամանակ ճաշի ընթացքում և նրանից հետո Աշոտ դային լուռ էր ու մտազբաղ։ Փորձեց երգել, բան դուրս չեկավ։ Վառեց մի ծխախոտ և կիսատ՝ սեղմեց իր ձեռքով ինձ համար բրուտանոցում պատրաստած և թրծված կավե մոխրամանում, հետո թե՝

― Գնա՛նք, գործ կա։

Մենք տաք հագնվեցինք ու դուրս եկանք։ Ձյուն։ Օդը տաք է, քնքուշ ու մեղմ, դանդաղ ու հանդիսավոր իջնում է ձյունը խոշոր փաթիլներով, բաց անտառների, դաշտերի, ճամբարի, բարաքների և բարաքների տանիքներից վեր թառած, ձողերի վրա ամրացված սարյակների բուն֊տնակների վրա, որոնք թափուր են հիմա։ Շուրջը տիրում է խուլ, ձյունե, բամբակե լռություն, մի տեսակ լուռ լռություն։ Աշոտ դային շնչում է ամբողջ կրծքով, ես հետևում եմ նրա օրինակին, փափուկ օդի հետ ևս ներս եմ քաշում խոհանոցի ծխնելույզից տարածվող ծխի սուր բուրմունքը և իմ սիրտը լցվում է ինչ֊որ անհուն կարոտով, անհուն անձկությամբ, անհուն սիրով՝ կայնքի, աշխարհի հանդեպ, ճամբարի գլխավոր ճանապարհի վրա շրջող հերթապահ ավագ տաջիկ Եունուսի և ընդհանուր խոհանոցից դեպի հիվանդանոցի խոհանոց սրարշավ վազող մոխրագույն սիբիրյան կատվի, լուռ ու մտախոհ Աշոտ դայու հանդեպ, որը, չգիտես ինչու, գնում է բաղնիքի ուղղությամբ։

Նա հրում է բաղնիքի դուռը, բաղնիքի խոնավ, գոլ օդի գոլորշին շոյում է մեր դեմքը․ սանդուղքներից վեր է վազում չինացի Վանյան և ժպտում․

― Նե՛լզա, նե՛լզա, կարանտի՛ն․․․

― Էտապում մի հայ կա, դուրս կանչի մի րոպեով, ― հրամայելու պես խնդրում կամ խմդրելու պես հրամայում է Աշոտ դային։

― Արմանի՞ն, ― հարցնում է Վանյան և ցուցամատով ձախից աջ մի գիծ է քաշում իր ճակատի վրա և հարցական նայում Աշոտ դայուն․

― Այո՛, այո՛, ― հաստատում է Աշոտ դային։

Վանյան նայում է շուրջը։

― Չորտ եվո զնա՜յ, կարանտի՜ն, ― քրթմնաջում է նա և դուռը ծածկում։

Քիչ հետո դուռը բացվում է և դռների մեջ հայտնվում է Սանասարը․

― Ի՞նչ կա, ― հարցնում է նա՝ անհաջող անտարբերությամբ։

Աշոտ դային նայում է նրան անթարթ աչքերով և կամաց ասում․

― Տոպրակը բեր։

Սանասարը նայում է ինձ․

― Ի՞նչ է ասում, ― հարցնում է նա այն տոնով, երբ լեզուն չեն հասկանում և դիմում են թարգմանի օգնությանը։

― Տոպրակը տո՛ւր, անպետքի մեկը, ― ձայնը չի բարձրացնում Աշոտ դային։

― Դե՛․ դե՜, շառդ քեզ քաշի, ― ֆշշում է Սանասարը։

Ի՞նչ պատահեց․ ինչ որ պատահեց, պատահեց մի ակնթարթում․ ես միայն տեսա, որ Սանասարը երկու ձեռքով ծածկեց դեմքը, իսկ մատների արանքից արյունը ծորաց դուրս։

― Տոպրակը, ― պնդեց Աշոտ դային այս անգամ բարձրաձայն։

Նա թափ առավ հայտնի չէ, երկրորդ հարվածը հասցնելո՞ւ, թե՞ պարզապես վախեցնելու համար, բայց այդ միջոցին մեկը բռնեց երկու ձեռքով նրա բազուկը։ Կոմենդանտի օգնական Նոդարի Անջաբաձեն էր։ Բարձրահասակ, առնական, գեղեցկադեմ Անջաբաձեն գրկեց Աշոտ դայուն, երեսը քսեց նրա երեսին և հարցրեց․

― Վ չո՞մ դելո, կացո․․․

― В чем дело? А дело в том, что Աշոտ դայուն մեկուսարան տարան։ Ես պառկել եմ բարաքում, անկողնու վրա։ Չկա Աշոտ դային, և ես ինձ զգում եմ որբացածի նման։ Իջնում է երեկոն աշխարհի և ճամբարի վրա․ բարաքում, այստեղ֊այնտեղ վառվում են անհատական ճրագները։ Զամանովը գլխին է քաշել ծաղկազարդ, հայրենական կեղտուկուր վերմակը և քնել է։ Աշոտ դայուն մեկուսարան տարան․ այդ նշանակում է, որ նա օրական երեք հարյուր գրամ հաց պիտի ստանա և մի բաժակ ջուր․ ոչ ավել, ոչ պակաս։ Պետք էր մտածել նրան հաց հասցնելու մասին․ այդ մասին պետք է խոսել Անջաբաձեի հետ։ Մոտենում է բրիգադիր Աբլապը և հարցնում է ինձ․

― Նոր բան չգիտե՞ս։

― Աշոտին տարան պետի մոտ հարցաքննության։

Ես չեմ համբերում, հագնում եմ վալենկաներս, ականջավոր գլխարկս և ուզում եմ տախտակամածից վար իջնել, երբ հայտնվում է Սանասարը։ Նրա ծնոտը կապված է թարմ վիրակապով․ ըստ երևույթին Աշոտ դային հանաք չէր արել։ Բայց ինչո՞ւ եկավ նա։ Ի՞նչ գործ ունի այստեղ։

― Տեսա՞ր ինչ արավ, ― հարցնում է նա կոտրված։

― Տեսա, ― ասում եմ ես։

― Ես նրան կսպանեմ, ― ասում է նա և ինքն էլ չի հավատում իր ասածին։

Ես ասելիք չունեմ․ պարզ է, որ նա այդ նպատակով չի եկել։

― Ես նրան կսպանեմ, ― կրկնում է նա բռնելով սյունից, ըստ երևույթին կարծելով, որ ես չլսեցի։

― Լսեցի, ― ասում եմ ես, ― դու նրան կսպանես։

― Կարծում ես չե՞մ սպանի, ― ասում է նա խեղճացած աքլորի նման։

― Կարծում եմ չես սպանի, ― համաձայնում եմ ես։

Նա մտածում է։ Պարզ է, որ նա ասելիք ունի։

― Զեմլյակը զեմլյակին բեդամաղ չպիտի անի։

― Իսկ դո՞ւ, ― հարցնում եմ ես։

― Ես ի՞նչ։ Ես հաշիվ չեմ։

― Իսկ ինչո՞ւ հաշիվ չես։

― Ես կորած մարդ եմ, ― լինում է պատասխանը։

Ես նայում եմ նրա դեմքի երևացող մասերին․ վիրակապերի մեջ նա թվում է բոլորովին երիտասարդ, համարյա պատանի, համարյա, ինչպես ինքն է ասում՝ կորած մարդ։

Բարաքը կարծես լուսավորվում է։ Առույգ քայլերով, ժպտադեմ, ներս է մտնում Աշոտ դային։ Նա տեսնում է Սանասարին և ամենևին չի զարմանում։ Նա հանում է իր կիսամաշ քուրքը և թեթև բարձրանում է տախտակամածին։

― Էսպես, ― ասում է նա, հետո նայում է Սանասարի վրա։ ― Բարձրացի՛ր, նստի՛ր, հերո՛ս, ― ասում է նա։

Հերոսը բարձրանում է ու նստում։ Ինձ զարմանք է պատճառում այն հանգամանքը, որ Աշոտ դային ոչ մի խոսքով կամ ակնարկով չի անդրադառնում այն պատճառին, որի արդյունքը եղավ այն, որ նստած է մեր դեմ Տայշետից ժամանած ասպետը, վիրակապով փաթաթված դեմքով։ Խոսակցությունը գնում է, ավելի շուտ, Աշոտ դային տանում է կենցաղային մանրուքի, եղանակի, ծանրոցների, բրուտանոցի և հարակից խնդիրների մասին։ Իսկապես որ զարմանալի մարդ է այս Աշոտ դային, խփեց, արնաշաղախ արավ մարդուն․ վիրակապերի մեջ կորցրեց դեմքը, իսկ հիմա նստել փիլիսոփայում է․

― Բոլոր նշաններից երևում է, որ այս տարի գարունը շուտ է բացվելու։

«Իսկ ճամբարի պետը ինչո՞ւ էր կանչել քեզ, ― ուզում եմ հարցնել ես, ― ի՞նչ պատահեց, որ ազատվեցիր մեկուսարանից, ինչի՞ մասին խոսեց ճամբարի պետը, գուցե այն մասին, որ այս տարի գարունը շո՞ւտ է բացվելու։ Իսկ Տայշետի հերոսն իր հերթին․․․ ինչո՞ւ չի ասում, Աշոտ դայի, ես եկել եմ քեզ սպանելու․․․» ։

Զամանովը շարժվեց․ այդ երեքս էլ նկատեցինք և երեքս էլ ցույց տվինք, որ չնկատեցինք։ Նա չզարթնեց, շուռ եկավ մի կողքի, և նրա չափավոր խռմփոցը լռեց։

Ես չգիտեմ, թե ինչի՞ մասին չխոսվեց այդ օրը, սակայն ըստ էության ոչ մի խոսք, եթե չհաշվենք այն, որ մի անգամ, երբ խոսքը գնում էր աշխատանքի մասին, Աշոտ դային թռուցիկ հարցրեց Սանասարին, ― որտե՞ղ ես աշխատելու, ― և առանց սպասելու նրա պատասխանին, խոսեց բրուտանոցի ընդարձակման անհրաժեշտության մասին և որ ներկա բրուտանոցը չափազանց նեղվածք է, ― կգաս, կտեսնես, ― նորից նա խոսքը կարծես պատահաբար նետեց Սանասարին։

Սանասարը գնաց ինչպես եկել էր, առանց հետք թողնելու իր ետևից։ Ասել առանց հետք թողնելու իր ետևից՝ այնքան էլ ճիշտ չէր լինի, որովհետև քիչ հետո, երբ զարթնեց Զամանովը, վերմակը մի կողմ նետեց և կարգի բերեց բարձը, բարձի տակից դուրս քաշեց ծխախոտով լեցուն իր տոպրակը․

― Թութո՜ւնս, գտա՜ թութունս, քյահըրբարի ՜ պես թութունս, ― հրճվանքով գոռաց նա բարաքով մեկ։

․․․ Բարաք մտավ վերակարգիչ Սիդորովը՝ անբաժան ֆաներան ձեռքին։ Կարճահասակ էր նա, կլոր, փոքր աչքերի վրա շեկ հոնքեր․ նա խոժոռում է դեմքը և գոռում բարաքի ավագի և օրապահի վրա․

― Ես քեզ Կոլոկոլնիկով, քո Նուրանբաևի հետ կուղարկեմ այնտեղ, ուր խեցգետիններն են ձմեռում։ Սրանց մի տես, ճարպակալել են, բարաքը վերածել են խոզանոցի, իրենք էլ խոզերի պես․․․ Ես ձեզ․․․ ես․․․ ձեր․․․

Բոլորն էլ գիտեն, որ եթե վերակարգիչի մուտքի ժամանակ Նուրանբաևը բարաքով մեկ ազդարարեր «ուշադրություն», նա չէր հարձակվի ո՛չ ավագի, ո՛չ օրապահի վրա։ Ընդհանրապես այդ «ուշադրությունը», երբ հնչում է բարաքներում, խիստ տպավորիչ ազդեցություն է թողնում մարդկանց վրա, նրան հաջորդում են քար լռություն ու լարվածություն։ Ըստ օրենքի, «ուշադրություն» ազդարարվում է, երբ ազատ աստիճանավորներն են բարաք մտնում․ այդ չի խանգարում, որ կալանավոր պաշտոնյաներն իրենց շոյված զգան։ Եթե ավելի խոհեմ օրապահները, խախտելով օրենքը, իրենց մուտքը նույնպես զգացնել տան բարաքին՝ եթե ոչ առաջին կարգի, գոնե երկրորդ, երրորդ կարգի հանդիսավորության ազդարարությամբ․․․

Սիդորովը մոտեցավ Աշոտ դայուն․

― Դու խնդրել ես պետից, որ այդ Տայշետից եկած հայը քո բրուտանոցո՞ւմ աշխատի։

― Այո, ընկեր Սիդորով։

― Լավ, ես կհայտնեմ նրան, որ վաղը աշխատանքի դուրս գա, բայց շատ եմ վախենում, որ բան դուրս չի գա։

― Փորձը փորձանք չէ, ընկեր Սիդորով։

― Փորձիր, ― ասում է նա, ֆաներայի վրա մի բան է նշանակում և դուրս է գալիս բարաքից գործնական քայլերով։ Նրա դուրս գալուց հետո բարաքի ավագ Կոլոկոլնիկովը հարձակվում է Նուրանվաևի վրա․

― Շուն֊շան որդի, հազար անգամ ասել եմ, գոռա՛ «внимание», երբ այդ շունը ներս է մտնում․․․

Մի թանկագին բան գտած մարդու երջանիկ ժպիտով, սև աչքերը շողացնելով, բուշլատի մեջ փաթաթված, բարաքից դուրս է սահում Իմամ Ալի Բադիրբեգովը։ Բոլորը գիտեն, որ նա գնաց վերակարգիչ Սիդորովին զեկուցելու, որ բարաքի ավագ Կոլոկոլնիկովը նրան «շուն» անվանեց։ Վաղուց նա համառ աշխատանք է տանում ավագին գահընկեց անելու ուղղությամբ ― նրա տեղը բռնելու համար։ Իսկ դա հեշտ գործ չէ, Կոլոկոլնիկովը կոմենդանտի մարդն է․ բարաքի բնակիչներից որևէ մեկը ծանրոց է ստանում, նա իր ստացած բաժինը կիսում է կոմենդանտի հետ, ի՞նչ կարող է անել Իմամ Ալին այդ ամեհի դաշնակիցների դեմ։ Բայց նա չի հուսահատվում, հետևում է ավագի ամեն քայլին և երազում է այն օրը, երբ կկանչեն նրան գրասենյակ և կհրամայեն․

― Ընդունիր համար յոթ բարաքը․․․


    

5

Ռուսական Г տառի նման կանգնած փայտե հարմարանքից կախված երկաթե սալիկի վրա երեք անգամ զրնգաց հերթապահ ավագի երկաթե գավազանիկը։ Այդ աշխատանքի ազդանշանն է։ Բարաքներից դուրս են գալիս ճամբարի բնակիչները տաք հագնված, գոլորշի արտաշնչելով, բրիգադ առ բրիգադ կանգնում են մեծ ճանապարհի վրա, դեռ փակ դարպասների դեմ, կանգնում են հնգյակներով, բրիգադիրների և վերակարգիչի հսկողության տակ։

Մոտենում է վերակարգիչ Սիդորովը Աշոտ դայուն․

― Քո աշխատանքի հերոսը հրաժարվեց աշխատանքի դուրս գալուց։

Աշոտ դային ժպտում է․ ես գիտեմ, թե ինչ է նշանակում այդ ժպիտը, ― ես այդպես էլ գիտեի․․․

Բացվում են դարպասները․ դրսում կանգնած են ճամբարի պետը, կոմենդանտը, գլխավոր բժիշկը՝ սև ակնոցներով ու սպիտակ բժշկական համազգեստը ծածկած մուշտակով, նրանից քիչ հեռու պահակախումբն է․ նրանք ուղեկցում են աշխատանքային բրիգադներին։ Հինգ առ հինգ դուրս են գալիս բրիգադները և գնում զանազան ուղղությամբ, դեպի իրենց աշխատանքային կետերը։ Վերջում դուրս ենք գալիս մենք՝ «գործարար բակի» արհեստավորական՝ ատաղձագործների, կոշկակարների, աղյուսագործների, տակառագործների բրիգադները։ Դերձակներին միանում են մի քանի դերձակուհիներ, որոնց մեջ աչքի է ընկնում մոլդավուհի Սև Լյալայն, սև, վառվող աչքերով, սև, գռուզ մազերը տաք, ականջավոր գլխարկի մեջ սեղմած Սև Լյալյան, ատամներն սպիտակ և միշտ ժպտուն Լյալյան, որի մասին ասում են, որ նա բացել է գողերի մի խմբակի չարագործությունները։ Նա դեռ կրում է իր տնային տաք վերարկուն, որը կարծես ծածկված է սև ձկնկիթի փայլուն շերտով։

Ւնչ վերաբերում է բրուտանոցին, ապա մենք երեք հոգի ենք՝ Աշոտ դային, վարպետը, աբասթումանցի կառապան Մամոն և ես։ Ես ցեխ եմ պատրաստում, վարպետը՝ ամաններ, իսկ Մամոն օգնում է և՛ վարպետին, և՛ ինձ։ Վաղուց Աշոտ դային մտածում է Մամոյին հիմնավորապես նստեցնել «անիվի» վրա, իսկ ինձ համար բերել մի օգնական։ Այդ մարդը Սանասարը պիտի լիներ, Տայշետից եկած «աշխատանքի հերոսը», Սանասարը, որի համար բրուտանոցն այն է, ինչ օդաչուի համար կառք քշելը երևի։

― Մարդն է՞լ ցեխի հետ գործ բռնի․․․

Խա՛րթ֊խո՛ւրթ, խա՛րթ֊խո՛ւրթ, ― «գործարար բակի» ջոկատը քայլում է ձյունոտ դաշտերով։ Մենք անցնում ենք հրշեջային աշտարակի մոտով։ Աշտարակի վրա կանգնած է հրշեջ պահակը։

― Քեռի՜, է՜յ, քեռի, մի լավ նայի, ամնիստիան չի՞ երևում, ― լսվում է հանդուգն Սև Լյալյայի ձայնը, և բոլորը զվարթ ծիծաղում են։

― Իսկ ինչո՞ւ են այդ աղջկան դատապարտել, ― հարցնում եմ ես Աշոտ դայուն, ― չէ՞ որ նա հայտնաբերել է գողերին։

― Նա սիրելիս է եղել գողերի ատամանին, ― պատմում է Աշոտ դային, ― ուզեցել է ընտանիք կազմել և նրան փրկել վերահաս կորստից․ այս նպատակով էլ նա ներկայանում է օրգաններին, խոստանում է հանձնել հանցագործներին, պայմանով, որ ատամանին ազատեն։ Խոստանում են, բոլորին ձերբակալում և դատում, իրեն էլ հետը։

― Մեղադրանքը՞, ― հարցնում եմ ես։

― Գողերին գողության, իսկ Լյալյային նրանց հետ կապ ունենալու և երկար ժամանակ թաքցնելու, չհայտնելու համար։

Ամբողջ պատմությունը։

Ահա և «գործարար բակը», որը ոչ մի նմանություն չունի ոչ մի բակի հետ։ Մոտ վեց հեկտարանոց բաց տարածություն է դա, որի վրա տեղավորված են արհեստանոցներ, պահեստներ, գրասենյակներ, աղյուսի չորանոցներ։ Արևելյան, արևմտյան, հյուսիսային և հարավային կողմերում կանգնած են հսկիչ աշտարակներ։ Աշտարակների վրա պահակները ձանձրանում են, ― փախուստի ոչ մի դեպք։ Մի անգամ միայն տագնապ եղավ մեծ և անասելի․ այդ գարնանն էր։

Երբ «գործարար բակի» ողջ ամձնակազմը երեկոյան հնգյակներով կանգնեց ճամբար վերադառնալու համար, ստուգման ժամանակ պարզվեց, որ չկա Վենիամին Զակինը, որի պաշտոնը խոհանոցում գետնախնձոր մաքրելն էր։ Իսկույն ականջից ականջ հայտնի եղավ, որ շատերը կասկածում էին, թե նա այն չէ, ինչ ցույց էր տալիս իրեն, որ անաշխատունակ, քամուց օրորվող, շատակեր, քնկոտ Զակինի դիմակի տակ «գործարար բակի» խոհանոցում կոճղի վրա նստած գետնախնձոր է մաքրում իսրայելացի ընդհատակյա մի հերոս, որ կարողացավ պահականու քթի տակով սլանալ դեպի ազատություն, որտեղ նրան սպասում են մեծ առաքելություններ և մեծագործություններ։ Ծույլ, հույլ, թույլ Զակինը մի ակնթարթում սրբապատկերի նման հարմար կերպով տեղավորվեց ոսկեզօծ շրջանակների մեջ և անմահաբար հերոսացավ և հերոսաբար սրբացավ։ Ահավո՜ր Զակին․․․

Այո՛, պահականին իրար անցավ։ Նրանք մի բան արած լինելու համար վազեցին զանազան ոռղղությամբ, մտան ցեխերը, մինչև անգամ գրասենյակը և ահա զարմանալին․ աղյուսի գործարանի կողմերից երևաց նորին իսրայելական մեծության Վենիամին Աբրամովիչ Զակինը, արհեստական, զսպանակավոր մարդու նման քայլերը փոխելով, ուսից կախված անբաժան, Ռամզես արքայի ժամանակներից մնացած տոպրակաով։ Շուտով հայտնի դարձավ, որ նա ճաշից հետո իր քայլեն ուղղել է դեպի աղյուսի գործարանը՝ ճաշից հետո և ընթրիքից առաջ լրացուցիչ կերպով մի թեթև կազդուրվելու համար։ Այս նպատակով նա վերցնում է մի քանի ընտրովի գետնախնձոր և հանձնում է իրեն բարեհաջող քամուն, որը բարեբախտաբար փչում էր դեպի աղյուսի գործարանը։ Այդտեղ նա գտնում է հանգած, բայց դեռ տաք մի քուրա, գետնախնձորը թաղում տաք մոխիրների մեջ և թրծարանից առավոտյան հանած դեռ ջերմ աղյուսների վրա պառկում է և ննջում փարավոնական, բարձր մակարդակի նինջով։

Ամբողջ պատմությունը։

Երբ ոսկե շրջանակներից դուրս ընկած և պսակազերծված հերոսը երկու պահակների ուղեկցությամբ որոշակի կերպով մոտեցավ, բարձրացավ մի ընդհանուր ծիծաղ։ Իր ծիծաղը չկարողացավ զսպել մինչև անգամ գերմանացի հյուսն Դոմինիկ Կարլովիչ Ֆեֆերը, որը բուն հեղինակն էր Զակինի նոր վերաորակավորման ու նենգափոխման․․․

Այդպես պատահեց։

․․․ Բրուտանո՛ց, անմոռանալի բրուտանոց։ Ես վառում եմ վառարանը․ այս անհրաժեշտ է ոչ միայն տաքանալու, այլև ջուր տաքացնելու՝ ցեխ պատրաստելու համար։ Վառարանը զվարթ աղմկում է։ Մամոյի հետ բաց, տախտակե պատգարակով կրում ենք շագանակագույն հողը և լցնում տաշտակը։ Մամոյի տրամադրությունն այսօր բարձր է, նա չի հայհոյում ինձ ոչ միայն Աշոտ դայու ներկայությամբ, այլև բացակայությամբ։ Կարճահասակ է Մամոն, մոտ քառասունհինգ տարեկան, արագաշարժ և հնարագետ, երբ քաղցած է՝ անսահման չար, երբ կուշտ է՝ չափավոր բարի, գլուխը երկարավուն, քիթը կեռ, բարակ շրթունքները բեղերի փակագծերով ամփոփված, Մամոն, աբասթումանցի ազատ կառապան Մամոն, որն անգամ մի քիչ հայերեն գիտի և նույնքան ռուսերեն։

Ցեխը պատրաստ է։ Աշոտ դային և Մամոն նստում են իրենց չարխերի վրա։ Պտտվում է անիվը, Աշոտ դային վերցնում է մի կտոր ցեխ, դնում է չարխին, մատներով օգնում, ձև է տալիս անշունչ կավին և ահա հողե նույնքան անշունչ ամանը պատրաստ է։ Իզուր չէ, որ Աշոտ դային մեծ հեղինակություն ունի ճամբարում, մի ժամում մի քանի տասնյակ ամաններ կողք֊կողքի շարելը նրա համար խաղ ու պար է, պատվո տախտակից նրա անունը չի իջնում, և նա մրցակից չունի։ Նա պատրաստում է նաև սափոր, մոխրաման, ծաղկաման։ Պետերը, պահակները նրան «մաստեր» են անվանում, Մամոն՝ «ուստա» ։

Ով՝ ով, Մամոն իրավունք ունի Աշոտ դայուն «ուստա» անվանելու, որովհետև ամբողջ օրվա ընթացքում հազիվհազ արյուն, ո՛չ, քրտինք թափելով, անհայտ «սվոլիչ» ֊ներին հայհոյելով, մատներին չենթարկվող կավը տաշտում շրփացնելով կարողանում է միայն տասը֊տասներկու աման պատրաստել, որոնք վարպետի պատրաստած ամաններից տարբերվում են այնպես, ինչպես ագռավները աղավնիներից։

― Սվոլիչ, ցեխն էլ ցեխ չի՛, չի՜ հասել, ― գոռում է նա, իսկ ես գիտեմ, որ «սվոլիչը» ոչ այնքան ցեխին է վերաբերում, որքան ինձ։ Աշոտ դային բարձրանում է տեղից, տաշտից վերցնում է Մամոյի շպրտած ցեխի գունդը, դնում է իր չարխին, և բարեձև ամանը պատրաստ է։ Խեղճացած Մամոն ուզում է մի բան ասել, բայց այդ պահին լսվում է ճաշի ազդանշանը։ Մամոն արագ վեր է թռչում տեղից, լվանում է ձեռքերը, վերցնում փոքրիկ դույլը և վազում խոհանոց ճաշ բերելու։

Բայց այդ միջոցին դուռը բացվում է և ներս է մտնում ոչ ավելի ոչ պակաս, քան մոլդավուհի Սև Լյալյան։ Կասկած չկա, որ եթե Մամոն այստեղ լիներ, վեր պիտի թռչեր տեղից, երկու ձեռքով մերկացներ գլուխը և աջ ձեռքի հինգ մատով ճակատի աջակողմը ծածկելով, ամբողջ ձայնով գոռար․ ― «վնիմանի՜», ― ինչպես անում է նա, երբ բրուտանոցում երևում է որևէ ազատանի․ ― «դատարկ գլխով պատվի չեն առնում», ― կասեր «գործարար բակի» պետը, իսկ Մամաոն կժպտար ամբողջ դեմքով, առանց աչքերը կտրելու պետից։

― Ուշադրությո՜ւն, ― զվարթ ձայնով կանչեց Լյալյան, ― սեփական ոտներով բրուտանոց ժամանեց Սև Լյալյան, ստուգելու համար բրուտանոցի պլանները․․․

― Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, ― «զեկուցեց» Աշոտ դային, ― գործերը գնում են, գրասենյակը գրում է։

― Իսկ իմ գործերը վատ են, ― լրջացավ աղջիկը ― նախ՝ ասեղով մատս ծակեցի և ամենասարսափելին՝ ճաշի ամանս կոտրվեց․


     Ջարդվեց բաժակս, թափվեց գինին,
     Իմ վերջը ի՞նչ պիտի լինի, ―


     Երգեց նա և շարունակեց․ ― Ես գիտեմ, պիտի ասես՝ պահեստ գնա, պատասխանում եմ, ― պահեստապետին չեմ սիրում, նախ՝ ֆսֆսում է, երկրորդ՝ նայում է ագռավի աչքերով այնպես, որ ինձ թվում է, թե ես մի կտոր պանիր եմ։ Իսկ ես պանիր չեմ, իսկ եթե պանիր եմ, նրա համար չեմ, թող իմանա․․․ Այն էլ ասեմ, որ ես դիտմամբ ջարդեցի ամանս, որ գամ ձեզ հետ ծանոթանամ։ Իսկ եթե ճիշտը կուզեք․․․ նա ժպտաց ու երգեց․


     Դու արևի երկիր, դու խաղողի երկիր,
     Սիրուն Մոլդավիա․․․


     ― Իսկ եթե ճիշտ կուզեք, ոչ մի աման էլ չի ջարդվել․ մի պատրվակ պե՞տք էր ճարել, թե ոչ։ Ես կարող էի գալ և ասել, ― քեռիներ, ո՞ւմ կոճակն է ընկել, տվեք կարեմ․ դուք գլխի կընկնեիք, որ հնարած գործ է, իսկ աման խնդրելը․․․ ո՞վ կարող է մտքով անցկացնել, որ ուրիշ մտքով եմ եկել, ոչ ոք։

Աշոտ դային ծիծաղում է իրեն հատուկ անձայն ծիծաղով, իսկ այդ ժամանակ ներս է մտնում Մամոն դույլը ձեռքին։ Նա հանկարծակիի է գալիս, բայց անմիջապես կողմնորոշվում է, ժպտում ամբողջ դեմքով և բարևում է․

― Վնիմանի ― զդրաստի․․․ ուստա, ― դիմում է նա հետո Աշոտ դայուն, ― հինգ բաժին տվեց խոհարարը, մի մոխրաման խնդրեց։

― Ո՞ւմ հաշվից տվեց, ― հարցնում է Աշոտ դային կարծես ինքն իրեն։

― Զրկիր Վանյայի հաշվին, այ ուստա, «բեզ վադի, նի սուդի֊տուդի», ― փայլեց իր ռուսերենով Մամոն՝ յոթերորդ երկնքից։

― Ապրում եք ոնց որ պրովոկատոր, երեք հոգուն այսքան ճա՞շ, ― ասում է աղջիկը՝ ձեռքը խփելով երեսին։

― Նստիր միասին ճաշենք, Լյալյա, ― ասում է Աշոտ դային, ― եղիր այսօր մեր հյուրը։

― Կարծում եք կմերժե՞մ, ― հարցնում է նա՝ Աշոտ դայուց վերցնելով նրա աշխատանքային գոգնոցը և կախելով սյունից, ― վաղուց տղամարդկանց հետ չեմ ճաշել։

Նա հանում է իր վերարկուն և կախում մյուս սյունից։ Այսպիսի շռայլություն Աշոտ դայու կողմից Մամոն ուրիշ դեպքում կընդուներ որպես երկնքից ընկած կրակ ու պատիժ, բայց ահա նա ժպտում է․ քնքշությամբ շոյում սեփական բեղերը, երկար նստարանը քաշում է վառարանի մոտ, շորով մաքրում փոշին և ձեռքի ափով խփում է նստարանին։

― Պաժալուստա՛․․․

Ապա թե Աշոտ դային լվացվում է, սրբում ձեռները, մտնում է բրուտանոցի երկրորդ, պատրաստ ամանեղենի բաժինը և դուրս է գալիս մի նոփ֊նոր աման ձեռքին։ Մամոն խլում է ամանը, եռացրած ջրով հիմնավորապես լվանում, հոտ քաշում, նորից լվանում, հետո բաժանում ճաշը և ուրախ կոլեկտիվն անցնում է գործի։ Սովորաբար Մամոն ուտում է չփչփացնելով և դրա համար նա մի անգամ չէ, որ ստացել է նկատողություն Աշոտ դայուց, իսկ այսօր նա ուտում է անձայն ու հանդիսավոր։

― Քեռի, ― ասում է Լյալյան ճաշի ժամանակ, ― մի բան էլ պիտի խնդրեմ, ― թուղթ և մատիտ․․․

― Երեկոյան, ― ասում է վարպետը, ― գնանք տուն, կստանաս։

― Տո՞ւն, ― հարցնում է աղջիկը։

― Տո՜ւն, ― ձգում է Մամոն։

― Տուն, ― ասում եմ ես մտքումս, և չգիտես ինչու՝ բոլորս էլ տխրում ենք։

Հնչում է ազդանշանը։ Այդ նշանակում է ճաշի դադարը վերջացավ։ Աղջիկը վեր է թռչում տեղից։

― Շնորհակալություն հյուրասիրության համար, վաղուց այսպիսի ախորժակով չէի ճաշել․․․ Իսկ եթե ինձ այստեղ տեսնեն, մեկուսարան չե՞ն քշի․․․ Չեն համարձակվի։ Ես գիտեմ, ո՜ւր եմ եկել։

Բոլորս ոտքի ենք կանգնում։ Աշոտ դային հագցնում է վերարկուն։ Նա նայում է բոլորիս և ժպտում է իր սպիտակ ատամներով և երգում․


     Կակաչների երկիր, վարդերի երկիր,
     Սիրո՜ւն Մոլդավիա․․․


     ― Գնացի, առանց ինձ չտխրեք։ Երեկոյան տանը կտեսնվենք։

Նայեց սառցապատ ապակիներին և կարծես ինքն իրեն կրկնեց․

― Երեկոյա՛ն․․․ տանը․․․

Նա արագ բարձրացրեց գլուխը կարծես ինչ֊որ մտքից ազատվելու համար, գրեթե վազեց մինչև դուռը, երկու ձեռքով հրեց այն, առանց ետ նայելու բարձրացրեց ձեռքը, շարժեց մատներն իբրև հրաժեշտի նշան, ու դուռը ծածկվեց նրա ետևից։

Լռություն։

Ես նայեցի այն սյունին, որից քիչ առաջ կախված էր Լյալյայի վերարկուն։ Սյունը մերկ էր ու գեղեցիկ, ինչպես գեղեցիկ է նշենին տերևաթափից հետո։ Ես նկատեցի և այն, որ Աշոտ դայու ու Մամոյի հայացքը նույնպես թափառում է նույն սյունի ուղղությամբ։


     Կակաչների երկիր, վարդերի երկիր,
     Սիրուն Մոլդավիա․․․


    

6

Օրամուտի մանուշակագույն աղջամուղջում օրորվում է ուղղիչ֊աշխատանքային ճամբարն իր շրջակայքով։ Սառնամանիքը սեղմում է։ Աշխատավորական բրիգադները «տուն» են վերադառնում։ Ինչ լավ է, երբ ֆիզիկական աշխատանքից հոգնած, ցրտից այրվող դեմքով բարաք ես մտնում ու զգում ես վառվող վառարանի անճառելի ջերմությունը։ Երևի աշխարհում չկա այնպիսի մեծ հաճույք, քան ֆիզիկական աշխատանքից հետո հանգստանալու հաճույքը։ Մենք ազատվում ենք ավելորդ շորերից, բարձրանում տախտակամածների վրա և անձնատուր ենք լինում այդ գերագույն հաճույքին։ Փառք կյանքին և Նուրանբաևին, մանավանդ Նուրանբաևին, որը վառ է պահում վառարանի կրակը և ջերմությունը։ Նուրանբաև, ես սիրում եմ քեզ։

Համար 7 բարաքի ավագ Կոլոկոլնիկովը մոտենում է բարաքի մեջտեղ դրված ընդհանուր սեղանին, մի ձեռքում իր վառվող ճրագը, մյուսում՝ նամակների մի փաթեթ։ Տիրում է լռություն։ Կոլոկոլնիկովը դնում է ակնոցը։

― Պասյատոսյո՜ւչոս, ― հնչում է նրա գրեթե կանացի ձայնը։

Վառարանի աջակողմից, վարի տախտակամածից դուրս է թռչում մի հաղթանդամ երիտասարդ՝ թխադեմ, թխամազ, բաց կապույտ, թախծոտ աչքերով։

― Պարի՛ր, ― ասում է Կոլոկոլնիկովը աջ այտը վեր քաշելով, մի դիմախաղ, որը նրա ժպիտն է։

Լուրջ դեմքով պարզում է իր ձեռները աջ ու ձախ, թեթև բարձրանում է ոտի մատների վրա, իջնում և ստանում է նամակը Եորգո Պապատոսյուլոսը։

― Ռոստովսկի Վիկտոր Ռոմանովիչ․․․

― Այստեղ եմ, ― լսվում է հրճվալից մի կռինչ․ Երկրորդ հարկի տախտակամածից սյունը գրկած վար է սահում շեկ, ցից մազերով մի ծերուկ՝ ակնոցները ճակատին․ գլխավոր դերձակ Ռոստովսկին մոտենում է ձեռները բարձր, որպես թե պարելով, ստանում նամակը։

― Բագիրբեգով Մամալի թե Պապայի, սատանան գիտի, չեմ ջոկում։

Իմամ Ալի Բագիրբեգովը մոտենում է հեգնական ժպիտով։ Նրա անունը Կոլոկոլնիկովը դիտմամբ խեղաթյուրում է։ Նրան հայտնի է Իմամ Ալու ընդհատակյա խարդավանքները՝ բարաքի ավագ դառնալու համար։

― Կարող ես չպարել։ Երբ աստծո և վերակարգիչի օգնությամբ ավագ դառնաս, այն ժամանակ կպարես։ Վերցրու, խեղճ մարդ, ռուսերեն ո՛չ գուգու, ո՛չ մումու ու դեռ ուզում է․․․ Աչքիս չերևա՛ս։ Ֆրենկել Իսիդոր Գալակտիոնովիչ։

― Ես եմ Ֆրենկելը։

Առաջ է վազում գունդ ու կլոր, կլոր ակնոցներով և կարմիր թշերով «գործարար բակի» պահեստապետ Ֆրենկելը․ այս այն Ֆրենկելն է, որ Լյալյայի վկայությամբ նախ ֆսֆսում է և հետո, որ ավելի կարևոր է, նայում է Լյալյայի վրա, ինչպես ագռավը մի կտոր պանրի վրա, իսկ Լյալյան պանիր չէ, իսկ եթե պանիր է․․․

Նա վերցնում է եռանկյունի նամակը, հոտոտում է և ասում․

― Ծանրոցի հոտ եմ առնում։

Երբ նա անցնում է մեր մոտով, ես կռանում եմ տախտակամածին և ասում եմ նրա ականջին․

― Ֆրենկել, Լյալյան պանիր չէ, իսկ եթե պանիր է, քեզ համար չէ․․․

Նա նայում է ինձ, կլոր ակնոցների տակ արագ֊արագ թարթում աչքերը և կարծես հասկանում է․

― Չեմ սիրում հիմար կատակներ։

― Ֆրենկել, ուրեմն մի՜ զբաղվիր հիմար կատակներով, ― գոռում եմ ես նրա ետևից։

― Պոպեյկո Միխաիլ Միխայլովիչ․․․

Նամակներ կան Ալմա֊Աթայից և Ռոստովից, Սամարկանդից ու Երևանից, Մինսկից, Մախաչ֊Կալայից, Մոսկվայից, քաղաքներից, ավաններից, գյուղերից։ Բոլորն էլ գրում են, որ շատ լավ են, չափազանց ողջ և պետք եղածից ավելի առողջ են, որ հեռու չէ մեծ հանդիպման օրը և որ նրանց տանջում է միայն կարոտը, սրտամաշ կարոտը, որի համար և արտասվում են, իսկ այնպես ապրում են ուրախ, չափազանց ողջ և պետք եղածից ավելի առողջ։

― Ասացե՜ք խնդրեմ, ախ, դու, խոլերա, տեսա՞ք արածը․․․

Սարոկինն է, Իվան Պետրովիչ Սարոկինը, քույրը գրում է, որ կինը՝ Նադյան, ամուսնացել է։

― Ասացե՜ք խնդրեմ, ― կրկնում է նա ուշադրությամբ նայելով նամակին, կարծես հազվագյուտ նկար է դիտում, ― և ո՞ւմ հետ, մեր քաղսովետի կոմունալ բաժնի վարիչ Բուրդենկոյի հետ, նա, որ ինձ վրա ցուցմունք է տվել․․․ Եվ տեղն է այդ սրիկային, ― շարունակում է նա և չգիտես ինչու ժպտում, ― կինս նախ չբեր է, հեմոգլոբինից խեղճ, ջղային է ու սրտի արատ ունի, սարսափելի խանդոտ է ու փառասեր, տե՜ղն է այդ հարբեցող Բուրդենկոյին, թող տանջվի՛, հոգի՜ն դուրս գա։

Երկու բռունցքները ծնկներին, մազակալած, տանջված դեմքով, անթարթ, խոշոր աչքերով ճրագին է նայում Վլադիմիր Մավրինը, ― կինը գրում է, որ նրանց միակ որդին, Սերգեյ Մավրինը զոհվել է Բելոռուսական ճակատում։

― Ցուցմո՞ւնք կտաս ինձ վրա, լի՛րբ, զրպարտիչ, դե քաշի՛ր պատիժդ, դավաճանի մեկը․ ասացե՜ք խնդրեմ, ― շարունակում է բարձրաձայն մտածել Իվան Սարոկինը․ ― ապրես Նադյուշա, շա՜տ ապրես, իմ վրեժը հանեցիր, Նադյուշա, սիրելիս․․․ ախ, դու, խոլերա․․․

Ընթրիքից հետո երևաց Սանասարը։ Վիրակապերը հանել էր նա, մաքուր սափրվել։ Փորձում է ժպտալ, չի հաջողվում։

― Բարձրացիր, նստիր, դեզերտի՛ր, ֆիլո՛ն, ― ասում է Աշոտ դային։

Նա բարձրանում է և նստում։ Զամանովը շարժվում է տեղում։

― Մի՛ վախենա, ― ասում է Սանասարը նրան հայերեն, ― թութունդ ինձ պետք չի։

― Ինչո՞ւ ես եկել, ― հարցնում է նրան Աշոտ դային։

― Որ մի անգամ էլ քիթ֊մռութիս տաս․․․ բինտ է, ունեմ, ― նա գրպանից հանում է գործածված վիրակապը։

― Ես քո քիթ֊մռութի հետ գործ չունեմ, ― ձայնը բարձրացնում է Աշոտ դային, ― ես ոչ քո հայրն եմ, ոչ էլ քո խնամակալը, ես ուզում էի, որ դու մարդ դառնաս, չե՞ս ուզում, գնա՛ քա՛րշ եկ, գող֊ավազակի մեկը։

― Ուրեմն ես մարդ չեմ, ― ասում է նա ասես ինքն իրեն, հետո նայում է ինձ, ― ասենք, ինչո՞ւ եմ հարցնում, ես մարդ֊մարդահաշիվ չեմ։ Պարզ է, ես էլ գիտեմ։

― Կզղջաս, տղա, ― ցավով ձայնը բարձրացնում է Աշոտ դային, ― կհիշես ինձ, ուշ կլինի։

Սանասարը լարվեց․

― Դատավորի պես ես խոսում հետս, այ Աշոտ դայի, բայց քո տեղն էլ նեղ է․ էդքան բան որ գիտես, էլ ինչո՞ւ ես նստել էստեղ, կգնայիր ռայսովետի նախագահ։ Թե՞ քեզ նստեցրել են, որ գլխիս խրատ կարդաս․․․ սպեցիալնի դրա համար ես նստել, հը՞․․․

Աշոտ դային մթնեց։

― Թե ինչու եմ ես նստել, ― ասաց նա դանդաղ, ― քո խելքի բանը չէ․ ես գողություն կամ մարդասպանություն չեմ արել։ Երևի կա մեկը, որին հարկավոր է, որ ես էստեղ նստեմ։ Բայց ես չեմ կորցրել իմ մարդկային դեմքը։ Աշխատում էի դրսում, այստեղ էլ աշխատում եմ։ Դրսում երգելով էի աշխատում, իսկ այստեղ․․․ լաց չեմ լինի․ բայց հասկացիր, ում հարկավոր է, որ ես այստեղ նստեմ, նա անմահ չէ․ ամենամեծ գողը ազատության գողն է, իսկ դու․․․ դու ի՞նչ ես որ, մանր ժուլի՛կ, թութունի գո՛ղ․․․ Զամանո՛վ, ծխել եմ ուզում։

― Զամանովը, որն արդեն փաթաթել էր մի ծխախոտ ծխելու համար, պատրաստի ծխախոտը մեկնեց Աշոտ դայուն։ Ես երբեք նրան այսքան լարված, այսքան հուզված չեի տեսել։ Նա մոտեցրեց իր ծխախոտը ճրագի բոցին, իսկ նրա ձեռքը դողում էր։

― Կփոխվե՜ն ժամանակները, կվերադառնանք մենք ազատ աշխատանքին, բայց քեզ նմանները․․․ մեր ճակատագիրը մեր ձեռքում չի՛, գրում են մեր ճակատին, ինչ ուզում են, իսկ դո՛ւ, դո՛ւ․․․

― Դո՜ւ, դո՜ւ, ․․․ տեղից շարժվեց Սանասարը, ― ի՞նչ դու, դու․․ Ես գո՞ղ եմ ծնվել, ի՞նչ է։ Ես էլ մարդ էի, բայց մարդիկ ինձ գող շինեցին։ Դո՜ւ, դո՜ւ․․․

― Ե՛տ կանգնիր, մա՛րդ դարձիր, այս է իմ, ասելը․․․

― Ուշ հասար, ― մռմռաց Սանասարը, ― ջուրն եկել ջաղացը տարել է, չախչախն էլ հետը։

― Նո՛ր ջրաղաց շինիր, նո՛րը, լա՛վը․․․

Այդ միջոցին մոտեցավ Մամոն։

― Ուստա, այ ուստա․․․

― Ի՞նչ կա, Մամո․․․

Մամոն բարձրացավ երկու ոտքի մատների վրա քիչ երկարելու բարի ցանկությամբ և ձեռքով նշան արավ Աշոտ դայուն, որ մոտենա։ Աշոտ դային կռացավ․ Մամոն ինչ֊որ շշնջաց նրա ականջին դեմքի ոգեշնչված արտահայտությամբ։ Աշոտ դային շոյեց իր ծնոտը և մի աչքը կիսափակ մնաց մի րոպե․ այդ նշանակում է, որ նա լուրջ մտածում է ինչ֊որ բանի մասին։ Իսկ Մամոն․․․ վերստին գտած իր նորմալ հասակը, նա սպասում է, ժպտացող աչքերը չկտրելով Աշոտ դայուց։ Աշոտ դային, առանց կտրվելու իր մտքերից, բաց է անում արկղը, այնտեղից հանում է մի քանի թերթ մաքուր թուղթ, ապա մի չգործածված մատիտ, խնամքով սրում է ու թուղթն ու մատիտը պարզում է Սանասարին․

― Գնա՛, ասում է, ― չափարից էն կողմ մի աղջիկ կա, տո՛ւր նրան։ Մամոն ցույց կտա։

― Աղջի՞կ, ի՞նչ աղջիկ, ― հարցնում է Սանասարը հանկարծակիի եկած ինձ նման և մանավանդ Մամոյի նման։

― Աղջի՛կ, աղջկա պես աղջի՛կ, ― ձայնը բարձրացնում է Աշոտ դային։ ― Վերցրո՛ւ, գնա՛։

Վարանոտ քայլերով Սանասարը գնում է դեպի բարաքի դուռը, նրան հետևում է կոտրված Մամոն։

Քիչ անց, ներս է մտնում Մամոն և քայլերն ուղղում է դեպի աջակողմյան տախտամածի առաջին հարկը, իր տեղը։

― Մամո՛, ― կանչում է Աշոտ դային, ― մո՛տ եկ։

― Ի՞նչ կա, ― հարցնում է Մամոն դժգոհ, մինչև հոգու խորքը վիրավորված մարդու դառն արտահայտությամբ և ցույց է տալիս, որ զբաղված է ընթրիքին նախապատրաստվելու գործով։ Նա վերցնում է իր ամանը, փչում՝ երևի փոշին․․․

― Տվե՞ց, ― հարցնում է Աշոտ դային։

― Տվեց։

― Գնա՞ց, ― ձեռք չի քաշում Աշոտ դային։

― Խոսում են, ― լինում է պատասխանը։

Հնչեց ընթրիքի զանգը։

Երկու օր Սանասարը չերևաց։ Երրորդ օրը նա եկավ և առանց նախաբանի հայտնեց, որ ուզում է աշխատել բրուտանոցում։

Աշոտ դային տվեց իր համաձայնությունը։

― Լավ։


    

7

Սանասարի գալուց հետո կյանքը բրուտանոցում զգալիորեն աշխուժացավ։ Մենք երեքս իրար գիտեինք մեր հինգ մատների պես, մեր կյանքի նշանավոր և աննշան դեպքերը պատմել էինք մեկից ավելի անգամ տարբերակներով և կրկնատարբերակներով։ Ժամերով աշխատում էինք առանց մի խոսք փոխանակելու, ամեն մեկը տարված իր մտքերով։ Խոսելու նյութ չէր մնացել։ Սանասարը բացվեց կամաց֊կամաց, միշտ վերապահ, միշտ կասկածանքով։ Մամոն ընդունեց նրան սվինների վրա, այդ բանը զգում էր նա և ավելի ազատ էր զգում իրեն, երբ Մամոն գնում էր ճաշ բերելու կամ երբ ընդհանրապես բացակայում էր բրուտանոցից։ Մամոն նրան չէր կանչում նրա անունով, «ադամ» էր կանչում նրան, որը նշանակում էր՝ մարդ։

― Ադա՛մ, ցեխ տուր․․․

― Ադա՛մ, տախտակը փոխիր․․․

Իմ «բեռը» թեթևացրեց «ադամը», նա ոչ միայն կիսեց իմ աշխատանքի ծանրությունը, այլև Մամոյի անուղղակի կերպով սահմանված «սվոլիչ» ֊ների գրեթե հիսուն տոկոսը սկսեցին գնալ ընթացիկ հաշվին։ Սանասարը ցույց էր տալիս, որ չի նկատում իր բաժինը, սակայն չէր կարելի չնկատել, որ երբեմն նրա աչքերը վառվում են չարության կրակով, վառվում արագ և արագ հանգչում։ Մի անգամ նա չկարողացավ իրեն զսպել, երբ լսեց Մամոյի հերթական «սվոլիչը» ։

― Ինչո՞ւ ես հայհոյում։

― Ես քեզ չեմ հայհոյում։

― Ո՞ւմ ես հայհոյում։

― Ինձ։ Պրծա՞վ։

Սանասարը լռեց մի պահ։

― Քոսո՛տ, ― եզրափակեց նա։

― Քոսոտը ի՞նչ է, ― դարձավ նա Աշոտ դայուն ադրբեջաներեն։

― Քո «սվոլոչի» բաջանաղն է, ― թարգմանեց Աշոտ դային, և կողմերը լռեցին։

Այն օրից, երբ Սանասարը առաջին անգամ ոտք դրեց բրուտանոց, երկու ոտները մերկացած մտավ ցեխի տաշտը և ոտներով տրորեց հում կավը մինչև պատշաճ հասունություն, այսինքն որից հետո կարելի էր ամաններ պատրաստել, անցավ ընդամենը երկու օր։ Ճաշի դադարին ներս մտավ Լյալյան։

― Ճաշելու չեմ եկել, ճաշել եմ։ Ո՞նց եք։ Ուզո՞ւմ եք ասեմ, թե ով ոնց է։ Ինչ վերաբերում է մաստերին․․․ չէ, մաստերի մասին ոչինչ չեմ ասի․ նաչալնիկների մասին, ― նա շրթունքները սեղմեց և աջ ձեռքի ափով ծածկեց շրթունքները, ― ոչ մի խոսք, ինչ վերաբերում է Մամոյին, ― նա ձեռքը խփեց Մամոյի ուսին, ― լսի՛ր, դու մի նայիր ինձ քո սև աչքերով, ավելի սևն եմ տեսել․ դու շատ լավն ես, բայց ես աշխարհ չեմ եկել նրա համար, որ բոլոր լավերին սիրեմ․․․ Ինչ վերաբերում է քեզ, ― նա նայեց ինձ և ժպտաց, ― մի՛ հուսահատվիր, ինձնից լավերին դեռ կտեսնես, ջահել ես․․․ մի ձեռքդ տուր․․․

Նա վերցրեց իմ ձեռքը, շուռ տվեց ափն ի վեր, նայեց ուշադրությամբ և երկու ձեռքով խփեց իր երկու երեսներին։

― Եթե ես լինեի ճամբարի պետ, քեզ անմիջապես կազատեի ֆիզիկական աշխատանքից, օրական 800 գրամ սպիտակ հաց կտայի, 50 գրամ շաքար, կկերակրեի կոտլետով և մաքուր յուղով տապակած կարտոֆիլով, կիսելով, կոմպոտով, հետո քեզ կկախեի, կամ․․․ կհրամայեի, որ ամուսնանաս Լյալյայի հետ․․․ իսկ հիմա անպետք ես և՛ կախվելու, և՛ ամուսնանալու համար մանավանդ․․․

Աշոտ դային ծիծաղեց հակառակ իր սովորության լսելի կերպով, մի տեսակ «խը՜֊խը՜֊խը՜․․․» ։ Լյալյան ակնարկում էր իմ նիհարությունը։

― Ինչ վերաբերում է քեզ, բազե, ― այդ Սանասարին էր վերաբերում, ― ինչ վերաբերում է քեզ․․․ ― նա ցուցամատը դրեց շուրթերին և ուշադրությամբ նայեց նրան, ― դուրս եկ, քեզ հետ խոսելիք ունեմ։

Սանասարը, որ մինչ այդ վառարանի մոտ նստած ցույց էր տալիս, որ չի լսում նրան, նետվեց Լյալյայի ետևից։

― Դուրսը ցուրտ է, ― ասաց Աշոտ դային, ― մտեք չորանոցը։

Չորանոցը բրուտանոցի երկրորդ բաժինն էր․ այնտեղ պատրաստված ամանները բազմահարկ դարակների վրա շարված չորանում էին թրծվելու համար։

― Չորանո՞ց, ― նա դուռը բացեց և նայեց ներս, ― մինչև անգամ ելք ունի։ Սքանչելի ճարտարապետություն․ գրազ եմ գալիս, որ ճարտարապետը կալանավոր է։ Ա՛յ ― դա՜ չորանոց, բայց ես չորանալ չեմ ուզում, ― տրտնջաց նա։

― Մինչև չչորանաք, չեք թրծվի, ― ծիծաղեց Աշոտ դային։

Երկու րոպեից նրանք դուրս եկան։ Մամոն, որ այնքան հուզված էր նրանց առանձնացումից (նա մինչև անգամ բարձրաձայն նեղսրտեց, ― սվոլիչ, զա՛նգը, զա՛նգը․․․), Մամոն, որ մթնել էր Աբասթումանի ձմեռնամուտի նման, ժպտաց, երբ նրանք այդպես շուտ դուրս եկան, ժպտաց Աբասթումանի գարնան արևի բոլոր շողերով, իր սեփական բեղերի բոլոր թելերով։

― Իսկ դուք կարծեցիկ, որ ես, որ մենք․․․ շա՜տ բան կարծեցիք, Մումո՛ւ, ասա՛, Մումու, ի՞նչ կարծեցիր։

Նա ցուցամատով սպառնաց Մամոյին, իսկ Մամոն․․․

Ոչ միայն ես, այլև ոչ ոք չհավատաց իր աչքերին․ սկզբում ինձ թվաց, որ նա ծիծաղում է, բայց երբ նա բամբակակար հնամաշ բաճկոնի գրպանից դուրս քաշեց իր թաշկինակը և տարավ աչքերին․․․ Մամոն լալիս էր, Մամոն․․․

― Մամո՞, ― լսվեց Աշոտ դայու զգաստացնող ձայնը․ գուցե միայն ես զգացի, որ Աշոտ դայու ձայնը չուներ այն ուժը, որ պետք է ունենար նման անսպասելի դեպքում։

― Մումո՜ւ, ― բացականչեց աղջիկը և մոտեցավ իր կապույտ, երևի մետաքսե թաշկինակով, ― քեզ ի՞նչ պատահեց․ չեմ դիմանում ոչ մի արցունքի, մանավանդ, երբ դրանք թափվում են բեղերի վրա․․․ Խեղճ մենք, խեղճ իմ բեղավոր հարազատներ, սիրելինե՜ր, ջղայի՜ն այծեր․․․

Նա թաշկինակով սրբեց Մամոյի արցունքները։ Մամոն ենթարկվեց նրան անպաշտպան մանկան սրտառուչ հնազանդությամբ։ Հետո աղջիկը մտահոգ ու լուրջ՝ թաշկինակը դրեց նստարանին և սկսեց կարգի բերել իր մազերը։ Այդ միջոցին հնչեց ընդմիջման ավարտի զանգը։

― Ես գնացի, ցնոր, ուրախ տեսություն։

Նրա գնալուց հետո ես վերահասու եղա, որ մենք երեքս էլ նայում ենք նրա մոռացած կապույտ թաշկինակին։ Նկատեցի և այն, որ նայում ենք այնպես, որ մյուսը չնկատի այդ։ Եվս մի ակնարկ և ես չտեսա թաշկինակը։ Զարմանալի ճարպկությամբ մեզնից մեկը անհետացրեց թաշկինակը։

― Գործերը գնո՜ւմ են, ― բարձրաձայնեց Աշոտ դային, նստելով իր տեղը, ― գրասենյակը արձանագրում է․․․

Պտտվեց անիվը և հերթական ամանը պատրաստ էր։

Տանը մեզ սպասում էր մեծ ուրախություն։ Աշոտ դային ծանրոց ստացավ․ երկու զմռսած շշերով հալած յուղ, շաքար, երշիկ, տաք գուլպաներ, հինգ տուփ «Սասունցի Դավիթ» ծխախոտ, երկու կտոր վարդագույն, անուշահոտ օճառ, լուցկի․․ Ընթրիքից հետո մենք քաղցր թեյ խմեցինք և բարձր տրամադրությամբ պառկեցինք հանգստանալու։ Աշոտ դային լուռ էր, մտքերով տարված, հետո սկսեց մեղմ ձայնով «Մայր Արաքսի» երգել։

Տանը մեզ սպասում էր ուրիշ մեծ ուրախություն ևս, ― նոր տարվա իրիկուն էր այդ իրիկունը, որը չնայած ոչ մի բանով չէր տարբերվում ուրիշ իրիկուններից, բայց նոր տարվա իրիկուն էր։

― Շնորհավոր նոր տարին, ― ասում եմ ես Աշոտ դայուն։

― Շնորհավոր նոր տարին, ― պատասխանում է նա և արկղի վրայով պարզում է իր ձեռքը։

― Այս առիթով և՛ս մի֊մի բաժակ քաղցր թեյ։

― Չէր խանգարի, ― ասում եմ ես։

Ավելի շատ են այսօր անհատական ճրագները․ ավելի շատ է աղմուկը, ավելի շատ են ետ ու առաջ լուռ երթևեկողների թիվը ու մախորկայի կծու ծուխը ավելի թանձր է։ Նուրանբաևը չի խնայում փայտը, մեծ վառարանը ճարճատում է, երգում է վառարանը, խոսում է վառարանը բոլոր լեզուներվ և ամեն մեկին թվում է, որ նա խոսում է իր մայրենի լեզվով։

Հանգստի գոնգը վաղուց էր հնչել, իսկ բարաքը չի քնում։ Նոր տարին ժամանում է աշխարհի բոլոր օրացույցներով և ժամացույցներով, ժամանում է և այնտեղ, ուր չկա ո՛չ օրացույց, ռ՛չ ժամացույց։ Բարաքը չի քնում, իսկ բարաքի ավագը՝ Կոլոկոլնիկովը, ցույց է տալիս, որ ոչինչ չի նկատում։ Նա քաջ գիտե, որ իր ուժերից դուրս է այդ օրը իր բարաքի բնակիչների աչքերը փակել և խռմփացնել, իսկ մյուս կողմից Կոլոլոլնիկովի քունն էլ չի տանում․․․

― Պյոտր Իվանիչ Լյապին, գործի՛, ― հնչեց մի ձայն բարաքի խորքից։

― Պյոտր Լյապին, գծի վրա․․․

― Պե՜տյա, Լյա՜պին, Շալյա՜պին ― գոռացին ամեն կողմից։

― Ժամանակն է․․․

Վերի, ձախակողմյան անկյունի տախտամածի առաջին հարկից դուրս եկավ բարձրահասակ, կիսով չափ սպիտակած, բայց առույգ դեմքով Պյոտր Լյապինը և կանգնեց բարաքի մեջտեղը․

― Նստել տեղում, ― հրամայեց նա իր հաճելի բասով։

Համար յոթ բարաքի բնակիչները նստեցին իրենց տեղերում։ Տիրեց լռություն։ Լսվում էր միայն վառարանի երգը։

Լյապինը կամ, ինչպես նրան անվանում էին, յոթերորդ բարաքի Շալյապինը, ձեռքը բարձրացրեց, իջեցրեց և ողջ բարաքը երգեց նրա հետ․


     Վայրի ստեպներով Բայկալի․․․
     Ուր պեղում են հանքերում ոսկի․․․


     Երգում են ամբողջ ձայնով, զարմանալի ներդաշնակ․ այլազգիները, որոնք չգիտեն խոսքերը, երգում են առանց խոսքերի․


     Ու հո՜ւ, հո՛ւ֊ո՜ւ, հո՛ւ, հո՛ւ֊հո՛ւ, հո՜ւ․․․
     Թափառաշրջիկը նզովեց իր բախտը,
     Ու քայլեց պայուսակն ուսին․․․


     Թախիծ կա նրանց աչքերում, բայց դեմքերը ոգեշնչված են ու վառվում են ինչ֊որ ներքին կրակով։ Նրանք երգում են ու չեն լսում իրենց երգը, ուրիշ երգեր են լսում նրանք, երգեր նոր օրերի, ազատ կյանքի, մտքերի աչքերով տեսնում են նրանք իրենց տունը, հարազատներին, նրանցից շատերը մինչև անգամ ծիծաղելի մի դեպք են հիշում նոր տարվա հետ կապված, հիշում են ու ժպտում ու երգում։


     Իսկ եղբայրդ հեռու Սիբիրում․․․
     Նստած է ոտներին շղթա․․․


     երգում է ողջ բարաքը, որոտում է, տնքում ու երգում․ «/poem»

Ա՜խ, հայրդ մահացել է վաղուց, Ննջում է հողի տակ խոնավ․․․ «/poem»


     ․․․ Հանգավ վերջին ճրագը, ու բարաքը հանգստացավ կարկուտից հետո ծեծված սրտի նման։ Քնել է Մամոն երանական ժպիտը դեմքին, երևի նա երազում տեսնում է Լյալյային, կապույտ թաշկինակով, աշխատանքից հետո նա սրբում է Մամոյի քրտինքը, նա՛, Լյալյան․․․

Ահա մետենում է Սերգեյն իր հորը, Վլադիմիր Մավրինին, գրկում է նրան ամուր և ուրախ֊ուրախ ասում է ականջին։

― Տեսնո՞ւմ ես, դու ինձնից բախտավոր ես, դու դեռ ապրում ես, իսկ ես չկամ․ ուզո՞ւմ ես փոխենք տեղներս։ ― Իսկ Իվան Սորոկինը քնած տեղը ծիծաղում է․ ինչպե՜ս չծիծաղես․ կոմունալ բաժնի վարիչ Բուրդենկոն, նա որն ամուսնացել է իր կնոջ հետ, նստած դիմում է գրում օրգաններին․ ― խնդրում եմ ինձ ուղարկեք այնտեղ, որտեղ գտնվում է իմ այժմյան կնոջ օրինական ամուսինը, թող գա, տիրություն անի իր կնոջը, իսկ ես գնամ նրա տեղը մի քիչ հանգստանա՜մ․․․ Իմամ Ալի Բագիրբեկովը բարաքի ավագն է․ նա պետի հետ խոսում է, խոսում զարմանալի սահուն ռուսերենով։


    

8

― ՃԸ՛ԼԹ, ճը՛լթ, ճը՛լթ․․․

Բրուտանոցի և բոլոր շինությունների տանիքների եզրերից կախված սառցե լուլաներն սկսեցին կաթել։

― Ճը՛լթ, ճը՛լթ, ճը՛լթ․․․

Այս ապրիլն է։ Այս նշանակում է, որ գարունը չի մոլորել իր ճանապարհը, զգացվում է նրա հեռավոր շունչը։ Կգա մի օր նա։ Դրսում մի կաչաղակ կչկչաց։ Նամակ կստանամ, ― մտածեցի ես, ― նամակ կստանամ, ― մտածեց Մամոն, Աշոտ դային չի հավատում կաչաղակներին, իսկ Սանոն, ― այսպես ենք կոչում մենք բոլորս նրան, ― իսկ Սանոն կաչաղակի կչկչոցը չլսեց անգամ․ ի՜նչ կաչաղակի կչկչոց, նա ընդամենը երեք օր առաջ ստացավ Լյալյայից նրա լուսանկարը։ Լուսանկարվել է նա Սարանսկում, լուսանկարից նայում է կենդանի, վառ Լյալյան և որ կողմից նայես, Լյալյան նայում է քեզ․ ուղիղ քո աչքերին, շրթունքները կիսաբաց են, մարգարտաշար ատամները ժպտում են, նա կարծես ուզում է քեզ մի կարևոր, շա՜տ կարևոր բան ասել, բայց դեռ մտածում է, ասել, թե՞ չասել․․․

Հեշտությամբ չտիրացավ Սանոն այդ գանձին։ Շատ բան անցավ֊դարձավ։

― Ճը՛լթ, ճը՛լթ, ճը՛լթ․․․

․․․ Մի անգամ Լյալյան, ըստ իր սովորության, ճաշի ընդմիջումին եկավ մեզ մոտ։ Նա բարևեց լուրջ ու մտախոհ, խոսեց ամենահասարակ բաների մասին, առանց նայելու Սանոյի կողմը։ Ես այդ համարեցի պարզապես պատահականություն։ Բայց ահա նա հառաչեց, ժպտաց և ասաց․

― Սիրտս թեթևանում է, երբ խոսում եմ երեքիդ հետ․․․

― Չորսիս հետ, ― ուղղում է Աշոտ դային։

― Երեքի՛դ հետ, ― պնդում է Լյալյան և ոտքից գլուխ չափում է Սանոյին, կարծես առաջին անգամ է տեսնում նրան։ Հետո նա ընդհուպ մոտենում է նրան, բռնում նրա խուսափող հայացքը և ասում․

― Չէ՞ որ դու խոստացել էիր ինձ։ Ա՛ռ քեզ․․․

Ապտակը ոչինչ, միջին թափի, վերջ ի վերջո կանացի ապտակ էր, բայց մի՞թե դրանով ապտակը դադարում է ապտակ լինելուց, իսկ մյուս կողմից․․․ Ես հիշեցի Աշոտ դայու հարվածը նույն թիրախին և ինձ թվաց, որ ես տեսա ամենածանր ապտակը կյանքում տեսած և անձամբ ճաշակած բոլոր ապտակներից։

Չէի սխալվել։ Սանոն փուլ եկավ նստարանի վրա, ասես երկաթե ձեռքի ծանր հարվածից, գլուխն առավ ձեռքերի մեջ և մատներով ծածկեց աչքերը։ Նա կռացավ, կծկվեց, փոքրացավ։ Հանկարծակիի եկած բրուտանոցը լռեց։

― Ի՞նչ է պատահել, ― լսվեց Աշոտ դայու անվրդով ձայնը։

― Խոստացել էր վերջ տալ թղթախաղին, իսկ ես հավատացի նրան, ― չկտրելով աչքը արագ֊արագ շնչող Սանոյից, մեղմացած գանգատվեց Լյալյան, ― պարզվում է, որ նրա ոչ մի խոսքին չի կարելի հավատալ։ Կոմենդանտը պատմեց․ ի՛նքն է թուղթ խաղացողների գլխավորը։ Կեսգիշերին ճամբարի պետը դուրս է գալիս և նկատում, որ սրանց բարաքում աղոտ լույս է վառվում։ Վերցնում է կոմենդանտին, հերթապահ ավագին և մտնում է բարաքը։ Տեսնում են նստել թուղթ են խաղում։ Մոտենում են աննկատելի կերպով խաղաթղթերը խլելու համար։ Կամպանիան իրար է անցնում։ Խուզարկում են բոլորին, ոչ մի խաղաթուղթ ոչ մեկի մոտ։ Մերկացնում են սրան, ոչ մի խաղաթուղթ։ Պետը ասում է՝ տղերք, ես տեսա, որ դուք թուղթ էիք խաղում, ես տեսա խաղաթղթերը, ցույց տվեք․ ո՞ւր կորցրիք, խոստանում եմ չվերցնել։ ― Եվ ի՞նչ եք կարծում, այս հերոսը խաղաթղերը հանում է հենց իրեն պետի գրպանից։ Ուրեմն ի՞նչ, ― հարցնում է պետը, ― խաղաթղթերը պետք է մնային իմ գրպանո՞ւմ․․․ ― իհարկե ո՛չ, ― պատասխանում է այս հերոսը, ― դուք դուրս կգայիք առանց դրանց։ Խաղաթղթերը կմնային ինձ մոտ։ Լավ, ― ասում է պետը, ― ես չեմ դրժում իմ խոսքը, բայց իմացիր, որ եթե մի անգամ էլ աչքովս ընկար, այնպիսի տեղ կուղարկեմ քեզ, որ այստեղը հիշես, ինչպես Ադամն է հիշում դրախտը․ ― Ճի՞շտ է, ասա, ճի՞շտ է․․․

Սանասարը լուռ էր։

― Այսօր կգնաս պետի մոտ, կհանձնես խաղաթղթերը և կխնդրես, որ քեզ տեղափոխի յոթերորդ բարաք։ Ուրիշ ասելիք չունեմ։

Ու գնաց։

Բրուտանոցի և բոլոր շինությունների տանիքների եզրերից կախված սառցե լուլաները սկսեցին կաթել։

― Ճը՛լթ, ճը՛լթ, ճը՛լթ․․․

․․․ Սանոն փոխադրվեց համար 7 բարաքը, հատուկ կարգադրությամբ։ Ոչ միայն այդ։ Մի անգամ նա նստեց Աշոտ դայու տեղը, վերցրեց մի կտոր ցեխ և սկսեց պտտեցնել․ դուրս եկավ ինչ֊որ ծուռտիկ, հողե աման հիշեցնող բան։ Նա վերցրեց իր ստեղծագործությունը, ճխլեց, ձեռների մեջ հունցեց և նորից պտտեցրեց։ Մոտեցավ Աշոտ դային և սկսեց օգնել նրան․

― Ցուցամատդ՝ այսպես, բթամատդ՝ այսպես․․․ Տղա՝, ― բացականչեց նա, ― հրաշալի մատներ ունես, ― իզուր չէ, որ․․․ ― Նա լռեց, իսկ ես հիշեցի խաղաթղթերը։ Երևի Աշոտ դային այդ և հարակից հանգամանքների մասին ուզեց ակնարկել։ Այդ օրը նա պատրաստեց երեք աման, որոնք ոչ մի բանով նման չէին Մամոյի և ոչ մի բանով չէին տարբերվում Աշոտ դայու ամաններից։

Մամոն պաշտոնանկ եղավ։ Նա ինքը համոզվեց, որ այդ անխուսափելի է։ Մի քանի օրվա ընթացքում Սանոն կարողացավ յուրացնել աշխատանքն առանց քրտինք թափելու և օրական պատրաստել քառասունից հիսուն աման։

― Անպիտանի մատները կարծես ստեղծված են բրուտության համար, ― ասում էր Աշոտ դային։

Լյալյայի ուրախությանը չափ ու սահման չկար։

Չափ ու սահման չկար նաև Մամոյի ուրախությանը․ եթե Սանասարի մատներն ստեղծված էին բրուտության համար, ապա Մամոյի ոտներն ստեղծված էին ցեխ հունցելու համար։ Ամաններ պատրաստելը Մամոյի համար տաժանակիր աշխատանք էր․ նա տանջվում էր, ջանք թափում, թափում ազնիվ քրտինք, բայց նրա մատների տակից դուրս էին գալիս անհաջող, ծուռտիկ, մեկը մեծ, մյուսը փոքր, անհամաչափ ամաններ։ Ամաններ շինելուն նա սիրով հրաժեշտ տվեց, սիրով իր տեղը զիջեց Սանոյին նաև այն պատճառով, որ նա զգում էր, այդ Լյալյայի ցանկությունն է։ Նա պատրաստ է կատարելու Լյալյայի բոլոր ցանկությունները, իսկ նա, Լյալյան, անչափ սիրալիր է։ Շատ բան հարկավոր չէ Մամոյին, նա քչով գոհանում է, մի ժպիտ, մի «Մումու, ո՞նց ես», իսկ երբ մի անգամ Լյալյան ամրացրեց նրա բաճկոնի թուլացած կոճակը, նա իրեն զգաց յոթերորդ երկնքում․․․ Այդ գիշեր նա երազում տեսավ, որ Աբասթումանումն է, նստել է կառքը, ձիերին չափ է տալիս, թռչում են ձիերը, իսկ կառքում նստած է նա, Լյալյան, ― Մումո՜ւ, կամաց քշիր, ― խնդրում է նա։

Մի անգամ, առավոտյան, երբ «գործարար բակ» հասան բրիգադները, Լյալյան հեռվից ինձ նշան արավ, որ հետևեմ իրեն։ Ես հետևեցի նրան մինչև դերձականոցի դուռը, Լյալյան կանգ առավ և համոզվելով, որ ոչ ոք չի լսում մեզ, հարցրեց․

― Ձեզնից ո՞վ է ծանրոց ստացել վերջերս։

― Վարպետը, ― պատասխանում եմ ես։

― Քեզ հայտնի՞ է, թե ծանրոցում ինչ է եղել, ― հարցնում է նա։

― Հայտնի է։

― Օճառ կա՞ր։

― Այո։

― Քանի՞ կտոր։

― Երկու։

― Ի՞նչ գույնի։

― Վարդագույն։

― Հասկանալի է, ― ասում է նա, ― ցտեսությո՛ւն։

Ես դիմում եմ դեպի բրուտանոց, ուզում եմ բացատրել այս հարցաքննության իմաստը, բայց ոչ մի կերպ չեմ կարող։

Բրուտանոցում Աշոտ դային ոչինչ չհարցրեց։ Ես էլ նրան ոչինչ չպատմեցի։ Սովորաբար մենք երեկոյան տանն ենք խոսում օրվա կարևոր և անկարևոր հարցերի մասին։

Սկսվեց սովորական աշխատանքային օրը։ Ընդմիջումին ներս մտավ Լյալյան և առանց սովորական բարևի կամ մեկի վրա նայելու, արագ մոտեցավ Սանոյին, որն զբաղված էր ձեռքերը լվանալով։

― Վերցրո՛ւ, գո՛ղ, և չհամարձակվես մյուս անգամ աչքիս երևալ։

Սանասարը նայեց Լյալյայի ձեռքի վարդագույն օճառներին և գունատվեց։

― Գո՛ղ, գո՛գ, գո՛ղ, գո՛ղ, ո՞ր ձեռքով գողացար, ո՞ւր է կացինը․ այս րոպեիս ես․․․ ― նա վերցրեց վառարանի մոտից փոքրիկ կացինը։

Արագ մոտեցավ Աշոտ դային։

― Լյալյա, կացինը տեղը դիր․․․ դու ինչո՞ւ ես լալկվել, չես բացատրում․․․ Թող քեզ հայտնի լինի, Լյալյա, որ Սանոն մեր գանձապահն է, մեր տնտեսվարը, մեր պահեստապետը և պահում է իրեն օրինակելի։ Ոչ մի գերածախս, ոչ մի յուրացում։ Ինչ վերաբերում է այդ․․․ օճառներին, ես նրան լիազորել էի, որ նվիրի քեզ․․․ Մեր կոլեկտիվի կողմից, ի՛ր կողմից։

Կացինն ընկավ Լյալյայի ձեռքից։

Նրա գնալուց հետո կատարվեց ևս մի զարմանալի բան։ Սանոն հարձակվեց Աշոտ դայու վրա։

― Ճը՛լթ, ճը՛լթ, ճը՛լթ․․․

Բրուտանոցի և բոլոր շինությունների տանիքների եզերերից կախված սառցե լուլաներն սկսեցին կաթել։


     ․․․ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ապակիների վրա անտառային, բուսաբանական պեյզաժներին փոխարինեցին կենցաղային սյուժեներ, երևացին մարդիկ, կենդանիներ։ Ցերեկները ապակիների սառույցները հալչում են, գիշերները սառչում և առավոտյան անհայտ, մեծ նկարիչը ապակիների վրա հանդես էր գալիս նորանոր, կախարդական ստեղծագործություններով․․․ Ահա ծառերի մեջ թաքնված մի խրճիթ, ծառերի խորքում երևում է մի մարդ որսորդական հրացանով, իսկ կողքին մի շուն ոչ թե չորքոտանի, այլ երկոտանի, բայց անկասկած շուն։ Ահա մի կին կանգնած օրորոցի մոտ․ երեխան չի երևում, օրորոցը դատարկ է, իսկ կինը ժպտում է անիմաստ ժպիտով։ Խաղողով լեցուն զամբյուղը ձեռքին մի աղջիկ է անցնում այգու ցանկապատի մոտով․ ցանկապատից այն կողմ երևում է մի տղա, կանացի գլխարկով, հովանոցը բռնած գլխին։ Հինգ րոպեից պատկերը փոխվում է, ― ճանապարհ է, մի կին, ձեռքը բռնած հոնքերի վրա, նայում է անհայտ ճանապարհին, հետո արջը կանգնած երկու ոտների վրա՝ մի թաթը վեր, մյուսը՝ վար, ասես պարելիս, Հիսուսը խաչի վրա ծիծաղելիս․․․ Մի քանի անգամ Լյալյան երևաց, մի անգամ, այնպես, ինչպես տեսա վերջին անգամ՝ գլուխը բարձին, աչքերը փակ, կիսաբաց շուրթերով, իսկ ինքը գունա՛տ, գունա՛տ․․․

Սանոն հարձակվեց Աշոտ դայու վրա, գրկեց նրան հուզմունքից խեղդվելով, հետո որսաց նրա ձեռքը։

Աշոտ դային ձեռքը խլեց։

― Թո՛ղ, իմ ձեռքից ձեռք քաշիր։ Մտածիր քո՛ ձեռքի մասին, մաքրիր ձեռքդ ու համբուրիր քո՛ մաքրված ձեռքը։ Ձեռքը տրված է մարդուն աշխատելու համար և ոչ թե․․․ գողանալու կամ լիզելու։

Ինքն իրեն կորցրած Սանոն պոկվեց Աշոտ դայուց, նետվեց ետ, վերցրեց կացինը ձախ ձեռքով, աջ ձեռքի դաստակը դրեց դազգահին ու բարձրացրեց կացինը։ Աշոտ դային խլեց կացինը։

― Այդ էլ ավելորդ է, դեռ պետք կգա քեզ․ չլիներ ձեռքը, ոչինչ չէր լինի աշխարհում, ո՛չ քաղաք, ո՛չ գյուղ, ոչինչ չէր լինի․․․ Ոչինչ բան է ուղեղը, մարդկային ուղեղը կարող է հղանալ հազար բարիք և հազար չարիք։ Ձեռքն է կառուցում բանտ ու պիոներական պալատ, ձե՛ռքը, ձե՛ռքը․․․ Մաքո՛ւր պահիր ձեռքը․․․


    

9

ԻՍԿ հիմա մայիս է ու ձնհալ։ Սևահողի շերտերն ավելի լայնանում են ու տարածվում, ձյունը, ձյան շերտերը բարակում են, փոքրանում, անհետանում։ Կեսօրին կարելի է զգալ արևի վերապահ, բարակ ջերմությունը, ջերմանում են մարդկանց սրտերը, գարնան բուրմունքով թրթռում է օդը, օրը։

Կիրակի է։ Մենք նստել ենք Աշոտ դայու հետ համար 7 բարաքի առաջ, հողի վրա հաստատված նստարանին և խոսում ենք ամենահնարավոր և անհնարին բաների մասին։ Ուղղիչ֊աշխատանքային ճամբարի բնակիչները դուրս են թափվել բարաքներից և վայելում են մայիսյան դեռ թույլ արևի ժլատ գուրգուրանքը։ Ոմանք երկու֊երեք հոգով, շատերն առանձին֊առանձին շրջում են ճամբարը կիսող մեծ ճանապարհի վրա ետ ու առաջ։ Լսվում է Գրիմբերգի բարձրաձայն ծիծաղը։ Աշոտ դային նայում է նրա կողմը և գլուխը տարուբերում․ չի սիրում նրան, այդ Գրիմբերգին Աշոտ դային։ Երիտասարդ է նա, միշտ մաքուր սափրված, բակենբարդներով, չապլինյան բեղերով, ծխամորճը ատամների արանքում, բոլորի հետ դու֊ով, բոլորի հետ սիրալիր, որը սակայն զբաղվում է սպեկուլյացիայով, խաբում է, առնում, խաբում է, ծախում, ժպտում է, խաբում, ցավակցում է, խաբում է, խաբում է, խաբում․․․

― Նրան կարելի՞ է ուղղել, ― հարցնում եմ ես։

― Ո՞ւմ, ― հարցնում է Աշոտ դային, իսկ ես գիտեմ, որ նա շատ լավ գիտե, թե ո՞ւմ մասին եմ հարցնում ես․ նա պարզապես ուզում է ժամանակ շահել մտածելու համար։

Ես լռում եմ։ Մի քանի րոպեից հետո Աշոտ դային պատասխանում է։

― Կուզիկին գերեզմանն էլ չի ուղղի․․․

Մոտենում է Մամոն․ տխուր Մամոն։

― Դայի, ― ասում է նա, ― Սանոն ձեռքից գնում է։

Աշոտ դային հառաչում է․ այդպես նա հառաչում է, երբ մի ծանր բան է հիշում։

― Որտե՞ղ է նա։

― Հիվանդանոցի ետևը։

― Ի՞նչ է անում։

― Հեչ, նստել, նայում է պատուհանին։

Պատուհանին․․․ Ես գիտեմ, թե ո՞ր պատուհանին, ի՞նչ պատուհանի մասին է խոսքը։


     ․․․ ԱՅՈ, Սանոն դարձավ մեր գանձապահը, պահեստապետը, տնտեսվարը այն օրից, երբ այդ մասին խոսեց Աշոտ դային, մեղանչելով ճշմարտության դեմ։ Չէր, բայց դարձավ։ Եվ ճիշտ դուրս եկավ Աշոտ դային ― ոչ մի զեղծում, ոչ մի յուրացում։

Իսկ ամեն օր բրուտանոց էր մտնում նա՝, լավ տրամադրությամբ, բրուտանոցը լցնելով իր ջերմ, կանացի շնչով․ նա կատակում էր բոլորիս հետ և առանձին֊առանձին, հետո մի երկու րոպեով առանձին խոսում էր Սանոյի հետ․ ցուցամատով խփում էր նրա ծնոտին ու գնում երգելով․


     Խաղողի երկիր, մրգերի երկիր,
     Սիրուն Մոլդավիա․․․


     ― Ուզում եմ մի օր ընկնել ձեր բարաքը, ― ասաց նա մի օր ― ուզում եմ տեսնեմ ինչպես եք ապրում։

Շուտով նա իրագործեց իր սպառնալիքը։ Այդ այն օրերին, երբ «գործարար բակի» պատվո տախտակի վրա Աշոտ դայու անունից հետո երևաց Սանոյի անունը․ ― «Սանասար Մելքումյան» ։


     ․․․ ԵՐԲ նա ներս մտավ, թվաց, որ գարնանային շնչով լցվեց բարաքը։ Այդ օրն էլ կիրակի էր։ Բարաքի բնակիչներն զբաղված էին իրենց առօրյա մանր֊մունր գործերով։ Նրանք իրար անցան և ժպտացին ներողամիտ ժպիտով։ Կոլոկոլնիկովը կարող էր, իհարկե, նրան անմիջապես հեռացնել բարաքից, որովհետև այդ էր պահանջում ճամբարային կարգը․ ― կանայք իրավունք չունեն երևալու տղամարդկանց բարաքներում, տղամարդիկ իրավունք չունեն մտնել կանանց բարաքը, ― այսպես էր կարգը։ Կոլոկոլնիկովը փակել էր իր խուցը, Նուրանբաևը նայեց չսպասված հյուրին և շուռ եկավ, ― ես տեղեկություն չունեմ, ես զբաղված եմ իմ վառարանով։ «Գործարար բակի» պահեստապետ Ֆրենկելը ժպտաց ականջից ականջ, երբ տեսավ նրան, փորձեց անգամ մի բան ասել, բայց չհասցրեց։

― Ահա, թե որտե՜ղ են թառել իմ բազեները, ― ասաց նա ուրախ ձայնով, մեզ տեսնելով։ ― Եկա ճաշ ստացողների հետ, որպես ճաշի մատակարար, ճաշ բաժանող․․․ Ես՝ ճաշ բաժանող ու ահա թռա ձեզ մոտ․


     Թռավ բազեն վեր, վեր,
     Իջավ բազեն վար, վար,
     Վիրավոր էր բազեն․․․
    
    

Ու ժպտաց իր ժպիտով։

Այդ միջոցին դրսից ներս ընկավ Մամոն ու շնչակտուր մոտեցավ․

― Դայի, նաչալնիկը․․․

Սանոն վեր թռավ տախտակամածից, Աշոտ դային ուզեց մի բան ասել, բայց այդ րոպեին հնչեց դռան մոտ կանգնածներից մեկի ազդարարությունը․

― Внимание!

Ներս մտան ճամբարի պետը, գլխավոր բժիշկը, բուժակ Եոսիֆ Մերպերտը և կոմենդանտը։

― Վառարանի ետև՛, վառարանի ետև՛, ― շշնջացին մի քանի հոգի։

Բայց նա տեղից չշարժվեց։

Մի քանի հոգի փորձեցին ծածկել նրան, բայց ուշ էր։

Իր խցից դուրս թռավ Կոլոկոլնիկովը, ընդառաջեց շքաղմբին և զեկուցեց քնից նոր զարթնած մարդու խռպոտ ձայնով․

― Համար 7 բարաքի ավագ Միտրոֆան Միտրաֆոնովիչ Կոլոկոլնիկով․ բարաքում կարգի խախտման ոչ մի դեպք չի եղել։

Պետը առանց նայելու նրա վրա, անցնում է առաջ և մոտենում է Լյալյային։

― Դու կարող էիր գոնե թաքնվել, ― ասում է հանդարտ ձայնով, խախտելով լարված լռությունը։

― Հաշվեք, որ ինձ չեք տեսել, քաղաքացի պետ, ― պատասխանում է նա կես խնդրող, կես առաջարկող ձայնով։

― Հիմք չկա։ Անպատիժ թողնել չեմ կարող։ ― Նա դառնում է կոմենդանտին․ ― մեկուսարա՛ն․․․ ավագին հանել։


     ․․․ Իսկ մեկուսարանը ճամբարի բանտն է․ այնտեղ նստում են երեքից մինչև տասնհինգ օր՝ կարգապահության խախտողներն, ինչպես և նրանք, որոնց ջերմությունը 38֊ից վար է և հրաժարվում են աշխատանքից։ Այնտեղ նրանք ստանում են 300 գրամ հաց և եռացրած ջուր։ Նա դատապարտվեց երեք օրվա մեկուսացման, սակայն չկարողացավ լրիվ տանել պատիժը․ երրորդ օրը նա հիվանդացավ թոքերի ծանր բորբոքումով և տեղափոխվեց հիվանդանոց, կանանց բաժին։ Մենք, բրուտանոցի անձնուրաց ասպետներս, չլքեցինք նրան։ Կոմենդանտի օգնական Անջաբաձեն անձամբ հասցնում էր աղետյալին մեր օգնությունը․ օգնում էին նրան անգամ մարդիկ, որոնք անձամբ ծանոթ չէին նրա հետ․ այդ նա էր, միշտ առույգ, միշտ ժպտուն, բոլորին սիրելի էակ, որն ստեղծված էր սիրո, ազատ արևի համար, ծաղիկների ու երգի համար։

․․․ Մռայլվեց բրուտանոցը, այլևս ներս չի մտնում նա, չի խոսում, չի կատակում, չի զնգում նրա արծաթ ծիծաղը բրուտանոցում։ Տխուր է և Աշոտ դային, Մամոն թաղծում է, իսկ Սանոն․․․

Ճիշտ է, նրա անունը չիջավ պատվո տախտակից, ճիշտ է, նա չդադարեց մեր անբասիր տնտեսվարը լինելուց, բայց դժվար չէր նկատել, որ նա իր ամբողջ էությամբ ցնցված էր իրադարձություններից։ Ամեն անգամ, երբ աշխատանքից ճամբար ենք վերադառնում, նա՛ է բարաք վերադառնալուց առաջ վազում հիվանդանոց, իմանալու հիվանդության ընթացքի մասին, պատուհանի մթագնած կրկնափեղկերից նա է աշխատում տեսնել գոնե նրա գլուխը բարձերի վրա, նա՛ է այնքուն գիշերներ անցկացնում, նա՛ է օր֊օրին փոքրանում, կծկվում, հալվում․․․

Մի անգամ նա հարցրեց․

― Դժոխք, դրախտ կա՞։

― Դժողքն էլ, դրախտն էլ երկրի վրա է, ― պատասխանեց Աշոտ դային։

Նա ավելի մռայլվեց։ Անիվն ավելի արագ պտտվեց։

․․․ Չէ, չի հնչի այլևս նրա ձայնը, երբ անցնում են բրիգադները հրշեջ աշտարակի կողքով։

― Քեռի, ա՛յ քեռի, մի նայի, ամնիստիան չի՞ երևում․․․

Աշտարակի վրա կանգնած հերթապահ պահակն էլ պետք է որ զարմացած լինի․ ― ո՞ւր կորավ այդ աղջիկը, ինչո՞ւ չի լսվում նրա ամենօրյա չարաճճի հարցը, չլինի՞, իսկապես, «ամնիստիան» եկել, տարել է նրան, իսկ ինքը, կանգնած բարձր աշտարակի գլխին, ոչինչ չի նկատել․․․

Լուսաբացին մահացավ նա։

Երեկոյան դեռ Սանոն մի կերպ օգտվելով հերթապահ սանիտարի բարեհոգությունից, ընկել է նրա մոտ։ Արտասվել է նա և խնդրել․

― Հիշիր ինձ և մի՛ գնա վատ ճանապարհով։ Թե չէ ես այն աշխարհում շատ կբարկանամ ու լաց կլինեմ։ Ինձ չլացացնես, Սանյա, ի՛մ բազե․․․


     Գործարանի բանվորական ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված գրական երեկոն վերջացավ։ Դահլիճը թնդում է ծափահարություններից։ Հանդիսականները դուրս են հորդում։ Դուրս ենք գալիս և մենք։

Դռների մոտ ինձ սպասում է գործարանի ցեխի վարիչ ընկեր Սանասար Մելքումյանը։

― Գնանք։

Գարնանային խորունկ գիշեր։ Դիմացի բազմահարկ շենքի ծխնելույզներից մեկի վրա թառել է լուսինը։ Կարծես նա ծխնելույզից է դուրս եկել մի րոպեով օդ շնչելու և ուր որ է նորից պիտի մտնի ծխնելույզը։

― Աշոտ դայի՞ն, ― նորից հարցնում է Սանասարը։

― Թոշակի է անցել։ Դիլիջանումն է։

Մենք բարձրանում ենք նորակառույց շենքի երկրորդ հարկը։ Սանասարը սեղմում է զանգի կոճակը։

Ընդառաջ են վազում երկու թխորակ փոքրիկներ, տղա և աղջիկ։

― Լյալյա, ― նա ցույց է տալիս աղջկան, ― Աշոտիկ, ― ցույց է տալիս տղային։ Թուխ֊թխամազ կինը ժպտում է։ Դիմացի պատից նայում է Լյալյայի մեծացրած յուղաներկ նկարը։ Լուսանկարվել էր Սարանսկում․ նայում էր ասես կենդանի, վառ Լյալյան և որ կողմից նայես, նայում է նա քեզ, ուղիղ քո աչքերին։ Շրթունքները կիսաբաց են, ժպտում են մարգարտաշար, ճերմակ ատամները․ նա կարծես ուզում է քեզ մի կարևոր, շա՛տ կարևոր բան ասել, բայց դեռ մտածում է՝ ասե՞լ, թե՞ չասել․․․

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5152 | 0 | 0
Facebook