Loading...

Articles

Իսրայել Օրու ղեկավարած դեսպանության ժամանակներից սկսած` մահմեդական արևելքում հայերը վտանգավոր ժողովրդի համբավ են ձեռք բերում, և այս կարծիքը մեր մասին ամենևին չի փոխվել

12:21, Thursday, 21 December, 2017
Իսրայել Օրու ղեկավարած դեսպանության ժամանակներից սկսած` մահմեդական արևելքում հայերը վտանգավոր ժողովրդի համբավ են ձեռք բերում, և այս կարծիքը մեր մասին ամենևին չի փոխվել

Ազգային-ազատագրական պայքարի ռահվիրա համարվող, բայց իրականում ուտոպիստ արկածախնդիր Իսրայել Օրին, ինչպես գիտեք, կյանքը նվիրել էր օտարների ձեռքով Հայաստանի անկախությունը վերականգնելու գործին: Տարիներ շարունակ նա եվրոպական միապետերի ու ազդեցիկ իշխանավորների պալատների շեմերն է մաշել՝ սին հույսեր տածելով, թե քրիստոնյա եվրոպացիները կսատարեն հայության երազանքի իրականացմանը, բայց, ըստ էության, նրա ուզածն ընդամենը մի տիրոջը մեկ ուրիշով փոխարինելն է եղել: Եվրոպական միապետերից հույսը կտրելով՝ նա որոշում է, որ հայոց նոր տերը հզորացող Ռուսաստանը պիտի լինի: 1706 թվականի հոկտեմբերին նա գալիս է Մոսկվա, որպեսզի Պետրոս Մեծից օգնություն մուրա: Նրա առաջնահերթ նպատակը Ամստերդամում գնած զենքն ու հանդերձանքն առանց մաքսի Աստրախան, ապա Հայաստան հասցնելն էր: Նրա հետ Մոսկվա էր ժամանել նաև 50 հոգուց կազմված մի պատվիրակություն, որի կազմում կային զինվորականներ, դերձակներ, ծառայողներ, մեկը նույնիսկ իր կնոջն էր բերել իր հետ: Դեսպանը բոլորի համար հագուստներ էր կարել տվել: Պետրոս կայսրը ոչ միայն թույլ է տալիս, որ դեսպանությունն Աստրախան մեկնի, այլև Օրիին մի նամակ է տալիս, որով պարսից Հուսեին շահին խնդրում էր թույլ չտալ, որ իր երկրում քրիստոնյա հպատակներին նեղեն: Օրին նաև պիտի Ռուսաստանի համար ռազմավարական նշանակության տեղեկություններ հավաքեր Պարսկաստանի մասին, մի խոսքով, լրտեսեր: Օրու ղեկավարած պատվիրակությունը լուրջ կասկածներ է հարուցում Պարսկաստանում, և հետագա իրադարձությունները, ռուսական զորքերի արշավանքը դեպի կասպիական ափեր, հայերի շարունակ աճող համագործակցությունը ռուսների հետ հաստատում են, որ այդ կասկածներն ամենևին էլ անհիմն չէին:


     Պետրոս Մեծի կասպիական արշավանքը, վրացիների ու Ղարաբաղի հայերի զինվորության միացյալ շարժումը դեպի Գանձակ միավորում է իսլամադավանների պառակտված մասերն ընդդեմ քրիստոնեության վերարթնացող վտանգի: Մահմեդական աշխարհում տեղի ունեցող այս համախմբումը գրեթե ամբողջովին հայերի դեմ է ուղղվում, որովհետև վրացիները շատ շուտով հասկանում են, որ մասնատված, փոքր ուժերով այստեղ-այնտեղ մղվող պայքարն ավելի շատ վնասակար է ու լուրջ շարժում չեն ծավալում: Մինչդեռ Ղարաբաղի հայ զինվորականությունը մեկուսի պայքար էր մղում, պայքար, որը պարտության էր դատապարտված: Ղարաբաղի հայ զինվորականության մանր-մունր հաղթանակներն էլ ավելի էին կատաղեցնում մահմեդականներին՝ նրանց գրգռելով ոչ միայն Ղարաբաղի, այլև Ղարաբաղի սահմաններից դուրս ապրող ամբողջ հայության դեմ (չնայած վերջինս ողջամտորեն ջանում էր ձեռնպահ մնալ ու չմասնակցել ապստամբական գործողություններին): Վերստին ընդգծեմ, որ Իսրայել Օրու ղեկավարած դեսպանության ժամանակներից սկսած` մահմեդական արևելքում հայերը վտանգավոր ժողովրդի համբավ են ձեռք բերում, և այս կարծիքը մեր մասին ամենևին չի փոխվել, որովհետև շուրջ երեքհարյուրամյա փորձը մեր բոլոր հարևանների մեջ ամրապնդել է այն համոզմունքը, որ դեպի այս տարածաշրջան Ռուսաստանի առաջխաղացման միակ ակտիվ, բոլորանվեր աջակիցը հայերն են: Նույնիսկ Սպահանն աղվանների կողմից գրավելու պատճառը հայերն էին համարվում: Ռուսների կասպիական արշավանքից հետո թե' Կովկասի, թե' Պարսկաստանի, թե' Թուրքիայի մահմեդականների մեջ այն համոզմունքն է ամրակայվում, թե Ռուսաստանին դեպի հարավ բերողը, առաջնորդողն ու ամեն կերպ աջակցողը հայերն են:

Տեղեկացեք, թե ինչ կարծիք է ստեղծել պարսիկների մեջ ջուղայեցի վաճառական Պետրոս դի Սարգիս Գիլանենցը, որը Պետրոսի կասպիական արշավանքի ժամանակ հայերից կազմված մի հեծյալ ջոկատ էր ստեղծել, և որը Գիլանում և Մազանդարանում բոլորանվեր ծառայել է Կասպից ծովի ափերը գրաված ռուսական զորքերին:

«Եթե մեր մեջ չլինեին հայերը, - ասել են պարսիկները, - եթե նրանք ականատես չլինեին մեր գործողություններին ու չիմանային մեր լեզուն, մենք վաղուց ջարդած կլինեինք ռուսների զորքին»:

Իսկ թե այդ կարծիքն ինչ հետևանք էր ունեցել հայերի համար, պարզորոշ երևում է Օրիի օգնական Մինաս վարդապետին Գիլանեցու ուղարկած զեկուցագրից.

«Ափսո՛ս, որ մեր համբավը ղզլբաշի և օսմանցու երկրում տարածվեց` թե այս ու այս հայերը ռսի թագավորի ծառան են դարձել ու մեր արյունը ծ ծում են: Եթե Աստված մի արասցե, մեզ մի գործի չդրիր (ասել է, թե Ռուսաստանում տաքուկ տեղ է սկսել փնտրել. այսպես, ցավոք, վարվել են շատ հայեր. մի քանի թուրք կամ պարսիկ են սպանել, ու պատժից խույս տալու համար Ռուսաստան են փախել` հասարակ ժողովրդին դարձնելով փոխվրեժի թիրախ), այս երկրում էլ չենք կարողանա շրջել, և եթե նրանց ձեռն ընկանք, շան պես կսպանեն»:

Պարսիկների այսպիսի վերաբերմունքի հետևանքով Ռեշտի հայ վաճառականները մեծ կորուստներ են ունենում, սնանկանում են ու աղքատանում:

«Այստեղի հայերից ոչ մեկը, - շարունակում է Գիլանենցը, - մեզ օգնության չեկավ, բոլորը լալիս են, թե թալանված ենք ու սնանկացած, ի՞նչ ունենք, որ ձեզ ինչ օգնենք, բոլոր ճանարհները փակ են, ու ոչ մի տեղից մեզ օգնություն հասցնող չկա»:

Ժողովրդին այդպիսի մեծ վնասներ հասցնելով ու մահմեդական աշխարհում հակահայկական տրամադրության ձևավորմանը նպաստելով հանդերձ` ո'չ Պետրոսը, ո'չ էլ նրա նման «ազատատենչ» ուրիշ հայեր չէին էլ ուզում մտածել անգամ, որ իրենց բռնած ուղին խիստ վնասաբեր ուղի է հայ ժողովրդի համար: Ընդհակառակը, նրանք համոզված են եղել, որ ռուսների հաջողության համար պետք է ցանկացած զոհողության գնալ, իսկ մահմեդականների հետ չփորձել հաշտության ու համերաշխության եզրեր գտնել:

Գիլանեցի մեկ այլ հայ ահա թե ինչպիսի փաստ է հաղորդում վերոհիշյալ Մինաս վարդապետին: Նամակը գրվել է 1725 թվականին:

«Մահմեդականները բազմիցս խոստացան մեծ պաշտոններ ու նահանգներ տալ, միայն թե մենք ձեռք քաշենք այդ ծառայությունից (նկատի ունի Ռուսաստանին ծառայելը), բայց պարոն Պետրոսը (Գիլանենցը) չընդունեց այդ առաջարկությունները»:

Այս դիրքորոշման կործանարար հետևանքները զգացել է ինքը՝ Պետրոս Գիլանենցը.

«Ասում են՝ թե բոլոր հայերին պետք է կոտորել, որովհետև այս երկրին ծանր վիճակի մեջ գցեցին, որ ռուսին բերին կոխեցին ղզլբաշի երկիրը (Պարսկաստան) …»:

Պարսկաստանում այդ ժամանակ լուրեր են պտտվել, թե Ղարաբաղում 60 հազար հայ զինվորությունն է համախմբվել ռուսներին միանալու համար: Փաստերը վկայում են, որ 1722 թվականից ի վեր Ղարաբաղի հայ զինվորականության գործողությունների համար Պարսկաստանը մեղավոր էր համարում ամբողջ հայությանը, և պարսից ու թուրքաց պետությունների և ժողովուրդների հակահարվածն ուղղվում էր Էջմիածնի դեմ: Օսմանյան իշխանությունները շարունակ սպառնալիքներ են հղել Աստվածատուր կաթողիկոսին, Էրզրումի փաշան հայերին արգելել է ուխտ գնալ Էջմիածին՝ կասկածելով, թե կաթողիկոսը կարող է նրանց միջոցով դյուրացնել ռուսների արշավանքը դեպի Թուրքիա: Փաշայի պատգամավորը կաթողիկոսին հետևյալն է ասել.

«Դու էլ ես շատ մեղավոր, միացել ես ռուսներին և նրանց օգնելու համար ոտքի ես հանել քո հայերին: Ասում են, թե մինչև 60 հազար լավ զինված հայեր քո խոսքով վեր են կացել: Դու էլ շատ նեղություն կկրես, որովհետև ուզում ես ռուսներին ձեր այս երկրով բերել մեր երկիրը»:

Պարսից պետությունը, որի կազմում էր Էջմիածինը, ավելի առարկայական սպառնալիների է դիմում: Այդ ժամանակ Երևանի խանության կառավարիչ էր կարգված վրացի հավատուրաց Մուհամմեդ Ղուլի խանը: Սա Աստվածատուր կաթողիկոսին հարկադրում է ազդել հայ զինվորականության վրա, որպեսզի այն դադարեցնի ապստամբական գործողությունները և հպատակվի: Տևական ժամանակ կաթողիկոսը պատճառներ է հորինել պահանջը չկատարելու համար, բայց Մուհամեդ Ղուլին երբ կռահել է, որ կաթողիկոսը խույս է տալիս պահանջների կատարումից, նրան իր մոտ է կանչել ու փորձել է նրա միջնորդությամբ խաղաղ բանակցություններ սկսել Սղնախներ՝ Ղարաբաղի պաշտպանական ամրացված կետերի ղեկավարների հետ: Սղնախների ընդհանուր հրամանատարի մոտ ուղարկված նրա ներկայացուցիչը՝ գանձապահ Աթամշենը, հետևյալն է փոխանցում.

«Այս ի՞նչ եք անում, եկեք հնազանդվեք ինձ, և ես կկատարեմ ձեր ուզածը, կտամ մեծություն, փող, երկիր, ձեր բոլոր նպատակները կիրագործեմ, միայն թե հնազանդվեք ու իմ խոսքը լսեք»:

Մերժում ստանալով՝ Մուհամմեդ Ղուլի խանը զորք է ուղարկում ապստամբների դեմ: Հայերն հաղթում են, իսկ պարտություն կրած զորքի մնացորդները փախչում են Գեղարքունիք և իրենց պարտության վրեժը հանում են խաղաղ հայերից՝ կոտորելով 2000 մարդ, թալանելով հայ բնակչության ամբողջ կայքը: Հայերի հաղթանակը ոտքի է հանում մահմեդականներին, որոնք հարձակվում են Երևանի ու շրջակա գյուղերի հայերի վրա, կոտորում ու կողոպտում են շատերին, այնպիսի սարսափ են տարածում, որ հայերն իրենց տներից չեն համարձակվում դուրս գալ: Մահմեդականների վրեժխնդրությունը նաև այլ վայրերում է դրսևորվում: Ե՛վ պարսիկները, և՛ թուրքերը միատեսակ ատելությամբ են համակվում հայերի նկատմամբ, և այդ ատելության պատճառը Ղարաբաղի լեռներում ծվարած հայ զինվորականությունն էր:

Հայերի նկատմաբ ատելությունն այն ժամանակներում արմատավորվել է նույնիսկ Դաղստանում, որի լեռնականները Ռուսաստանի անհաշտ թշնամիներն էին: Երբ բացարձակ իրողություն է դառնում, որ հայերը ռուսների դաշնակիցներն են, բնականաբար, դաղստանցիները թշնամական տրամադրությամբ են համակվում հայերի նկատմամբ: 1724 թվականի երկրորդ կեսին և 1725 թվականի սկզբին դաղստանցի լեռնական ավազակախմբերը ներխուժում են Շաքիի ու Ղուբայի գավառներ, դրանց հարևան այլ վայրեր` հատկապես հայերին ու քրիստոնյաներին ոչնչացնելու համար: Միայն Կասպից ծովի ափամերձ հատվածում 12 հայկական գյուղ է ոչնչացվում:

Հայկական տարրը մահմեդական աշխարհում ընկալվում էր բնաջնջման արժանի էթնոս՝ բացառապես այն պատճառով, որ այն ռուսի գործիքն էր, որը նրան մտցնում էր Կովկաս՝ կատարելով ռուսին առաջնորդողի, ռուսի դաշնակցի ու լրտեսի դեր: Եվ հայերը, ինչպես բազմաթիվ փաստերն են հաստատում, ոչ միայն չեն հրաժարվել այդ դերից, այլև պարծեցել են այդ դերով ու էլ առավել են եռանդ դրսևորել իրենց այդ դերը պատշաճորեն կատարելու գործում:

Բայց երբ Ռուսաստանի կայսրը խոստումները չկատարեց, հայերից գոնե ոմանք սկսեցին սթափվել, և այդ սթափվողներից մեկն էլ Դավիթ բեկն էր, որը լավ ըմբռնելով իր երկրի շահը, համաձայնության եկավ Պարսկաստանի հետ՝ դրանով իսկ ապահովելով երկրի կիսանկախ դրությունը: Նրա պայքարն այլևս ոչ թե մահմեդականության, այլ նրա մի հատվածի դեմ էր: Դավիթ բեկը կրոնական հանգամանքը երկրորդական էր դարձրել և դրա շնորհիվ մեղմացել էր հայերի և մահմեդականների փոխհարաբերության սրությունը: Ինչպես Թեոդորոս Ռշտունին և Կիլիկիայի Մլեհ թագավորը, Դավիթ բեկն այն սակավաթիվ գործիչներից մեկն էր, որը քրիստոնեական քաղաքականության կույր հետևորդ չէր դարձել: Նա փորձել է մահմեդականների հետ դաշնակցելով՝ առաջ մղել իր երկրի շահերը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
11702 | 0 | 0
Facebook