Loading...

Articles

Այն մասին, թե ինչու է Մատթեոս ավետարանիչը նազարեթցի Հիսուսով հղի Մարիամին Բեթղեհեմ հասցրել

14:24, Thursday, 07 December, 2017
Այն մասին, թե ինչու է Մատթեոս ավետարանիչը նազարեթցի Հիսուսով հղի Մարիամին Բեթղեհեմ հասցրել
    

Աշխարհի բոլոր քրիստոնյաները, հիմք ընդունելով Աստվածաշունչը, այն համոզմանն են, թե Հիսուսը Նազարեթում է ծնվել, թեպետ այն ժամանակ Նազարեթ անունով բնակավայր չի էլ եղել: Իսկ այդ համոզումը ներշնչել են Մատթեոս, Ղուկաս և Հովհաննես ավետարանիչները, որոնք Հիսուսի ծննդավայրը Նազարեթն են համարել: Ահա թե ինչ է ասում Մատթեոսը.

«Եվ եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի կատարվի մարգարեների խոսքը, թե Նազովրեցի պիտի կոչվի» (Մատթեոս 2, 23):

Հիմնավորումը, թե ինչու են նրանք գնացել Նազարեթ, ավելի քան ծիծաղելի է:

Մատթեոսը Հիսուսի ծննդավայր է դարձնում Նազարեթը, որպեսզի Հիսուսի կենսագրությունը գունազարդի Դատավորաց գրքի հետևյալ շարադրանքով.
     «Արդ, զգո'ւյշ եղիր. գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետև ահա դու պիտի հղիանաս և մի որդի ծնես: Նրա գլխին ածելի չպիտի դիպչի, որովհետև մանուկը Աստծու ուխտավոր պիտի լինի հենց մոր արգանդից»
(Դատավորներ 13, 5):

Ընթերցողը, անշուշտ, կտարակուսի, որովհետև քաղվածքում «նազարեթցի» բառ չկա: Այո', չկա', որովհետև Աստվածաշնչի կազմողներն ու մեր «հմուտ և բարեխիղճ» թարգմանիչները «նազարեթցի» բառը, որ «Աստծու ուխտավոր, Աստծուն ընծայված» է նշանակում, դիտմամբ թարգմանել են, որպեսզի չզգացվի, որ «նազարեթցի» -ն ոչ թե Նազարեթում ապրող է նշանակում, այլ` Աստծուն ընծայված («nazir» -ը Աստծուն նվիրված սուրբն է):

Ղուկասի ավետարանի առաջին գլխի 26-32-ում կարդում ենք.

«Եվ վեցերորդ ամսում Գաբրիել հրեշտակն Աստծուց ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր մի մարդու, որի անունը Հովսեփ էր՝ Դավթի տնից, և այն կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը նրա մոտ գալով ասաց. «Ողջո՛ւյն քեզ, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ, օրհնյալ ես դու կանանց մեջ»: Եվ նա նրան տեսնելով՝ շփոթվեց նրա խոսքի համար, և իր մտքում մտածում էր, թե ինչպիսի բան պետք է լինի այս ողջույնը: Եվ հրեշտակն ասեց նրան. «Մի՛ վախենա, Մարիամ, որովհետև Աստծուց շնորհ գտար: Եվ ահա կհղանաս՝ և որդի կծնես, և նրա անունը Հիսուս կդնես: Եվ նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի. և Տեր Աստվածը նրա Դավիթ հոր աթոռը կտա նրան…» »:

Ղուկասը Հիսուսի նազարեթցի լինելու մասին ոչինչ չի ասում, իսկ Մատթեոսին գրեթե բառացիորեն կրկնում է Մարկոսը, միայն այն տարբերությամբ, որ մի տեղում Մատթեոսի գործածած «իր գավառ» -ի փոխարեն, Ղուկասը «իր հայրենիք» եզրն է գործածում:

«Եվ այն տեղից դուրս գնաց, եկավ իր հայրենիքը… (Մարկոս 6: 1 և շարունակությունը):

Մեկ էլ Հովհաննեսն է ասում, թե Հիսուսը նազարեթցի է.

«Փիլիպոսն էլ գնում է Նաթանյաելի մոտ և նրան ասում է. Նա, որի մասին Մովսեսը գրեց օրենքում, և մարգարեներն էլ (գրեցին), գտանք Հովսեփի որդի Հիսուսին՝ Նազարեթից: Եվ Նաթանյաելը նրան ասաց. Հնարավո՞ր է, որ Նազարեթից մի բարի բան լինի» (Հովհաննես 1: 45 - 46):

Մի խոսքով, Հիսուսն իր ամբողջ կյանքում «նազարեթցի» է համարվել, և միայն հետագայում նրա ծննդավայրը Նազարեթից տեղափոխվել է Բեթղեհեմ:

Իսկ թե ինչու են Հիսուսի ծննդավայրի այս փոփոխությունը, այս կեղծիքը կատարել, հուշում է Միքիայի մարգարեության 5-րդ գլխի 1-ը: Հիսուսի կենսագիրները պարզապես անհրաժեշտ են համարել շեշտել, թե նրա աշխարհ գալը, ինչ խոսք, Աստծո հուշումով, նույնիսկ այս մարգարեն է կանխատեսել, որպեսզի հավատացյալների մեջ համոզմունք ձևավորվի, թե այն Մեսիան, որի գալստյան մասին խոսում է Միքիան, հենց Հիուսն է:

Միքիայի մարգարեության հիշատակածս հատվածում հետևյալն է գրված.

«Հիմա դու քեզ գունդ կազմիր, ո'վ գնդի աղջիկ, պաշարումն է դրվելու մեզ վրա, գավազանով պիտի հարվածեն դատավորի ծնոտին: Եվ դու, ո'վ Բեթղեհեմ Եփրատթայի, (որ) փոքր ես Հուդայի հազարավորների մեջ, սակայն քեզանից պիտի ելնի ինձ համար նա, որ իշխան լինի Իսրայելին, և նրա ծագումը հավիտենական օրերից է: Դրա համար (Տերը) նրանց պիտի թողնի մինչև ծնողի ծնելու ժամանակը, և նրա մնացած եղբայրները պիտի վերադառնան Իսրայելի որդիների մոտ: Եվ նա պիտի կանգնի և հովվի Տիրոջ ուժով, և տեր Աստծո անվան մեծափառությամբ, և նրանք պիտի բնակվեն, որովհետև այժմվանից նրա հզորությունը պիտի տարածվի մինչև երկրի ծայրը»:

Մ.թ. 6 թվականին Հերովդես 1-ինի (Մեծ) որդի, Սամարիայի և Հուդայի էտնարքոս Հերովդես Արքելայոսը, բնակչության նկատմամբ բռնություններ գործադրելու պատճառով, Օգոստոս կայսեր որոշմամբ, աքսորվում է, և Հերովդեսի իշխանությանը ենթակա տարածքներից ու հարակից այլ երկրամասերից կազմավորվում է անմիջականորեն կայսրության մաս կազմող Սիրիա պրովինցիան: Պրովինցիայի կուսակալ է նշանակվում Պուբլիոս Սուլպիցոս Քվիրինտոսը՝ (նա երկու անգամ է այս պաշտոնին նշանակվել, առաջին անգամ՝ մ.թ. 4 թվականին, երբ հրեաների պետությունը դեռ Սիրիա պրովինցիայի կազմի մեջ չէր մտցվել): Սա իր կառավարմանը հանձնված երկրամասում, կայսրի հանձնարարությամբ, մարդահամար է կատարել: Հենց այս մարդահամարն է առասպելը կապել Հիսուսի ծնողների՝ Բեթղեհեմ մեկնելու հետ: Բայց այդ մարդահամարը Ղուկասի ու Մատթեոսի նշած իրադարձությունից (Հիսուսի ծնունդից) առնվազն 10 տարի հետո է տեղի ունեցել: Այս երկու ավետարանիչն էլ հավաստիացնում են, թե Հիսուսը ծնվել է Հերովդեսի գահակալության տարիներին:

Մեջբերեմ.

«Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմում, Հերովդես թագավորի օրերում, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ» (Մատթեոս 2: 1):

«Եվ երբ Հերովդեսը մեռավ, Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երևաց Հովսեփին» (Մատթեոս 2: 19):

«Եվ լսելով, թե Արքեղայոսն է թագավորում Հրեաստանի վրա իր հայր Հերովդեսի տեղ, վախեցավ գնալ այնտեղ, և երազում պատգամ առնելով՝ գնաց Գալիլեայի կողմերը» (Մատթեոս 2: 22):

«Հրեաստանի թագավոր Հերովդեսի օրերում…ու պատմվում է Հովհաննես Մկրտիչի մոր՝ Եղիսաբեթի ու Մարիամի հրաշքով հղիանալու մասին» (Ղուկաս, առաջին գլուխ):

Իսկ Քվիրինտոսի մարդահամարը տեղի է ունեցել Հերովդես Արքելայոսի պաշտոնանկությունից հետո, այսինքն Հերովդեսի 1-ինի մահից տասը տարի անց:

Որոշ ուսումնասիրողներ, հենվելով կեղծ փաստաթղթի վրա, փորձել են պնդել, թե Քվիրինտոսը երկու մարդահամար է կատարել, բայց ինչպես գերմանացի մեծ պատմագետ Մոմզենն է ապացուցել, Քվիրինտոսը մարդահամար անցկացրել է միայն երկրորդ նշանակման ժամանակ: Մարդահամարը պետք է կատարվեր միայն այն երկրամասերում, որոնք հռոմեական պրովինցիաների էին վերածվել: Այս մարդահամարը չէր վերաբերում Հռոմից կախյալ թագավորություններին, մասնավորպես Հերովդես Մեծի ժամանակվա Հրեաստանին:

Այն տեքստերը, որոնց օգնությամբ փորձում են ապացուցել, թե Օգոստոս կայսեր որոշ հրամաններ պիտի որ տարածվեին նաև Հերովդեսի տիրույթների վրա, հիմնազուրկ են, կամ էլ՝ քրիստոնյա հեղինակների հորինվածք: Ավելին, Բեթղեհեմ ուղևորվելու դրդապատճառը լավագույնս ապացուցում է, որ դա պատմական փաստ չէ: Հիսուսը Դավիթի սերնդից չէր, իսկ եթե նույնիսկ Դավիթի սերնդից լիներ, այնուամենայնիվ անհասկանալի է մնում, թե նրա ծնողներն ինչու են հարկադրված եղել, իշխանությունների զուտ կադաստրային ու ֆինանսական միջոցառումների պատճառով, մեկնել գրանցվելու այն աննշան բնակավայրում, որտեղից նրանց նախնիները տարագրվել են հարյուրամյակներ առաջ: Եթե հռոմեական իշխանությունը նրանցից այդ մեկնումը պահանջեր, ապա դա կնշանակեր, որ Հռոմը հավանություն էր տալիս այն հավակնությանը, որը նրա համար շատ լուրջ սպառնալիքի էր վերածվելու:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
10455 | 0 | 0
Facebook