Loading...

Articles

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ , ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ

19:11, Monday, 04 December, 2017
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ , ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ

Նվիրում եմ Սեդային

Դեռ երեկ մետրոյի մոտ տոնածառ էին վաճառում, եւ Կարոն, գրպանում մնացած փողը հաշվելով, ափսոսաց, որ չի կարող հենց հիմա առնել: Տունը շատ հեռու չէր, եղած-չեղածը` մի քանի րոպեի ճանապարհ, բայց գնալ-վերադառնալու եւ հետո նորից տուն հասնելու ցանկություն ամենեւին չկար, մանավանդ, որ արդեն մթնում էր, եւ ցերեկվա խաբուսիկ արեւից հետո միանգամից վրա էր տվել ցուրտը:
     Հիմա էլ ցուրտ էր: Կեսօր էր, բայց` ամպամած: Մետրոյի մոտ կրկին շարվել էին ձուկ, լիմոն, ծխախոտ եւ նույնիսկ խաղալիք վաճառողները, բայց տոնածառի հետք անգամ չկար: Կարոն չզարմացավ: Պարզապես մտաբերեց երեկվա կանաչ, հրապուրիչ կույտը եւ որոշեց գոնե մի քիչ տխրել: Ինչ խոսք, լավ կլիներ, եթե նախորդ երեկոյան, տնեցիների համար անսպասելիորեն ներս մտներ թեկուզ մի փոքրիկ, բայց փարթամ տոնածառով: Կինն ու աղջիկը հաստատ կուրախանային, որովհետեւ դա վաղուց մոռացված սովորություն էր, – մեկը մյուսին հաջորդած անլույս ձմեռները գումարվել ու սեւ պատի պես կանգնել էին հին ու նոր կյանքերի միջեւ, եւ Կաղանդի շողշողուն ծառը կարծես ընդմիշտ մնացել էր ուրիշ ժամանակներում:
     — Հիսուն դրամ չե՞ս տա, եղբայր:
     Հաստ գլխաշորով փաթաթված մի կին աննկատ մոտեցել ու նայում էր խնդրատու, սպասողական հայացքով, եւ Կարոն այս անգամ էլ չկարողացավ զսպել ժպիտը: Քրոջ ուղարկած ամերիկյան վերարկուն, անշուշտ, տպավորություն էր գործում: Մեկ ամիս էլ չկար, ինչ հագնում էր այդ թանկարժեք նվերը` անմիջապես հայտնաբերելով, որ իրենից ողորմություն խնդրողների թիվը բազմապատկվում է հեքիաթային արագությամբ:
     – Դու´ ողջ լինես, եղբայր: – Գլխաշորով կինը փորձեց կամացուկ նահանջել: – Թե չունես` ոչինչ:
     Կարոն հիսունանոց չգտավ: Ստիպված էր հարյուր դրամ տալ: Կինը հապճեպ օրհնեց նրան ու մանրիկ քայլերով հեռացավ: Աստված տա, եւս մի լավ վերարկու նկատի, մտածեց Կարոն:
     Կարելի էր, իհարկե, շուկայի կողմը գալ: Այնտեղ տոնածառ կճարվեր: Նոր տարվան մնացել էր երկու օր: Ձյուն չկար: «Չենք էլ ուզում, – կիսաձայն ասաց Կարոն, – հոգել ենք»: Եվ տեղնուտեղը խոստովանեց, որ լուրջ չի վերաբերվում իր խոսքերին, որովհետեւ էլ ինչ Ամանոր՝ առանց մեղմ ու խոշորափաթիլ ձյան, երբ կեսգշերից հետո հրճվալից աղաղակներով վազում եք բակ, վառում ու թափահարում բենգալյան ձողիկները, շամպայն տրաքացնում ու երգում, իսկ հորեղբայր Միհրանի «Ֆէդ 0187-ը լույսի կուրացուցիչ բռնկումներով անմահացնում է ձեզ` երջանիկ ու լիասիրտ ժպիտներով զարդարված:
     Կարոն սիգարեթ վառեց: Ոտքերն սկսում էին սառչել, միանգամից արթնացնելով նախորդ` գերեզմանային ձմեռների հիշողությունը, երբ կոշիկները շարունակ մնում էին խոնավ, իսկ ձախ երիկամը` դավադրաբար տնքում: Քայլել էր պետք կամ ընդամենը մտնել մետրո: «Բարեկամություն» կայարանից գնացքը շատ արագ կտաներ մինչեւ «Զորավար Անդրանիկ», իսկ այնտեղից արդեն ի՞նչ էր մնում շուկա հասնելու համար: Քիչ թե շատ կարգին տոնածառներն արժեին երկու հազար հինգ հարյուր դրամ: Կարելի էր հանգիստ խղճով այդպիսի շռայլություն թույլ տալ, որովհետեւ քույրը ոչ միայն վերարկու էր ուղարկել, այլեւ` փող, եւ հիմա, գոնե մինչեւ հունվարի վերջը, կարող էին հոգսերից ազատ ապրել:
     Մեկ շաբաթ առաջ երկար ու ձիգ զանգեր եղան` միջքաղաքային: Գիշերվա ժամ էր: Կարոն պառկել էր եւ նույնիսկ կես-քնած էր արդեն, իսկ Նվարդիկը ջուր էր տաքացրել ու մտել լոգարան, այնպես որ լսափողն Անահիտը վերցրեց: Իհարկե, զանգում էին Ատլանտյանի ափերից: Նյու Յորք, Ազատության արձան, Մանհեթենի բոհեմ եւ Միավորված ազգերի կազմակերպություն: Քույրն էր: Քանի դեռ Անահիտը հուզված հարցուփորձ էր անում եւ նույն հուզումով պատասխանում անդրօվկիանոսյան հարցումներին, Կարոն, ճիգ անելով, դուրս եկավ վերմակի տակից, նորից հագավ շալվարը, ձեռագործ ջեմպրը գցեց ուսերին ու գնաց միջանցք: Հեռախոսներից մեկը միջանցքում էր, մեծ հայելու մոտ, մյուսը` հյուրասենյակում, բայց Անահիտը խոսում էր միջանցքից եւ այստեղ, ինչպես միշտ, համեմատաբար ցուրտ էր: «Եկավ, – ասաց Անահիտը, – հիմա փոխանցում եմ, իրեն ասա»:
     Կարոն լավ գիտեր, թե խոսքն ինչի մասին է: Բայց քույրն ուրիշ տեղից սկսեց: Նախ հետաքրքրվեց եղբոր առողջությամբ, հարցրեց, թե ոնց է զգում այս ձմռանը, հո նորից չի՞ հազում: «Չէ, ասաց Կարոն, – այս ձմեռ լույս ունենք, կարողանում ենք տունը քիչ թե շատ տաք պահել»: Հետո քույրը հարցրեց, թե օրական քանի հատ է ծխում: «Առաջվա պես, – ծիծաղեց Կարոն, – էդ մեկն ինձ սազում է, դու քեզնից պատմիր»: «Անահիտին պատմել եմ, կիմանաս, – կարճ կապեց քույրը, եւ Կարոն չնեղացավ, քանի որ հասկանում էր` րոպեն փող արժի: – Ի՞նչ որոշեցիր»:
     Կարոն ոտաբոբիկ էր, բայց հողաթափերով: Անահիտը ուսով հենվել էր պատին, եւ հայելու մեջ արտացոլվում էր նրա գեղեցիկ կիսադեմը: Կարոյին թվաց, թե կնոջ մազերի մեջ սպիտակը շատացել է, բայց գուցե դա լուսավորությունի՞ց էր: «Չեմ որոշել, – ասաց նա, – մտածում եմ»:
     Սիգարեթը դեն նետեց եւ իջավ մետրո: Որոտընդոստ երաժշտությունն իսկույն վրա պրծավ, հարվածեց ականջներին: Նորագույն երգերից էր, արդեն լավ ծանոթ. կինարմատի մեկը պտերոդակտիլի պես ճղավում էր, որ ինքը հայ է, իսկ ճարպոտաձայն տղամարդը ոգեւորված արձագանքում էր նրան ու պնդում, որ ինքը` նույնպես: «Չէ, չէ, – ասաց Կարոն մտքում, – այս դեպքում ես փոխում եմ ազգությունս»:
     Վագոնը բազմամարդ չէր: Հաջողվեց նստել: Ամբողջ քաղաքը ոտքի տակ կտամ, բայց անպայման կառնեմ, որոշեց նա: Թող սա նշան լինի, որ մեր սառցադաշտային ժամանակաշրջանն ավարտվել է: Մի բան էր միայն վատ. զարդարուն եղեւնու մոտ լուսանկարվել, այնուամենայնիվ, չէր ստացվի: Միհրանն ու իր հավատարիմ «Ֆէդ» ը վաղուց չկային, իսկ Կարոյի «Զորկին» ջրի գնով վաճառվել էր դեռեւս երկու տարի առաջ, քրոջ մեկնումից անմիջապես հետո:
     Այս աշնանից քույրը զանգահարել էր մի քանի անգամ: Ասում էր` արի: Անահիտը անխոս նայում էր Կարոյին ու սպասում, թե նա ինչ վճիռ է կայացնելու: Կարոն սովորաբար կատակի էր տալիս, հետո երկար լռում: Քույրը հանգիստ գնաց: Կամ էլ, հավանաբար, չմատնեց իր տվայտանքները: «Որտեղ ամուսինս, այնտեղ էլ` ես, – կրկնում էր նա ու ամեն առավոտ անգլերենի դասի վազում»: «Սարսափելի ոչինչ չկա, – ասում էր Անահիտին, – քառասունմեկ տարեկանում էլ հնարավոր է օտար լեզու սովորել. դպրոցում անցածն օգնում է»: Նրա աչքաբաց սկեսրոջը արդեն կարելի էր ամերիկյան հնաբնակ համարել: Տասը տարի կլիներ, ինչ տեղափոխվել էր ավագ որդու մոտ, որն էլ, իր հերթին, ճշգրիտ նշանառությամբ ամուսնացել էր հայրենադարձի դստեր հետ: Սկեսուրն իր զավակին այցելության գնաց ու մնաց: Հետո էլ կրտսեր տղային ու հարսին հյուր կանչեց: Սկզբից եւեթ պարզ էր, որ հրավիրյալները չեն վերադառնալու:
     Գնացքը հասել էր «Երիտասարդական», եւ ուղեւորները միանգամից շատացան: Կարոն կողքի քաշվեց` մի գիրակազմ տիկնոջ ու նրա թոռնիկին տեղ բացելու համար: Տիկինը քաղաքավարի էր, շնորհակալություն հայտնեց: Հետո թոռնիկին ասաց, որ մատը բերանից հանի. «Թե չէ Ձմեռ պապիկը նվեր չի տա: Հո չե՞ս մոռացել, քիչ հետո նրան տեսնելու ես»: Թոռնիկը ենթարկվեց:
     …Շոկոլադի մեծ տուփի մեջ հին լուսանկարներ կային: Մեկն առանձնապես լավն էր` Կարոն ու քույրը Այգեստանի հայրական տանը, բնականաբար՝ տոնածառի մոտ: Քույրն իր ցմփոր արջուկին էր գրկել, իսկ Կարոն` քրոջը: Երկուսի աչքերն էլ փայլատակում էին բենգգալյան կրակների պես: Համարյա խոշոր պլան: Հորեղբայր Միհրանը վարպետորեն էր բռնացրել. կյանքի կենդանի ակնթարթ, առանց հատուկ նախապատրաստության: Ուրիշ լուսանկարներ էլ կային, հնուց հիշատակ, հոր ու մոր հետ, եւ այդ պատկերներում Կարոն ու քույրը տարեցտարի մեծանում են, մինչդեռ հայրն ու մայրը միառժամանակ մնում անփոփոխ: Հետո Արտակն է լույս աշխարհ գալիս` կրտսեր եղբայրը` ուշ երեխա, բայց այս մասին` զգույշ, հարկավոր չէ հիշել, որովհետեւ սա ծանր քար է, մեկեն կճզմի: Ավելի լավ է առանց հապաղելու աղջկադ անցիր` հոգու բալասան, խոպոպիկները ճակատին թափված` նա հայտնվում է Անահիտի գրկին, մորդ ծնկներին (հայրդ անհետացել է լուսանկարներից), իսկ տոնածառը միշտ նույնն է ու նույնը` պայծառ ապագա խոստացող, եւ հիմա մեկը չկա, որ համարձակվի հաշիվ պահանջել նրանից այդ շռայլ խոստումների համար:
     — Զորավար Անդրանիկ, – հայտարարեց աներեւույթ խոսնակը:
     Կարոն դուրս ելավ վագոնից: Վիճակախաղի գույնզգույն տոմսերը հովհարի պես բացած ծերուկը կանգնած էր հենց կառամատույցին ու հնարավորին չափ բարձր գոռում էր. «Նոր տարվա բացառիկ շահումներ»: Չորս բոլորը տռուզ տոպրակներով ծանրաբեռնված մարդիկ էին, տոպրակների մեջ` տոնական սեղանի բարիքներ, իսկ Կարոն քայլում էր ձեռքերը գրպաններում, բազմությանը միանգամայն անհարիր: «Տոնածառ տանող մեկը հանդիպեր, իմանայի, որ իզուր չեմ գնում»:
     «Իզուր չեմ գնում, – ասում էր քույրը, – վաղ թե ուշ ձեզ էլ կտանեմ: Առաջինը Կարոն կգա: Նրա պես վիրտուոզ գծագրողի համար անպայման գործ կճարվի: Ի՞նչ անենք, որ քառասունհինգ տարեկան է: Շատ լավ տարիք է տղամարդու համար, դեռ հնարավոր է նոր կյանք սկսել: Կգա, ոտքի տեղ կանի, կմերվի, մի քիչ գումար կվաստակի ու հերթը կհասնի ձեզ: Նվարդիկն այդ ընթացքում ուսումնարանը կավարտի, դաշնակահարի դիպլոմ կստանա, երաժիշտները ամեն տեղ մի կտոր հաց ունեն: Փոխարենը` վերջապես մարդու նման կապրեք: Աստված մեկ էլ ե՞րբ է կյանք տալու: Եվ ո՞վ իմանա, նորից տալու է, թե` ոչ»:
     Այս մենախոսությունն Անահիտին էր հասցեագրվում, բայց նախ եւ առաջ Կարոյի համար էր: Կարոն անմռունչ լսում էր քրոջը, հետո վառում հերթական սիգարեթը, կես-անլուրջ, կես-դառը քմծիծաղ տալիս ու ասում. «Բոլորը կգնան, ես կմնամ Երեւանին պահակ»:
     Նախկին Հոկտեմբերյան, այժմ` Տիգրան Մեծի պողոտան դիմավորեց նրան որտեղից որտեղ հայտնված պաղ քամու ծակոցով: Օրն ավելի էր խոժոռվել: Երեւանը մի տեսակ գորշացել էր, կուչ էր եկել թանձր ամպերի տակ: Գուցե սա մեզնից է, մտածեց Կարոն, եղանակը մեղք չունի: Գուցե մենք ենք փոխվում, կորցնում ներսի լույսը, չենք կարողանում այս քաղաքը մեզնով պայծառացնել: Մտածեց ու զղջաց: Արագացրեց քայլերը: Չարժեր դատավոր լինել: Չարժեր պետք եղածից շուտ ծերանալ, ուսերին առնել կյանք բացատրողի երկարափեշ պատմուճանը կամ գլխահակ նահանջել` կառչելով սեփական ստվերից: Կարողացիր ազատ մարդ լինել: Մեծ աշխարհի մարդ: Մի ժամանակ ստացվում էր առանց դժվարության, շնչելու պես ինքնաբերաբար: Կապույտ, պինդ կազմով ատլասը դնում էիր ծնկներիդ, – Այգեստանի նախապատմական բակ, լայնատարած ճյուղերով թթենի, ամառային երկար ու ձիգ արձակուրդ, – եւ Հուդզոնի գետաբերանից անվախ նավարկում մինչեւ հնդկացիների ամենահեռավոր ավանները, Մարոկկոյի ժայռոտ ափերից տեղափոխվում Պիրենեյան թերակղզի կամ էլ աշխարհի հակառակ ծայրում, ի լուր հոգնատանջ ու հուսահատված ուղեկիցներիդ` ամբողջ ուժով բացականչում. «Մոնտեվիդեո, տեսնում եմ սարը…»:
     Այնպես որ, թող ու գնա: Փոխիր այս պողոտան Մեդիսոն ավենյուի հետ, եթե հիմա ինքդ ես այսքան հոգնած ու հուսահատված: Ի վերջո, քո մեծ ճամփորդությունները այդպես էլ ատլասի մե±ջ են մնալու: Խնդրեմ` քույրդ լավ է յուրացրել ապրելու գիտությունը: Նյու Յորք, Բրուքլին, Բրոդվեյ, ռուսական գրախանութ: Ինչ էլ արագ ու հաջող տեղավորվեց եւ հիմա Ակսյոնովի ու Դովլաթովի հատորյակներն է վաճառում, կեցցեþ: Աստված տա, գործը չկորցնի, առողջ լինի, ամիսը մեկ զանգահարի: Լավ աղջիկ է, միշտ էլ նեղ օրին հասնող է եղել, արդեն օգնում է, ճար ունենա` ավելին կանի, բայց բոլորս ինչո՞ւ նորից ցրիվ եկանք: Սուտ չի, հենց բոլորս, որովհետեւ ում տուն մտնում ես` մեկը կամ երկուսը դրսերում են, իսկ մի ժամանակ, ընդհակառակը, կամաց-կամաց հավաքվում էինք:
     Զարմանալի էր, այսքան ճանապարհ էր անցել, բայց ամերիկյան վերարկուից փող խնդրող առայժմ չէր պատահում: Երեւի շատ արագ ու շատ մռայլ եմ քայլում, եզրակացրեց Կարոն: Կամարի տակից սպիտակ «Մերսեդես» հայտնվեց, առանց ազդանշանի, թափ առնելով, ու Կարոն հազիվ հասցրեց մեխվել տեղում: «Մերսեդեսը» զսպեց թափը, ղեկի մոտ նստածն ու նրա հարեւանը խեթ-խեթ Կարոյի կողմը նայեցին, ակնհայտ դժգոհ, որ նրա մտքով անցել է այս մայթով քայլել: Կարոն էլ նրանց նայեց, կլոր ու մեծ, անպարանոց գլուխներ էին` մսեղ ուսերի վրա կիպ նստած: Սովորական դարձած տեսարան էր, այսպիսիք հիմա ավելի ու ավելի հաճախ են հանդիպում, ծանրումեծ քայլում, միմյանց բարեւելիս ախորժակով համբուրվում, հետո խռպոտ պատասխանում գրպանում ծլնգացող հեռախոսին, խմբով կանգնում իրենց պատկանող նորաբաց խանութների ու խաղատների մոտ` Երեւանի հին ու գեղեցիկ շենքերի առաջին հարկերը, որոնք, իբրեւ մի հատուկ շքեղության առհավատչյա, երեսպատվում են պլպլան, թունավոր-կանաչ սալիկներով:
     «Արտակը սրանց որ տեսներ, կմեռներ երկրորդ անգամ», – մտածեց Կարոն: – Բայց նա շուտ զոհվեց, հենց առաջին կռիվներում: Ո՞վ կարող էր նրան տանը պահել: Մայրն արդեն ողջ չէր: Ողջ էլ լիներ, միեւնույն է, սուրբ օրեր էին: Սուսուփուս գնաց, կամավոր գրվեց, եկավ Կարոյի մոտ, խնդրեց ատամնավոր ներբաններով, բարձրաճիտ կոշիկները. չեխական էին, գրեթե նոր, Կարոն Մոսկվայում էր առել, որովհետեւ շատ հարմար էին ձմեռով գործուղում գնալու համար, ասաց` «ախ ու վախ չլսեմ, հիմա որ չկռվենք, հետո ենք ախ ու վախ անելու»: Քանի՞ տարի անցավ: Չհաշտվենք: Միայն թե ո՞նց բացատրի քրոջը, որ Արտակը թույլ չի տալիս այստեղից գնալ: Ո’չ այսօր, ո’չ վաղը, ո’չ էլ երբեւիցե: Որովհետեւ եթե Կարոն վեր կենա ու գնա, նշանակում է` Արտակը իզուր զոհվեց: Նշանակում է` ավելորդ էր քո նահատակությունը, եթե տոհմդ չի ուզում այս հողին ապրել:
     Իրոք, ԳՈՒՄ-ի դիմաց եղեւնիներ էին դարսել: Կույտը մեծ էր, գնորդները` քիչ: Նվարդիկը նրանց մեջ էր: Կարոն կանգ առավ: Աղջիկը մեջքով էր, հորը չէր նկատում: Ինչ-որ բան էր ասում կողքը կանգնած երիտասարդին, որի ուսից սպորտային պայուսակ էր կախված: Հետո նրանք ընտրել սկսեցին: Երիտասարդը ձեռքն ամենախոշորներին էր գցում, Նվարդիկն ասում էր. «Չէ, թող փոքրիկ-կոկիկ լինի, մեր սենյակներին մեծը չի սազում»:
     Նրանց հազիվ մի երկու քայլ էր բաժանում: Տեր Աստված, ե՞րբ մեծացավ, մտածեց Կարոն: Տաք, ներսից ջերմացնող մի հոսանք մոռացնել տվեց ձմեռային օրվա մրսուկը: Նվարդիկը շրջվեց: Կարոն ակնդետ էր նայում: Աղջկա դեմքին զարմանք, հետո ժպիտ, հետո շփոթմունք նշմարվեց: Շրջվեց նաեւ անծանոթ երիտասարդը: Կարոն մնաց տեղում: Նվարդիկը մոտեցավ:
     — Տոնածառ ենք առնում, – ասաց նա, – Ազատը մտքին դրել է, որ ինձ իսկական տոնածառ նվիրի: Դու շուկա՞ ես եկել:
     – Մոտավորապես, – պատասխանեց Կարոն եւ հարցրեց հնարավորին չափ մեղմ ու չեզոք, – Ազատն ո՞վ է, միասի՞ն եք սովորում:
     – Ապագա նշանավոր ռեժիսոր, – զվարթ ծիծաղեց Նվարդիկը, – միասին չենք սովորում: Նա թատերականում է, մեր ուսումնարանի կողքին:
     – Հասկացա, – գլխով արեց Կարոն:
     Մոտեցավ նաեւ Ազատը: Նվարդիկն ասաց. «Ծանոթացիր հայրիկիս հետ»: Կարոն սեղմեց Ազատի ձեռքը: Տարօրինակ երիտասարդ էր. մաքուր սափրված, ծամոն չէր ծամում, ճակատը նեղլիկ չէր եւ շրթունքներին ծուռտիկ ժպիտ չկար:
     — Նվարդիկը մի օր ասաց, որ սիրում է տոնածառի մոտ լուսանկարվել, – Ազատը լռեց, հավանաբար չիմանալով ճի՞շտ է սկսել իր խոսքը, թե՞ ոչ: Հետո, այնուամենայնիվ, ավելացրեց: – Ձեր գալիք տարին շնորհավոր:
     — Շնորհակալ եմ, – պատասխանեց Կարոն, – քոնը եւս:
     — Մենք ուղիղ տուն ենք գնալու, – ասաց Նվարդիկը, – դու մեզ հետ կգա՞ս:
     — Գնացեք, – չառարկեց Կարոն, – մայրիկդ տանն է: Ես դեռ առնելիքներ ունեմ, միրգ ու եւ այլն:
     Ազատին ցտեսություն ասաց ու թեքվեց շուկայի կողմը, թեեւ գնումներ անելու ոչ մի անհրաժեշտություն չկար: Իր մտահղացումը չէր իրականացրել: Ուզում էր անակնկալ մատուցել կնոջն ու դստերը` չեղավ:
     Շատ բան չստացվեց ու չեղավ, թեպետ մի ամբողջ` արդեն երկար կյանք, ձմեռային ցերեկվա պես արագասահ, անցել-գնացել էր ու վերածվել ընդամենը հիշողության: «Իսկ մի՞թե ուրիշ կերպ է լինում», – հարցրեց մտքում Կարոն: Հավանաբար` ոչ: Բայց գուցե Նվարդիկի համար ինչ-որ բացառություն գտնվի:

1999 թ.

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5194 | 0 | 0
Facebook