Loading...

Articles

ՖԵՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ

19:07, Tuesday, 21 November, 2017
ՖԵՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ
     ԿԱՐԱՄԱԶՈՎ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ
     /հատված 3/
    
    

Գիրք երրորդ: Հեշտամոլներ

I։ Ծառայանոցում

Ֆյոդոր Պավլովիչ Կարամազովի տունը քաղաքի բուն կենտրոնում չէր, թեև շատ էլ հեռու չէր կենտրոնական թաղամասից։ Բավական խարխուլ շենք էր, սակայն արտաքուստ հաճելի էր տեսքը. միահարկ էր ու վերնատուն ուներ, մոխրագույն էր ներկված, թիթեղապատ տանիքը՝ կարմիր։ Դեռ կարող էր շատ երկար դիմանալ այդ տունը, ընդարձակ էր ու հարմարավետ։ Բազմաթիվ այլևայլ մառանիկներ, ծածուկ անկյուններ և անսպասելի սանդղիկներ կային տան մեջ։ Առնետներ կային, բայց Ֆյոդոր Պավլովիչը շատ էլ չէր սրդողում դրանցից. «Համենայն դեպս, — ասում էր, — այնքան չես ձանձրանում երեկոները, երբ առանձին ես մնում» ։ Եվ իրոք նա սովորություն ուներ երեկոյան արձակելու ծառաներին և ուղարկելու ծառայանոց, իսկ ինքն ամբողջ գիշերը առանձին փակվում էր տանը։ Ծառայանոցը գտնվում էր բակում, ընդարձակ ու ամուր շենք էր։ Ֆյոդոր Պավլովիչը որոշել էր, որ ճաշերն այնտեղ պատրաստվեն, թեև տանն էլ խոհանոց կար. նա չէր սիրում խոհանոցային հոտերը, և ամառ թե ձմեռ՝ ճաշը բերում էին բակից։ Այդ տունն առհասարակ կառուցված էր մեծ ընտանիքի համար, և հնգապատիկ ավելի մարդ կարող էր բնակվել այնտեղ՝ տեր ու ծառա միասին։ Բայց մեր այս պատմած դեպքերի ժամանակ Ֆյոդոր Պավլովիչն էր միայն ապրում այնտեղ՝ Իվան Ֆյոդորովիչի հետ, իսկ ծառայանոցում ընդամենը երեք հոգի էր բնակվում՝ ծերունի Գրիգորին, նրա պառավ կինը՝ Մարֆան, և ծառա Սմերդյակովը, որ դեռ երիտասարդ էր։ Հարկավոր է մի քիչ ավելի մանրամասն խոսել այս երեք սպասավորների մասին։ Բայց ծերունի Գրիգորի Վասիլևիչ Կուտուզովի մասին արդեն բավական բան ասել ենք։ Հաստատակամ և անհողդողդ մարդ էր նա, որ համառորեն ու շիտակ գնում էր դեպի իր նպատակակետը, եթե անշուշտ դա անխախտ ճշմարտություն թվար նրան այս կամ այն (հաճախ զարմանալիորեն անտրամաբանական) պատճառով։ Առհասարակ նա ազնիվ էր ու անկաշառ։ Նրա կինը, Մարֆա Իգնատևնան, հակառակ որ իր ամբողջ կյանքում անտրտունջ հպատակվել էր ամուսնու կամքին, գյուղացիների ազատագրումից անմիջապես հետո նրա գլուխն էր տանում պահանջելով, որ թողնեն Ֆյոդոր Պավլովիչին ու գնան Մոսկվա, մի փոքրիկ առևտուր սկսեն այնտեղ (քիչ-միչ փող ունեին) ։ Բայց Գրիգորին իսկույն և ընդմիշտ վճռեց, որ կնիկը հիմարություն է դուրս տալիս, «որովհետև ամեն մի կինարմատ անազնիվ է», և թե վայել չէ հեռանալ նախկին տիրոջից, ինչպիսին էլ լինի նա իր տեղովը, «որովհետև դա է իրենց պարտքն էս րոպեիս» ։

— Դու հասկանո՞ւմ ես ինչ բան է պարտքը, — դիմեց նա Մարֆա Իգնատևնային։

— Պարտք ասածդ հասկանում եմ, Գրիգորի Վասիլևիչ, բայց թե մեր ի՞նչ պարտքն է, որ մենք էստեղ մնանք, էդ բանն սկի չեմ հասկանա, — համառորեն պատասխանեց Մարֆա Իգնատևնան։

— Դե մի՛ հասկացի, բայց էդ էդպես է լինելու։ Եվ էլ լեզուդ քեզ պահի։

Այդպես էլ եղավ. չգնացին, իսկ Ֆյոդոր Պավլովիչը ռոճիկ նշանակեց նրանց՝ փոքրիկ մի գումար, և կանոնավորաբար վճարեց։ Գրիգորին գիտեր նաև, թե ինքն անվիճելի ազդեցություն ունի իր տիրոջ վրա։ Զգում էր այդ, և դա իրոք այդպես էր։ Ֆյոդոր Պավլովիչը, խորամանկ ու կամակոր մի խեղկատակ, որ, ինչպես ինքն էր ասում, «կյանքի որոշ բաներում» շատ ամուր նկարագիր էր ցույց տալիս, «կյանքի ուրիշ բաներում» խիստ թույլ բնավորության տեր մարդ էր և ինքն էլ զարմանում էր դրա վրա։ Ու գիտեր, թե որոնք էին այդ «ուրիշ բաները», գիտեր ու վախենում էր շատ հարցերից։ Կյանքի որոշ բաներում պետք է ականջները սրած պահեր, և այդ պարագային դժվար կլիներ առանց հավատարիմ մարդու, իսկ Գրիգորին ամենահավատարիմ մարդն էր։ Ֆյոդոր Պավլովիչն իր կյանքի ընթացքում կարող էր նույնիսկ բազմիցս ծեծ ուտել, սաստիկ ծեծ, և միշտ Գրիգորին էր փրկում նրան, թեև ամեն անգամ էլ, փրկելուց հետո, ծառան մի լավ խրատ էր կարդում տիրոջ գլխին։ Բայց եթե միայն ծեծը լիներ, Ֆյոդոր Պավլովիչը չէր վախենա երբեք։ Լինում էին ավելի ծանրակշիռ, նույնիսկ շատ նուրբ ու բարդ պարագաներ, երբ Ֆյոդոր Պավլովիչն ինքն էլ չէր կարողանում բացատրել հավատարիմ ու մոտիկ մի մարդ ունենալու այն արտակարգ պահանջը, որ երբեմն հանկարծ սկսում էր զգալ վայրկենաբար և անհասկանալիորեն։ Համարյա հիվանդագին պահեր էին դրանք. լինելով չափազանց անառակ մարդ, իր հեշտասիրության մեջ հաճախ թունոտ միջատի պես դաժան, Ֆյոդոր Պավլովիչը մերթ ընդ մերթ, հարբած պահերին, հանկարծ հոգեկան սարսափ էր զգում և բարոյական մի ցնցում, որ նույնիսկ, այսպես ասած, իր գրեթե ֆիզիկական անդրադարձն էր ունենում։ «Այդ պահերին կարծես թե հոգիս թպրտում է կոկորդիս մեջ», — ասում էր նա երբեմն։ Եվ ահա հենց այդ վայրկյաններին նա սիրում էր, որ իր կողքին, մոտիկ մի տեղ, եթե ոչ սենյակում, գոնե բակի շենքում, լինի այդպիսի նվիրված, ամուր, ոչ թե իրեն նման անառակ, այլ առաքինի մի մարդ, որ թեև տեսնում է ամբողջ այդ ցոփությունը և գիտե բոլոր գաղտնիքները, բայց այնուամենայնիվ հանդուրժում է այդ բոլորն իր նվիրվածությամբ, չի ընդդիմանում և մանավանդ չի կշտամբում ու չի սպառնում ո՛չ այս աշխարհի, ոչ էլ հանդերձյալ կյանքի պատիժներով, իսկ անհրաժեշտության դեպքում նույնիսկ պաշտպանում է նրան... ումի՞ց։ Անծանոթ, բայց սարսափելի ու վտանգավոր մեկից։ Խնդիրը հենց այն էր, որ անպայման լիներ մի ուրիշ մարդ, մի հին բարեկամ, որին նա կարողանար կանչել հիվանդագին պահին՝ պարզապես նրա դեմքին նայելու, գուցե և մի քանի բառ փոխանակելու համար, նույնիսկ բոլորովին կողմնակի մի բանի մասին խոսելու, և եթե բարեկամը ոչինչ չասեր, չբարկանար՝ մի տեսակ թեթևանում էր սիրտը, իսկ եթե բարկանար՝ դե՜հ, ավելի էր տխրում։ Պատահում էր (բայց չափազանց հազվադեպ), որ Ֆյոդոր Պավլովիչը նույնիսկ գիշերն էր գնում ծառայանոց և արթնացնում Գրիգորիին, որպեսզի նա մի րոպե գա իր մոտ։ Գալիս էր Գրիգորին, և Ֆյոդոր Պավլովիչն սկսում էր խոսել ամենադատարկ բաների մասին ու շուտով արձակում էր նրան, երբեմն նույնիսկ կատակի տալով, իսկ հետո թքում էր ամեն ինչի վրա, պառկում էր ու քնում արդար մարդու քնով։

Նմանօրինակ մի բան պատահեց Ֆյոդոր Պավլովիչին, երբ եկավ Ալյոշան։ Ալյոշան «ծակեց նրա սիրտը», որովհետև հոր հետ «ապրեց, տեսավ ամեն ինչ և ոչինչ չդատապարտեց» ։ Ավելին, աննախընթաց մի բան բերեց իր հետ, այսինքն արհամարհանքի կատարյալ բացակայություն և, ընդհակառակը, մշտական սիրալիրություն ու լիովին բնական ու անկեղծ նվիրվուծություն ծերունու նկատմամբ, որն այնքան քիչ էր արժանի դրան։ Իր ընտանեկան կապերը կտրած ծեր անառակի համար, որ միայն «գեշություն» էր սիրել մինչ այդ, կատարյալ անակնկալ էր այդ ամբողջը։ Ալյոշայի գնալուց հետո նա ինքն իրեն խսոտովանեց, թե հասկացել է մի բան, որ մինչ այդ չէր ուզում հասկանալ։

Ես արդեն հիշել եմ այս պատմության սկզբում, թե ինչպես էր Գրիգորին ատում Ադելաիդա Իվանովնային՝ Ֆյոդոր Պավլովիչի առաջին կնոջը և Դմիտրի Ֆյոդորովիչի մորը, և թե ինչպես, ընդհակառակը, պաշտպանում էր նրա երկրորդ կնոջը՝ դիվահարին՝ Սոֆյա Իվանովնային, ընդդիմանալով հենց իր տիրոջը և բոլոր նրանց, ում խելքին փչում էր մի վատ կամ թեթևսոլիկ խոսք ասել կնոջ հասցեին։ Այդ դժբախտ կնոջ նկատմամբ Գրիգորիի համակրանքը դարձել էր մի տեսակ սրբություն, այնպես որ քսան տարի հետո էլ ծերունին չէր կարող մինչև իսկ որևէ հոռի ակնարկ հանդուրժել նրա հասցեին և, ով էլ լիներ վիրավորողը, անմիջապես կընդդիմախոսեր։ Գրիգորին արտաքուստ սառն ու ծանրաբարո մարդ էր, չէր սիրում շատախոսել, կշռում էր իր բառերը, թեթևամիտ բաներ չէր ասում։ Ճիշտ այդպես էլ անհնար էր որոշել առաջին հայացքից՝ սիրո՞ւմ է նա իր սուսուփուս, խոնարհ կնոջը, թե ոչ, այնինչ իրոք սիրում էր, և կինն անշուշտ հասկանում էր այդ։ Մարֆա Իգնատևնան ոչ միայն հիմար կին չէր, այլև գուցե ավելի խելացի էր, քան ամուսինը, առնվազն նրանից ավելի խոհեմ էր կենցաղային հարցերում, և սակայն ամուսնության առաջին օրից ենթարկվում էր նրան անտրտունջ ու լռելյայն և հարգում էր անտարակույս՝ նրա հոգեկան գերազանցության համար։ Զարմանալի բան, երկուսն էլ իրենց ամբողջ կյանքի ընթացքում չափազանց քիչ էին խոսում իրար հետ՝ միայն ամենից ավելի անհրաժեշտ ու ընթացիկ բաների շուրջ։ Լրջախոհ ու վեհաշուք Գրիգորին միշտ առանձին էր մտորում իր բոլոր գործերի ու հոգսերի մասին, այնպես որ Մարֆա Իգնատևնան արդեն վաղուց հասկացել էր միանգամ ընդմիշտ, որ նա բնավ կարիք չունի իր խորհուրդներին։ Զգում էր, որ ամուսինը գնահատում է իր լռությունը և դա կնոջ խելոքության նշանն է համարում։ Գրիգորին բնավ չէր ծեծում իր կնոջը, միայն մեկ անգամ էր ձեռք բարձրացրել նրա վրա, այն էլ թեթևակի։ Մի անգամ, գյուղում, Ադելաիդա Իվանովնայի ու Ֆյոդոր Պավլովիչի ամուսնության առաջին տարին, այն ժամանակ դեռ ճորտ աղջիկներին ու կնիկներին հավաքել էին կալվածատիրոջ տան բակը, որ երգեն ու պարեն։ Սկսել էին «Մարգերում» երգը, և հանկարծ Մարֆա Իգնատևնան, որ այն ժամանակ երիտասարդ կին էր տակավին, խմբից դուրս թռավ ու հատուկ ձևով պարեց «ռուսականը», ոչ թե գյուղացի կնիկների նման, այլ այնպես, ինչպես նա պարել էր, երբ ծառայում էր հարուստ Միուսովների տանը, նրանց ընտանեկան թատրոնում, ուր դերասաններին պարել էր սովորեցնում Մոսկվայից հրավիրված պարուսույցը։ Գրիգորին տեսավ, թե ինչպես էր պարում իր կինը, և մի ժամ հետո, տանը, իրենց խրճիթում, նրա դասը տվեց, մի փոքր քաշելով մազերից։ Բայց դրանով էլ ծեծը վերջացավ և այլևս ոչ մի անգամ չկրկնվեց ամբողջ նրանց կյանքում, Մարֆա Իգնատևնան էլ այդ օրվանից երդվեց բնավ չպարել։

Աստված զավակներ չպարգևեց նրանց։ Միայն մեկ երեխա ունեցան, բայց նա էլ շուտով մահացավ։ Իսկ Գրիգորին երեխա սիրում էր հայտնապես. նույնիսկ չէր թաքցնում այդ սերը, այսինքն չէր ամաչում արտահայտելուց։ Երբ Ադելաիդա Իվանովնան փախավ, Գրիգորին իր ձեռքերի վրա պահեց երեք տարեկան Դմիտրիին և համարյա մեկ տարի չարչարվեց նրա վրա. ինքն էր սանրում տղայի մազերը, ինքն էր նույնիսկ լողացնում նրան տաշտում։ Հետո նա և Իվանի և Ալյոշայի հոգսը քաշեց, և դրա համար էլ ապտակ կերավ։ Բայց այդ բոլորի մասին պատմել եմ արդեն։ Իր սեփական երեխան որպես հույս միայն ուրախացրեց նրան, երբ Մարֆա Իգնատևնան հղի էր տակավին։ Իսկ երբ մանկիկը ծնվեց, վիշտն ու սարսափը խոցեցին նրա սիրտը. նորածին տղան վեց մատ ուներ։ Տեսնելով այդ, Գրիգորին այնպես խորտակված զգաց իրեն, որ ոչ միայն լուռ մնաց մինչև մկրտության օրը, այլև դիտմամբ գնում էր այգի՝ առանձնանալու։ Գարուն էր, ամբողջ երեք օր նա ածու էր փորում այգու բանջարանոցում։ Երրորդ օրը հարկավոր էր մկրտել մանկիկին, մինչ այդ Գրիգորին արդեն համակերպվել էր ու որոշել իր անելիքը։ Մտնելով խրճիթ, ուր հավաքվել էր կղերը, եկել էին հյուրերը և անձամբ ներկայացել էր նաև Ֆյոդոր Պավլովիչը որպես կնքահայր, Գրիգորին հանկարծ հայտարարեց, թե երեխային «պետք չէ մկրտել ամենևին», — հայտարարեց մեղմ ձայնով, առանց խոսքը երկարացնելու, այլ հազիվ արտասանելով բառերը հատիկ-հատիկ ու միաժամանակ բութ ու սևեռուն հայացքով նայելով քահանային։

— Ինչո՞ւ պետք չէ, — հարցրեց քահանան ուրախ զարմանքով։

— Որովհետև... վիշապ է...— մրթմրթաց Գրիգորին։

— Ինչպե՜ս թե վիշապ, ի՞նչ վիշապ։

Գրիգորին մի պահ լուռ մնաց։

— Բնությունը շփոթվել է...— մրմնջաց նա, ու թեև շատ տարտամ, բայց վճռական էր ասածը։ Երևում էր, որ չի ցանկանում ավելի երկար խոսել։

Ծիծաղեցին և, բնական է, մկրտեցին խեղճ երեխային։ Գրիգորին ջերմեռանդորեն աղոթեց մկրտության ավազանի առաջ, թեև նորածինի մասին իր կարծիքը չփոխեց։ Եվ սակայն ոչ մի բանի արգելք չեղավ, միայն թե ամբողջ երկու շաբաթ, քանի դեռ ապրում էր հիվանդկախ մանչուկը, համարյա չնայեց նրա երեսին, նույնիսկ չուզեց նկատել նրան և գրեթե միշտ բացակայեց խրճիթից։ Բայց այդ տղան երկու շաբաթ հետո մահացավ կաթնախտից, ինքը նրան դրեց փոքրիկ դագաղի մեջ, խորունկ վշտով նայեց նրա մարմնին և, երբ ծածկում էին նրա փոքրիկ, ոչ-խոր գերեզմանը, ծունկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց գերեզմանի առաջ։ Այնուհետև երկար տարիներ ոչ մի անգամ չխոսեց իր երեխայի մասին, Մարֆա Իգնատևնան էլ ոչ մի անգամ նրա ներկայությանը չհիշատակեց իր երեխային, իսկ եթե պատահեր, որ իր «մանկիկի» մասին խոսեր որևէ մեկի հետ, ապա խոսում էր շշուկով, թեկուզ և բացակա լիներ Գրիգորի Վասիլևիչը։ Մարֆա Իգնատևնան նկատել էր, որ ամուսինը, հենց երեխային թաղելու օրից, սկսել է առավելապես «աստվածահաճո» հարցերով զբաղվել, կարդում է «Վարք սրբոցը», մեծ մասամբ լռելյայն ու առանձին, ամեն անգամ դնելով իր խոշոր, արծաթե շրջանակով ու կլոր ապակիներով ակնոցը։ Հազվադեպ էր բարձրաձայն կարդում՝ գուցե միայն մեծ պահքին։ Սիրում էր Հոբի գիրքը։ Մի տեղից ճարել էր «աստվածազգյաց հայր մեր Իսահակ Ասորիի» ճառերի ու քարոզների մատյանը, որ տարիներով կարդում էր համառորեն, գրեթե ոչինչ չէր հասկանում կարդացածից, բայց և գուցե այդ իսկ պատճառով ամենից ավելի էր գնահատում ու սիրում այդ մատյանը։ Վերջերս սկսել էր ականջ տալ ինքնախարազանողներին, որոնք երևացել էին մոտակայքում, խորամուխ լինել այդ աղանդի տեսության մեջ, ըստ երևույթին ցնցող տպավորություն էր կրել, բայց այդ նոր հավատքին հարելն անպատեհ էր համարել։ «Աստվածահաճո» գրքեր կարդալը, բնական է, ավելի ևս ծանրաբարո արտահայտություն տվեց նրա դեմքին։

Թերևս նա հակամետ էր միստիցիզմի։ Եվ ահա, կարծես դիտմամբ, իր վեցմատանի երեխայի աշխարհ գալն ու մահը զուգադիպեցին մի ուրիշ շատ տարօրինակ, անսպասելի և յուրահատուկ դեպքի, որ նրա հոգու վրա «կնիք» թողեց, ինչպես ինքն ասաց մի անգամ հետագայում։ Այնպես պատահեց, որ վեցմատանի մանկիկի թաղման օրն իսկ Մարֆա Իգնատևնան, գիշերը զարթնելով, կարծես նորածին երեխայի լաց լսեց։ Կինը վախեցավ և արթնացրեց ամուսնուն։ Գրիգորին ականջ դրեց ու ասաց, թե դա ավելի տնքոցի է նման, «ոնց որ կին լինի» ։ Վերկացավ, հագնվեց. մայիսյան բավական տաք գիշեր էր։ Դուրս ելնելով, արտասանդուղքի վրա նա պարզ լսեց, որ տնքոցն այգուց էր գալիս։ Սակայն բակի կողմից դուռը կողպում էին գիշերը, իսկ ուրիշ կողմից ներս մտնելն անհնար էր, որովհետև այգին ամուր ու բարձր ցանկապատով էր շրջափակված։ Գրիգորին վերադարձավ խրճիթ, լապտերը վառեց, վերցրեց այգու բանալին ու լռելյայն դուրս գնաց, առանց ուշադրություն դարձնելու կնոջը, որ հիստերիկ սարսափի մեջ ընկած հավատացնում էր տակավին, թե երեխայի լաց է լսում և թե հավանաբար իր մանչուկն է այդպես լաց լինում ու կանչում իրեն։ Այգում Գրիգորին պարզ հասկացավ, որ տնքոցը գալիս է այգու դռնակի մոտ գտնվող իրենց բաղնիքից, և որ իսկապես կին է տնքացողը։ Բանալով բաղնիքի դուռը, նա տեսավ մի պատկեր, որի առաջ քարացած մնաց. Լիզավետա Սմերդյաշչայա մականուով հորջորջվող պակասամիտ աղջիկը, որ միշտ թափառում էր փողոցներում և հայտնի էր ամբողջ քաղաքին, մտել էր իրենց բաղնիքն ու հենց նոր ծննդաբերել էր։ Նորածինն ընկած էր մոր կողքին, իսկ մայրը մահանում էր երեխայի կողքին։ Ոչինչ չէր ասում Լիզավետան, չէր խոսում, թեկուզ հենց այն պատճառով, որ խոսել չգիտեր։ Բայց այս ամբողջը կարոտ է առանձին լուսաբանության։

II։ Լիզավետա Սմերդյաշչայա

Այստեղ կար մի հատուկ հանգամանք, որ խորապես ցնցեց Գրիգորիին, վերջնականապես հաստատելով նրա ունեցած մի տհաճ ու քստմնելի կասկածը։ Այս Լիզավետա Սմերդյաշչայան շատ կարճահասակ էր՝ «երկու կանգուն լիներ թե չլիներ», ինչպես նրա մահից հետո սրտառուչ կերպով հիշում էին մեր քաղաքի բարեպաշտ պառավներից շատերը։ Քսանամյա աղջկա առողջ, լայն ու վարդագույն դեմքը լիակատար ապուշի արտահայտություն ուներ, հայացքը թեև մեղմ էր, բայց անշարժ էր ու տհաճ։ Իր ամբողջ կյանքում, ամառ թե ձմեռ, բոբիկ էր ման գալիս և կանեփե շապիկ էր հագնում միայն։ Համարյա սև մազերը, որոնք չափազանց խիտ էին ու ոչխարի բրդի նման խճճված, հսկա մի գդակի ձև ունեին նրա գլխին։ Եվ միշտ էլ հողով ու ցեխով կեղտոտված էին լինում մազերը, փոքրիկ տերևներ, շյուղեր ու տաշեղներ էին կպչում գանգուրներին, որովհետև նա միշտ գետնին էր պառկում, կեղտի մեջ։ Հայրը՝ Իլյան, անտուն, սնանկացած ու հիվանդոտ մի քաղքենի, հարբեցողի մեկն էր և արդեն երկար տարիներ իբրև գործավոր ապրում էր մի հարուստ ընտանիքում, որ նույնպես մեր քաղքենիների դասին էր պատկանում։ Իսկ Լիզավետայի մայրը վաղուց էր մահացել։ Մշտապես հիվանդկախ ու չարացած Իլյան անգթորեն ծեծում էր Լիզավետային, երբ աղջիկը տուն էր գալիս։ Բայց նա հազվադեպ էր գալիս հոր մոտ, որովհետև ամբողջ քաղաքն էր նրան պատսպարում որպես աստծո պակասամիտ արարածի։ Թե՛ Իլյայի գործատերերը, թե՛ Իլյան ինքը և նույնիսկ քաղաքի կարեկից մարդկանցից շատերը, առավելապես առևտրականներն ու նրանց կանայք, մի քանի անգամ փորձել էին ավելի վայելուչ զգեստավորել Լիզավետային, իսկ ձմեռը միշտ էլ ոչխարի մորթուց վերարկու և երկարաճիտ կոշիկներ էին հագցնում նրան։ Սակայն նա, առանց առարկության թույլ տալով, որ այդպես հագցնեն իրեն, սովորաբար գնում ու անպայման հանում էր այդ բոլորը որևէ մի տեղ, առավելապես եկեղեցու դռանը, այդտեղ էլ թողնում էր իրեն նվիրված ամբողջ հագուստ-կապուստը՝ գլխաշոր, շրջազգեստ, կոշիկ թե վերարկու, և հեռանում էր միայն շապիկով ու բոբիկ՝ առաջվա նման։ Մի անգամ պատահեց, որ մեր նոր նահանգապետը, վերատեսչական իր կարճ այցելության գալով մեր քաղաքը, իր նրբագույն զգացմունքները վիրավորված զգաց, երբ տեսավ Լիզավետային։ Ու թեև զեկուցեցին ու նա հասկացավ, որ աղջիկը «պակասամիտ» է, բայց այնուամենայնիվ նկատել տվեց, որ միայն շապիկով թափառող երիտասարդ աղջիկը խախտում է պատշաճության կանոնները, ուստի և սույն պարագան պետք չէ կրկնվի հետայսու։ Բայց նահանգապետը մեկնեց, իսկ Լիզավետային թողեցին եղածի նման։ Վերջապես նրա հայրը մահացավ, և որպես որբուհի նա ավելի սիրելի դարձավ քաղաքի բոլոր բարեպաշտ մարդկանց։ Եվ իրոք, կարծես թե բոլորն էլ սիրում էին Լիզավետային, նույնիսկ փոքր տղաները չէին ծաղրում ու չէին նեղացնում նրան, չնայած որ մեր քաղաքի տղաները, հատկապես դպրոցականները, կռվարար լաճեր են։ Նա անծանոթ տներ էր մտնում, և ոչ ոք չէր վռնդում նրան, ընդհակառակը՝ բոլորն էլ սիրալիր էին վերաբերվում ու մի փոքր ողորմություն տալիս։ Եթե մանր դրամ լիներ տրվածը, նա վերցնում ու անմիջապես տանում գցում էր եկեղեցու կամ բանտի դրամատուփը։ Իսկ եթե շուկայում օղաբլիթ կամ նկանակ տային, վերցնում էր և ինքն էլ անպայման տալիս էր առաջին պատահած երեխայի ձեռքը, երբեմն էլ ուղղակի կանգնեցնում էր մեր ամենահարուստ տիկիններից մեկն ու մեկին ու տալիս նրան, և տիկինները նույնիսկ ուրախությամբ էին ընդունում օղաբլիթը կամ նկանակը։ Իսկ ինքը սնվում էր միայն ու միայն սև հացով ու ջրով։ Երբեմն պատահում էր, որ մի հարուստ խանութ էր մտնում ու նստում էր. շուրջը թանկարժեք ապրանքներ էին լինում, նաև դրամ, բայց խանութի տերը երբեք չէր զգուշանում նրանից, որովհետև գիտեր, որ եթե հազարներ էլ հանես նրա աչքի առաջ ու մոռանաս, նա մի կոպեկ չի վերցնի։ Հազվադեպ էր եկեղեցի մտնում, իսկ քնում էր կա՛մ եկեղեցիների դռանը, կամ էլ որևէ մեկի բանջարանոցում՝ մագլցելով ճյուղորմի վրայից (մինչև այսօր էլ մեր քաղաքում շատ ճյուղորմեր կան ցանկապատերի փոխարեն) ։ Մոտավորապես շաբաթը մեկ անգամ նա տուն էր գալիս, այսինքն այն գործատիրոջ տունը, ուր ժամանակին ապրում էր իր հանգուցյալ հայրը, իսկ ձմեռը գալիս էր ամեն օր, բայց միայն գիշերելու համար, և քնում էր կա՛մ միջանցքում, կամ էլ գոմում։ Զարմանում էին, որ Լիզավետան դիմանում է այդպիսի կյանքին, իսկ նա վարժվել էր արդեն, թեև կարճահասակ էր, բայց արտակարգորեն ամուր կազմվածք ուներ։ Մեր պարոններից ոմանք պնդում էին, որ նա պարզապես հպարտությունից է անում այդ բոլորը, բայց դա խելքի մոտ բան չէր. աղջիկը խոսել անգամ չգիտեր, միայն մեկ֊մեկ լեզուն էր շարժում բերանի մեջ ու բառաչում։ Էլ ի՞նչ հպարտություն։

Եվ ահա պատահեց, որ մի անգամ (շատ վաղուց) սեպտեմբերյան պայծառ ու տաք մի գիշեր, լիալուսնին, մեր հասկացողությամբ շատ ուշ ժամին, խնջույքում հարբած մի խումբ երիտասարդ պարոններ, հինգ կամ վեց հոգի, ակումբից վերադառնում էին տների «ետևով» ։ Այդ կողմնակի փողոցը երկու կողմից եզերված էր ճյուղորմերով, որոնց ետին տարածվում էին մոտակա տների բանջարանոցները, իսկ փողոցը տանում էր դեպի մի փոքրիկ կամուրջ՝ գցված երկար ու գարշահոտ մի ջրափոսի վրա, որ մերոնք երբեմն գետակ էին կոչում ըստ սովորության։ Մեր այս հարբած պարոնները ճյուղորմի տակ տեսնում են Լիզավետային՝ եղինջի ու կռատուկի մեջ քնած։ Քահ-քահ ծիծաղելով կանգնում են նրա գլխին և սկսում սրամտել կատարյալ սանձարձակությամբ։ Հանկարծ աղայիկներից մեկի խելքին փչում է մի շատ արտառոց, աներևակայելի հարց տալ. «Հնարավո՞ր է արդյոք, որ մեկն ու մեկը այսպիսի անասունին կին համարի, թեկուզ հիմա օրինակ... և այլն» ։ Բոլորն էլ մեծամիտ նողկանքով վճռում են, թե հնարավոր չէ։ Բայց այդ խմբում է լինում նաև Ֆյոդոր Պավլովիչը, որ իսկույն առաջ է ընկնում ու հայտարարում է, թե հնարավոր է նրան կին համարել, նույնիսկ շատ է հնարավոր, և թե մինչև անգամ յուրովի գրգռիչ մի բան կա դրա մեջ և այլն, և այլն։ Ճիշտ է, այն ժամանակ նա խիստ ակնբախորեն ձգտում էր ամեն կերպ խեղկատակի իր դերը խաղալ, սիրում էր վեր-վեր թռնել ու զվարճացնել մեծամեծներին, անշուշտ առերևույթ նրանց հավասար պահելով իրեն, բայց իրականում կատարելապես գռեհկանալով նրանց առաջ։ Հենց այն օրերն էի, երբ նա ստացել էր իր առաջին կնոջ՝ Ագելաիդա Իվանովնայի մահվան լուրը Պետերբուրգից և, սգո ժապավենը գչխարկին կպցրած, այնպես էր խմում և անվայելուչ պահում իրեն, որ նույնիսկ քաղաքի ամենացոփ անառակները տհաճություն էին զգում նրան նայելով։ Հարբածների խումբն անշուշտ քրքիջով է պատասխանում նրա անսպասելի կարծիքին. նրանցից մեկը նույնիսկ սկսում է Ֆյոդոր Պավլովիչին դրդել, որ իրագործի իր ասած, բայց մյուսները թքում են ավելի սաստիկ նողկանքով, թեև շարունակելով չափից դուրս ուրախ լինել, և ի վերջո բոլորն էլ թողնում ու գնում են իրենց ճանապարհով։ Հետագայում Ֆյոդոր Պավլովիչը երդվում էր, որ ինքն էլ բոլորի հետ գնացել է այն ժամանակ. գուցե հենց այդպես էլ եղել է, ոչ ոք վստահորեն չգիտե այդ բանը և ոչ ոք չի իմացել երբեք, բայց հինգ կամ վեց ամիս հետո քաղաքում բոլորն սկսեցին անկեղծ ու սաստիկ վրդովմունքով խոսել այն մասին, թե Լիզավետան հղի է ման գալիս, և հարցնում էին ու աշխատում պարզել՝ ո՞ւմ մեղքն է դա, ո՞վ է չարագործը։ Եվ ահա այդ օրերին հանկարծ ամբողջ քաղաքում մի սարսափելի լուր տարածվեց, թե չարագործը հենց այդ Ֆյոդոր Պավլովիչն է։ Ո՞րտեղից էր ծայր առել այդ լուրը։ Հարբած պարոնների խմբից միայն մեկն էր մնացել քաղաքում այդ ժամանակ, նա էլ տարեց ու պատվարժան մի անձնավորություն էր՝ պետական խորհրդական, ընտանիքի ու հասուն աղջիկների տեր, որն անշուշտ ոչ մի լուր չէր տարածի երբեք, եթե նույնիսկ այդպիսի մի բան կատարված լիներ։ Իսկ խմբի մյուս մասնակիցները, հինգ հոգի, քաղաքից մեկնել էին արդեն։ Բայց լուրն ուղղակի մատնանշում էր Ֆյոդոր Պավլովիչին և շարունակում էր մատնանշել։ Նա, անշուշտ, շատ էլ կարևորություն չէր տալիս դրան. մանր-մունր առևտրականներին ու քաղքենիներին պատասխանելն անգամ ավելորդ էր համարում։ Այդ ժամանակ նա հպարտ էր և խոսում էր միայն իր շրջանակի մարդկանց՝ պետական պաշտոնյաների ու ազնվականների հետ, որոնց այնպես զվարճացնում էր։ Հենց այդ օրերին էլ ահա Գրիգորին իր տիրոջը պաշտպան կանգնեց ամբողջ եռանդով. ոչ միայն պաշտպանում էր նրան բոլոր այդ բամբասանքներից, այլև կռվում ու հակաճառում էր հօգուտ նրան ու տարհամոզում շատերին։ «Ստո՛ր աղջիկ, ինքն է մեղավորը», — հաստատ ասում էր նա և պնդում, որ չարագործը «Պտուտակ Կարպն» է եղել, ուրիշ ոչ ոք (այդպես էին կոչում մի սարսափելի կալանավորի, որ այդ ժամանակ փախել էր նահանգային բանտից, թաքուն ապրում էր մեր քաղաքում և հայտնի էր բոլորին) ։ Այդ ենթադրությունը ճշմարտանման թվաց, հիշեցին Կարպին, այսինքն հիշեցին, որ հենց աշնանամուտի այդ օրերին նա ամեն գիշեր թափառում էր քաղաքում ու երեք հոգու կողոպտել էր։ Բայց ամբողջ այդ պատմությունը և բոլոր այդ ասեկոսեները ոչ միայն խեղճ պակասամիտին չզրկեցին ընդհանուր համակրանքից, այլև պատճառ եղան, որ բոլորն էլ ավելի եռանդագին պաշտպանեն ու պահպանեն նրան։ Հարուստ առևտրականի այրի Կոնդրատևան նույնիսկ այնպես կարգադրեց, որ դեռ ապրիլի վերջին իր մոտ առավ Լիզավետային, մտադրելով բաց չթողնել նրան մինչև ծննդաբերությունը։ Անընդհատ աչք էին պահում վրան, բայց այնպես եղավ, որ հակառակ նրանց ամբողջ աչալրջության՝ հանկարծ ամենավերջին օրը, երեկոյան, Լիզավետան գաղտնորեն հեռացավ Կոնդրատևայի տնից և հայտնվեց Ֆյոդոր Պավլովիչի այգում։ Ինչպե՞ս նա այդ վիճակում կարողացել է մագլցելով անցնել բարձր ու ամուր ցանկապատի վրայից՝ այդ հարցը մի տեսակ հանելուկ մնաց։ Ոմանք պնդում էին, թե նրան «օգնել են», ոմանք էլ հավատացնում էին, թե «մի ուրիշ բան է նրան օգնական եղել» ։ Ամենից հավանականն այն է, որ դա տեղի է ունեցել թեև շատ զարմանալի, բայց բնական կերպով. Լիզավետան սովոր էր անցնել ճյուղորմերի վրայով ու մտնել ուրիշների բանջարանոցը՝ գիշերելու համար, և մի կերպ մագլցել է նաև Ֆյոդոր Պավլովիչի ցանկապատի վրա, այդտեղից էլ, չնայած իր վիճակին, ցատկել է այգու մեջ, վնասելով ինքնիրեն։

Գրիգորին սլացավ դեպի խրճիթ ու կնոջն ուղարկեց օգնելու Լիզավետային, իսկ ինքը վազեց պառավ մանկաբարձուհու մոտ, որի տունը հեռու չէր։ Երեխային փրկեցին, բայց Լիզավետան առավոտյան դեմ մահացավ։ Գրիգորին վերցրեց երեխային, բերեց տուն։ Կնոջը նստեցրեց, մանկիկին տվեց նրա գիրկը. «Աստծո որբուկը բոլորի հարազատն է, իսկ ինձ ու քեզ՝ է՛լ ավելի։ Մեր ննջեցյալ մանչուկն ուղարկեց սրան, սատանի որդու և արդար կնոջ ծնունդ է սա։ Խնամի՛ր ու լաց մի՛ լինի այսուհետև» ։ Եվ այդպիսով Մարֆա Իգնատևնան դաստիարակեց մանկիկին։ Մկրտեցին ու կոչեցին Պավել, իսկ մարդիկ ինքնաբերաբար, առանց որևէ պարտադրանքի, սկսեցին նաև Ֆյոդորովիչ հայրանունով կոչել նրան։ Ֆյոդոր Պավլովիչը ոչ մի բանի չընդդիմացավ և նույնիսկ զվարճալի համարեց այդ բոլորը, թեև եռանդագին շարունակում էր ուրանալ իրեն վերագրված հանցանքը։ Ամբողջ քաղաքին դուր եկավ, որ նա վերցրեց ընկեցիկ երեխային։ Հետագայում Ֆյոդոր Պավլովիչը ազգանուն էլ հնարեց ընկեցիկի համար, կոչեց Սմերդյակով՝ ըստ «Սմերդյաշչայա» մականվան, որ տալիս էին նրա մորը։ Ահա այս Սմերդյակովն էլ ուրեմն դարձավ Ֆյոդոր Պավլովիչի երկրորդ ծառան և մեր այս պատմության սկսելու պահին ապրում էր բակի շենքում՝ ծերունի Գրիգորիի ու պառավ Մարֆայի հետ։ Ծառայում էր որպես խոհարար։ Թեև շատ անհրաժեշտ է հատկապես նրա մասին էլ որոշ բաներ ասել, բայց արդեն ամաչում եմ, որ այսքան երկար ժամանակ շեղեցի իմ ընթերցողի ուշադրությունը, խոսելով այսքան հասարակ ծառաների մասին, ուստի և վերադառնում եմ իմ սկսած պատմությանը, հույս ունենալով, որ վեպի հետագա ընթացքում մի որևէ հարմար առիթ կլինի Սմերդյակովին անդրադառնալու։

III։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ ոտանավորներով

Ալյոշան, լսելով այն հրամանը, որ իր հայրը վանքից հեռանալու ժամանակ գոռաց կառքից, մի պահ կանգնած մնաց տեղում՝ մեծապես տարակուսելով։ Բայց ոչ թե ցնցվեց մնաց. այդպիսի մարդ չէր։ Ընդհակառակը, անհանգստացած լինելով հանդերձ, կարողացավ իսկույն գնալ վանահոր խոհանոցը և իմանալ, թե ինչ է արել իր հայրիկը վանքում։ Իսկ հետո ճամփա ընկավ այնուամենայնիվ, հուսալով, որ քաղաք գնալու ժամանակ մի կերպ կկարողանա լուծել իրեն տանջող խնդիրը։ Նախօրոք ասեմ, որ նա բնավ չվախեցավ հոր գոռգոռոցներից ու «բարձերն ու ներքնակը առած» տուն վերադառնալու հրամանից։ Շատ լավ հասկացավ, որ այդպիսի ցուցադրական աղմուկով տրված հրամանը «ոգևորության» հետևանք էր, մինչև անգամ տպավորություն գործելու համար ասված մի բան։ Դա նման էր այն դեպքին, որ վերջերս էր տեղի ունեցել հենց մեր քաղաքում. մի քաղքենի, իր անվանակոչության առթիվ սարքած խնջույքում հարբելով, բարկացել է, որ իրեն այլևս օղի չեն տալիս, և հյուրերի ներկայությամբ հանկարծ սկսել է կոտրել ու փշրել իր սեփական ամանեղենը, պատառոտել իր ու կնոջ հագուստները, ջարդել իր կահ-կարասին ու վերջապես նաև տան ապակիները, և այդ ամբողջն արել է նույնպես տպավորություն գործելու համար։ Հայրիկի այսօրվա արածն էլ, իհարկե, այդ տեսակ մի բան էր։ Հարբած քաղքենին, հաջորդ օրն սթափվելով, անշուշտ ցավ է զգացել փշրված բաժակների ու պնակների համար։ Ալյոշան գիտեր, որ իր ծերուկն էլ, անկասկած, հաջորդ օրը թույլ կտա նորից, որ ինքը վանք վերադառնա, գուցե այսօր իսկ թույլ տա։ Եվ կատարելապես վստահ էր արդեն, որ իր հայրը կարող է ո՛ւմ ասես վիրավորել, բայց իրեն՝ Ալյոշային, չի ուզենա վշտացնել երբեք։ Ալյոշան համոզված էր, որ ամբողջ աշխարհում էլ ոչ ոք չի ուզենա երբևիցե վիրավորել իրեն, և ոչ միայն չի ուզենա, այլև նույնիսկ չի կարող։ Դա աքսիոմ էր նրա համար՝ մի անգամ ընդմիշտ և առանց որևէ դատողության ընդունված, և այդ առումով նա վստահորեն շարունակում էր իր ճանապարհը, առանց դույզն տատանման։

Բայց այդ րոպեին բոլորովին ուրիշ տեսակի մի երկյուղ էր խլրտում նրա մեջ, և դա տանջալի էր մանավանդ այն պատճառով, որ ինքն էլ չէր կարող որոշել դրա բնույթը. դա երյուղ էր կնոջ նկատմամբ, հենց Կատերինա Իվանովնայի նկատմամբ, որ տիկին Խոխլակովայի միջոցով ուղարկած իր երկտողում այնպե՜ս թախանձագին աղերսում էր Ալյոշային՝ գալ ու տեսնել իրեն մի խնդրով։ Այդ թախանձանքը և անպատճառ գնալու անհրաժեշտությունը հենց իսկույն մի տանջալից զգացում էին առաջացրել նրա սրտում, և ամբողջ ցերեկը հետզհետե ավելի ու ավելի ցավագին էր դարձել այդ զգացումը, հակառակ բոլոր այն տեսարաններին ու դեպքերին, որոնք դրանից հետո տեղի էին ունեցել մենաստանում, հիմա էլ վանահոր մոտ և այլն, և այլն։ Վախենում էր ոչ այն պատճառով, որ չգիտեր, թե ինչի մասին է խոսելու Կատերինա Իվանովնան և ինչ է պատասխանելու ինքը։ Եվ առհասարակ նրա կին լինելը չէ, որ վախեցնում էր իրեն. կանանց քիչ էր ճանաչում անշուշտ, բայց այնուամենայնիվ իր ամբողջ կյանքն ապրել էր միայն նրանց միջավայրում՝ վաղ մանկությունից մինչև վանք մտնելը։ Վախենում էր ա՛յս մի կնոջից՝ հենց Կատերինա Իվանովնայից։ Սկսել էր վախենալ այն օրից, երբ առաջին անգամ տեսել էր նրան։ Իսկ նրան տեսել էր ընդամենը մեկ կամ երկու, գուցե նույնիսկ երեք անգամ, և մինչև իսկ պատահաբար մի քանի խոսք էր փոխանակել նրա հետ մի առիթով։ Իր հիշողության մեջ նա մնացել էր որպես գեղեցիկ, հպարտ ու տիրական աղջիկ։ Բայց ոչ թե նրա գեղեցկությունն էր անհանգստացնում Ալյոշային, այլ մի ուրիշ բան։ Եվ ահա իր զգացած վախի անբացատրելիությունն էր, որ հիմա ավելի էր ուժեղացնում այդ նույն վախը իր մեջ։ Աղջկա նպատակները չափազանց ազնիվ էին, ինքը գիտեր այդ. նա ձգտում էր փրկել իր եղբորը՝ Դմիտրիին, որն արդեն մեղավոր էր նրա առաջ, և ձգտում էր պարզապես վեհանձնությունից մղված։ Եվ սակայն, չնայած որ Ալյոշան հասկանում էր բոլոր այդ գեղեցիկ ու վեհանձն զգացումները և չէր կարող արդար չլինել դրանց նկատմամբ, այնուամենայնիվ սարսուռ էր անցնում նրա մարմնով՝ որքան ավելի էր մոտենում աղջկա տանը։

Ալյոշան ենթադրեց, թե այնտեղ չի հանդիպի Իվանին, որն աղջկա այնքան մոտիկ բարեկամն էր. հիմա Իվանը հոր հետ է անկասկած։ Ավելի ևս վստահ էր, որ չի հանդիպի Դմիտրիին, և նախազգում էր, թե ինչու։ Հետևաբար իրենք առանձին կխոսեն։ Ալյոշան շատ էր ուզում այդ ճակատագրական խոսակցությունից առաջ փութալ Դմիտրիի մոտ ու տեսնել նրան։ Առանց նամակը ցույց տալու, կկարողանար նրա հետ մի քանի խոսք փոխանակել։ Բայց Դմիտրին հեռու էր ապրում և հավանաբար նույնպես տանը չէր հիմա։ Մի պահ կանգ առնելով, Ալյոշան վերջնականապես որոշեց անելիքը։ Վարժ ու շտապ շարժումով խաչակնքեց երեսը, իսկույն ժպտաց մի բան մտածելով և վճռականորեն քայլերն ռւղղեց դեպի իր սարսափելի օրիորդը։

Գիտեր նրա տունը։ Բայց եթե գնար մեծ փողոցով, հետո հրապարակով և այլն, ճանապարհը բավական երկար կլիներ։ Մեր փոքր քաղաքը չափազանց ցաքուցրիվ է, և զգալիորեն մեծ տարածություններ կան շենքերի միջև։ Բացի այդ, հայրն սպասում էր իրեն, գուցե դեռ չէր մոռացել տված հրամանը և կարող էր կամակորություն անել, ուստի պետք է շտապեր, որպեսզի ժամանակին հասներ նաև հոր մոտ։ Այս նկատառումներով նա որոշեց կարճել ճանապարհը, գնալ տների ետևով, մանավանդ որ հինգ մատների պես գիտեր քաղաքի բոլոր ծակածուկերը։ Տների ետևով՝ նշանակում էր ոչ թե որոշակի ճամփով գնալ, այլ ամայի ցանկապատերի երկայնքով, երբեմն նունիսկ անցնել ճյուղորմերի վրայից, անցնել ուրիշների բակով, ուր սակայն ամեն մարդ ճանաչում էր նրան և բոլորն էլ բարևում էին։ Այս ձևով կարող էր կիսովին կրճատել ճանապարհն ու ելնել մեծ փողոց։ Նույնիսկ հարկ եղավ անցնել հոր տան մոտից, այսինքն դրա հարևան այգու կողքով, ուր մի հին, ծռմռված ու չորս լուսամուտ ունեցող տնակ կար։ Ալյոշան գիտեր, որ տնակի տերը քաղքենիների դասին պատկանող մի պառավ, անդամալույծ կին է։ Այս պառավն ապրում էր իր աղջկա հետ, որը քաղաքակիրթ աղախին էր եղել մայրաքաղաքում, ապրել էր այս կամ այն գեներալի հարկի տակ, իսկ հիմա, արդեն մի տարի է, տուն էր եկել մոր հիվանդության պատճառով և միշտ պճնագեղ զգեստներ էր հագնում ցուցամոլաբար։ Սակայն պառավն ու աղջիկը սոսկալի աղքատության մեջ էին ընկել և նույնիսկ, որպես հարևաններ, ամեն օր գնում էին Ֆյոդոր Պավլովիչի խոհանոցը՝ մի պնակ ապուրի և հացի համար։ Մարֆա Իգնատևնան սիրով էր տալիս նրանց։ Բայց աղջիկը, ապուրի համար ուրիշի դուռն ընկնելով հանդերձ, ոչ մի կտոր հագուստ չծախեց իր հանդերձարանից, որի մեջ նույնիսկ շատ երկար պոչով մի զգեստ կար։ Այս պոչավոր զգեստի մասին Ալյոշան իմացել էր, անշուշտ շատ պատահաբար, իր բարեկամ Ռակիտինից, որ մանրամասնորեն գիտեր քաղաքի ամբողջ անցուդարձը։ Իմացել էր և իսկույն մոռացել իհարկե։ Բայց հիմա, հասնելով հարևանուհու այգուն, հենց այդ պոչավոր զգեստը հիշեց մեկեն, արագ բարձրացրեց մտածմունքի մեջ թաղված գլուխը և... հանկարծ չափազանց անակնկալ մի հանդիպում ստիպեց նրան կանգ առնել։

Այգու ճյուղորմի ետև, մի բանի վրա բարձրացած, կանգնել էր իր եղբայր Դմիտրին, որ մինչև կուրծքը հակված դեպի դուրս՝ ամբողջ թափով շարժում էր ձեռքերը, կանչելու նշաններ էր անում, երևի վախենալով գոռալուց, նույնիսկ բարձրաձայն մի բառ ասելուց, որպեսզի չլսեն իրեն։ Ալյոշան իսկույն վազեց ճյուղորմի մոտ։

— Լավ որ ինքդ նայեցիր, թե չէ՝ քիչ մնաց գոռայի, — ուրախ ու շտապ-շտապ փսփսաց Դմիտրի Ֆյոդորովիչը։— Թռի՛ր այստեղ։ Շո՛ւտ։ Ի՜նչ հրաշալի եղավ, որ դու եկար։ Հենց հիմա քո մասին էի մտածում...

Ալյոշան ինքն էլ ուրախ էր, միայն թե շվարել էր՝ ինչպե՞ս անցնի ճյուղորմի վրայով։ Բայց Միտյան իր հուժկու ձեռքով բռնեց նրա արմունկը և օգնեց ցատկելու։ Վեր քաշելով պարեգոտի փեշերը, Ալյոշան փողոցային բոբիկ լաճի ճարպկությամբ ցատկեց ճյուղորմի մյուս կողմը։

— Ա՛յ ապրե՜ս, դե գնա՛նք, — խանդավառ փսփսաց Միտյան։

— Ո՞ւր, — փսփսաց նաև Ալյոշան, նայելով չորս կողմը և տեսնելով, որ գտնվում է կատարելապես ամայի այգում, ուր ոչ ոք չկար, բացի իրենցից։ Փոքր էր այգին, բայց տնակն առնվազն հիսուն քայլ հեռու էր։— Մարդ չկա այստեղ, ինչո՞ւ ես փսփսում։

— Ինչու եմ փսփսու՞մ։ Թո՛ւհ, գրողը տանի, — գոռաց հանկարծ Դմիտրի Ֆյոդորովիչն իր ամբողջ ձայնով, — իսկապես, ինչո՞ւ եմ փսփսում։ Ահա՛ խնդրեմ, ինքդ ես տեսնում, թե ինչպես հանկարծ բնությունն ամեն ինչ խառնում է իրար։ Ես այստեղ թաքուն եմ նստած և աչք եմ պահում մի գաղտնիքի վրա։ Հետո՛ կբացատրեմ, բայց տե՛ս, իմանալով, որ դա գաղտնիք է, հանկարծ սկսեցի գաղտնի-գաղտնի էլ խոսել ու հիմարի նման փսփսալ, այնինչ կարիք չկա։ Գնանք։ Ահա այնտե՛ղ։ Մինչ այդ՝ լուռ մնա։ Համբուրե՜լ եմ ուզում քեզ։

Փա՜ռք բարձրյալին տիեզերաց,
     Փա՜ռք բարձրյալին իմ հոգու...

Հենց նոր, քո գալուց առաջ, այստեղ նստած կրկնում էի այս տողերը...

Այգին մի հեկտար կամ ավելի տարածություն ուներ, բայց միայն չորս ցանկապատերի երկայնքին էին ծառեր տնկված՝ խնձորենիներ, թխկիներ, լորենիներ, ցարասիներ։ Այգու մեջտեղը դատարկ էր՝ մի փոքր մարգագետին, ուր ամառը մի քանի փութ խոտ էին հնձում։ Տանտիրուհին գարնանից վարձու էր տալիս այգին մի քանի ռուբլով։ Կային նաև ազնվամորի, կոկռոշի և հաղարջի ածուներ՝ նույնպես ցանկապատերի երկայնքին, վերջերս բանջարեղենի ածուներ էին բացել հենց տան մոտ։ Դմիտրի Ֆյոդորովիչն իր հյուրին տարավ այգու ամենահեռավոր անկյունը։ Այնտեղ, լորենիների թանձրուտում, հաղարջենու և թանթրվենու, փռնչու և եղրևանու թփերի մեջ, հանկարծ երևաց ավերակի նման մի բան՝ շատ հին, կանաչ մի տաղավար, սևացաֆ ու ծռմռված, ցանցկեն պատերով ու դեռ կանգուն տանիքով, որի տակ կարելի էր պաշտպանվել անձրևից։ Աստված գիտե, թե երբ էր շինված տաղավարը. ըստ ավանդության, կառուցողը Ալեքսանդր Կարլովիչ ֆոն Շմիդտն էր՝ մի պաշտոնաթող գնդապետ, որ հիսուն տարի առաջ տանտերն էր եղել։ Բայց արդեն քայքայվել էր ամեն ինչ. հատակը փտել էր, տախտակները շարժվում էին, փայտից խոնավության հոտ էր գալիս։ Տաղավարում փայտե կանաչ մի սեղան կար՝ գետնին ամրացված ու շրջապատված նույնպես կանաչ նստարաններով, որոնց վրա դեռ կարելի էր նստել։ Ալյոշան անմիջապես նկատել էր եղբոր խանդավառ վիճակը, իսկ երբ տաղավար մտավ՝ կես շիշ կոնյակ ու մի փոքր ըմպանակ տեսավ սեղանի վրա։

— Կոնյա՜կ է, — սկսեց ծիծաղել Միտյան։— Հիմա նայում ես ու մտածում. «Խմո՞ւմ է նորից» ։ Մի՛ հավատա պատրանքին.

Մի՛ հավատար սին ու ստող ամբոխին,
     Կասկածներդ մոռացիր...

Ես չեմ խմում, այլ պարզապես «ըմբոշխնում եմ», ինչպես ասում է քո այդ խոզ Ռակիտինը, որ պետական խորհրդական է դառնալու և անընդհատ ասելու է «ըմբոշխնում եմ» ։ Նստի՛ր։ Հիմա կգրկեի՜ քեզ, Ալյոշկա, կսեղմեի կրծքիս, այնպե՜ս կսեղմեի՝ ոսկորներդ կոտրելու՛ չափ, որովհետև ամբողջ աշխարհում... ճշմարտապես... ճըշ-մար-տա-պես... (ասածիս խո՜րքը թափանցիր, խո՜րքը) միմիայն քե՛զ եմ սիրում։

Վերջին բառերը ասաց գրեթե հափշտակությամբ։

— Միմիայն քեզ և մեկ էլ մի «լկստվածի», որին սիրահարվել եմ ու հենց դրանով էլ քանդել եմ իմ տունը։ Բայց սիրահարվել՝ չի նշանակում սիրել։ Կարելի է սիրահարվել նաև ատելով։ Հիշի՛ր այս բանը։ Առայժմ դեռ ուրախ եմ խոսում։ Նստիր ահա այստեղ, սեղանի մոտ, ես էլ նստելու եմ կողքիդ, նայելու եմ քեզ և խոսելու եմ անընդհատ։ Դու լուռ ես մնալու շարունակ, իսկ ես խոսելու եմ անընդհատ, որովհետե եկել է ժամանակը։ Բայց գիտե՞ս, մտածեցի, որ իրոք պետք է ցածր խոսել, որովհետև այստեղ... այստեղ... բոլորովին անսպասելի ականջներ կարող են լինել։ Ամեն ինչ կբացատրեմ, ասացինք արդեն՝ պատմությունը «շարունակելի» է։ Ինչո՞ւ էի վառվում քեզ տեսնելու ցանկությամբ, ինչո՞ւ էի տենչում քեզ հիմա, այս վերջին օրերին ու այս րոպեիս։ (Արդեն հինգ օր է՝ խարիսխ եմ նետել այստեղ) ։ Ինչո՞ւ։ Որովհետև միայն քեզ կասեմ ամեն ինչ, որովհետև այդպես է հարկավոր, որովհետև պետք ունեմ քեզ, որովհետև վաղը թռչում եմ ամպերից ցած, որովհետև վաղը վերջանում է կյանքը և սկսվում։ Զգացե՞լ ես, տեսե՞լ ես երազում, թե ինչպես բարձունքից ընկնում են փոսը։ Ա՛յ, ճիշտ այդպես ընկնում եմ հիմա, բայց ոչ երազի մեջ։ Եվ չեմ վախենում, ու դու էլ մի՛ վախենա։ Այսինքն վախենում եմ, բայց հեշտալի է։ Այսինքն ոչ թե հեշտալի է, այլ ցնծությո՜ւն... Դե հե՛րն անիծած, միևնույն է՝ ինչ էլ լինի։ Ուժեղ ոգի, թույլ ոգի, կնկա ոգի, ի՜նչ էլ լինի։ Գովաբանենք բնությո՜ւնը. տեսնում ես, ի՜նչ պայծառ է արևը, որքան վճի՜տ է երկինքը, կանա՜չ են տերևները բոլոր, դեռ կատարյալ ամառ է, ժամը չորսն է կեսօրից հետո, լռությո՜ւն։ Ո՞ւր էիր գնում։

— Հայրիկի մոտ էի գնում, բայց նախ ուզում էի այցելել Կատերինա Իվանովնային։

— Նրա ու հայրիկի մոտ։ Ո՛ւյ։ Ի՜նչ զուգադիպություն։ Իսկ ես ինչո՞ւ էի կանչում քեզ, ինչո՞ւ էի վառվում քեզ տեսնելու ցանկությամբ, ինչո՞ւ էի ըղձում ու տենչում քեզ իմ հոգու բոլոր ծալքերով ու նույնիսկ իմ կողերով։ Որպեսզի հենց հայրիկի մոտ ուղարկեմ քեզ իմ կողմից, հետո էլ նրա մոտ՝ Կատերինա Իվանովնայի, և այդպիսով հաշիվներս փակեմ թե՛ նրա, թե՛ հայրիկի հետ։ Ուզում էի մի հրեշտակ ուղարկել։ Կարող էի ուղարկել ո՛րևէ մեկին, բայց ուզում էի անպայման հրեշտակ ուղարկել։ Եվ ահա ինքդ գնում ես նրա ու հայրիկի մոտ։

— Իսկապե՞ս ուզում էիր ինձ ուղարկել, — բացականչեց Ալյոշան դեմքի ցավագին արտահայտությամբ։

— Կա՛ց, դու գիտեիր այդ։ Եվ տեսնում եմ, որ իսկույն ամեն ինչ հասկացար։ Բայց լռիր, առայժմ լռիր։ Մի՛ ցավիր ու մի՛ լա։

Դմիտրին վերկացավ, մտածեց մի րոպե և մատը դրեց ճակատին.

— Կատերինա Իվանովնան ինքն է քեզ կանչել, նամակ է գրել կամ նման մի բան, դրա համար էլ գնում էիր մոտը, միթե կգնայի՞ր այլապես։

— Ահա երկտողը, — հանեց Ալյոշան գրպանից։ Միտյան արագ կարդաց։

— Եվ դու գնում էիր կողմնակի ճանապարհո՜վ։ Օ՜ աստվածներ։ Երախտապարտ եմ ձեզ, որ նրան ուղարկեցիք կողմնակի ճանապարհով ու նա իմ ձեռքն ընկավ, ինչպես հեքիաթի ոսկե ձկնիկը՝ ծերուկ ու հիմար ձկնորսի ձեռքը։ Լսի՛ր, Ալյոշա, լսի՛ր, եղբայր իմ։ Հիմա արդեն ուզում եմ ամե՜ն ինչ ասել։ Որովհետև գոնե որևէ մեկին պետք է ասեմ, այո՛։ Երկնային հրեշտակին ասել եմ արդեն, բայց պետք է ասեմ նաև երկրային հրեշտակին։ Դու երկրային հրեշտակն ես։ Դու կլսես մինչև վերջ, դու կդատես և դու կներես... Եվ իմ ուզածն էլ այն է, որ ավելի բարձր մեկն ինձ ների։ Լսի՛ր։ Եթե երկու հոգի հանկարծ պոկվում են երկրային ամեն ինչից և թռչում դեպի արտասովոր մի ոլորտ, կամ գոնե նրանցից մեկն է պոկվում, և թռչելուց կամ կործանվելուց առաջ գալիս է մի ուրիշի մոտ ու ասում՝ ինձ համար ա՛յս արա կամ ա՛յն արա, մի բան, որ երբեք ոչ ոքից չեն խնդրում, բայց որ կարելի է միայն մահվան անկողնում խնդրել, միթե այդ ուրիշը չի՞ կատարի խնդրանքը... եթե բարեկամ է, եթե եղբայր է։

— Կկատարեմ, բայց ասա, թե ինչ է, և շուտ ասա, — պատասխանեց Ալյոշան։

— Շո՛ւտ ասա... Հը՜մ։ Մի՛ շտապիր, Ալյոշա. շտապում ես ու անհանգստանում։ Էլ շտապելու կարիք չկա հիմա։ Աշխարհը մի նոր անկյունադարձ կատարեց հիմա։ է՜հ, Ալյոշա, ափսո՜ս որ դու չես հասկացել տակավին, թե ինչ բան է ցնծությո՜ւնը։ Բայց ի՞նչ եմ ասում նրան։ Դո՞ւ չես հասկացել։ Ի՜նչ եմ տխմարի պես ասում՝

Եղիր ազնիվ, ո՜վ դու մարդ։

Ո՞վ է գրել այս բանաստեղծությունը։

Ալյոշան վճռեց սպասել։ Հասկացավ, որ գուցե, իրոք, հիմա իր բոլոր գործերն այստեղ են միայն կենտրոնացել։ Միտյան մի րոպե խորասուզվեց մտքերի մեջ, արմունկը սեղանին հենած ու գլուխն՝ ափին։ Երկուսն էլ լռեցին։

— Լյոշա, — ասաց Միտյան, — դո՛ւ միայն չես ծիծաղի։ Կուզենայի սկսել... իմ խոստովանանքը... Շիլլերի «Տաղ առ ցնծություն» օրհներգով։ An die Freude![1] օրհներգով։ Բայց ես գերմաներեն չգիտեմ, միայն գիտեմ, որ այդպես է կոչվում՝ An die Freude» ։ Եվ մի՛ կարծիր, թե հարբած շաղակրատում եմ։ Բոլորովին հարբած չեմ։ Կոնյակը կոնյակ է, բայց ես երկու շիշ պետք է խմեմ, որ հարբեմ՝

Ու Սիլենը կարմրամռութ
     Իր սայթաքած իշու վրա,

բայց ես քառորդ շիշ էլ չեմ խմել և Սիլեն չեմ։ Սիլեն չեմ, բայց ուժեղ եմ, որովհետև վերջնական որոշում եմ ընդունել՝ առհավե՜տ։ Դու ներիր իմ բառախաղը։ Այսօր ոչ թե միայն բառախաղ, այլև շատ բան պետք է ներես ինձ։ Մի՛ անհանգստանա, ջուր չեմ ծեծում, այլ բան եմ ասում և ա՛յս րոպեիս բուն խնդրին կհասնեմ։ Հոգիդ չեմ հանի։ Սպասիր, ինչպե՞ս էր...

Նա գլուխը բարձրացրեց, մտածեց մի պահ և հանկարծ սկսեց ոգեշնչված.

Թաքնվում էր ծերպերի մեջ
     Նախամարդը դեռ երկչոտ,
     Անապատ էր դարձնում անվերջ
     Հովիվը դաշտ և արոտ,
     Տեգ ու աղեղ որսորդն առած՝
     Թափառում էր երկրով մեկ,
     Վա՜յ պանդուխտին, թե հոսքն ալյաց
     Նետեր ցավի ծովեզերք։
    
     Ողջունելով ափերը գոսն,
     Չորացած դաշտ ու այգի,
     Ցերերան էր շրջում անհույս
     Հետքերով իր զավակի։
     Նրան ոչ ոք չէր ընդունում
     Վստահությամբ առլեցուն,
     Հարգը աստծո չէր ցուցանում
     Ոչ մի տաճար, ոչ մի սյուն։
    
     Չճաշակեց աստվածուհին
     Ոչ մի պտուղ քաղցրացած,
     Զոհարաններ սոսկ մարդկային
     Ոսկորներով լեփլցված։
     Նա իր ճամփին տեսնում էր լոկ
     Թշվառություն ամենուր,
     Եվ ողբում էր իր մեջ անօգ
     Մարդու անկումը տխուր։

Հանկարծ հեկեկանքը ժայթքեց Միտյայի կրծքից։ նա բռնեց Ալյոշայի ձեռքը։

— Սիրելիս, սիրելի՜ս, հիմա էլ նույն անկումն է, անկո՜ւմը։ Այս երկրի վրա սոսկալի՜ շատ տանջանքներ են վիճակված մարդուն, սոսկալի շա՜տ են աղետները նրա գլխին։ Մի՛ կարծիր, թե ես սպայի կոչում ունեցող անտաշի մեկն եմ միայն, որ կոնյակ է խմում և անառակություններ է անում։ Ես, եղբայր իմ, գրեթե միայն դրա՛ մասին եմ մտածում, անկում ապրած այդ մարդու մասին, եթե անշուշտ չեմ ստում։ Տա աստված՝ չստեմ հիմա և ինքս ինձ չգովեմ։ Մտածում եմ այդ մարդու մասին, որովհետև ինքս եմ այդպիսի մարդ։

Որ մարդ դառնա մարդը անկամ՝
     Հավետ դաշինք պիտ կնքի
     Հեգ հողի հետ իր մայրական,
     Այս երկրի հետ հավատքի։

Սակայն խնդիրն այն է, թե ես ինչպե՞ս դաշինք կնքեմ հեգ հողի հետ իմ մայրական։ Ես չեմ համբուրում հողը, չեմ ճեղքում նրա կուրծքը։ Ինչ է, գյուղացի՞ դառնամ, և կամ թե հովի՞վ։ Ես գնում եմ իմ ճանապարհով ու չգիտեմ՝ կեղտի ու խայտառակության մե՞ջ եմ ընկել, թե լույսի և ուրախության։ Ա՛յս է ահա ցավը, որովհետև աշխարհում ամե՜ն ինչ առեղծված է։ Եվ երբ պատահում էր, որ ես սուզվում էի անառակության ամենախոր, ամենախոր անդունդը (և միայն այդ է պատահել իմ կյանքում), միշտ էլ այդ բանաստեղծությունն էի կարդում Ցերերայի ու մարդու մասին։ Ուղղո՞ւմ էր դա ինձ։ Երբե՛ք։ Որովհետև՝ ես Կարամազով եմ։ Որովհետև՝ եթե անդունդ եմ գլորվում արդեն, ապա հենց ուղղակի ընկնում եմ գլխիվայր ու կրունկներս վեր, և նույնիսկ գոհ եմ լինում, որ ընկնում եմ հենց այդ ստորացուցիչ դիրքով, և ինձ համար դա գեղեցիկ բան եմ համարում։ Եվ ահա, հենց այդ անդունդի խորքում հանկարծ սկսում եմ օրհներգությունը։ Թո՛ղ անիծյալ լինեմ, թո՛ղ ստոր լինեմ ու անարգ, բայց և համբուրե՜մ քղանցքն այն շուրջառի, որով իմ աստվածն է զգեստավորվում։ Թո՛ղ միաժամանակ հետևեմ սատանային, բայց և այնուամենայնիվ քո՛ զավակն եմ ես, ո՜վ տեր, ու սիրում եմ քեզ և զգում այն բերկրանքը, առանց որի աշխարհը չի կարող կանգուն մնալ ու տևել։

Զսպանակն է մայր բնության,
     Բերկրանքն անվակն է հզոր,
     Որ շարժում է հավերժության
     Ժամացույցը ամեն օր։
     Սաղմից հանում ծաղիկ ու ծիլ,
     Ձգում աստղերը վերին,
     Ոլորտներն է շարժում անծիր,
     Որ հասու չեն աչքերին։
    
     Բերկրանք է լոկ ամեն էակ
     Քամում կրծքից աշխարհի,
     Եվ վարդեր են բուրում համակ
     Ճամփին բարու և չարի։
     Շնորհել է նա բարեկամ,
     Համբույր, գինի կարմրագույն,
     Հեշտանքի մեջ է ո՜րդն անգամ,
     Քերովբե՛ն է երկնքում։

Բայց էլ բավակա՛ն են ոտանավորները։ Աչքերս արցունքով են լցված, և թույլ տուր, որ արտասվեմ։ Թող դա լինի հիմարություն, որի վրա բոլորն էլ կծիծաղեն, բայց դու չես ծիծաղի։ Ահա քո աչուկներն էլ են վառվում։ Բավական են ոտանավորները։ Ես հիմա ուզում եմ «որդերի» մասին ասել քեզ, ա՛յ հենց այն որդերի, միջատների, որոնց աստված օժտել է հեշտասիրությամբ.

Հեշտանքի մեջ է ո՜րդն անգամ։

Ես, եղբայր իմ, հենց այդ միջատն եմ ահա, և դա հատկապես իմ մասին է ասված։ Մենք բոլորս էլ, Կարամազովներս, նույն բանն ենք, ու թեև դու հրեշտակ ես, բայց քո մեջ ևս ապրում է այդ միջատը և փոթորիկներ է հարուցում քո արյան մեջ։ Այո՛, փոթորիկներ են դրանք, որովհետև հեշտասիրությունը փոթորի՛կ է, ավելի՛ քան փոթորիկ։ Գեղեցկությունը սարսափելի և ահավոր մի բան է։ Սարսափելի է, որովհետև անվերծանելի է, և անհնար է վերծանել, որովհետև աստված միա՛յն առեղծվածներ է դրել մեր առաջ։ Այստեղ են եզրերը հանդիպում իրար, բոլոր հակասությունները միասին են այստեղ։ Ես չափազանց թերուս մի մարդ եմ, եղբայր իմ, բայց շատ եմ մտածել դրա մասին։ Սոսկալի՜ շատ են գաղտնիքները։ Այս երկրի վրա խիստ բազմաթիվ առեղծվածներ են ճնշում մարդուն։ Լուծի՛ր ինչպես կարող ես և աշխատիր գլուխդ չկորցնել։ Գեղեցկությո՜ւն։ Այլև տանե՛լ չեմ կարող, երբ մեկն ու մեկը, նույնիսկ վեհ սրտի ու բարձր մտքի տեր մարդ լինելով, սկսում է սուրբ գեղեցկության իդեալից և հասնում սոդոմական իդեալին։ Ավելի ևս սարսափելի է, երբ մարդ սոդոմական իդեալն ունի իր հոգում և չի ժխտում նաև սուրբ գեղեցկության իդեալը, որով վառվում է նրա սիրտը և ճշմարտապես, ճշմարտապե՜ս է վառվում, ինչպես պատանեկության անարատ տարիներին։ Չէ՜, լայն է մարդը, նույնիսկ չափազանց լայն, ես ավելի նեղ կդարձնեի նրան։ է՜հ, սատանան միայն կարող է գլուխ հանել այս բոլորից։ Այն, ինչ ամոթալի է թվում խելքին, սրտի համար գեղեցկություն է ծայրեծայր։ Սոդոմակա՞նն է գեղեցիկը։ Հավատա, որ մարդկանց մեծագույն մասի համար՝ հենց այդ սոդոմականի մեջ է գեղեցկությունը։ Գիտեի՞ր այս գաղտնիքը, թե չէ։ Ահավոր է այն, որ գեղեցկությունը ոչ միայն սարսափելի, այլև խորհրդավոր բան է։ Այստեղ սատանան աստծո դեմ է պայքարում, և մարդու սիրտն է ռազմադաշտը։ Բայց է՜հ, ամեն մարդ իր ցավից է խոսում։ Լսի՛ր, հիմա գանք բուն խնդրին։

IV։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ անեկդոտներով

— Ես ցոփ կյանքով էի ապրում այնտեղ։ Առավոտյան հայրիկն ասաց, թե ես մի քանի հազար էի վատնում աղջիկներին գայթակղեցնելու համար։ Դա խոզային բարբաջանք է, երբեք այդպիսի բան չէր լինում, իսկ եթե վատնում էի՝ ո՜չ թե հատկապես «այդ» բանի համար, որն առանց փողի էլ կարելի էր։ Ինձ համար փողը օժանդակ պարագա է, սրտի զեղում, մթնոլորտ։ Այսօր ա՛յս օրիորդն է իմ սրտի տերը, վաղը նրա փոխարեն՝ փողոցային մի աղջիկ։ Թե՛ մեկին եմ զվարճացնում, թե՛ մյուսին, փողը նետում եմ բուռերով՝ երաժշտություն, աղմուկ, գնչուհիներ։ Եթե պետք եղավ՝ նրա՜ն էլ եմ տալիս, որովհետև առնում են, ագահորեն առնում են, պետք է խոստովանել այդ, և գոհ են լինում ու շնորհակալ։ Ազնվական օրիորդները սիրում էին ինձ, ոչ բոլորը, բայց պատահո՜ւմ էր, պատահում։ Իսկ ես նեղլիկ փողոցներն էի սիրում, խուլ ու մութ գռիհները՝ հրապարակի ետև — այնտեղ արկածների ես հանդիպում, անակնկալների, ոսկու բնակտորներ ես գտնում ցեխի մեջ։ Ես այլաբանորեն եմ խոսում, սիրելիս։ Իմ ապրած փոքր քաղաքում այդպիսի գռիհներ չկային ուղղակի իմաստով, սակայն բարոյական գռիհներ կային։ Եթե դու էլ ինձ նման մեկը լինեիր, կհասկանայիր, թե ինչ են նշանակում դրանք։ Սիրում էի անառակությունը, սիրում էի նաև անառակության ամոթը։ Սիրում էի դաժանությունը. դե՛հ, փայտոջիլ չե՞մ միթե, զազրելի միջատ չե՞մ։ Կարամա՛զով եմ, ասացինք արդեն։ Մի անգամ ահագին բազմությամբ զբոսապտույտի էինք գնացել՝ յոթ եռաձի սահնակներով։ Ձմեռ, մութ, և ես սկսեցի սեղմել կողքիս նստած մի աղջկա ձեռքը, ստիպեցի նրան համբուրվել ինձ հետ. խեղճ, անուշիկ, հեզ ու ամոթխած մի օրիորդ էր՝ աստիճանավոր պաշտոնյայի աղջիկ։ Թույլ տվեց, շատ բան թույլ տվեց մթան մեջ։ Խեղճը կարծում էր, թե հաջորդ օրը կգամ ու ձեռքը կխնդրեմ (ինձ հատկապես իբրև փեսացու էին գնահատում) ։ Իսկ ես՝ այդ օրից հետո ոչ մի խոսք նրա հետ, ոչ մի ծպտուն, ամբողջ հինգ ամիս։ Տեսնում էի, թե ինչպես էր ինձ հետևում դահլիճի անկյունից, երբ պատահում էր, որ պարում էին (իսկ մեզ մոտ շարունակ պարում են ու պարում), տեսնում էի, թե ինչպես էին վառվում նրա աչուկները, վառվում հեզ զայրույթի կրակով։ Այդ խաղը զվարճություն էր պատճառում միայն իմ միջատային հեշտասիրությանը, որ ես փայփայում էի իմ մեջ։ Հինգ ամիս հետո նա ամուսնացավ մի պաշտոնյայի հետ ու մեկնեց քաղաքից... բարկանալով ու գուցե դեռ սիրելով ինձ։ Հիմա նրանք երջանիկ են ապրում։ Նկատի ունեցիր, որ ես ոչ ոքի չեմ ասել, չեմ վարկաբեկել նրան։ Թեև ստոր ցանկություններով մարդ եմ ու սիրում եմ ստորությունը, բայց անազնիվ չեմ։ Կարմրում ես, աչքերդ փայլեցին։ Բավական է այլևս գլուխդ ցավեցնեմ այս աղտեղություններով։ Եվ այս բոլորը դեռ ոչի՜նչ, պոլդըկոկյան մանր ծաղիկներ են, թեև դաժան միջատն աճում էր արդեն, աճում ու մեծանում էր իմ հոգում։ Հիշողությունների մի ամբողջ ալբոմ է դա, սիրելիս։ Աստված երկար կյանք տա նրանց՝ անուշիկներին։ Ես սիրում էի կապերը խզել առանց գժտվելու։ Եվ երբեք չէի մատնում, երբեք չեմ վարկաբեկել նրանցից որևէ մեկին։ Բայց բավական է։ Ինչ է, կարծում ես՝ միայն այս կեղտի՞ համար կանչեցի քեզ այստեղ։ Ոչ, ավելի հետաքրքրական բան եմ պատմելու քեզ։ Բայց մի՛ զարմանա, որ չեմ ամաչում քեզնից ու կարծես ուրախ եմ նույնիսկ, որ խոսում եմ այս բոլորի մասին։

— Այդպես ես ասում, որովհետև կարմրեցի, — նկատեց հանկարծ Ալյոշան։— Քո խոսքերից չէ, որ կարմրեցի, ոչ էլ քո արարքների համար, այլ այն պատճառով, որ ինքս էլ ճիշտ քեզ նման եմ։

— Դո՞ւ։ է՜, շատ հեռու գնացիր։

— Ոչ, հեռու չգնացի, — եռանդագին ասաց Ալյոշան։ (Երևի այդ միտքը վաղուց էր զբաղեցնում նրան) ։— Նույն սանդուղքն է։ Ես կանգնած եմ ամենացածր աստիճանին, իսկ դու՝ վերևում, տասներեքերորդ աստիճանի մոտ մի տեղ։ Ես այսպես եմ նայում այդ հարցին, բայց նույն բանն է, բացարձակորեն միատեսակ երևույթներ են։ Առաջին աստիճանին ոտք դնողը, միևնույն է, անպայման կհասնի նաև վերի աստիճաններին։

— Ուրեմն բոլորովին պետք չէ՞ ոտք դնել։

— Ով կարող է՝ թող բոլորովին ոտք չդնի։

— Իսկ դու կարո՞ղ ես։

— Կարծում եմ՝ ոչ։

— Լռիր, Ալյոշա, լռիր, սիրելիս, ուզում եմ ձեռքդ համբուրել, այնպե՜ս հուզեց ինձ քո ասածը։ Այդ անզգամ Գրուշենկան լավ է ճանաչում տղամարդկանց, մի անգամ ինձ ասաց, թե հում-հում ուտելու է քեզ մի օր։ Լավ, լավ, փակում եմ բերանս։ Ճանճերով ապականված այս նողկալի դաշտից անցնենք իմ ողբերգությանը, որ նույնպես ճանճերով, այսինքն ամեն տեսակի ստորությամբ ապականված մի դաշտ է։ Գիտե՞ս ինչն է խնդիրը։ Ծերուկը թեև փչեց, թե ես գայթակղեցնում էի անմեղներին, բայց ըստ էության այդպիսի մի բանի հետևանք էր իմ ողբերգությունը, չնայած որ մեկ անգամ եղավ այդ բանը, այն էլ արդյունքի չհասավ։ Ծերուկը, որ ինձ կշտամբում էր իր փչոցներով, հենց այդ իրական դեպքից լուր չունի. ոչ ոքի չեմ պատմել երբեք, անշուշտ բացառությամբ Իվանի, առաջինը քեզ եմ պատմելու հիմա։ Իվանը ամեն ինչ գիտե։ Քեզնից առաջ գիտե, վաղուց։ Բայց Իվանը գերեզման է։

— Իվանը գերեզմա՞ն է։

— Այո։

Ալյոշան լսում էր չափազանց ուշադիր։

— Թեև այդ գծային գումարտակում ես պրապորշչիկ էի, բայց այնուամենայնիվ հսկողության տակ էի կարծես՝ աքսորականի նման մի բան։ Իսկ այդ խղճուկ քաղաքի մարդիկ սոսկալի լավ էին ընդունում ինձ։ Ափերով փող էի ծախսում, կարծում էին, թե ես հարուստ եմ, ինքս էլ այդպես էի կարծում։ Բայց թերևս մի ուրիշ բանով էլ էի գրավել նրանց սիրտը։ Թեև գլուխներն էին շարժում, սակայն, ճիշտն ասած, ինձ սիրում էին։ Հանկարծ իմ փոխգնդապետը, որ ծեր էր արդեն, սկսեց հակակրանքով վերաբերվել ինձ։ Բծախնդրություն էր անում իմ նկատմամբ, բայց ես թիկունք ունեի և, բացի այդ, ամբողջ քաղաքն էր իմ կողմը բռնում, շատ էլ չէր կարելի կպչել իմ օձիքից։ Ինքս էլ մեղավոր էի, պատշաճ հարգանքը չէի մատուցում նրան, դիտմամբ։ Հպարտություն էի անում։ Այդ կամակոր ծերուկը, որ շատ էլ լավ մարդ էր, չափազանց բարի ու հյուրասեր, երկու կին էր ունեցել, երկուսն էլ մահացել էին։ Առաջինը համեստ ընտանիքից էր եղել և իր նման համեստ մի աղջիկ էր թողել նրան։ Իմ ժամանակ այս աղջիկն արդեն քսանչորս տարեկան մի օրիորդ էր և ապրում էր հոր ու մորաքրոջ հետ։ Մորաքույրը լուռումունջ մի համեստություն էր, իսկ ինքը, այսինքն փոխգնդապետի այդ մեծ աղջիկը՝ ժիր համեստություն։ Երբ հիշում եմ մեկին՝ սիրում եմ լավ խոսքեր ասել. երբեք, սիրելիս, երբեք չեմ տեսել կանացի ավելի հիանալի բնավորություն, քան այդ օրիորդինը, Ագաֆյա էր անունը, պատկերացրու, Ագաֆյա Իվանովնա։ Եվ տգեղ էլ չէր, բնավ տգեղ չէր. ռուսական ճաշակի աղջիկ՝ բարձրահասակ, պնդակազմ, մարմնեղ, աչքերը գեղեցիկ, թեև դեմքը, ասենք, մի քիչ կոպիտ։ Չէր ամուսնացել, թեպետ երկու հոգի խնամախոսել էին, մերժել էր նրանց, բայց մնացել էր նույն ուրախ աղջիկը։ Մտերմացա հետը՝ ոչ թե ա՛յդ ձևով, ո՜չ, մաքուր էին մեր հարաբերությունները, բարեկամներ էինք պարզապես։ Ես հաճախ եմ կանանց հետ այդպիսի մտերություն ունեցել՝ կատարելապես անմեղ, բարեկամական։ Այնպիսի՜ վրանբաց բաներ էի դուրս տալիս նրա մոտ, որ օ՜ օհ... իսկ նա ծիծաղում էր միայն։ Շատ կանայք սիրում են այդպիսի վրանբաց խոսակցությունները, նկատի ունեցիր, իսկ նա, ի վերա այսը ամենայնի, կույս աղջիկ էր, և դա շատ էր զվարճացնում ինձ։ Եվ դեռ մի բան էլ կա, երբեք չէիր կարող ասել, որ նա ազնվական օրիորդ է։ Ինքն ու մորաքույրը հոր մոտ ապրում էին մի տեսակ կամավոր խոնարհությամբ, չէին ձգտում հավասարվել բարձր հասարակության մյուս անդամներին։ Բոլորը սիրում էին նրան և կարիքն էին զգում, որովհետև աչքի ընկնող դերձակուհի էր. կարելու տաղանդ ուներ, մատուցած ծառայության դիմաց փող չէր առնում, գործն անում էր հաճոյակատար լինելու համար, բայց երբ նվեր էին տալիս՝ չէր մերժում։ Իսկ փոխգնդապե՜տը. բոլորովին ուրիշ բան էր նա։ Մեր շրջանի առաջնակարգ դեմքերից մեկն էր փոխգնդապետը։ Փարթամ կյանք էր վարում, դռները բացում էր ամբողջ քաղաքի առաջ. ճոխ ընթրիքներ, պարեր։ Երբ ես նոր էի գնացել այնտեղ՝ գումարտակում ծառայելու, ամբողջ քաղաքն սկսեց խոսել այն մասին, թե շուտով մայրաքաղաքից գալու է փոխգնդապեաի երկրորդ դուստրը՝ մի չքնաղ գեղեցկուհի, որ իբր թե հենց նոր է ավարտել մայրաքաղաքի արիստոկրատական մի հաստատության դասընթացը։ Այդ երկրորդ դուստրը հենց այս Կատերինա Իվանովնան է ահա, և սա արդեն փոխգնդապետի երկրորդ կնոջից է։ Իսկ այդ երկրորդ կինը, հանգուցյալը, ազնվականուհի է եղել՝ մի մեծ գեներալի ընտանիքից, թեև ստույգ իմացել եմ, որ նույնպես դրամական օժիտ չի բերել փոխգնդապետին։ Այսինքն պարզապես ազգականի կապեր է ունեցել, և այդքան. գուցե ինչ֊որ հույսեր, բայց առձեռն՝ ոչինչ։ Եվ սակայն, երբ ուսումնական օրիորդը եկավ (որպես հյուր, ոչ թե մշտապես մնալու), ամբողջ քաղաքը կարծես կենդանություն ստացավ։ Մեր ամենից ավելի ականավոր տիկնայք՝ երկու նորին գերազանցություններ, մի գնդապետի կին, ու նաև բոլորը, բոլորը, նրանց հետևելով, անմիջապես գործի անցան, սկսեցին իրար ձեռքից խլել պատվել ու զվարճացնել նրան, պարահանդեսների և զբոսապտույտների թագուհի կարգեցին, կենդանի պակերներ ներկայացրին՝ ի նպաստ ինչ-որ տնային դաստիարակչուհիների։ Ես անտարբեր էի մնում, շարունակում էի իմ ցոփ կյանքը և հենց այդ ժամանակ այնպիսի մի խաղ խաղացի, որ ամբողջ քաղաքը թնդաց։ Մեկ էլ տեսնեմ, մի անգամ նա ինձ չափում է հայացքով, մարտկոցի հրամանատարի տանը, բայց չմոտեցա, այսինքն թե՝ մի մեծ բան չէ քեզ հետ ծանոթանալը։ Շատ չանցած, նորից մի երեկույթի ժամանակ, արդեն ինքս մոտեցա և սկսեցի խոսել, իսկ նա հազիվ նայեց ինձ, արհամարհանքով շարժեց շրթունքները։ Հը՜, սպասի՜ր, մտածեցի, վրեժս կառնեմ քեզնից։ Այն ժամանակ, շատ առիթներով, սոսկալի գռեհիկի մեկն էի դառնում, և ինքս էլ զգում էի այդ։ Իսկ այս դեպքում զգում էի մանավանդ, որ «Կատենկան» ոչ թե հենց պարզապես անմեղ ուսումնական օրիորդ է, այլ նկարագրի տեր մի անձնավորություն, հպարտ ու իրոք առաքինի, առավել ևս՝ խելացի ու զարգացած, իսկ ես այդ արժանիքներից ոչ մեկն ունեի, ոչ էլ մյուսը։ Կարծում ես՝ ձե՞ռքն էի ուզում խնդրել։ Բնա՜վ երբեք։ Ուզում էի պարզապես վրեժ լուծել այն պատճառով, որ ես այդպիսի մի կտրիճ եմ, իսկ նա չի զգում այդ բանը։ Մինչ այդ՝ շարունակում էի իմ կերուխումներն ու ջարդել-փշրելը։ Վերջապես փոխգնդապետն ինձ երեք օր կալանքի տակ առավ։ Հենց այդ ժամանակ էր ահա, որ հայրիկը վեց հազար ռուբլի ուղարկեց ինձ՝ ի պատասխան իմ հրաժարագրի, որով կատարելապես ձեռք էի քաշում ամեն ինչից, այսինքն իբր թե մեր «հաշիվները փակված են» և այլևս ոչ մի բան չեմ պահանջելու։ Ոչինչ չէի հասկանում այն ժամանակ։ Մինչև իմ այստեղ գալը, եղբայր, նույնիսկ մինչև այս վերջին օրերը և գուցե նույնիսկ մինչև այսօր՝ ոչինչ չէի հասկանում հայրիկի հետ իմ ունեցած բոլոր այդ դրամական վեճերից։ Բայց թողնենք այդ անիծյա՛լ հարցը, հե՛տո կխոսենք դրա մասին։ Ուրեմն, հենց նոր էի ստացել այդ վեց հազարը, երբ հանկարծ իմ մի բարեկամից նամակ եկավ ու ես կանխօրոք իմացա մի բան, որ չափազանց հետաքրքրեց ինձ. պարզվեց, որ մեր փոխգնդապետից դժգոհ, են, կասկածում են, թե խառն են նրա գործերը, մի խոսքով՝ թշնամիները պատրաստվում են ապուրը եփելու։ Եվ ճիշտ որ, եկավ դիվիզիայի հրամանատարը և զորս դու պատվիրեցեր՝ մի լավ շշպռեց նրան։ Հետո, շատ չանցած, հրաման եկավ, որ հրաժարական տա։ Հիմա քեզ չեմ պատմի այդ դեպքի մանրամասնությունները, իրոք նա թշնամիներ ուներ։ Ասեմ միայն, որ քաղաքում հանկարծ չափազանց սառը սկսեցին վերաբերվել նրան ու ամբողջ ընտանիքին, կարծես բոլորն էլ միանգամից երես դարձրին։ Եվ ահա այդ ժամանակ իմ առաջին խայծը գցեցի։ Հանդիպելով Ագաֆյա Իվանովնային, որի հետ միշտ պահպանում էի բարեկամությունը, ասացի. «Գիտե՞ք, ձեր հայրիկը չորս հազար հինգ հարյուր ռուբլի պետական փողի պակսորդ ունի» ։— «Ինչպե՞ս թե։ Ինչո՞ւ եք այդպես ասում։ Վերջերս գեներալն էր այստեղ, և ամեն ինչ կարգին էր» ։— «Այն ժամանակ կարգին էր, իսկ հիմա՝ ոչ» ։ Սոսկալի վախեցավ։ «Մի՛ վախեցնեք, — ասաց, — խնդրում եմ, ումի՞ց լսեցիք» ։— «Մի՛ անհանգստանաք, — ասացի, — ոչ ոքի չեմ հայտնի, և դուք գիտեք, որ այս հարցում ես գերեզմանի պես գաղտնապահ եմ։ Միայն թե՝ ուզում էի նույն այս հարցի առնչությամբ մի բան էլ ավելացնել, այսպես ասած «հնարավոր դեպքերը» նկատի ունենալով. երբ ձեր հայրիկից պահանջեն այդ չորս հազար հինգ հարյուրը և պարզվի, որ չունի, այդ դեպքում, փոխանակ թույլ տալու, որ նա դատի տակ ընկնի, հետո էլ իր ծեր տարիքին հասարակ զինվոր դառնա, ավելի լավ կլինի, եթե ձեր ուսումնական օրիորդին թաքուն ուղարկեք ինձ մոտ. ես հենց նոր փող եմ ստացել, ճիշտ չորս հազար էլ կտամ ձեռքը, եթե ուզում եք, և սրբությամբ կպահեմ գաղտնիքը» ։— «Ա՛խ, ինչ սրիկա՜ եք, — ասաց (հենց այդպես էլ ասաց), — ի՜նչ չար մարդ եք, սրիկա՜։ Ինչպե՛ս եք համարձակվում» ։ Հեռացավ սոսկալի զայրացած, իսկ ես մի անգամ էլ գոռացի ետևից, թե գաղտնիքը կպահվի սրբությամբ և անխախտ։ Նախօրոք ասեմ, որ այդ երկու կնանիք, այսինքն Ագաֆյան ու իր մորաքույրը, այս ամբողջ պատմության մեջ հրեշտակի պես մաքուր պահեցին իրենց. անկեղծորեն պաշտում էին իրենց այդ քրոջը՝ այդ գոռոզ Կատյային, ներքևից էին նայում նրան, աղախիններն էին դարձել... Բայց Ագաֆյան հենց անմիջապես նրա ձեռքն է տալիս իմ գցած խայծը, այսինքն մեր խոսակցությունը հայտնում է նրան։ Հետագայում այդ ամբողջը հինգ մատներիս պես իմացա։ Մի խոսքով, չի թաքցնում իմ ասածը։ է՜հ, ինձ էլ ա՛յդ էր պետք անշուշտ։

Հանկարծ նոր մայորը եկավ՝ գումարտակն ընդունելու։ Ընդունեց։ Ծեր փոխգնդապետը հիվանդացավ հանկարծ, չէր կարողանում տեղից շարժվել, երկու օր տանը նստեց, պետական գումարը չհանձնեց։ Մեր բժիշկ Կրավչենկոն հավատացնում էր, որ նա իրոք հիվանդ է։ Բայց մի գաղտնիք կար, որ ես գիտեի ստույգ աղբյուրից, նույնիսկ վաղուց գիտեի. ամեն անգամ հրամանատարության ստուգումից հետո, գումարն անհետանում էր որոշ ժամանակով, և այդպես՝ չորս տարի շարունակ։ Նա այդ գումարը փոխ էր տալիս մի շատ վստահելի մարդու՝ մեր քաղաքի առևտրական Տրիֆոնովին, որ այրի ծերունի էր, մեծ մորուքով ու ոսկեշրջանակ ակնոցով։ Սա գնում էր տոնավաճառ, անում էր իր շահաբեր գործարքը և անմիջապես փողը լրիվ վերադարձնում էր փոխգնդապետին, հետն էլ մի նվեր էր բերում տոնավաճառից, իսկ նվերի հետ նաև տոկոսները։ Բայց այս անգամ (ես այդ բոլորը շատ պատահաբար իմացա Տրիֆոնովի որդուց, որ նրա ժառանգն էր փսլնքոտ մի պատանի, աշխարհի ստեղծած ամենից ավելի անառակ տղաներից մեկը), այս անգամ, ասում եմ, Տրիֆոնովը տոնավաճառից գալիս է ու ոչինչ չի վերադարձնում։ Փոխգնդապետը վազում է նրա մոտ։ «Ես ոչինչ չեմ ստացել ձեզնի երբևիցե, չէի էլ կարող ստանալ» ։ Ահա պատասխանը։ է՜հ, մեր փոխգնդապետն այնպես էլ մնում է իր տանը նստած, անձեռոց է փաթաթում գլխին և երեքն էլ նրա գագաթին սառույց են դնում։ Հանկարծ սուրհանդակ է գալիս՝ գրանցման գիրքն ու հրամանը ձեռքին. «Հանձնել պետական գումարն անմիջապես, անհապաղ, երկու ժամից» ։ Ստորագրում է նա, այդ ստորագրությունը տեսա հետո գրքում, — ստորագրում է, վեր է կենում, ասում է, թե գնում է իր համազգեստը հագնելու, վազում է իր ննջասենյակը, վերցնում իր երկփողանի որսորդական հրացանը, լցնում, զինվորական մի փամփուշտ է խցկում մեջը, կոշիկը հանում աջ ոտքից, կուրծքը դեմ է տալիս հրացանի փողին և սկսում բլթակը փնտրել ոտքով։ Իսկ Ագաֆյան կասկածում էր արդեն, հիշել էր իմ այն խոսքերը։ Թաքուն մոտենում է և ճիշտ ժամանակին նայում հոր ննջասենյակը. ներս է վազում, ետևից նետվում է նրա վրա, գրկում, և հանկարծ այդ վայրկյանին հրացանը պայթում է դեպի վեր, գնդակը կպչում է առաստաղին, ոչ ոքի չի վիրավորում։ Ներս են վազում մյուսները, բռնում են նրան, խլում հրացանը, կախվում թևերից... Հետագայում ես մանրամասնորեն իմացա այդ բոլորը։ Իսկ այդ ժամին տանն էի, մթնշաղն էր ընկել, և հենց ուզում էի դուրս գալ։ Հագնվել էի արդեն, սանրվել, օծանելիք էի ցանել թաշկինակիս և գլխարկս վերցրել էի, երբ հանկարծ դուռը բացվեց ու... իմ առաջ, իմ սենյակում կանգնեց Կատերինա Իվանովնան։

Ի՜նչ տարօրինակ բաներ են լինում երբեմն։ Փողոցում ոչ ոք չէր նկատել նրա գալը, և այդպես էլ աննկատելի մնաց այդ դեպքը քաղաքում։ Իսկ ես վարձով էի ապրում երկու խիստ զառամյալ պառավների տանը, և հենց նրանք էլ ինձ սպասարկում էին. հարգալից կանայք էին, ամեն հարցում, հնազանդվում էին ինձ, և հետագայում երկուսն էլ, իմ հրամանով, լուռ մնացին երկաթե պահարանների նման։ Ես իհարկե, անմիջապես հասկացա, թե ինչու էր նա եկել։ Մտավ ու շեշտակի նայեց ինձ, սև աչքերի վճռական ու նույնիսկ հանդուգն հայացքով, բայց տեսա, որ շրթունքների վրա ու բերնի շուրջ անվճռականություն կար։

— Քույրս ասաց, որ դուք չորս հազար հինգ հարյուր ռուբլի կտաք, եթե... ինքս գամ ձեզ մոտ... փողն առնելու։ Եկա... տվե՛ք փղը...— չդիմացավ նա շնչասպառ եղավ, վախեցավ, ձայնը կտրվեց, իսկ շրթունքների ծայրերն ու բերանի շուրջ գծերն սկսեցին դողալ։— Ալյոշկա, լսո՞ւմ ես, թե քնում։

— Միտյա, գիտեմ, որ դու ամբողջ ճշմարտությունը կասես, — պատասխանեց Ալյոշան հուզված։

— Այո, հենց ճշմարտությունը կասեմ։ Եթե ամբողջ ճշմարտությունն ես ուզում, ուրեմն ահա թե ինչպես եղավ։ Չեմ խնայելու ինքս ինձ։ Իմ առաջին, անմիջական ցանկությունը... կարամազովյան էր։ Ժամանակին, սիրելիս, մի մորմ էր խայթել ինձ, երկու շաբաթ պառկել եմ ջերմությամբ։ Այդպես էլ ահա, այդ պահին հանկարծ զգացի, որ մի մորմ խայթեց իմ սիրտը՝ մի զազրելի միջատ, հասկանո՞ւմ ես։ Ոտից գլուխ չափեցի նրան հայացքով։ Տեսե՞լ ես նրան։ Գեղեցկուհի է, չէ՞։ Բայց այդ րոպեին մի ուրիշ գեղեցկություն ուներ նա։ Գեղեցիկ էր իր ազնվությամբ, այնինչ ես սրիկա էի, վսեմ էր իր վեհանձնությամբ ու հոր համար կատարած զոհաբերությամբ, իսկ ես փայտոջիլ էի։ Եվ ահա ուրեմն, նա իր ամբողջ, ամբո՜ղջ էությամբ, հոգով ու մարմնով, լիովին կախված էր ինձնից՝ մի փայտոջլից ու սրիկայից։ Օղակի մեջ էր ընկել։ Պարզ ասեմ քեզ՝ այդ ցանկությունը, մորմային այդ թունոտ ցանկությունն այնպես ճանկեց ինձ ներսից, որ քիչ մնաց սիրտս արյունաքամ լիներ տոչորվելուց։ Թվում էր, թե այլևս ոչ մի կերպ չէր կարելի պայքարել դրա դեմ. ասես հենց փայտոջլի նման պետք է վարվեի, չար ու թունոտ մորմի նման, անխղճորեն ուղղակի... Նույնիսկ շունչս կտրվեց։ Հասկանո՞ւմ ես, հաջորդ օրն իսկ, անշուշտ, պետք է գնայի ձեռքը խնդրելու, որպեսզի այսպես ասած ազնվագույն ձևով վերջանար այդ ամբողջը, և որպեսզի ոչ ոք չիմանար ու առիթ էլ չունենար իմանալու։ Որովհետև՝ ես ստոր ցանկություններով մարդ եմ թեև, բայց ազնիվ եմ։ Եվ ահա հանկարծ, նույն այդ վայրկյանին, կարծես մեկը փսփսաց ականջիս. «Բայց ախր վաղն ևեթ, երբ գնաս ձեռքը խնդրելու, այսպիսի աղջիկը չի էլ ուզենա տեսնել քո երեսը, կհրամայի կառապանին՝ բակից դուրս շպրտել քեզ։ Այսինքն թե՝ գնա՛, վարկաբեկի՛ր ամբողջ քաղաքով մեկ, չե՛մ վախենում քեզնից» ։ Նայեցի օրիորդին՝ ներքին ձայնս ինձ չէր խաբում. ճի՛շտ այդպես, ա՛յդպես էլ կլինի անշուշտ։ Արդեն այդ րոպեին կարելի էր դատել նրա դեմքից, որ վզակոթիս տալով կվռնդեն ինձ։ Զայրույթը բորբոքվեց իմ մեջ, ուզեցի ամենաստոր, խոզային, փերեզակային մի խաղ խաղալ գլխին. մի էսպես հեգնանքով նայել երեսին, և տեղն ու տեղը, քանի կանգնած է առաջս, շշպռել նրան այնպիսի մի շեշտով, որով փերեզակը միայն կարող է ասել.

— Ինչպե՞ս, չո՞րս հազա՜ր։ Բայց ես կատակ եմ արել, իսկ դուք՝ ի՞նչ է։ Շա՜տ֊շատ դյուրավահատ եք ձեր հաշիվների մեջ, օրիո՛րդ։ Մի երկու հարյուր՝ խնդրե՜մ, նույնիսկ հաճույքով ու սիրով, բայց չորս հազա՜ր։ Դա այն գումարը չէ, որ քամուն տաս այսպիսի մի թեթևամտության համար, օրիո՛րդ։ Իզուր եք բարեհաճել նեղություն քաշել։

Այսպիսով ամեն ինչ կկորցնեի անշուշտ, նա կփախչեր-կգնար, բայց, գիտե՞ս ինչ, դա կլիներ մի չտեսնված, դժոխային վրիժառություն, մնացյալ բոլոր բաների տեղը կբռներ։ Թեկուզ հետո իմ ամբողջ կյանքում ոռնայի զղջալուց, բայց այդ վայրկյանին ուզում էի այդ խաղը խաղալ նրա գլխին։ Հավատո՞ւմ ես, երբեք չի պատահել, որ այդպիսի րոպեին ես ատելությամբ նայեմ որևէ կնոջ, երբե՛ք չի պատահել, ո՛չ մի կնոջ նկատմամբ։ Եվ ահա, երդվում եմ խաչով, երեք կամ հինգ վայրկյան սոսկալի ատելությամբ նայեցի ա՛յս մեկին՝ հենց այն ատելությամբ, որից մազաչափ միայն հեռու է սերը, ամենախելագար սերը։ Մոտեցա լուսամուտին, ճակատս դրի սառած ապակուն, և հիշում եմ, որ սառույցը կրակի պես այրեց իմ ճակատը։ Երկար չպահեցի նրան, մի՛ անհանգստանա։ Շուռ եկա, մոտեցա սեղանին, բացեցի գզրոցը և վերցրի հինգհազարանոց ու հինգտոկոսանի անանուն մի բանկտոմս (ֆրանսերեն բառարանի մեջ էի դրել) ։ Հետո լռելյայն ցույց տվեցի բանկտոմսը նրան, ծալեցի, հանձնեցի ձեռքը, ինքս բացեցի դուռը դեպի միջանցք և, մի քայլ ետ քաշվելով, խորունկ խոնարհություն արեցի, ամենահարգալից, ամենատպավորիչ խոնարհությունը, հավատա՛ ինձ։ Նա ամբողջ մարմնով ցնցվեց, հայացքը մի վայրկյան սևեռեց ինձ վրա, սարսափելի գունատվեց, ուղղակի պատի գույն ստացավ և հանկարծ, նույնպես առանց մի բառ ասելու, ոչ թե թափով, այլ այապես մեղմորեն, հանգիստ ու խորունկ խոնարհվեց ամբողջ մարմնով, ուղղակի ոտքերիս առաջ, ոչ թե ուսանողաուհու նման, այլ ռուսական ձևով՝ ճակատը գետնին։ Վեր թռավ ու փախավ։ Այդ րոպեին սուսերակալը մեջքիս էր։ Երբ նա դուրս վազեց, ես քաշեցի սուսերը և ուզում էի տեղն ու տեղը խոցել ինքս ինձ, թե ինչո՞ւ, ինքս էլ չգիտեմ։ Սոսկալի հիմարություն էր անշուշտ, բայց երևի ցնծությունն էր պատճառը։ Հասկանո՞ւմ ես արդյոք, որ լինում են ցնծության պահեր, երբ մարդ կարող է սպանել ինքն իրեն։ Բայց ես չսպանեցի ինքս ինձ, այլ միայն համբուրեցի սուսերը և նորից դրեցի պատյանի մեջ, — թեև այս մի բանը կարող էի և չասել քեզ։ Եվ կարծեմ նույնիսկ, բոլոր այս մաքառումների մասին պատմելով հիմա, մի քիչ խտացրի գույները, որպեսզի գովեմ ինքս ինձ։ Բայց թո՛ղ այդպես լինի, այդպե՜ս, և գրո՛ղը տանի մարդկային սրտի բոլոր լրտեսներին։ Ա՛յս էր ահա ամբողջ այդ «դեպքը» իմ և Կատերինա Իվանովնայի միջև։ Հիմա ուրեմն Իվանը գիտե դրա մասին, մեկ էլ դու։ Ուրիշ ո՛չ ոք։

Դմիտրի Ֆյոդորովիչը վերկացավ, մի քանի քայլ արեց խռովահույզ, թաշկինակը հանեց, սրբեց ճակատի քրտինքը, հետո նորից նստեց, բայց ոչ թե նախկին տեղը, այլ հանդիպակաց նստարանին՝ մյուս պատի տակ, ուստի Ալյոշան ստիպված եղավ կտրուկ դառնալ նրա կողմը։

V։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ «կրունկները վեր»

— Հիմա, — ասաց Ալյոշան, — գիտեմ այդ խնդրի առաջին կեսը։

— Առաջին կեսը հասկանում ես. դա դրամա է, և դա կատարվեց այնտեղ։ Իսկ երկրորդ կեսը ողբերգություն է, որն այստեղ է կատարվելու։

— Մինչև հիմա ոչինչ չեմ հասկանում երկրորդ կեսից, — ասաց Ալյոշան։

— Իսկ ե՞ս։ Ես հասկանո՞ւմ եմ միթե։

— Սպասիր, Դմիտրի, այստեղ մի կարևոր բան կա։ Ասա ինձ՝ դու նշանված ես, չէ՞, և դեռ նշանվա՞ծ ես մնում։

— Անմիջապես չնշանվեցինք, այլ այդ դեպքից երեք ամիս հետո միայն։ Իսկ այդ ժամանակ, այսինքն դեպքի հաջորդ օրը, ես ինձ ասացի, թե միջադեպն սպառված է, վերջացած, շարունակություն չի լինելու։ Գնալ ու ձեռքը խնդրել ինձ ստորություն էր թվում։ Նա էլ ամբողջ վեց շաբաթ, երբ տակավին ապրում էր մեր քաղաքում, ոչ մի ծպտուն չհանեց իր կողմից։ Ճիշտ է, միայն մի առիթով զգացնել տվեց իր գոյությունը. իր այցելության հաջորդ օրը նրանց աղախինը եկավ ինձ մոտ և, բերանն անգամ չբացելով, շտապ մի ծրար հանձնեց ու գնաց։ Ծրարի վրա հասցե՝ այսինչին։ Բացում եմ՝ հինգհազարանոց բանկտոմսի մնացորդը։ Չորս հազար հինգ հարյուր ռուբլի էր հարկավոր միայն, բայց հինգհազարանոց բանկտոմսը վաճառելիս երկու հարյուր ռուբլու և մի քիչ ավելի կորուստ էր եղել։ Կարծեմ ինձ երկու հարյուր վաթսուն ռուբլի էր ուղարկել ընդամենը, լավ չեմ հիշում, և միայն փող էր՝ ո՛չ մի երկտող, ո՛չ մի խոսք, ո՛չ մի բացատրություն։ Մատիտով արած որևէ մի նշան փնտրեցի ծրարի մեջ՝ ոչ-չի՛նչ չկար։ Է՛հ, մնացած փողով դեռ այնպիսի կերուխումներ սարքեցի, որ վերջապես նոր մայորն էլ ստիպված եղավ ինձ նկատողություն անել։ Իսկ փոխգնդապետը, դե՜հ, հանձնեց պետական գումարը՝ բարեհաջող կերպով և ի զարմանս բոլորի, որովհետև արդեն ոչ ոք չէր ենթադրում, թե նա կարող է լրիվ գումար ունենալ։ Հանձնեց, բայց և շուտով հիվանդացավ, անկողին ընկավ, պառկեց երեք շաբաթ, հետո հանկարծ ուղեղի կակղում ունեցավ և հինգ օրից վախճանվեց։ Թաղեցին զինվորական շուքով, դեռ չէր հասցրել հրաժարականն ստանալ։ Կատերինա Իվանովնան, քույրն ու մորաքույրը հուղարկավորությունից տասը օր հետո գնացին Մոսկվա։ Եվ ահա, նրանց մեկնելուց առաջ միայն, հենց ճանապարհ ընկնելու օրը (ես նրանց չտեսա և ողջերթի չգնացի), մի մանրիկ, կապույտ ծրար եմ ստանում՝ ժանեկավոր մի թղթիկ, որի վրա մատիտով գրված մի տող կար, միայն մի տող. «Ես կգրեմ ձեզ, սպասեցեք։ Կ.» ։ Այդ էր ամբողջը։

Հիմա երկու խոսքով բացատրեմ քեզ շարունակությունը։ Մոսկվայում նրանց բախտը շուռ եկավ կայծակի արագությամբ և անսպասելիորեն, ինչպես լինում է արաբական հեքիաթներում։ Այդ գեներալի այրին, այսինքն Կատյայի ամենակարևոր ազգականուհին, հանկարծ միանգամից կորցնում է իր երկու մերձավորագույն ժառանգներին՝ երկու մերձավորագույն զարմուհիներին. երկուսն էլ նույն շաբաթվա ընթացքում մահանում են ծաղկախտից։ Վշտահար պառավն ուրախությամբ է ընդունում Կատյային՝ որպես իր հարազատ աղջկան, որպես իր փրկության աստղը, կառչում է նրանից, անմիջապես փոխում է կտակը նրա օգտին։ Բայց կտակն ապագայի համար էր, իսկ առայժմ ութսուն հազար ռուբլի է տալիս ձեռքը, ահա՛ քեզ օժիտ, ասում է, սրտիդ ուզածն արա այդ փողով։ Հիստերիկ կին է, հետո ես առիթ ունեցա դիտելու նրան Մոսկվայում։ Է՛հ ուրեմն, մի օր էլ հանկարծ չորս հազար հինգ հարյուր ռուբլի եմ ստանում փոստով. նախ տարակուսանքի մեջ ընկա իհարկե, լեզուս կապվեց զարմանքից։ Երեք օր հետո եկավ նաև խոստացված նամակը։ Հիմա էլ մոտս է այդ նամակը, միշտ մոտս եմ պահում, մեռնելուս վայրկյանին էլ մոտս կլինի. ուզո՞ւմ ես՝ ցույց տամ։ Անպայման կարդա. առաջարկում է իմ հարսնացուն դառնալ, ինքն է իր ձեռքը առաջարկում, «սիրում եմ, ասում է, խենթի պես սիրում, թեկուզ և դուք չսիրեք ինձ՝ հոգ չէ, միայն թե եղեք իմ ամուսինը։ Մի՛ վախենաք, ոչ մի կերպ չեմ կաշկանդի ձեզ, կլինեմ ձեր կահ-կարասին, կլինեմ այն գորգը, օրի վրա քայլում եք... Ուզում եմ հավերժորեն սիրել ձեզ, ուզում եմ փրկել ձեզ ձեր սեփական անձից...» ։ Ալյոշա, ես նույնիսկ անարժան եմ պատմելու այդ տողերն իմ ստոր բառերով և իմ ստոր շեշտով, որից երբեք չեմ կարողացել ազատվել։ Խոցել է այդ նամակն ինձ՝ մինչև՜ այսօր իսկ, և մի՞թե հիմա թեթև է իմ սիրտը, միթե այսօ՛ր իսկ թեթև՞ եմ զգում։ Անմիջապես պատասխանեցի նրան այն ժամանակ (ինքս ոչ մի կերպ չէի կարող Մոսկվա գնալ) ։ Արցունքներով գրեցի այդ նամակը, բայց միայն մի բանից եմ ամաչում շարունակ. ակնարկեցի, թե ինքը հիմա հարուստ է և օժիտ ունի, իսկ ես պարզապես անկուտի համբակի մեկն եմ, այսինքն փողի՜ մասին հիշեցրի։ Պետք է լռությամբ հանդուրժեի այդ բանը, սակայն գրչի ծայրից փախավ։ Հենց այդ ժամանակ էլ անմիջապես գրեցի Իվանին՝ Մոսկվա, ըստ հնարավորության բացատրեցի ամեն ինչ, վեց էջանոց մի նամակ եղավ։ Եվ Իվանին ուղարկեցի Կատյայի մոտ։ Ի՞նչ ես նայում ինձ, ինչո՞ւ ես աչքերդ տնկել այդպես։ Հա՛, այո՜, Իվանը սիրահարվեց նրան, հիմա էլ սիրահարված է, գիտեմ, և ես հիմարություն արեցի ըստ ձեզ՝ ըստ ընդունված տեսակետի, բայց գուցե հենց ա՛յդ մի հիմարությունն էլ այսօր կփրկի մեզ բոլորիս։ Օօ՜օ՜, չե՞ս տեսնում, Կատյան ինչպես է մեծարում նրան, ինչպե՜ս է հարգում։ Միթե կարո՞ղ է սիրել ինձ նման մեկին, երբ համեմատի մեզ երկուսիս, և մանավանդ այն բոլոր դեպքերից հետո, որ տեղի ունեցան այստեղ։

— Իսկ ես վստահ եմ, որ նա սիրում է քեզ նման մարդուն, ոչ թե նրա նմանին։

— Նա իր առաքինությունն է սիրում, ոչ թե ինձ, — ակամա պոռթկաց հանկարծ Դմիտրի Ֆյոդորովիչը՝ համարյա չարախնդությամբ։ Ծիծաղեց նա, բայց հաջորդ վայրկյանին աչքերը փայլեցին, ամբողջովին կարմրեց և բռունցքով ուժգին հարվածեց սեղանին։

— Երդվում եմ, Ալյոշա, — գոչեց նա՝ սաստիկ ու անկեղծորեն զայրանալով ինքն իր դեմ, — ուզես հավատա՛, ուզես մի՛ հավատա, բայց ահա՛ սո՜ւրբ աստված և տերն մեր Հիսուս Քրիստոս, երդվում եմ, որ թեև ծիծաղեցի հիմա նրա բարձր զգացմունքների վրա, բայց գիտեմ՝ ես միլիոն անգամ ավելի չնչին եմ հոգով, քան նա, և նրա այդ լավագույն զգացմունքները նույնքան անկեղծ են, որքան երկնային հրեշտակինը։ Ողբերգությունն էլ հենց այն է, որ ես հաստատ գիտեմ այդ։ Ի՜նչ անենք, որ մարդ մի քիչ մեծ֊մեծ է խոսում։ Իսկ ես մեծ֊մեծ չե՞մ խոսում, ինչ է։ Բայց չէ՞ որ անկեղծ եմ ես, անկեղծ։ Գալով Իվանին, ես հասկանում եմ, թե ինչպես է անիծում նա հիմա բնությունը, երբ մանավանդ այդպիսի խե՜լք ունի։ Ո՞ւմ, ինչի՞ն է տրվում նախապատվությունը։ Մի ճիվաղի՜, որ նույնիսկ այստե՛ղ չկարողացավ զսպել իր ցոփությունները, երբ արդեն նշանված էր և բոլորը նրան էին նայում։ Այն էլ իր հարսնացուի, հարսնացուի՜ աչքի առաջ։ Եվ ահա ինձ նման մեկը գերադասվում է, իսկ նա՝ մերժվում։ Բայց ի՞նչ պատճառով։ Այն, պատճառով, որ օրիորդն ուզում է իր կյանքի ու ճակատագրի վրա բռնանալ՝ երախտապարտությունի՜ց մղված։ Անմտությո՜ւն։ Այս առնչությամբ ոչինչ չեմ ասել Իվանին երբևիցե, Իվանն էլ, երբեք ձայն չի հանել անշուշտ, մի թեթև ակնարկ անգամ չի արել։ Բայց ճակատագիրը կհաղթանակի, և արժանավորը կգրավի իր տեղը, իսկ անարժանն ընդմիշտ կչքվի իր գռիհի մեջ՝ իր կեղտոտ գռիհի մեջ, որն այնքան սիրելի ու յուրահատուկ է նրան, և այնտեղ, կեղտի ու գարշահոտության մեջ թաղված, կկորչի կամովին և հաճույքով։ է՜, բարբաջում եմ կարծես թե, բառերս կորցրել են իրենց իմաստը, բերնիս եկածը դուրս եմ տալիս։ Սակայն ինչպես որ ասացի, հենց այդպես էլ կլինի։ Ես կսուզվեմ գռիհի մեջ, իսկ նա կամուսնանա Իվանի հետ։

— Սպասի՛ր, Միտյա, — ընդհատեց նորից Ալյոշան չափազանց հուզված, — համենայն դեպս այստեղ մի հարց կա, որ դեռ մինչև հիմա էլ չպարզեցիր դու ինձ. նշանված ես, չէ՞, ինչ էլ լինի՝ նշանված ես, չէ՞։ Ինչպե՞ս ուրեմն խզել ես ուզում կապդ, եթե նա, քո հարսնացուն, չի ուզում։

— Նշանված եմ, այո, օրինական և օրհնված փեսացու։ Մոսկվայում եղավ այդ ամբողջը, երբ նոր էի հասել այնտեղ, կատարվեց մեծ շուքով, սրբապատկերներով։ Առաջնակարգ նշանդրեք էր։ Գեներալի այրին օրհնեց և, հավատո՞ւմ ես, նույնիսկ շնորհավորեց Կատյային, ասաց՝ «Լավ ես ընտրել, նրա հոգու խորքն եմ տեսնում» ։ Եվ հավատո՞ւմ ես, Իվանին չսիրեց պառավը, չողջունեց նրան։ Հենց Մոսկվայում էլ երկար խոսակցություններ ունեցա Կատյայի հետ, մանրամասն նկարագրեցի ինքս ինձ՝ ճշմարտորեն, ազնվորեն, անկեղծորեն։ Ամեն ինչ լսեց.

Պատեց քաղցր շփոթություն,
     Ասվեցին քնքուշ խոսքեր...

Դե՜հ, հպարտ խոսքեր էլ ասվեցին։ Նա Ինձ ստիպեց հանդիսավոր խոստում տալ, որ ուղղվելու եմ։ Տվեցի խոստումը։ Եվ ահա...

— Ի՞նչ։

— Եվ ահա այսօր, հենց այսօրվա օրը (հիշի՛ր ամսաթիվը), քեզ կանչեցի ու թաքուն-թաքուն բերեցի այստեղ, որպեսզի, այսօր իսկ դարձյալ, քեզ ուղարկեմ Կատերինա Իվանովնային և...

— Ի՞նչ։

— Որպեսզի ասես նրան, որ այլևս երբեք չեմ գնալու մոտը, ասես, որ իմ ողջույններն եմ հղում։

— Բայց միթե հնարավո՞ր է այդ։

— Ճիշտ է, անհնար է, և հենց այդ պատճառով էլ քեզ եմ ուղարկում իմ փոխարեն։ Թե չէ՝ ինքս ինչպե՞ս ասեմ այդ բանը նրան։

— Իսկ ո՞ւր ես գնալու։

— Գռիհ։

— Ուրեմն Գրուշենկայի՜ մոտ, — վշտագին բացականչեց Ալյոշան, ձեռքերն իրար զարկելով։— Բայց միթե իրո՞ք Ռակիտինը ճշմարիտ ասաց։ Իսկ ես կարծում էի՝ հենց այնպես գնացիր մի անգամ մոտը, և վերջ։

— Փեսացու մարդը հենց այնպես գնա՞։ Չէէ՜, հնարավո՞ր բան է դա, այն էլ երբ այսպիսին է քո հարսնացուն, և դեռ բոլորի աչքի առա՜ջ։ Պատիվ ասված բանն ունե՞մ, թե չէ։ Հենց որ սկսեցի հաճախել Գրուշենկայի մոտ, իսկույն դադարեցի փեսացու և ազնիվ մարդ լինել։ Ես ախր հասկանում եմ այդ։ Ի՞նչ ես նայում երեսիս։ Գիտե՞ս ինչ, սկզբում գնացի պարզապես նրան ծեծելու։ Այն ժամանակ իմացա և հիմա էլ հաստատ գիտեմ, որ այդ փոխկապիտանը՝ հայրիկի վստահյալը, իմ մի պարտամուրհակն է փոխանցել Գրուշենկային, որպեսզի այս անզգամը բռնագանձման գործ հարուցի իմ դեմ և ես փափկեմ ու ձայնս կտրեմ։ Վախեցնել էին ուզում։ Ես էլ ահա վազեցի ծեծելու Գրուշենկային։ Մինչ այդ տեսել էի նրան՝ այնպես, հարևանցիորեն։ Միանգամից չի տպավորում։ Գիտեի նրա այդ ծեր վաճառականի մասին, որ հիվանդ էլ է հիմա, պառկել է անդամալույծ, բայց համենայն դեպս փառավոր մի բաժին կթողնի նրան։ Գիտեի նաև, որ Գրուշենկան սիրում է փող դիզել ու դիզում է, անխիղճ տոկոսներով պարտք է տալիս, խաբեբա է, առավ֊փախավի մեկը, կողոպտում է անգթորեն։ Գնացի մի ծեծ քաշելու, բայց արի տես, որ մնացի մոտը։ Ճայթեց հանկարծ փոթորիկը, ժանտախտը խփեց գլխիս, վարակվեցի ու վարակված էլ մնում եմ մինչև այսօր, և գիտեմ, որ արդեն ամեն ինչ վերջացած է ինձ համար, էլ ուրիշ ոչի՜նչ չի լինելու, երբե՞ք։ Ժամանակների շրջապտույտն ավարտված է։ Ահա՛ իմ բանը։ Այսպես ուրեմն, հանկարծ այդ օրը, ասես բախտի քմահաճույքով, երեք հազար ռուբլի էր մտել իմ գրպանը, չքավորի այս դատարկ գրպանը։ Գրուշենկայի հետ քշեցինք-գնացինք Մոկրոե՝ այստեղից քսանհինգ վերստ հեռու. գնչուներ, գնչուհիներ ճարեցի, շամպայն ճարեցի, առատ֊առատ խմեցրի շամպայնը բոլոր մուժիկներին, բոլոր գեղջուկ կնիկներին ու աղջիկներին, քամուն տվեցի հազարները։ Երեք օրից՝ տիպ տկլոր դուրս եկա, բայց հերոս էի։ Կարծեցիր մի բա՞ն ընկավ հերոսի ձեռքը։ Իր կանացի շնորհների ստվերն անգամ ցույց չտվեց։ Ասում եմ քեզ՝ այդ անզգամ Գրուշենկան մարմնի այնպիսի՜ զգլխիչ մի կորագիծ ունի, օ՜, նույնիսկ նրա փոքրիկ ոտքերն ունեն այդ հմայքը, մինչև անգամ ձախ ոտքի ճկույթ մատիկը։ Տեսա և համբուրեցի այդ ճկույթը, բայց ա՛յդքանը միայն, երդվո՜ւմ եմ։ Ասում է. «Ուզում ես՝ կամուսնանամ հետդ, դու աղքատ ես ախր։ Ասա, որ չես ծեծելու և թույլ ես տալու, որ ուզածս անեմ, գուցե այդ դեպքում կամուսնանամ» ։ Եվ ծիծաղում է։ Հիմա՜ էլ է ծիծաղում։

Դմիտրի Ֆյոդորովիչր մի տեսակ կատաղությամբ վերկացավ տեղից, մեկեն հարբածի նման դարձավ։ Աչքերն արյունով լցվեցին հանկարծ։

— Եվ դու իրո՞ք ուզում ես ամուսնանալ նրա հետ։

— Հենց անմիջապես, եթե ինքը ցանկանա։ Իսկ եթե չցանկանա՝ միևնույն է, կմնամ մոտը. դռնապան կլինեմ նրա տան բակում։ Դու... դու, Ալյոշա...— կանգ առավ Դմիտրին եղբոր առաջ և, բռնելով ուսերից, սկսեց հանկարծ ուժգին ցնցել նրան, — բայց դու գիտե՞ս, անմեղ տղա, գիտե՞ս, որ զառանցա՛նք է այս ամբողջը, աներևակայելի՜ զառանցանք, որովհետև ողբերգություն կա այստեղ, ողբերգությո՜ւն։ Իմացի՛ր ուրեմն, Ալեքսե՛յ, ես կարող եմ լինել ստոր մարդ, ստոր ու կործանիչ կիրքերով, բայց Դմիտրի Կարամազովը գո՞ղ լինի, հասարակ մի գրպանահա՞տ, մանր֊մունր բաներ թռցնող ստահա՞կ՝ երբե՛ք։ Դե՜հ, իմացի՛ր հիմա, ես ողորմելի մի գող եմ, հասարակ գրպանահատ ու ստահակ։ Հենց այն օրը, երբ գնալու էի Գրուշենկային ծեծելու, նույն այդ առավոտ ինձ կանչեց Կատերինա Իվանովնան և խիստ գաղտնորեն, որպեսզի առժամանակ ոչ ոք չիմանա (թե ինչո՞ւ, չգիտեմ, երևի այդպես էր պետք նրան), խնդրեց, որ գնամ նահանգի կենտրոնական քաղաքը և փոստով երեք հազար ռուբլի ուղարկեմ Ագաֆյա Իվանովնային՝ Մոսկվա։ Կենտրոնից էի ուղարկելու հենց այն պատճառով, որ այստեղ չիմանան։ Ահա այդ երեք հազար ռուբլին կար իմ գրպանում, երբ Գրուշենկայի մոտ ընկա, և այդ փողով էլ Մոկրոե գնացինք։ Հետո այնպես ձևացրի, թե թռել֊գնացել էի կենտրոն, բայց փոստային ստացագիրը չներկայացրի, ասացի, թե ուղարկել եմ, ստացագիրը կբերեմ, և մինչև հիմա էլ չեմ տանում, մոռացե՜լ եմ իբր թե։ Հիմա ի՞նչ ես կարծում, այսօր ահա դու կգնաս ու կասես նրան՝ «Ողջույններ է հղում», իսկ նա կհարցնի. «Հապա փո՞ղը» ։ Դու կարող էիր ասել նաև՝ «Ստոր մի հեշտասեր է նա, անարգ մի արարած՝ անզուսպ զգացումներով։ Նա այն ժամանակ չի ուղարկել ձեր փողը, այլ ծախսել է, որովհետև չի կարողացել իրեն զսպել, անասունի նման» ։ Բայց համենայն դեպս կարող էիր ավելացնել «Նա գող չէ սակայն, ահա ձեր երեք հազարը, վերադարձնում է ձեզ. ինքներդ ուղարկեցեք Ագաֆյա Իվանովնային, իսկ ինքը ձեզ ողջույններ է հղում» ։ Իսկ հիմա հանկարծ կհարցնի, «Ո՞ւր է փողը» ։

— Միտյա, դժբախտ ես դու, այո՛։ Բայց համենայն դեպս ոչ այնքան, որքան կարծում ես։ Մի՛ խեղդիր քեզ հուսահատության մեջ, մի՛ խեղդիր։

— Ինչ է, կարծում ես անձնասպա՞ն եմ լինելու, եթե չճարեմ ու չհանձնեմ այդ երեք հազարը։ Խնդիրն էլ հենց այն է, որ չեմ սպանի ինքս ինձ։ Ուժ չունեմ հիմա գանգս ցրիվ տալու։ Հետո՝ գուցե, իսկ հիմա Գրուշենկայի մոտ եմ գնում... Թքա՜ծ, ի՛նչ ուզում է լինի։

— Իսկ նրա՞ մոտ ինչ ես անելու։

— Ամուսինը կլինեմ, կջանամ արժանի դառնալ ամուսինը լինելու, և եթե սիրեկանը գա՝ մյուս սենյակը կքաշվեմ։ Նրա մտերիմների կեղտոտ կրկնակոշիկներն եմ մաքրելու, ինքնաեռի կրակն եմ փչելու, դեսուդեն եմ վազելու...

— Կատերինա Իվանովնան ամեն ինչ կհասկանա, — ասաց հանկարծ Ալյոշան հանդիսավոր շեշտով, — կհասկանա այս մեծ վշտի ամբողջ խորությունը և ներողամիտ կլինի։ Բարձր մտքի տեր է նա, և ինքը կտեսնի, որ քեզնից ավելի դժբախտ մարդ չի կարող լինել։

— Ամեն ինչ չի ների նա, — քմծիծաղ տվեց Միտյան։— Այստեղ, սիրելիս, մի բան կա, որի հետ ոչ մի կին չի կարող հաշտվել։ Ամենից լավը՝ գիտե՞ս ինչ պետք է անել։

— Ի՞նչ։

— Երեք հազարը պետք է վերադարձնել նրան։

— Բայց որտեղի՞ց գտնենք։ Լսի՛ր, ես երկու հազար ունեմ, Իվանն էլ մի հազար ռուբլի կտա, ահա քեզ երեք հազար։ Ա՛ռ ու վերադարձրու նրան։

— Իսկ ե՞րբ է մեր ձեռքը հասնելու այդ երեք հազարը։ Եվ բացի այդ, դու դեռ անչափահաս էլ ես։ Իսկ պետք է հենց այսօր, փողը լինի թե չլինի, պետք է անպայման հաղորդես նրան իմ հրաժեշտի ողջույնը, անպայմա՜ն, որովհետև չեմ կարող այլևս ձգձգել, այդտե՛ղ հասավ բանը։ Վաղն արդեն ուշ կլինի, ուշ։ Քեզ ուղարկելու եմ հայրիկի մոտ։

— Հայրիկի մո՞տ։

— Այո, նախ հայրիկի, հետո նրա մոտ։ Հայրիկից խնդրիր երեք հազարը։

— Բայց նա չի տա, Միտյա։

— Ա՜յդ էր պակաս, որ տա։ Հասկանում եմ, չի տա։ Ալեքսե՛յ գիտե՞ս ինչ է նշանակում հուսահատություն ասված բանը։

— Գիտեմ։

— Լսի՛ր, իրավաբանորեն նա ոչ մի կոպեկ պարտք չէ ինձ։ Ամեն ինչ վերցրել եմ նրանից, ամե՜ն ինչ։ Գիտեմ։ Բայց ախր բարոյակա՛ն տեսակետից պարտք է մնում ինձ, այնպե՞ս է, թե չէ։ Չէ՞ որ նա իմ մոր քսանութ հազար ռուբլուց է սկսել և հարյուր հազար է դիզել։ Թո՛ղ միայն երեք հազար ռուբլի տա ինձ այդ քսանութ հազարից, միայն երեք հազար, և նա կազատի իմ հոգին դժոխքից, արած բարիքն էլ իր շատ ու շատ մեղքերի քավությունը կլինի։ Իսկ ես, ահա քեզ հանդիսավոր խոսք եմ տալիս, այդ երեք հազարով էլ կվերջացնեմ իմ հաշիվները, և այլևս բացարձակապես ոչինչ չի լսի նա իմ մասին։ Վերջին անգամ առիթ եմ տալիս նրան՝ հայր լինելու։ Ասա՛ նրան, որ նույն ինքն աստված այս առիթն է ուղարկում իրեն։

— Միտյա, ոչ մի դեպքում չի տա։

— Գիտեմ, որ չի տա, կատարելապես գիտեմ։ Մանավանդ հիմա։ Ավելին, դեռ մի բան էլ գիտեմ. հիմա, հենց այս օրերիս, գուցե երեկ միայն, նա առաջին անգամ իմացավ լրջորեն (ընդգծիր լրջորենը), որ Գրուշենկան գուցե իրոք կատակ չի անում և ուզում է առանց այլևայլի ամուսնանալ ինձ հետ։ Ծերուկը գիտե նրա բնավորությունը, գիտե այդ կատվին։ Է՜հ, մեկ էլ հիմա փո՜ղ տա ինձ, որ նպաստի՞ այդպիսի ամուսնությանը, երբ ինքն է խելքը թռցրել նրա համար։ Բայց այդ էլ քիչ է, դեռ ավելին կարող եմ ասել քեզ. գիտեմ, որ արդեն հինգ օր է՝ նա երեք հազար ռուբլի է հանել բանկից, հարյուրանոցների վերածել ու փաթաթել մի մեծ ծրարի մեջ, հինգ կնիք է դրել վրան ու խաչաձև կապել է կարմիր երիզակով։ Տեսնո՞ւմ ես ինչ մանրամասն գիտեմ։ Իսկ ծրարի վրա գրված է. «Իմ հրեշտակ Գրուշենկային, եթե ցանկանա գալ ինձ մոտ» ։ Ինքն է խզմզել, լուռումունջ ու թաքուն, և ոչ ոք չգիտե, որ փող կա մոտը, բացի ծառա Սմերդյակովից, որի ազնվությանը հավատում է այնպես, ինչպես իր սեփական անձին։ Ահա արդեն երրորդ կամ չորրորդ օրն է՝ Գրուշենկային է սպասում, հույս ունի, որ նա կգա փողն առնելու։ Լուր է ուղարկել նրան, և Գրուշենկան էլ լուր է ուղարկել, իբր թե ասել է՝ «գուցե և գամ» ։ Է՛հ ուրեմնք եթե նա գա ծերուկի մոտ, էլ կարո՞ղ եմ ամուսնանալ հետը։ Հիմա հասկանում ես, թե ինչու եմ թաքուն նստած այստեղ և ինչ եմ դարպասում ։

— Գրուշենկայի՞ն։

— Գրուշենկային։ Այս տանը, այս փնթի կանանց մոտ Ֆոման մի փոքր սենյակ է վարձել։ Մեր կողմերից է Ֆոման, զինվոր է եղել մեզ մոտ։ Հիմա սրանց գործերն է անում, գիշերը պահակ է նստում, իսկ ցերեկը գնում է ցախաքլոր որսալու, դրանով էլ ապրում է։ Հենց նրա սենյակն է իմ թաքստոցը. ո՛չ նա գիտե գաղտնիքը, ո՛չ էլ տանտիրուհիները, այսինքն չգիտեն, թե ես դարան եմ մտել այստեղ։

— Միայն Սմերդյակո՞վը գիտե։

— Միայն նա։ Եվ նա էլ ինձ լուր կտա, եթե այդ անզգամը գա ծերուկի մոտ։

— Նա՞ ասաց քեզ ծրարված փողի մասին։

— Նա ասաց։ Մեծագույն գաղտնիք է։ Նույնիսկ Իվանը լուր չունի ո՛չ փողից, ո՛չ մի բանից։ Իսկ ծերուկն ուզում է Չերմաշնյա ուղարկել Իվանին՝ երկու֊երեք օրվա ճամփորդության։ Հայտնվել է մի գնորդ, որ պատրաստ է ութ հազար տալ ու կտրել պուրակի ծառերը, և ահա ուրեմն ծերուկն անընդհատ խնդրում է Իվանին՝ «օգնիր, ասում է, ինքդ գնա», երկու կամ երեք օրով այսինքն։ Ուզածն այն է, որ Գրուշենկայի եկած ժամանակ Իվանը չլինի այստեղ։

— Ուրեմն այսօ՞ր էլ սպասում է Գրուշենկային։

— Ոչ, այսօր նա չի գա, նշաններն այդպես են ցույց տալիս։ Հաստա՛տ չի գա, — գոռաց հանկարծ Միտյան։— Սմերդյակովն էլ այդպես է ենթադրում։ Հայրիկը խմում է հիմա, Իվանի հետ սեղան է նստել։ Գնա՛, Ալեքսեյ, խնդրիր նրանից այդ երեք հազարը...

— Միտյա, սիրելիս, ի՞նչ է պատահել քեզ, — բացականչեց Ալյոշան, ընդոստ վերկենալով և ուշադրությամբ նայելով Դմիտրի Ֆյոդորովիչի մոլեգնահար դեմքին։ Մի վայրկյան կարծեց, թե եղբայրը խելագարվել է։

— Ի՞նչ է, Ալյոշա։ Չեմ խելագարվել, — ասաց Դմիտրի Ֆյոդորովիչը, սևեռուն ու նույնիսկ մի տեսակ հանդիսավոր հայացքով նայելով նրան։— Մի՛ վախենա, քեզ ուղարկում հմ հայրիկի մոտ և գիտեմ իմ ասածը. հրաշքի եմ հավատում։

— Հրաշքի՞։

— Աստվածային նախախնամության հրաշքին։ Աստված գիտե իմ սիրտը, նա տեսնում է իմ ամբողջ հուսահատությունը։ Նա այս ամբողջ պատկերն է տեսնում։ Մի՞թե նա թույլ կտա, որ կատարվի սարսափելին։ Ալյոշա, ես հրաշքի՛ եմ հավատում, գնա՛։

— Կգնամ։ Ասա, դու սպասելո՞ւ ես այստեղ։

— Այո։ Հասկանում եմ, որ շուտ չի լինի, չի կարելի հենց մտնել ու շիփ֊շիտակ վրա տալ։ Նա հարբած է հիմա։ Երեք ժամ էլ կսպասեմ, չորս ժամ էլ, հինգ, վեց, յոթը ժամ, բայց թե մի՛ մոռանա, որ այսօր, թեկուզ և կեսգիշերին լինի, պետք է ներկայանաս Կատերինա Իվանովնային, փողով կամ առանց փողի, և պետք է ասես. «Ողջույններն է հղում ձեզ» ։ Հենց ուզում եմ, որ ասես այս բանաստեղծակա՜ն տողը. «Ողջույննե՜րն է հղում ձեզ» ։

— Մի՛տյա։ Իսկ եթե հանկարծ Գրուշենկան գա այսօր... եթե ոչ այսօր, ասենք վաղը կամ մյուս օր...

— Գրուշենկա՞ն։ Կլրտեսեմ, ներս կխուժեմ ու կխանգարեմ...

— Իսկ եթե...

— Եթե լինի այդ «եթե» ֊ն, կսպանեմ։ Չեմ դիմանա դրան։

— Ո՞ւմ կսպանես։

— Պառավին։ Մյուսին չեմ սպանի։

— Եղբա՜յր, ինչե՛ր ես ասում։

— Չգիտե՛մ, չգիտե՜մ... Գուցե չսպանեմ, դուցեև սպանեմ։ Վախենում եմ, որ այդ նույն րոպեին նա ինձ ատելի դառնա հանկարծ՝ իր այդ դեմքո՜վ։ Ատո՛ւմ եմ նրա ադամախնձորը, նրա քիթը, նրա աչքերը, նրա անամոթ քմծիծաղը։ Անձնական զզվանք եմ զգում։ Դրանից եմ վախենում ահա։ Հանկարծ չկարողանամ զսպել ինձ...

— Կգնամ, Միտյա։ Հավատում եմ, որ աստված լավագույնս կդատի, որպեսզի չպատահի սարսափելին։

— Իսկ ես կնստեմ ու կսպասեմ հրաշքին։ Բայց եթե չկատարվի հրաշքը, այդ դեպքում...

Ալյոշան մտախոհ քայլեց դեպի հոր տունը։


    

VI։ Սմերդյակով

Եվ իրոք նա տեսավ, որ հայրը դեռ նստել էր սեղանի առաջ։ Ըստ մշտական սովորության, սեղանը պատրաստված էր հյուրասրահում, թեև տան մեջ իսկական ճաշասենյակ էլ կար։ Այդ հյուրասրահը տան ամենամեծ սենյակն էր, որ կահավորված էր մի տեսակ հնամենի հավակնությամբ։ Կահույքը չափազանց հին էր, սպիտակ, և երեսապատված էր կարմիր, հնամաշ, մետաքսանման պաստառով։ Լուսամուտների միջև հայելիներ էին դրված պատին՝ նույնպես սպիտակ ու ոսկեգույն շրջանակներով, որոնք հնաոճ զարդաքանդակներով էին պաճուճված։ Պատերին, որոնք պաստառված էին սպիտակ ու տեղ֊տեղ ճաքճքած թղթով, աչքի էին ընկնում երկու խոշոր դիմանկարներ. մեկը մի իշխան էր, որ երեսուն տարի առաջ մեր շրջանի գեներալ֊նահանգապետն էր եղել, իսկ մյուսը՝ վաղուց վախճանյալ մի եպիսկոպոս։ Հանդիպակաց անկյունում մի քանի սրբապատկեր կար, որոնց առջև գիշերը կանթեղ էր վառվում... ոչ այնքան ի նշան բարեպաշտության, որքան սենյակը լուսավորելու համար։ Ֆյոդոր Պավլովիչը շատ ուշ էր պառկում, առավոտյան դեմ՝ ժամը երեքին կամ չորսին, իսկ մինչ այդ մերթ քայլում էր սենյակում, մերթ նստում էր բազկաթոռին ու մտածում։ Դա սովորություն էր դարձել նրա համար։ Շատ անգամ մեն-մենակ էր գիշերում տան մեջ, ծառաներին ուղարկելով բակի շենքը, բայց ավելի հաճախ նրա հետ մնում էր ծառա Սմերդյակովը, որ քնում էր նախասենյակում՝ օթոցի վրա։

Երբ Ալյոշան ներս մտավ, ճաշն արդեն վերջացել էր, բայց անուշեղեն ու սուրճ էին մատուցել։ Ֆյոդոր Պավլովիչը սիրում էր ճաշից հետո քաղցր համադամներ ըմբոշխնել կոնյակի հետ։ Իվան Ֆյոդորովիչն էլ դեռ նստած էր ու սուրճ էր խմում։ Ծառաներ Գրիգորին ու Սմերդյակովը կանգնած էին սեղանի մոտ։ Պարզ երևում էր, որ թե՛ տերերը, թե՛ ծառաները արտակարգորեն ուրախ տրամադրության մեջ էին։ Ֆյոդոր Պավլովիչը քահ֊քահ ծիծաղում էր։ Ալյոշան դեռ նախասենյակում լսեց նրա ճղճղան ծիծաղը, որն այնքան ծանոթ էր իրեն, և ծիծաղի ելևէջներից հասկացավ իսկույն, որ հայրը դեռ բնավ էլ հարբած չէ, այլ պարզապես հրճվանքի մեջ է առայժմ։

— Եկա՜վ ահա, եկա՜վ, — ճչաց Ֆյոդոր Պավլովիչը, հանկարծ սաստիկ ուրախանալով, որ տեսնում է Ալյոշային։— Միացի՛ր մեզ, նստիր, ահա քեզ սո՜ւրճ։ Պասուց խմիչք է ախր, պասո՛ւց, և տաք֊տաք է, հոյակա՜պ։ Կոնյակ չեմ առաջարկում, ծոմ պահող մարդ ես դու, բայց ուզո՞ւմ ես, հա՞, ուզո՞ւմ ես։ Չէ, ավելի լավ է լիկյոր տամ քեզ, հռչակավո՜ր լիկյոր է։ Սմերդյակո՛վ, գնա բեր պահարանից, երկրորդ դարակի վրա է, աջ կողմը։ Ահա բանալիները, դե շո՛ւտ։

Ալյոշան սկսեց հրաժարվել լիկյորից։

— Մեկ է՝ բերելու է, դու եթե չխմես, մենք կխմենք, — ասաց Ֆյոդոր Պավլովիչը, ուրախությունից փայլելով։— Բայց սպասի՛ր, դու ճաշե՞լ ես, թե չէ։

— Ճաշել եմ, — ասաց Ալյոշան, որ իրականում մի կտոր հաց էր միայն կերել և մի բաժակ կվաս էր խմել վանահոր խոհանոցում։— Ա՜յ, տաք սուրճը սիրով կխմեմ։

— Ապրե՜ս, անուշիկս, ապրե՜ս։ Սուրճ է խմելու։ Տաքացնել պետք չէ՞։ Բայց չէ, եռում է դեռ։ Փառավոր սուրճ է, Սմերդյակովն է եփել։ Իմ Սմերդյակովն արտիստի՜ պես է պատրաստում սուրճը և ձկով կարկանդակը, մեկ էլ, հա՜, ձկնապուրը, ճիշտ է։ Մի օր արի նրա ձկնապուրն ուտելու, նախօրոք իմաց տուր... Բայց սպասի՜ր, սպասիր տեսնեմ, առավոտյան չպատվիրեցի՞ քեզ, որ այսօր ևեթ փոխադրվես տուն, անկողինդ էլ բերես, բարձերդ էլ։ Քաշ տվի՞ր անկողինդ, հե՛-հե՛-հե՜...

— Ոչ, չբերեցի, — ժպտաց նաև Ալյոշան։

— Բայց վախեցա՜ր, վախեցար առավոտյան, չէ՞, վախեցա՜ր։ է՜, անուշիկս, մի՞թե ես կարող եմ քեզ վշտացնել։ Լսիր, Իվա՛ն, չեմ կարողանում դիմանալ, երբ նա այդպես նայում է աչքերիս մեջ ու ծիծաղում, անկարելի՜ է դիմանալ։ Իմ ամբողջ ընդերքն է սկսում ծիծաղել նրա հետ, սիրո՜ւմ եմ նրան։ Ալյոշկա, արի քեզ իմ ծնողական օրհնությունը տամ։

Ալյոշան ոտքի ելավ, բայց Ֆյոդոր Պավլովիչն արդեն փոխել էր իր միտքը։

— Չէ, չէ, հիմա պարզապես կխաչակնքեմ քեզ, ահա այսպես, դե նստիր։ Է՜, հաճույք ես ստանալու հիմա, և հենց քո գծով։ Ա՜յ թե ծիծաղելու ես։ Մեր Բաղաամի էշն սկսեց խոսել, և ինչպե՜ս է խոսում, ինչպե՜ս է խոսում։

Պարզվեց, որ Բաղաամի էշը ծառա Սմերդյակովն է։ Դեռ հազիվ քսանչորս տարեկան մի երիտասարդ էր նա, Բայց սոսկալի անմարդամոտ էր ու լռակյաց։ Ոչ թե քաշվող էր կամ ամոթխած, այլ ընդհակառակը՝ գոռոզ բնավորություն ուներ և կարծես արհամարհում էր բոլորին։ Բայց ահա առիթը եկավ, և հիմա արդեն չի կարելի կողքով անցնել, գոնե մի քանի խոսք չասել նրա մասին։ Նրան դաստիարակեցին Մարֆա Իգնատևնան ու Գրիգորի Վասիլևիչը, բայց երեխան, մեծանալով, սկսեց «ապերախտի մեկը» դառնալ, ինչպես Գրիգորին որակում էր նրան, եղավ վայրի մի տղա, որ ծուռ աչքով էր նայում աշխարհին։ Երբ մանուկ էր, շատ էր սիրում կախել կատուներին և հետո հանդիսավոր կերպով թաղել դրանց դիակները։ Այդ նպատակով ուսերին գցում էր մի սպիտակ սավան, որն իբրև թե շուրջառ էր, և երգում էր ու մի որևէ բան ճոճում մեռած կատվի վրա, իբրև թե խնկարկում էր բուրվառով։ Այդ բոլորը թաքուն էր անում, խստորեն պահելով իր գաղտնիքը։ Գրիգորին մի անգամ նրան բռնեց այդ արարքի վրա և պատժեց՝ մի լավ ծեծեց ճիպոտով։ Տղան մի անկյուն քաշվեց և մի ամբողջ շաբաթ խեթ-խեթ նայեց այդտեղից։ «Չի սիրում նա մեզ, այդ վիժվա՛ծքը, — ասում էր Գրիգորին Մարֆա Իգնատևնային, — և ոչ ոքի չի սիրում։ Դու մա՞րդ ես որ, — ուղղակի Սմերդյակովին էր դառնում հանկարծ, — մարդ չես դու, բաղնիքի բորբոսից ես դուրս եկել, ահա՛ թե ով ես...» ։ Սմերդյակովը, ինչպես պարզվեց հետագայում, երբեք չէր կարողանում ներել նրան այդ խոսքերը։ Գրիգորին գրել-կարդալ սովորեցրեց տղային և, երբ նա տասներկու տարեկան դարձավ, սկսեց Սուրբ գրքի պատմություններն ուսուցանել նրան։ Բայց սկսելն ու վերջացնելը մեկ եղավ։ Մի անգամ, երկրորդ կամ երրորդ դասին էր, տղան հանկարծ քմծիծաղ տվեց։

— Ի՞նչ է, — հարցրեց Գրիգորին, սպառնագին նայելով նրան ակնոցի վրայից։

— Ոչինչ։ Տեր աստված լույսն ստեղծեց առաջին օրը, իսկ արևը, լուսինը և աստղերը՝ չորրորդ օրը։ Իսկ առաջին օրը որտեղի՞ց էր գալիս լույսը։

Գրիգորին ապշած մնաց։ Տղան հեգնանքով նայում էր ուսուցչին։ Նրա հայացքի մեջ նույնիսկ մեծամիտ մի բան կար։ Գրիգորին չհամբերեց։ «Ահա՛ թե որտեղից», — գոռաց նա և կատաղի մի ապտակ իջեցրեց աշակերտի այտին։ Տղան սուսուփուս հանդուրժեց այդ ապտակը, բայց նորից իր անկյունը քաշվեց մի քանի օր։ Եվ ահա, մի շաբաթ հետո նա առաջին նոպան ունեցավ ընկնավորության, որով տառապեց իր ամբողջ կյանքում։ Լսելով այդ նոպայի մասին, Ֆյոդոր Պավլովիչը կարծես միանգամից փոխեց իր վերաբերմունքը տղայի նկատմամբ։ Առաջ մի տեսակ անտարբեր էր նայում նրան, թեև երբեք չէր նախատում և միշտ, երբ հանդիպում էր, մի կոպեկ էր տալիս։ Մերթ ընդ մերթ, երբ բարի էր լինում տրամադրությունը, սեղանից մի քաղցր բան էր ուղարկում տղային։ Բայց հիմա, լսելով հիվանդության մասին, հայտնապես սկսեց հոգատար լինել նրա նկատմամբ, բժիշկ հրավիրեց, ցանկացավ բուժել տղային, բայց պարզվեց, որ անհնար է բուժել։ Նոպաները, միջին հաշվով, բռնում էին ամիսը մեկ անգամ՝ տարբեր ընդմիջումներով։ Իրենց սաստկությամբ էլ տարբերվում էին նոպաները. երբեմն թեթև էին լինում, իսկ երբեմն՝ շատ դաժան։ Ֆյոդոր Պավլովիչը խստագույնս արգելեց Գրիգորիին՝ մարմնական պատիժ կիրառել տղայի նկատմամր, և արտոնեց, որ նա երբեմն իր մոտ բարձրանա։ Առժամապես արգելեց նաև որևէ բան ուսուցանել նրան։ Բայց մի անգամ, երբ տղան արդեն տասնհինգ տարեկան էր, Ֆյոդոր Պավլովիչը նկատեց, որ նա պտտվում է գրապահարանի մոտ և ապակու միջից կարդում գրքերի վերնագրերը։ Ֆյոդոր Պավլովիչը բավական շատ գիրք ուներ՝ ավելի քան հարյուր հատոր, բայց ոչ ոք նրա ձեռքին գիրք չէր տեսել երբևիցե։ Նա իսկույն գրապահարանի բանալին տվեց Սմերդյակովին. «Դե՛հ, վերցրու և կարդա, մեր գրադարանապետը կլինես։ Փոխանակ թրև գալու բակում, նստիր ու կարդա։ Ահա այս մեկը կարդա», — և Ֆյոդոր Պավլովիչը պահարանից հանեց «Երեկոներ Դիկանկայի մերձակա ագարակում» գիրքը։

Տղան կարդաց, բայց դժգոհ մնաց. ոչ մի անգամ չծիծաղեց, ընդհակառակը՝ խոժոռվեց ի վերջո։

— Ի՞նչ է։ Ծիծաղելի չէ՞, — հարցրեց Ֆյոդոր Պավլովիչը։

Սմերդյակովը լուռ մնաց։

— Պատասխանի՛ր, տխմա՛ր։

— Սուտ-սուտ բաների մասին է ամբողջը, — մրթմրթաց Սմերդյակովը, քմծիծաղ տալով։

— Դե կորի՜ր գրողի ծոցը։ Ծառայի հոգի է քո հոգին։ Կա՛ց, ահա քեզ Սմարագդովի «Ընդհանուր պատմությունը» ա՛յ այստեղ ամեն ինչ ճշմարիտ է, կարդա՛։

Բայց Սմերդյակովը տասը էջ անգամ չկարդաց Սմարագդովից. ձանձրալի թվաց նրան։ Եվ այդպես էլ փակվեց նորից գրապահարանը։ Շուտով Մարֆան ու Գրիգորին հայտնեցին Ֆյոդոր Պավլովիչին, որ վերջերս Սմերդյակովը հանկարծ սկսել է սոսկալի բծախնդիր դառնալ ուտելիքի նկատմամբ. նստում ու նայում է ապուրին, գդալը վերցնում է ու խառնում, խառնում, բան է փնտրում ապուրի մեջ, թեքվում է, տնտղում, վերցնում է մի գդալ ու բռնում լույսի դեմ։

— Ի՞նչ է, ուտի՞ճ, — հարցնում էր երբեմն Գրիգորին։

— Ճանճ է գուցե, — նկատում էր Մարֆան։

Մաքրասեր պատանին երբեք չէր պատասխանում, բայց նույն բանն էր անում նաև հացի, մսի և բոլոր մյուս ուտելիքների նկատմամբ. մեկ էլ տեսար՝ պատառաքաղը բարձրացնում էր լույսի դեմ, ասես մանրադիտակով զննում էր պատառը և երբեմն երկար տատանվելուց հետո վերջապես որոշում էր բերանը տանել։ «Սրա՜ն տես, ի՜նչ մի աղայի ձագ է դառել, — քրթմնջում էր Գրիգորին՝ նայելով նրան։ Լսելով Սմերդյակովի այդ նոր հատկության մասին, Ֆյոդոր Պավլովիչն անմիջապես որոշեց խոհարար դարձնել նրան և Մոսկվա ուղարկեց, որ սովորի այդ արհեստը։ Մի քանի տարի նա սովորեց ու վերադարձավ խիստ փոխված դիմագծերով։ Հանկարծ արտակարգորեն ծերացել էր մի տեսակ, իր տարիքին բնավ չհամապատասխանող կնճիռներ էին երևացել դեմքին, սկսել էր ամորձատ մարդու նմանվել։ Իսկ բնավորությամբ մնացել էր գրեթե նույնը, ինչ Մոսկվա գնալուց առաջ էր. նույնպես խուսափում էր մարդկանցից և նվազագույն պահանջ չէր զգում որևէ մեկի հետ ընկերություն անելու։ Մոսկվայում ևս, ինչպես իմացանք հետո, լռակյաց էր եղել։ Իսկ բուն Մոսկվան շատ քիչ էր հետաքրքրել նրան, այնպես որ հազիվ թե մի երկու նորություն էր տեսել այնտեղ, ուրիշ ոչ մի բանի ուշադրություն չէր դարձրել։ Մի անգամ նույնիսկ թատրոն էր գնացել, բայց վերադարձել էր լուռ ու դժգոհ։ Եվ սակայն, այդ բոլորով հանդերձ, նա լավ հագնված եկավ Մոսկվայից, սերթուկն ու սպիտակեղենը՝ մաս-մաքուր։ Օրը երկու անգամ, առանց թերանալու, ուշի-ուշով խոզանակում էր հագուստը, շատ էր սիրում անգլիական հատուկ ներկով փայլեցնել պճնամոլի իր կոշիկները, որոնք հորթի կաշվից էին, և այնպես էր անում, որ դրանք շողշողում էին հայելու նման։

Պարզվեց, որ հիանալի խոհարար է դարձել։ Ֆյոդոր Պավլովիչը ռոճիկ նշանակեց նրան, և Սմերդյակովն այդ ռոճիկը գրեթե ամբողջությամբ հատկացնում էր իր հագուստ֊կապուստին, օծանելիքներին և նման այլ բաների։ Բայց կարծես թե կանացի սեռն էլ նույնքան արհամարհում էր, որքան տղամարդկանց, ծանրաբարո ու գրեթե անմատչելի էր լինում կանանց ներկայությամբ։ Ֆյոդոր Պավլովիչն սկսեց մի ուրիշ տեսանկյունից էլ նայել Սմերդյակովին։ Եվ ահա թե ինչու. նրա հիվանդության նոպաներն ավելի հաճախակի և ուժգին էին դարձել, և այն օրերին, երբ նա հիվանդ պառկում էր, Մարֆա Իգնատևնան էր պատրաստում կերակուրը. դա բոլորովին ձեռնտու չէր Ֆյոդոր Պավլովիչին։

— Ինչի՞ց է, որ այդպես շուտ-շուտ նոպաներ ես ունենում, — խեթ հայացքով նայում էր երբեմն նոր խոհարարին, զննելով նրա դեմքը։— Գոնե ամուսնանայիր մեկն ու մեկի հետ, հը՞, ուզո՞ւմ ես՝ ամուսնացնեմ...

Բայց Սմերդյակովն այդ խոսքերի վրա գունատվում էր վրդովմունքից, թեև ոչինչ չէր պատասխանում։ Ֆյոդոր Պավլովիչը լռում էր ու ձեռքը թափ տալիս։ Կարևորն այն էր, որ մի անգամ ընդմիշտ հավատում էր նրա ազնվությանը. վստահ էր, որ ոչինչ չի վերցնի, չի գողանա։ Մի անգամ Ֆյոդոր Պավլովիչը, հարբած լինելով, երեք հատ նոր ստացած հարյուրանոց թղթադրամ էր գցել սեփական բակում, ցեխի մեջ, և միայն հաջորդ օրն էր գլխի ընկել, որ պակասում են դրանք. հազիվ էր սկսել շտապ֊շտապ փնտրել գրպանների մեջ, երբ հանկարծ տեսել էր, որ երեք վարդագույն թղթադրամները դրած են սեղանի վրա։ Ո՞վ էր դրել։ Սմերդյակովը դեռ երեկ գտել էր բակում ու բերել էր։ «Է՜, ախպերս, քեզ նման մարդ չեմ տեսել», — կարճ ու կտրուկ ասել էր Ֆյոդոր Պավլովիչը և տասը ռուբլի նվիրել նրան։ Պետք է ավելացնել, որ ոչ միայն հավատում էր նրա ազնվությանը, այլև նույնիսկ, չգիտես ինչու, սիրում էր նրան, թեև երիտասարդը Ֆյոդոր Պավլովիչին էլ նայում էր նույն ծուռ հայացքով, որով նայում էր ուրիշներին, և միշտ լուռ էր մնում։ Շատ հազվադեպ էր մի բան ասում իր կողմից։ Եթե որևէ մեկը, նայելով նրան այդ ժամանակ, հարց տար ինքն իրեն, թե արդյոք ինչո՞վ է հետաքրքրվում այս երիտասարդը և ի՞նչն է ամենից ավելի նրա միտքն զբաղեցնում, — ճիշտն ասած անկարելի կլինեք նրա դեմքին նայելով պատասխան գտնել։ Բայց և այնպես պատահում էր, որ նա երբեմն կանգ էր առնում մեկեն, լինի հենց տանը կամ թեկուզ բակում, նույնիսկ փողոցում, սուզվում էր մտքերի մեջ և այդպես կանգնած մնում էր մինչև իսկ տասը րոպե։ Դիմագետը, ուշադիր զննելով նրան, կարող էր ասել, որ ո՛չ խոհ կա այդ դեմքի մեջ, ոչ էլ որևէ մի միտք, այլ պարզապես մի տեսակ անշարժ հայեցողություն։ Նկարիչ Կրամսկոյը մի ուշագրավ նկար ունի, որ կոչվում է «Հայեցողը», պատկերված է ձմեռային մի տեսարան անտառում, և անտառով անցնող ճանապարհին մենմենակ կանգնած է պատառոտուն բաճկոնով ու տրեխներով մի գեղջուկ, որ հասել է կատարելապես ամայի մի տեղ, ահա կանգ է առել և կարծես խորասուզվել է մտքերի մեջ, բայց նա չի մտածում, այլ ընկել է «հայեցողության» մեջ։ Եթե դիպչեք նրան, կցնցվի ու նոր զարթնածի նման կնայի ձեր երեսին, բայց ոչինչ չի հասկանա։ Ճիշտ է, անմիջապես ուշքի կգա, սակայն եթե հարցնեք, թե ինչի մասին էր մտածում այդպես կանգնած, հավանաբար ոչինչ չի հիշի, թեև իր մեջ պահած կլինի անշուշտ այն տպավորությունը, որի տակ գտնվում էր իր հայեցողության պահին։ Իսկ այդ տպավորությունները թանկ են նրա համար, և նա կուտակում է դրանք անկասկած, կուտակում է աննկատելիորեն և նույնիսկ առանց գիտակցելու. թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով՝ նույնպես չգիտե անշուշտ։ Գուցե հանկարծ, երկար տարիների ընթացքում տպավորություններ կուտակելուց հետո, թողնի ամեն ինչ ու գնա Երուսաղեմ՝ որպես ուխտավոր թափառելու և հոգին փրկելու, և կամ գուցե հարազատ գյուղը կրակի տա, գուցե նաև թե՛ մեկն անի, թե՛ մյուսը միաժամանակ։ Ժողովրդի մեջ բավական շատ են հայեցողները։ Ահա Սմերդյակովն էլ այդպիսի հայեցողներից մեկն էր հավանաբար, և ըստ երևույթին նույնպես կուտակում էր իր տպավորություններն ագահորեն, դեռ ինքն էլ համարյա չիմանալով, թե ինչու։


    

VII։ Բանավեճ

Սակայն Բաղաամի էշը հանկարծ սկսել էր խոսել։ Առիթ ծառայող նյութը տարօրինակ մի դեպք էր. առավոտյան, վաճառական Լուկյանովյի խանութում գնումներ կատարելու ժամանակ, Գրիգորին նրանից լսել էր, թե մի ռուս զինվոր ասիական հեռավոր սահմանի վրա գերի է ընկել մահմեդականներին, և երբ նրանք, տանջալից ու անմիջական մահվամբ սպառնալով, ստիպել են հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել իսլամը, զինվորը մերժել է դավաճանել իր հավատքին և հանձն է առել տանջանքները, թողել է, որ իրեն մորթազերծ անեն, և մահացել է փառաբանելով ու գովերգելով Քրիստոսին, այդ սխրագործության պատմությունն էլ հենց տպված է եղել նույն առավոտ ստացված թերթում։ Եվ ահա այդ դեպքն էր պատմել Գրիգորին ճաշի վրա։ Ֆյոդոր Պավլովիչը միշտ էլ սիրում էր ծիծաղել ու խոսել ճաշից հետո, աղանդերը ճաշակելու ժամանակ, թեկուզ և Գրիգորիի հետ։ Իսկ այս անգամ տրամադրությունը հատկապես թեթև էր, հաճելի զվարթությունը հորդում էր նրանից։ Կոնյակն ըմպելով ու լսելով այդ պատմությունը, նա ասաց, թե պետք է անմիջապես սրբերի կարգը դասել այդպիսի զինվորին և նրա քերթված մորթն ուղարկել մի որևէ վանք. «Ա՜յ թե ժողովուրդ կթափվի, փողն էլ հետը» ։ Գրիգորին հոնքերը կիտեց, տեսնելով, որ Ֆյոդոր Պավլովիչը չի հուզվել բնավ, այլ, ըստ իր մշտական սովորության, սկսում է սրբապիղծ բաներ առել։ Եվ ճիշտ այդ վայրկյանին Սմերդյակովը, որ կանգնած էր դռան մոտ, հանկարծ ժպտաց։ Առաջ էլ Սմերդյակովին շատ հաճախ արտոնվում էր սպասարկել սեղանի վրա, այսինքն ճաշի ավարտին։ Իսկ այն օրից, երբ Իվան Ֆյոդորովիչը ժամանեց մեր քաղաքը, նա սկսեց գրեթե ամեն անգամ ներկայանալ ճաշին ու սպասարկել։

— Ի՞նչ ես ծիծաղում, — հարցրեց Ֆյոդոր Պավլովիչը, վայրկենապես նկատելով նրա ժպիտը և անշուշտ հասկանալավ, որ դա կապ ունի Գրիգորիի խոժոռվելու հետ։

— Ինչ վերաբերում է ինձ, — հանկարծ սկսեց խոսել Սմերդյակովն անսպասելիորեն ու բարձր ձայնով, — կարծում եմ, որ եթե այդ գովելի զինվորի սխրագործությունն իրոք որ շատ մեծ է, նույնպես էլ, ըստ իս, ոչ մի մեղք գործած չէր լինի, եթե այդպիսի մի դիպվածով հրաժարվեր էլ, դիցուք, Քրիստոսի անունից և իր սեփական մկրտությունից, որպեսզի հենց դրանով էլ փրկեր իր կյանքը բարի գործերի համար, որոնցով և տարիների ընթացքում կքավեր իր փոքրոգությունը։

— Ինչպե՞ս թե մեղք գործած չէր լինի։ Փչո՜ւմ ես։ Դրա համար քեզ ուղղակի դժոխք կքշեն և մի լավ կխորովեն՝ ոչխարի մսի նման, — վրա տվեց Ֆյոդոր Պավլովիչը։

Եվ ահա այդ պահին էր, որ մտավ Ալյոշան։ Ֆյոդոր Պավլովիչը, ինչպես տեսանք, սոսկալի ուրախացավ Ալյոշային տեսնելով։

— Քո գծո՜վ է, քո գծո՜վ, — ուրախ քրքջում էր, նստեցնելով Ալյոշային, որ նա ևս լսի։

— Ինչ վերաբերում է ոչխարի մսին՝ այդպես չէ, և ոչինչ էլ չեն անի այնտեղ դրա համար, և նույնիսկ ոչ մի այդպիսի բան պետք չէ անեն, եթե լիովին արդարացի մոտենան, — նկատեց Սմերդյակովը լրջամիտ շեշտով։

— Ի՞նչ։ Ինչպե՞ս թե լիովին արդարացի մոտենան, — ավելի ևս ուրախ գոռաց Ֆյոդոր Պավլովիչը, ծնկով բոթելով Ալյոշային։

— Ստո՛ր արարած է նա, ուրիշ ոչինչ, — պոռթկաց հանկարծ Գրիգորին։ Նա ցասումով նայեց ուղղակի Սմերդյակովի աչքերի մեջ։

— Ինչ վերաբերում է ստոր արարած լինելուն՝ մի փոքր համբերեցեք, Գրիգորի Վասիլևիչ, — հանգիստ ու զուսպ դիմադարձեց Սմերդյակովը, — ավելի լավ է՝ ինքներդ դատեցեք, որ եթե գերի եմ ընկել քրիստոնեական ցեղը տանջողների ձեռքը, և նրանք ինձնից պահանջում են անիծել աստծո անունը և հրաժարվել իմ սուրբ մկրտությունից, ապա իմ սեփական դատողությունը կատարելապես լիազորում է ինձ այդ բանն անելու, որովհետև ոչ մի մեղանչում չկա դրա մեջ։

— Բայց դա ասել ես արդեն։ Մի՛ ծաղկեցրու, այլ ապացուցի՞ր, — գոռաց Ֆյոդոր Պավլովիչը։

— Ի՜նչ ես սպասում ապուր եփողից, — շշնջաց Գրիգորին արհամարհանքով։

— Ինչ վերաբերում է ապուր եփող լինելուն՝ նույնպես մի փոքր համբերեցեք և ինքներդ դատեցեք, առանց նախատելու, Գրիգորի Վասիլևիչ։ Ուրեմն՝ հենց որ ասեմ տանջողներին՝ «Ոչ, ես քրիստոնյա չեմ և անիծում եմ իմ ճշմարիտ աստծուն», իսկույնևեթ, աստվածային ամենագերագույն դատաստանով, անմիջական ու հատուկ նզովքի կենթարկվեմ և արտաքսված կլինեմ սուրբ եկեղեցուց՝ միանգամայն իբրև թե հեթանոս լինեի, այնպես նույնիսկ, որ ճիշտ նույն վայրկյանին կկատարվի այդ բանը, այսինքն ոչ թե միայն ասելու պահին, այլ հենց որ մտադրվեմ ասել, ուստի մի քառորդ վայրկյան իսկ չի անցնի, և արդեն արտաքսված կլինեմ։ Այնպե՞ս է, թե չէ, Գրիգորի Վասիլևիչ։

Նա ակնհայտ գոհունակությամբ դիմում էր Գրիգորիին, թեև իրականում Ֆյոդոր Պավլովիչի հարցերին էր պատասխանում միայն և շատ էլ լավ էր հասկանում այդ, բայց դիտմամբ այնպես էր ձևացնում, որ իբր թե Գրիգորին է տալիս այդ հարցերը։

— Իվա՛ն, — գոչեց հանկարծ Ֆյոդոր Պավլովիչը, — թեքվիր այս կողմ, մի բան ասեմ ականջիդ։ Նա քեզ համար է սարքում այս ամբողջ տեսարանը, ուզում է, որ գովես իրեն։ Դու էլ գովի՛ր։

Իվան Ֆյոդորովիչը կատարյալ լրջությամբ լսեց այդ ենթադրությունը, որ հայրը ոգևորված շշնջաց նրա ականջին։

— Սպասի՛ր, Սմերդյակով, լռիր մի րոպե, — գոռաց կրկին Ֆյոդոր Պավլովիչը։— Իա՛ն, թեքվիր նորից, մի բան էլ ասեմ։

Իվան Ֆյոդորովիչը դարձյալ կատարելապես լուրջ դեմքով հակվեց նրա կողմը։

— Քեզ էլ եմ սիրում այնպես, ինչպես Ալյոշկային։ Մի՛ կարծիր, թե քեզ չեմ սիրում։ Կոնյակ լցնե՞մ։

— Տվեք։ «Բայց ինքդ կարգին հարբել ես», — մտածեց Իվան Ֆյոդորովիչն ու սևեռուն նայեց հորը։ Իսկ Սմերդյակովին դիտում էր մեծագույն հետաքրքրությամբ։

— Դու էս րոպեիս էլ նզովյալ ես ու անիծյալ, — սկսեց հանկարծ նախատինք թափել Գրիգորին, — և ինչպե՞ս ես դու համարձակվում, ստո՛ր արարած, դատողություններ անել դրանից հետո, եթե...

— Մի՛ հայհոյիր, Գրիգորի, մի՛ հայհոյիր, — ընդհատեց Ֆյոդոր Պավլովիչը։

— Մի քիչ էլ սպասեցեք, Գրիգորի Վասիլևիչ, թեկուզ նվազագույն մի պահ ևս, ու լսեցեք շարունակությունը, որովհետև ես չեմ վերջացրել իմ ամբողջ ասելիքը։ Ուրեմն՝ հենց այն վայրկյանին, որ ենթարկվեցի աստծո անմիջական անեծքին, ճիշտ այդ նույն, այդ նույն գերագույն վայրկյանին մեկ է թե հեթանոս դարձա արդեն, իմ մկրտությունը ետ առնվեց ինձնից և ի չիք համարվեց։ Գոնե այս այսպե՞ս է, թե չէ։

— Ամփոփի՛ր, ախպերս, շուտ արա, վերջացրո՛ւ, — շտապեցրեց Ֆյոդոր Պավլովիչը, մի մեծ կում ըմբոշխնելով ըմանակից։

— Իսկ եթե քրիստոնյա չեմ այլևս, ուրեմն և սուտ չեմ ասել իմ տանջողներին, երբ նրանք հարցնում էին՝ քրիստոնյա՞ եմ ես, թե քրիստոնյա չեմ, որովհետև նույնինքն աստծո կողմից արդեն արտաքսված էի իմ քրիստոնեությունից՝ լոկ մտադրված լինելու պատճառով ու նույնիսկ տանջողներին իմ խոսքն ասելուց առաջ։ Եվ եթե շնորհազուրկ եմ արդեն, ապա ի՞նչ ձևով և ո՞ր արդարությամբ կարող են անդենական աշխարհում պատասխան պահանջել ինձնից, որպես քրիստոնյայից, թե ինչու եմ ուրացել Քրիստոսին, երբ դեռ ուրանալուց առաջ, միայն այդ միտքն ունենալուս համար, զրկված եմ եղել արդեն իմ մկրտությունից։ Եթե այլևս քրիստոնյա չեմ, ուրեմն չեմ էլ կարող ուրանալ Քրիստոսին, որովհետև ուրանալու ոչինչ չեմ ունենա այն ժամանակ։ Անօրեն թաթարից, Գրիգորի Վասիլևիչ, ո՞վ կարող է պատասխան պահանջել թեկուզ և երկնքում, որ նա քրիստոնյա չի ծնվել, և ո՞վ կարող է նրան պատժել դրա համար, եթե նկատի առնենք, որ մի եզից երկու կաշի չեն քերթի։ Եվ եթե մինչև անգամ նույնինքն ամենակալն աստված պատասխան պահանջի թաթարից՝ սրա մեռնելուց հետո, ապա կարծում եմ, որ նվազագույն մի պատիժ կտա (քանի որ չի կարելի անշուշտ բոլորովին անպատիժ թողնել նրան), դատելով, որ մեղադրելի չէ նա, եթե անօրեն ծնողներից է աշխարհ եկել որպես անօրեն։ Տեր աստված չի կարող անշուշտ բռնի վերցնել թաթարին ու ասել, թե նա ևս քրիստոնյա էր։ Այդ պիտի նշանակեր, որ ամենակալ տերն իսկական սուտ է ասել։ Բայց երկնի ու երկրի ամենակալ տերը կարո՞ղ է միթե սուտ խոսել։ Թեկուզ իր որևէ մի խոսքը կարո՞ղ է սուտ լինել, տիա՛ր։

Գրիգորին քարացել էր և աչքերը չռած նայում էր հռետորին։ Թեև լավ չէր հասկանում ասվածը, բայց հանկարծ ամբողջ այդ բանդագուշանքից բան-ինչ հասկացավ և կանգնեց այն մարդու նման, որն անակնկալորեն ճակատը խփում է պատին։ Ֆյոդոր Պավչովիչը մի շնչով դատարկեց ըմպանակը և ի սրտե քրքջաց իր սուր ծիծաղով։

— Ալյո՛շկա, Ալյո՛շկա, տեսա՞ր ինչ փաստաբան է, հը՞։ Ա՛խ, դո՜ւ, կազուի՜ստ։ Կա֊չկա, սա մի տեղ ճիզվիտների հետ է եղել, Իվա՛ն։ Ա՛խ դո՜ւ, գարշահոտ ճիզվիտ, ո՞վ է քեզ սովորեցրել այդ բաները, հա՞։ Բայց թե՝ փչո՜ւմ ես, կազուիստ. փչո՜ւմ, փչում ու փչո՛ւմ ես։ Լաց մի լինի, Գրիգորի, մենք այս նույն րոպեիս ջարդուփշուր կանենք նրան։ Դու իմ ա՜յս հարցին պատասխանիր, Բաղաամի է՛շ. ենթադրենք՝ դու իրավացի ես տանջողների առաջ, բայց չէ՞ որ այնուամենայնիվ ինքդ ես քո մեջ ուրացել քո հավատքը և ինքդ էլ ասում ես, որ այդ նույն ժամին նզովվել ու անիծվել ես. է՜, որ նզովքն իջել է արդեն գլխիդ, դժոխքում հո չեն շոյելու գլուխդ այդ նզովքի համար, չէ՞։ Սրա՞ մասին ինչ է կարծիքդ, ճիզվի՜տ իմ սքանչելի։

— Այո, կասկած չկա, որ ինքս եմ իմ մեջ ուրացել, բայց համենայն դեպս այդ պարագային էլ նմանապես ոչ մի հատուկ մեղք չի եղել, իսկ եթե եղել է մի փոքրիկ մեղք, ապա շատ ու շատ սովորական մի մեղք է դա։

— Ինչպե՞ս թե շա՜տ ու շատ սովորական։

— Ստո՛ւմ ես, ան-ն-նիծյալ արարած, — թշշաց Գրիգորին։

— Ինքներդ դատեցեք, Գրիգորի Վասիլևիչ, — շարունակեց Սմերդյակովը հանդարտ ու լրջմիտ, գիտակցելով իր հաղթանակը, բայց և կարծես մեծահոգություն անելով խորտակված հակառակորդի նկատմամբ, — ինքներդ դատեցեք, Գրիգորի Վասիլևիչ, չէ՞ որ ասված է սուրբ գրոց մեջ, որ եթե նույնիսկ մանանեխի ամենափոքր հատիկի չափ հավատք ունեք և ընդսմին եթե ասեք սույն լեռան, որ սահի֊ընկնի ծովի մեջ, ապա լեռը կսահի առանց դույզն հապաղման՝ ձեր առաջին իսկ հրամանով։ Էհ ուրեմն, Գրիգորի Վասիլևիչ, եթե ես անհավատ եմ, իսկ դուք՝ այնքան հավատացյալ, որ նույնիսկ անընդհատ նախատում եք ինձ, փորձեցեք ինքներդ ասել սույն լեռան, որ սահի-ընկնի ոչ թե ծովի մեջ (որովհետև այնտեղից հեռու է մինչև ծովը), այլ թեկուզ և մեր գարշահոտ գետակի մեջ, ա՜յ մեր այգու ետև հոսող գետակի, և ինքներդ կտեսնեք նույն վայրկյանին, թե ոչինչ չի շարժվի իր տեղից, այլ որքան էլ գոռաք՝ ամեն ինչ կմնա իր նախկին կարգ ու կանոնով։ Իսկ դա նշանակում է, որ դուք էլ չեք հավատում պատշաճ ձևով, Գրիգորի Վասիլևիչ, այլ լոկ ուրիշներին եք ամեն կերպ նախատում այդ կապակցությամբ։ Եվ դարձյալ՝ ի նկատի ունենալով, որ մեր օրերում ոչ ոք, ոչ միայն դուք, այլև բացարձակապես ոչ ոք, նույնիսկ ամենաբարձր դեմքերից սկսյալ մինչև ամենահետին գյուղացին, չի կարող լեռները շպրտել ծովի մեջ, բացի թերևս մի ոմն մարդուց ամբողջ երկրի երեսին, կամ առառավելն երկու մարդուց, և նրանք էլ գուցե եգիպտական անապատի մի որևէ անկյունում թաքնված ճգնում են, այնպես որ անկարելի է նույնիսկ գտնել նրանց, — եթե այդպես է ուրեմն, եթե պարզվում է, որ բոլոր մնացյալներն անհավատ են, ապա միթե կանիծի՞ աստված բոլոր սույն մնացյալներին, այսինքն երկրի ամբողջ բնակչությունը, բացի այն ինչ֊որ երկու ճգնավորներից, և իր այնքան հայտնի ողորմածությամբ չի՞ ների որևէ մեկին։ Արդ ուրեմն ես էլ հույս եմ տածում, որ մի անգամ տարակուսելուց հետո ներումն կստանամ, երբ զղջման արտասուք թափեմ։

— Կա՛ց, — ճչաց Ֆյոդոր Պավլովիչը՝ հրճվանքի գագաթնակետին հասած, — ուրեմն դու համենայն դեպս ենթադրում ես, որ կա՞ գոնե այդպիսի երկու հոգի, որ կարող են լեռներ շարժել։ Իվան, հիշիր այս կետը, գրի առ մոտդ. ահա՛ քեզ ռուս մարդն իր ամբողջ էությամբ։

— Բացարձակապես ճիշտ նկատեցիք, որ դա ժողովրդական բնորոշ գիծ է հավատքի մեջ, — համաձայնվեց Իվան Ֆյոդորովիչը՝ հավանություն տվող ժպիտով։

— Համաձա՜յն ես։ Ուրեմն ճիշտ որ այդպես է, եթե դու էլ ես համաձայնվում։ Ճիշտ է, չէ՞, Ալյոշկա։ Կատարելապես ռուսական է այդպիսի հավատքը, չէ՞։

— Ոչ, Սմերդյակովի հավատքը բոլորովին ռուսական չէ, — լուրջ ու հաստատ ասաց Ալյոշան։

— Ես ոչ թե նրա հավատքն եմ ասում, այլ այդ գիծը, այդ երկու ճգնավորների հարցը, միայն այդ մի փոքրիկ գծի մասին է իմ խոսքը. ռուսակա՛ն է այդ գիծը, չէ՞, ռուսակա՛ն։

— Այո, այդ գիծը կատարելապես ռուսական է, — ժպտաց Ալյոշան։

— Մի կլոր ոսկի արժե քո ասածը, Բաղաամի է՛շ, և այսօր իսկ կուղարկեմ քեզ այդ կլորիկ ոսկին, բայց գալով մյուս ասածներիդ՝ փչում ես համենայն դեպս, փչո՜ւմ ես ու փչում։ Գիտցի՛ր, հիմարի՛ գլուխ, պարզապես թեթևամտության երեսից է, որ այստեղ մենք չենք հավատում բոլորս էլ, որովհետև ժամանակ չունենք, նախ՝ գործերը թափվել են մեր գլխին, իսկ երկրորդ՝ աստված մեզ քիչ ժամանակ է տվել, միայն քսանչորս ժամ է սահմանել օրվա մեջ, այնպես որ մի կուշտ քնելու ժամանակ էլ չի մնում, էլ ո՜ւր մնաց թե ապաշխարելու։ Իսկ դու այդ տանջողների առաջ հավատքդ ես ուրանում, երբ էլ ոչ մի բանի մասին մտածելու կարիք չունես, բացի հավատքից, և երբ հենց պետք է քո հավա՛տքը ցույց տաս։ Իմ կարծիքով, ախպերս, այդպես է ստացվում, չէ՞։

— Ստացվելը՝ ստացվում է, բայց ինքներդ դատեցեք, Գրիգորի Վասիլևիչ, առավել ևս թեթևանում է իմ մեղքը, եթե այդպես է ստացվում։ Այո, եթե այդ պահին ես հավատայի բուն ճշմարտությանը, ինչպես որ պետք է հավատալ, ապա ուրեմն իսկույն մեղք գործած կլինեի, եթե իմ հավատքի համար չկրեի տանջանքները և ընդունեի մահմեդական պիղծ հավատքը։ Բայց չէ՞ որ այդ դեպքում գործը տանջանքներին չէր հասնի, որովհետև բավական կլիներ, որ այդ նույն վայրկյանին ասեի սույն լեռան՝ շարժվի՛ր ու ճզմի՛ր տանջողին, և լեռը կշարժվեր ու նույն վայրկյանին կճզմեր նրան ուտիճի պես, իսկ ես, իբրև թե ոչինչ չի պատահել, կթողնեի ու կգնայի, գովերգելով ու փառաբանելով աստծուն։ Իսկ եթե ես հենց նույն վայրկյանին փորձել եմ այդ բոլորը և նույնիսկ հատկապես գոռացել եմ սույն լեռան՝ ճզմի՛ր այս տանջողներին, բայց նա չի ճզմել, ապա ուրեմն, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս չտարակուսեի այդ ժամանակ, այն էլ մահվան մեծ երկյուղի այդպիսի սարսափելի պահին։ Առանց այդ էլ գիտեմ արդեն, որ լիովին չեմ արժանանալու երկնի արքայության (որովհետև չէ՞ որ լեռը չշարժվեց իմ խոսքով, նշանակում է՝ շատ էլ չեն վստահում այնտեղ իմ հավատքին, և շատ էլ մեծ մի վարձատրություն չի սպասում ինձ անդենական աշխարհում), ուրեմն ինչո՞ւ այլևս թողնեմ, որ մեկ էլ իմ կաշին քերթեն, երբ որևէ օգուտ չեմ ստանալու դրանից։ Որովհետև՝ եթե նույնիսկ մինչև կեսն էլ քերթեին իմ կռնակի կաշին, այդ դեպքում էլ սույն լեռը չէր շարժվի իմ խոսքով կամ իմ աղաղակով։ Եվ այդպիսի րոպեին ոչ թե միայն կասկած կարող է ընկնել մարդու սիրտը, այլև կարելի է նույնիսկ դատողությունը կորցնել վախից, այնպես որ մարդ մտածել անգամ չի կարողանա ամենևին։ Արդ ուրեմն ինչպե՞ս կարող եմ մի հատուկ մեղք գործած լինել, եթե, ոչ մի շահ կամ վարձատրություն չտեսնելով ո՛չ այս, ո՛չ էլ այն աշխարհում, գեթ իմ մորթը փրկեմ այդ պահին։ Ուստի, լիովին ապավինելով աստծո ողորմածության, հույս եմ տածում, որ կատարյալ ներումն կստանամ...


    

VIII։ Կոնյակ խմելով

Վեճն ավարտվեց, բայց, տարօրինակ բան, Ֆյոդոր Պավլովիչը, որն այնքան զվարթ էր, վերջում խոժոռվեց հանկարծ։ Հոնքերը կիտեց ու մի բաժակ կոնյակ կոնծեց։ Եվ այդ բաժակն արդեն բոլորովին ավելորդ էր։

— Դե դո՛ւրս կորեք այստեղից, ճիզվիտնե՛ր, — գռռաց նա ծառաներին։— Չքվի՛ր, Սմերդյակով։ Այսօր կուղարկեմ իմ խոստացած ոսկեդրամը, իսկ հիմա չքվիր։ Մի՛ լացիր, Գրիգորի, գնա Մարֆայի մոտ, կմխիթարի և անկողին կդնի քեզ։ Սրիկանե՜ր, չեն թողնում, որ մարդ ճաշից հետո լուռ ու հանգիստ նստի, — պոռթկաց հանկարծ վրդովմունքով, երբ ծառաներն անմիջապես հեռացան իր հրամանի վրա։— Հիմա Սմերդյակովն ամեն անգամ ճաշից հետո քիթը խցկում է այստեղ։ Դո՛ւ ես նրա հետաքրքրությունը շարժել այդքան, ինչո՞վ ես այդպես հրապուրել, — ավելացրեց նա, դառնալով Իվանին։

— Բացարձակապես ոչ մի բանով, — պատասխանեց Իվանը։— Խելքին փչել է հարգել ինձ։ Քծնողի ու գռեհիկի մեկն է։ Եվ սակայն առաջին գծի թնդանոթային միս՝ երբ ժամանակը հասնի։

— Առաջին գծի՞։

— Լինելու են ուրիշներ և ավելի լավերը, բայց լինելու են նաև այսպիսիներ։ Նախ այսպիսիներն են լինելու, իսկ սրանցից հետո՝ ավելի լավերը։

— Իսկ ե՞րբ է հասնելու ժամանակը։

— Հրթիռը կսկսի վառվել, բայց գուցե և մխա ու հանգչի։ Ժողովուրդն առայժմ շատ էլ չի սիրում լսել այս ապուր եփողներին։

— Ա՜յ սիրելիս, հենց այն է, որ այսպիսի Բաղաամի էշը մտածում է, մտածում, և սատանան գիտե, թե ինչ բաների է հանգում իր այդ ուղեղում։

— Մտքեր է կուտակում, — ժպտաց Իվանը։

— Գիտե՞ս ինչ, ա՜յ ես վստահ եմ, որ նա ինձ էլ չի կարող հանդուրժել, ինչպես որ ոչ ոքի չի հանդուրժում, և քե՛զ էլ նմանապես, թեև դու կարծում ես, թե «խելքին փչել է հարգել» քեզ։ Իսկ Ալյոշկային՝ ավելի ևս, արհամարհում է Ալյոշկային։ Սակայն գողություն չի անի, ահա՛ խնդիրը. բամբասող չէ, լեզուն իրեն է պահում, տան գաղտնիքները դուրս չի տալիս, փառավոր է թխում ձկով կարկանդակը, բայց այդ բոլորով հանդերձ՝ գրո՜ղը տանի նրան, ճիշտն ասած, արժե՞ խոսել նրա մասին։

— Իհարկե չարժե։

— Իսկ գալով այն հարցին, թե ինչեր է մտմտում նա իր այդ խելապատիկում, պետք է ընդհանրապես դնգսել ռուս մուժիկին։ Ես միշտ էլ պնդել եմ այդ բանը։ Մեր մուժիկը խարդախ է, չարժե նրան խղճալ, և դեռ լավ է, որ հիմա էլ մեկ֊մեկ ճիպոտո՜վ ծեծում են նրան։ Ռուսաց երկրի ամրությունն են ցարասու անտառները։ Եթե անտառները ոչնչացնեն, կկործանվի ռուսաց երկիրը։ Ես խելացի մարդկանց կողմն եմ։ Դադարեցինք մուժիկներին ծեծելուց, որովհետև խելքներս շատացել էր, բայց նրանք շարունակում են՝ իրենք իրենց ծեծել։ Եվ լավ են անում։ «Որով չափով չափէք, չափեսցի ձեզ», կամ ինչպե՞ս է ասված... Մի խոսքով՝ չափեսցի։ Իսկ Ռուսաստանը խոզություն է։ Սիրելիս, եթե իմանայի՜ր, թե ինչպես եմ ատում Ռուսաստանը... այսինքն ոչ թե Ռուսաստանը, այլ բոլոր այս արատները... բայց գուցե և Ռուսաստանը։ Tout cela c’est de la cochonnerie {Այդ ամբողջը խոզություն է (ֆրանս.) }։ Գիտե՞ս ինչ եմ սիրում։ Սրամտություն եմ սիրում։

— Նորից մի բաժակ խմեցիք։ Բավական է արդեն։

— Սպասի՜ր, դեռ մի բաժակ էլ, հետո է՛լի մի բաժակ, և վերջ։ Չէ՜, կա՛ց, կա՛ց, խոսքս կտրեցիր։ Անցնում էի Մոկրոեով, հարցրի մի ծերուկի, նա էլ թե՝ «Մենք, ասում է, ամենից շատ սիրում ենք, որ աղջիկներին ծեծի դատապարտենք, և ծեծելու գործն էլ միշտ թողնում ենք տղաներին։ Հետո էլ, էսօրվա ծեծած աղջկանը էգուց տղան կին է առնում, էնպես որ, մեզ մոտ, ասում է, էդ բանը հենց աղջիկներին է դուր գալիս» ։ Ա՜յ թե մարկիզ դը Սադներ են, չէ՞։ Բայց ինչ ուզում եք ասեք, սրամիտ բան է։ Մե՜նք էլ գնայինք ու մի աչք գցեինք, հե՞։ Ալյոշկա, կարմրեցի՞ր։ Մի՛ ամաչիր, բալիկս։ Ափսո՜ս, որ ցերեկը ճաշի չնստեցի վանահոր մոտ և Մոկրոեի աղջիկներրի մասին չպատմեցի վանականներին։ Ալյոշկա, մի՛ նեղանա, որ այս առավոտ սաստիկ վիրավորեցի քո վանահորը։ Ջղայնությունս է գալիս, ախպե՛ր։ Եթե աստված կա, գոյություն ունի, դե՜հ, այդ դեպքում ես մեղավոր եմ անշուշտ և պատասխան պետք է տամ, բայց եթե բոլորովին չկա աստված, է՜, իմ արածը դեռ ի՞նչ է որ, պետք է մի լա՛վ դաս տալ նրանց, այդ քո հայրերին։ Ախր այդ դեպքում նրանց գլուխը կտրելն էլ քիչ է, որովհետև զարգացումն են կասեցնում նրանք։ Հավատո՞ւմ ես, Իվան, որ դա իմ զգացմունքներն է մորմոքում։ Ոչ, չես հավատում, աչքերիցդ եմ տեսնում, որ չես հավատում։ Դու հավատում ես մարդկանց ասածին, թե ես հենց խեղկատակ եմ միայն։ Ալյոշա, հավատո՞ւմ ես, որ ես միայն խեղկատակ չեմ։

— Հավատում եմ, որ միայն խեղկատակ չեք։

— Եվ ես էլ հավատում եմ, որ դու իրոք հավատում ես և անկեղծ ես խոսում։ Անկեղծ ես նայում և անկեղծ ես խոսում։ Իսկ Իվանը՝ ոչ։ Իվանը մեծամիտ է... Բայց համենայն դեպս ես վերջ կտայի քո այդ վանք ասածին։ Այդ ամբողջ միստիկայի գլխից կբռնեի և մի թափով արմատախիլ կանեի համայն ռուս հողից, որպեսզի վերջնականապես խելքի բերեի բոլոր հիմարներին։ Եվ որքա՜ն արծաթ, որքա՜ն ոսկի կմտներ փողերանոցը։

— Բայց ինչո՞ւ արմատախիլ անել, — ասաց Իվանը։

— Որ ավելի շուտ փայլի ճշմարտությունը, ահա թե ինչու։

— Լա՜վ, բայց եթե փայլի այդ ճշմարտությունը, ամենից առաջ ձե՛զ կկողոպտեն և հետո... արմատախիլ կանեն ձեզ։

— Բահո՜։ Գուցե իրոք, ճիշտ ես ասում, ճի՜շտ։ Վա՜յ, ի՛նչ էշի մեկն եմ ես, — վեր թռավ հանկարծ Ֆյոդոր Պավլովիչը, մի թեթև խփելով իր ճակատին։— Լավ ուրեմն, թող կանգուն մնա քո վանքը, Ալյոշկա, եթե այդպես է։ Իսկ մենք, խելացի մարդիկս, տաքուկ կնստենք ու մեր կոնյակը կվայելենք։ Գիտե՞ս, Իվան, հավանաբար, անկասկած, աստված ինքն է դիտմամբ այսպես կարգադրել։ Իվա՛ն, ասա՛ ինձ. աստված կա՞ թե չկա։ Սպասի՛ր. հաստատ ասա, լուրջ ասա։ Ի՞նչ ես նորից ծիծաղում։

— Ծիծաղս է գալիս, որ քիչ առաջ ինքներդ սրամտորեն նկատեցիք Սմերդյակովի հավատքն այն երկու ճգնավորների վերաբերյալ, որոնք կարող են լեռներ շարժել։

— Ինչ է, հիմա ես էլ նրա նմա՞ն եմ խոսում։

— Շատ նման։

— Է՜հ, ես էլ ուրեմն ռուս մարդ եմ, ես էլ ունեմ ռուսական այդ բնորոշ գիծը։ Դու փիլիսոփա ես, բայց կարելի է քո մեջ էլ այդ տեսակ մի գիծ բռնել։ Ուզում ես՝ բռնեմ, հա՞։ Գրազ գանք, որ վաղն ևեթ կբռնեմ։ Բայց ասա՛ այնուամենայնիվ՝ աստված կա՞ թե չկա։ Միայն թե լո՜ւրջ ասա։ Հիմա ինձ լուրջ պատասխան է պետք։

— Ոչ, չկա աստված։

— Ալյո՛շկա, աստված կա՞։

— Կա աստված։

— Իվա՛ն, իսկ անմահություն կա՛, դե մի որևէ տեսակի, ա՜յ թեկուզ մի փոքրիկ, մի պստլի՜կ անմահություն։

— Անմահություն էլ չկա։

— Ո՞չ մի։

— Ոչ մի։

— Այսինքն ամենակատարյալ զրո՞, թե մի որևէ բան։ Գուցե որևէ մի բան կա՞։ Բացարձակ ոչնչություն չէ համենայն դեպս։

— Կատարյալ զրո։

— Ալյո՛շկա, կա՞ անմահություն։

— Կա։

— Իսկ աստված և անմահությո՞ւն։

— Թե՛ աստված, թե՛ անմահություն։ Աստուծո մեջ է անմահությունը։

— Հը՜մ։ Ավելի հավանական է, որ Իվանն է ճիշտ։ Տե՜ր աստված, եթե մի րոպե մտածենք, թե մարդը որքա՜ն հավատք է նվիրել, որքա՜ն ամեն տեսակի ուժեր է վատնել այդ երազի համար, այն էլ քանի՞ հազար տարի է արդեն, և իզո՜ւր։ Բայց ո՞վ է այդպես ծիծաղում մարդու վրա։ Իվա՜ն։ Վերջին անգամ ասա և վճռականորեն. աստված կա՞ թե չկա։ Վերջի՛ն անգամ եմ հարցնում։

— Վերջին անգամ էլ՝ չկա՛։

— Իսկ ո՞վ է ծիծաղում մարդկանց վրա, Իվա՛ն։

— Սատանան թերևս, — ժպտաց Իվան Ֆյոդորովիչը։

— Իսկ սատանան կա՞։

— Ոչ, սատանան էլ չկա։

— Ափսո՜ս։ Սատանա՜ն տանի, այս բոլորից հետո՝ ի՜նչ ասես չէի անի այն մարդուն, որ առաջինը հնարեց աստծուն։ Հուդայի ծառից կախելն էլ քիչ է նրան։

— Քաղաքակրթությունը բնավ չէր չինի, եթե չհնարեին աստծուն։

— Չէր լինի՞։ Ինչ է, առանց աստծո՞ւ չէր լինի։

— Այո։ Եվ կոնյակ էլ չէր լինի։ Բայց պետք է համենայն դեպս կոնյակը վերցնել ձեր առաջից։

— Սպասի՛ր, սիրելիս, սպասի՛ր, սպասի՜ր, մի բաժակ էլ։ Ես վիրավորեցի Ալյոշկային։ Չե՞ս բարկանում, Ալեքսեյ։ Իմ անուշի՜կ, իմ պստլի՜կ Ալեքսեյս։

— Ոչ չեմ բարկանում։ Ես գիտեմ ձեր մտքերը։ Ձեր սիրտն ավելի լավ է, քան գլուխը։

— Ի՞մ սիրտն ավելի լավ է, քան գլուխը։ Տե՜ր աստված, այն էլ ո՜վ է ասում։ Իվա՛ն, սիրո՞ւմ ես Ալյոշկային։

— Սիրում եմ։

— Սիրի՜ր։ (Ֆյոդոր Պավլովիչը սաստիկ հարբել էր արդեն) ։— Լսիր, Ալյոշա, այս առավոտ կոպտություն արեցի քո սրբահորը։ Բայց հուզված էի։ Իսկ այդ սրբահայրը սրամտություն ունեցող մարդ է, չէ՞, ի՞նչ ես կարծում, Իվան։

— Կարծես թե ունի, այո։

— Ունի, ունի, il y a du Piron la-dedans {Պիրոնի նման մի բան կա նրա մեջ (ֆրանս.) }։ Ճիզվիտ է, այսինքն ռուս ճիզվիտ։ Նրա մեջ, որպես ազնիվ արարածի, թաքուն զայրույթն է եռում, որովհետև ստիպված է ձևացնել... սրբության դիմակ հագնել։

— Բայց չէ՞ որ նա հավատո՛ւմ է աստծուն։

— Մազաչափ անգամ չի հավատում։ Ինչ է, չգիտեի՞ր։ Բայց նա ի՜նքն է ասում բոլորին, այսինքն ոչ թե ամեն մեկին, այլ իր մոտ եկող բոլոր մարդկանց։ Նահանգապետ Շուլցին ուղղակի ասել է՝ կարճ ու կտրուկ, «Credo {հավատում եմ (լատ.) }, բայց թե ինչ բանի՝ չգիտեմ» ։

— Մի՞թե։

— Հենց այդպես։ Բայց հարգում եմ նրան։ Մեֆիստոֆելյան մի բան կա նրա մեջ կամ էլ, ավելի ճիշտ, «Մեր ժամանակի հերոսը» հիշեցնող մի բան... Արբե՞նին էր, թե ինչ էր անունը... այսինքն, գիտե՞ս ինչ, նա հեշտասեր է։ Այնքան հեշտասեր է, որ ես հիմա էլ կվախենայի, եթե իմ աղջիկը կամ կինը նրա մոտ խոստովանելու գնար։ Գիտե՞ս, հենց որ սկսում է անցած-դարձածից պատմե՜լ... Նախանցյալ տարի մեզ հրավիրեց թեյի՝ այն էլ լիկյորո՜վ (մեծ տիկինները նրան լիկյոր են ուղարկում), և մեկ էլ որ չսկսե՜ց հին օրերը ծաղկեցնել, վա՜յ, ուղղակի փորերս էինք բռնում... հատկապես՝ թե ինչպես է բուժել մի անդամալույծ կնոջ։ «Եթե ոտքերս չցավեին, ասել է, ես ձեզ համար մի հատուկ պար կպարեի» ։ Հե-Հե՜, ո՞նց է, հը՞։ «Ես իմ օրում, ասում է, ինչե՜ր ասես չեմ արել» ։ Վաթսուն հազար է թռցրել վաճառական Դեմիդովից։

— Ինչպե՜ս թե, գողացե՞լ է։

— Դեմիդովը բերել, նրան է տվել՝ իբրև լավ մարդու։ Ասել է «պահիր եղբայր իմ, վաղն ինձ մոտ խուզարկության են գալու» ։ Նա էլ պահե՜լ է։ «Չէ՞ որ դու, ասում է, եկեղեցուն նվիրաբերեցիր» ։ Ես էլ նրան ասացի՝ սրիկա ես դու, ա՛յ այդպես ասացի։ Չէ, ասում է, սրիկա չեմ, լայնամիտ եմ... Բայց չէ՜, նա չէր... Ուրիշն էր։ Ուրիշ մեկի հետ շփոթեցի նրան... և չեմ նկատում, որ շփոթել եմ։ Դե լավ, մի բաժակ էլ, և բավական է։ Վերցրու շիշը, Իվան։ Ես սուտ էի խոսում, ինչո՞ւ չկանգնեցրիր ինձ, Իվան... ինչո՞ւ չասացիր, որ սուտ եմ խոսում։

— Գիտեի, որ ինքներդ կանգ կառնեք։

— Սուտ ես ասում։ Չարությամբ ես լցված իմ դեմ, և միայն այդ չարությունից է, որ չկանգնեցրիր։ Դու արհամարհում ես ինձ։ Եկար մոտս և հենց իմ տանը արհամարհում ես ինձ։

— Դե լավ, կթողնեմ կգնամ։ Կոնյակն արդեն տաքացրել է ձեր գլուխը։

— Ի սեր Քրիստոսի խնդրեցի, որ Չերմաշնյա գնաս... մեկ կամ երկու օրով, իսկ դու չես գնում։

— Վաղը կգնամ, եթե այդքան պնդում եք։

— Չես գնա։ Ուզում ես մնալ այստեղ և աչքդ վրաս պահել։ Ահա՛ քո ուզածը, չարսիրտ տղա, հենց դրա համար էլ չես գնում, հա՞։

Ծերուկը շարունակում էր բորբոքվել։ Հասել էր գինովության այն աստիճանին, ուր որոշ հարբեցողներ, մինչ այդ հանգիստ մնալուց հետո, հանկարծ ուզում են կռվի բռնվել անպայման և ցույց տալ իրենց։

— Ի՞նչ ես նայում ինձ։ Այդ ի՞նչ աչքեր են։ Աչքերդ նայում են ինձ ու ասում. «Հարբած ռե՛խ» ։ Կասկածելի են քո աչքերը, քամահրող են քո աչքերը... Դու ինչ-որ հաշիվներով ես եկել։ Տե՛ս, Ալյոշկան նայում է և փայլում են աչքերը։ Չի արհամարհում ինձ Ալյոշան։ Ալեքսե՛յ, մի՛ սիրիր Իվանին...

— Մի՛ բարկանաք եղբորս վրա։ Վերջ տվեք այդ վիրավորական խոսքերին, — ասաց հանկարծ Ալյոշան հաստատ շեշտով։

— Դե լավ, քո ուզածը լինի։ Ո՜ւֆ, գլուխս է ցավում։ Վերցրու կոնյակը, Իվա՛ն, երրորդ անգամն եմ ասում։— Նա մտածեց մի պահ և հանկարծ դանդաղ, խորամանկ ժպտաց։— Մի՛ բարկանա ուժից ընկած պառավի վրա, Իվա՛ն։ Գիտեմ, որ ինձ չես սիրում, բայց համենայն դեպս մի՛ բարկանա։ Պատճառ էլ չունես ինձ սիրելու։ Գնա Չերմաշնյա, ինքս կգամ քեզ մոտ, նվեր կբերեմ։ Քեզ մի աղջնակ ցույց կտամ այնտեղ, վաղուց է աչքիս ընկել։ Առայժմ դեռ բոբիկ է ման գալիս։ Մի՛ վախենա բոբիկներից, մի՛ արհամարհիր. մարգարիտնե՜ր են նրանք...

Եվ նա չպպացնելով համբուրեց իր մատները։

— Ինձ համար, — աշխուժացավ նա հանկարծ, ասես վայրկենաբար սթափվելով, երբ խոսքը հասավ իր սիրած նյութին, — ինձ համար... է՜հ, ինչ ասեմ ձեզ, տղերք։ Երեխանե՜ր եք, պստլիկ խոճկորներ։ Ինձ համար... ոչ մի կին տգեղ չի եղել իմ ամբողջ կյանքում, ահա՛ իմ սկզբունքը։ Կարո՞ղ եք հասկանալ այս բանը։ Բայց որտեղի՜ց հասկանաք։ Ձեր երակներում դեռ կաթ է հոսում արյան տեղ, ձվից դուրս չե՜ք եկել։ Իմ սկզբունքով, ամեն մի կնոջ մեջ կարելի է չափազա՜նց, գրո՛ղը տանի, չափազանց հետաքրքրական բան գտնել, մի բան, որ ոչ մի ուրիշ կնոջ մեջ չես գտնի։ Միայն թե՝ պետք է կարողանաս գտնել, ա՜յ թե ինչն է խնդիրը։ Դա տաղանդ է։ Ինձ համար մովեզուհիներ {Մովեզուհի — ֆրանս. mauvaise բառից, նշանակում է՝ գեշ, տգեղ} չկան. հենց միայն այն, որ կին է առաջդ, այդ մի փաստն արդեն գործի կեսն է... բայց դուք որտեղի՜ց կարող եք այդ հասկանալ։ Երբեմն նույնիսկ վիեյֆիյների {վիեյֆեյ — ֆրանց. vieille fille-պառաված օրիորդ} մեջ այնպիսի մի բան ես գտնում, որ ուղղակի զարմանում ես՝ ինչպե՜ս այլևայլ հիմարներ թողել ենք որ աղջիկը պառավի, չեն նկատել նրան մինչև հիմա։ Բոբիկ աղջկանն ու մովեզուհուն պետք է նախ և առաջ զարմացնել. ահա՛ նրան ձեռք գցելու ձևը։ Ինչ է, չգիտեի՞ր։ Պետք է այնպես զարմացնել, որ նա սքանչանա, տակնուվրա լինի, ամաչի, որ այսպիսի տղան սիրահարվել է իր նման փնթի մի աղջկա։ Իսկապես հոյակապ բան է, որ աշխարհում միշտ էլ կան ու կլինեն ռամիկներ ու աղաներ, ուրեմն միշտ էլ կլինի հատակ սրբող մի աղախին ու կլինի նրա տերը, և ճիշտն ասած՝ հենց դա՛ է պետք կյանքի երջանկության համար։ Սպասիր մի րոպե... լսի՛ր, Ալյոշկա, ես միշտ զարմացնում էի քո հանգուցյալ մորը, միայն թե ուրիշ տեսակ։ Երբեք չէի փայփայում նրան, բայց մեկ էլ հանկարծ, երբ գալիս էր րոպեն, ուղղակի փուլ էի գալիս նրա աոաջ, սողում էի ծնկների վրա, ոտքերն էի համբուրում և միշտ էլ, միշտ էլ, — ա՛յ, այսօրվա նման հիշում եմ, — նրան հասցնում էի այն վիճակին, որ սկսում էր մանր֊մանր ծիծաղել այնպես, իր այն փշրվող, զնգուն, մեղմաձայն, ջղային, բացառիկ քրքիջով։ Միայն նրան էր հատուկ այդ ծիծաղը։ Գիտեի, որ նրա հիվանդության նոպան միշտ այդպես էր գալիս, գիտեի, որ վաղն ևեթ կսկսի դիվահարի նման ճչալ, և որ մանր֊մանր ծիծաղելը ոչ մի հրճվանքի նշան չէ այդ րոպեին, բայց դե խաբկանք էլ լինի թեկուզ՝ էլի՛ հրճվանք է։ Ա՜յ թե ինչ է նշանակում ամեն մեկի մեջ մի յուրահատուկ բան գտնել։ Մի անգամ Բելյավսկին, — այստեղ մի այդպիսի սիրունիկ ու հարուստ երիտասարդ կար, մորդ շուրջն էր պտտվում և շուտ-շուտ գալիս էր մեր տուն, — հանկարծ ուրեմն նա, իմ սեփական տանը, մի ապտա՜կ տվեց ինձ մորդ ներկայությամբ։ Եվ մայրդ, այդպիսի հե՜զ ոչխարը... ի՜նչ ես ասում, կարծեցի, որ չարդուփշուր է անելու ինձ այդ ապտակի համար, այնպե՜ս հարձակվեց վրաս. «Հիմա դու ծեծ կերած մարդ ես, ծեծ կերած, — ասաց նա։— Ապտա՜կ կերար նրանից։ Դու, — ասաց, — ինձ ծախում էիր նրան... Ինչպե՞ս հանդգնեց խփել քեզ իմ աչքի առաջ։ Էլ չհամարձակվե՞ս մոտենալ ինձ։ երբե՜ք, երբե՛ք։ Վազի՛ր, իսկույնևեթ, մենամարտի կանչիր նրան...» ։ Դե ես այն ժամանակ նրան վանք տարա հանգստացնելու համար, սուրբ հայրերը գլխին աղոթք կարդացին ու խելքի բերին։ Բայց ահա աստված վկա է, Ալյոշա, երբեք չեմ վիրավորել իմ խեղճ դիվահարին։ Գուցե միայն մեկ անգամ, այն էլ առաջին տարին. շա՜տ էր աղոթում այն ժամանակ, հատկապես ջերմեռանդորեն կատարում էր աստվածածնի տոնը և այդ օրերին ինձ դուրս էր անում իր սենյակից։ Մտքումս ասացի՝ արի՛ սրա գլխից դուրս քշեմ այդ միստիկան։ «Տեսնո՞ւմ ես, — ասացի, — տեսնո՞ւմ ես, ահա քո սրբապատկերը, ահա տե՛ս, հանում եմ տեղից։ Ա՜յ նայիր հիմա, դու հրաշագործ ես համարում սրան, իսկ ես այս րոպեիս կթքե՛մ սրա վրա, քո աչքի առաջ, և ինձ ոչի՛նչ չի լինի...» ։ Երբ տեսավ իմ արածը, տե՛ր աստված, ինձ թվաց, թե հի՛մա կսպանի ինձ, բայց նա պարզապես տեղից վեր թռավ, ձեռքերն իրար զարկեց, հետո հանկարծ ձեռքերով ծածկեց դեմքը, ամբողջ մարմնով ցնցվեց և ընկավ հատակին... հենց ուղղակի փուլ եկավ... Ալյո՛շա, Ալյո՜շա։ Ի՞նչ պատահեց քեզ, ի՜նչ պատահեց։

Ծերունին վախեցած վեր ցատկեց։ Ալյոշան աստիճանաբար այլայլվում էր այն րոպեից, երբ ծերունին սկսեց խոսել նրա մոր մասին։ Կարմրեց նա, աչքերը փայլեցին, շրթունքները դողացին... հարբած ծերուկը լորձունքն էր շաղ տալիս և ոչինչ չէր նկատում մինչև այն վայրկյանը, երբ հանկարծ մի շատ տարօրինակ բան պատահեց Ալյոշային. նույնությամբ կրկնվեց այն, ինչ հենց նույն րոպեին հայրը պատմում էր «դիվահարի» մասին։ Ալյոշան ընդոստ վեր թռավ աթոռից, ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես իր մայրն էր արել ըստ հոր պատմածի, ձեռքերը զարկեց իրար, հետո ծածկեց դեմքը, ուղղակի փուլ եկավ աթոռի վրա և ամբողջ մարմնով սկսեց ցնցվել՝ անակնկալ, մոլեգին և լուռ լացի հիստերիկ նոպայով բռնված։ Ծերունուն հատկապես ապշեցրեց այդ արտակարգ նմանությունը մոր և որդու միջև։

— Իվա՜ն, Իվա՜ն, ջուր բեր, շո՜ւտ։ Նրա նման եղավ, մոր նման, ճիշտ ու ճիշտ, ինչպես մայրը այն ժամանակ։ Բերնիցդ ջուր ցանիր վրան, ես այդպես էի անում մորը։ Իր մոր համար հուզվեց, իր մոր համար...— մրթմրթում էր նա Իվանին։

— Բայց ի՛մ մայրն էլ, կարծեմ, նրա մայրն է եղել, հը՞, ի՞նչ եք կարծում, — պոռթկաց հանկարծ Իվանն անդիմադրելիորեն զայրալից արհամարհանքով։ Ծերունին սարսռաց նրա փայլատակող հայացքից։ Բայց այդ պահին խիստ տարօրինակ մի բան էր պատահել, թեև, ճիշտ է, մի վայրկյան տևեց այդ. կարծես թե իսկապես ծերունու մտքից թռել էր այն իրողությունը, թե Ալյոշայի մայրը նաև Իվանի մայրն էր...

— Ինչպե՞ս թե քո մայրը, — մրթմրթաց նա, չհասկանալով։— Ի՞նչ ես ուզում ասել։ Այդ ո՞ր մայրն է քո ասածը... Բայց մի՞թե նրա մայրը... Վա՜յ, գրո՛ղը տանի։ Քո՜ մայրն էլ է, այո, քո՜ մայրը։ Թյո՛ւ, գրողը տանի։ Է՜, այսպիսի ցնորում երբեք չէր եղել, սիրելիս, ներիր։ Իսկ ես կարծում էի, Իվան... Հե՛֊հե՛֊հե՜։— Նա կանգ առավ։ Դեմքը լայնացավ հարբածի դանդաղ, կիսովին անիմաստ քմծիծաղով։ Եվ ահա այդ նույն վայրկյանին հանկարծ սարսափելի աղմուկ ու դղրդյուն բարձրացավ նախասենյակում, կատաղի գոռգոռոցներ լսվեցին, դուռը շռնդյունով բացվեց, և ներս խուժեց Դմիտրի Ֆյոդորովիչը։ Ծերունին, սարսափած, վազեց Իվանի մոտ։

— Կսպանի՜ ինձ, կսպանի՛։ Մի՛ թողնիր ինձ, մի՛ թողնիր, — ճչում էր նա, ամուր բռնելով Իվան Ֆյոդորովիչի բաճկոնի քղանցքը։


    

IX։ Հեշտամոլներ

Դմիտրի Ֆյոդորովիչի ետևից իսկույն ներս վազեցին նաև Գրիգորին ու Սմերդյակովը։ Նրանք էին նախասենյակում դիմադրում Դմիտրիին, ներս չէին թողնում նրան, կատարելով այն հրահանգը, որ հենց Ֆյոդոր Պավլովիչն էր տվել մի քանի օր առաջ։ Օգտվելով այն հանգամանքից, որ Դմիտրին, ներխուժելուց հետո, մի պահ կանգ առավ շուրջը նայելու համար, Գրիգորին վազելով շրջանցեց սեղանը, փակեց երկու փեղկերը հանդիպակաց դռան, որ տանում էր դեպի ներքին սենյակները, և կանգնեց փակ դռան առաջ, թևերը խաչաձև տարածելով և պատրաստվելով, այսպես ասած, մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանելու մուտքը։ Տեսնելով այդ, Դմիտրին ոչ թե գոռաց, այլ մի տեսակ սուր ոռնոց արձակեց ու նետվեց Գրիգորիի վրա։

— Ուրեմն այնտե՜ղ է։ Այնտե՜ղ եք պահել նրան։ Դե՜ն, սրիկա՛։— Նա հենց ուզում էր մի կողմ շպրտել Գրիգորիին, բայց ծերունին ետ մղեց նրան։ Կատաղությունից կորցնելով իրեն, Դմիտրին ձեռքը տարավ֊բերեց ու ամբողջ ուժով խփեց Գրիգորիին։ Ծերունին փուլ եկավ պարկի նման, իսկ Դմիտրին, ցատկելով նրա վրայից, դուռը հրեց ու ներս վազեց։ Սմերդյակովը մնում էր հյուրասրահի մյուս ծայրը, սփրթնած ու դողահար, կիպ կպած Ֆյոդոր Պավլովիչին։

— Այստե՜ղ է նա, — գոռում էր Դմիտրին, — ինքս տեսա, հենց հիմա շուռ եկավ դեպի այս տունը, բայց չհասա ետևից։ Ո՞ւր է նա։ Ո՞ւր է։

Անիմանալի տպավորություն գործեց Ֆյոդոր Պավլովիչի վրա այդ աղաղակը՝ «Այստե՜ղ է նա» ։ Նրա ամբողջ սարսափը հօդս ցնդեց։

— Բռնե՛ք, բռնեցե՜ք նրան, — բղավեց ու սլացավ Դմիտրիի ետևից։ Մինչ այդ՝ Գրիգորին բարձրացել էր հատակից, բայց դեռ շշմածի պես էր։ Իվանն ու Ալյոշան վազեցին, որ հասնեն իրենց հորը։ Երրորդ սենյակից լսվեց, թե ինչպես հանկարծ մի բան ընկավ հատակին ու ջարդվեց զրնգալով. մարմարյա պատվանդանի վրա դրված ապակյա խոշոր մի անոթ էր (ոչ թանկարժեք), որին դիպել էր Դմիտրի Ֆյոդորովիչը, երբ վազելով անցնում էր մոտից։

— Հո՜շտ, հա՛փ նրան, — բղավեց ծերունին։— Օգնությո՜ւն։

Իվանն ու Ալյոշան հասան ծերունուն և բռնի վերադարձրին նրան հյուրասրահ։

— Ի՜նչ եք վազում նրա ետևից։ Կսպանի, իրոք կսպանի ձեզ տեղն ու տեղը, — զայրացած գոռաց Իվանը հոր վրա։

— Վա՜նեչկա, Լյո՜շեչկա, ուրեմն այստեղ է, այստե՜ղ է Գրուշենկան, ասում է՝ ինքն է տեսել, տեսել է նրա վազելը...

Նրա շունչը կտրվում էր։ Այս անգամ չէր սպասում Գրուշենկային և այդ անակնկալ լուրը, թե նա այստեղ է, միանգամից խելահան արեց ծերունուն։ Ամբողջ մարմնով դողում էր նա, ասես խելագարվել էր։

— Բայց ախր ինքներդ տեսաք, որ նա չեկա՜վ, — գոռում էր Իվանը։

— Գուցե մյո՞ւս դռնից, մյո՜ւս։

— Ախր փակ է մյուս դուռը, փակ, բանալին էլ ձեզ մոտ է...

Դմիտրին հանկարծ նորից երևաց հյուրասրահում։ Անշուշտ փակ էր գտել մյուս դուռը, և իրոք որ այդ փակ դռան բանալին Ֆյոդոր Պավլովիչի գրպանումն էր։ Բոլոր սենյակների բոլոր լուսամուտները նույնպես փակ էին, ուստի Գրուշենկան ոչ մի տեղից չէր կարող ներս մտնել և ոչ մի տեղից չէր կարող դուրս փախչել։

— Բռնեցե՛ք նրան, — ճչաց Ֆյոդոր Պավլովիչը, հենց որ նորից տեսավ Դմիտրիին, — փողե՜րս գողացավ իմ ննջասենյակում։— Եվ, ճողոպրելով Իվանի ձեռքերից, կրկին նետվեց Դմիտրիի վրա։ Բայց Դմիտրին թափով բարձրացրեց ձեռքերը և հանկարծ ծերունուն բռնեց՝ քունքերին մնացած մազի վերջին փնջերից, ցնցեց նրան ու շրմփացրեց հատակին։ Հասցրեց նաև երկու կամ երեք անգամ կրունկով հարվածել նրա դեմքին։ Ծերունին սրտաճմլիկ մի տնքոց արձակեց։ Իվանը թեև Դմիտրիի չափ ուժեղ չէր, բայց գրկեց նրան թիկունքից և ամբողջ ուժով ետ քաշեց։ Ալյոշան էլ օգնեց նրան իր նվազ ուժերով, առջևից գրկելով Դմիտրիին։

— Խե՜նթ, սպանեցի՜ր նրան, — գոռաց Իվանը։

— Տե՛ղն է նրան, — բացականչեց Դմիտրին շնչասպառ։ — Իսկ եթե չեմ սպանել, նորից կգամ և կսպանե՛մ։ Չե՜ք կարող պաշտպանել։

— Դմիտրի՛։ Հենց անմիջապես դո՛ւրս կորիր այստեղից, — հրամայականորեն գոռաց Ալյոշան։

— Ալեքսե՛յ։ Դո՛ւ ասա ինձ, միայն քեզ եմ հավատում. այստե՞ղ էր հիմա Գրուշենկան, թե ոչ։ Ինքս տեսա նրան քիչ առաջ, տեսա, թե ինչպես կողմնակի փողոցից այս կողմը սպրդեց՝ ճյուղորմի տակով։ Գոռացի, փախավ...

— Երդվում եմ, նա չի եղել այստեղ, և ոչ ոք այստեղ չէր սպասում նրան, ամենևի՛ն։

— Բայց ես տեսա նրան... Ուրեմն նա... Հի՛մա կիմանամ, թե որտեղ է... Ցտեսություն, Ալեքսե՛յ։ Եզոպոսին ոչ մի խոսք հիմա փողի մասին, իսկ Կատերինա Իվանովնային իսկույնևեթ գնա և անպայման ասա. «Ողջույններն է հղում, ողջույննե՜րն է հղում, ողջույննե՜րը։ Հենց ողջույններն ու հրաժե՛շտը» ։ Նկարագրիր այս տեսարանը։

Այդ միջոցին Իվանն ու Գրիգորին բարձրացրել էին ծերունուն և նստեցրել բազկաթոռի մեջ։ Դեմքն արյունոտված էր, բայց չէր կորցրել գիտակցությունը և ագահորեն լսում էր Դմիտրիի գոռգոռոցը։ Դեռ նրան թվում էր, թե Գրուշենկան իրոք տան մեջ է՝ մի որևէ անկյունում։ Դմիտրին, գնալով դեպի դուռը, ատելությամբ նայեց նրան։

— Չե՛մ զղջում, որ քո արյունն եմ թափել, — գոչեց նա, — զգուշացի՛ր, բիձուկ, քե՛զ պահիր քո երազը, որովհետև ե՛ս էլ իմ երազն ունեմ։ Ինքս եմ անիծում քեզ և բացարձակապես հրաժարվում եմ քեզնից...

Եվ նա սենյակից դուրս վազեց։

— Այստեղ է Գրուշենկան, այստե՜ղ է, վստահ եմ։ Սմերդյակո՛վ, Սմերդյակո՛վ, — խռխռում էր ծերունին հազիվ լսելի ձայնով և մատով կանչում էր Սմերդյակովին։

— Ո՜չ, այստեղ չէ նա, ոչ, ցնդա՛ծ ծերունի, — զայրալից գոռաց նրա վրա Իվանը։— Օհո՜, նվաղում է։ Ջո՛ւր, սրբի՜չ։ Շուտ արա, Սմերդյակո՜վ։

Սմերդյակովը վազեց ջուր բերելու։ Ի վերջո ծերունու հագուստները հանեցին, տարան ննջասենյակ ու պառկեցրին անկողնում։ Գլուխը կապեցին թաց սրբիչով։ Կոնյակից, ուժեղ հուզումներից ու հարվածներից թուլացած, նա աչքերը փակեց այն վայրկյանին, երբ գլուխն իջավ բարձի վրա, և իսկույն նիրհեց։ Իվանն ու Ալյոշան հյուրասրահ վերադարձան։ Սմերդյակովը կոտրված անոթի բեկորներն էր դուրս տանում, իսկ Գրիգորին կանգնած էր սեղանի մոտ, մռայլ ու գլխահակ։

— Դու էլ գուցե գլուխդ կապեիր թաց լաթով ու անկողին մտնեիր, — դիմեց Ալյոշան Գրիգորիին։— Մենք այստեղ կխնամենք նրան։ Եղբայրս սոսկալի ուժեղ հարվածեց... գլխիդ։

— Նա ինձ անարգե՛ց, — մռայլ ու հատ֊հատ ասաց Գրիգորին։

— Իր հորն էլ «անարգեց», ոչ թե միայն քեզ, — նկատեց Իվանը ծուռ ժպտալով։

— Ես նրան լողացրել եմ տաշտում... անարգե՛ց նա ինձ, — կրկնում էր Գրիգորին։

— Գրո՛ղը տանի, եթե ետ չքաշեի նրան, գուցե հենց տեղն ու տեղը սպաներ։ Շա՞տ բան է պետք, որ Եզոպոսը շունչը փչի, — փսփսաց Իվանն Ալյոշային։

— Աստվա՜ծ մի արասցե, — բացականչեց Ալյոշան։

— Իսկ ինչո՞ւ աստված մի արասցե, — շարունակեց Իվանը նույն փսփսուքով, չարակամորեն ծամածռելով դեմքը։ — Սողունի մեկը կուլ կտա մյուս սողունին, և երկուսն էլ արժանի են դրան։

Ալյոշան սարսռաց։

— Ես իհարկե չեմ թողնի, որ սպանություն կատարվի, ինչպես հիմա չթողեցի։ Մնա՛ այստեղ, Ալյոշա, ես գնամ ու մի քիչ ման գամ բակում, գլուխս սկսեց ցավել։

Ալյոշան մտավ հոր ննջասենյակը և շուրջ մեկ ժամ նստեց նրա սնարի մոտ, վարագույրի ետև։ Ծերունին մեկեն բացեց աչքերը և երկար ժամանակ լուռ նայեց Ալյոշային, երևի վերհիշելով պատահածն ու կշռադատելով։ Հանկարծ անսովոր մի հուզում երևաց նրա դեմքին։

— Ալյոշա, — շշնջաց նա շրջահայացորեն, — ո՞ւր է Իվանը։

— Բակ գնաց, գլուխն է ցավում։ Հսկում է այնտեղ։

— Տուր այդ հայելին, այնտեղ է ահա, տո՛ւր տեսնեմ։

Ալյոշան տվեց նրան այն փոքր, ծալովի, կլոր հայելին, որ դրված էր սեղանիկի վրա։ Ծերունին նայեց իր դեմքին. քիթն ահագին ուռել էր, իսկ ճակատին, ձախ հոնքի վերև, բավական խոշոր ու բոսորագույն մի այտուցք կար։

— Ի՞նչ է ասում Իվանը։ Ալյոշա, անուշիկս, իմ միա՜կ զավակս, վախենում եմ Իվանից։ Ավելի եմ վախենում Իվանից, քան մյուսից։ Միայն քեզնից, միա՜յն ու միայն քեզնից չեմ վախենում...

— Իվանից էլ մի՛ վախենաք։ Իվանը բարկացած է, բայց կպաշտպանի ձեզ։

— Իսկ մյո՞ւսը, մյո՞ւսը, Ալյոշա։ Վազեց Գրուշենկայի մոտ։ Անուշիկ տղաս, հրեշտակս, ասա՛ ինձ ճշմարտությունը. քիչ առաջ այստե՞ղ էր Գրուշենկան, թե ոչ։

— Ոչ ոք չի տեսել նրան։ Դա խաբկանք էր, չի եղել այստեղ։

— Միտյան ախր ուզում է ամուսնանալ նրա հետ, ամասնանա՜լ։

— Գրուշենկան կմերժի։

— Կմերժի, կմերժի, կմերժի, կմերժի, անպայմա՛ն կմերժի...— ամբողջ էությամբ թրթռաց ծերունին ուրախությունից, կարծես այդ րոպեին ուրիշ ոչ մի ավելի բերկրալի բան չէին կարող ասել իրեն։ Խելակորույս ցնծությամբ բռնեց Ալյոշայի ձեռքը և ուժգին սեղմեց իր սրտին։ Նույնիսկ արցունք պսպղաց նրա աչքերում։— Սրբապատկե՜րը, տիրամոր սրբապատկե՜րը, այն, որի մասին քիչ առաջ պատմեցի, վերցրո՜ւ, քոնը թող լինի, հետդ տար։ Եվ վերադարձիր վանք, թույլ եմ տալիս... կատակ էի անում քիչ առաջ, մի՛ բարկանա։ Գլուխս է ցավում, Ալյոշա... Լյո՜շա, ամոքի՜ր իմ սիրտը, իմ հրեշտակն եղիր, ասա ինձ ճշմարտությունը։

— Դեռ նույն բա՞նն եք հարցնում՝ Գրուշենկան այստեղ էր կամ ո՞չ, — ասաց Ալյոշան վշտագին։

— Չէ, չէ, չէ, հավատում եմ քեզ։ Ուրիշ բան եմ ասում. ինքդ գնա Գրուշենկայի մոտ կամ մի կերպ տես նրան, շուտ, որքան կարելի է շուտ, և հարցրու, ինքդ քո աչքով գուշակիր՝ ո՞ւմ է ուզում նա, ի՞նձ թե նրան։ Հա՞։ Ի՞նչ է։ Կարո՞ղ ես, թե չես կարող։

— Եթե տեսնեմ, կհարցնեմ, — մրթմրթաց Ալյոշան շփոթված։

— Չէ, նա քեզ չի ասի, — ընդհատեց ծերունին, — թռվռանի մեկն է։ Կսկսի քեզ համբուրել և կասի, թե քեզ է ուզում։ Խաբեբա է, անամոթ։ Չէ, դու չպետք է գնաս մոտը, չպետք է գնաս։

— Եվ լավ չի լինի, որ գնամ, հայրիկ, լավ չի լինի բնավ։

— Ո՞ւր էր ուղարկում քեզ քիչ առաջ, երբ դեռ չփախած գոռում էր՝ «Գնա՛» ։

— Կատերինա Իվանովնային։

— Փողի՞ համար։ Փող ուզելո՞ւ։

— Ոչ, փողի համար չէ։

— Փող չունի Միտյան, կոպեկ անգամ չունի։ Լսիր, Ալյոշա, գիշերը կպառկեմ ու մի լավ կմտածեմ, թե ինչ եմ անելու, իսկ դու հիմա գնա։ Գուցե և հանդիպես Գրուշենկային... Միայն թե վաղն առավոտ անպայման արի ինձ մոտ։ Անպայման։ Վաղն առավոտ քեզ մի բան եմ ասելու։ Կգա՞ս։

— Կգամ։

— Երբ որ գաս, այնպես ձևացրու, թե ինքդ ես եկել, եկել ես իմ որպիսությունը հարցնելու։ Ոչ ոքի մի՛ ասա, թե ես եմ կանչել։ Իվանին ոչ մի բառ չասես։

— Լավ։

— Ցտեսություն, հրեշտակս, քիչ առաջ դու ինձ պաշտպանեցիր, հավիտյան չեմ մոռանա։ Վաղը մի բան եմ ասելու քեզ... բայց դեռ պետք է մտածեմ...

— Իսկ հիմա ինչպե՞ս եք զգում։

— Հենց վաղը, վաղն ևեթ կվերկենամ ու դուրս կգամ։ Բացարձակապես առողջ եմ, լրիվ առողջ, լրիվ, լրիվ առողջ...

Երբ անցնում էր բակով, Ալյոշան դարպասի մոտ հանդիպեց Իվանին, որ նստարանի վրա նստած՝ ծոցատետրում մի բան էր գրում մատիտով։ Ալյոշան հայտնեց Իվանին, թե ծերունին զարթնել է արդեն և գիտակցությունն էլ տեղն է, իսկ իրեն թույլ է տվել, որ գիշերի վանքում։

— Ալյոշա, մեծ հաճույքով կհանդիպեի քեզ վաղն առավոտ, — սիրալիր ասաց Իվանը վեր կենալով։ Նրա սիրալիրությունը կատարյալ անակնկալ էր Ալյոշայի համար։

— Վաղը Խոխլակովաների մոտ եմ լինելու, — պատասխանեց Ալյոշան։— Գուցե Կատերինա Իվանովնային էլ գնամ վաղը, եթե հիմա չգտնեմ նրան...

— Իսկ հիմա այնուամենայնիվ գնում ես Կատերինա Իվանովնայի մոտ։ Այդ «ողջույննե՜ր, ողջույններ ու հրաժեշտն» ես տանո՞ւմ, — ժպտաց հանկարծ Իվանը։ Ալյոշան շփոթվեց։— Կարծեմ թե լրիվ հասկացա քիչ առաջվա բացականչությունները և մի քիչ էլ գլխի ընկա, թե ինչ է եղել դրանից առաջ։ Երևի Դմիտրին խնդրել է քեզ, որ գնաս իր հարսնացուի մոտ և հաղորդես, թե ինքը... ը՜... դե՛հ, մի խոսքով, «հրաժեշտ է տալի՞ս» ։

— Եղբա՜յր։ Ինչո՞վ է վերջանալու այս ահավոր մղձավանջը հայրիկի ու Դմիտրիի միջև, — գոչեց Ալյոշան։

— Չի կարելի վստահ մի բան ասել։ Գուցե ոչինչ չպատահի, կրակը ինքն իրեն հանգի։ Գազան է այդ կինը։ Համենայն դեպս, ծերուկին պետք է տանը պահել, իսկ Դմիտրիին չթողնել, որ ներս մտնի։

— Եղբայր, թույլ տուր մի բան էլ հարցնեմ. մի՞թե որևէ մեկը, մնացյալ մարդկանց նայելով, իրավունք ունի որոշելու, թե ո՛վ է արժանի ապրելու և ո՛վ նվազ արժանի է։

— Բայց ի՞նչ գործ ունի այստեղ ըստ արժանիքի որոշելը։ Այդ հարցն առհասարակ մարդկանց սրտում լուծվում է ոչ երբեք արժանիքների հիման վրա, այլ ուրիշ, շատ ավելի բնական շարժառիթների մղումով։ Իսկ եթե խոսենք իրավունքի մասին, է՛հ, ո՞վ իրավունք չունի ցանկանալու։

— Ոչ թե սակայն ուրիշի մահը։

— Թեկուզ և ուրիշի մահը, ի՞նչ կա որ։ Ինչո՞ւ մարդ խաբի ինքն իրեն, քանի որ բոլորն են այդպես ապրում և գուցե չեն էլ կարող ուրիշ կերպ ապրել։ Դու ակնարկում ես քիչ առաջվա իմ խո՞սքը, թե «երկու սողուն կուլ են տալու իրար» ։ Այդ դեպքում թույլ տուր, որ ես էլ քեզ մի բան հարցնեմ. արդյոք ի՞նձ ևս, ինչպես Դմիտրիին, ընդունակ ես համարում Եզոպոսի արյունը թափելու, դե՜հ, ասենք սպանելու նրան, հը՞։

— Ի՜նչ ես ասում, Իվա՛ն։ Այդ բանը մտքովս անգամ չի անցել, երբե՛ք։ Եվ Դմիտրիին էլ չեմ համարում...

— Գոնե դրա համար շնորհակալ եմ, — ժպտաց Իվանը։ — Գիտցի՛ր, որ ես միշտ կպաշտպանեմ նրան։ Բայց տվյալ դեպքում ինձ իրավունք եմ վերապահում լիակատար ազատություն տալու իմ ցանկություններին։ Ցտեսություն, վաղը կտեսնվենք։ Մի՛ դատապարտիր և մի՛ նայիր ինձ որպես չարագործի, — ավելացրեց նա ժպտալով։

Ամուր սեղմեցին իրար ձեռք, մի բան, որ առաջ երբեք չէին արել։ Ալյոշան զգաց՝ առաջինը եղբայրն էր, որ մի քայլ մոտեցավ իրեն և մի որոշ նպատակով արեց այդ բանը, անպայման ինչ֊որ դիտավորություն կար դրա մեջ։


    

X։ Երկուքը միասին

Բայց հոր տանից դուրս գալուց հետո Ալյոշայի հոգեվիճակն ավելի ևս վշտաբեկ էր ու ճնշված, քան այնտեղ մտնելու պահին։ Նրա միտքը նույնպես փշրվել ու ցաքուցրիվ էր եղել կարծես, բայց նա միաժամանակ զգում էր, որ վախենում է միակցել ցիրուցան բեկորները և մի ընդհանուր եզրակացություն հանել օրվա ընթացքում ունեցած բոլոր տանջալի ու հակասական ապրումներից։ Հուսահատության հասնող մի բան կար Ալյոշայի սրտում, ուր առաջ երբեք այդպիսի զգացողություն չէր եղել։ Բոլոր մտահոգությունների վրա սարի նման կանգնած էր գլխավոր, ճակատագրական և անլուծելի հարցը՝ ինչո՞վ է վերջանալու իր հոր ու ավագ եղբոր բախումն այդ սարսափելի կնոջ առնչությամբ։ Հիմա արդեն ինքն էր վկա։ Ինքն էր ներկա եղել ու տեսել նրանց հանդիպումը դեմ առ դեմ։ Բայց դժբախտությունը, լիակատար ու սարսափելի դժբախտությունը կարող էր գալ միա՛յն Դմիտրիի գլխին. անխուսափելի փորձանք էր սպասում նրան։ Պարզվեց, որ կան նաև ուրիշ մարդիկ, որոնց նույնպես վերաբերում է այդ ամբողջը և գուցե շատ ավելի մեծ չափով, քան մինչ այդ կարող էր կարծել Ալյոշան։ Նույնիսկ առեղծվածային մի բան էր դառնում այս խնդիրը։ Իվանը վերջապես արեց այն քայլը, որ այնքան երկար ժամանակ ցանկանում էր Ալյոշան։ Բայց հիմա, չգիտես ինչու, Ալյոշան զգում էր, որ մերձեցման այդ քայլը վախեցրեց իրեն։ Իսկ այդ կանա՞յք։ Տարօրինակ բան, ցերեկը մեծագույն վարանումով էր գնում դեպի Կատերինա Իվանովնայի տունը, իսկ այժմ ոչ մի շփոթմունք չէր զգում, այլ ընդհակառակը՝ ինքն էր շտապում նրա մոտ, կարծես նրանից ցուցմունք գտնելու ակնկալությամբ։ Սակայն եղբոր հանձնարարածն ակներևորեն ավելի դժվար էր հաղորդել նրան հիմա, քան առաջ. երեք հազար ռուբլու խնդիրը վերջնականապես պարզվել էր, և Դմիտրին, այժմ արդեն խայտառակված զգալով իրեն և էլ ոչ մի հույս չունենալով, անշուշտ կանգ չի առնի այլևս ու թավալգլոր կգնա դեպի կործանում։ Եվ դեռ, ավելին, պատվիրել էր նաև պատմել Կատերինա Իվանովնային այն տեսարանը, որ հենց նոր էր տեղի ունեցել հոր և իր միջև։

Ժամը յոթն էր արդեն և մութն ընկնում էր, երբ Ալյոշան մտավ Մեծ փողոցի վրա գտնվող այն շատ ընդարձակ ու հարմարավետ տունը, որ վարձել էր Կատերինա Իվանովնան։ Ալյոշան գիտեր, որ նա ապրում է երկու մորաքույրների հետ։ Նրանցից մեկը, սակայն, միայն նրա քրոջ՝ Ագաֆյա Իվանովնայի մորաքույրն էր, այն լուռումունջ կինը, որ Ագաֆյայի հետ խնամել էր նրան, երբ նա կրթական հաստատությունից եկել էր հոր տունը։ Իսկ մյուս մորաքույրը մոսկվացի զանգվածեղ ու ծանրաբարո, թեև չքավորության մեջ ընկած մի տիկին էր։ Ասում էին, թե երկուսն էլ ամեն հարցում ենթարկվում են Կատերինա Իվանովնային և լոկ կենցաղավարական պատշաճությունները պահպանելու համար են մնում նրա մոտ։ Իսկ Կատերինա Իվանովնան ենթարկվում էր միայն իր բարերարուհուն՝ գեներալի այրուն, որ հիվանդության պատճառով մնացել էր Մոսկվայում, և որին նա պարտավոր էր շաբաթը երկու նամակ ուղարկել՝ մանրամասն տեղեկություններ տալով իր մասին։

Երբ Ալյոշան նախասենյակ մտավ և դուռը բացող աղախնից խնդրեց ծանուցել իր մասին, հյուրասրահում ըստ երևույթին գիտեին արդեն, որ ինքն է եկողը (գուցե նկատել էին պատուհանից) . համենայն դեպս, Ալյոշան ինչ֊որ աղմուկ լսեց հանկարծ, վազող կանանց ոտնաձայներն ու հագուստի շրշյունը հասան նրա ականջին։ Գուցե երկու կամ երեք կին շտապեցին հեռանալ հյուրասենյակից։ Ալյոշային տարօրինակ թվաց, որ իր ժամանումն այդպիսի իրարանցում կարող էր առաջ բերել։ Բայց նրան իսկույն հյուրասրահ աոաջնորդեցին։ Դա մի ընդարձակ սենյակ էր՝ առատորեն ու վայելուչ կահավորված, սակայն ոչ ամենևին գավառական ճաշակով։ Բազմաթիվ մեծ ու փոքր բազմոցներ կային, օթոցներ, այլազան չափի սեղաններ, պատերին նկարներ էին կախված, ծաղկանոթներ ու լամպեր էին դրված սեղանների վրա, առատ ծաղկեփնջեր կային, նույնիսկ ակվարիում կար պատուհանի մոտ։ Երեկոյան մթնշաղը պատել էր սենյակը։ Ալյոշան նկատեց, որ մետաքսե կանացի մի վերնազգեստ էր նետված բազմոցի վրա, ուր դեռ մի րոպե առաջ նստած էին ակներևորեն. բազմոցի առջև դրված սեղանին երկու բաժակ շոկոլադ կար, որի կեսն էին դեռ խմել, կային նաև բիսկվիտներ, բյուրեղապակյա մի պնակ՝ կապույտ չամիչով լեցուն, և մի ուրիշ պնակ էլ կոնֆետով լեցուն։ Երևում էր՝ հյուրեր էին նստած։ Ալյոշան հասկացավ, որ անժամանակ է եկել, և խոժոռվեց։ Բայց նույն վայրկյանին դռան վարագույրը բարձրացավ և արագ, փութացող քայլերով ներս մտավ Կատերինա Իվանովնան, ժպտալով ուրախ ու հրճվալից, երկու ձեռքերը մեկնելով Ալյոշային։ Եվ նույն րոպեին էլ աղախինը երկու վառված մոմ բերեց ու դրեց սեղանին։

— Փա՜ռք աստծո, վերջապես եկաք։ Ամբո՜ղջ օրվա ընթացքում ձեր գալն էի միայն խնդրում աստծուց։ Նստեցե՛ք։

Կատերինա Իվանովնայի գեղեցկությունն արդեն զարմացրել էր Ալյոշային, երբ Դմիտրին, երեք շաբաթ առաջ, կատարելով իր հարսնացուի բացառիկ ցանկությունը, եղբորն առաջին անգամ բերել էր ներկայացնելու և ծանոթացնելու։ Սակայն այդ տեսակցության ժամանակ Կատերինա Իվանովնան ու Ալյոշան գրեթե ոչ մի խոսք չէին փոխանակել իրար հետ։ Ենթադրելով, որ Ալյոշան շատ ամոթահար է զգում իրեն, Կատերինա Իվանովնան կարծես խնայել էր նրան և անընդհատ Դմիտրի Ֆյոդորովիչի հետ էր խոսել։ Ալյոշան լուռ էր մնացել, բայց շատ բան ուշադիր դիտել ու լավ հասկացել էր։ Նրան զարմացրել էին գոռոզ աղջկա իշխող բնավորությունը, հպարտ սանձարձակությունն ու ինքնավստահությունը։ Ու չէր կարելի տարակուսել, որ նա իրոք այդպիսին է։ Ալյոշան զգում էր, որ ինքը չի չափազանցում։ Գտավ, որ նրա խոշոր, սև, կրակոտ աչքերը գեղեցիկ են և հատկապես վայելում են նրա գունատ, նույնիսկ մի քիչ դեղնորակ ու երկարավուն դեմքին։ Սակայն այդ աչքերի, ինչպես և նրա հրաշալի շրթունքների գծագրության մեջ կար մի բան, որին անշուշտ կարող էր սաստիկ սիրահարվել իր եղբայրը, բայց որ չէր կարելի գուցե երկար սիրել։ Գրեթե ուղղակի ասաց նա իր մտածածը, երբ այցելությունից հետո Դմիտրին կպավ նրա օձիքից և աղաչեց չթաքցնել այն տպավորությունը, որ կրել էր իր հարսնացուին տեսնելով։

— Երջանիկ ես լինելու նրա հետ, բայց գուցե... անհանգիստ երջանիկ։

— Հենց այդ է, եղբայր։ Այսպիսիները այսպես էլ մնում են, գլուխ չեն խոնարհում ճակատագրի առաջ։ Ուրեմն կարծիքդ այն է, թե չե՞մ կարողանա հավիտյան սիրել նրան։

— Ոչ, գուցե հավիտյան սիրելու ես նրան, բայց գուցե միշտ երջանիկ չես լինելու նրա հետ։

Այդ օրն Ալյոշան կարմրելով ասաց իր կարծիքը և վրդովվեց ինքն իր դեմ, որ զիջել էր եղբոր խնդրանքին և այդպիսի «հիմար» մտքեր հայտնել։ Որովհետև՝ իր կարծիքն իրեն իսկ սոսկալի հիմար թվաց ասելուց անմիջապես հետո։ Եվ ամաչեց էլ, որ այդպես ինքնավստահորեն կարծիք էր հայտնել մի կնոջ մասին։ Ուստի ավելի մեծ եղավ նրա զարմանքը հիմա, երբ իրեն ընդառաջ վազող Կատերինա Իվանովնային տեսնելով՝ առաջին իսկ հայացքից զգաց, թե գուցե շատ էր սխալվել այն ժամանակ։ Այս անգամ նրա դեմքից ճառագայթում էր սրտաբուխ ու պարզհոգի բարությունը, ուղղամիտ ու ջերմագին անկեղծությունը։ Ամբողջ այն «հպարտությունն ու գոռոզությունը», որ առաջին հանդիպման ժամանակ այնպես զարմացրել էր Ալյոշային, հիմա նրա մեջ արտահայտվում էր լոկ իբրև համարձակ, ազնիվ մի զորություն և ինչ֊որ պայծառ, հզոր հավատ սեփական անձի նկատմամբ։ Ալյոշան առաջին հայացքից, առաջին իսկ խոսքերից հասկացավ, որ Կատերինա Իվանովնայի համար գաղտնիք չէ իր վիճակի ամբողջ ողբերգականությունն այն մարդու առնչությամբ, որին այնքան շատ է սիրում և գուցե ամեն ինչ գիտե արդեն, ամեն ինչ բացարձակապես։ Եվ սակայն, հակառակ դրան, այնքա՜ն լույս կար նրա դեմքին, այնքա՜ն հավատ ապագայի նկատմամբ։ Ալյոշան հանկարծ լրջորեն մեղավոր զգաց նրա առաջ՝ իր կանխակալ կարծիքի համար։ Անմիջապես նվաճված ու գերված էր արդեն։ Բացի այդ բոլորից, Կատերինա Իվանովնայի առաջին իսկ խոսքերից նկատեց, որ մի ուժեղ հուզմունք էր տիրում նրան, գուցե նրա համար շատ անսովոր մի հուզմունք, որ համարյա նման էր մի տեսակ ցնծության։

— Այնպե՜ս էի սպասում ձեզ, որովհետև միայն ձեզնից կարող եմ այժմ իմանալ ամբողջ ճշմարտությունը, ուրիշ ո՜չ ոքից։

— Ես եկա...— մրմնջաց Ալյոշան շփոթվելով, — ես... ինձ նա ուղարկեց...

— Հա՜, նա՛ ուղարկեց ձեզ։ Դե՛հ, հենց այդպես էլ նախազգում էի։ Ամե՜ն ինչ գիտեմ հիմա, ամե՜ն ինչ, — բացականչեց Կատերինա Իվանովնան, և հանկարծ կայծկլտացին աչքերը։— Սպասեցեք մի վայրկյան, Ալեքսեյ Ֆյողորովիչ, նախօրոք ասեմ, թե ինչու էի այնքան սպասում ձեզ։ Հասկանո՞ւմ եք, ես գուցե շատ ավելին գիտեմ, քան նույնիսկ դուք. նորություններ չէ, որ ուզում եմ ձեզնից։ Ասեմ, թե ինչ եմ ուզում։ Ուզում եմ իմանալ ձեր սեփական, ձեր անձնական վերջին տպավորությունը նրա մասին, ուզում եմ, որ ինձ պատմեք ամենից ավելի ուղղակի, անպաճույճ, նույնիսկ կոպիտ (օ՜, ինչքա՜ն ուզեք կոպիտ) ձևով, թե դուք ինքներդ ինչ եք մտածում հիմա նրա մասին, նրա վիճակի մասին՝ այսօրվա ձեր հանդիպումից հետո։ Դա գուցե ավելի լավ կլինի, քան եթե ինքս անձնապես բացատրվեմ նրա հետ, երբ նա այլևս չի ուզում գալ ինձ մոտ։ Հասկացա՞ք, թե ինչ եմ ուզում ձեզնից։ Դե՛հ, ասացե՛ք հիմա, ի՞նչ լուր ուղարկեց նա ձեր միջոցով (ես այդպես էլ գիտեի, որ ձե՜զ կուղարկի ինձ մոտ), պարզ ասացեք, ամենահետին բառն անգամ մի՛ թաքցրեք...

— Պատվիրեց ասել, թե ձեզ... ողջույններն է հղում, և թե երբեք չի գա այլևս... բայց ձեզ ողջույններն է հղում։

— Ողջուննե՞րը։ Հենց այդպես էլ ասա՞ց, հենց այգպե՞ս արտահայտվեց։

— Այո։

— Գուցե պատահաբար, հարևանցիորեն, սխալ մի բա՞ռ ասաց, պետք եղած բառը չօգտագործե՞ց գուցե։

— Ոչ, հենց պատվիրեց, որ ճիշտ այդ բառն ասեմ՝ «ողջույնները» ։ Մի երեք անգամ խնդրեց, որ չմոռանամ ասելու։

Կատերինա Իվանովնան բռնկվեց հանկարծ։

— Օգնեցե՛ք հիմա ինձ, Ալեքսեյ Ֆյոդորովյիչ, հենց հիմա է, որ ձեր օգնության կարիքն ունեմ։ Ասեմ ձեզ իմ մտածածը, իսկ դուք ասեք միայն՝ ճի՞շտ եմ մտածում, թե ոչ։ Լսեցե՛ք, եթե նա հարևանցիորեն ուղարկեր իր ողջույնները, առանց պնդելու, որ այդ բառն ինձ հաղորդեք, եթե չշեշտեր այդ բառը, ամեն ինչ վերջացած կլիներ... Կարելի էր արդեն խաչ քաշել, ու վե՛րջ։ Բայց եթե նա հատկապես պնդեց այդ բառը, եթե հատկապես պատվիրեց ձեզ, որ չմոռանաք հաղորդելու ինձ այդ ողջույնը, ուրեմն նա հուզվա՞ծ էր գուցե, կորցրե՞լ էր իրեն։ Տվել է իր որոշումը և վախեցե՜լ այդ որոշումից։ Հաստատ քայլերով չի հեռացել ինձնից, այլ գլուխը բռնել ու փախել է։ Այդ բառը շեշտելը կարող է պարզապես հոխորտանքի նշան լինել...

— Այո՛, այո՛, — հաստատեց Ալյոշան եռանդով, — ինձ էլ հիմա այդպես է թվում։

— Եթե այդպես է, ուրեմն նա կորած չէ՜ դեռ։ Պարզապես հուսահատության մեջ է ընկել, բայց դեռ կարող եմ փրկել նրան։ Հա՜, սպասեցեք մի րոպե, որևէ բան չասա՞ց ձեզ փողի մասին՝ երեք հազար ռոլբլու մասին։

— Ոչ միայն ասաց, այլև այդ հարցը գուցե ամենից ավելի էր մորմոքում նրան։ Ասաց, թե կորցրել է պատիվը և այլևս ոչ մի բան նշանակություն չունի հիմա, — պատասխանեց Ալյոշան կաթոգին, ամբողջ հոգով զգալով, որ սիրտը հույսով է լցվում և որ իրոք, գուցե, մի ելք ու փրկություն կա իր եղբոր համար։— Բայց միթե դուք... գիտե՞ք այդ փողի մասին, — ավելացրեց նա և հանկարծ ձայնը կտրեց։

— Վաղուց գիտեմ, հաստատ գիտեմ։ Հեռագրեցի Մոսկվա, հարցրի և վաղուց իմացա, որ փողը չեն ստացել։ Նա չի ուղարկել փողը, բայց ես ոչինչ չասացի։ Այս վերջին շաբաթն էլ ականջիս հասավ, որ դեռ խիստ կարիք ունի փողի... Այս բոլորի մեջ իմ միակ նպատակն այն էր, որ նա իմանա, թե ո՛ւմ մոտ պետք է գա նորից, ո՛վ է նրա ամենահավատարիմ բարեկամը։ Ոչ, նա չի ուզում հավատալ, որ ե՛ս եմ իր ամենահավատարիմ բարեկամը։ Չուզեց ինձ ճանաչել, ինձ նայում է միայն որպես կնոջ։ Ամբողջ շաբաթ տանջվում էի այն սոսկալի մտահոգությամբ, թե ինչպե՞ս անեմ, որ նա ինձնից չամաչի այդ երեք հազարը վատնելու համար։ Այսինքն թող ամաչի ինքն իրենից և մյուս բոլոր մարդկանցից, բայց թող ինձնի՛ց չամաչի։ Աստծուն հո ասո՜ւմ է ամեն ինչ, առանց ամաչելու։ Իսկ ինչո՞ւ մինչև հիմա չգիտե, թե ես ամեն ինչ կարող եմ հանդուրժել նրա սիրուն։ Ինչո՞ւ, ինչո՞ւ չի ճանաչում ինձ, ինչպե՞ս է համարձակվում չճանաչել ինձ մեր այն բոլոր անցուդարձերից հետո։ Ուզում եմ փրկել նրան առհավետ։ Թող մոռանա՜, որ ես իր հարսնացուն եմ։ Եվ ահա խնդրեմ, նա վախենում է, որ իր պատի՜վը կկորցնի իմ աչքին։ Բայց չէ՞ որ նա չի վախեցել իր սիրտը բանալու ձեզ, Ալեքսեյ Ֆյոդորովիչ։ Ի՞նչն է պատճառը, որ ես մինչև հիմա չարժանացա նույն բանին։

Վերջին բառերը նա լալով ասաց, արցունքը ժայթքեց նրա աչքերից։

— Պետք է ձեզ հայտնեմ, — նույնպես դողացող ձայնով ասաց Ալյոշան, — թե ինչ պատահեց հիմա նրա և մեր հոր միջև։— Եվ նա պատմեց ամբողջ տեսարանը, պատմեց, թե Դմիտրին իրեն ուղարկել էր հոր մոտ՝ փող խնդրելու, և թե ինչպես հետո նա ներս խուժեց, ծեծեց հորը և ապա հատկապես շեշտեց և պնդեց նորից, որ ինքը, Ալյոշան, գա և «ողջույնները» հաղորդի, — ...Այդ կնոջ մոտ գնաց...— ավելացրեց Ալյոշան մեղմ ձայնով։

— Իսկ դուք կարծում եք, թե չե՞մ կարող հանդուրժել այդ կնոջը։ Այդպե՞ս է կարծում նա, չե՞մ կարող հանդուրժել։ Բայց նա չի ամուսնանա այդ կնոջ հետ, — հանկարծ ջղային ծիծաղեց Կատերինա Իվանովնան, — կարո՞ղ է Կարամազովը հավիտյան վառվել այդպիսի կրքով։ Դա կիրք է, ոչ թե սեր։ Նա չի ամուսնանա, որովհետև այդ աղջիկը չի համաձայնվի ամուսնանալ նրա հետ...— նորից տարօրինակորեն ծիծաղեց հանկարծ Կատերինա Իվանովնան։

— Գուցե կամուսնանա Միտյան, — տրտմորեն ասաց Ալյոշան, աչքերը խոնարհելով։

— Չի՜ ամուսնանա, ասում եմ ձեզ։ Այդ աղջիկը հրեշտակ է, գիտե՞ք այս բանը։ Գիտե՞ք, գիտե՞ք, — բացականչեց հանկարծ Կատերինա Իվանովնան արտակարգ եռանդով։— Հեքիաթային արարածներից ամենահեքիաթայինն է նա։ Գիտեմ, թե որքան գայթակղիչ է, բայց գիտեմ նաև, թե որքա՜ն բարի է, հաստատակամ, ազնիվ։ Ի՞նչ եք այդպես նայում ինձ, Ալեքսեյ Ֆյողորովիչ։ Գուցե զարմանո՞ւմ եք իմ խոսքերի վրա, գուցե չե՞ք հավատում։ Ագրաֆենա Ալեքսա՛նդրովնա, հրեշտա՜կ իմ, — կանչեց նա հանկարծ, նայելով դեպի մյուս սենյակը, — եկե՛ք մեզ մոտ, հոգի մարդ է սա, Ալյոշան է, ամեն ինչ գիտե մեր հարցի մասին, երևացե՛ք նրան։

— Ես էլ հենց սպասում էի վարագույրի ետև, որ կկանչեք ինձ, — ասաց մի քնքուշ կանացի ձայն, որ նույնիսկ քաղցրավուն էր մի քիչ։

Բարձրացավ դռան վարագույրը, և... նույն ինքն Գրուշենկան, խնդուն և ուրախ, մոտեցավ սեղանին։ Կարծես մի բան գալարվեց Ալյոշայի մեջ։ Հայացքը սևեռեց նրան ու չէր կարողանում աչքերը հեռացնել։ Ահա նա, ահա այն սարսափելի կինը՝ «գազանը», ինչպես հորջորջեց նրան Իվանը կես ժամ առաջ։ Եվ սակայն թվում էր, թե արտաքուստ ամենասովորական ու պարզ էակն էր կանգնած Ալյոշայի դիմաց՝ բարի, համակրելի մի կին, որն այո, գեղեցիկ էր, բայց այնքա՜ն նման էր բոլոր մյուս «սովորական» գեղեցիկ կանանց, ճիշտ է, շատ լավիկն էր, շա՜տ, ուներ այն ռուսական գեղեցկությունը, որ շատերն են սիրում այնպիսի՜ հրայրքով։ Բավական բարձրահասակ կին էր, թեև մի քիչ կարճ էր Կատերինա Իվանովնայից, որի հասակն արդեն չափից ավելի էր բարձր։ Գիրուկ էր Գրուշենկան, մարմնի շարժումները փափուկ էին և կարծես նույնիսկ անլսելի, մի տեսակ յուրահատուկ քաղցրավունություն ստանալու չափ քնքշացած՝ իր ձայնի նման։ Մոտեցավ ոչ թե Կատերինա Իվանովնայի զորեղ, առույգ քայլվածքով, այլ, ընդհակառակը, անձայն։ Ոտքերն այնպես էր դնում հատակին, որ քայլերը բոլորովին չէին լսվում։ Մեղմորեն սուզվեց բազկաթոռի մեջ, սև մետաքսե շքեղ շրջազգեստի մեղմ շրշյունով, և կաթնափրփուրի պես սպիտակ ու գիրգ վիզն ու լայն ուսերը քնքշավայել պարուրեց բրդյա սև, թանկարժեք շալով։ Քսաներկու տարեկան էր նա, և դեմքը ճիշտ ու ճիշտ այդ տարիքն էր ցույց տալիս։ Շատ սպիտակ էր երեսը, իսկ այտերին բաց վարդագույնի թեթև մի երանգ կար։ Դիմագծերը կարծես թե չափազանց լայն էին, իսկ ստորին կզակը նույնիսկ փոքր֊ինչ առաջ էր ընկած։ Վերին շրթունքը բարակ էր, իսկ ներքևինը, որ մի քիչ դուրս էր ցցված, կրկնակի լիքն էր ու կարծես ուռել էր։ Սակայն հրաշալիորեն փարթամ, մուգ շագանակագույն մազերը, մուգ, թավշանման հոնքերը և երկար թարթիչներով, լուրթ֊մոխրագույն դյութական աչքերն անպայման կստիպեին կանգ առնել ամենից ավելի անտարբեր ու մտացիր մարդուն՝ նույնիսկ բազմության մեջ, զբոսավայրում կամ ժխորի մեջ, կստիպեին նայել նրա դեմքին ու հետո հիշել երկար տարիներ։ Ալյոշային ամենից ավելի զարմացրեց այդ դեմքի մանկական, պարզասիրտ արտահայտությունը։ Երեխայի նայվածք ուներ Գրուշենկան, երեխայի նման ուրախանում էր չգիտես ինչի համար։ Նա հենց «ուրախանալով» մոտեցավ սեղանին, ասես նույն րոպեին մի բան ակնկալելով՝ ուղղակի մանկական, անհամբեր ու դյուրահավատ հետաքրքրությամբ։ Նրա հայացքն ուրախացնում էր մարդու սիրտը, — Ալյոշան զգաց այդ։ Դեռ նրա մեջ մի բան էլ կար, որն Ալյոշան չէր կարողանում որոշել, բայց որ գուցե անգիտակցորեն ազդում էր նաև իր վրա, այսինքն այդ փափկությունը դարձյալ, մարմնական շարժումների հեշտալի քնքշությունը, կատվային անձայն այդ նազելիությունը։ Եվ սակայն դա զորեղ, փարթամ մարմին էր։ Շալի տակ զգացվում էին լայն ու լեցուն ուսերը, բարձր ու դեռ միանգամայն աղջկնային կուրծքը։ Այդ մարմինը գուցե Միլոսյան Վեներայի բարեձև գծերն ուներ, թեև հիմա էլ, անտարակույս, համաչափությունն սկսել էր կոպտանալ, և դա զգալի էր արդեն։ Ռուս կնոջ գեղեցկությանը գիտակ մարդիկ, նայելով Գրուշենկային, կկարողանային անսխալորեն գուշակել, որ այդ թարմ, դեռ պատանեկան գեղեցկությունը, հասնելով երեսուն տարեկանին, կկորցնի իր ներդաշնակությունը, կճապաղի. կթառամի դեմքը, շատ շուտով մանր կնճիռներ կերևան աչքերի շուրջ ու ճակատի վրա, երեսի գույնը կկոպտանա, կարմիր կդառնա գուցե, մի խոսքով ակնթարթային գեղեցկություն էր դա, վաղանցուկ գեղեցկություն, որն այնքան հաճախադեպ է հենց ռուս կնոջ մոտ։ Ալյոշան, իհարկե, չէր մտածում դրա մասին, բայց հմայված լինելով հանդերձ, մի տեսակ տհաճ զգացողությամբ ու կարծես ցավելով հարցնում էր ինքն իրեն, թե ինչո՞ւ Գրուշենկան այդպես ծոր է տալիս բառերը և չի կարող բնական խոսել։ Երևում էր, որ նա, այդպես անելով, մի առանձին գեղեցկություն է գտնում վանկերի և հնչյունների այդ երկարաձգման ու շեշտված կերպով քաղցրավուն երանգավորման մեջ։ Դա անշուշտ տգեղ, անբարեկիրթ մի սովորություն էր պարզապես, որ վկայում էր նրա ցածր դաստիարակությունն ու վայելուչ վարվելակերպի այն գռեհիկ հասկացողությունը, որ յուրացրել էր մանկությունից։ Բայց և այնպես, Ալյոշային թվում էր, թե խոսելու այդ եղանակն ու առոգանությունը գրեթե անկարելիորեն հակասում էին դեմքի այդ մանկորեն պարզամիտ և ուրախ արտահայտությանը, աչքերի այդ մեղմ, երջանիկ, մանկաժպիտ փայլին։ Կատերինա Իվանովնան իսկույն նստեցրեց նրան բաղկաթոռին, Ալյոշայի դիմաց, և հրճվանքով համբուրեց նրա ժպտուն շրթունքները մի քանի անգամ։ Կարծես սիրահարվել էր Գրուշենկային։

— Մենք առաջին անգամն ենք հանդիպում իրար, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, — ասաց Կատերինա Իվանովնան արբեցությամբ, — ուզեցի ճանաչել նրան, տեսնել նրան, ուզում էի գնալ մոտը, բայց հազիվ էի հայտնել իմ ցանկությունը, և ահա ինքը եկավ։ Այնպես էլ գիտեի, որ ամեն ինչ կլուծենք նրա հետ, ամե՜ն ինչ։ Հենց սիրտս էր վկայում... Խնդրեցին, թախանձեցին, որ չանեմ այս քայլը, բայց ես նախազգում էի արդյունքը և չսխալվեցի։ Գրուշենկան ամեն ինչ բացատրեց ինձ, բացատրեց իր բոլոր մտադրությունները։ Բարի հրեշտակի նման թռավ իջավ այստեղ, խաղաղություն և ուրախություն բերեց...

— Չխորշեցիք ինձնից, սիրելի, մեծարժան օրիորդ, — ծոր տալով ասաց Գրուշենկան նույն քաղցր, ուրախ ժպիտով։

— Չհամարձակվե՜ք այդպիսի խոսքեր ասել ինձ, հմայի՜չ էակ, կախարդուհի՜։ Ձեզանի՞ց խորշել։ Ահա մի անգամ էլ համբուրում եմ ձեր ներքևի շրթունքը։ Ձեր այս շրթունքն ուռածի նման է, թող է՜լ ավելի ուռչի ուրեմն, ահա՛, է՛լ ավելի, է՛լ ավելի... Տեսեք, ինչպե՜ս է ծիծաղում, Ալեքսեյ Ֆյոդոբովիչ, մարդու սիրտն է ուրախանում, երբ նայում ես այս հրեշտակին...

Ալյոշան կարմրում էր ու դողում աննկատելի, թեթև սարսուռով։

— Փայփայում եք դուք ինձ, օրիորդ, բայց ես գուցե բոլորովին արժանի չեմ ձեր գգվանքին։

— Արժանի չէ՜։ Այն էլ՝ նա՜ արժանի չէ, — բացականչեց Կատերինա Իվանովնան նորից նույն հրայրքով։— Իմացեք, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, որ մեր այս սիրունիկ գլուխը քմահաճ բաներ է երևակայում, մեր այս անուշիկ սիրտը կամակոր է, բայց հպարտ, շա՜տ հպարտ։ Ասեմ ձեզ, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, ազնիվ ենք մենք, մեծահոգի, գիտե՞ք թե չէ։ Պարզապես դժբախտ ենք եղել։ Խիստ պատրաստակամ ենք եղել ամեն տեսակ զոհաբերություն անելու գուցե անարժան կամ էլ թեթևամիտ մի մարդու համար։ Եղել է այդպիսի մեկը, մի սպա նույնպես, սիրել ենք նրան, ամեն ինչ զոհել նրա համար, վաղո՜ւց, հինգ տարի առաջ, իսկ նա մոռացավ մեզ, ամուսնացավ։ Այրիացել է հիմա, նամակ է գրել, գալիս է այստեղ, և իմացեք, որ միա՜յն նրան, միայն ու միայն նրա՜ն ենք սիրում մինչև հիմա և սիրել ենք մեր ամբողջ կյանքում։ Կգա նա, և Գրուշենկան նորից երջանիկ կլինի, իսկ ամբողջ հինգ տարի դժբախտ է եղել։ Բայց ո՞վ կարող է կշտամբել Գրուշենկային, ո՞վ կարող է հոխորտալ, որ նրա բարեհաճ վերաբերմունքն է վայելում։ Այդ անդամալույծ ծերունին միայն, վաճառականը, բայց նա էլ մեր հայրն է եղել ավելի, մեր բարեկամը, մեր պաշտպանը։ Նա մեզ այն ժամանակ գտավ հուսահատության մեջ, տանջանքների մեջ կորած, երբ մեզ լքել էր այն մարդը, որին այնքա՜ն սիրում էինք... Գրուշենկան ախր ուզում էր ջուրը նետվել այն ժամանակ, խեղդվել, և փրկե՜ց նրան այդ ծերունին, փրկե՜ց։

— Բայց շատ եք ինձ պաշտպանում. սիրելի օրիորդ, շատ եք վռազում ամեն ինչում, — ծոր տվեց նորից Գրուշենկան։

— Պաշտպանում ե՞մ։ Բայց մի՞թե ես պետք է պաշտպանեմ ձեզ, կարո՞ղ եմ միթե հանդգնությունն ունենալ պաշտպանելու։ Գրուշենկա, հրեշտա՜կ, տվեք ձեր ձեռքը, նայեցե՜ք այս փափլիկ, փոքրիկ հրաշալի ձեռքին, Ալեքսեյ Ֆյողորովիչ։ Տեսնո՞ւմ եք, ահա այս ձեռքը երջանկություն բերեց ինձ, կենդանացրեց ինձ, և ես հիմա համբուրելու եմ ահա այս ձեռքը, թե՛ երեսից, թե՛ ափից, ահա՛, ահա՛, ահա՛։ — Եվ նա, մի տեսակ հափշտակված, երեք անգամ համբուրեց Գրուշենկայի իրոք հրաշալի, թեև գուցե չափից ավելի փափլիկ ձեռքը։ Իսկ Գրուշենկան, մեկնելով այդ ձեռքը, ջղային, զրնգուն, դյութական մի ծիծաղով նայում էր «սիրելի օրիորդին» և ակներևորեն հաճույք էր զգում, որ այդպես համբուրում են իր ձեռքը։ «Գուցե չափազանց շատ է այս հիացմունքը», — անցավ Ալյոշայի մտքով։ Նա կարմրեց։ Մի հատուկ անհանգստություն կար նրա սրտում շարունակ։

— Ինձ չեք ամաչեցնի ախր, սիրելի օրիորդ, որ այսպես իմ ձեռքն եք համբուրում Ալեքսեյ Ֆյոդորովիչի առաջ։

— Բայց միթե դրանով ամաչեցնե՞լ էի ուզում ձեզ, — ասաց Կատերինա Իվանովնան փոքր-ինչ զարմացած։— Ա՜խ, սիրելիս, ինչ վա՜տ եք հասկանում ինձ։

— Բայց դո՛ւք էլ գուցե այնքան լավ չեք հասկանում ինձ, սիրելի օրիորդ, ես գուցե շատ ավելի վատն եմ, քան թվում եմ ձեզ։ Ես վատ սիրտ ունեմ, քմահաճ եմ, ինքնակամ։ Այդ օրը պարզապես ձեռք առնելու համար հրապուրեցի խեղճ Դմիտրի Ֆյոդորովիչին։

— Իսկ հիմա հենց դուք էլ նրան փրկելու եք, չէ՞։ Խոսք տվեցիք։ Կբացատրեք նրան իրողությունը, կհայտնեք, որ սիրում եք ուրիշին, վաղուց եք սիրում, և որ այդ ուրիշը հիմա իր ձեռքն է առաջարկում ձեզ...

— Օ ո՜չ, այդպիսի խոսք չեմ տվել։ Ինքներդ ինձ ասացիք այդ բոլորը, իսկ ես խոսք չտվեցի։

— Ուրեմն լավ չեմ հասկացել ձեզ, — ասաց Կատերինա Իվանովնան մեղմորեն, մի թեթև գունատվելով։— Դուք խոստացաք...

— Օ ո՜չ, հրեշտակ օրիորդ, ոչինչ չեմ խոստացել, — ընդհատեց Գրուշենկան մեղմ ու հավասարակշիռ ձայնով, նույն ուրախ և անմեղ արտահայտությունը դեմքին։— Ահա տեսնո՞ւմ եք հիմա, մեծարժան օրիորդ, ինչ վատ ու ինքնիշխան եմ ես ձեր համեմատությամբ։ Ինչ ուզում եմ, այն էլ անում եմ։ Քիչ առաջ գուցե խոստացել եմ մի բան, իսկ հիմա նորից եմ մտածում՝ վայ թե հանկարծ նորից դուր գա ինձ Միտյան... չէ՞ որ մի անգամ շատ է դուր եկել արդեն, համարյա մի ամբողջ ժամ դուր է եկել։ Ա՜յ հիմա գուցե գնամ ու ասեմ նրան, որ այս օրվանից մնա ինձ մոտ... Տեսնո՞ւմ եք ինչ անկայուն եմ ես...

— Քիչ առաջ դուք... բոլորովին ուրիշ բան էիք ասում...— հազիվ մրմնջաց Կատերինա Իվանովնան։

— Օ՜հ, քիչ առա՜ջ։ Բայց ախր ես փափկասիրտ, հիմար աղջիկ եմ։ Ապա մտածեցե՜ք մի րոպե, թե նա ինչե՜ր է քաշել իմ երեսից։ Դե որ տուն գնամ ու մեկ էլ հանկարծ խղճա՞մ նրան։ Ի՞նչ անեմ այն ժամանակ։

— Չէի սպասում...

— Է՜հ, օրիորդ, դուք որքա՜ն բարի ու ազնիվ եք ուրեմն իմ համեմատությամբ։ Ա՛յ հիմա հասկացաք իմ բնավորությունը և գուցե է՛լ չսիրեք ինձ՝ այսպիսի թեթևամիտ աղջկան։ Տվեք ձեր անուշիկ ձեռքը, հրեշտակ օրիորդ, — քնքշորեն խնդրեց Գրուշենկան և կարծես երկյուղածությամբ վերցրեց Կատերինա Իվանովնայի ձեռքը։— Ահա, սիրելի օրիորդ, վերցնում եմ ձեր ձեռքը և հիմա կհամբուրեմ այնպես, ինչպես դուք իմը համբուրեցիք։ Դուք երեք անգամ համբուրեցիք, իսկ ես դրա դիմաց պետք է երեք հարյուր անգամ համբուրեմ, որ հաշիվը հավասար լինի։ Ինչ արած, թո՛ղ այսպես լինի, իսկ հետո՝ թո՛ղ աստծո կամքը լինի հետո։ Գուցե լրիվ ձեր ստրուկը դառնամ և ուզենամ ամեն ինչում ստրկորեն հաճոյանալ ձեզ։ Թո՛ղ լինի այնպես, ինչպես աստված ուզում է, առանց մեր մեջ որևէ համաձայնության ու խոստումների։ Այս ի՜նչ անուշիկ ձեռք ունեք, ի՜նչ անուշիկ, անուշի՜կ ձեռք։ Թանկագի՛ն օրիորդ, չքնաղների չըքնա՜ղը, չտեսնվա՜ծ իմ գեղեցկուհի։

Նա հուշիկ բարձրացրեց այդ ձեռքն իր շրթունքներին, ճիշտ է՝ համբույրների «հաշիվը հավասարեցնելու» տարօրինակ նպատակով։ Կատերինա Իվանովնան ետ չքաշեց իր ձեռքը. երկչոտ մի հույսով լսեց Գրուշենկայի վերջին ասածն «ստրկորեն» հաճոյանալու մասին, թեև այդ խոստումն էլ շատ տարօրինակ ձևով էր արտահայտված։ Լարված նայում էր Գրուշենկայի աչքերին, դեռ նույն պարզամիտ, դյուրահավատ արտահայտությունն էր տեսնում այդ աչքերի մեջ, նույն պայծառ ուրախությունը... «Գուցե չափազանց միամիտ է», — հույսի մի շող պլպլաց Կատերինա Իվանովնայի սրտում։ Իսկ այդ միջոցին Գրուշենկան, ասես «անուշիկ ձեռքից» զմայլված, դանդաղորեն բարձրացնում էր այն իր շրթունքներին։ Բայց հենց շրթունքների մոտ հանկարծ երկու կամ երեք վայրկյան պահեց այդ ձեռքը, ասես մի ուրիշ բան մտածելով։

— Բայց գիտե՞ք ինչ, հրեշտակ օրիորդ, — մեկեն ծոր տվեց նա ամենաքնքուշ և շատ ավելի քաղցրավուն ձայնով, — գիտե՞ք ինչ, ա՜յ մեկ էլ խելքիս փչեց, որ չհամբուրեմ ձեր ձեռքը, հա՞։— Եվ նա մի փոքրիկ, շատ ուրախ ծիծաղ արձակեց։

— Ինչպես ուզում եք... Ի՞նչ պատահեց ձեզ, — սարսռաց հանկարծ Կատերինա Իվանովնան։

— Դե՛հ, թող այնպես էլ մնա ձեզ հիշատակ, որ դուք իմ ձեռքը համբուրեցիք, իսկ ես չհամբուրեցի ձերը։

Հանկարծ մի բան փայլատակեց Գրուշենկայի աչքերում։ Նա սոսկալի սևեռուն հայացքով նայեց Կատերինա Իվանովնային։

— Լիրբ, — գոչեց հանկարծ Կատերինա Իվանովնան, ասես մի բան կռահելով իսկույն։ Նա կաս-կարմիր եղավ և ընդոստ վեր թռավ տեղից։ Առանց շտապելու վեր կացավ նաև Գրուշենկան։

— Հենց այսպես էլ կպատմեմ հիմա Միտյային, թե ինչպես դուք համբուրեցիք իմ ձեռքը, իսկ ես՝ ես բոլորովին չհամբուրեցի ձերը։ Եվ ինչպե՜ս է նա ծիծաղելու։

— Գարշելի՜, դո՛ւրս կորիր այստեղից։

— Օ՜, ինչ ամո՜թ, օրիորդ, օ ի՜նչ ամոթ, ձեզ բոլորովին վայել չեն այդպիսի բառերը, սիրելի օրիորդ։

— Դո՛ւրս կորիր, ծախո՛ւ արարած, — բղավեց Կատերինա Իվանովնան։ Նրա լրիվ այլայլված դեմքի ամեն մի գիծը դողում էր։

— Հա՞, ծախո՞ւ։ Դե հա՜, ինքներդ մի ժամանակ կավալերների տունն էիք գնում փողի համար, իրիկվա մթանը, այն էլ կո՜ւյս օրիորդ, ձեր գեղեցկությունն էիք տանում ծախելու։ Ախր գիտեմ, չէ՞։

Կատերինա Իվանովնան ճչաց և քիչ էր մնում հարձակվեր Գրուշենկայի վրա, բայց Ալյոշան ամբողջ ուժով ետ պահեց նրան.

— Ո՛չ մի քայլ, ո՛չ մի խոսք։ Մի՛ խոսեք, ոչինչ մի՛ պատասխանեք, կգնա, հիմա կգնա։

Լսելով Կատերինա Իվանովնայի ճիչը, նույն րոպեին ներս վազեցին նրա երկու ազգականուհիները, աղախինն էլ ներս վազեց։ Բոլորը շտապեցին նրա մոտ։

— Այո, կգնամ, — ասաց Գրուշենկան, վերցնելով իր թեթև վերնազգեստը բազմոցի վրայից։— Ալյոշա, սիրելիս, ուղեկցի՛ր ինձ։

— Գնացե՛ք դուրս, շո՜ւտ գնացեք, — աղերսեց Ալյոշան, ձեռքերն իրար միացնելով։

— Սիրելի Ալյոշենկա, ուղեկցի՛ր։ Ճանապարհին մի լավ, շա՜տ լավ բան եմ ասելու քեզ։ Այս տեսարանը քե՛զ համար սարքեցի, Ալյոշենկա։ Ուղեկցիր, ջանիկս, գոհ կմնաս հետո։

Ալյոշան երեսը մյուս կողմ դարձրեց, ախուվախ անելով։ Գրուշենկան զրնգուն մի ծիծաղ արձակեց ու դուրս վազեց տնից։

Կատերինա Իվանովնան ջղային նոպա ունեցավ։ Հեկեկում էր, ցնցվում ջղակծկումներից։ Բոլորն իրար էին անցել նրա շուրջ։

— Նախազգուշացնում էի ձեզ, — ասաց նրան ավագ մորաքույրը, — ետ էի պահում ձեզ այս քայլից... շատ տաքարյուն եք... կարելի՞ էր միթե այսպիսի քայլի դիմել։ Դուք չգիտեք այս անպիտան արարածներին, իսկ սրա մասին ասում են, թե վատից էլ վատն է... Չէ՜, չափից դուրս քմահաճ եք դուք։

— Վա՜գր է նա, — բղավեց Կատերինա Իվանովնան։— Ինչո՞ւ ինձ բռնեցիք, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, կծեծեի՜ նրան, կծեծեի։

Նա չէր կարողանում զսպել իրեն Ալյոշայի առաջ, գուցե և չէր ուզում զսպել։

— Պետք է մտրակո՛վ ծեծել նրան, կառափնարանում, հրապարակա՜վ, դահիճի՛ ձեռքով։

Ալյոշան ետ֊ետ գնաց դեպի դուռը։

— Աստվա՜ծ իմ, — ճչաց հանկարծ Կատերինա Իվանովնան, ձեռքերն իրար զարկելով, — իսկ նա՛, նա՜, ձեր եղբա՜յրը։ Այնքա՞ն անազնիվ կարող էր լինել, այնքան անմարդկայի՜ն։ Պատմե՜լ է այս ստոր արարածին այն դեպքը, այն ճակատագրական, այն անիծյա՜լ, ընդմի՛շտ անիծյալ օրվա դեպքը։ «Գնացել էիք ձեր գեղեցկությունը ծախելու, սիրելի օրիորդ» ։ Ուրեմն, գիտե՜։ Սրիկա՛ է ձեր եղբայրը, Ալեքսեյ Ֆյոդորովիչ։

Ալյոշան ուզում էր մի բան ասել, բայց ոչ մի բառ չէր գտնում։ Սիրտը ճմլվում էր ցավից։

— Գնացե՛ք, Ալեքսեյ Ֆյոդորովիչ։ Մեռնում եմ ամոթից, սոսկալի է, սոսկալի՜։ Վաղը... խնդրում եմ ծնկաչոք, եկեք վաղը։ Մի՛ դատապարտեք, ներեցեք, էլ չգիտե՜մ, թե ինչ կանեմ ինքս ինձ։

Ալյոշան կարծես երերալով դուրս եկավ փողոց։ Նա էլ ուզում էր լաց լինել Կատերինա Իվանովնայի նման։ Հանկարծ աղախինը հասավ ետևից։

— Օրիորդը մոռացավ հանձնել ձեզ տիկին Խոխլակովայի նամակը. ճաշից ի վեր մնում էր օրիորդի մոտ։

Ալյոշան մեքենաբար վերցրեց փոքրիկ վարդագույն ծրարը և, գրեթե առանց գիտակցելու, գրպանը դրեց։


    

XI։ Մի լավ անուն ևս փչանում է

Քաղաքից մինչև վանք մի վերստ կլիներ, մի քիչ էլ ավելի Ալյոշան շտապ գնում էր ճանապարհով, որ այդ ժամին ամայի էր։ Համարյա գիշեր էր արդեն, դժվար էր զանազանել իրերը երեսուն քայլից։ Ճանապարհի կեսին մի խաչմերուկ կար։ Խաչմերուկի մոտ, մենավոր ուռենու տակ, մարդկային մի կերպարանք երևաց։ Հազիվ էր Ալյոշան հասել խաչմերուկին, երբ այդ կերպարանքն առաջ նետվեց, վազեց նրա վրա և գոռաց կատաղի ձայնով.

— Քսա՛կդ կամ կյա՛նքդ։

— Ա՜հ, դու ես ուրեմն, Մի՜տյա, — զարմացավ Ալյոշան, որ սակայն սաստիկ ցնցվել էր։

— Հա՛-հա՛-հա՜։ Չէի՞ր սպասում։ Մտածեցի՝ որտե՞ղ սպասեմ քեզ։ Նրա տան մո՞տ։ Երեք ճանապարհ կա այնտեղից, և կարող էի աչքիցս փախցնել քեզ։ Վերջապես որոշեցի այստեղ սպասել, որովհետև հենց այստեղից անպայման կանցնի, մտածեցի, ուրիշ ճանապարհ չկա դեպի վանք։ Դե՛հ, հայտնիր ճշմարտությունը, ճզմիր ինձ ուտիճի պես... Բայց ի՞նչ է պատահել քեզ։

— Ոչինչ, եղբայր... պարզապես վախեցա։ Ա՜խ Դմիտրի։ Հայրիկի արյո՜ւնը քիչ առաջ, — սկսեց արտասվել Ալյոշան։ Վաղուց էր ուզում լաց լինել, և հիմա կարծես հանկարծ մի բան փրթավ նրա հոգում։— Քիչ մնաց սպանեիր նրան... անիծեցիր նրան... իսկ հիմա... հիմա... կատակներ ես անում... քսակդ կամ կյանքդ...

— Դե լա՜վ, ի՞նչ կա որ։ Անվայել է, հա՞։ Հարմար չէ՞ իմ վիճակին։

— Ո՜չ... հենց այնպես ասացի...

— Կա՛ց։ Նայիր այս գիշերին, տեսնո՞ւմ ես, ինչ մռայլ գիշեր է, տե՛ս ինչ ամպեր են, ինչ քամի է բարձրացել։ Թաքնվել էի այստեղ, ուռենու տակ, քեզ էի սպասում, և հանկարծ մտածեցի (ահա աստվա՜ծ է վկա), մտածեցի՝ էլ ինչո՞ւ քարշ տամ այս տանջանքը, էլ ի՞նչ ունեմ սպասելու։ Ահա՛ ուռենին, թաշկինակ էլ կա, շապիկ էլ, կարելի է պարան շինել իսկույն, մի զույգ էլ տաբատակալ կա և... էլ ինչո՞ւ շարունակեմ բեռ լինել երկրի վրա, ինչո՞ւ անպատվեմ երկիրն իմ ստոր ներկայությամբ։ Մեկ էլ լսում եմ՝ դու ես գալիս... աստվա՜ծ իմ, կարծես հանկարծ լույս իջավ իմ վրա. կա՛ ուրեմն, կա՛ մի մարդ, որին սիրում եմ, ահա՛ նա, ահա՛ այն մարդը, իմ սիրելի ախպերիկը, որին ամենից ավելի եմ սիրում աշխարհիս վրա, միա՛կ մարդը, որին սիրում եմ, միա՜կը։ Եվ այնքա՜ն սիրեցի քեզ, այնքա՜ն սիրեցի այդ րոպեին, որ մտածեցի՝ հի՛մա փաթաթվեմ վզին։ Բայց մի հիմար միտք էլ եկավ. «Զվարճացնեմ նրան, վախեցնեմ» ։ Եվ ապուշի պես գոռացի՝ «Քսակդ» ։ Ներիր այդ գժությունը, պարզապես տրխմարություն էր, իսկ իմ հոգում... իմ հոգում էլ ինչպես հարկն է... Բայց դե գրողի ծո՛ցն այդ բոլորը, դու ասա՛ ինձ ի՞նչ եղավ այնտեղ։ Ի՞նչ ասաց Կատյան։ Ճզմի՛ր ինձ, ջախջախի՛ր ինձ՝ մի՛ խնայիր։ Կատաղե՞ց, փրփրե՞ց։

— Ոչ, ուրիշ բան եղավ... Բոլորովին ուրիշ բան, Միտյա։ Այնտեղ... երկուսին էլ հիմա գտա այնտեղ։

— Ո՞ր երկուսին։

— Գրուշենկային՝ Կատերինա Իվանովնայի տանը։

Դմիտրին ապշած մնաց։

— Անկարելի՛ է, — գոռաց նա, — զառանցո՜ւմ ես։ Գրուշենկան նրա մո՞տ։

Ալյոշան պատմեց ամեն ինչ, որ տեղի էր ունեցել այն վայրկյանից, երբ ինքը մտել էր Կատերինա Իվանովնայի տունը։ Տասը րոպե պատմեց. չի կարելի ասել, թե սահուն ու հարթ էր նկարագրում, բայց կարծես հստակ պատկերացում տվեց, հիշելով ամենակարևոր խոսքերը, ամենակարևոր շարժումները և հաճախ մի վառ գծով էլ իր սեփական զգացումները հայտնելով։ Դմիտրին լուռ լսում էր, սոսկալիորեն անշարժ ու սևեռուն հայացքով, բայց Ալյոշայի համար պարզ էր, որ նա ամեն ինչ հասկացել է արդեն, ըմբռնել է կատարված փաստի ամբողջ իմաստը։ Սակայն, պատմության ընթացքի հետ, նրա դեմքը ոչ թե պարզապես մռայլվում էր, այլ կարծես սպառնալից էր դառնում։ Հոնքերը կիտեց, ատամները սեղմեց, անշարժ հայացքը կարծես ավելի անշարժացավ, ավելի սևեռուն, ավելի սարսափելի դարձավ... Ուստի առավել ևս մեծ եղավ անակնկալը, երբ նրա զայրալից ու կատաղի դեմքը միանգամից փոխվեց անհավատալի արագությամբ, բացվեցին սեղմված շրթունքները, և Դմիտրի Ֆյոդորովիչը հանկարծ քահ-քահ ծիծաղեց՝ ամենեն անզուսպ, ամենեն սրտագին խնդուքով։ Անկուշտ քրքջում էր տառացիորեն, նույնիսկ երկար ժամանակ չէր կարողանում մի բառ ասել։

— Այնպես էլ չհամբուրե՜ց ձեռքը։ Այնպես էլ չհամբուրե՜ց ուրեմն, այնպես էլ փախա՜վ, — բացականչում էր նա շարունակ՝ մի տեսակ հիվանդագին հրճվանքով. կարելի էր նաև ասել լկտի հրճվանքով, եթե այնքան սրտաբուխ չլիներ այդ հրճվանքը։— Ուրեմն մյուսը գոռում էր՝ վա՜գր է։ Վա՜գր է, այո՜։ Ուրեմն կառափնարա՞ն պետք է տանել նրան, մտրակե՞լ։ Այո՛, այո՛, պետք է, պետք է, ես էլ եմ կարծում, որ պետք է, վաղուց պետք է։ Գիտե՞ս ինչ, եղբայր, թո՜ղ կառափնարան տանեն, բայց նախ և առաջ պետք է ազատվեմ այս ցավից։ Հասկանո՜ւմ եմ լկտիության թագուհուն, ինքն է ոտից գլուխ, իր ամբողջ էությունն է դուրս տվել այդ ձեռք համբուրելու հարցում, ա՜խ այդ դևի՛ ծնունդը։ Պատկերացրու աշխարհի բոլոր դիվային կանանց, այդ բոլորի թագուհի՛ն է նա։ Իր տեսակի մեջ մի սքանչելի՛ք։ Ուրեմն տո՞ւն վազեց։ Հիմա ես... ա՜խ... Դե՛հ, թռնում եմ մոտը։ Ալյոշկա, մի՛ մեղադրիր ինձ, համաձայն եմ ախր, որ խեղդելն էլ քիչ է նրան...

— Բայց Կատերինա Իվանովնա՜ն, — բացականչեց Ալյոշան տխրագին։

— Նրան էլ եմ հասկանում, նրա էլ ամբողջ էությունն եմ տեսնում, և այնպե՜ս եմ տեսնում, ինչպես երբե՛ք։ Մի ամբողջ հայտնագործություն է դա, միանգամից աշխարհի չորս, այսինքն հի՜նգ ցամաքամասերի գյուտը։ Ա՛յ քեզ հանդուգն քա՜յլ։ Ճիշտ այն Կատենկան է, այն դեռատի ուսանողուհին, որն իր հորը փրկելու վեհանձն գաղափարից մղված՝ չվախեցավ գալ ու կանգնել մի անկիրթ, կոպիտ սպայի առաջ, սիրտ արեց սարսափելի վիրավորանք կրել նրանից։ Բայց դե հա՜, մարդկային հպարտությո՜ւնը, վտանգը դիմագրավելու պահա՜նջը, այո՛, մարտահրավե՜րը ճակատագրի դեմ, չափ ու սահման չճանաչող մարտահրավերը։ Ասում ես, այդ մորաքույրն աշխատել է ե՞տ պահել նրան։ Գիտե՞ս, այդ մորաքույրն ինքը ինքնիշխան կին է, հարազատ քույրն է այն գեներալի այրու, որ ապրում է Մոսկվայում, և նրանից ավելի շատ էր քիթը ցցում, բայց ամուսինը բռնվեց պետական փողեր հափշտակելու մեջ, ամեն ինչից զրկվեց, կալվածից ու ամեն ինչից, և հպարտ կինը հանկարծ քիթն իջեցրեց, իսկ դրանից հետո է՛լ չկարողացավ մեջքն ուղղել։ Ուրեմն աշխատում էր զսպե՞լ Կատյային, իսկ Կատյան չլսե՞ց նրան։ Այսինքն թե՝ «Ամեն ինչ կարող եմ հաղթահարել, ամեն ինչ կարող եմ ենթարկել ինձ, եթե ուզեմ՝ Գրուշենկային էլ կկախարդեմ», և... Հը՜... ինքն էլ ախր հավատացել է դրան, ինքն իր դեմ է աքլորացել, է՛հ, ո՞վ է մեղավոր։ Կարծում ես դիտմա՞մբ ինքն է առաջինը Գրուշենկայի ձեռքը համբուրել, խորամանկ հաշի՞վ է ունեցել։ Ո՛չ, նա իրոք, իրո՛ք սիրահարվել է Գրուշենկային, այսինքն ոչ թե Գրուշենկային, այլ իր սեփական ցնորքին, իր զառանցանքին, որովհետև՝ դե տեսե՜ք, սա իմ ցնորքն է, իմ զառանցանքը։ Բայց Ալյոշա, սիրելիս, ինչպե՞ս կարողացար ազատվել նրանցից, այդպիսի՜ կանանցից։ Կապայիդ փեշերը հավաքեցիր ու փախա՞ր, ինչ է։ Հա՛-հա՛-հա՜։

— Եղբա՛յր, ինձ թվում է՝ դու ուշադրություն անգամ չդարձրիր, թե ինչ վիրավորանք ես հասցրել Կատերինա Իվանովնային, երբ Գրուշենկային պատմել ես այդ օրվա դեպքը։ Հիմա Գրուշենկան նրա երեսով տվեց, ասաց՝ «ինքներդ թաքուն գնացել եք կավալերների մոտ ձեր գեղեցկությունը ծախելու» ։ Եղբա՛յր, կարելի՞ է ավելի մեծ վիրավորանք հասցնել։

Ալյոշային ամենից ավելի տանջում էր այն միտքը, թե եղբայրը կարծես ուրախ է Կատերինա Իվանովնայի ստորացման համար, թեև չէր կարող անշուշտ այդպիսի բան լինել։

— Բահո՜, — սոսկալի խոժոռվեց հանկարծ Դմիտրի Ֆյոդորովիչը և ափով խփեց ճակատին։ Հիմա միայն ուշադրություն դարձրեց, թեև քիչ առաջ Ալյոշան ամեն ինչ պատմել էր միանգամից, հիշելով և՛ այդ վիրավորանքը, և՛ Կատերինա Իվանովնայի ճիչը՝ «Սրիկա՛ է ձեր եղբայրը» ։— Այո, իսկապես, գուցե և պատմել եմ Գրուշենկային այդ «ճակատագրական օրվա» մասին, ինչպես ասում է Կատյան։ Այո, ճիշտ է, պատմել եմ, հիշում եմ հիմա։ Հենց այդ օրն էր, Մոկրոեում, հարբած էի, գնչուհիները երգում էին... Բայց հեկեկում էի, հեկեկում էի այն ժամանակ, ծնկաչոք աղոթում էի Կատյայի պատկերին, և Գրուշենկան հասկանում էր այդ։ Ամեն ինչ հասկացավ այդ ժամանակ, հիշում եմ, ինքն էլ լաց էր լինում... Է՜հ, գրո՛ղը տանի։ Կարո՞ղ էր այլ կերպ լինել հիմա։ Այդ օրը լաց էր լինում, իսկ հիմա... Հիմա «դաշույնը սրտին» ։ Այդպես են կնիկները։

Նա հայացքը խոնարհեց ու մտածմունքի մեջ ընկավ։

— Այո՛, սրիկա եմ։ Կատարյա՛լ սրիկա, — ասաց նա հանկարծ մռայլ ձայնով։— Միևնույն է, լաց եմ եղել կամ ոչ՝ սրիկա եմ, միևնույն է։ Ասա՛ այնտեղ, որ ընդունում եմ այդ հորջորջումը, եթե դա կարող է մխիթարել նրան։ Դե լա՛վ, բավական է, մնաս բարով։ Ի՜նչ օգուտ շատախոսելուց։ Ոչ մի ուրախ բան չկա։ Դու քո ճամփով գնա, ես էլ իմ ճամփով։ Եվ չեմ էլ ուզում այլևս հանդիպել քեզ, քանի դեռ չի եկել ամենավերջին, օրհասական վայրկյանը։ Մնաս բարով, Ալեքսե՛յ։— Նա ամուր սեղմեց Ալյոշայի ձեռքը և, հայացքը դեռ խոնարհած, առանց գլուխը բարձրացնելու, կարծես պոկ եկավ տեղից և արագ քայլեց դեպի քաղաք։ Ալյոշան եղբոր ետևից նայեց, չհավատալով, որ նա կարող է այդպես հանկարծ թողնել ու գնալ։

— Սպասի՜ր, Ալեքսեյ, մի խոստովանություն ևս, միայն քե՛զ, — հանկարծ ետ դարձավ Դմիտրի Ֆյոդորովիչը։— Նայիր ինձ, ուշադիր նայիր։ Տեսնո՞ւմ ես, ահա այստե՛ղ, այստեղ՝ սոսկալի մի անպատվություն է պահված այստեղ։ («Ահա այստեղ» ասելով, Դմիտրի Ֆյոդորովիչը բռունցքով խփում էր իր կրծքին՝ այնպիսի տարօրինակ մի արտահայտությամբ, որ կարծես անպատվությունը հենց իր կրծքի վրա էր պահված, ինչ֊որ մի տեղ, գուցե գրպանում, կամ էլ մի բանի մեջ կարված ու կախված էր վզից) ։ Դու հիմա գիտես ինձ արդեն. սրիկա եմ, հայտնի՛ սրիկա։ Բայց իմացիր, ինչ էլ արած լինեմ անցյալում, ինչ էլ անեմ հիմա կամ առաջիկայում, ո՜չ մի բան, ո՛չ մի բան իր ստորությամբ չի կարող համեմատվել այն անպատվության հետ, որ հենց հիմա, հենց այս րոպեիս կրում եմ այս իմ կրծքի վրա՝ ահա այստե՛ղ, այստե՛ղ, մի անպատվություն, որ կատարվում է արդեն, այնինչ լրիվ ինձնից է կախված դադարեցնելը։ Կարող եմ դադարեցնել կամ կատարել, նկատի՛ ունեցիր։ Դե լավ, գիտցի՛ր ուրեմն, որ կատարելու եմ, չեմ դադարեցնելու։ Ամեն ինչ պատմեցի քեզ մի քանի ժամ առաջ, բայց այս մեկը չպատմեցի, որովհետև ե՛ս անգամ չկարողացա այդքան պնդերես լինել։ Կարող եմ դեռ կանգ առնել, և եթե կանգ առնեմ, կարող եմ վաղն ևեթ վերադարձնել իմ կորած պատվի մի ամբողջ կեսը։ Բայց կանգ չեմ առնի, կիրագործեմ իմ ստոր մտադրությունը, և դու այս րոպեից վկա եղիր, որ ես նախօրոք եմ ասում այս բանը, գիտակցորեն։ Կործանո՜ւմ ու խավա՜ր։ Կարիք չկա բացատրելու։ Երբ ժամանակը գա՝ կիմանաս։ Գարշահոտ գռիհն ու դիվային կի՜նը։ Մնաս բարով։ Մի՛ աղոթիր ինձ համար, արժանի չեմ, և պետք էլ չէ, բոլորովին պետք չէ... կարիք չունեմ, բնա՛վ։ Հեռո՛ւ ինձանից...

Եվ նա հանկարծ թողեց ու հեռացավ, այս անգամ արդեն վերջնականապես։ Ալյոշան դեպի վանք գնաց։ «Ինչպե՞ս թե, ինչպե՞ս թե երբեք չեմ տեսնելու նրան, ի՞նչ է ասում, — արտառոց թվաց այդ գաղափարն Ալյոշային, — հենց վաղն ևեթ կտեսնեմ անպայման, կփնտրեմ, դիտմամբ կփնտրեմ ու կգտնեմ նրան, այդ ի՜նչ բան էր ասածը...» ։

Նա շրջանցեց վանքը և սոճու պուրակի միջով ուղղակի մենաստան գնաց։ Դուռը բացեցին նրա առաջ, թեև այդ Ժամին ոչ ոքի ներս չէին թողնում։ Նրա սիրտը դողում էր, երբ մտավ սրբահոր խուցը. «Ինչո՞ւ, ինչո՞ւ դուրս եկա, ինչո՞ւ նա ինձ ուղարկեց «աշխարհ» ։ Այստեղ խաղաղություն է, սրբություն է այստեղ, իսկ այնտեղ շփոթ, խավար, որի մեջ կարող ես իսկույն կորցնել ճանապարհդ ու մոլորվել...» ։

Խուցում նորընծա Պորֆիրին կար և աբեղա հայր Պաիսին, որ ժամը մեկ գալիս էր ամբողջ օրվա ընթացքում՝ հայր Զոսիմայի առողջության մասին տեղեկանալու։ Ալյոշան վախով իմացավ, որ սրբահոր վիճակն ավելի ու ավելի էր վատանում։ Նույնիսկ միաբանության հետ երեկոյան սովորական զրույցը չէր կարող տեղի ունենալ այս անգամ։ Սովորաբար ամեն երեկո, ժամերգությունից հետո, նախքան գիշերային քունը, վանական միաբանությունը հավաքվում էր սրբահոր խուցը, և ամեն մեկը բարձրաձայն խոստովանում էր նրան նույն օրվա իր մեղանչումները, մեղսալից ըղձանքներն ու մտքերը, գայթակղությունները, նույնիսկ վեճերն ու գժտությունները, եթե որևէ այդպիսի բան ունեցել էր։ Ոմանք ծնկաչոք էին խոստովանում։ Սրբահայրը թողություն էր տալիս, հաշտեցնում էր, խրատում, ապաշխարանքի ենթարկում, օրհնում էր և արձակում։ Ահա ճիշտ այս համախումբ «խոստովանանքների» դեմ էին ընդվզում սրբահայրության կարգի հակառակորդները, ասելով, որ դա խոստովանանքի խորհուրդի անարգումն է, համարյա սրբապղծություն, թեև բոլորովին այլ բնույթ ունեին այս զրույցները սրբահոր հետ։ Նույնիսկ թեմական առաջնորդին խնդիր էին ներկայացնում, թե այդպիսի խոստովանանքները ոչ միայն չեն հասնում բարի նպատակի, այլև իսկապես ու լայնորեն դուռ են բացում մեղքի ու գայթակղության առաջ։ Իբրև թե միաբաններից շատերը չեն ուզում սրբահոր մոտ գնալ, բայց գնում են ակամա, հետևելով մյուսներին, որպեսզի հպարտ ու խռովամիտ չնկատվեն։ Պատմում էին, թե միաբաններից ոմանք, երեկոյան խոստովանանքի գնալուց առաջ, նախօրոք պայմանավորվում են իրար հետ՝ «Ես կասեմ, որ առավոտյան զայրացել եմ քո դեմ, իսկ դու հաստատիր», — որպեսզի ասելու բան ունենան և գլուխներն ազատեն պարզապես։ Ալյոշան գիտեր, որ երբեմն իրոք այդպես է պատահում։ Գիտեր նույնպես, թե միաբաններից ոմանց խիստ վրդովում էր այն սովորությունը, որի համաձայն վանականների ծնողներից եկած նամակներն անգամ նախ տանում էին սրբահորը, որպեսզի նա բանա ու ծանոթանա դրանց՝ հասցեատերերին հանձնելուց առաջ։ Անշուշտ ենթադրվում էր, որ այդ ամբողջը պետք է կատարվի ազատորեն ու ինքնաբուխ կերպով, ի խորոց սրտի, հանուն անկաշկանդ խոնարհության ու փրկարար խրատման, բայց պարզվում էր, որ իրականության մեջ երբեմն բացակայում է անկեղծությունը, շատ բան արվեստակյալ է ու կեղծ։ Սակայն ավագ ու ամենափորձառու միաբանները պնդում էին իրենց տեսակետը, պատճառաբանելով, թե «անձի նվիրաբերման ու հնազանդության այս սխրանքն անտարակույս փրկարար կլինի և մեծ օգուտ կբերի նրանց, ովքեր անկեղծորեն են փակվել այս պատերի մեջ՝ վասն հոգու փրկության։ Իսկ ով որ, ընդհակառակը, ճնշվում է և տանջվում, միևնույն է թե վանական չէ գոգցես իզուր է վանք մտել. աշխարհիկ կյանքն է նրա տեղը։ Եվ ոչ միայն աշխարհիկ կյանքում, այլև տաճարում չես կարող ապահով լինել մեղքից ու սատանայից, ուստի և հարկ չկա ներողամիտ լինել մեղքի նկատմամբ» ։

— Տկարացավ, քնկոտություն եկավ վրան, — շշնջաց հայր Պաիսին՝ օրհնելով Ալյոշային։— Զարթնեցնելն անգամ դժվար է։ Բայց և կարիք չկա զարթնեցնելու։ Մոտ հինգ րոպե արթուն էր քիչ առաջ, խնդրեց իր օրհնությունը հաղորդել միաբանության, իսկ իր համար գիշերային աղոթքներ հայցեց միաբաններից։ Մտադիր է կրկին հաղորդություն առնել առավոտյան։ Քեզ հիշեց, Ալեքսեյ, հարցրեց, թե գնացե՞լ ես դու։ Պատասխանեցինք, որ դու քաղաքում ես։ «Ա՛յդ առաքելության համար իմ օրհնությունը տվեցի նրան, այնտեղ է նրա տեղն առայժմ, ոչ թե այստեղ», — ահա թե ինչ ասաց քո մասին։ Սիրով էր հիշում քեզ, հոգածությամբ. հասկանո՞ւմ ես, թե ինչ գնահատանքի ես արժանացել։ Բայց ինչպե՞ս է, որ քեզ համար սահմանել է աշխարհիկ կյանքում ապրել որոշ ժամանակ։ Նշանակում է՝ մի բան է նախատեսում քո ճակատագրում։ Հասկացիր, Ալեքսեյ, որ եթե վերադառնաս աշխարհիկ կյանքին, ապա ուրեմն քո սրբահոր հանձնարարած հորդորը կատարելու համար է, այլ ոչ թե ունայն թեթևամտության և աշխարհիկ զվարճության համար...

Հայր Պաիսին դուրս գնաց։ Ալյոշան տարակույս չուներ, որ վախճանվում է արդեն սրբահայրը, թեև մեկ կամ երկու օր էլ կարող էր ապրել տակավին։ Հակառակ այն խոստումին, որ Ալյոշան տվել էր իր հորը, Խոխլակովաներին, եղբորն ու Կատերինա Իվանովնային, նա հաստատապես ու սրտանց վճռեց՝ բնավ դուրս չգալ հաջորդ օրը վանքից և մինչև վերջին վայրկյանը մնալ իր սրբահոր մոտ։ Սիրտն սկսեց տոչորվել սիրով, և նա դառնորեն հանդիմանեց ինքն իրեն, որ կարողացել էր քաղաքում թեկուզ մի ակնթարթ մոռանալ նրան, ում թողել էր վանքում՝ մահվան անկողնի մեջ, և որին ամենից բարձր էր դասում աշխարհիս երեսին։ Մտավ սրբահոր ննջասենյակը, ծունկի եկավ և մինչև գետին խոնարհվեց սրբահոր առաջ։ Հանգիստ ու անշարժ քնած էր սրբահայրը, համաչափ ու գրեթե աննկատելի շնչելով։ Խաղաղ էր նրա դեմքը։

Վերադառնալով մյուս սենյակը, հենց այն սենյակը, ուր սրբահայրն առավոտյան ընդունել էր հյուրերին, Ալյոշան կոշիկները հանեց ու պառկեց կաշեպատ, կոշտ ու նեղ բազմոցի վրա, ուր վաղուց քնում էր ամեն գիշեր։ Միայն իր բարձն էր բերում ու դնում գլխի տակ, իսկ այն ներքնակը, որի մասին հայրը գոռացել էր առավոտյան, վաղուց մոռացել էր արդեն։ Հանում էր միայն կապան, որով ծածկվում էր վերմակի փոխարեն։ Բայց քնելուց առաջ ծնրադրում էր ու երկար աղոթում։ Այդ ջերմեռանդ աղոթքում աստծուց չէր խնդրում փարատել իր խռովքը, այլ լոկ ցնծագին խանդաղատանք էր տենչում, նախկին օրերի այն խանդաղատանքը, որ միշտ այցելում էր իր հոգուն՝ աստուծո ուղղված գովքից ու փառաբանությունից հետո, և սովորաբար իր գիշերային աղոթքի բովանդակությունն էլ աստուծո գովքն ու փառաբանությունն էր լինում։ Իրեն այցելած այդ ցնծությունը թեթև ու խաղաղ քուն էր բերում նրան։ Եվ հիմա էլ աղոթում էր այդպես, երբ հանկարծ պատահաբար գրպանում շոշափեց այն փոքրիկ վարդագույն ծրարը, որ Կատերինա Իվանովնայի աղախինն էր տվել՝ հասնելով իր եստևից։ Խռովք զգաց, բայց ավարտեց աղոթքը։ Այնուհետև, փոքր-ինչ տատանվելուց հետո, ծրարը բացեց։ Մեջը մի նամակ կար իրեն ուղղված, և նամակն ստորագրել էր Lise-ը, տիկին Խոխլակովայի այն դեռահաս դուստրը, որ այնպես ծիծաղել էր իր վրա առավոտյան՝ սրբահոր ներկայությամբ։

«Ալեքսեյ Ֆյողորովիչ, — գրում էր նա, — բոլորից գաղտնի եմ գրում ձեզ, մամայից էլ գաղտնի, և գիտեմ, թե որքան վատ է դա։ Բայց ես չեմ կարող այլևս ապրել, եթե չասեմ ձեզ այն, ինչ ծնունդ է առել իմ սրտում, և մի որոշ ժամանակ ոչ ոք պետք չէ իմանա այս բանը, բացի մեր երկուսից։ Բայց ինչպե՞ս ասեմ ձեզ այն, ինչ այնպե՜ս ուզում եմ ասել ձեզ։ Ասում են, թուղթը չի կարմրում. հավատացնում եմ ձեզ, որ դա ճիշտ չէ, և որ թուղթն էլ կարմրում է ճիշտ այնպես, ինչպես հիմա ինքս եմ կարմրել ամբողջովին։ Սիրելի՛ Ալյոշա սիրում եմ ձեզ, դեռ մանկության օրերից եմ սիրում, Մոսկվայի օրերից, երբ դուք բոլորովին այն չէիք, ինչ հիմա եք, և սիրում եմ ցկյանս։ Իմ սրտով եմ ընտրել ձեզ, որպեսզի միանանք իրար և ծերության օրերին միասին վերջացնենք մեր կյանքը։ Անշուշտ այն պայմանով, որ դուրս եք գալու վանքից։ Իսկ ինչ վերաբերում է մեր տարիքին, կսպասենք այնքան, որքան պահանջում է օրենքը։ Մինչ այդ ես պիտի անպայման առողջանամ, պիտի քայլեմ ու պարեմ։ Այդ մասին խոսք չի կարող լինել։

Տեսնո՞ւմ եք, ինչպես եմ կշռադատել ամեն ինչ, միայն մի բան չեմ կարողանում պատկերացնել. ի՞նչ եք մտածելու իմ մասին, երբ կարդաք։ Ես միշտ ծիծաղում եմ ու չարաճճիություն անում, այս առավոտ բարկացրի ձեզ, բայց հավատացնում եմ, որ հիմա, գրիչը ձեռքս առնելուց առաջ, աղոթեցի աստվածածնի պատկերի առաջ ու այս րոպեիս էլ աղոթում եմ և համարյա լաց լինում։

Իմ գաղտնիքը ձեր ձեռքումն է հիմա։ Չգիտեմ, թե ինչպես եմ նայելու ձեզ վաղը, եթե գաք։ Ա՜խ, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, եթե նորի՞ց չկարողանամ զսպել ինձ հիմարի պես և նորից ծիծաղե՞մ ձեզ նայելով, ինչպես այս առավոտ։ Չէ՞ որ ինձ կհամարեք մի զզվելի աղջիկ, որ ծաղրում է ձեզ, և չեք հավատա իմ նամակին։ Ուրեմն խնդրում եմ ձեզ, սիրելիս, եթե որևէ չափով կարեկցում եք ինձ, վաղը, ներս մտնելիս, շատ ուղղակի մի՛ նայեք իմ աչքերի մեջ, որովհետև ես, հանդիպելով ձեր աչքերին, գուցե անպայման ծիծաղեմ հանկարծ, մանավանդ որ այդ երկար հագուստով եք լինելու... Նույնիսկ հիմա, երբ մտածում եմ այդ մասին, սարսուռ է անցնում ամբողջ մարմնովս, ուստի երբ գաք վաղը, մի որոշ ժամանակ բնավ մի՛ նայեք ինձ, այլ նայեցեք մամային կամ լուսամուտին...

Ահա սիրային նամակ գրեցի ձեզ, աստվա՜ծ իմ, ի՜նչ արեցի։ Ալյոշա, մի՛ արհամարհեք ինձ, և եթե շատ վատ բան արեցի ու վշտացրի ձեզ, ներեցեք ինձ։ Ձեր ձեռքումն է հիմա իմ լավ կամ վատ անվան, գուցե ընդմիշտ փչացած իմ անվան գաղտնիքը։

Այսօր անպայման լաց եմ լինելու։ Ցտեսություն՝ մինչև մեր սարսափելի տեսակցությունը։ Lise

P. Տ. Ալյոշա, միայն թե անպայման, անպայման, անպայմա՛ն եկեք։ Lise» ։

Ալյոշան զարմանքով կարդաց, կարդաց երկու անգամ, մտածեց և հանկարծ մեղմ, քաղցր ծիծաղեց։ Ու ցնցվեց մեկեն, այդ ծիծաղը մեղսալի թվաց նրան։ Բայց հաջորդ վայրկյանին դարձյալ ծիծաղեց նույնքան մեղմ ու նույնքան երջանիկ։ Նամակը դանդաղորեն դրեց փոքրիկ ծրարի մեջ, խաչակնքեց երեսը և պառկեց։ Հոգու խռովքն անցավ հանկարծ։ «Տե՜ր, ողորմյա՛ բոլորին, որ տեսա այսօր, պահպանիր նրանց՝ դժբախտ ու փոթորկահույզ հոգիներին, և առաջնորդիր նրանց։ Քոնն են ուղիները բոլոր։ Եվ փրկիր նրանց քո ընտրած ուղիներով։ Դո՛ւ ես սերը, դու ուրախություն ևս կուղարկես բոլորին», — մրմնջում էր Ալյոշան խաչակնքելով ու սուզվում էր անվրդով քնի մեջ։

  1. Jump up↑ Առ ցնծություն (գերմ.)

    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4142 | 0 | 0
Facebook