Loading...

Articles

Հսկա պետության բռնապետ առաջնորդի դժբախտ կինը

20:19, Sunday, 22 October, 2017
Հսկա պետության բռնապետ առաջնորդի դժբախտ կինը

Ստալինը երկրորդ անգամ ամուսնանում է աքսորից վերադառնալուց հետո, երեսունութ տարեկանում:


     Նրա երկրորդ կնոջ` Նադեժդա Սերգեյի Ալիլուևայի նախնիները ճորտեր են եղել: Նադեժդայի պապը` Յակով Ալիլուևը, և տատը` Մարֆա Պետրովնան, պատկանել են կալվածատեր Տրեժևսկուն: Յակովը կառապան է եղել, իսկ Մարֆան` աղախին: Կալվածատիրոջ տանը ծառայել են նաև նրանց բոլոր ազգականները: Ճորտական կախվածությունից ազատագրվելուց հետո Ալիլուևները բնակություն են հաստատում Վորոնեժի նահանգի Նովոխոպերյան ուեզդի Ռամենե գյուղում, որտեղ ընտանիքի գլխավորը խոլերայից մահանում է, իսկ նրա կինը օրավարձու աշխատանք է կատարում, համագյուղացիների հագուստն է կարկատում: Այս աշխատանքով նա հազիվ կարողանում է ընտանիքի կիսաքաղց գոյատևումն ապահովել:

Նադեժդայի ծնողները` Սերգեյ Յակովլևիչն ու Օլգա Եվգենևնան, պրոֆեսիոնալ հեղափոխականներ են եղել: Նրանք երիտասարդ տարիքում են ամուսնացել: Նադեժդայի ու Ստալինի դստեր՝ Սվետլանայի վկայությամբ՝ Նադեժդայի հայրը կիսով չափ գնչու է եղել, իսկ մայրը՝ գերմանացի:

Ոստիկանական արխիվի նյութերից հայտնի է, որ ուղղափառ դավանանքի քրիստոնյա Սերգեյ Յակովլևիչը տիրապետել է խառատի ու մեքենավարի մասնագիտություններին: Թիֆլիսի նահանգային ժանդարմական վարչությունը հետևել է նրա հեղափոխական գործունեությանը. 1902-ին նա մեղադրվել է «գաղտնի ընկերության» անդամ լինելու մեջ, 1903-ին կալանավորվել է, բայց մեղադրանք չի հարուցվել, ընդամենը նրան արգելվել է Կովկասում բնակվել: 1905 թվականին նրա նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանվել, բայց այն չի իրագործվել, որովհետև Դոնի Ռոստով ժամանելուց հետո նա ընդհատակ է անցել: Հետագայում Ս. Ալիլուևը շարունակել է ակտիվորեն մասնակցել հեղափոխական շարժմանն ու մի քանի անգամ ձերբակալվել է: Նրա կինը՝ Օլգա Եվգենևնան, Թիֆլիսում է ծնվել: Նրանք չորս զավակ են ունեցել` Պավել, Ֆյոդոր, Աննա և Նադեժդա: Ալիլուևներն արտասահմանում չեն եղել:

«Իմ կինը՝ Օլգա Եվգենևնան, - հետագայում գրել է Ս. Ալիլուևը, - մեր ամուսնության առաջին իսկ օրերից հարել է հեղափոխական շարժմանը, միշտ կատարել է ընդհատակյա կազմակերպության հանձնարարությունները: Իմ հեղափոխական գործունեության ամբողջ ընթացքում նա միշտ եղել է իմ հավատարիմ ուղեկիցն ու օգնականը»:

Այս ամուսնությունը երջանիկ է եղել: Այն չի մթագնել նույնիսկ այն հանգամանքը, որ Օլգան երբեմն ուրիշ տղամարդկանցով (հունգարացի, լեհ, բուլղար, թուրք) է հրապուրվել: Բայց, չնայած դրան, տանը նրան ըմբռնումով են վերաբերվել: Հերթական հրապուրվածությունը երկար չի տևել ու բնականուն ընտանեկան կյանքը շարունակվել է:

Երբ նրանք Թբիլիսիում էին ապրում, տեղի է ունենում ապագա աներոջ ու փեսայի ծանոթությունը. Այդ ժամանակ Ստալինի ապագա կինը` Նադեժդան, դեռ մանկամարդ աղջիկ էր: Ըստ ընտանեկան ավանդապատումի` Իոսիֆ Ստալինը 1903 թվականին փրկում է երկամյա Նադեժդային, երբ վերջինս Բաքվի լողափին ծովն է ընկնում:

1907 թվականին Ալիլուևների ընտանիքը Պետերբուրգ է տեղափոխվում:

1917 թվականի հուլիսին, երբ բոլշևիկների նկատմամբ հալածանք էր սկսվել, մի որոշ ժամանակ նրանց բնակարանում թաքնվում է Լենինը, որը հետագայում բազմիցս հոգածություն է դրսևորում Ալիլուևների ընտանիքի նկատմամբ: 1920 թվականի մարտին և ապրիլին նա կարգադրում է «երկարատև արձակուրդ տրամադրել» թոքերի հիվանդություն ունեցող Պ.Ս. Ալիլուևին: Նա հեռագրով պահանջում է, որ իրեն տեղեկացնեն Կրիվոյ Ռոգի հանքավայրերը հետազոտելու ուղարկված Ս.» Ալիլուևի մասին (6 ամիս շարունակ նրա մասին ոչ մի տեղեկություն չէր ստացվում):

Սիբիրյան աքսորից վերադարձած Ստալինին Ալիլուևները ջերմորեն են ընդունում: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Նադեժդան հրապուրվում է նրանով, որը նկատում են ընտանիքի անդամները: Ստալինն անարձագանք չի թողնում աղջկա տածած զգացմունքը:

1917 թվականի հոկտեմբերի հեղափոխական օրերից մինչև 1918 թվականի հունվար Նադյան գրեթե ոչնչով չի տարբերվել իր ընկերուհիներից, նրանք բոլորն էլ հեռու են եղել քաղաքականությունից: Այդ մասին են վկայում նրա իսկ գրառումները:

«Պիտերից մեկնել չենք պատրաստվում: Մթերքի հարցում առայժմ բարդություն չկա: Հավկիթ, կաթ, հաց ու միս կարելի է ձեռք բերել, թեպետ բոլորն էլ թանկ են…Ընդհանուր առմամբ՝ ապրել հնարավոր է, թեպետ մեր (ու նաև բոլորի) տրամադրությունը շատ վատ է, ժամանակ առ ժամանակ ուղղակի լալիս եմ. ահավոր ձանձրալի է, ոչ մի տեղ չես կարող գնալ: Բայց օրերս երաժշտության ուսուցչի հետ Երաժշտական դրամայի թատրոնում էի ու տեսա «Կաչաղակի տոնավաճառ» -ը, շատ գոհ մնացի: Պիտերում լուրեր են պտտվում, թե հոկտեմբերի 20-ին բոլշևիկների ելույթն է տեղի ունենալու, բայց այդ ամենը, կարծում եմ, դատարկ խոսակցություններ են»:

«…հիմա ես գիմնազիայում կռիվների մեջ եմ: Մեզ մոտ պաշտոնյաների համար փող են հավաքում, և բոլորը երկու, երեք ռուբլի են տալիս: Երբ ինձ մոտեցան, ասացի. «Ես չեմ տալիս»: Ինձ հարցրին. «Դուք, երևի, փողը մոռացե՞լ եք»: Իսկ ես ասացի, թե ընդհանրապես չեմ ցանկանում զոհաբերել: Համա' թե փոթորիկ սկսվեց: Ու հիմա բոլորն ինձ բոլշևիկուհի են անվանում, բայց ոչ թե չարությամբ, այլ սիրելով: Ինձ շատ է հետաքրքրում, թե Ալյոշան ո՞ր կուսակցության մեջ է, նա, հավանաբար, բոլշևիկ է:

Արդեն երկու ամիս է, ինչ երաժշտություն եմ պարապում, առաջադիմությունս` դե ոչինչ, միայն չգիտեմ, թե հետո ինչ է լինելու: Իսկ այժմ` ցտեսություն: Ես դեռ պետք է «Աստծո պատվիրաններ» -ը սովորեմ»:

«…Գիմնազիայում դասերը շատ ծուլորեն են ընթանում: Այս ամբողջ շաբաթն այցելում ենք Բանվորների, գյուղացիների ու զինվորների խորհուրդների համառուսական համագումար: Բավականին հետաքրքիր է, հատկապես, երբ խոսում են Տրոցկին ու Լենինը, մյուսները շատ անբովանդակ ու անկրակ են խոսում: Վաղը` հունվարի 17-ին, Համագումարի վերջին օրն է, և մենք բոլորս անպայման գնալու ենք»:

«Պիտերում սարսափելի սով է, օրական տալիս են ութ ֆունտ հաց, իսկ մի օր ընդհանրապես չտվեցին: Ես բոլշևիկներին նույնիսկ հայհոյեցի: Բայց խոստացել են փետրվարի 18-ից հացն ավելացնել: Տեսնենք…Քաշս 20 ֆունտով նվազել է, ու ստիպված եմ բոլոր շրջազգեստներս ու ներքնաշորերս նեղացնել…բոլորը հագիցս ընկնում են: Նույնիսկ կասկածում են, թե հո չե՞մ սիրահարվել, որ այդ քան նիհարել եմ:

Տասն օրով մեր տուն եկավ Պավլուշան ու նորից մեկնեց: Նա զինվորագրվել է է սոցիալիստական նոր բանակին, թեպետ ասում է, թե իրեն չափազանց զզվեցրել է ռազմաճակատը: Մայրիկը նրան նախատեց: Հայրիկը նույնպես ուզում է զինվորագրվել, բայց, ինչ խոսք, կատակում է»:

1919 թվականին Նադյան պաշտոնապես ամուսնանում է Ստալինի հետ ու անդամագրվում է կուսակցությանը: Բայց նրանք ավելի վաղ՝ 1918-ին էին ամուսնացել: Այդ ժամանակներում Պետրոգրադում ապրող և Ալիլուևների ընտանիքի հետ սերտորեն կապված Իրինա Գոգուան, հիշում է, թե ինչպես «մի օր վազելով խիստ հուզված տուն է մտնում Սերգեյ Յակովլևիչը՝ Նադեժդայի հայրը, և ասում է, թե նա՝ Ստալինը, Նադյաին տարել է (ռազմաճակատ)»:

Հին հեղափոխական-բոլշևիկի ինտելիգենտ ընտանիքից սերված երիտասարդ աղջկա հետ ամուսնությունը, ինչպես երևում է, վստահություն է ներշնչել Ստալինին, և այնպես է ստացվել, որ նրա քաղաքական վերելքը համընկել է նրա ընտանեկան կյանքի առաջին տարիների հետ: Ստալինների ընտանեկան ալբոմում պահպանվել է զինվորական հագուստ կրող Նադեժդայի փոքրիկ լուսանկարը: Այդ լուսանկարն արվել է ամուսինների՝ Ցարիցինյան ռազմաճակատ մեկնելու ժամանակ:


     (շարունակելի)

Սերգեյ Ալիլուևը՝ Նադեժդայի հայրը:
Սերգեյ Ալիլուևը՝ Նադեժդայի հայրը:
Նադեժդայի մեկ այլ լուսանկարը:
Նադեժդայի մեկ այլ լուսանկարը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7904 | 0 | 0
Facebook