Աշունը չորացած տերև չէ…
Իմ աշունն այսպիսին չէ, բայց ես սիրում եմ և այս ու այն ամենը ինչ կապված աշնան հետ: Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր ասում են, որ աշունը ռոմանտիկների եղանակն է ու հպարտորեն ավելացնում, որ իրենք աշունը չեն սիրում, ռոմանտիկ չեն…: Մի կողմ դնենք, որ ռոմանտիկ լինելը իրենց պատկերացրած սարսափելի հատկանիշը չէ, բայց մյուս կողմից միանշանակ չէ, որ աշունը սիրող բոլոր մարդիկ խիստ ռոմանտիկներ են: Կարծում եմ այդպես մտածողները պարզապես լսել են այն գիտական նյութի միայն առաջին մասը, ըստ որի աշնանը մարդիկ դառնում են առավել զգացմունքային, բայց ոչ միայն աշունը սիրողները, այլ ԲՈԼՈՐԸ:) Մենք գրքեր ենք կարդում, դասընթացների մասնակցում, որոնք մեզ սովորեցնում են ինչ-որ օրենքներ, մեխանիզմներ երջանիկ, հաջողակ լինելու համար: Սակայն իրականում այդ ամենը մեզ տրվում է ավելի պարզ տեսքով . պետք է պարզապես վերցնել: Բնության մեջ կատարվող ցանկացած երևույթ մարդկանց ինչ-որ բան ունի սովորեցնելու: Աշնանը քամին ծառերից պոկում է չորացած տերևները ու քշում ծառից հեռու՜, փոխարենը որոշ ժամանակ անց ծառը ունենում նոր տերևներ ՝ կանա՜չ, կյանքով լի: Այդպես էլ պետք է թույլ տանք աշնան քամին անցնի նաև մեր զգացմունքների կողքով ՝պոկելով այնտեղ եղած չորացած զգացմունքները, որոնք մեզ այլևս պետք չեն ՝դրանց փոխարեն մենք ունենալու ենք նորերը ՝ կանաչ, կյանքով լի: Պետք է թույլ տանք, որ աշնան քամու հետ գնան այն մարդիկ, ովքեր մեր կողքին են դողացող տերևի նման ու միևնույն է մի օր գնալու են.թող գնան հիմա այս թեթև, աշնանային քամուց և ոչ թե անսպասելի փոթորկի պահին նկատենք, որ մենակ ենք մնացել, որ նրանք գնացել են վաղուց … Աշնանը սիրում ենք փաթաթվել վերմակի մեջ ու թեյել: Բայց ամենահաստ վերմակն էլ մեզ չի տաքանցի, եթե մեր ներսում չունենք ջերմություն դեպի կյանք, ընտանիք …դեպի մի սեր: Դե իսկ թեյն առանց ընկերների ոչինչ է: Այս մարդկային տիեզերքում ամենքս մի մոլորակ ենք, ունենք մեր եղանակները: Բայց մերը չորսը չէ, շատ է, շատ-շատ ու մեկ օրում կարող է փոխվել մի քանի եղանակ: Կարևոր չէ դրսում աշուն է, ամառ, թե երկուսը միասին:) կարևոր է ինչ եղանակ է մեր հոգում…
|