Loading...

Articles

Ի՞նչ է ասում առասպելը «Դանեբրոգ»-ի «հրաշափառ հայտնության» մասին

22:20, Wednesday, 18 October, 2017
Ի՞նչ է ասում առասպելը «Դանեբրոգ»-ի «հրաշափառ հայտնության» մասին

Դա տեղի է ունեցել 1219 թվականի հունիսի 15-ի երեկոյան: Դանիայի թագավոր Վալդեմար 2-րդը, որին «Հաղթող» պատվանունն են տվել, դժվարին կացության մեջ է հայտնվում: Նա արդեն նվաճել էր Հոլշտինիան ու այժմ էլ ուզում էր իր թագավորությանը միացնել մերձբալթյան էստերի (ներկայիս էստոնացիների նախնիները) երկիրը՝ իբր այդ հեթանոսներին քրիստոնեացնելու համար: Բայց էստերը հերոսաբար դիմադրել են, և Լինդանիսե ամրոցի մոտ (այն տեղում, որտեղ այժմ Տալլին քաղաքն է) տեղի ունեցած ճակատամարտում հաղթանակների սովոր դանիացիները պարտության եզրին են եղել:


     Էստոնացիներին հաջողվել է սեպի պես մխրճվել նրանց շարքերն ու տիրանալ թագավորական դրոշին: Իրենց տեսադաշտում այլևս չնկատելով դրոշը՝ դանիացիները շփոթության են մատնվում: Այս ծայրահեղ անհուսալի իրավիճակում թագավորական զորքերին ուղեկցող դանիացի եպիսկոպոսները բարձրանում են բլրի վրա և Աստծուց օգնություն են խնդրում: Եվ հանկարծ ամպերը ցրվում են, ու երկնքից իջնում է սպիտակ խաչի պատկերով մի շատ մեծ կարմիր պաստառ՝ որպես ակնառու վկայություն առ այն, որ Աստված հովանավորում է դանիացիներին:

Հրաշքը թևավորում է Վալդեմարի զինվորներին, ու նրանք, նոր ուժ առած, հարվածում են էստերին ու փախուստի մատնում: Դանիացիները հաղթում են ոչ միայն այս ճակատամարտում, այլև պատերազմում: Հեթանոսները հնազանդվում են:

Ինչ խոսք, նոր դրոշը ոչ թե երկնքից է իջեցվել, այլ ուղարկվել է հեթանոսների դեմ խաչակրաց արշավանքները խրախուսող Հռոմի պապի կողմից:

Այդ օրվանից «Դանեբրոգ» -ը (դանիացիներն այս անունն են տվել իրենց դրոշին) դառնում է դանիացիների պետական դրոշը:


     Դանիայի պատմությունն ինչպես է արտացոլվել երկրի դրոշին


     «Դանեբրոգ» եզրը հին դանիերենով «կարմիր կտոր» է նշանակում: Դանիայի այս դրոշի ծագման մասին տարբեր գիտական վարկածներ կան:

Սպիտակ խաչով կարմիր պաստառը վերը նշված ճակատամարտից շատ ավելի վաղ եղել է գերմանական կայսրերի զորական դրոշը: Այս համադրությունը մինչ այժմ պահպանվում է շատ դրոշներում ու զինանշաններում, օրինակ, Մալթայի, Շվեյցարիայի, ինչպես նաև եվրոպական շատ երկրամասերի ու քաղաքների դրոշներին: Այդ իսկ պատճառով բացառված չէ, որ սպիտակ խաչի պատկերով կարմիր դրոշը գերմանական կայսրերի վասսալ հանդիսացող Դանիայի թագավորները փոխառել են գերմանացիներից:

Իր գոյության գրեթե 700 տարիների ընթացքում Դանեբրոգը միայն մեկ անգամ է փոփոխություն կրել. 1397 թվականին Դանիայի թագուհի Մարգրետ 1-ինը (1353 - 1412) մեկ պետության մեջ է միավորում Դանիան, Շվեդիան ու Նորվեգիան և այդ պատճառով Դանեբրոգի վրա երեք թագ է պատկերել տալիս:

Երեք թագի պատկերով Դանեբրոգը պահպանվել է Լյուբեկի սբ. Մարիամ եկեղեցում: Այն պատկանել է արքայազն էրիկ Պոմերանցուն, որը 1412 թվականին Էրիկ 13-րդ անվամբ թագադրվել է որպես Դանիայի, Շվեդիայի ու Նորվեգիայի միասնական թագավոր:

Ամենահին Դանեբրոգը կորսվել է 1944-ին, երբ Լյուբեկը ռմբակոծվել է:

Եռամյա ազատագրական պատերազմից (1520 - 1523) հետո Շվեդիան նորից անկախություն է ձեռք բերում, իսկ 1814-ին Դանիայից ազատագրվում է նաև Նորվեգիան: Դրանից հետո Դանեբրոգից անհետանում են բոլոր երեք թագերը, ու այն ստանում է այն տեսքը, ինչպիսին եղել է ըստ 1219 թվականի ավանդության համաձայն:

Դանեբրոգը համարվում է աշխարհի ամենահին պետական դրոշը: Բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Արդի ըմբռնմամբ պետական դրոշն ի հայտ է եկել 1789 – 1794 թթ. Ֆրանսիական Մեծ հեղափոխության ու 1775 – 1783 թթ. Հյուսիսային Ամերիկայի Անկախության պատերազմի ժամանակ, իսկ արդի տեսքով Դանեբրոգը պաշտոնապես Դանիայի պետական դրոշ է հռչակվել 1854 թվականին:

Բայց անվիճելի է, որ Դանեբրոգը, որին արդեն 700 տարի է, ինչ հավատարիմ են դանիացիները և որով նրանք ամեն տարի զարդարում են նույնիսկ իրեն ամանորյա եղևնիները, աշխարհի հնագույն պետական խորհրդանիշն է:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7861 | 0 | 0
Facebook