Loading...

Articles

Հարգենք ինքներս մեզ ու մեր մեծերին, և մեզ կհարգեն ու մեզնից կակնածեն օտարները

11:35, Monday, 09 October, 2017
Հարգենք ինքներս մեզ ու մեր մեծերին, և մեզ կհարգեն ու մեզնից կակնածեն օտարները

Երբ ազգը չի գնահատում Աստծուց պարգև ստացած իր տաղանդն ու հանճարը, այդ տաղանդին ու հանճարին հավակնում և հաճախ տեր են դառնում տաղանդ ու հանճար ծնելու անկարող հարևանները, և նրանք, զավակազուրկ մարդկանց նման, հետո վայելում են ծնողի բերկրանքը: Իսկ իրական ծնողը, որ չի գնահատում ծնող լինելու երջանկությունը, իր զավակին անփութորեն թողնում է բախտի քմահաճույքին կամ պարզապես մերժում է նրա գոյությունը: Հայերս, ցավոք, տառապում ենք այդ անսիրտ ու անհոգի ծնողի հիվանդությամբ և հաճախ ենք անտեսում կամ պարզապես ըստ արժանվույն չենք գնահատում մեր ազգի տաղանդավոր և հանճարեղ զավակներին: Եվ մի օր էլ տեսնում ենք, որ նրանց անունները լուսավորում են ուրիշ ազգերի կենսագրությունը: Ահա այդ ժամանակ մենք հիշում ենք, որ նրանք հայ են, բայց փոխվել են նրանց անունները, ու մենք սկսում ենք փորփրել նրանց ծագումն ու կենսագրությունը, բայց արդեն ուշ է լինում. որդեգրող ծնողը պաշտպանում է իր «ծնողական» իրավունքները:
    
     Այսպես, Աստծո շնորհը անփութորեն այլ ազգերին բաշխելով, աստիճանաբար արժեզրկվել են մեր իսկ աչքում մեր ստեղծածի կարևորությունն ու գինը:

Երբ ազգը չի կարևորում, չի արժևորում իր ստեղծած հոգևոր և մշակութային գանձերը, նախ պատժվում է այդ շնորհը տվող Արարչից, ապա դրանից օգտվող երախտամոռ հարևանների կամ այլ ազգերի կողմից: Եվ ակամայից խորհում ես՝ եթե այդ շնորհները մեկտեղվեին մեր հայրենիքում ու մեր ազգի մշակութային գանձարանում... Մտածե՞լ ենք, թե ինչ ահռելի հարստություն կունենայինք մենք այսօր: Ո՛չ, չենք մտածել, որովհետև ամեն դար ասես առատության եղջյուրից ի՛ր հայ տաղանդն ու հանճարն է ծնել, իսկ մենք, փոխանակ արժևորենք նրանց և նրանց անուններով ու գործերով մեր մշակութային գանձարանը հարստացնենք, երես ենք թեքում նրանցից` անիմաստ «գիտական» և «բարոյական» պրպտումներով վարկաբեկում ենք նրանց:


    
     Քանիցս իմ հոդվածներում անդրադարձել եմ այս խնդրին. մեր մշակութային շտեմարանի դուռը կրնկի վրա բաց է, դռանն էլ փակ ու պահակ չկա. ով ասես ել ու մուտ է անում պահոցներում և սրտի ուզածն առնում-տանում է: Հետո էլ մեզ են մեղադրում` իրենց «գանձերը» յուրացնելու համար: Նրանք` այդ հարևաններն ու հարևան դարձածները լավ գիտեն, որ մեր դուռը կրնկի վրա բաց է, մենք էլ անփույթ շռայլությամբ վստահ, որ մեր հանճար ծնող արգանդը երբեք չի ամլանա, ժամանակին տեր չենք կանգնում նրանց… Սակայն այդ «անմեղ» անփութությունը երբեմն վերածվում է թշնամանքի սեփական ժողովրդի մշակույթի և առհասարակ պատմության, եթե կուզեք` նաև պատմական ճակատագրի հանդեպ:
    
     Մեր որոշ ուսյալ-կրթյալ մտավորականներ, այսինքն` մտավոր աշխատանքով զբաղվող մարդիկ, ասես միտումնավոր, կարծես ինչ-որ մարդկանց պատվերով ու դրդմամբ, ոտքի են ելել «ապացուցելու», որ այս կամ այն մեծանուն հայը բնավ էլ արժանի չէ բարձր գնահատանքի, քանի որ «Ինքը ինքը չէ»:


     Հիշում եմ, ութսունականներին մի կին մամուլում հոդվածներ էր գրում, թե իբր մեր տաղանդավոր երաժիշտ-կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը չէ «Անուշ» և «Դավիթ Բեկ» օպերաների հեղինակը, այլ իր` հիշյալ կնոջ հայրն է եղել այդ հանճարեղ գործերի հեղինակը: Եվ ինչ-որ փաստեր ու փաստարկներ էր բերում, մինչև որ գտնվեցին իրազեկ մարդիկ և ապացուցեցին Արմեն Տիգրանյանի, այսպես կոչված, հեղինակային իրավունքները:
     Կամ՝ մեզնից ոմանք, անձնական հաշիվներ ունենալով մի նշանավոր արվեստագետի, գրողի, երաժշտի, նկարչի կամ գիտնականի հետ, նսեմացնում և վարկաբեկում են ոչ այնքան նրա անձը, որքան նրա բարձրարժեք գործը՝ դրանով նրան և՛ անձնապես են հարվածում, և՛ նրա տաղանդն են ոչնչացնում:
     Այդպես վարվեցին մեծագույն գիտնական Հովհաննես Դավթյանի, հանճարեղ սրտաբան, Հայաստանում սրտաբանության ինստիտուտ հիմնած Ալեքսանդր Միքայելյանի հետ. պետականորեն նրան ոչ մի աջակցություն չցուցաբերվեց սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ կլինիկան հիմնելիս: Միջոցները նա հայթայթել է Մոսկվայում իր ունեցած կապերի շնորհիվ: Մինչդեռ ժողովուրդը գնահատեց նրա արած գործը, և նրա կենդանության օրոք հիվանդանոցն ընդունվեց որպես Միքայելյանի սրտաբանական ինստիտուտ: Կյանքի վերջին տարիներին անտեսվեցին ռադիոֆիզիկայի մեծագույն գիտնական Պարիս Հերունին և հանճարեղ աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանը:

Ազգանունները կարելի է անվերջ թվարկել, բայց բավարարվենք այսքանով: ՈՒրիշ ազգեր իրենց միջակ արվեստագետի (միջակ գիտնականին չեն կարող առաջ մղել փողով), մարզիկի համար մրցույթներում փողով բարձր մրցանակներ են գնում, միայն թե իրենց ազգի անունը հոլովվի քաղաքակիրթ և մշակութաստեղծ ազգերի կողքին: Բայց մեզանում հայտնվում են մարդիկ, ովքեր ներսում ամեն կերպ խանգարում են անգամ օտար կազմակերպությունների մրցույթներին մեր հայրենակիցների ոչ միայն բարձրագույն մրցանակ ստանալուն, այլև մասնակցելուն: Իննսունական թվականներին մեր բանաստեղծներից Արտեմ Հարությունյանն իր «Նամակ Նոյին» բանաստեղծությունների ժողովածուն ներկայացրել էր Նոբելյան մրցանակի: Թե հայ գրական աշխարհը ինչպես փոթորկվեց և դեմ դուրս եկավ նրան, աննկարագրելի է. բազում հոդվածներ գրվեցին նրա պոեզիայի դեմ: Բնականաբար, եթե գրողը աջակցություն չունի իր հայրենիքում, ոչ ոք չի այրվում այդ օտարազգի մարդու հանդեպ բուռն սիրով, որպեսզի նրան «անաչառորեն» արժանացնի բարձր մրցանակի, մանավանդ որ այդ հանձնաժողովներում նույնպես ամեն ինչ չէ, որ «հալած յուղի» պես է:
    
     Այդ օրերին ես հարց տվեցի մեր պոեզիայի մի քանի «նախանձախնդիրների» ՝ քանի՞ Նոբելյան մրցանակակիր հայ կա գիտության կամ արվեստի բնագավառում: Ո՛չ մի:
     Դե, թող գոնե մեկը դառնա առաջինը, եթե այդ հանձնաժողովին բավարարում է նրա պոեզիան:

Ալիսիա Կիրակոսյանի բանաստեղծական մի ժողովածուն նույնպես ներկայացվել էր Նոբելյան մրցանակի: Փոխանակ ազգովին համախմբվեինք և սատարեինք նրան, մենակ թողեցինք Ալիսիային: Բնականաբար, նա էլ չհաղթահարեց: Մի քանի տարի առաջ մեր պատմաբաններից մեկը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ծավալուն աշխատություն էր ներկայացրել Նոբելյան մրցանակի. նա կարծեմ առաջին փուլն անցել էր: Մի քանի հարցազրույցներով ավարտվեց նրան սատարելու գործը, մինչդեռ Հայաստանի իշխանություններն ու պատմության ինստիտուտը և սփյուռքը պիտի ակադեմիկոսին թիկունք լինեին, որ ցեղասպանության մասին գիտական աշխատությունը Նոբելյան մրցանակ ստանար: Ազգությամբ հրեա թուրքագիր Փամուկը Նոբելյան մրցանակ ստացավ իր վեպի համար, որտեղ երևի մի քանի տող կա Հայոց ցեղասպանության մասին:
     Այս քայքայիչ միտումը, ցավոք, այսօր էլ պահպանվում է մեզանում, և մնում է ենթադրել, որ դրանք ուղղորդվում են:

Սոցիալական ցանցերը մարդկանց հաղորդակցվելու, իրենց մտքերն ազատ արտահայտելու և ընթերցված լինելու լայն հնարավորություն են տալիս: Բոլորը չէ որ կարող են հոդվածներ հրապարակել կամ գիտական աշխատություններ հրատարակել, եթե նույնիսկ կարող են, ապա մինչև թերթը լույս կտեսնի կամ գիրքը կհրատարակվի, հեղինակին հուզող խնդիրը կարող է կորցնել իր արդիականությունն ու հրատապությունը: Եվ մեր օգտատերերը օգտագործում են Facebook-ի հարաբերականորեն ազատ դաշտը, որտեղ մարդիկ նույնքան ազատ «վարում-ցանում» են, հաճախ` ցորենի փոխարեն որոմ ու թունավոր մոլախոտ:
    
     Օրերս նույն այդ Facebook-ում մեր հարգված մտավորականներից մեկի` Սամվել Պողոսյանի գրառման շուրջ բուռն քննարկում ծավալվեց: Սամվել Պողոսյանը գրականագետ փիլիսոփա է և հեղինակ է մի շարք գրքերի: Նրա հեղինակած «Իմ Նարեկացին» աշխատությունը գրականագիտական-փիլիսոփայական վերլուծություն է միջնադարյան մեր հանճարի` Գրիգոր Նարեկացու կյանքի և դավանաբանական սկզբունքների մասին, նրա փիլիսոփայական հայացքների շուրջ, որտեղ հեղինակը խորանում է Նարեկացու գոյաբանական ընկալումների, Աստծո գաղափարի սահմանման և նրա` բնության փիլիսոփայական ընկալման շերտերում: Առանձին խորությամբ է Ս. Պողոսյանն անդրադարձել Նարեկացու` հերձվածողության մեջ եկեղեցու կողմից մեղադրվելուն, նրա դատին և արդարացվելուն, «Մատյանի» բովանդակային կառուցվածքին և գրական մի քանի ստեղծագործությունների բանաստեղծական կատարելության և փիլիսոփայական մտքի բովանդակությանն ու խորությանը: Գիրքն իրավամբ նոր խոսք է նարեկացիագիտության մեջ, և արժե դրան առանձին անդրադառնալ: Ս. Պողոսյանը մի հոդված էր դրել իր Facebook-յան էջում` Նարեկացու «փրկչական» էության վերաբերյալ, ինչը բուռն քննարկումների պատճառ դարձավ: Ինչպես ընդունված է ասել՝ հենց բանավեճում են մարդիկ իրենց բացահայտում:


     Նախ Ս. Պողոսյանի հոդվածից մի հատված.
     «Ազգային-ազատագրական պայքարում հաղթանակած ժողովրդի սոցիալական բեռի թեթևացման հույսը չարդարացավ (խոսքը արաբական երկհարյուրամյա լծից ազատվելու մասին է): Այս ներքին խնդիրներին գումարած արտաքին սպառնալիքները է՛լ ավելի էին խորացնում հայ իրականության ճգնաժամը: Ահա այսպիսի ծանր պայմաններում, երբ ամբողջ քրիստոնյա աշխարհը սպասում էր ՓՐԿՉԻ ԳԱԼՍՏՅԱՆ, հայ իրականության մեջ հայտնվեց ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՆ: Երբեմն հարց են տալիս, թե արդյոք Գրիգոր Նարեկացին հայկակա՞ն երևույթ է, արդյոք նա ազգայի՞ն մտածող է, ազգայի՞ն գործիչ է... Եվ դա ասում են մի մարդու մասին, որին ժամանակակիցները հռչակել են «ԵՐԿՐՈՐԴ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ», որը «Հայոց երկնակամարում փայլեր քան զարեգակ…»:
     Այս հարցապնդողներին թերևս թյուրիմացության մեջ է գցում այն հանգամանքը, որ Գրիգոր Նարեկացին Աստծո հետ անկաշկանդ խոսող շատ բարձր մակարդակի մտածող էր: Նրա մտածողությունը օժտված էր բարդ տրամաբանությամբ, հագեցած էր մեծ ընդհանրացումներով, նա համընդհանուրի, հավերժի, անվերջի ուսումնասիրող էր, և թվում է, թե բոլորովին կտրված էր մասնավորից, կոնկրետից, երկրային կյանքի խնդիրներից, այդ թվում, իբր անտեղյակ էր և անհաղորդ հարազատ ժողովրդին հուզող խնդիրներին... Եվ դարձյալ առաջին հայացքից թվում է, թե նա իր ողջ կյանքը ճգնավորությամբ էր անցկացրել, եսասեր ու անհատապաշտ էր և ապրում էր միայն իր հոգու և անձի փրկությունը հոգալով: Սակայն դա սխալ մեկնություն է: Եվ դարձյալ թվում է, թե նա, խոսելով մարդու մասին, մտորելով նրա բնույթի, խնդիրների, հոգու փրկության մասին, նկատի ուներ ընդհանրական Մարդուն, աբստրակտ մարդուն, ազգային պատկանելություն չունեցող մարդուն. չէ՞ որ իր «Մատյանը» նա գրել է ոչ միայն քրիստոնյաների, այլև անխտիր բոլոր մարդկանց համար, ուրեմն Նա ԿՈՍՄՈՊՈԼԻՏ Է... Իհարկե ո՛չ: Նա մեծ փիլիսոփա էր ու մեծ հումանիստ, նա գիտակցված էր տարված ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ հոգսերով: Այո՛, նա, համամարդկային երևույթ լինելով հանդերձ, առաջին հերթին խորապես ազգային երևույթ է: Ոչ մի հայ գործչի մասին մեր ժողովուրդն այնքան առասպելներ ու ավանդազրույցներ չի ստեղծել, որքան նրա: Ի վերջո, նա ոչ միայն համազգային սիրո, այլև պաշտամունքի է արժանացել: Ինչու՞... Որովհետև Նա իր հակասական դարաշրջանի հայելին էր` իր ստեղծագործության մեջ արտացոլելով հայ իրականության բոլոր խնդիրները, դրանց շուրջ ծավալված անողոք գաղափարական պայքարն ու իրական անցուդարձը: Ինչո՞վ է Նարեկացին ազգային մտածող և գործիչ.


     1. Նա մտածել և ստեղծագործել է հայերեն, զարգացրել և հարստացրել է հայոց լեզուն, նա մեծ լեզվաշինարար էր:
     2. Նա զարգացրել է հայ գրականությունն ու գեղագիտությունը:
     3. Նա նոր խոսք է ասել հայ փիլիսոփայության մեջ՝ իմացաբանության, տրամաբանության, գոյաբանության, հոգեբանության ոլորտներում:
     4. Նա մեծ ավանդ է ներդրել գիտության և բժշկության ոլորտներում:
     5. Նա մեծ ներդրում ունի հայ հոգևոր երաժշտության զարգացման մեջ:

Այսքանը, այսպես ասած, տեսական ոլորտում: Իսկ նրա ազգանպաստ գործնական քայլե՞րը: Բացի Նարեկա վանքում բազում սաներ կրթելուց և դաստիարակելուց, նա զբաղվել է բժշկությամբ, օգնել և աջակցել է կարիքավորներին: Եվ ամենակարևորը. Գրիգոր Նարեկացին մշակել և մասամբ իրագործել է հայ իրականության բարեփոխումների ծրագիր: Այդ փրկչական ծրագրի հիմքում ընկած էր մի մեծ ճշմարտություն՝ ցանկացած գոյ, լինի Մարդ-անհատը, Մարդ-ընտանիքը, թե Մարդ-ազգը կամ ամբողջ Մարդկությունը, իր գոյությունը պահպանելու և զարգանալու համար պետք է ձգտի իր ներհակությունները՝ հակադիր կողմերը հավասարակշռված, համերաշխ պահել: Իհարկե, զարմանալի էր, գուցե և անըմբռնելի իր ժամանակների համար, սակայն նա շատ լավ է գիտակցել «Հակադրությունների միասնության» օրենքի կարևորությունը: Ըստ Նարեկացու, հոգևոր և աշխարհիկ իշխանությունների ներդաշնակությունը կարող է ապահովել պետության կայունությունը: Դրանցից յուրաքանչյուրը նույնպես պիտի ձգտի հասնել իր ներհակությունների ներդաշնակությանը: Նա այն կարծիքին էր, որ եկեղեցին փոխանակ ժողովրդի հոգևոր կարիքները հոգա, հեռացել և օտարվել էր նրանից: Հենց դա էլ եղել է թոնդրակեցիների շարժման հիմնական պատճառը: Նրա «Ծրագիրը» նախատեսում էր մի շարք միջոցառումներ` նորոգելու եկեղեցու խարխլված հիմքերը: Ահա՛ դրանք.


     1. եկեղեցու դասերի կրճատում,
     2. եկեղեցականների շրջանում ընծա-տուրքերի՝ կաշառառության վերացում,
     3. եկեղեցական ծիսակատարությունների աշխուժացում՝ ստեղծել նոր տաղեր, գանձեր, քարոզչության լեզուն և պատկերավորությունը դարձնել ժողովրդին հասկանալի, թույլատրել եկեղեցում սրբապատկերների կիրառում: Եկեղեցին ժողովրդի ծառան է, ոչ թե հակառակը:

Նարեկացու բարեփոխումների նպատակը սրանք էին:
     Այս բոլոր բարեփոխական գաղափարները հալածական թոնդրակեցիների միջոցով Բալկաններից հետագայում տարածվեցին Եվրոպայով մեկ` հիմք դնելով ՌԵՖՈՐՄԱՑԻԱՅԻՆ:
     Գրիգոր Նարեկացին 10-րդ դարում հայությանը իր «Մատյանով» տվել է հոգի, միտք, բանականություն, ազգային կյանքի բոլոր ոլորտները բարեշրջելու ազգային փրկության ԾՐԱԳԻՐ՝ նվիրելով իր կյանքը ազգին և նրա փրկության գործին` իսկական ինքնազոհողությամբ. նրան հետապնդել են կղերականները, Արգինայում դատել են, և 1003 թվականին, երբ սպարապետ Վահրամ Պահլավունին, Սարգիս կաթողիկոսի պահանջով, զորքի գլուխն անցած, համատարած հալածանք-կոտորածներ է սփռել երկրում ոչ միայն թոնդրակեցիների, այլև ամեն տեսակի այլախոհների դեմ, այդ ժամանակ հանկարծ ու անսպասելի Նարեկացին, որ նոր էր ավարտել իր «Մատյանը», հենց այդ տարին դադարեց գոյություն ունենալուց... «Հայսմավուրքն» էլ խորհրդավոր ձևով ընդգծում է, որ այդ տարի ջահել կյանքից հեռացավ «սուրբն Գրիգոր Նարեկացին» ՝ եկեղեցու խարխլված հիմքերը վերականգնելու իր նպատակը կիսատ թողնելով... «Հայսմավուրքն» էլ կարծես մեզ հուշում է, թե ինչու նա «ջահել կյանքից հեռացավ»: Այս ամենից հետո մենք՝ Նարեկացու ժառանգներս, իրավունք ունե՞նք արդյոք ուրանալու նրա ծառայությունը` նույնացնելով նրան Պարույր Հայկազնի հետ, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրեց հունական անտիկ փիլիսոփայության զարգացմանն ու տարածմանը (ի դեպ, նրա փիլիսոփայական աշխատություններից ոչինչ չի պահպանվել, չի պահպանվել նաև նրա կիսանդրին, մինչդեռ բոլոր հույն համարվող փիլիսոփաների և՛ կիսանդրին, և՛ աշխատությունները պահպանվել են- Մ.Բ-Խ.):


     Նարեկացու «Մատյանը» մեր ազգի ԿԵՆԱՑ ԳԻՐՔՆ Է՝ գիրք իմացության, գիրք փրկության... Մեր էպոսի հետ այն մերօրյա ազգային գաղափարախոսության հիմքն է: Հասկանալ և կիրառել է պետք... Ես կարծում եմ, ազգովին պարտական ենք Վահրամ Պահլավունու տիկնոջը՝ իշխանուհի Սոփիային, որը պահպանել և մեզ է հասցրել Գրիգոր Նարեկացու «Մատյանը»: Ի դեպ, Սարգիս կաթողիկոսի պատվերով Ստեփանոս Ասողիկը գրում է իր ժամանակի պատմությունը` 1004 թ. ներառյալ, նշելով բոլոր անվանի վարդապետների անունները, սակայն Գրիգոր Նարեկացու և ՈՒխտանեսի անունները չի հիշատակում, մինչդեռ այլ պատմիչի վկայությամբ՝ Գրիգորը «փայլեր քան զարեգակն հայոց երկնակամարում»:
     Գրիգոր Նարեկացու մահից հետո եկեղեցին նրա մասին 150 տարի քար լռություն է պահպանել, մինչև որ Կիլիկիայի ջահել ու շնորհաշատ կաթողիկոս Ներսես Լամբրոնացին, գնահատելով Նարեկացու մեծությունը, կարգադրում է Գրիգոր Նարեկացուն վերադարձնել իրեն ծնող ժողովրդին... Գրիգորին մոռացության մատնել չհաջողվեց... Ես կարծում եմ` նրա «Մատյանը» հրաշքով է պահպանվել: Եվ այդ հրաշքի հեղինակը իշխանուհի Սոփիան էր` Նարեկացու զարմուհին, որ նաև «Մատյանի» հովանավորն է եղել և, ըստ երևույթին, կռահելով Սարգիս կաթողիկոսի դավադրությունը, որոշում է փրկել «Մատյանը»: «Մատյանը» գրվել էր երկու օրինակով, ու տիկին Սոփիան հոգացել էր և՛ դրա ծախսերը, և՛ գաղտնիությունը: Կրկնօրինակը տարվել է Վասպուրական, ուր և պահպանվել է»:
     Ահա այս հոդվածի շուրջ ծավալված բուռն քննարկումները դարձան հոդվածս գրելու առիթն ու պատճառը:


     Ինձ զարմացրեց, բայց առավել զայրացրեց օգտատեր Արա Մաթևոսյանի մեկնաբանությունը, որն ասես թարգմանություն էր հարևան դարձած ժողովրդի մի վայ-մտավորականի գիտական բացահայտումների: Նրան ճանաչող գյումրեցիներից իմացա, որ նա պատմության ուսուցիչ է եղել: Բայց այսպիսի հանդգնությունն ազգի հանճարի հանդեպ անհամատեղելի է մտավորական համարվող ուսուցչի համար: Ահա այդ «մեկնաբանությունը» .
     «Արա Մաթևոսյան. Նարեկացին ինքը կդառնանար, թե իմանար այսքան վերագրումներ իր անձի մասին. Նարեկացուց մի փոքր ավագ հասակով գործեց Սմբատ Զարեհավանցին, նա, որին կենդանության օրոք ամբողջ ազգն էր աստված համարում: Նարեկացու մեղեսիկ բառակույտերի մեջ ցոլանում է Զարեհավանցին, որին էլ զրպարտեց հենց Նարեկացին. ազգային կենսագրության մեջ առաջին զրպարտանքը, համազգային առաջին արյունահեղեղ զրպարտանքը հեղինակեց հենց Նարեկացին: Հասկանալի է, Սամվել Պողոսյան, քո մտասևեռումը, նույնպես հասկանալի է, որ դու պետք է խուսանավես սույն մեղադրանքը ընդունելուց, պատմությա՛ն մեղադրանքը ընդունելուց: Չլիներ Զարեհավանցին, չէր լինի Նարեկացին, վերջինս պարզապես տապակվեց իր իսկ կողմից գործած ոճիրի թավայում. քարերին զարնված ու ջախջախված, ոտքերի ջլերը կտրատված ու արևի ներքո հանգչող ոչ մեկ հայազգի մանուկ ու կին, պատանի ու հասակավոր չի ների Նարեկացուն: Նարեկացին իմ աչքում առաջին ոճրապարտն է՝ գրչո՛վ, և ինչպես դու ես անդրդվելի քո մտասևեռման մեջ, այնպես և ես եմ հաստատուն իմ գնահատանքում»:


     Դրան հետևեց իմ պատասխան մեկնաբանությունը Facebook-ում Արա Մաթևոսյանին և նրան ձայնակցողներին.
     «Մարի Բարսեղյան-Խանջյան
     Հասանք Նարեկացուն նսեմացնելուն և վարկաբեկելու՞ն..... Մեր թշնամիները հիմա ուրախանում են..... Պարոնա՛յք, ՖԲ-ն այն դաշտը չէ, որտեղ դուք մտավարժանք անեք` վարկաբեկելով հայ ժողովրդի հանճարին... Եթե դուք իսկապես նախանձախնդիր եք հայ մշակույթի ու փիլիսոփայական մտքի գնահատման, ուրեմն գտե՛ք ձեր մտքերն արտահայտելու պատշաճ ձևը: Նարեկացու «Մատյանը» մարդուն մարդ պահելու մտահոգությունն ունի` անկախ նրա ազգությունից և կրոնից: Կրոնն ու դավանանքը անցողիկ են, մնայունը մարդն է` իր ազգային արմատներով... Եվ Նարեկացին դա լավ գիտեր, և իր «Մատյանում» հենց դա էլ կարմիր թելի նման անցնում է:


     «Արա Մաթևոսյան. Հարգելի Մարի Բարսեղյան-Խանջյան, ճշմարտությունը վարկաբեկման հետ այդ երբվանի՞ց և այդ ինչպե՞ս կապ ունի. Նարեկացին, վայելելով վիթխարի հեղինակություն, գոնե մեկ հայ մանչուկի գանգ ջախջախումից հեռու պահելու համար չօգտագործեց իր հեղինակությունը, գոնե մեկ հայ աղջկա-պատանու-ծերունու տառացիորեն մորթոտման դեմ ոչինչ չձեռնարկեց, ավելին՝ գրավոր տվեց իր լոյալությունը մորթվող թոնդրակեցվոց դեմ՝ հայերի դեմ՝ ավելի արյունոտելով եպիսկոպոսաց և արաբ ամիրաների ազատարձակ ձեռքերը. Նարեկացին ինքն է իրեն վարկաբեկել այդ իսկ թղթով. այս մա՞րդն է ինձ և Ձեզ մարդ պահելու, այնպիսի մարդ, որ լինի վախկոտ, մորթապաշտ, օ՜՜՜, քրիստոնեսեր. նա Նարեկա վանքից մինչև Մանազկերտ մինչև Անի տեսնում էր սահմռկեցուցիչ արյուն, ազգակցի՛ արյուն, նույնիսկ իր իսկ աչքերով տեսավ, թե ինչ սուրացքով Սաթենիկ իշխանուհին, վերջին մանուկների ջախջախումից հուսահատ, նժույգով նետվեց քարափն ի վար, և այդ արյան ծովում նա մտմտում էր թոնդրակեցվոց դեմ թղթի արագացման մասին: Սիրելի տիկին, խոնարհաբար խնդրում եմ, գիտեցեք՝ ու՞մ կարող եք վարկաբեկման մեջ մեղադրել»:

Ահա այսպիսի «բացահայտում» …


     Ես չգիտեմ, արժե՞, որ իմ մեկնաբանությունները ես էլ գրեմ: Հայտնի պատմական փաստ է, որ Սմբատ Զարեհավանցին եղել է Թոնդրակյան շարժման գաղափարական հիմնադիրը և առաջնորդը և ապրել է Նարեկացուց մոտ մեկ դար առաջ: Այս շարժումը եղել է ոչ միայն ժողովրդի տնտեսական ծանր վիճակի պոռթկում, այլև եկեղեցու հոգևոր ծառայողների՝ ճշմարիտ հավատից հեռանալու դեմ բողոքի դրսևորում: Այս շարժմանը հարել են նաև շատ ազնիվ ու անսակարկ հավատավոր բարձրաստիճան հոգևորականներ, որոնց անողոքաբար պատժել է եկեղեցու միահեծան վերնախավը: Թոնդրակյան վերափոխիչ գաղափարների կրող է եղել նաև Գրիգոր Նարեկացին, և հենց դրա համար էլ նրան հետապնդել են և անգամ դատել: Նարեկացին ինքը եղել է հալածական և անտեսված և բնավ չի ունեցել այն անվերապահ հեղինակությունը, որով կարողանար դեմ կանգնել եկեղեցու պարագլուխների կազմակերպած հաշվեհարդարին` թոնդրակեցիների դեմ: Նարեկացուն նույնպես սպառնացել են հաշվեհարդարով, պարզապես նա` ի պաշտպանություն իրեն, ներկայացրել է իր հանճարեղ «Մատյանը»` որպես Քրիստոսի ճշմարիտ ուղուց չշեղվելու փաստ ու փաստարկ: Եթե Նարեկացին կրկներ Սաթենիկ իշխանուհու` անզորությունից դրդված ինքնասպանությունը և զոհվեր, ի՞նչ պիտի փոխեր կաթողիկոսի և սպարապետի վերաբերմունքի մեջ թոնդրակեցիների հանդեպ: Ոչինչ: Ինչ վերաբերում է Սմբատ Զարեհավանցուն, նա իրավամբ եղել է ժամանակի ամենահզոր գաղափարակիրներից մեկը, որը բացահայտել էր, այսպես կոչված, «ներքին թշնամուն»` աշխարհիկ և հոգևոր դաշտում, և կոչ էր անում արաբական լծից ազատագրվելու բեռը կրող, բայց տնտեսապես ծանր վիճակում ապրող ժողովրդին պահանջել մարդավայել, քրիստոնեական հավատին հարիր վերաբերմունք իր հանդեպ: Սա՛ է եղել Զարեհավանցու «մեղքը» եկեղեցու առաջ: Ցավոք, դարերի հոլովույթում մեր եկեղեցու առաջնորդները համարձակություն չունեցան ընդունելու իրենց նախորդների սխալները: Մինչդեռ դրանով Հայոց եկեղեցին ոչ թե կնսեմանա, այլ, ընդունելով անցյալի սխալները, կկանխի ներկա և ապագա սխալները:


     Նախ` ժողովուրդ-Հայրենիք-Պետություն, ապա՝ ժողովրդի հավատ: Եթե չկա ժողովուրդ, ու՞մ հավատի պահապանը պիտի լինի եկեղեցին: Եթե չկա Հայրենիք-Պետություն, ժողովուրդը կապրի զավթիչների լծի տակ (ինչպես ապրել է դարերով) կամ օտարության մեջ և կձուլվի ու կանհետանա, ինչպես որ դարերով մենք կորուստներ ենք տվել: Ավարտելով հոդվածս` ուզում եմ հորդորել մեր հայրենակիցներին` մասնագետ և ոչ մասնագետ, զգու՛յշ եղեք ձեր մեկնաբանություններում, մի՛ ամբաստանեք մեր մեծերին և՛ իրենց կյանքի ընթացքում, և՛ առավել ևս նրանց մահից հետո, քանի որ նրանք ձեզ հակադարձելու և իրենց անմեղությունն ապացուցելու հնարավորությունը չունեն: Մինչդեռ մեր ոչ բարեկամ ազգերը խոշորացույցով հետևում են մեր ամեն մի խոսքին` բանավոր և գրավոր, հատկապես, եթե այդ խոսքը գիտական լինելու հավակնություն ունի:
     Հարգենք ինքներս մեզ ու մեր մեծերին, և մեզ կհարգեն ու մեզնից կակնածեն օտարները:


     Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
    
     http://www.irates.am/hy/1507263977

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4168 | 0 | 0
Facebook