Loading...

Articles

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի շնորհավորական ուղերձը անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ

01:20, Thursday, 21 September, 2017
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի շնորհավորական ուղերձը անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ
     Սիրելի' հայրենակիցներ,
     Մեծ ոգևորությամբ նշում ենք մեր Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձը: Հայաստանի Երրորդ Հանրապետությունն արդեն ավելի քան 10 անգամ երկար կյանք է ունեցել Առաջինի համեմատ և իր պատվավոր տեղն է գրավել աշխարհի մյուս պետությունների կողքին:
     Հայաստանի Հանրապետության հիմնադրումը տեղի ունեցավ մի հակասական պատմափուլում, երբ կործանվում էր հսկայական կայսրությունը` կրկին ազատորեն շնչելու հնարավորություն տալով ազգային դիմագիծը պահպանած ժողովուրդներին: Տարածաշրջանային քաոսի և արցախյան ճակատում նշմարվող պատերազմի պայմաններում մեր ավագ սերունդը ձեռնամուխ եղավ Հայոց անկախ պետականության ստեղծմանը և փայլուն կերպով կատարեց իր առաքելությունը: Պետական ինստիտուտների ձևավորումն ու ազգային համերաշխությունը պարարտ հող ստեղծեցին նաև Արցախյան ռազմաճակատում հայկական ուժերի հաջողությունների համար: Ի տարբերություն ԽՍՀՄ մյուս հանրապետությունների, որտեղ ներքին բախումները մաշեցնում էին պետության հիմքերը, Հայաստանը հաջողությամբ խուսափեց քաոսից և գլուխը բարձր մուտք գործեց նոր հազարամյակ:
     Նախորդ 26 տարիների մեր պատմությունը նույնպես աչքի ընկավ փորձություններով: Սակայն յուրաքանչյուր դժվարություն հաղթահարելի է, եթե ազգն ապրում է անկախության պայմաններում: Անկախությունը հատկապես այսօրվա սերնդի համար այլևս վերածված է անբեկանելի արժեքի, որը ենթակա չէ սակարկությունների: Այն պետք է դառնա մեր համազգային հավատամքը, որով պիտի պայմանավորվի մեր պետության ու ժողովրդի ինքնությունը:
     Լիահույս եմ, որ մենք այլևս կանգնած չենք լինի անկախությունը վերանվաճելու խնդրի առաջ` ներկայումս ամեն քայլափոխի ձգտելով անշրջելի դարձնել մեր ինքնիշխանությունը, ազատ մտածելու և գործելու հիմնարար և, իրապես, աստվածային իրավունքը: Այսօր հրաշալի պատեհություն է` վերաիմաստավորելու ինչպես անկախության մատուցած նվաճումները, այնպես էլ սեփական վրիպումները: Բայց և նույն ժամանակ պահն է սահմանելու մեր ապագայի երազանքը և համառությամբ ընթանալ դեպի այն: Ստեղծագործ աշխատանքով, տնտեսական ազնիվ գործարարությամբ և քաղաքացիական հասարակության կառուցմամբ մնք ամեն օր պիտի ամրապնդենք մեր պետության անկախությունը` մեր գոյության ու բարօրության եզակի երաշխիքը:
     Շնորհավո’ր տոնդ, անկախ Հայաստան:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2154 | 0 | 0
Facebook