Loading...

Articles

ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ

23:30, Thursday, 07 September, 2017
ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ

ԱՐԵՎԸ ԾԻԾԱՂՈՒՄ Է ԱՐՑԱԽՈՒՄ
     ՊԱՏԿԵՐ I
     ՍՐՃԱՐԱՆ
     ԱՐՄԵՆ - Սիրելի հանդիսատես, Արցախյան պատերազմի կյանքից խտացրած այս պատառիկը տեսա, երբ աչքերս փակեցի և հիշեցի ընկերոջս: Այս արթմնի իրականություն-երազը նույնությամբ ձեզ եմ ներկայացնում, քանի որ այլևս անկարող եմ մենակ մնալ նրա հետ: (գնում նստում է Հարութի կողքին: Սեղանին գինի կա, հաց, պանիր, գլուխ սոխ, սուրճ` երկու բաժակ: Սկսում են խաղալ):
     - Ղարաբա՜ղ, Ղարաբա՜ղ, տո՞ւր, տո՞ւր, տո՞ւր: - Ձեռքը տանում է գրպանը, հանում է գրպանից ու տալիս.- Վերցրո՞ւ, վերցրո՞ւ քո Ղարաբաղը: Տեղը գիտե՞ս, գիտե՞ս որտեղ է Ղարաբաղը:
     - Ի՞նչ կարևոր է տեղը, տեսնելը, այնտեղ լինել-չլինելը: Սասունում եղե՞լ ես, բա ինչի՞ ես Արևմտյան Հայաստան ուզում, էրգի՜ր, Անդրանի՜կ, Գևորգ Չաո՜ւշ:
     -գիտեի, որ ապուշի մեկն ես, բայց չգիտեի, որ տիեզերքում էլ հայրենիք չունես:
     - Լավ, լավ, հասկացանք, թատրոնը վերջացավ, էկար:
     - Ի՞նչ թատրոն: Ինչի դու որտեղի՞ց ես գալիս:
     - Օպերայից:
     - Էս ցրտին ի՞նչ ներկայացում, ցեկան (ցենտրալնիյ կոմիտետ) էս փետրվարի ցրտին օպերա չի նայում: Մինչև աշուն չլինի, նոյեմբեր չլինի, մայիս չլինի, 9-ը չլինի, գարուն չլինի, մարտ չլինի, մարտի 8 չլինի, կենտկոմի անդամ կնիկ չլինի, տվող չլինի, սիրտ տրորող երգեր չիմանա:
     - Արա, տո էշի ականջում քնած ա, վերջ տուր, քանի դեռ կարծում ես, որ հայրենիքը կարելի է գրպանում պահել, լավ գին տվողին տալ, վատին չտալ, կարելի է շալակն առնել ու հայդա՜ Փարիզ: Ավելի լավ չի՞ հայրենիքը գաղթական դառնա, եռագույնը, որ 70 տարի գաղթական է, ի՞նչ է եղել որ: Անդրանիկ զորավարի հայրենակից բիթլիսցի կոշկակարի Փարիզի կրպակի պատից կախ` քարացել է: Հերիք է, պըրծ հայրենատենչությանը:
     - Արա, դու համալսարանում մեր կոմսոմոլի քարտուղարը չէի՞ր, ամեն ժողովի ճառդ սկսվում էր նույն նախադասությամբ` «Իմ սիրտը էս կուրսի համար ցավում է», թե՞ կուրս ասելով` պիտի հայրենիք հասկանայինք, այ ծպտյալ դաշնակ: Ուզում ես ասել` հայրենիքը քո սրտի մե՞ջ է ու էս պահին էդ հայրենիքի անունը Ղարաբա՞ղ է:
     - Հա՞, բայց ոչ միայն իմ, այլև քո, Գայանեի, ընկեր Երիցյանի սրտի մեջ քնած է: Կարևորը` Քո գրպանում չի՞:
     - Տո՞, ա՞յ Կրեմլի բացառություն, կարող ա Սովետ Միությունն էլ է քո սրտի մեջ: Հավատում ես, որ Կրեմլն իրեն վստահել է քո սրտին:
     - Չէ, Կրեմլն իրեն վստահել է Ալիևի գրպանին, Ղարաբաղն էլ մեր սրտից պոկել ու պահել է Ալիևի գրպանում, քեզ անգրպան շալվար նվիրել, որ միշտ մտածես մեծ գրպան ունենալու մասին, ոչ թե` մեծ սիրտ: Կներեք, որ մտածում եմ, թանկագին Իոսիֆ Վիսարիոնովիչ:
     - Հիմա դու օպերայից ես գալիս, բայց Ղարաբաղ բալետն էին բեմադրե՞լ, էդպես հասկանա՞նք:
     - Հա՞, Կրեմլն ուզում է, որ երաժշտության տակ Ղարաբաղի շորոր պարեն, իսկ օպերայի ժողովուրդը դյուցազներգություն է արարում, մի փամփուշտ, մի ժանգոտած որսորդական բերդանկա առած մարդիկ գնում են Բերդաձոր, Շահումյան, Շվանիձոր, Լաչին:
     - Այսինքն` Ղարաբաղ: գնում են տեսնեն` ի՞նչ երկիր ունեն, արժե՞ մեռնել նրա համար:
     - Թեկուզ, համ էլ ինչքա՞ն պիտի քնած մնար քո, իմ, ընկեր Երիցյանի սրտի մեջ:
     - Պահո՜, հիշո՞ւմ ես մեր ռազմագիտության փոխգնդապետ Սարկիսովին:
     - Հա-հա-հա՜: Տիպ ես, է, տիպ, գերմանական տիպ:
     Խաղում են:
     - Ո՞վ գարյող է ասյել, ա չոմ դումայետ պադպալկովնիկ Սարկիսովը, անուկը տի սկաժի:
     - Նի զնայու, տավարիշ պադպալկովնիկ:
     - Ա լյուբվի (բացականչում է), ա ռոդինե, ա սեմյի:
     - Աաաա՜, տակ ի զնալ, ա ծեպեր սլուշայտե, պադպալկովնիկ Սարկիսով դումայետ աբ ավտոմատե կալաշնիկովա (ծիծաղում են):
     - Տեղը գիտե՞ս, թե դարդից հիշեցիր:
     - Տեղը գիտե՞մ:
     -գիտես ու Դիարբեքիրի՞ց ես գալիս, այ չկայացած ժուռնալիստ:
     - Ուրեմն դու էլ ես չկայացած ժուռնալիստ: (Դադար): Որովհետև դու էլ տեղը գիտես:
     - Ախպոր պես, արի վերջ տանք էս անօգուտ «պրիկոլներին» ախր պատերազմի զզվելի հոտն արդեն հասել է «առագաստ» սրճարան: (Դադար): Տե՞ղն ասա:
     - Տեղը չէ, տեղերը - ցանկացած ոստիկանական բաժանմունք, ՆԱՏՕ, ՍԵՆՏՕ, ՍԵԱՏՕ, մի խոսքով` Անտանտի երկրներ, Ռուսաստան, Չինաստան, երմանիա, Լոնդոն, Փարիզ:
     Հարութ, խելքդ գլուխդ հավաքիր, եթե քեզ թվում է` էս մեծ աշխարհում մի հատ Ստալին կա, չարաչար սխալվում ես, էն թվարկածս երկրներից յուրաքանչյուրում միլիոն հատ ստալին կա, ընենց որ լավ կլինի Կրեմլի ասած Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը բեմադրեք օպերայում, քո Գայանեի հետ էլ կդիտես ներկայացումը, քան «Ղարաբաղ» կոմիտեի միտինգը` օպերայի պատերի ներքո: Հասկացա՞ր, Հարութ ջան:
     - Իհարկե հասկացա՞: շատ լավ կլիներ, որ քո փոխարեն մի օրենքով գող ընկեր ունենայի ու ղեկավարվեի գողական օրենքներով, ոչ թե քո սերտած գիտական կոմունիզմի դասագրքով:
     - Պա՜հ-պա՜հ-պա՜հ, ծափահարություններ: բայց օվացիա պետք չէ, Հարութ ջան, ինչքան ուզում ես տաքացիր, խմածդ գինին 20 տարվա կոնյակ չի դառնա: Քեզ միայն «Գայանե» բալետը բեմադրելու փող են տալիս և ազգությամբ հայ կոմպոզիտոր, հասկացիր, պարոն ապագա Մազմանով:
     - Չի լինի` առանց կենաց ասելու գինիդ խմես, պարոն ապագա Գորբաչով:
     - Իհարկե՞ կլինի, մանավանդ գինի: ես քո պես միամիտ չեմ, որ մինչև հիմա կարծում ես, թե մի շիշ կոնյակով կարելի է կալաշնիկովով զինել հայ ժողովրդին, առավել ևս, սիրելի ընկերս, հիմա կենաց ասում են ու` էն վաղ էր, որ էշը կաղ էր, թուրքախառն պաչպչվում են ու վրայից գիտե՞ս ինչ են խմում, անգլերենով բաժակաճառ են ասում ու վրայից գիտե՞ս ինչ են խմում: ռուսերենով բաժակաճառ են ասում ու վրայից գիտե՞ս ինչ են խմում: արաբերենով բաժակաճառ են ասում ու վրայից գիտե՞ս ինչ են խմում: դարերով հնեցրած նավթ: Նավթ խմում են, գազ արտաշնչում: Ամեն ինչ պարզ է, ինչպես երկինքը: (Երգում է): Ինչպես բի՜բը աչքի մեջ:
     - Սուր լեզուդ չլիներ, Գ յուլիստանի անտառների թուրք ագռավները հայի աչքերը հանել էին:
     - (Երգում է): Հայի աչքեր, հայի աչքեր, սիրուն աչքեր, Գայանեն եկա՜վ:
     ՀԱՐՈՒԹ (Շրջվում է, այանեն կռանում համբուրում է և նստում) - այ, էսքան շո՞ւտ, փորձը պրծա՞վ:
     ԳԱՅԱՆԵ - Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, ի՞նչ «Գայանե» բալետ, ի՞նչ Արամ Խաչատրյան, ի՞նչ երգչախումբ, ի՞նչ փորձ - համահայկական գործադուլ, կենաց-մահու կռիվ Ղարաբաղում, գայիք լսեիք` ինչեր էին պատմում, Սումգայիթ, Բաքու: Աստված իմ, սարսափելի է, մենք չգիտեմ որ սև էշի ականջում քնած ենք, այնտեղ սպանդ է իրականացվում, չգիտեմ ո՞վ է սարքել այս պատերազմը, բայց սարքողներից բացի` բոլորը զոհվում են, խեղվում:
     ՀԱՐՈՒԹ -Գայ ջան, հանգստացիր, պատմիր` ովքե՞ր էին խոսում, ինֆորմացիա տուր:
     ԳԱՅԱՆԵ - Հարութ ջան, ի՞նչ խոսել, խոսելով այդ ամենը ներկայացնել հնարավոր չի, նրանք գոռում էին, հայհոյում էին, Կրեմլից սկսում էին, հասնում Լոնդոն, Վաշինգտոն ու Ստամբուլ:
     ՀԱՐՈՒԹ - Բայց ովքե՞ր էին խոսում, գոռում, հայհոյում:
     ԳԱՅԱՆԵ - Չգիտեմ, Հարութ ջան, ես նրանց առաջին անգամ էի տեսնում, բայց նրանցից մեկը Սիլվա Կապուտիկյանի, Սոս Սարգսյանի, Զորի Բալայանի անունը տվեց, ասաց` Սոս Արտաշեսովիչը հացադուլ է անում, Ղարաբաղից ղեկավարներ կային, նրանցից մեկն ասաց, որ Սոս Սարգսյանը «Ձորի Միրոն» ֆիլմի իր «մոսին» հրացանը տարել է Ղարաբաղ, հետ եկել ու գնացել է Մոսկվա:
     ԱՐՄԵՆ - Պարզ է՜:
     ՀԱՐՈՒԹ - Ի՞նչն է պարզ, Արմեն, սպանեցիր, ներվերս չեն դիմանում, շարունակիր, ասա` ի՞նչն է պարզ, երբ պատերազմ է սկսվել:
     ԱՐՄԵՆ - Հարութ ջան, պարզն այն է, որ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի III կուրսի ուսանողներ Հարութի և Արմենի ու Հարութի նորահարս Գայանեի համար պատերազմ է սկսվել, պարզն այն է, որ մենք չենք սկսել այս պատերազմը, բայց սա մեր բաժին պատերազմն է, մենք պետք է կռվենք:
     ԳԱՅԱՆԵ - Բայց հրացան չունեք:
     ԱՐՄԵՆ - Փամփուշտ ալ չունինք, հա՜-հա՜-հա՜:
     ՀԱՐՈՒԹ - Իսկ ինչի՞ համար ենք կռվելու, հողի՞, թե՞ հայրենիքի:
     ԱՐՄԵՆ - Հողի՜: Հիշո՞ւմ ես, Հարութ, Վիլյամ Շեքսպիրի «Թիմոն Աթենացին»: «Եկ, անիծյալ հող, համայն մարդկության դու լպիրշ ******, պատճառ ազգերի երկրպագության և կռիվների»: Այսինքն` է՞ս հայրենի հողի, ուր ապրում և շնչում է հայ մարդը:
     ՀԱՐՈՒԹ - Հրաշք, հայրենի հողի համար կռվողն արդեն կա, ուրեմն, ես էլ կռվելու եմ Գայանեի համար (բռնում է Գայանեի ձեռքից, կանգնում են և «Գայանե» բալետից մի կատարում ցուցադրում):
     Վարագույրը փակվում է և քիչ անց բացվում:
     ՊԱՏԿԵՐ II
     Որտեղ անտառ, այնտեղ բացատ: Որտեղ բացատ, այնտեղ անտառի բնակիչներ: Ռադիոընդունիչը թուրքերեն խոսք ու մուղամ բռնելուց հա «փախնում» է և մեկ էլ հայերեն երգ. Շառլ և Սեդա Ազնավուրներ` Սայաթ-Նովա: «Ոնց դիմանամ էս չափ չարին...»:
     Այս չորս բնակիչները հայդուկ-հետախույզներ են, հատուկ հանձնարարությամբ, ականապատված տարածքը հայտնաբերել, չեզոքացնել և ճանապարհ բացել` մարտական խմբերի առաջխաղացումն անվտանգ ապահովելու համար: Խիտ անտառում, հսկա կաղնիների հովանու ներքո` բացատ գտնել և շունչ քաշել` հավասարազոր է Երևանում ամռան տապին բացօթյա սրճարանում սառը գարեջուր խմելուն:
     Տեղավորվում են` զենքերը, ուսապարկերը, դանակ, նռնակ (լսվում է ագռավի կռկռոցը և պահ անց կրկնվում է): Սամոն ռադիոընդունիչի ձայնը մի քիչ բարձրացնում է:
     ՍԱՐՈ - Պալատ է, հո բացատ չի: Այն էլ ազատագրված: Սամո, էս էն մեր ֆրանսիացի ախպարն ա երգում, չէ, արա, դե հայերենն ուրիշ ա, էլի:
     ՍԱՄՈ - Ախպար չի, ախպերն ա, Շառլ Ազնավուր, մյուս ախպերներն էլ հիմա պապլավոկում սառը գարեջուր են խմում:
     ՍԱՐՈ - Կռիվը պրծնի, էստեղ մի լավ սանատորիա սարքենք` պիվով-բանով:
     ՍԵՎՈ - Պիվեն հասկացանք, բանը ո՞րն ա (երգը դանդաղ մարում է):
     ՍԱՐՈ - Բանն էլ բանն ա` նանարիկները: Ագռավը կռավում ա:
     ՍԱՄՈ - Սարո, կարաս ասես, էս ագռավը հայ ա, թե թուրք:
     ՍԱՐՈ - Հո չասիր: Ագռավն ազգություն չունի, ախպեր: Էս պահին մենք ենք իրա ձենը լսում, ինքը հայ ա: Լսողից ա կախված:
     ՍԱՄՈ - Հարութ, ամենից շատ ինչի՞ց ես վախենում: Մի հարց էլ քեզ տամ:
     ՀԱՐՈՒԹ - Հիմա՞:
     ՍԱՄՈ - Չէ՞, տասը տարի առաջ: Հիմա, բա ե՞րբ...
     ՀԱՐՈՒԹ - Հիմիկվա մասին նոր հարցրեցիր, սկսեցի մտածել, տիկ-տակ, տիկ-տակ (դադար), բայց տասը տարի առաջ այանի հարցով գնացի մեր դպրոց, նոր էի ֆիդայի կնքվել, նոր ասածն արդեն` մի քանի ամիս: Ես Գայանից 3 տարի մեծ եմ: Մեր դպրոցի դիրեկտոր Սահակյանի բջջային հեռախոսից «վախեցա»: Մտա կաբինետ, ինքը չկար, սեղանին դրված էր, առաջին անգամ էի բջջային հեռախոս տեսնում մոտիկից: Չդիմացա, գցեցի պայուսակս ու դուրս թռա: Հեռախոսը պայուսակիս մեջ... զանգ, զանգ, հո՞ չի գալիս, ոնց որ երեկվա ագռավի կռռոցը: Էդ օրը Գայանի ծնունդն էր - տարա նվեր տվի: Գայանը չվերցրեց, գիժ, ինչ ես արել, այ տղա, տար հետ տուր, ասաց: Սահակյանն էսօր Ղարաբաղի համար դասադուլ հայտարարեց, ասաց` թող հիմա էլ Ելցինն իմանա, Գարբաչովից պրծանք, երեխեք ջան, վերջին զանգ էլ չի լինելու, քանի Ղարաբաղը թուրքերի ձեռքին ա: Տար ետ տուր:
     ՍԵՎՈ - Մի խոսքով` հարամ «տրաֆե» ՚ էր:
     ՀԱՐՈՒԹ - Հա, էլի, մյուս օրը մեղքս քավեցի` տարա հետ տվի:
     ՍԱՐՈ - Էդպես հեշտ պրծա՞ր: Կարգին դիրեկտոր եք ունեցել:
     ՀԱՐՈՒԹ - Ե՞ս հեշտ պրծա: Մտա կաբինետը, սուսուփուս հեռախոսը դրի սեղանին ու գլուխս կախեցի: Սպասեց, սպասեց ու ասաց` Հարություն, ճիշտ ես վարվել, սխալդ շտկել ես: Ապրես, տղա ջան, ժամանակին հասկացել ես, որ երբ հայրենիքը վտանգի մեջ է, գողություն չի կարելի անել:
     ՍԱՄՈ - Այսինքն` հիմա կարելի է, հա, էս ականների դաշտը, որ մաքրենք, հաստատ կարելի է գողություն էլ անել, հա, հա, հա:
     ՍԵՎՈ - Պարզվում ա` Ղարաբաղը քեզ էլ ա փրկել, ախպերս:
     ՀԱՐՈՒԹ - Հա, բա ի՞նչ, պատերազմում հո մենակ չե՞ն սպանվում, նաև փրկվում են: Բայց տղերք, էդ պահին երանի մեռնեի...
     ՍԱՐՈ - Չհասկացանք, կարգին մարդու ձեռ ես ընկել, դեռ բողոքում ես:
     ՀԱՐՈՒԹ - Ախր, չհասկացանք, որ Սահակյանն ասաց, երբ հայրենիքը վտանգի մեջ է, գողություն չի կարելի անել, աջ ականջս տնքում էր նրա բթամատի և ցուցամատի արանքում` ոլորված: Նրա բթամատն իմ բազուկի հաստությունն ուներ, տղերք: Հա, հա, հա:
     ՍԱՄՈ - Պատկերացնում եմ, Հարութ, աջ ականջիդ ցավը: Ինձ թվում է, դասատուներից «լավ» ականջ ոլորող աշխարհը դեռ չի ծնել:
     ՍԵՎՈ - Ճիշտ ես ասում, Սամո, նայում ես` ճլորած-մլորած ջաններին ու մատների ուժին` իրար չեն բռնում:
     ՍԱՐՈ - Տղե՞րք, ինձ էլ թվում է, թե ալամ աշխարհի դասատուների մեջ մեր ֆիզիկայի դասատու Երիցյանից ուժեղ մատներ ունեցող դասատու չի եղել: Հարութ, Հարութ, հլը ձեռքդ դիր գլխիս, հլը մատներով շոշափի` զգացի՞ր:
     ՀԱՐՈՒԹ - Սիսն ու Մասիսը գլխիդ վրա են, ախպեր:
     ՍԱՐՈ - Հարութ ջան, տասներորդ դասարանում երկու անգամ կտտացրեց գլխիս` Մասիս սարը գլխիս բուսնավ: Ամեն կտտոցի հետ գոռում էր` այ տղա, եթե կա ազդեցություն, կա նաև հակազդեցություն - Իսահակ Նյուտոն, հասկացա՞ր:
     ՍԵՎՈ - (գլուխը թեքում է Սարոյի կողմը): Երկու անգամ կտտացրու, ախպեր, հետո ասա, էդ ի՞նչ բան ա, ազդեցությո՜ւն, հակազդեցությո՜ւն, յանի ի՞նչ:
     ՍԱՄՈ (Սևոյին): - Դու կտտացրու` ես ասեմ, կտտացրու, կտտացրու: Բայց ընկեր Երիցյանի պես չէ, նորմա՞լ (դադար), հիմա լսիր: Իսահակ Նյուտոնը մեծ ֆիզիկոս ա, ախպեր, մի անգամ խնձորի ծառի տակ նստել ա, վերևից մի հատ խնձոր ա ընկել, ինքը տեսել ա ու օրենք ա ստեղծել:
     ՍԵՎՈ - (Չհամբերելով): Ի՞նչ օրենք, իմ պապն էնքա՜ն ա ծառից ընկնող խնձոր տեսել, էլ չեմ խոսում հասած տանձի մասին: Ի՞նչ կապ ունի:
     ՍԱՄՈ - Կապ կունենար, եթե պապիդ անունը Նյուտոն լիներ:
     ՍԵՎՈ - Նյուտոն չէր, բայց, տղերք, ճիշտ եմ ասում, պապիս անունը Իսահակ է, կարճ` Սահակ պապ էինք ասում:
     ՍԱՄՈ - Քո պապը մի հազար անգամ խնձորի ծառի տակ նստած կլինի` շա՜տ ու շա՜տ, էդ մարդը` Իսահակ Նյուտոնը, մի՞ անգամ, հասկանո՞ւմ ես, մի անգամ... և ստեղծել է օրենք, ֆիզիկայի օրենք:
     ՍԱՐՈ - Էդ ինչ կապ ունի ազդեցության հետ, հակա հանելու հետ:
     ՍԱՄՈ - Դրանք տարբեր օրենքներ են: Հիմա լսիր: Հիշողությամբ բացատրեմ. երբ խնձորը ծառից ընկնում է, էդ մեծ մարդը ստեղծում է օրենք, միտքն եմ հիշում` բոլոր մարմինները պահպանում են հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, եթե նրանց վրա չի ազդեցում ոչ մի այլ օտար ուժ: Հասկացար, թե էլի ընկեր Երիցյանին կան-չենք թազա Մասիս սարի գործով:
     ՍԱՐՈ - Էդ մեկը չէ, ցավդ տանեմ, մեկի ձեռքն եմ կրակն ընկել: (Դադար): Դե որ էդքան բան գիտես, ազդեցությունն էլ ասա, հական էլ հետը (դադար), չըլնի, դո՞ւ էլ ե՞ս ֆիզիկայի դասատու:
     ՍԱՄՈ - Չէ, ախպերս, ես ընդամենը ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող եմ, Սովետի բանակից հետո ընդունվել եմ, բայց համալսարան որպես ուսանող ոտք չեմ դրել, եկել եմ Ղարաբաղ: (Դադար): Իսկ հիմա (դիմում է Սարոյին) կանգնիր: Կանգնիր, կանգնիր, ոտքդ պինդ դիր հողին ու սեղմիր, սեղմի՞ր սեղմի՞ր, ուժեղ սեղմի՞ր: (Սարոն կատարում է հրահանգը): Զգո՞ւմ ես, զգո՞ւմ ես հողի ուժը, հողի ուժը զգո՞ւմ ես, սեղմի՞ր: Ինչքան դու սեղմում ես հողին, այնքան հողը սեղմում է քեզ, ինչքան դու քո հոգին դնում ես հողի մեջ` ուժի միջոցով, էնքան հողն իր հոգին դնում է քո մեջ ու սեղմում է, ինչքան դու փորձում ես ուժով ազդել հողի վրա, այնքան հողն իր ուժով հակազդում է քեզ: Հասկացա՞ր, թե գլխիդ վրա բուսնած Սիսն ու Մասիսը ի՞նչ օրենքից են ծնվել:
     ՍԱՐՈ - Տղերք, այ հիմա հասկացա, թե ի՞նչ օրենքի մասին է խոսում ընկեր Երիցյանը: Արա, ախպեր, դու պիտի իմ տեղը սովորեիր Երիցյանի մոտ: Վա՜յ, արա, ես էլ ասում եմ, թե Երիցյանը որտեղի՞ց էր «չոքնուտի» մարդ դարձել. դու մի ասա` ֆիզիկայից էր: (Դադար, անտառային ձայներ` վաղորդայնի): Տղեք, էս ընկեր Երիցյանը կատուներ էր պահում` երկու հատ` մեծ ու փոքր, սև ու ***, էգ ու որձ: Այ, ախպերներ, իրենց հայաթի դռան տակի մասում երկու մեծ ու փոքր անցք էր բաց արել` փոքրը` փոքրի համար, մեծը` մեծի, վայ արա: (Ծիծաղ):
     ՀԱՐՈՒԹ - (Հայտնագործություն արած մարդու պես պոռթկում է): տա՜, էն հարցի պատասխանը գտա: Ամենից շատ, հիմա, վախենում եմ մութ անտառից ու ագռավի կռկռոցից` մութի մեջ: (Սամոյին): Էդ գտա՞ծս էլ էր ֆիզիկայի օրենք:
     ՍԱՄՈ - Չէ, Հարութ ջան, էդ օրենք չի, էդ պարզ, մարդկային բան ա: Ընդհանրապես, բոլոր մարդիկ մահից վախենում են, բայց երբ երիտասարդ են, մահվան հանդեպ ունեցած վախը փոխարինում են վախ առաջացնող այլ երևույթներով, թեև այդ զգացումը մշտապես կա (դադար), երևի թե մահվան զգացումը ամենից շատ հնարավոր է քողարկել հայրենիքի սիրով: Թաքցնել հայրենքի սիրո մեջ (դադար): Իսկ ամենից շատ այդ զգացումը հնարավոր է խեղդել հայրենիքի սիրո մեջ (դադար): Իսկ, եթե կուզեք իմանալ, ամենաշատը մահվան զգացումը հնարավոր է թաղել երեխաների հանդեպ ունեցած սիրո մեջ:
     ՍԱՐՈ - Սամո ջան, երևում ա, ախպեր, դու հաստատ քո խելքով ես ընդունվել: Լավ կլինի, լույսը բացվելուն պես գնաս Երևան: Ախպեր ջան, մենք էստեղ յոլա կտանենք, ցավդ տանեմ, արի կապվենք կամանդիրի հետ, ու դու գնա, մենք էսօր ենք պետք մեր հող ու ջրին, դու` վաղը, ախպեր:
     ՍԱՄՈ - Էս մեր կռիվը էսօրվա համար չի, տղերք, վաղվա համար է, էնպես որ, ես էլ, դուք էլ ճիշտ հասցեով ենք եկել: Բա Հարութն ի՞նչ ասի, մեր միջի միակ ամուսնացածն է: Գ այանե սիրած կին ունի, սոտովի հեռախոս, ականջ ոլորող դիրեկտոր Սահակյան, հը՞, Հարո՞ւթ ջան (դադար), դու ասա, էս մոտիդ սոտովին չլինի Սահակյանինն է:
     ՀԱՐՈՒԹ - (Ժպտալով): Բա չէ, էլ ինձ ո՞վ էր սոտովի հեռախոս տվողը: Տեսել ես, որ որբանոցի զավակին բան նվիրեն: Մի օրում Գայանին ուզեցինք` նշանդրեք, հարսանիք, մենակ երեխան էր պակասություն անում: Սահակյանը ընենց կարճ կապեց, շշմել էի: Բայց տալուց, ոնց որ Ղարաբաղը տային: Էլ նազ ու տուզ, էլ օյին-զոյին: Պատկերացրեք, աղջիկ ուզելը, Սահակյանը Ղարաբաղ ուզել դարձրեց: Սրանք էլ Գայանի հետ Ղարաբաղն էլ հոժար կամքով ինձ հանձնեցին: Պայմանով, որ հանկարծ չտամ թուրքերին: Սահակյանը քիչ էր, խնամիներն էլ` սար ու բար:
     ՍԱՐՈ - Տվե՞լ ա, թե՞ վերցրել ես. կամանդիրը ամուսնական արձակուրդ տվեց` գնացիր Երևան, հաջողացրիր:
     ՀԱՐՈՒԹ - Էս ի՞նչ ա ասում, Սամո: Ախպեր, ֆիզիկայի օրենքը ժամանակին չհասկանալը հասկացանք, բայց որ կյանքի օրենքը քեզ մոտ ուրիշ ա` փաստ ա:
     ՍԱՐՈ - Կարճ, Հարութ ջան, էդ սոտովին քո՞նն ա:
     ՀԱՐՈՒԹ - Իմն ա, Էրևանից ՙտրաֆեյ՚ եմ բերել ու վարձ էլ չեմ մուծում, ու էս անտառում անտենան մենակ ագռավի կռռոց ա բռնում (դադար), ընկեր Սահակյանի կողմից հարսանքիս նվերն ա: այանը դրեց հետս` որպես թալիսման: Դե նոր բան ա, թալիսմանի պես բան ա:
     ՍԱՐՈ - Վայ արա, էս Հայաստանում կյանքը երկրագնդից էլ կլոր ա:
     ՍԱՄՈ - Այ, հիմա դո՞ւ ուղիղ գծով ընկար ֆիզիկայի բաղերի մեջ:
     ՀԱՐՈՒԹ - Տո, ա՞յ Իսահակի թոռ, բա որ էդքան բանը ջոկում ես, ո՞նց չես ջոկում, որ Մասիս սարը խի՞ ա կոտոշ հանել գլխիդ (ծիծա-ղում է):
     ՍԱՐՈ - Լավ, լավ, որ ջոկած չլինեի` էստեղ չէի լինի: ՙՎաբշե՚, Հարութ ջան, լավ կլինի, լույսը բացվի` դու էլ գնաս Երևան` կին ունես, վաղը երեխա կունենաս: Քեզ գիշեր-ցերեկ սպասող կա, ախպերս, ճիշտն եմ ասում, ցավդ տանեմ, Հարութ ջան: Սոտովիով հիմա քաշվի մի կողմ` զանգի, ու գնացեք ֆիզիկոս ախպոր հետ, թե չէ Էրևանում ասֆալտի ֆիդայիներն արդեն վերտալյոտների մեջ են քոչարի պարում` վայրի խոզերի սառած հայացքի առջև: Հարութ ջան, ֆիզիկոս ախպեր, դուք պիտի գնաք Էրևան ու չթողեք, որ դրանք ավելի անաստված մեղքեր գործեն: Ձեր ետ գնալով ես ու Սևոն (նայում է Սևոյին) Ղարաբաղում ավելի ուժեղ կլինենք (դադար):
     Ամենամեծ ֆիզիկոսը Սևոն է, տղերք, էրեկ խրամատից հեռադիտակով նայում էի` արևը մայր է մտնում` ինչ սիրուն գույն էր, Աստված: Ասի` Սևո ջան, քո սիրած գույնը ո՞րն ա, ախպեր: Մի վայրկյան չսպասեց ախպերը ու պատասխանեց. ո՞րն էր, Սևո, ո՞րը, հլը ասա՞ (երեքով նայեցին Սևոյին):
     ՍԵՎՈ - Տասն անգամ հարցրիր, պատասխանեցի, որ հիշես: Հիմա նորից եմ կրկնում: Էդ գույնը ֆիզիկայի օրենքի մեջ չկա:
     ՍԱՄՈ - (Չհամբերելով, չդիմանալով): Քեզ էլ մի անգա՜մ եմ ասելու` կամուֆլյաժինը: Իմ սիրած գույնն ա (ծիծաղ-զարմանք):
     ՍԱՄՈ - Էդ քո սիրած գույնը չի, Սևո ջան:
     ՍԵՎՈ - Չհասկացանք, բա ո՞ւմ գույնն ա: Իմ գույնն էլ էդ ա:
     ՍԱՄՈ - Էդ ոչ մեկի գույնն էլ չի, թե կուզեք իմանալ, դա պատերազմի գույնն ա:
     ՍԵՎՈ - Երևի ճիշտ ես, ո՞ւմ մտքով կանցներ, որ ես նման բան կանեմ:
     ՍԱՐՈ - Ինչի՞ մասին ես խոսում, Սևո ջան:
     ՍԵՎՈ - Պատերազմի գույնի` Լեսնոյի ազատագրումի, ախպեր:
     ՍԱՐՈ - Անտառի մութը մի երկու ծալ էլ քեզանից է պակասեցրել, Սևո ջան:
     ՍԵՎՈ - Ընդհակառակը` ավելացրել է: Մանավանդ որ քեզ հետ համամիտ եմ` ֆիզիկոս ախպերն ու Հարութը պիտի վերադառնան տուն: Ֆիզիկոս ջան, քանի տարի առաջ ես ընդունվել:
     ՍԱՄՈ - Կարանք ասենք` շա՜տ տարիներ առաջ, համ էլ ես բոլորովին միտք չունեմ իմ դռան տակի մասում երկու մեծ ու փոքր անցք բացել:
     ՀԱՐՈՒԹ - Բա Հարութի մեղքը ո՞րն ա:
     ՍԵՎՈ - Որ մեղք չունենայիր` կլռեիր ու հարց չէիր տա:
     ՍԱՐՈ - Սևո, այ Սևո, հորս արև, քեզ հետ բան ա կատարվում` պատերազմի գույնի՜, Լեսնոյի ազատագրումի՜. էրևում ա` դո՞ւ էլ մեծ ու փոքր մեղքեր ես գործել: Սպասիր, Լեսնոյում դու Տուդուլի խմբի հետ էիր, չէ՞:
     ՍԵՎՈ - Հա, թուրքերից մաքրեցինք թե չէ, կամանդիրը հրամայեց այրել տները: Մտա տուն` կրակ տալու, մի քիչ ուշացա, Տուդուլը կանչեց. Սևո, նամազ ես անո՞ւմ: Կրակին տվի տունն ու մի շիշ ադրբեջանական կոնյակ ձեռքիս դուրս եկա: Չհասկացա, - կամանդիրը ջղայնացավ, - էս պապլավոկում ես, թե պատերազմի դաշտում` թուրքի շիշը տար դատարկի կրակին. դատարկ շիշը քեզ ՙտրաֆեյ՚: Ասի` կամանդիր ջան, էսօր ծննդյանս օրն ա, թող մի-մի կում խմենք, համ էլ, կամանդիր ջան, ես էս այրվող տանն եմ ծնվել, կամանդիր, արի իջնենք էս զառիթափով, մեր Խաչաղբյուրի մոտ հինգ րոպե նստենք ու շարժվենք: Տուդուլը ձեռով տղերքին կանչեց... ու թուրքի շշից մի-մի կում բոլորով կոնծեցինք, լուռ ու մունջ: Իջանք խաչքարի մոտ, և ի՞նչ տեսնեմ. մի ճերմակ գառ խաչքարի առջև նստած նայում է գլգլացող աղբյուրին ու մայում: Թեկուզ մի պահ աչքերս փակում եմ` էդ պատկերն եմ տեսնում, Սարո: Այրվող տունը: Մայող գառնուկը:
     ՀԱՐՈՒԹ - (Վեր է կենում ու խոսելով քայլում բացատից դուրս): Սևո ջան, Լեսնոյն ազատագրեցիր, հայրենի տունդ այրեցիր, արևն էլ ծագեց: Աստծուց էլ ի՞նչ ենք ուզում: Ասում եմ` էս մեր կռիվը պրծնի, չորսով գանք էս բացատում նստենք, մի լավ քեֆ անենք, վերջում Աստծուց մի բան ուզենք ու, տունդարձ, քայլո՜վ մա՞րշ:
     ՍԱՄՈ - Արևը ծագեց, խելքներս տեղն ընկավ: Ելանք, տղերք: Ինչպես կասեր իմ մարտական ընկերը` հայրենիքը ձեզ չի մոռանա:

Ֆիդայիները վերցնում են ուսապարկերը, զենքը և ականազերծող սարքերը: Բոլորի հայացքը սահում է Հարութի ուղղությամբ` սպասում են, թե որ ծառի բնի ետևից կերևա Հարութը: Վերջապես թփուտների ետևից դուրս է գալիս նա և ցանցառ քայլերով առաջանում: Հանկարծ Հարութը զգում է, որ հայրենի հողն անբնականորեն նստում է նրա ոտքի տակ: Նման զգացում, որ առաջանում է ոտքի և ոտքի տակի հողի միջև, նա երբեք չէր զգացել, թեև 30 տարի քայլել էր` ՙտրորելով՚ հողը: Անկասելի մահվան զգացողությունից քրտնում է. սառը, զզվելի քրտինքն ամբողջովին մրջյունների վազքի է վերածվում: Լուսաբացի արևի շողերը հսկա կաղնիների արանքից թպրտում են նրա դեմքին, և նայողին թվում է, թե արևի շողերից կարված ՙկամուֆլյաժ՚ է հագել. Սևոյի սիրած գույնը: Նա իրեն միանգամից զգում է մահվան շեմին կանգնած, թեև մի քանի րոպե առաջ այնքան անճանաչելի սովորական մարդ էր` Երևանից, ասֆալտի ֆիդայիներից, կառավարությունից և այլ կյանքից հեռու:

ՀԱՐՈՒԹ - (Կանչում է): Տղե՜րք, չգիտեմ` որ սատանան արեց, բայց ոնց որ ականի վրա խրվեց ոտքս:
     Զինվորները տարաձև ոստյուններով հարմար թաքստոց ընտրեցին:
     ՍԱՄՈ - Հարութ ջան, ուշադի՞ր, չթուլացնե՞ս ոտքդ, հանգի՞ստ, ստուգիր. գուցե խլուրդի բնի մե՞ջ ես խրվել:
     ՀԱՐՈՒԹ - Չէ հա՞, ֆիզիկոս ախպեր, ոտքս ոնց որ զսպանակի վրա լինի` Մասիս սարի կոտոշը ոտնատակիս բուսնեց. մեր ախպերը հիմա հաստատ կհասկանա էդ անտեր ազդեցության ու հակազդեցության օրենքը: Հողը բացվող զսպանակի պես սեղմում է:
     ՍԱՐՈ - Հարութ ջան, ֆիզիկոսը ճիշտ ա ասում, կարող ա խլուրդի, կարող ա նապաստակի լքված բուն ա:
     Կաղնու ճյուղերի արանքից երևացող արևը անսպասելի կարմրատակում է, կարծես ժպտում: Նա առաջին անգամ է նման արև տեսնում:
     ՀԱՐՈՒԹ - (Կանչելով` նայելով արևի կողմը): Ծիծաղող արև տեսել ե՞ք, տղերք: Զանգեմ Գայանին ասեմ: (Արթնացող անտառ): Աստված վկա, տղերք, էս մեկը հեչ կապ չունի բախտի հետ, էս մեկը, տո՞, կյանքի օրենքն ա, բախտի օրենքը մենակ Երևանում ա գործում:
     ՍԵՎՈ - Հարութ ջան, ոտքդ չթուլացնես, ես սողալով մոտենամ:
     ՀԱՐՈՒԹ - Չէ՞, չէ՞, չէ՞, ոտքիս տակի զսպանակի ազդեցությունը զգում եմ: Աստված վկա:
     ՍԱՄՈ - Հարութ ջան, ուժերդ հավաքիր ու նետվիր կաղնու ծառի հետևը: Ասում էի, չէ՞, պատերազմում հո մենակ չե՞ն զոհվում, փրկվում էլ են:
     ՀԱՐՈՒԹ - (գրպանից հանում է հեռախոսը ու միանգամից դնում ականջին): Գայան, Գայ ջան:
     ԳԱՅԱՆԻ ՁԱՅՆԸ - Հարութ, Հարութ ջան, որտեղի՞ց ես զանգում, լսում եմ:
     ՀԱՐՈՒԹ - Գայ ջան, հիշո՞ւմ ես ֆիզիկայի դասին, որ Նյուտոնի օրենքներն էիք անցնում, ինձ ասում էիր` շատ հետաքրքիր ա, էն ժամանակ չես սովորել, հիմա բացատրեմ` սովորիր: Ասացի` լավ, էլի, Գայան, ժամանակ ես գտել, ու համբուրեցի քեզ:
     Էստեղ, Ղարաբաղում իմացա, ուրեմն, էդ Իսահակ Նյուտոնը երկու մեծ ու փոքր, էգ ու որձ կատու ա ունենում, ոնց որ ես ու դու: Ուրեմն կատուների համար տուն ա սարքում ու դռան տակի մասում երկու` մեծ ու փոքր անցք ա բացում: Գա՞յ ջան, հասկացա՞ր:
     ԳԱՅԱՆԻ ՁԱՅՆԸ - Հա՞, հա՞, Հարութ ջան, հասկացա՞, հասկացա՞:
     ՀԱՐՈՒԹ - (Բարձր ձայնով): Գա՞յ ջան, բա որ հասկացար, ինչո՞ւ չես ծիծաղում, այ աղջիկ (հեռախոսը շպրտում է, ձայնը փոքր-ինչ իջեցնելով, բայց խենթի նման) . ի՞նչ լավ է, Գայ ջան, որ երեխա չունենք, բայց եթե երբևէ ամուսնանաս, խնդրում եմ ինձ հետ համաձայնեցնես: (Նայում է վեր ու վար, ձայնը կրկին բարձրացնում, խենթանում է): Հասկացաք, դո՞ւք հասկացաք, ժողովուրդ, մեծ ու փոքր կատու, մեծ ու փոքր անցքեր, հա, հա (քահ-քահ ծիծաղում է), բա դուք ինչո՞ւ չեք ծիծաղում, ի՞նչ եք սպանված եղնիկի սառած աչքերով նա-յում էս աշխարհին: Առաջին անգա՞մ եք պատերազմ տեսնում, հա՜, հա՜, հա՜: Առաջին անգա՞մ եք ծիծաղող արև տեսնում: (Հրեշտակ-արծվի նման թևերը թափահարելով` Հարությունը բարձրանում է երկինք, օդի մեջ մի պահ քարանում` ծիծաղող արևի աչքի առաջ):

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6612 | 0 | 0
Facebook