Loading...

Articles

Հովհաննես Շիրազ

10:20, Monday, 21 August, 2017
Հովհաննես Շիրազ

Հայոց ամենանվիրականը
    
    

Հնուց երգ է, բայց նորոց է հավիտյան, ―
     Տիգրան մեծի հայրը՝ Տիգրան արքան ծեր՝
     Ուներ երեք կանաչ-կտրիճ որդիներ։

Երբ որ հասավ վերջին օրը ծերության,
     Ի սեր ազգին՝ մահաշրթունք հառաչեց,
     Որդիներին իսկույն իրեն մոտ կանչեց։

― Ո՝վ դուք սյուներ հույս ամրոցի իմ անվան,
     Հաշվեհաս է՝ մահախաղաղ օրհասն իմ
     Ամեն գիշեր ես ինձ մեռած կտեսնիմ։

Որդիները մռայլ մտքի մեջ ընկան
     Սակայն խոսեց մեռնող արքան ծերունի.
     ― Բայց ո՞ր մեկիդ թողնեմ իմ թուրն հավլունի։

― Ով որ ինձ տա մի ճշմարիտ պատասխան,
     Թե ամենից ի՞նչն է անուշն անհունի,
     Նրան կտամ սրբազան թուրն հավլունի:

Ու մեծ որդին վրա պրծավ գինեձայն.
     ― Հա՛յր իմ, ―ասաց, ―տիեզերքում այս հսկա՝
     Կին ու գինուց ուրիշ անուշ բան չկա» ։

Ապա խոսեց միջնակ որդին կաթնաձայն,
     ― Հա՛յր իմ, ―ասաց, ―ներող եղիր, թե ասեմ՝
     Մայրն է անուշն՝ ամենից քաղցր ու վսեմ»:

Տխրեց հայրը հավերժավիշտ մի վայրկյան,
     Տխուր նայեց Տիգրան որդուն՝ իր փոքրին,
     Աչքով ասաց՝ «Ցույց տուր տեսնեմ քո ոգին» ։

Փոքրն ասաց՝ «Չկա ուրիշ անուշ բան՝
     Քան իմ ազգը, հայր իմ, ազգն է իմ ոգին,
     Առանց նրան թղթե թուր է հավլունին։
     Առանց նրան որովայն եմ դեռ անբան,
     Առանց նրան, ինչպես արծիվն՝ առանց թև,
     Առանց ազգի՝ անուն չունեմ իմ ետև» ։

Փոքրի խոսքը շարունակեց ծեր արքան,
     ― Առանց նրան՝ ինչպես պատյանն՝ առանց թուր
     Առանց նրան՝ ինչպես որ ձուկն՝ առանց ջուր» ։

Եվ համբուրեց փոքր որդուն հաղթական,
     Նրան թողեց հրեղեն թուրն հավլունի,
     Հանգիստ մեռավ՝ սուզվելով գիրկն անհունի։

Եվ այն օրից կես դար շողաց անպատյան
     Հավլունի թուրն՝ այն Տիգրանի սուրբ ձեռին,
     Որ ապավեն կանգնեց հայոց լեռներին։

Այն, որ հորդեց, դարձավ հայոց մեծ արքան,
     Ու ծովից ծով ծիածանեց հավլունին,
     Հավասարվեց Մասիսների սուրբ ձյունին։

Քո սուրբ ձյունին, իմ մշտասուրբ Հայաստան,
     Ազգի սիրով փոքրըդ հորդեց, դարձավ մեծ՝
     Աշխարհակալ Տիգրան մեծը քո անկեղծ։

․․․ Մի՞թե Էլ չի ծնվի մայր մի նաիրյան,
     Որ նայելով Մասիսներին դեռ գերի՝
     Վահագնածին մի նոր Տիգրան քեզ բերի,

Մի նոր հսկա հավլունի թուր հավիտյան,
     Որ լցնելով ցամաքածը Սևանա՝
     Ծովացնե մինչև— ծովակն իր Վանա։

Եվ Հայաստանն այնտեղ ծաղկի անվախճան
     Ուր թոռնեթոռ հավլունի թուրն Էր շողում՝
     Գեթ լճից լիճ ձգղվող հայոց սուրբ հողում,

Եվ դեռ մեռնում էր աշխարհակալը,
     Տիգրան մեծը՝ Մեծ,
     Որդիք հեզ մորը թողնելով լալը,
     Ելան վշտահեղձ:

Հրամայեցին և դիակառքը ձուլեցին ոսկուց,
     Դագաղը ոսկուց, մեխերն արծաթից և ադամանդից,
     Բայց տեսավ արքան՝ մթնեց, հառաչեց վշտով հինավուրց,
     Շտկըվեց բարձին, ինչպես արևը ելներ մութ ամպից,
     Եվ հրամայեց իր Արտավազդին,
     ― Դեմքդ դարձրու իմ Արարատին,
     Երդվիր, որդի՝ս, և փշրիր իսկույն
     Այս դիակառքը՝ արծաթ ու ոսկի։
     Եվ պահեք ոսկին այնքան ժամանակ,
     Մինչև կծնվե այր մի հանճարեղ
     Եվ գիր կստեղծե ազգին իմ անշեղ,
     Որ ազգս հաղթե՝ ազգերում վայրագ, ―
     Այս իմ դագաղի ոսկով անեղծի
     Կձուլեք արձանն այն գրաստեղծի,
     Նրան չեն հաղթե աստվածներն անգամ,
     Նրանն են ոսկիք իմ արքայական։
     Աշխարհակալն էլ չարժե մի հասկի, ―
     Գիրն Է ազգապահ աստվածն իմ ազգի, ―
     Միակ անհաղթ զորքն է միայն գիրը,
     Գիրը կփրկե հայոց երկիրը,
     Մահից անմահ է մայրենի լեզուն։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
7968 | 0 | 0
Facebook