Loading...

Articles

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

21:22, Friday, 11 August, 2017
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
     ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ
    
     ________________________
    
    
    


    
    


    

Երկնքից առկախ մի լեռնակղզի՝
     Հայաստան Աշխարհ:

Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում՝
     երկու զանգ հսկա և անձեռագործ:
     Եվ այնքա՛ն հսկա, այնքա՜ն վիթխարի,
     որ չէին կարող որևէ կեռից ոչ մի կերպ կախվել,
     ուստի, պարզապես կործված են հողին.

Անունն՝ Արարատ,
     կամ՝
     Սիս ու Մասիս:

Նրանց ռումբաձև զույգ լեզվակները խրված են հողում
     և, խարսխի պես, հասնում են մինչև հրահեղուկի մթին հատակը:
     Ու երբ գործում են այդ լեզվակները –
     երկրաշարժային բոլոր սարքերը
     իրենց տագնապն են արձանագըրում
     լրագըրերի գունատ երեսին,
     սև-սև տառերով…
     Իսկ ով ունկ ունի,
     հավատո բլթակ՝
     նա լսում է միշտ և նրանց ձայնը,
     ղողա՜նջը նրանց:
     Եվ ես չե՛մ, ոչ էլ դո՛ւք եք ղողանջում.
     Սիսն ու Մասիսն են ղողանջում անվե՛րջ – անդադա՛ր – անդո՛ւլ:
     Գողթան երգերի չափ ու կշռույթով,
     բամբ բամբիռների նվագակցությամբ,
     շարականների ելևէջներով պատարագատու`
     Սիսն ու Մասիսն են ղողանջում անվե՜րջ – անդադա՛ր – անդո՛ւլ.
     ով ունի ականջ՝
     բլթակ հավատո`
     նա լսում է միշտ,
     լսում է նրանց զանգը երկնաչու,
     որ թարգմանվում է լոկ երկու բառով`
     Այս լեռնակղզում լեռնաքարե՞րն են շատ,
     թե՞, կերպաձևված շիրմաքարերը:

Եվ ծառե՞րն են շատ այս լեռնակղզում,
     թե՞, վեր ծառացած սուրբ խաչքարերը:
     Եվ ավելի շատ անտա՞ռ է հատվել,
     թե՞, անսո՜ւրբ ձեռքով խաչքար է ջարդվել
     դարեր ալեծեծ այս լեռնակղզում…

Սակայն ես այսօր և ամենայն օր
     մշտական վշտով նրա՛նց եմ ողբում,
     ովքեր չունեցան շիրմաքար – շիրիմ,
     ինչպես՝ չունեցան պատանք – պատարագ…

-Ողբամ մեռելո՛ց,
     անթա՛ղ մեռելոց:

Մե՛կ չէին նրանք
     և ոչ էլ երկու:
     Նրանք՝ բյո՛ւրք-բյուրո՛ց,
     նրանք՝ ազգ-ազինք,
     և չվախճանվեց նրանցից ոչ ոք
     իր անկողնու մեջ մահով բնական.
     ո՛չ մանուկ, ո՛չ ծեր,
     ո՛չ կին, և ո՛չ այր…
     Չմեռա՜ն նրանք, այլ սպանվե՛ցին՝
     լեգեոն առ լեգիոն,
     փաղանգ առ փաղանգ:
     Չմեռա՜ն նրանք, այլ սպանվեցի՜ն՝
     ո՛չ գոտեմարտում,
     ո՛չ խրամատում,
     այլ իրենց տանը, այգում և արտում,
     իրենց սրտի պես լեցուն ցորենի հորերում իրենց,
     իրենց հոգու չափ խոր-խորհրդալի ձորերում իրենց, -
     մահապարտվեցին հազա՜ր ձևերով,
     ամենքն՝ անխնա,
     ամենքն՝ անխտիր…

-Ողբամ մեռելո՛ց,
     բյո՜ւրք-բյուրո՜ց ողբամ:

Ես ի՜նչ իմանամ, և այդ ո՞վ կասի,
     թե ո՞վ էր արդյոք այն առաջինը,
     ում սպանեցին,
     այն առաջինը,
     որ ընդամենը դեռ միավոր էր:
     Բայց, միավորի կողքին շարվեցին նոր-նոր զերոներ,
     և զերոների թիվն անցավ հինգից ու հասավ վեցի`
     կես միլիոն
     ու
     մեկ,
     մեկ միլիոն
     ու
     կես,
     և ամենքն` անպարտ,
     և ամենքն` անմեղ…

-Ողբամ մեռելո՛ց,
     միլիո՜ն մեռելոց:

Ու ջնարակվեց հողը արյունով,
     լռած բերանը՝ սարսափով խոսուն,
     օդը՝ տագնապով անտեղիտալի,
     իսկ ահից կապտած երկինքը լեղակ՝
     անխուփ աչքերի մեռելափայլով…

-Ողբամ մեռելոց,
     կապտա՜ծ մեռելոց:

Ջարդված ազդրերի ու սրունքների,
     անջատված թաթի ու կրունկների
     չչափագրված ձևերն այլազան,
     պահանջում էին էվկլիդեսական գիտություն մի նոր,
     որ նո՜ր էր միայն սկզբնավորվում
     էվկլիդեսների շիրիմին պպզած
     ահեղ Գորշ Գայլի մութ ուղեղի մեջ`
     ի տես սրածվող մի ամբո՜ղջ ազգի,
     որ հնամենի իր հողի վրա
     մի պտղունց հողով աչքը փակելու
     բախտից էր զրկվում…

-Ողբամ մեռելո՛ց,
     անհո՜ղ մեռելոց:

Բոլոր բանտերից ազատել էին մարդասպաններին
     և զինել քենով
     ու հրազենով,
     -Կեցցե Բարաբբա՜ն…
     Եվ լցվել էին բոլոր բանտերը մարգարեներով`
     խոսքի՜ ու երգի՜,
     մտքի՜ ու ձեռքի՛,
     հո՜ւյս ու հավատքի՛ մարգարեներով.
     -Հիսուսի՜ն ի խաչ…

Կախաղաններից ճոճվող սրբերի դուրս ընկած լեզվից
     հպարտությունն էր անընդհատ ծորում,
     արհամարանքն էր շողիքն իր թորում
     մարդկության վրա,
     ա՜յն խեղճ ու կրակ – թշվառ մանկության,
     որ ինքն էր նաև խեղդամահ լինում,
     քանի որ նրա կոկորդում նեղլիկ
     մարդկայնությունն էր խրվել-մնացել…

-Ողբամ մեռելո՜ց,
     խեղդվա՜ծ մեռելոց:

Իրենց մինուճար ու սրտահատոր դիակի վրա
     մայրեր-մանուկներ,
     քույրեր-ծերուկներ
     կաղկանձում էին, սակայն… անարցո՜ւնք.
     սպառվել էին նրանց արցունքի պաշարները ողջ,
     ինչպես որ իրենց անբան թշնամու գանձարան – խազնեն:
     Ու երբ հասնում էր մահը ցանկալի,
     իրենց ոսոխից վրեժ լուծելուն այլևս անկարող,
     գետ աստծուց էին վրեժն այդ լուծում`
     թքելով դեպի երկինք,
     մի երկինք,
     որ աշխատում էր նրանց հետ խոսել
     աստղերի լեզվով խուլ ու համրական.
     -այլևս այդ լեզուն հասկացո՜ղ չկար…
     որ ասուպներ էր շաղ տալիս հերթով,
     ասես թե պառավ գուշակի նման գարի էր գցում.
     -ո՞վ կհավատար այսքանից հետո…
     որ արշալույսով, հարալեզի պես,
     լիզում էր նրանց կարմիր վերքերի բոցերը.
     -իզո՜ւր…
     որ լուսնալույսով ցողում էր նրանց խոցերը.
     -իզո՜ւր…
     Հասնում էր մահը` ցանկալին միակ,
     և ամուր սեղմած ատամն ատամին,
     մահանում էին` բա՛ց ատամներով,
     ատամների տակ վրե՜ժն անկատար…
     Եվ Արարատից մինչև Արաֆաթ, Սիփանից – Սինա,
     Սև ծովից – Կարմիր, Կարմիրից – Մեռյալ
     փռված – սփռված մեռելներն իրոք
     վրե՜ժ լուծեցին թշնամուց իրենց`
     արտաշնչելով ժանտա՛խտ, տե՜նդ ու տի՛ֆ…

Եվ երկնից առկախ այս լեռնակղզին
     դարձրեցին այնժամ մի թշվառ… թատրո՜ն,
     ուր կրակը լոկ` ողբերգա՛կն այդ կույր,
     խաղաց բազմաթիվ – բազմազան դերեր:

Ծուխն էր համբարձվում` Հիսուսի նման,
     կրակն էր մնում` Մուհամմեդի պես..
     Եվ հրից-մրից
     երկնքի կապույտ սպունգը ցամքեց ու ճմռտորվեց`
     վաչկատունների տրեխի նման:
     Ու ճմռտորվեց հողն էլ ներքևում`
     փլատակներով,
     ու ճմռտորվեց ա՛յն դրամի պես,
     որ շպրտում են… ******ի դեմքին:

Եվ երկրի վրա,
     այրվող տներից – շեներից բոլոր,
     ողջ ու կենդանի բյուր կիզվողների ճիչի հետ մեկտեղ
     փռվեց զառանցանքն` ազանի՜ նման:
     Սարսափն էլ երկրի ձայները բոլոր
     հավաքեց բռում,
     կախեց մատներից`
     նվագավարի – խմբավարի պես,
     և անիրավված-տարաբախտ երկրի
     ողբերգախաղաց բացօթյա բեմում
     հնչեց մի համե՜րգ,
     մի համանվա՛գ,
     որ մղձավանջն էր`
     շարունակելի՜ն…
     Ջարդեցի՜ն այնպես`
     ոչնչի՛ համար
     և
     ամե՜ն ինչի:
     Ոչնի՛ համար
     և
     ամե՜ն ինչի:

2 000 000 մարդ ի խաչ բարձրացավ,
     2 000 000 խաչ չտնկվեց հողում,
     2 000 000 խաչ տապանաքարին չփորագրվեց,
     քանզի… հասարակ տապան-դագաղը
     կարծես թե դարձավ աստծու պես մի բան.
     մա՜րդ չարժանացավ նրան տեսնելու եզակի բախտին…

Ինքը երկիրն էր մի անկափարիչ դագաղ վիթխարի,
     մինչ նրա բոլոր բնակիչները` անդագաղ դիեր…

Եվ ահավասիկ ես ասում եմ ձեզ`
     տասնըմեկերորդ պատվիրանի պես.

-Ամենից առաջ
     փայտե դագաղի՜ պաշտամունք պիտի ունենալ կյանում,
     փայտե դագաղի՛,
     նաև պատանքի՜:
     Դագաղ-պատանքի՛ պաշտամունք պիտի ունենալ, այո՜,
     վասնզի եթե չի ճարվում դագաղ,
     ուրեմն արհավիրք – աղետ է ահեղ,
     վասնզի եթե դին չի պատանվում,
     ուրեմն ամեհի – ահարկու օրհաս,
     մահ-տարաժամ է,
     եղեռն ու նախճիր…

Եվ դո՛ւ չես ասում, ոչ էլ դո՛ւք,
     այլ ե՜ս,
     ես` Սիս-Մասիսըս,
     այդ ես եմ ասում
     անդո՜ւլ – անդադա՜ր – անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով:
     Գողթան երգերի չափով ահազդու,
     բամբ բամբիռների հնչումով խրոխտ
     Սիսն ու Մասիսն են ղողանջում անվե՜րջ – անդադա՜ր – անդո՜ւլ…
     ով ականջ ունի,
     հավատո բլթակ`
     նա լսում է միշտ,
     լսում է նրանց հանգերգն ահազդու,
     որ թարգմանվում է նույնպես զույգ բառով.
     Բեկանեմ շանթեր
     իմ գլխի՜ վրա,
     որ ճերմակել է ո՜չ լոկ հարանքից ու չարչարանքից.
     որ ճերմակել է բեկված – բեկբեկված բազում շանթերի
     դարավոր փոշո՜ւց,
     աճյունի՛ց ճերմակ…

Բեկանեմ շանթեր`
     իմ աչքերի՛ մեջ,
     որոնց բիբերը խառնարաներ են ծփացող հուշի
     և որոնց համար սպիտակուց է դարձել նո՛ւն փոշին`
     բեկված – բեկբեկված բազում շանթերի փոշին սպիտակ…

Բեկանեմ շանթեր`
     իմ հոգո՛ւմ մթին,
     կուպրանե՜րկ հոգում,
     ուր գահավիժած հրեշտակներ են անբառ մորմոքում
     մեռած հավատի
     և մարած հույսի դիակի՛ վրա`
     միակի՜ վրա…

Բեկանեմ շանթեր
     և լեզվի՛ս վրա,
     իմ թլվա՜տ-կակա՜զ-կա՛պ ընկած լեզվի,
     կա՛պ ընկած` ի տես մի իրողության,
     որ երբևիցե չէր եղել… եղավ,
     որ չէր կատարվել երբեք… կատարվեց…
     կա՛պ ընկած` նաև ի նշան անզոր-անկարողության`
     ասելու համար ողջ անասելի՜ն
     և անպատմելի՜ն պատմելու համար…

Եվ իրոք.
     այդ ո՞վ կարող է հիմա
     թեկուզ կցկտուր և անկապակից խոսքերով ասել,
     թե ի՜նչ կատարվեց:

Նախ`
     Քրիստոսը մեծացավ, ինքնին, ևս մի տարով,
     և երկրագնդի պտտվող կողին`
     հասարակածի լայնության վրա
     սառցե գրիչով մեծատառ գրվեց
     նրա տարիքը`
     1914 թիվը:

Եվ օրացույցը`
     կրկեսի բեմին կյանքն իր նվիրած
     ձեռնածու կնոջ հայտնի նազանքով,
     սկսեց մեկ-մեկ ուսերից նետել իր հագուստները.
     ամեն օր` մի շոր:

Ունայնությամբ էր արևն զբաղված,
     երկինքը` անվերջ դիմակ փոխելով.
     կռիվ էր տալիս օդը օդի հետ,
     օդն օդից պարտվում,
     հաղթում օդն օդին,
     և կնքվում էր այն հաշտությունը կարճ,
     որ ծանոթ է մեզ գարուն անունով:

Մարդկանց ու կանանց գրկաշփումից
     լույս աշխարհ էին գալիս մանուկներ`
     իրենց ճիչերով մարգարեական:
     Հողի և ջրի շփումից տամուկ
     թթխմորվում էր և՛ գինի, և՛ հաց:
     Թուղթ ու թանաքի հպում – շփումից
     բռնկվում էր միտք ու ժայթքում էր երգ:
     Իսկ բթամատի ու ցուցամատի շրջուն շփումից
     ծնվում էր դրամ…

Բայց բթամատի ու ցուցամատի շխկուն շփումից
     շատ հաճախ նաև հրդեհ է ծագում,
     եթե ցուցամատ-բութ մատի տերն է մի բութ բարբարոս:

Ո՞վ շրխկացրեց իր ցուցամատով ու բթամատով:
     Եվ այդ շրխկոցը մահացու փռթկաց
     Ինչ-որ տաքգլուխ մի ուսանողի ատրճանակից,
     ու գնդակը տաք ոչ թե մխրճվեց
     ինչ-որ Ֆերդինանդ Ֆրանցի սրտում,
     այլ հեգ մարդկության ուղեղի հենց ա՛յն կենտ բջիջի մեջ,
     որ մարդկայնության կենտրոնն է միակ…

Աշխարհը շրջվեց բերանի վրա և ապա մեջքի`
     աշխարհն ինքն իրեն կործեց ու շտկեց,
     շուռ ու մուռ եկավ ջղաձգվելով`
     ավազախրված-խեղդվող ձկան պես.
     և թավալ տվեց`
     գոռեխ-մոզերից կարեվեր խոցված մտրուկի նման,
     ու հանեց փոշի՜,
     այնպիսի՛ փոշի,
     որ խցեց աչքերն ամբողջ մարդկության,
     փակեց երկինքը և ծածկեց աստծուն,
     ա՛յն աստծուն,
     որի որդու տարիքը նույն այդ ժամանակ
     ավելացել էր և՛ս կես տարով…

Եթե մինչև այդ դիվանագետներն անուշ ժպիտով
     քարկտիկ էին իրար հետ խաղում`
     րոպեն մեկ երկինք (աստծո՜ւն) նայելով,
     իսկ մի պահ հետո` սեփական ափին, -
     դիվանագետներն այժմ տեղ տվին տերերին իրենց,
     որ… ոտնագնդակ խաղան մոլեգնած`
     արկով հեռահար
     և հեռաթռիչք ռումբ ու ականով…

Գնդացիրները
     խեղջ արտույտներին ու տատրակներին գործազրկեցն:
     Հրացանների
     թոքախտավորիկ հազն էր վերջանում արնահոսումով:
     Թնդանոթները
     իրենց երախի քրքիջով խենեշ
     ծանակում էին պարսատիկավոր Դավթին խղճալի,
     իսկ սպանվողը ինչ-որ Գողիա՛թ չէր,
     այլ մի մարդկությո՜ւն իր մարդկայնությամբ…

Թթվել էր կարծես հողը բովանդակ,
     ու թթվել էին ծովերը բոլոր,
     և թթվածության խմորիչ մանրէն արկ-ականն էր նույն,
     որ հող ու ջրի պղպջակներ էր պայթեցնում ահեղ`
     դեպի վե՛ր, երկի՜նք,
     որտեղ Հիսուսը, նստած Հոր աջում,
     ինքնին մեծացավ արդեն մե՛կ տարով,
     և երկրագնդի կիսարյունաքամ-գունատ ճակատին
     արյունոտ մատով աղվեսագրվեց

1915 թիվը…

Եվ գոլորշու պես մանեման եկող տագնապն անմեռուկ,
     որ հարկահանն է համայն աշխարհի
     և տանուտերն էր այս լեռնակղզու,
     ցրտից կծկվեց,
     կարկուտ դառնալու անբեկ վճիռով`
     նա խտանում էր:

Եվ խտանում էր վտանգը նաև`
     համայն աշխարհի մշտական քեռին
     և խորթ հայրիկը այս լեռնակղզու,
     խտանում այնպե՛ս,
     ինչպես արյունը, երբ լերդանում է:
     Ծպտյալ ոճիրը հանդերձ էր փոխում`
     տեսակցությունից ուշացող ***ի աճապարանքով:
     Քենը քողարկված, ոխը դավադիր
     իրենց վզերի կապն էին կրծում`
     շղթայի զարկգած շների նման,
     նո՛ւյն այն շների,
     որոնց աղոթքը թե հասներ աստծուն`
     երկնքից ոսկրի անձրև պիտի գար:

Շների աղոթքն իսկապե՜ս լսվեց…

Եվ մահը` մեծըն մաթեմատիկոս,
     Գորշ Գայլի արնոտ ժանիք – գրիչով
     գրանցման մատյան – թահրիր դեֆտերում
     համարակալեց մի ամբո՜ղջ երկիր`
     իր քաղաքներո՛վ, շեներո՛վ ամեն
     և մինչև անգամ վերջի՜ն քողտիկով:
     Համարակալեց բովանդա՛կ մի ազգ`
     ծե՛ր ու մանուկո՛վ,
     կին ու էրիկով
     և մինչև անգամ խելառո՛վ վերջին:
     Անգլուխ – անպոչ այդ պետության մեջ
     չէ՜ր եղել երբեք ու երբևիցե
     այսպիսի ստո՛ւյգ, այսքան ճշգրի՛տ
     մի մարդահամար,
     այնքա՜ն ճշգրիտ,
     և ստույգ այնքան
     որքան որ իրենց փեյղամբարների
     և կամ հարեմի հարճերի թիվը:

1915 թիվը…

Եվ եղավ… կյանքի ճոխ տոնավաճառ,
     բարբարոսության աճուրդ մեծագին
     և մարդկայնության փակ գրավատուն…
     Եվ եղավ… մի նոր` երկրո՛րդ ջրհեղեղ,
     որ իր տակ առավ – առաջի՜ն հերթին –
     ա՛յն երկիրը հենց, որ Նոյին փրկեց:
     Եվ իր տակ առավ այն ժողովրդին,
     որ 15 դար
     սրտով ու շրթով հայցեց իր աստծուն`
     «Արձակեա՜ զմեզ»,
     բայց Տերն արձակեց նրա ոսոխի՛ն`
     միայն սաստումի թելով ձերբակալ
     ու սուտ խոստումի մազով թևակապ
     ոսոխի՛ն նրա:
     Եվ ինչո՞ւ:
     Արդյոք ո՞չ այն պատչառով,
     որ աստվածները տանե՜լ չեն կարող իրենց նմանին,
     ինչպես որ ազգը` իրենից բարձըր իր հարևանին…
     Եվ եղավ, օ ո՜չ, և եղավ… խավար,
     այսինքըն` սկիզբ,
     այսինքն` մարդու տարեգրության նո՛ր դարագլուխ,
     հիմնադրումը գիտությա՛ն մի նոր.
     -առաջին դեպքը ո՛չ կոտորածի,
     առաջին դեպքը… ազգասպանությա՜ն:

1915 թվին…

Եվ այդ թվին էր,
     որ մի ողջ ազգի աղոթքը սառեց շրթունքի վրա,
     լերդացավ բերնին`
     բերնից դուրս ժայթքող արյան հետ ու պես
     մինչդեռ շների աղոթքը լսվեց անտեր երկնքում…

Եվ ոսկրով ծածկվեց մի հսկա երկիր,
     ուր (ճիշտ են ասել ու ճիշտ եմ ասում)
     եղել էր ու կար շնից շատ իշխան,
     բայց իշխանություն չի՜ եղել երբեք.
     եղել էր ու կար թերևս արդար,
     բայց արդարություն… ալլա՜հը թող տար.
     երկի՜ր, որ տրվեց դարեր շարունակ ալան-թալանի,
     ուստի չէր կարող չլինել աղքատ ու դատարկափոր:

Եվ ասում եմ ձեզ`
     պատվիրանի պես.
     -Պետք է վախենալ թագակիր ցուլի՛ց,
     գահակալ ձիո՛ւց,
     բայց ավելի շատ`
     գայիսոնակիր մուրացկանների՜ց պետք է սարսափել,
     վասնզի եթե փորը թափուր է և ափն է դատարկ,
     ապա գլուխը լեփ-լեցուն է միշտ ոճիր-նախճիրով:
     Պետք է սարսափել մուրացիկներից գայիսոնակիր,
     վասնզի եթե այդ գայիսոնը ոսկուց է անգամ
     ու զարդարված է եթե մինչևիսկ ադամանդներով,
     իմացե՛ք, որ դա խաբկանք է աչքի.
     -նրանց գայիսոնն ու մականը միշտ ոսկորն է միայն`
     մարդու ող կամ կող,
     ազդըր կամ սրունք:
     Եվ ի՜նչ աստծու էլ նրանք դավանեն`
     դարձյա՛լ ոսկորի պաշտամունք ունեն,
     ոսկորի՛,
     ո՛չ թե տապան-տապանքի:

Եվ ասում եմ ձեզ`
     պատվիրանի պես.
     -Վախեցե՛ք կյանքում սովագարներից
     առավել, քան թե խելագարներից,
     որ գահին` ինչպես մրջյունին` բազմում
     ու ձեռքն են առնում ուղտին աժդահա:
     Իսկ երբ սովագարն ու խելագարն են միություն կազմում
     ինչ-որ ազգի մեջ,
     Ուղտն էլ է դառնում խորհրդանշանն ուրիշ մի ազգի:
     Ա՜խ այդ Ուղտը խեղճ…

Իր կուզ-սապատով դիզում էր նա գա՛նձ,
     կերակըրում էր մի ո՜ղջ պետություն,
     իսկ ինքը սնվում միա՜յն տատասկով,
     բայց և որոճում… միրաժնե՜ր լուսե,
     ոսկեղեն տեսի՜լք:

Ոսկեկար բանված և ընդելուզված
     կոշիկ – ոտնաման – մուճակ էր տալիս
     մի սմբակավոր ու բազմապճեղ հսկա տերության,
     իսկ ինքն` անպճե՛ղ,
     իսկ ինքն` անսմբա՛կ,
     բայց և` իր ոսկե՜ տեսիլքների մեջ,
     բայց և` իր լուսե՜ միրաժների հետ…

Բեկանեմ շանթե՛ր`
     անարդարությա՜ն:

Երբ ուղտն, ասում են, կոտոշ է ուզում
     նա կորցնում է և ականջները:
     Սակայն կոտո՛շ չէր Ուղտի ուզածը:
     Նրա երազը նույնքան փոքրիկ էր,
     որքան ուղտային իր իսկ ականջը.
     ծարավից ճայթքող իր աչքերի մեջ
     մի հորդ աղբյուր էր մտովին տեսնում,
     մի աղբյո՛ւր, որին հասնելը հեշտ էր,
     որքան… ասեղով ջրհոր փորելը…

Եվ… Ուղտն այս անգամ ո՛չ միայն ականջ,
     ականջների հետ կյա՜նք ն էլ կորցրեց…

Եվ արաբական անբեղ-անմորուք անապատներում
     ծաղկեց… ոսկո՜րը`
     ավելի՛ ճերմակ,
     քան թե շուշանը` Մշո դաշտի մեջ,
     քան թե հասմիկը` Բյուրակնի լանջին,
     ու կեռասենին` Ակնի շուրջբոլոր:
     Ոսկո՜րը ծաղկեց`
     Մի նորատեսակ մարիամածաղիկ,
     որ չի թառամում ամառ ու ձմեռ
     և չի թորշոմում տարիներ բազում…

Եվ ձեզ եմ ասում,
     ձե՛զ, որ չեք տեսել.
     -Այդ արաբական անապատներում
     գիշեր ժամանակ
     մինչև հիմա էլ
     կես հարյուրամյակ անցնելուց հետո,
     պաղ ֆոսֆորային փայլ է արձակում ավազը մթին.
     ուղտի պես ծունկի բերված ու մորթված
     մի ամբողջ ազգի փտող ոսկորի՜ ֆոսֆորափայլը:
     Փտող ոսկորի ֆոսֆորափա՜յլը,
     որ չի կուրացնում մի՛մյանց նրանց,
     որոնց աչքերի ցանցաթաղանթը
     ջնարակված է նո՛ւյն այդ ֆոսֆորով.
     և այսպիսին են գայլի աչքերը,
     իսկ մեծատառված- խորհրդանշված Գորշինն` առավե՜լ…

-Բեկանեմ շանթե՜ր
     իմ աչքերի՛ մեջ`
     անապատային ֆոսֆորափայլից կիսակուրացող
     իմ զո՛ւյգ աչքերի:
     Եվ գո՛ց աչքերով ես ասում եմ ձեզ.
     -Եթե Փոքր ու Մեծ Մասիսները դուք զանգ չեք համարում,
     գեթ համարեցեք բրածոյացած-վիթխարի սապատ`
     ա՛յն, ինչ որ մնաց Ուխտավոր Ուղտից…

-Բեկանեմ շանթե՜ր՝
     ձյան փոթորիկով ինքն իրեն ծեծող,
     ինքն իրեն կոծող
     իմ գլխի՛ վրա…
     Եվ հիմա արդեն` գլուխս բռնած` ես ձե՜զ չեմ ասում,
     ես ի՛նձ եմ հարցնում` գլուխըս բռնած.
     -Այս ի՞նչ անիծյալ հունդից ծիլ առավ
     և արմատ ու բուն ձգեց աշխարհում
     այս տոհմածառը`
     իմը և ձերը,
     որ ցցվեց իբրև կանաչ-կենդանի մի ուղեփակոց
     չորս չար խորշակի քառուղում բանուկ,
     և մեզ ամենքիս դարեր ստիպեց
     և ստիպում է ասել վերստին.
     «Կորիցէ՛ օրըն, յորում ես ծնայ» …

Թողեք ես լռեմ

և թող անլեզու քարերը խոսեն քարեղեն լեզվով.
     -Այս ազգը որի՞ց և ինչո՞վ է վատ, -
     պատասխա՛ն տվեք, քարե՜րն են հարցնում, -
     այս ազգը ումի՞ց և ինչո՞վ է վատ,
     որ դատապարտվեց ա՛յսչափ վատության, -
     պատասխա՛ն տվեք, քարե՜րն են հարցնում:
     Եվ ո՞վ, և ինչո՞ւ սրանց «հայ» կոչեց,
     որ հանգավորվի միմյան «վայ» -ով:
     Եվ ինչպե՞ս, և ե՞րբ, ի՞նչ ուժով արդյոք
     (թեկուզ և` ինչպես ատոմն ատոմից,
     թեկուզ և` ահեղ պայթյունի՜ գնով
     և կործանումի սպասմա՛մբ թեկուզ)
     իրարից «հայը» ու «վայը» պոկե՜լ,
     ինչպես ես հիմա շանթեր եմ պոկում
     և խշրտուքով բեկանում-բեկում
     իմ խավարադեմ – կուպրածեփ հոգում,
     ուր գահավիժված հրեշտակներն են մորմոքում անխոս
     մեռած հավատի
     և մարած հույսի դիակի՜ վրա`
     միակի՜ վրա…

Ա՜խ, եթե հիմա կարողանայի և ձա՛յնըս պոկել
     իմ իսկ կոկորդից,
     ինչպես զանգերի լեզվակներն էին Տարոնում պոկում
     և լեզվակի տեղ կախ տալիս շներ,
     որ ժամերգության փոխարեն սրանք,
     իրենց ոռնոցով ու վնգստոցով,
     ծաղրեն Հիսուսին և Հորը նրա`
     Տիրոջն Անտերաց.
     «Շունք բազումք եղեն զինև:
     Արի՜, Տէ՛ր, և փրկեա՛ դու զիս» …

Ա՜խ, եթե հիմա կարողանայի և ձա՛յնըս պոկել
     կոկորդից իմ խեղճ
     և օգտագործել իբրև խարազան`
     չգիտեմ թե ո՛ւմ մեջքին կամ դեմքին,
     միա՛յն թե մեզնից նա բա՜րձըր ոռնար
     և իր ոռնոցով մի պահ լռեցներ
     մեր ցա՜վը,
     ցա՛վը`
     մեր անլռելի՜ն…

Բայց ո՛չ, թողե՜ք ես իմ ճիչը խեղդեմ,
     ինչպես որ մայրն էր խեղդում մանուկին,
     որ կուրանալիք աչքերով իր զույգ
     չտեսներ նրա
     կոկոն գլխիկի քարագանումը խուժանի ձեռքով…

Չէ՛, թողե՛ք հեծնեմ իմ տառապանքին,
     ինչպես հեքիաթի ա՛յն խոյին ծանոթ,
     որի գույնն է լոկ որոշում, թե մենք ո՞ւր պիտի ընկնենք`
     Լո՞ւյս թե՞ մութ աշխարհ:

Եվ հաջողություն կոչվածը մարդու
     կամ բախտ ասվածը մի ամբողջ ազգի
     կախված չէ՞ արդյոք
     այդ խոյի գույնի՛ց, գույնի՜ց միմիայն`
     սև կամ ճերմակից:
     Ու եթե միայն գույնից է կախված ամեն բան կյանքում`
     թողե՛ք, որ ես այդ գույները ջնջե՜մ,
     ո՛չ թե սպունգով,
     այլ իմ երեսո՜վ,
     որ և իմը չէ, այլ մարդկությանը:
     Եվ մարդկությունն էլ թող որ մումիանա
     ճառագայթային ախտի այս դարում
     ու մնա այդպես`
     մի երեսը սև, երկրորդը ճերմակ…

Եվ թողե՜ք նաև…
     Օ ո՛չ, մի՛ թողեք,
     որ վերստին գան ու հասնեն օրեր`
     ա՛յն օրերի պես,
     երբ կես մի երկիր կանացի ձայնով,
     իր սրտակեղեք «երանի՜» -ն գոռաց`
     ի լուր աշխարհի,
     պատմությանն ի հուշ.
     - «Երանի՜ ամլոց և որովայնի, որք ոչ ինչ ծնան» …
     Իսկ երկրորդ կեսը միևնույն երկրի,
     այս անգամ արդեն այրերի ձայնով,
     անզորությունից կիսացնորուն,
     ի տես լրբենի ապիրատության`
     լեռների քունքին իր ճիչը մեխեց.
     - «Լերի՜նք, անկերո՛ւք դուք ի վերայ մեր» …
     Եվ բլուրների կողերից կախեց
     իր աղերսանքը տղամարդկային.
     -… «ծածկեցե՜ք զմեզ» …

Բայց նրանց վրա լեռները չընկան
     և չծածկեցին բլուրներն անսիրտ:
     Ո՛չ.
     վրա ընկավ, ամենից առաջ, օրե՜նքն անօրեն:
     Խլված էր և՛ զենք,
     և՛ դանակ, և՛ ձեռք,
     մինչև անգամ ձե՜ռք, բռունցք ու կռո՜ւփ.
     կապկպված էին թև՛ ու ձե՜ռք անգամ:
     Մնում էր… ատամ
     ու
     մնում էր… ոտք.
     ո՛տք`
     ցլամարդկանց ամորձիքների՜ն հասցեագրված,
     և ատա՛մ`
     ստո՜ւյգ հասցեագրված
     մարդ-գազանների փրչոտ կոկորդի՛ն…

Բայց խլվում էին ա՛յդ զենքերն անգամ,
     ատամներն էին քարերով ջարդում
     ու ոտքերն էին մարմնից անջատում
     ինչո՜վ որ կուզեք, ինչո՜վ կամենաք.
     թրով ու քարով,
     սրով, տապարով,
     սրոցով բահի,
     մանգաղ-գերանով,
     և կամ պարզապես հոդալուծությամբ,
     և այս ամենը
     ո՛չ միայն հանգի՜ստ-անվրդո՜վ-անդո՜ղ,
     և ո՛չ էլ միայն մոլի եռանդով,
     այլև մի տեսակ արբշիռ ցնծությա՜մբ…

Գնդակն ափսոս էր.
     մեկ գլխի համար
     մեկ գնդակն արժեր երկու հատ ոսկի,
     որ հանգիստ մեռնել ցանկացողն ինքը պիտի վճարեր,
     բայց, դժբախտաբար, չկա՜ր… խլվա՛ծ էր…

Գնդակն ափսոս էր,
     իսկ ձեռքն էլ` հոգնած.
     բթացել էին բահ-մանգաղ-կացին,
     և ուժաթափվել դաստակ ու բազուկ…

Հոգնած չէր ջուրը,
     բայց նա՛ էլ հոգնեց.
     իրենց մեջ առած բյուր դիակներից
     հունավոր գետերն ափերից ելել-մոլորվել էին.
     խորունկ ջրհորներն իրենց վզերը հանել էին դուրս,
     առաջի՜ն անգամ իրենց կյանքի մեջ` հանել էին դուրս
     և օդից հարբաց ու լույսից գինով`
     ուշաթափ փռվել-մոլորվել էին
     դիակների պես,
     դիակների հետ…

Դո՛ւք վկա չեղաք, ե՜ս եղա վկա,
     թե ինչպես դարձավ այս լեռնակղզին
     թատրոնից բացի
     նաև մի կրկես
     ուր` կրակի հետ մրցության մտած`
     և ջուրը խաղաց բազմաթիվ դերեր:

Ջո՜ւրը, նո՛ւյն ջուրը`
     ապականիչ էր և լվացարար` միաժամանակ,
     կործանարար էր, բայց նաև փրկիչ` միաժամանակ,
     զոհասեղան էր, բայց և վաշխառու` միաժամանակ.
     մի բաժակ ջուրը` Եփրատի ափին,
     Տիգրիս գետի մոտ,
     Բյուրակնի վրա,
     մի բաժակ ջուրը մեկ ոսկի արժեր,
     որ չկա՜ր, ավա՛ղ, խլված էր վաղուց…

Ախ, ջո՜ւրը, ջո՜ւրը…
     Վայրենիների վայրենի վարքով
     մարդընտելացավ ջուրը վայրենի,
     մրցակցում էին իրենց շատությամբ
     թռչունների չուն` խանձված երկնքով,
     դիակների չուն` ջրերի վրա,
     և ձկների չուն` նույն ջրերի մեջ:

Նովրուզ բայրամ էր ձկների համար,
     մի նովրուզ բայրամ,
     որ հարատևեց ամբողջ յո՛թ ամիս,
     իսկ հետո նաև` ամբողջ յոթ տարի՜.
     -Շյո՜ւքըր ալլահա…
     Ամբողջ յո՛թ տարի ջուրը տառապեց
     չար աչքացավով`
     արնակոխությամբ:
     Եվ մեքքայական Զեմ-Զեմ աղբյուրից
     ոչ պակաս պաշտված ու սուրբ աղբյուրներ
     նույն աչքացավից հավե՜տ կուրացան.
     -Ո՞ւր ես, կույրերին բժշկող Հիսուս…

Ջուրն էին նետում մայրերը մանկանց,
     ու նետվում իրենք
     ու նետվում այնպե՛ս,
     ինչպես նետվում են գիրկը սիրածի…

Անպատվությունից փրկվելու հույսով
     ջրացուլերից ջուրը նախընտրած բյուրավոր կանանց,
     դեռ կնիքավոր – չմատնահպված բազում կույսերի,
     դեռ մեղրամիսի
     ծանծաղ հատակը չհասած անծին հարսների վրա
     կարմիր ծին-խալ էր հապշտապ դաջում
     ջրացուլերի գնդակը կուրաչ`
     գեղեցկացնելով վախճանը նրանց,
     այլանդակելով ջուրը գեղեցիկ…

Օ՜, տառապանքը բյուրհազար կանանց և աղջիկների,
     ա՜յն տառապանքը,
     որ իր ծանրությամբ պիտի՜ որ ազդեր
     ապուշի նման անվերջ թավալվող
     այս հողագնդի պտույտի վրա…

Օրացույցն էլի`
     ձեռնածու կնոջ հայտնի նազանքով
     շարունակում էր իր հագուստները ուսերից նետել, -
     ամեն օր` մի շոր, -
     և մինչև հասներ իր կրկեսային ծանոթ վիճակին`
     մինչև մերկանար,
     պիտի անցնեին շուրջ 365 օրեր,
     այնինչ բյուրհազար քույրերին նրա,
     կիսացնորված-խելագարվելիք նրա քույրերին,
     նույն այդ վիճակին հասցընում էին երեք վայրկյանում.
     բազմության առաջ, մահվան երթի մեջ,
     կճեպում էին ու կլպում նրանց`
     հասած ու դեռ խակ ընկույզների պես,
     և կլպողների ձեռքերը բնավ չէին սևանում.
     կեղտից ու մրից, լերդ-լերդ արյունից
     ընդմիշտ սևացածն ինչպե՞ս սևանար մեկ ուրիշ սևով…

Արևի երես երբեք չտեսած
     և նշխարի պես սպիտակ ու սուրբ
     նրանց մերկացած մարմընի վրա
     իրենց արևառ ու հողմլահարված գլուխը կարծես
     ոչ թե սեփական,
     այլ փոխառնըվա՜ծ գլուխ էր թվում,
     մի գլուխ օտա՜ր,
     ասես դնովի՜…

Եվ հարսներ բազում` արդար կաթնակեր,
     միշտ մեծահարգո ու դեռ չխոսկան,
     մոռացած ավանդ ու սովորություն`
     առաջին անգամ ձայն արձակեցին,
     ճչացին հանկարծ` առաջի՜ն անգամ,
     մերկ թևերն իրենց հագուստ դարձնելով
     իրենց մերկանդամ ազդրերի համար
     և ազդրերն իրենց` մերկ որովայնի…
     ճչացին հանկարծ` առաջի՜ն անգամ,
     իրենց կեսուրի փեշից կախվելով,
     իրենց կեսրայրի ոտքը պագնելով…
     Ձայն արձակեցին – ճչացին հանկարծ
     առաջի՛ն անգամ`
     ու վերջի՜ն անգամ`
     իրենց նետելով քարափի քթից,
     անդունդի շրթից,
     ժայռի եղջըրից,
     իրենց հանձնելով փրկարար ջրին`
     եթե կար քարափ, անդունդ, ժայռ ու ջուր…
     Իսկ եթե չկա՜ր…
     Զուր էր արևը նետում նիզակներ
     մարդացուլերի թիկունքի վրա.
     նրանք արևից չէին ամաչում,
     և ոչ էլ իրենց ատյանից աստծո…
     Եվ իզուր էին երկնքից թափվում աստըղ-ասուպներ,
     ինչպես որ Կենաց պտղաբեր ծառից՝ խնձորներ հասած.
     Եվան այլևս ուտել չէր կարող,
     քանզի նա հիմա… բռնաբարվում էր օձից մարդակերպ,
     բռնաբարվում էր` բազմության առաջ,
     իր զավակների սահմռկած-սառած
     հայացքի ներքո…

Եվ ո՞վ ձեզ կասի,
     ի՞նչն էր առավել.
     գարշա՞նքը նրանց, թե՞ սահմռկումը:
     Եվ ո՞վ ձեզ կասի,
     ի՞նչն էր առավել
     նրանց տանջա՞նքը, թե՞ վրեժն անլուր…

Նետերով լեցուն կապարճներ դարձան
     նրանց ափերը,
     նրբին-մոմաբույր մատները նրանց
     նիզակներ դարձան,
     նրանց հինայված եղունգները` տեգ:
     Կռվեցին նրանք` կատվի պես վայրի,
     մայր վագրի նման,
     առյուծի պես էգ:
     Կռվեցին նրանք ատամով, թուքով,
     կռվեցին նրանք մարմնով ու հոգով,
     և, աստվա՜ծ գիտի, հաղթեցի՛ն նրանք
     իրենց հնօրյա անարգ թշնամուն`
     ոչ միայն իբրև նորօրյա Հուդիթ…
     Թեպետ կապկպված ու գերի տարված,
     թեպետ կեղեքված ու բռնաբարված.
     փերթվելով թեպետ,
     թեպետ ջարդվելով,
     թեպետ պարտվելով`
     հաղթեցի՜ն նրանք:

Հաղթեցին նրանք` թողնելով մի հարց.
     որ ես եմ հիմա տալիս աշխարհին.
     -Որտեղի՞ց արդյոք, թուրքին հարց տվեք,
     որտեղի՞ց այսքան վայրագ մոլություն:
     Մարդկության համար չհայտնագործվաց այդ ի՞նչ ակունքներ,
     բոլորին անհայտ այդ ի՞նչ ջրհորներ ունի տակավին
     հաճույք ասվածը նրանց ընդերքում`
     հոգի հորջորջված իրենց որջերում գազանաբնակ:
     Եվ ո՞վ կարող է, իրենցից բացի, հասկանալ մի կերպ
     հեշտին հաճույքը, վսեմ վայելքը այն վեհ վայրկյանի,
     երբ Մարիամ-Մարի-Սրբուհի կոչվող
     տակավին մանուկ աղջնակներին
     կեղեքում էին` բոլորի առաջ,
     կեղեքում էին` ամբողջ ոհմակով,
     կեղեքում էին տաճարների մեջ, սուրբ խորաններում,
     և մինչև անգամ մեկ ա՛յլ Մարիամի`
     միա՜կ Մարիամի սրբանկարի կտավի վրա…
     -Եվ դո՛ւ, Կո՜ւյս Մարիամ, չմիջնորդեցիր,
     որ Որդիդ գոռա.
     -Բեկանեմ շանթե՜ր…

Եվ ո՞վ կարող է, բացի իրենցից, մի կերպ հասկանալ
     այն վեհ վայրկյանի վայելքը վսեմ, հաճույքը հեշտին,
     երբ կախում էին այսպես կեղեքված-տանջահար կանանց,
     կախում… ոտքերի՜ց,
     գլխիվա՜յր կախում,
     և այնպես կախում,
     որ մայրակառկառ ձեռքերը մանկանց մորը չհասնեն
     և հոդախախտվող բազուկները մոր չհասնեն մանկանց…

Եվ դու, Տիրամա՛յր, լռեցի՜ր կրկին
     նրանց չարչարանք-հարանքի հանդեպ,
     ու Որդիդ չասաց.
     -Բեկանեմ շանթե՜ր…

Եվ այսպես`
     բոլոր իսկուհի կանայք
     մեռան Գորշ Գայլի որջերում մթին,
     մարմնապե՛ս մեռան, մեռան հոգեպե՜ս:
     Տիկնայք փափկասուն, գգյալ ու գգվյալ,
     խորդենու նման տնաբույս կույսեր
     նահատակվեցին անապատներում
     և՛ արմատախիլ, և՛ բնակոտոր,
     փլատակվեցին քարափներն ի վար,
     ու թե փրկվեցին`
     խեղդվեցի՜ն հավետ,
     խեղդվեցին և՛ մամ, և՛ աղջիկ, և՛ թոռ,
     կանացի մի ո՜ղջ մահապուրծ աշխարհ
     դարձավ խեղանդամ և անդամալույծ…

Եվ դու, Տիրամա՛յր, դու չեղար միջնորդ,
     որ Որդիդ ասեր.
     -Տալի՛թա, կումի՜…

Փոքրի՛կ, շա՛տ փոքրիկ գութն էլ է ազդում
     մարդկության վրա համայն աշխարհի`
     գազանի մորթուց և՛ս պնդարմատ մի մազ պոկելով.
     Այդ գո՛ւթը չկար:

Փոքրի՛կ և նույնիսկ շա՜տ փոքրիկ սիրուց
     փոխվում է օդի բարեխառնությունն ամբողջ աշխարհում:
     Այդ սե՜րը չկար:
     Կար մի հրաման, անխա՜խտ հրաման.
     -Բովանդա՜կ մի ազգ իր պետ ու ծետով,
     մի ո՜ղջ ժողովուրդ ճռաքաղ անել`
     մոռացած ալլահ, փեյղամբար ու խիղճ,
     խի՜ղճ, որ մինչևիսկ շունը չի ուտում,
     իսկ սրանք նույնիսկ լափեցի՜ն շտա՛պ,
     և թվում է, թե… մարսեցին նաև…

Ճռաքա՜ղ անել և արմատախի՛լ,
     բոլո՜ր ձեռքերով ու միջոցներով…

Եվ սրածումին թիկնապահ դարձավ
     անլուր աքսորը,
     ու ծարավի հետ սովը դաշնակցեց`
     ամենազորը:

Ու տրոփեցին բզկտված սրտեր`
     մերկ թաթերի մեջ ու կրունկների,
     սրանց բաբախուն ցավին համաչափ:
     Տրոփվեց նաև մի կտոր տաք կամք`
     նույն կրունկերի ու թաթերի մեջ,
     սրանց բաբախուն ցավին համաչափ…
     Ամենուր փռված անթաղ դիերից հողն էր որդնոտել`
     Հոբ երանելու խեղճ մարմնի նման,
     իսկ սրանց ոտքերն` ավելի՛ ևըս…
     Կարեվեր ոտքից թունոտ փուշ կամ մեխ ձգել-հանելը
     արգելված էր խիստ,
     արգելված այնպե՛ս,
     ինչպես փեյղամբար Ալիին Վալի վերանվանելը:
     Իսկ եթե նույնիսկ իրավունք լիներ`
     փաթաթա՜ն չկար,
     լաթի մի կտո՜ր,
     նրանց վրայի հագուստ կոչվածը արդեն չէր պահում
     նույնիսկ կարկատան,
     որ խղճի նման մի բան էր դարձել…
     Իսկ ագռավների ու ցիների հետ
     սրանց ամենուր միշտ շրջապատող
     վաչկատունների կանայք գիշատիչ
     զարդարված էին սրանցից խլված հագուստ-կապուստով.
     փոթ-փոթ զգեստներ
     (գարնան ու ամռան ճոխ մանրանկա՜ր),
     զառ-վառ գոգնոցներ և ուսանոցներ
     (աշո՛ւն պահածո),
     ակներ` հազվագյո՜ւտ
     (կարեկցանքի՛ պես),
     նույնքան հազվագյուտ զարդեր ու զուգսեր,
     որոնց միամիտ շողարձակումը տալիս էր նոր փայլ
     իրենց նորահայտ տիրուհիների վայրի հայածքին…

Իսկ հապա դրանց դև տղամարդի՜կ…
     Իրենց մարմինը դեռ գազանների մորթիով ծածկող,
     տակավին քեչա ու փալաս հագնուղ այդ նախամարդիկ
     դեգերում էին հիմա ամենուր`
     զուգված-զարդարված
     արծաթաբանյալ ու ոսկենըկար այն շուրջառներով,
     ա՛յն եմիփորոն – վակաս – լանջանոց – խույրով շողշողուն,
     որ պոկել էին
     իրենց սպանած
     քահանա – երեց – եպիսկոպոց անթաղ դիերից…

Ո՞վ պիտի ասի սրանց ահռելի երեմիականը:

Կրակի տալով սրանց ալեզարդ բեղ ու մորքուքը`
     տաքացնում էին սառնասրտորեն
     իրենց խոշտանգիչ պես-պես զենքերը,
     որ արեգակի կենտ աչքի առաջ
     կտցելով հանեն նրանց աչքը զույգ,
     որ գամեր մեխեն նրանց քունքի մեջ,
     շիկացած մեխեր գամեն կրծքերին,
     մեջք ու միջակը սղոցո՜վ հատեն`
     իրենցից պաշտված Եսայու նման…

Ո՞վ պիտի գոչի սրանց ահարկու եսայիականը:
     Իսկ ով տակավին հետն էր իր հոտի,
     ովքեր տակավին չէին սրբացել,
     հոտի հետ մեկտեղ ու հոտի նման
     գլխաբաց ու մերկ
     քայլ էին փոխում
     և արնադրոշմ իրենց ոտքերով քարշ էին տալիս
     իրենց մարմինը` թիապարտի՜ պես,
     կաշվի մեջ միայն ոսկոր պարփակող,
     փետրի պես թեթև իրենց մարմինը,
     որ ծանրացել էր
     տիղմի մեջ խրված մեծ նավի՛ նման…

Ո՞վ պիտի գոռա նրանց ահարկու եսայիականը…

Եվ խոտաճարակ ու քրձահանդերձ այդ հոտի տեսքից
     զարհուրում էին
     ու կաղկանձելով փախս էին տալիս նույնիսկ շները:
     Իսկ երբ պառկելու իրավունք էին հանկարծ ստանում`
     մարդընտելացած թռչուններն էին հարձակվում
     նրանց խմբերի վրա`
     նրանց դնելով ծանոթ դիերի ու լեշերի տեղ
     ու թույլ չտալով, որ հանգչեն մի քիչ,
     մի փոքր քնեն:

Իսկ ինչո՞ւ քնել,
     եթե թռչնային նրանց քունն անգամ
     լեցուն էր ահով ու զարհուրանքով:
     Նրանց երազում
     գիշերը միայն վհուկ չէր կարծես,
     այլ նաև կավատ,
     որ ծախում կույսեր
     ու կուտակում էր անառակություն…

Իսկ ինչպե՞ս քնել, իսկ ինչպե՞ս քնել,
     եթե սատանան, քաղցի տեսք առած,
     բնակավայր է դարձըրել ներսըդ`
     խեղճ աղիքներըդ,
     որ գալարվում են`
     բռնաբարումից խույս տալ ջանացող
     հեգ աղջիկների
     մերկ մարմինների վտառի նման…

Եվ մի ժողովո՛ւրդ,
     որ հացն էր պաշտում` նշխարի տեսքով,
     մեռնում էր ահա առա՜նց նշխարի…
     Եվ մի ժողովո՜ւրդ, որ իր գոյությամբ
     հանապազօրյա հաց էր միշտ եղել
     մի հսկայական կայսրությա՜ն համար,
     մի ո՜ղջ ժողովուրդ մեռնում էր հիմա
     հանապազօրյա հացի՜ կարոտով…

Մարդն էր հաց ուտում,
     իսկ հիմա արդեն… հացն էր մարդ ուտում…
     Շո՜ւքըր ալլահա:

Եվ այսպես`
     անհաց – անջուր – անհագուստ,
     հաճախ անհավատ,
     բայց և անվհատ`
     նրանց կարեվեր քայլն էր տրոփում
     անծանոթ – անհայտ ճանապարհների անհատնության մեջ,
     անապատային հորիզոնների խուսափուկության,
     ակամա տենչված հանգրվանների անհայտության մեջ
     և ինքնահոլով – ինքնակրկընող հուսաբեկության:

Եվ քայլում էին…
     Ետ նայող չկա՜ր:
     Ետ նայողն իսկույն մեխվում էր տեղում`
     թշնամու թրով
     կամ սրով սովի:
     Եվ մահացածի վաղուց ցամաքած կուրծքը ****ով,
     բյուրավոր մանկունք դուռն էին ծեծում
     ա՜յն Քավարանի` ա՛յն Ալ Արաֆի,
     որ ասես լիներ զնդան թուրքական.
     ասեղ գցելու տեղ անգամ չկար…
     Իսկ ով չէր մեռնում այսքանից հետո,
     ով համառում էր տակավին ապրել`
     մի բարեխնամ ձեռքով հավաքվում,
     տարվում էր մոտիկ որբանոց մի տաք,
     ուր սովալըլուկ-կիսամեռ որբին
     ճաշ էին տալիս, սուլթանավայե՜լ,
     մի ճաշ, որ ուներ լոկ մի թերություն`
     աղն էր քիչ պակաս
     և շատ էր… թույնը…

Փոքրի՜կ, և նույնիսկ շա՛տ փոքրիկ սիրուց
     փոխվում է օդի բարեխառնությունն ամբողջ աշխարհում:
     Այդ սե՜րը չկար:
     Փոքրի՜կ, շա՜տ փոքրիկ գութն էլ է ազդում
     մարդկության վրա համայն աշխարհի,
     Այդ գո՜ւթը չկար:

Կար մի չգրված-բնազդով տրված հրաման անգութ.
     եթե կանգ առնել, ապա կանգ առնել
     հարևանությամբ հացի փռերի,
     որ յուրաքանչյուր բջիջդ ոռնա,
     և ամեն ջիղըդ ապստամբ դառնա,
     և ամեն մազըդ քեզ ցնցի հուժկու…

Եթե կանգ առնել, ապա կանգ առնել
     գետերի ափին, աղբյուրների մոտ,
     և ոչ մի դեպքում… մի կում չխմել,
     որ հրատոչոր քո լեզուն դառնա
     կախվածի բերնից դուրս ընկած լեզու,
     և քո պտըտվող աչքերն էլ դառնան
     արևածաղկի նման ջրծաղիկ…
     Իսկ եթե քնել` ապա լոկ քնել
     դափ-դատարկ ու տաք իջևանատան,
     զորանոցի մոտ դափ-դատարկ ու տաք,
     բայց ոչ նրանց մեջ,
     այլ երկնքի տակ`
     արյունով թրջված,
     թարախով թացված
     քարին ու փշին ընկողմանելով
     և վերհիշել կեղեքիչ տեսքը անկողինների`
     քրոջ պես մաքուր,
     սիրած կրծքի պես ճերմակ ու փափուկ
     ու երեխայի ափի պես տաքուկ
     այն ավանդական անկողինների,
     որ սրանց առջև փակ էին արդեն`
     դարպասի նման Օտոման բանկի,
     ա՜յն ծանոթ բանկի,
     փորձանո՜թ բանկի,
     որ դանայական տակառի նման
     կլլելով սրանց`
     բյուր մեռնողների ու բյուր մեռելոց
     արյուն-քրտինքը,
     միլիոն միլիարդը,
     չէր թողել նույնիսկ մեկ ուրիշ տակառ`
     Դիոգենեսի՛ տակառը ծանոթ,
     որի մեջ սրանք ապրեին գոնե
     և հիմա այսպես չմրմնջային.
     «Աղուեսանց գոն որջք,
     թռչնոց երկնից` բոյնք,
     այլ որդւոյ մարդոյ
     ո՛չ գոյ ուր դիցէ զգլուխ իւր իսկ» …

Դիոգենեսի տակառից էլ զուրկ`
     յուրաքանչյուրը այս խլյակներից
     Դիոգենես էր մի յուրատեսակ.
     մահվամբ ճառագող աչքերով երկու,
     իբրև ճրագով,
     օրը ցերեկով
     մարդ էին փնտրում, սակայն… մա՜րդ չկար:
     Մարդը կորել էր,
     ինչպես հանկարծ կորչում է ջուրը`
     անապատներում կամ լեռնածերպում:
     Եվ նա կորել էր ո՛չ այստեղ միայն`
     այս Գորշ Գայլ պաշտող միլիոնների մեջ,
     այլև ամենո՜ւր.
     աշխարհում ամբողջ
     մարդն զբաղված էր մարդասպանությամբ,
     իսկ սրանք` նաև… ազգասպանությա՜մբ`
     աչքերի առջև բոլո՜ր ազգերի,
     այս լեռնակղզու ազգովին խաչվող
     բնակիչներից բարեկա՜մ կոչվող
     ազգերի սառած աչքերի առաջ:

Ա՜խ, այս գերազնիվ-գերքաղաքակիրթ բարեկամները,
     որոնց սուտ ու փուտ բարեխոսություն-բարեբանումը
     դարձավ այն պագը,
     որ անմահացրեց հայտնի Հուդային.
     իսկ հանրահայտնի մի ազգ… մահացրեց`
     հոգեվարքի մեջ նո՛ր հասկացնելով,
     թե ով աշխարհիս այս ջոջերին է հավատ ընծայում
     միամտաբար և ասպետորեն` Դոն-Կիխոտի՜ պես,
     նա վերջ ի վերջո մենախոսում է… Համլետի՜ նման`
     չկարենալով խլացնել մեկ այլ մենախոսություն.
     «Հայոց հարց չկա, քանզի… հայ չկա» …

Սակայն հայ դեռ կա՜ր,
     և հայե՛ր կային:
     Կար աքսորյալի մի քայլ երերուն,
     կար սովագարի աչք անմարդկային,
     և անապատ կար`
     տա՜ք,
     իբրև ապտակ:
     Կար սողք ու թռիչք համաճարակի,
     բայց և կար կամքի մի կենտ արագիլ,
     որ փլատակվող երկինքների տակ
     ու մշտաբորբոք անշեջ կրակի
     շեկ շեղջի վրա կանգնած էր արդեն
     ո՛չ թե մեկ ոտքով,
     այլ երկո՛ւ ոտքով…
     Կար եռամատնյա մի խաչակնքում
     և եռամասնյա մի մեծ նպատակ,
     որ պիտի սրանք դեռ կատարեին:

Նախ`
     կատարեցին միակ կարելին.
     թրի-սրի դեմ,
     հրի դեմ, ջրի,
     հրանոթի դեմ ու գնդացըրի,
     երեկվա նման ու վաղվա նման
     մարտնչում էին առկա-ատամով,
     կռվում կրունկով,
     թաթով ու ծունկով`
     Վանում, Ուրֆայում, Մուսայի վրա,
     Գարահիսարի կիսավեր բերդում…
     …անխուսափ մահվան կարմիր սգերթում, -
     անհայտ-անվանի սրբազա՜ն խենթեր,
     որ մահվան շնչից չտատանվեցին
     և… դրոշակո՛վ չպատանվեցին,
     այլ լոկ հեռվահաս ու բազմադարյան
     իրենց ծփացող ծիրանի արյամբ…

Եվ կատարեցին կիսակարելին.
     ահի՜-մահի դեմ,
     հովի-սովի դեմ,
     արնահոսի դեմ
     ու բարբարոսի`
     ջուրն էին նետում իրենք թե՛ իրենց,
     թե՛ իրենց որդոց,
     թույն տալիս իրենց սիրասուն կանանց
     և աղջիկներին,
     սպանում մորը,
     սպանում հորը
     և… խելագարվո՜ւմ,
     և… խելագարվո՜ւմ, -
     արդեն կրկնակի՛ սրբազան խենթեր,
     որ զորեղ էին, ո՛չ ամենազո՜ր`
     այլևըս անհաղթ ու անպարտելի,
     այլևըս հաղթած ոսոխին, աստծուն…

Կատարում էին և… անկարելին.
     այսքանից հետո չէի՜ն մահանում`
     պահվելով իրենց հարազատների դիակների տակ,
     ապաստանելով ոչ երկոտանի, այլ չորքոտանի
     գազանի որջում,
     ապաստանելով այն միա՜կ աստծուն,
     որ դեռ չէր ժխտված
     և որ կոչվում էր ինչպես Պատահմունք,
     այնպես էլ Դիպված…
     Ապաստանելով, վերջապես, նաև… կանանց տարազին:

Եվ առյուծաձև-արջակոխ լաճեր,
     ճետեր արծվաձագ
     ու մանչեր կորյուն,
     որ ծնվել էին կարծես գլխարկով,
     հիմա` զինազուրկ և ունայնաձեռ,
     հիմա` նշանված կնիքով մահվան,
     այլևս ուժաթափ,
     նաև ուշաթափ`
     լաչա՜կ կապեցին իրենց գլխներին
     և խառնվեցին թափորին կանանց,
     որպեսզի գուցե հաջողեն փրկվել:

Կարծես գլխարկո՜վ ծնված մայրերից`
     լաչակը հիմա այս խակ այրերի
     գլուխն էր այրում առավել գուցե,
     քան թե շիկացած թասն այն պղնձե,
     որ դրվեց գլխին իրենց հայրերի`
     լաչակի տակից փայլակ արձակող աչքի դեմ իրենց:

Եվ շրջազգեստը կպչում էր նրանց`
     թերևս ավելի խենեշ ձևերով,
     քան առևանգիչ վաչկատուների բազուկները պիղծ
     իրենց մայրերի կողին սուրբխորան
     և քույրիկների երկգմբեթ վանքին:
     Եվ այս ամենը`
     լաչակի տակից շանթեր արձակող իրենց աչքի դեմ…

Եվ ճողոպրեց, փրկվեց մազապուրծ`
     ո՛չ մի ակնթարթ նա չմոռացավ
     ու երբևիցե չի՜ մոռանալու
     իր կրած անլուր անպատվությունը
     և անպատմելի ողջ պատմությունը
     յուրայնոց ու յուր…

Եվ ասում եմ ձեզ`
     մարգարեի պես.
     -Օ՜, կնատարազ այրերի ոխի՛ց վախեցեք կյանքում
     և սարսափեցեք նրանց վրեժի՜ց անբեկանելի:
     Եվ ո՜ւր էլ լինեն այդ կնատարազ այրերի որդիք,
     ինչքա՜ն էլ լինեն իրարից բաժան, իրար անճանաչ`
     նրանց էլ հաշվեք հատո՛ւկ զորագունդ,
     և նրանց շնչից դեռ օդը պիտի լցվի սարսուռով,
     ու հողն ունենա երկրաշարժային գլխապտույտներ…
     Օ՜, կնատարազ այրերի քենի՛ց դողացեք անվերջ
     և սահմռկեցեք վրեժի՜ց նրանց,
     որ սրբազան է այն շարժումի պես,
     ինչ երդում տվող աջն է կատարում
     կրծքի ձախ կողմին` սրտին դրվելիս…
     -Ուխտըդ ուխտակա՜ն, ո՜վ սրբազան խենթ,
     Ուղտըդ ուխտակա՜ն…

Եվ դո՛ւ չես ասում, ո՛չ էլ դուք,
     այլ Ե՜ս,
     Ես` Սիս-Մասիսըս,
     այդ ես եմ ասում
     անդո՛ւլ-անդադա՜ր-անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով,
     Գողթան երգերի չափով մարտական,
     բամբ բամբիռների հնչումով հատու
     Սիսն ու Մասիսն են ղողանջում անվե՜րջ-անդադա՜ր-անդո՜ւլ.
     ով ականջ ունի,
     հավատո բլթակ`
     նա լսում է միշտ,
     լսում է նրանց հանգերգը թնդուն,
     որ թարգմանվում է դարձյալ զույգ բառով.
     Հեռագրական մեքենաները
     իրենց երկաթե սուր ժանիքներով
     անվերջ կծոտում ու խածոտում են
     թղթե բարալիկ ժապավենները,
     որ խուսափելով այդ խածոտումից`
     տարածվում են շուտ ու գոտևորում համայն աշխարհը`
     «Վերջին լուրեր» -ով.
     -Ինչ-որ փլուզված հանքում մեռել են
     մի քանի հոգի…
     -Ինչ-որ տեղ մեկին աքսոր են քշել
     կամ սպանել են…
     -Ինչ-որ տեղ ինչ-որ մի հանցապարտի
     չեն մահապարտում…

Եվ անմիջապես գոռում-ճչում են
     աշխարհիս բոլոր օրաթերթերը`
     տագնապից-ցավից-ցասումից չռված մեծ-մեծ տառերով.
     և ձայնասփյուռի կետ-կայաններից
     հաղորդավարներն իրենց թավ-թավշյա-թունավոր ձայնով
     ողբերգականի շեշտերն են շարում
     ամեն մի բառի ու տառի վրա.
     շարժանկարի սարքերն են իսկույն չխկում ու վխկում.
     և ամենուրեք ժողովներ (ճառե՜ր) ու ցույցեր (բողո՜ք),
     թաքուն-բացահայտ սպառնալիքներ
     (կառավարական հուշագրերի՜ բառերով շխկուն) …

Սակայն, դեռ երե՛կ, մի հա՜նք չէր փլվում,
     այլ մի բովանդակ երկի՛նք անողոք,
     և փլվում ո՛չ մեկ, ո՛չ էլ տասնըմեկ,
     այլ միլիո՜ն ու մեկ թշվառի գլխին
     և փլվում-փռվում աշտարակի պես բաբելոնական.
     մարդիկ այնուհետև մոռացան իրենց մայրենի լեզուն`
     մարդկայներե՜նը…

Եվ երեկ ո՛չ մեկ, ո՛չ էլ տսանըմեկ,
     այլ միլիո՜ն ու մեկ մարդ էր հռնդում
     մի համատարած-բացօթյա բանտում…
     Եվ սովամահ էլ լինում, բռնությամբ,
     քարից հաց քամող մի ամբո՜ղջ երկիր…
     Աքսոր էր քշվում բովանդա՜կ մի ազգ
     ու տաշվում-մաշվում բովանդա՜կ մի ցեղ…

Եվ այն ժամանակ, երե՛կ տակավին,
     ո՞ւր էր աշխարհը և ի՞նչ էր անում,
     ո՞ւր էր ականջը հանուր մարդկության,
     որր չանսաց, օ ո՛չ, չուզեցա՜վ լսել
     մի ամբողջ ազգի կանչը կաղկանձուն.
     -Կոչեմ ապրողա՜ց…

Եվ այն ժամանակ, երե՛կ տակավին
     ո՞ւր էր աշխարհը և ի՞նչ էր անում,
     ո՞ւր էր օրենքը հանուր մարդկության,
     որ հանցապարտին չմահապարտեց…

Նա հանցապարտին չմահապարտեց
     և դրանով բրդեց մի ապուր,
     որ 20 տարի անցնելուց հետո
     հենց ինքը խռթեց ամբողջ 10 տարի:

Եվ ասում եմ ձեզ`
     ուշացածի պես.
     -Մե՜ր, նա՛խ մեր, լո՛կ մեր ապրածը հետո
     վերապրեց ինքը աշխարհը համայն`
     երբՎիլհելմ Հաջին Հիտլերին ծնեց,
     և Թալեաթը ծնեց Հեբբելսին.
     երբ չեթեն իրեն էսէս անվանեց,
     և ենիչերին կոչվեց գեստապո,
     շեհիդն ու միլլին` պատերազմ տոտալ,
     Նոր կարգ` հիքմեթի հոքյումեթը հին,
     հագգ դին ասվածը` նորակոչ նացիզմ,
     և ցեղը` ռասսա,
     ժոյն թուրքը` ֆաշիստ…

Եվ ասում եմ ձեզ`
     ուշացածի պես,
     կրկնում եմ նորից,
     որ կրկնեք և դուք.
     -Հին Չանկըրըից իր սկիզբն առավ Բուխենվալդը նոր,
     Օսվենցիմների սկիզբը դրվեց Դեր-Զորում միայն,
     Մայդանեկները Զիարեթներում հիմնադրվեցին,
     Դախաուները` Էնկյուրիներում, Ռաքքայում, Բաբում…

Մեր ականջները`
     յուրաքանչյուրը մի զանգակատուն,
     լցված են ցայսօր կաղկանձ-կռոցով,
     քրքիջով խենեշ,
     լացով ու կոծով,
     ճիչով օգնության,
     վրեժի գոչով,
     որ ասղընտում են թմբկաթաղանթը մեր ականջների:
     Ու մեր աչքերի ցանցամաշկը խեղճ
     իր մեջ է ցայսօր վանդակած պահում
     ա՛յն պատկերները անպատկերելի,
     որ կրկնվելով նորացան էլի
     20-25-30 տարի անցնելուց հետո`
     լեհերի հողում,
     ռուսական բազում քաղաքների մեջ
     ու պատերի տակ Հիրոսիմայի…

Կրտսերը դատվե՜ց
     և (ողջ աշխարհն է վերստին գոչում),
     դեռ պիտի՛ դատվի այսօր ու վաղը.
     սպանությանը վաղեմիության ժամկետ չի կպչում,
     ինչպես չի կպչում ներկը կրակին:
     Կրտսերը դատվե՜ց
     ու դեռ կդատվի՜,
     մինչդեռ ավա՜գը… ճանաչվեց անպարտ,
     մինչդեռ ավա՜գը… քայլում է հպարտ`
     այլևըս մաքո՜ւր, օսլայվա՜ծ, կոկի՜կ,
     երեսին ժպի՜տ` դիմա՛կ չհանվող,
     և ձեռքն է մեկնում ու ձեռք է սեղմում:
     Ու ես չեմ կարող կամա՜ց չգոչել.
     սեղմելուց առաջ դուք ստուգեցեք
     նրանց ձեռքե՜րը:
     Դուք ստուգեցեք նրանց ձեռքե՜րը
     և… հիմա՛ նույնիսկ,
     կես հարյուրամյա՜կ անցնելուց հետո,
     նրանց խնամված եղունգների տակ
     դարձյա՛լ կտեսնեք… լերդացած արյո՜ւն…

Մի՛ նայեք նրանց այս կոկոզավիզ-գոռոզ քայլվածքին:
     Ինչքան էլ նրանք առաչոք քայլեն քթները տնկած`
     գլխահակ են միշտ նրանք մեր հանդեպ,
     ինչպես անպտուղ-փչակված ուռին` կենարար ջրի…
     Ու եթե նրանք
     քայլում են այսպես փքված-բարձրավիզ`
     լոկ ա՛յն պատճառով,
     որ խուսափում են մեր հայացքներին գեթ հանդիպելուց…
     Մեր ազգանունից` այս «յան» -ից միայն,
     պիտի՛ որ նրանք սոսկան առավել,
     քան թե Մակբեթը Դունկանի շուքից…
     Այլևըս նրանց կանայք միգուցե
     իրենց երեսին չարսավ չեն գցում,
     բայց տղամարդկանց երեսն ու դեմքը
     պիտի՛ որ ընդմիշտ չարսավված մնա`
     ամոթի՜ անմաշ և անպոկելի տաք սարդոստայնով
     և զարհուրանքի՛, և զարհուրանքի՜ ցանցով գունաթափ…
     Ու եթե հիմա ե՛ս չասեմ, ապա մեռելներն անթաղ
     պիտի հաստատեն իրենց սուր ճիչո՜վ,
     որ թռչուն-գազան որքան էլ կտցեն-գիշատեն իրենց`
     մեռելներն անթաղ մսակալվում են կրկին ու կրկին
     և ամեն գիշեր սուսուփուս մտնում
     պաղ մարդասպանի անկողինը տաք`
     պառկելով նրա ու կնոջ միջև…

Որքան էլ դիերն արյունաքամվեն`
     հողն իրենց արյամբ արծնապատելով,
     ամեն առավոտ, դարձյա՜լ ու կրկի՜ն,
     իրենց արյունը խառնում են նրանք
     ու պիտի խառնեն, դարձյա՛լ ու կրկի՜ն,
     արյունահեղի և իր լակոտի
     ըմպելիք սուրճին կամ օշարակին…

Բյուր մեռելների անխուփ աչքերն են նրանց հետևում`
     ա՜յն արևի պես, որ պոկ չի գալիս
     իրեն նայողի հայացքից մթնած:
     Եվ բաց մնացած միլիոն աչքերի մեռելափայլը`
     իբրև ածելի՜,
     մահվան ահռելի իր երթևեկն է անվերջ կատարում
     սրանց ինքնագոհ երեսի վրա, որ օճառվում է
     կտրված գլխի արյամբ համակված գիսակ-վրձինով
     ու լվացվում է լեղի և աղի արցունքով միայն…

Եվ նահատակված-լլկված կույսերի, հարսների, կանանց
     էլեկտրահաղորդ անփուտ մազերը, ինքնահյուսվելով,
     դարձել-դառնում են ու դառնա՜ն պիտի
     փափուկ-մետաքսե մի գիշերանոց`
     նրանց դուստրերի,
     նրանց հարսների
     ու կանանց համար-
     մի գիշերանո՜ց,
     որ իրականում այրող ու վառող զսպաշապիկ է…

Հրաշքով փրկված,
     աշխարհեաշխարհ զարկված որբերի ողբը ողորմուկ
     և այրիների անեծքը անծուխ,
     որ բռնի կլլված զսպանակի պես թռչում անդրադարձ,
     բայց չհասնելով ո՜չ սատանային և ո՜չ էլ աստծուն`
     վերադառնում է զսպանակաթափ, -
     վերադառնալով բնակվում է նա
     այս անգամ արդեն նրա՛նց տներում,
     ովքեր հատեցին ջիղը այրության
     և այրիության գիրը տպեցին
     ճակատի վրա մի ո՜ղջ աշխարհի.
     բնակվում այնտեղ` ալլահի տեղակ,
     վարձք ու օրհնության տեղը գրավում`
     նրանց տներից դուրս վռնդելով
     եղած ու չեղած ջիներին բարի,
     ծղրդին անգամ,
     ճռիկին նաև…

Կապված ենք, այսպե՛ս, կապված ենք իրար`
     ո՛չ սիամական երկվորյակի պես,
     այլ իբրև երկու խեղճ տաժանակի՜ր.
     մենք` մեր ցավերի ծանրությամբ տանջող
     ու մեր հատուցման արդար պահանջով,
     իսկ նրանք` իրենց ամոթով (գուցե՛),
     իսկ նրանք իրենց սոսկումով (հաստա՜տ):
     Կապված ենք, այսպե՜ս, կապված ենք ամուր
     ու չե՛նք բաժանվում ու չե՛նք բաժանվի,
     մինչև կաթ թափած, ո՛չ, արյո՜ւն թափած
     կատուն պատժվի ա՛յն վագրի նման,
     որ Պոտըսդամում պատիժն իր կրեց
     առավել արդար և ծանր ավելի,
     քան Նյուրնբերգի ահեղ ատյանում…

Եվ դարերն անգամ չեն տա թողություն,
     թե՛ բոլոր նրանց, ովքեր զրկեցին,
     թե՛ բոլոր նրանց, ովքեր լքեցին:

Սրա՜նք ու նրա՛նք…
     Նրա՛նք ու սրա՜նք
     աշխարն այս անմեղ դարձըրին մի մոմ
     և կրակ տվին… երկո՜ւ ծայրերից:
     Եվ այրվում է նա, դարեր շարունակ,
     այրվում-կարճանում երկո՜ւ ծայրերից…
     Իսկ ժողովուրդը` ծայրերի մեջտեղ,
     երկու կրակի սղվող արանքում,
     և քանի՜ անգամ գոչեց սրտդողած
     ու քանի՞ անգամ դեռ պիտի գոչե.
     -Կոչեմ ապրողա՜ց,
     ապրողա՜ց կոչեմ…

Եվ մի՞թե, իրո՛ք, անհնարին է աշխարհում լինել
     հսկա կայսրություն ու մնալ արդար:
     Ժխտեցե՛ք, խնդրեմ, ի սե՜ր աստըծու…
     Եվ մի՞թե, իրո՛ք, անկարելի է աշխարհում լինել
     ո՛չ նաև ճարպիկ, այլ միայն ճարտա՜ր:
     Ժխտեցե՛ք, խնդրեմ, ի սե՜ր աստըծու…
     Ժխտո՜ւմ է մեզ պետք, ո՛չ արդարացում,
     եթե դրանից դյուրին բան չկա
     և արդարանալ կարող է նույնիսկ Գորշ Գայլ պաշտողը,
     որ դար ու դարեր ուսուցանում է գայլաձագերին.
     - «Արդարանալու մի հնար ճարեք
     և… գորգ գողացեք մեջեթից թեկուզ» …

Բայց արժի՞ արդյոք հայելի ծախել կույրերի թաղում:
     Ավելի լավ չէ՞ մեռելների մեջ որոնել ողջեր
     ու գոչել նրանց ականջների մեջ`
     թե աջ ու թե ձախ.
     -Բավակա՜ն է, ա՛խ,
     է՜լ բավական է բղավենք «մեր մե՜ջ»:
     Եկեք այսուհետ շշնջանք «մեր շո՜ւրջ»,
     որպեսզի գոնե վաղը հասկանանք,
     թե անբռնելի-անհասանելին
     միշտ սկսվում է մի՛միայն այնտեղ,
     ուր ավարտվում է ամենաերկար մեր միջնամատը…
     Չէ՛, բավակա՜ն է շշնջանք «մեր մեջ»:
     Այսուհետ պիտի բղավենք «մեր շուրջ»,
     որպեսզի ընդմիշտ հիշենք, թե ինչպես
     մեր երազանքը դարե՜ր շարունակ,
     մենք լեցունի մեջ լցրինք` չլցվեց,
     մենք դատարկի մեջ լցրինք` չմտավ,
     և… մեր լեցունը մեզնից դատարկվեց,
     և… մեզնով լցվեց դատարկն օտարի…

Մեր… հայրենի՜քը մեզնից դատարկվեց:
     Բայց… ո՛չ մի վայրկյան, ո՛չ մի ակնթարթ,
     մենք չե՜նք դատարկվել մեր հայրենիքից:
     Մե՜նք սպանվեցինք մեր հայրենիքում,
     բայց հայրենիքը մեր մեջ չսպանվե՜ց,
     ո՜չ, ապրում է նա կրկնակի՜ կյանքով:
     Իսկ ով չսպանվեց, փրկվեց պատահմամբ,
     նա աքսորված է իր հայրենիքի՜ց…

Սակայն… ճշմարիտ-իրավ աքսորը գալիս է հետո,
     երբ որ քեզանից ինքդ ես աքսորվում,
     երբ որ քեզանից զատվում է կարծես կյանքդ սեփական,
     օտարվում, ապրում անկախ քեզանից,
     և ապրում այնտե՛ղ,
     ա՛յն բնագավառ-բնաշեններում,
     որոնց երեսն է երեսիդ կարոտ,
     որոնք արթմնի ու երազի մեջ
     երազում են քեզ,
     ոտքե՜րդ անգամ…

Վաչկատուներից հալածված այսպես`
     քաղաքակրթված մի վաչկատուն ենք հիմա ինքներս:
     Սակայն վաչկատուն-օտարականի
     թափառաշրջիկ մեր հայացքն առմիշտ նստակյաց դարձել,
     կարոտի մեխով ու երազանքի ցցով գամվել է
     իր նախնիների ոտնահետքերում…

Եվ ամենուր են մեր մարմինները,
     բայց մեր աչքերը մի՜շտ էլ այնտեղ են`
     նույնիսկ անունի՛ց զրկված այն երկրում,
     ուր տաճարների բազում խաչերը
     տեղագըրության դաս էին տալիս
     երկնքի անգետ ու անգրագետ հավքերին անգամ,
     որ մոլորվել են հիմա թերևս`
     հարավ-արևելք,
     հյուսիս-արևմուտք խառնելով իրար…

Եվ ամենուր են մեր մարմինները,
     բայց մեր աչքերը այնտեղ են,
     այնտե՛ղ,
     ուր ստվերներն են հսկումի կանգնում
     ավերակների դիակի հանդեպ.
     ուր բույսերն անգամ փոխել են իրենց հին ձեռագիրը`
     դառնալով խառնակ-անընթեռնելի.
     ուր մորուքավոր թոնիրները ծեր`
     վաղո՜ւց ածիլված հրով ու ջրով,
     պարարտացնում են իրենց մոխիրով եղինջ ու տատասկ,
     որ բեղավորի հողը` վագրի պես,
     բայց և չհնձվի ու դեզ չդառնա
     ա՛յն անտիրական-անտեր աշխարհում,
     որ ինքն է խոտի մի դեզ վիթխարի,
     և… շունն է նստած այդ դեզի վրա…

Իշխում է այնտեղ կիսատ ու պռատ մենակությունը,
     որ չի երկարում ու չի կարճանում…
     Եվ իր մատնային թվաբանությամբ
     կարող է հաշվել նույնիսկ մանուկը
     այնտեղ բնակվող հատուկենտներին,
     որ սովահարի իրենց կարմըրուկ քունը ներկում են
     մեր ճերմակ հացով,
     ինչ չկա՜ արդեն,
     և իրենց դատա՜րկ-դատա՜րկ գրպանի քար լռությանը
     ձայն են ընծայում ա՛յն ոսկիներով,
     ինչ մեզնից խլել-խժռել են վաղո՜ւց…

Մի անփառունակ կյանքի հետ մեկտեղ,
     որ խառնիխուռն է Կորանի նման,
     այնտեղ կա միայն փոշի փառավոր,
     որ միշտ լցվում է նրանց ճաշի՜ մեջ,
     իսկ մեր` աչքերի՜,
     մեր ա՛յն աչքերի,
     որ միշտ այնտեղ են,
     մինչ մեր մարմինը ամենուրեք է,
     սակայն ոչ այնտեղ…

Եվ ապրում ենք մենք`
     մեզնից դատարկված մեր հայրենիքը
     ու քաղաքակիրթ վաչկատուն դարձած իր զավակները,
     ապրում ենք այսպես` կրկնակի՜ կյանքով.
     կրկնակի՜,
     քանզի ամենազորեղ բանը աշխարհում
     հիշողությունն է,
     որ եթե նույնիսկ և ծակոտկեն է,
     ապա ոչ երբեք տոպրակի նման,
     այլ ա՛յն վանդակի, ա՛յն ամուր ցանցի,
     որի մեջ ցմահ դատապարտվածն է ստիպված ապրում…

Կան անուժ մարդիկ` ինչքա՜ն ցանկանաք,
     բայց անհո՛ւշ մարդիկ` միայն փնտրեցեք
     այն գերիրական էլդորադոյում,
     որ հիմա ունի ամեն մի քաղաք
     և որ կոչվում է «խելագարանոց» …
     Ուստի, խնդրում եմ, սղագի՛ր բերեք:
     Սղագի՜ր բերեք, որ սղագրի մեր հուշերի չուն`
     նետված քարերից անվերջ փշրտվող,
     իրար հետամուտ-իրար ջարդոտող
     նրանց լճային ալիքումների տագնապը,
     որ մեզ`
     փետուրի նման կամ տաշեղի պես,
     ցուցադրում է աստղերի առաջ և արեգակի,
     իբրև աճուրդի հանված առարկա,
     որին գին տվող չկա՜ ու չկա՜…
     Եվ հուշերը մեր`
     երեկ-եռանդվա և հազարամյա՜ մեր հուշերը կեռ,
     թե՛ ինձ են կախում, թե՛ ձեզ են կախում
     պատմության ժանգոտ հարցականներից`
     այս անգամ ո՛չ թե մսագործի պես,
     այլ այնպես, ինչպես թռչունն են կախում,
     ողջ ու կենդանի՜ թռչունն ընտանի,
     որ մի՜շտ թպրտա,
     անվե՜րջ թպրտա…

Եվ հիմա բերեք ձայնագրական նորօրյա մի սարք,
     որ ձայնագրի
     մեր թպրտոցի առթած աղմուկի ծվենները գեթ,
     մեր մկանների խաղի ժխորը
     ու մեր ջղերի լարման ճայթումը,
     որ կարիք չունեն ո՛չ մի աճուրդի.
     փռել ենք ձրի՜, վերցրեցե՜ք-կերե՜ք,
     անո՜ւշ մարսական…
     Բայց այս հուշերը
     երեկ-եռանդվա և հազարամյա այս հուշերը մեր,
     ա՜խ, կուլ չեն գնում.
     կես ճանապարհին վռվում են-մնում`
     խակ պտուղի պես,
     ո՛չ, կատվի ձագի,
     վռվում-մնում են մեր կոկորդի մեջ,
     մեր ա՛յն կոկորդի, որի շուրջ բոլոր
     կորած-կորցրած մեր գավառների, շեն ու քաղաքի
     տեղանունները շարան առ շարան
     հյուսվել – ոլորվել – դարձել են պարան
     ու խեղդում են մեզ
     սպանելու պես,
     բայց – դիտավորյա՛լ – չեն էլ սպանում…

Եվ մեզնից ծնված մանուկների՛ մեջ,
     մինչև իսկ նրանց կերակուրների՜,
     նո՛ւյն տառապանքը` աղի փոխարեն,
     անլույծ է մնում` ավազի նման,
     նո՛ւյն անկրկնելի- եզակին-մեկը,
     որ չի հասկացվում ամբողջ աշխարհից
     և չի հասկացվում լոկ ա՛յն պատճառով,
     որ անկրկնելի՛-եզակի՛ մե՜կ է:

…Տասնհինգ դար է, ինչ լսում ենք այն,
     որ անգիր գիտի նաև աշխարհը.
     «Խնդրեցեք` տացի՛»:

Ո՛չ, սուտ է, Հիսո՜ւս,
     ո՛չ, կարելի է շարունակ փնտրել,
     փնտրել մեզ նման,
     բայց և չգտնե՜լ:
     Եվ կարելի է չգտնել ոչի՜նչ,
     նաև ամե՜ն ինչ չգտնել կյանքում,
     նաև ամե՜ն ինչ, բայց ոչ… հայրենիք:
     Հայրենիքն այն է, որ չեն որոնում:
     Հայրենիքն այն է, որ գտնված է
     ի սկզբանե, ի ծնե և միշտ,
     ուրեմն նաև նա չի էլ կորչում:
     Իսկ մերը… կորա՜վ…
     Եվ ընդմի՞շտ:
     Օ, ո՛չ:
     Հայրենիքն այն է, որ որ թե կորչում,
     այլ ընդամենը հափշտակվում է,
     ինչպես որ ձեռքի ափը չի կորչում,
     երբ նա փակվում է,
     բայց և չի կարող միշտ մնալ փակված,
     ինչպես հայրենին` միշտ հափշտակված…

Եվ չի շփոթում մարդն էլ իրերին
     լոկ ա՛յն պատճառով,
     որ հույս-հավատի լքումից հետո
     մնում է դարձյալ հրաշքի անմեռ ակնկալիքը,
     վասնզի մեր մեջ ամե՛ն բանից վերջ,
     ամենա՜յն կարգի մահից հետո է մեռնում մանուկը`
     հրաշքներ ծնող-սնող մանուկը:
     Իսկ մերպեսներից ամեն մեկիս մեջ, միաժամանակ,
     ապրում է արդեն մի՛ քանի մանուկ`
     նրա՛նք, որ մեռան չծնված նույնիսկ,
     ընդմիշտ համրացան` խոսելուց առաջ:

Եվ ճիշտ է, ավա՜ղ, որ մեր ձեռքերը դատարկ մնացին,
     բայց մեր աչքերը… լեցո՜ւն-լեցո՜ւն են,
     և արդեն լեցուն
     ո՛չ թե արցունքով և ո՛չ էլ արյամբ,
     այլ հոծ հավատով, խտացած հույսով`
     ա՛յն մշտանորոգ անմարմին կույսով,
     որին ջաննաթի հորիի նման
     ինչքա՜ն էլ լլկեն ողջ գիշերն ի լույս`
     լուսաբացի հետ միշտ դառնում է… կույս:
     Ահա թե ինչու երբ ես գոչում եմ.
     -Կոչեմ ապրողա՜ց,
     ինձ ձայն են տալիս ոչ թե գիշատիչ ագռավ-ցիները,
     արձագանքում են ոչ թե բորենի-գայլաշները,
     այլ բոլո՜ր նրանք, ովքեր քաջ գիտեն,
     որ… կոճղ է դառնում մարդը գլխատված
     և իր վզի շուրջ աճած սունկերով
     թունավորում է իր ողջ բոլորքը,
     բայց երբ փորձում են մի… ա՜զգ գլխատել`
     դառնում է կարծես սա մի… թթենի`
     նորի՛ց նորանում,
     դալարո՜ւմ դարձյալ…

Նրա՜նք են լսում և արձագանքում,
     ովքեր քաջ գիտեն
     (իրենց աչքերո՜վ),
     թե մեր տան ծխնին ինչպե՜ս է մաշվել`
     աղետի առաջ բացվել-փակվելուց.
     ովքեր քաջ գիտեն, որ այլոց համար
     մինչ նահանջ տարին չորսից մեկն է լոկ`
     մեզ համար մի՜շտ էլ նահանջ էր տարին
     ու փետրվարը` միշտ 28 օր…
     Բայց գիտեն նաև, քա՜ջ գիտեն, որ մենք
     մե՜նք էլ, վերջապե՜ս, մարդ ենք հասարակ,
     ոչ թե տանջանքի մի սարք ու սարված,
     և պիտի՛ պրծնի տանջանքն այդ մի օր,
     մանավանդ որ կան պատեր այնպիսի,
     որոնք քանդվում են ճակատով նաև,
     եթե չեն պահվում թիկունքով օտար,
     օտա՛ր թիկունքով, որ հոգնե՜լ գիտի:

Լսում են նրանք և արձագանքում:
     Ու… չեն պահանջում արյան գի՛նն իրենց,
     այլ պահանջում են հենց այդ արյո՜ւնը,
     որ հեղեղել է սարեր ու ձորեր,
     որ ծեր ծերպերի ներսն էլ է ծորել,
     սակայն չի՛ կորել,
     ինչպես չե՛ն կորել
     մեր միլիոնավոր մեռելներն, այո՛,
     քանզի… չեն ելնում շիրիմից իրենց
     լոկ նրա՜նք, ովքեր ունեն շիրմաքար,
     որ նրանց ելքի դռնակն է փակում,
     մինչ միլիոնավոր մեռելները մեր`
     զրկված են և՛ շիրմից, և՛ շիրմաքարից,
     մի՜շտ են ելել են ու ելնում են դուրս`
     քառապատկելով շարքերն ապրողաց.
     -Կոչեմ ապրողա՜ց:

Մեր մեռելները մեր հաշվի՛ մեջ են,
     մեր հաշվի՛ մեջ են… ու կաշվի՛ մեջ են,
     քանզի մենք, իրո՛ք կապված ենք նրանց հիշատակներին,
     ինչպես մանուկը իր մորը` պորտով:
     Մենք նրա՛նց մեջ ենք
     ու մե՛ր մեջ` նրա՜նք,
     մեր բջիջների՛, մեր ոսկորի՛ մեջ,
     մե՛ր, մեր ծնվելիք թոռ ու ծոռի՛ մեջ:
     Ու եթե նույնիսկ մե՛նք հոգնենք մի օր,
     նրանք` ապրելով մեր մեջ ու սրանց,
     մեր հոդերի՛ մեջ, սրանց մատների՛,
     աստվածաշնչյան Այրի կնոջ պես` առա՜նց հոգնելու,
     մի՜շտ Դատավորի դուռը կբախեն` այնքա՜ն ժամանակ,
     մինչև չասեն. «Եկ, դատեցայց զայրին» …
     Ու երբ գոչում եմ.
     -Կոչեմ ապրողա՜ց:
     ինձ ձայն են տալիս նրա՛նք, որ երեկ
     խեղճ գաղթականի ցուպի փոխարեն իրենց ձեռքն առան
     անթաղ-անշիրիմ մի նահատակի ազդր կամ սրունք,
     և, Ահարոնի գավազանի պես, ոսկորն այդ ծաղկե՜ց`
     անարգ թշնամուն ապացուցելով,
     որ թեպետ մեջեթն ավերակված է,
     բայց Ալ Մեհրաբը դեռ մնացել է,
     դեռ մնացել է… Արարատի՜ շուրջ…

Եվ իսկապես էլ.
     այն, ինչ կատարվեց,
     մի նորադարյան ջրհեղեղ էր խոլ,
     որ անմարդկային աշխարհում ապրող
     մի ողջ մարդկության ջնջել սպառնաց,
     սակայն մոռացավ ու մտահանեց,
     որ Արարա՜տն էր, հե՛նց Արարատն էր Նոյան փրկիչը,
     որ Արարատի՜, հե՛նց Արարատի ստորոտներում
     ապրեց, բազմացավ մարդու սերունդը:

Նաև այս անգամ նո՜ւյնը կատարվեց:

Ու մղձավանջը գնալով քաշվեց իր ափերի մեջ,
     որոնք վերստին կանաչ ներկեցին իրենց շուրթերը,
     որ ամպազատված բիլ երկնքի հետ համբուրվեն հեռվում
     և ծնեն զավակ`
     մոտավոր տեսքով պարզ հորիզոնի:

Գիշերվա ամբողջ բովանդակությունն ինքն իրեն շրջեց`
     աստառի վրա,
     և բյուր երկրային աստղերն օրեցօր
     կետադրեցին խառնակ գիշերը
     իրենց լուսամիտ կենսիմացությամբ:

Բոլոր սրբազան խենթերի գանգից ժայթքած արյունը
     դարձավ դրոշակ:
     Կախաղաններից ճոճված սրբերի վերջին խոսքերը
     դարձան անուններ նորածինների:

Եվ ջրհեղեղից մասա՜մբ ազատված երկիրն այս փոքրիկ
     մեծ ոզնու նման փշերն իր ցցեց
     կեռ ատամի դեմ օձացող մահվան,
     և ամեն մի փոշ տնկվեց տունկի՛ պես,
     ծաղկի՜ պես բացվեց
     շիվի՜ պես լցվեց
     ավշով ու հյութով, խոստումով մրգի…
     Եվ մինչև անգամ մեր բռունցքները
     արմատ ձգեցին ու հագան սաղարթ`
     դառնալով ծառե՜ր…

…Մեռնողը հարյավ,
     ապրողը ապրեց…
     -Կոչեմ ապրողա՜ց:

Եվ հիմա այն տունն, ուր մենք չենք ապրում,
     եթե լեցուն է չարք ու շեյթանով,
     ապա այն տունը, ուր ապրում ենք մենք,
     դարձել է արդեն սրբության խորան,
     մասունքի ծաղկոց, տապկոց նշխարհի:
     Ու եթե երեկ թվերը թշվառ չունեին լեզու,
     այսօր` այլևս պերճախոսության ուսուցիչ դարձած`
     դասեր են տալիս և՛ թլվատներին, և՛ կակազներին,
     վերածննդի ու վերապրումի գրգռի՜չ դասեր`
     նույնիսկ ակամա ապացուցելով,
     որ սրածումից չի անհետանում բովանդակ մի ազգ,
     ինչպես որ սեզը` քաղ ու քաղհանից,
     նույնիսկ ակամա ապացուցելով,
     որ մոլախոտի ու հացաբույսի վեճը դարավոր
     միշտ ավարտվում է հնձով, աղացով,
     փռով ու հացով
     և ապրողների կոչունք-կնունքի խնդությամբ թնդուն…

-Կոչեմ ապրողա՜ց:

Եվ ո՞վ է ասում, թե դուք ծով չունեք:
     Ձեր Արյան ծովը ավելի մեծ է Մեծ կամ Խաղաղից,
     ծովը Քրտինքի` Ատլանտականից ավելի խորունկ,
     Վրեժի ծովը` ավելի ահեղ, քան Սառուցյալը,
     իսկ ծովն Արցունքի՜…

Պե՛տք չեն արցունքներ:
     Նրանց փոխարեն
     թող հոսի ավյո՜ւն, թող հոսի քրտի՜նք
     ու սրբագրի վրիպակները նույնիսկ բնության`
     ապառաժները դարձնելով հնձան ճմլելիք գինու,
     առապարները` բաց շտեմարան հացի և մրգի,
     անապատները` շեն-ապատների բաց ցուցահանդես,
     որպեսզի ամեն կտուրի ներքո, ամեն հարկի տակ,
     բախտավորության հարսները մահճում
     նորածնի հետ, երկվորյակի պես,
     ապահովությո՜ւն բերեն լույս աշխարհ,
     և ամեն տան մեջ խոսուն շշերը
     երազկոտ գինու շուրթերը բացեն,
     և ամեն տան մեջ, «Հայր մեր» -ի նման,
     հոլովվի մեր նոր նշանաբանը.
     -Մեր թափված գինին
     մեր ջարդված շշին թող մատաղ լինի:
     Գինի՜ն, բայց երբեք ո՛չ արյունը բորբ,
     շշի՛ն, բայց երբեք ո՛չ երկրին ավեր…

Եվ պետք չե հիմա շարոց-շարական,
     նաև պատարագ ու հոգեհանգիստ:
     Հողն ինքն է երգում իր ընդերքների մթին կոկորդով,
     նվագակցությամբ իր ջրվեժների,
     իր քամիների խմբերգով զորեղ,
     Մասսյաց անլեզվակ զանգերի հուժկու մենակատարմամբ`
     ի տես բյուրավոր ա՛յն հանդիսատես լամպ ու լույսերի,
     որ հիացմունքից թարթում են իրենց աչքերը շողուն
     և ավելի են թրթռուն-ապրող,
     քան թե առկայծող աստղերը վերին:

-Կոչեմ ապրողա՛ց.
     կոչեմ վերապրած ժողովո՛ւրդ իմ, քե՜զ,
     որ ունես աչքեր, այն էլ ի՜նչ աչքեր,
     բայց ավելի ես տեսնում, առա՛յժմ, քո ականջներո՜վ:

Եվ ես, որ եղա տարաբախտ վկան լացիդ ու կոծիդ
     և տառապանքիդ անոթը դարձա,
     կործվա՛ծ անոթը.
     որ վկան եղա սոսկումիդ ահեղ
     և զարհուրանքիդ պահեստը դարձա,
     անտա՛կ պահեստը.
     որ վկան եղա ցասումիդ նաև,
     և ծառացումիդ, և ընդվզումիդ,
     ու դարձա նրանց խորհրդանիշը՝
     հողի մեջ խրված հսկա նիզակի սլաքը ցցուն,
     որ նաև ցայսօր դեռևս անկատար
     երազանքդ եմ քո, իղձդ երկկատար,
     բայց նաև վկան, բախտավո՜ր վկան
     նահատակներիդ վերածննդի,
     վերապրողներիդ խանդ ու եռանդի, -
     ես ասում եմ քեզ՝
     պատվիրանի պես.
     դո՛ւ, որ վաղուց ես կոչվում ժողովուրդ,
     թեպետ ակամա դեռ ժողովված չես,
     տակավին ցիր ես, ցան ես և սփյուռք, -
     դու այսուհետև ժողովվես պիտի
     նախ՝ ինքդ քո մե՛ջ,
     և ապա՝ քո շո՛ւրջ՝
     հիշելով, որ այս ջարդ-կոտորածը, նախճիր եղեռնը
     երե՛կ չսկսվեց, երե՜կ չսկսվեց…

5000 տարվա,
     500 տարվա,
     և 50 տարվա
     պատմություն ունի այդ ջարդ-սպանդը, նախճիր-եղեռնը,
     որ չի՛ ավարտվել ու չի՜ ավարտվում.
     կարմիր էր, հիմա ճերմակ է դարձել,
     և հիմա արդեն նա գանգ չի հատում,
     այլ գրավում է,
     չի կտրում ձեռքեր, այլ վարձում ընդմիշտ,
     չի առևանգում, այլ հմայում է,
     չի հեղում արյուն, այլ ծախ է առնում
     և, միացնելով երակ-երակի,
     իր ամենակուլ արյանն է խառնում…

Ու կրկնում եմ ես ՝
     ահզանգի պես.
     -Այս ջարդ-սպանդը, երե՛կ չսկսվեց
     և ոչ էլ վաղն է նա ավարտվելու,
     ուստի վախեցեք սպանդից ճերմա՛կ
     ավելի, քան թե՝ եղեռնից կարմի՛ր.
     ուստի կրկնեցեք ինձ հետ միատեղ,
     ինչպես երդումի խոսքերն են կրկնում.
     -Բռնի ձուլվելիս թունավորում են ձուլողին՝ արյամբ,
     ինքնին ձուլվելիս թունավորվում են իրենք՝ արյունով:
     Ուստի թող գործեն ձեր հին զենքերը՝
     ձեր ատմամնե՜րը ու ձեր ոտքե՜րը.
     ձեր ատամնե՛րը՝
     կռվելու համար ու պաշտպնվելու
     կամ ժողովվելու ինքներդ ձեր մեջ,
     իսկ ձեր ոտքե՛րը՝
     վերադռնալու, տուն գալու համար
     կամ ժողովվելու ինքներդ ձեր շուրջ…

Եվ արժի՞ ասել, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր
     օտարության մեջ ազատ լինելն էլ ա՛յլ գերություն է,
     իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ ա՛յլ ազատություն:
     Եվ արժի՞ այսօր, որ ես ինքս ինձ մանրեմ՝ հարդի պես:
     Թողե՛ք ես մնամ ինչպես կամ՝ ցողուն:
     Եվ թողե՛ք նաև ես մնամ իմ նոր դավանանքի հետ,
     որ Երրորդության փոխարեն ունի լոկ Երկրորդություն:
     Եվ անգիր արեք իմ աղոթքը նոր.
     «Յանու Մոլորեալ Ոչխարի, Յանուն Անառակ Որդւոյ» …

-Կոչեմ ապրողա՛ց՝
     մոլորյալների՜ն:

Աքսորը միայն բռնի չի լինում,
     այլև կամովին,
     և առավել է տխուր ու տրտում ոչ մեռելոցը,
     այլ գերելոցը:
     Օտարության մեջ ազատ լինելն էլ ա՛յլ գերություն է,
     իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ ա՛յլ ազատություն:
     Իսկ տունն էլ տո՛ւն չէ, այլ հայրենի՜ք է,
     և ի՜նչ հայրենիք.
     գայլի երախից ձեռքերով խլված մի Դավիթ մանուկ,
     երկանքաքարի ակռայից պրծած ողջանդամ մի սերմ…
     Եվ ո՞վ կգտնի, որտե՞ղ կգտնի
     այսպիսի մեկ այլ` երկրո՛րդ հայրենիք
     և ի՜նչ հայրենիք…
     Թերևս աշխարհում ո՛չ մի հայրենիք,
     մե՜ծ ու վիթխարի, զորե՜ղ ու կարող ո՛չ մի հայրենիք
     յուրաինների սրտում ու հոգում չի հարուցանում
     այնքա՜ն սեր անանց ու կարո՜տ այնքան,
     որքան այս մի բուռ-բռում սեղմված երկիրը Հայոց.
     ո՛չ ոք աշխարհում իր հայրենիքով մեծ ու մեծանուն
     չի հպարտանում անպիսի մանո՜ւկ միամտությամբ,
     այնքա՜ն ինքնամոռ և անվերապա՜հ,
     ինչքան որ սրանք.
     ո՛չ ոք աշխարհում իր հայրենիքը չի տենչում այնպես,
     ինչպես որ սրանք.
     և չի հավատում այնպիսի մանո՜ւկ միամտությամբ,
     ինչպես որ սրանք.
     և չի դողդողում նրա այսօրվա ու վաղվա վրա,
     ինչպես որ Սրա…
     Սիրածի գրկում`
     միշտ Սրա՛ մասին.
     բաժակի առաջ`
     միշտ Սրա՛ մասին.
     աքսորում-բանտում`
     միշտ Սրա՛ մասին.
     աշխարհի բոլոր քառուղիներում`
     միշտ Սրա՛ մասին.
     ապրելիս` Սրա՛,
     մեռնելիս` Սրա՛,
     միշտ Սրա՜ մասին…
     Եվ Սրան բնավ չճանաչողը պիտի որ կարծի,
     թե սա երկիր է մի հսկայակա՜ն,
     վիթխարի՜ աշխարհ,
     հայրենիք հզո՜ր…
     Եվ իսկապես էլ` Սա երկիր է մե՛ծ,
     վիթխարի՜ աշխարհ,
     հայրենիք հզո՜ր:
     Եվ մի՛ պահանջեք, որ ինքըս ինձ մանրեմ`
     հարդի պես:
     Թողե՛ք ես մնամ ինչպես կամ` ցողուն:
     Ու թողե՛ք նաև մնամ իմ նոր պաշտամունքի հետ
     և ամբողջ սրտով ցանկանամ տեսնել,
     որ դուք էլ` ինձ պես նորադարձվելով`
     հին աստծու նման, նրա փոխարեն,
     պաշտում եք արդեն մի… ծա՛ռ`
     թթենի՜ն,
     որ գլխատումից ո՛չ թե չորանում,
     այլ նորանո՜ւմ է…

-Կոչեմ ապրողա՜ց`
     նորադարձների՜ն:

Մա՜րդ ենք, ո՛չ մանրէ,
     որ բազմանում է` իրեն կիսելով:
     Միանալով է մարդը բազմանում.
     եկեք միանա՜նք:
     Եկեք միանա՜նք,
     որ մեր այս փոքրի՛կ, շա՜տ փոքրիկ հողի երազանքը մեծ
     մարմին ստանա մեր միս-ոսկորով,
     և մարմնավորված մեծ երազանքի բուժիչ բարությամբ
     մենք էլ ազատվենք մեր ոխ ու քենի ցածր զգացումից,
     որ դրանով իսկ չնսեմանանք անգամ մեր ներսում,
     այլ մնանք մեր վեհ հպարտությա՜ն հետ,
     նաև մեր վսեմ արհամարանքի՛,
     բայց ավելի շատ` մեր ծով բարությա՜ն
     ու մեր բնածին այլասիրությա՜ն,
     որից զրկվելով` մենք կարծես մե՜նք չենք,
     կիսավերակ ենք և կանգուն շե՛նք չենք…
     Մենք այսպիսի՜ն ենք
     ու պիտի՛ լինենք:
     Թողած ցավը մեր, ցավը լեռ ու բեռ`
     կրում ենք ցավը համա՜յն աշխարհի:
     Թողած հոգսը մեր, հոգսը քար ու սար`
     հոգում ենք հոգսը համա՜յն աշխարհի…
     Թո՛ղ որ համեցող, բայց չանհամացող արդարությունը
     ամենից առաջ հասնի ամենքի՜ն,
     մեզ` միայն վերջո՛ւմ…

Եվ մեր կսկիծը զսպանակելով`
     մենք մասնակցում ենք այլոց հանդեսին,
     մասնակցում սրտա՜նց-անմախա՛նք-անքեն…
     Թո՛ղ ուրախության ուղտը գեթ վերջո՜ւմ, ամենա՜վերջում,
     իր ծունկը ծալի մեր դռան առաջ`
     թեպետ ուշացած, բայց միշտ ցանկալի ուխտավորի պես…

Բայց սպառվում է մինչև իսկ սրբի համբերությունը,
     ինչպես հոտում է մինչևիսկ ջուրը` արգելակումով:
     Մենք հաջորդներն ենք Սուրբ Նահատակաց,
     սակայն բնավ էլ սուրբ չենք ինքներըս,
     մա՜րդ ենք հասարակ
     և… հավատում ենք, որ պիտի դառնա
     մեր յուրաքանչյուր խլյակը` այլակ միատեղումի,
     և յուրաքանչյուր փշուրը` պաշար մոտալուտ վաղվա,
     մնացորդն` աճորդ,
     մասունքը` մսուրք,
     սփյուռքը` ապառք,
     նշխարը` աշխարհ…

Եվ այս ասում եք ո՛չ դուք, ո՛չ նրանք,
     այլ ե՜ս եմ ասում,
     ես` Սիս-Մասիսըս,
     անդո՜ւլ-անդադա՜ր-անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով:
     Գողթան երգերի չափով այլազան,
     բամբ բամբիռների հնչումով պես-պես,
     ամենատարբեր ելևէջումով շարականների
     Սիսն ու Մասիսն են զրնգում անվե՜րջ-անդադա՜ր-անդո՜ւլ.
     ով ականջ ունի,
     բլթակ հավատո`
     նա պիտի՛ զգա
     իմ եռաղողանջ զանգի ասմունքը,
     իմ եռաբանյա ասքի ղողանջը,
     իմ եռամատնյա խաչակնքումի շնչող ստվերը.
     -ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈ՜Ց…
     -ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵ՜Ր…
     -ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱ՜Ց…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6446 | 0 | 0
Facebook