Loading...

Articles

Մոնթեն

22:14, Wednesday, 09 August, 2017
Մոնթեն
     Երբ գնացել էինք Մոնթեի դին բերելու, Մարտունու բնակիչները թույլ չէին տալիս, ասում էին` Մոնթեն պիտի այստեղ մնա: Այ այդքան էին սիրում, Մոնթեն նրանցն էր… 21 տարի առաջ հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում զոհվեց Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը։

ոնթեի մասին պատմում է նրա մարտական ընկեր, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկներից, նախկին քաղբանտարկյալ Մարտիրոս Ժամկոչյանը

«Մոնթեին առաջին անգամ հանդիպել եմ ապրիլի 24-ին։ Այդ օրը Մոնթեն անգլերենով շատ տպավորիչ ելույթ ունեցավ։ Այդտեղից մոտիկություն հաստատվեց, սկսեցինք շփվել։ Մնացած պատմությունը կապված է ԱՍԱԼԱ-ի հետ։ Ինքն ինձնից շուտ եկավ Հայաստան։ Բանտում նրանից նամակ ստացա։ Գրել էր. «Հանկարծ ուրիշ երկիր չգնաս, մեր պայքարն այստեղ՝ Արցախում, շարունակվում է: Ուզում եմ իմ կողքին լինես» ։ Մենք այստեղ միասին հիմնեցինք «Հայրենասիրական» ջոկատը, կռիվներին մասնակցեցինք, հետո հայկական բանակ ստեղծեցինք։

1990-ական թվականներին, երբ ես Շվեյցարիայի բանտում էի դեռ, վերջին ամիսներին (Բանտարկության վերջին ամիսներին Ժամկոչյանին հնարավորություն էր տրվել օրվա ընթացքում քաղաքացիական կյանքում զբաղվել իր գործով, իսկ գիշերը գիշերել պատժախցում) հանդիպեցի Վազգեն Սարգսյանին, հարցրեց՝ «Մարտիրոս, Մոնթեի հետ հանդիպել եմ Երևանում, բայց կուզեմ իմանալ, թե ինչ գիտի ռազմական գործից» ։ Ասացի, որ ամբողջովին կարող է վստահել։ Նա հմուտ տիրապետում է մարտավարությանը։ Երբ Վազգեն Սարգսյանը վերադարձավ Հայաստան, Մոնթեին հանձնարարեց, որ կարող է մասնակցել Արցախի ինքնապաշտպանական գործողություններին։

Նա արցախցիների վրա խմելու համար միշտ խոսում էր։ Ասում էր՝ մի խմեք, խմելը լավ բան չէ։ Պատասխանում էին. «Մենք խմել ենք, մեր պապերն էլ են խմել» ։ Ասում էր՝ «Կներեք, ձեր պապերը լավն են եղել, բայց դուք էշ եք։ Էշը լավ կենդանի է, վատ կենդանի չէ, խելացի կենդանի է, վիրավորական չըլլա» ։

Մոնթեն՝ հետախույզ. 9 ամիս նրա հրամանատար Վովա Վարդանովի հուշերում

«Շատ կարճ՝ 9 ամիս՝ 1991 հունվարից մինչև սեպտեմբեր, Մոնթեի խումբը մտավ մեզ մոտ։ Արցախ գնալուց առաջ ծանոթացանք, ինչի համար չեմ ափսոսում։ Ինքը այս պատերազմի վառ էջերից մեկն է, որ կարողացել եմ կյանքիս գրքի մեջ թերթել։ Ինձնից հետո Շահումյանում նրա հրամանատարն է եղել Կոռնիձորի Արայիկը, այնուհետև Մոնթեն Մարտունի է գնացել՝ արդեն որպես հրամանատար» ։

Ես ընդհանրապես Մոնթեի ու իր հետ սփյուռքահայերի՝ մեր ջոկատ մտնելուն դեմ եմ եղել։ Բայց երբ շփվեցի, հենց առաջին հայացքը հերիք էր. իր մեջ մեծ պոտենցիալ կար, ես ջահել էի, միանգամից չտեսա, որոշ ժամանակ պետք եղավ։

Նախօրոք իմացել էր երևի, որ պատմություն եմ սիրում, հնեաբանություն, թեթև մի երկու ակնարկ արեց, սիրտս շահեց այն աստիճան, որ տարվեցի։ Հետո եկել եմ համոզել մեր ջոկատի տղաներին, որ Մոնթեի խումբը մեզ մոտ մտնի։ Մեկ երկու ամսվա մեջ ֆորմայի մեջ մտավ։ Ուրիշ է քաղաքային պայմաններում ինքնապաշտպանությունը, այլ է մարտական գործողությունը սարերում։ Շատ գրագետ զինվորական էր։ Մեկ երկու ամսվա ընթացքում նա եկավ ու հասավ շատ-շատերիս, շատ շատերից էլ անցավ։ Իր տղաներին պետք եղավ 6 ամիս։

Ես քարտեզների վրա աշխատելու համար միայն մեկ հոգու էի մոտ թողնում՝ Արտակ Բագրատյանին (Գայլուկ), հետախուզության գծով իմ տեղակալն էր: Մոնթեն 2 ամիս հետո շատ պինդ տեղ զբաղեցրեց քարտեզի կողքին։

Ուներ անձնական քարտեզ, որ Եվլախի կետով վերջանում էր։ Այնպես էր նախագծած, որ Կուր գետը պետք է լիներ մեր բնական սահմանագիծը» ։

Մոնթեն՝ նրա մարտական ընկեր Աշոտ Ղարիբյանի հուշերում

«Ես Մարտունու ջոկատի Երկրապահի հրամանատարն էի։ Առանց իր [Մոնթեի] իմացության մասնակցեցի Շուշիի ազատագրմանը։ Դա իմ փափագն էր։ Մարդ, որ լսել է Շուշիի մասին երկար տարիներ, հիմա հնարավորություն ունի մտնելու այդ տարածք ու չմտնի՞։ Ես առանց տեղյակ պահելու գնացի, Մոնթեն չխոսեց ինձ հետ մեկ շաբաթ։ Բայց դե իմ արածն արեցի։ Հետո բացատրեցի, ինքն էլ ասաց, որ կուզենար մասնակցել, բայց այդ դեպքում՝ բա՞ Մարտունին։

Ինքը շատ լավ մարդ էր, այնքան լավը, որ մի օր դաշտում ծաղիկներ քաղեցի, կինը՝ Սեդան, եկել էր, տվեցի Մոնթեին ասաց՝ «Ասիգա ի՞նչ էնեմ», ասի Սեդային նվիրիր «Ամո՛թ է, այսպիսի բան պատերազմի դաշտ է» ։ Ասացի՝ Մոնթե ջան, ոչինչ չի ավարտվում։ Սեդան Երևանից եկել հասել է Մարտունի քաղաք։ Շատ գեղեցիկ կլինի, որ դու իրեն ծաղիկներով դիմավորես։ Ինքը ներքաշվել էր պատերազմի մեջ, իրեն ավելի հետաքրքիր էր ամեն մի մարտիկ, քան թե իր կնոջ հետ կապը։

Աշոտ Ղարիբյանի հումորային պատմությունները Մոնթեի մասին

Սպանդարյան երկրապահից Լավրենտի հետ մի դեպք եմ հիշում։ Կանգնած էին, Մոնթեն հարցնում էր, թե ովքեր էին։ Իր ամենակեղտոտ բառը «Էշուն մեկն» էր։

— Դու ո՞վ ես։
     — Ես հրամանատարն եմ։
     — Դուն էշ ես։
     — Դու ո՞վ ես։
     — Ես հրաձիգն եմ։
     — Դուն էլ ես էշ։
     — Լավրենտը, որ մեխանիկ-վարորդն էր ասաց՝ Մոնթե ջան, ես էլ եմ էշ։
     — Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես։

***

Մեր տղաներից մեկը սպիտակ ձիուն նստած կարաբինը ուսին գալիս էր, մեկ էլ Մոնթեն գոռաց՝
     — Վա՛ր իջիր ձիուց, Նորիկ։
     — Ինչո՞ւ, ի՞նչ եմ արել Ավո ջան։
     — Վար իջիր ձիուց, սպիտակ ձին հեծած ես, քեզ Անդրանիկ կկարծե՞ս։

«Ազատություն» ջոկատում կռված ազատամարտիկ «Մորուք» Նորիկի հիշողություններում Մոնթե Մելքոնյանը այսպիսին է.

«Երբ իր կնոջ՝ Սեդայի հետ ժամանեց, եկավ մեր շտաբ, ծանոթացա։ Գործողությունների ժամանակ էլի հանդիպել եմ։ Լավ մարդ, լավ մտավորական, բնածին ռազմական տաղանդով, որի առաջ խոնարհվում ենք։ Ցանկալի է, որ նրա նման հրամանատարներ շատ ունենանք։ Մի անգամ էլ Օմարում հանդիպեցինք» ։

Պռոշյանից ազատամարտիկ Գագիկը՝ Մոնթեի հետ հանդիպման մասին

«Իմ հրամանատար Կարոտի հետ 1992 թվականին գնում էինք Շահումյան, նրանք էլ էին գնում։ Ես իմ հրամանատարներին հարցրի ով է, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց՝ Մոնթե՜ն է, Մոնթե՜ն… բարևել եմ, խոսել։

Ամենաշատը գնահատում եմ իր ռազմական ոգին։ Ինքը հենց ռազմական ոգին էր, տղա երեխաներին այնպես էր ոգեշնչում, որ … (հուզվում է -Ռազմինֆո) ։ Իր պահվածքը, հոգեբանությունը… Որ ասում են «խոնարհ հերոսներ», ինքը խոնարհ հերոս էր» ։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը իր ընկերոջ մասին

«Գնացել էի Մաճկալաշեն, այնտեղի ջոկատի տղաներին օգնելու։ Իմացա, որ տղաներից Կոմիտասը զոհվել է, բարձրացա գերեզմանոց, որը թուրքերի անմիջական նշանառության տակ էր։ Իմ ուսանող Արշակի հետ էինք։ Մոնթեն գալս իմացել էր ու եկել տեսնելու։ Ասել էին, որ գերեզմանոց ենք բարձրացել, շատ էր զայրացել։ Եկավ, գոռաց, ասում էր. «Մեռնիլ կուզի՞ս, կուզի՞ս հերոսանալ, մեզ մեռելներ պետք չեն, մեզ կենդանիներ են պետք, ողջ են պետք»:

«Մի օր էլ դիրքերում էինք: Կրակոցի ժամանակ, ուզես-չուզես, կուչ ես գալիս։ Ականանետերով կրակում էին, ասաց. «Որտեղ որ ընկնում է, դրանից առաջ չի գալիս, մի վախեցիր» ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8786 | 0 | 0
Facebook