Loading...

Articles

Գայանե Գիսանե Վարդանյան

10:59, Monday, 07 August, 2017
Գայանե Գիսանե Վարդանյան
    

    

    
    

***
     Հեռո՜ւ-հեռվում, զանգակատան
     Ղողանջներն են ալեբախում,
     Մի տարեց կին, շեղջը ուսած
     Սարի ճամփով ցած է իջնում:

Կորացել է խեղճը իսպառ,
     Իր շալակի ծանրությունից
     Եվ մտովի, բախտահալած
     Կյանքի հետ է կռիվ տալիս:

Մրմնջում է դառնակծու
     Հուշերի մեջ եղերական
     Եվ մրմունջը սուգ է դառնում
     Եվ շուրթերն են դողում ցամաք:

Նրա ձայնը դողդոջ, կերկեր,
     Արձագանքում է սարերում
     Եվ ղողանջները աղեկեզ
     Նրա հոգուց են արձակվում.

Ա՜խ, Տեր Աստված, ո՞ւր է մանչս,
     Ի՞նչի համար ինձ փրկեցիր,
     Չլսելով աղաչանքս-
     Թուրքին տվիր խեղճ զավակիս:

Ո՞րն էր մեղքս, Տեր իմ Աստված,
     Որ անկրակ խորովեցիր
     Եվ հոգուս մեջ ցավահալած,
     Անբուժ վերքեր հարուցեցիր:

Անսի՜րտ աշխարհ, զարհո՜ւր աշխարհ,
     Արյունարբու ու ոխերիմ,
     Իմ մանչուկին ինչո՞ւ տարար,
     Ինչո՞ւ տվիր թուրք երախին...

Եվ տնքում է սիրտը տատի
     Բութ ցավերից անագորույն,
     Կակաչները սարի ճամփին
     Արյան գետ են նրան թվում:

-Մա՜նչս, մա՜նչս, - ողբում է նա,
     Եվ ցրտով է շուրջը լցվում,
     Որդեկորույս մայրը պառավ
     Անզոր ցավից է թառանչում...

...Հեռո՜ւ-հեռվում, զանգակատան
     Ղողանջներն են ալեբախում,
     Մի տարեց կին, շեղջը ուսած
     Սարի ճամփով տուն է դառնում...

ԳԻՍԱՆԵ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5465 | 0 | 0
Facebook