ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ
18:44, Thursday, 03 August, 2017
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՍԻՐՏ ՊԱՏԿԵՐ Խելքս թռցրել եմ ես այս տարիքում, Հեռանում եմ սեղաններից անգլիական ձևով: Կնոջս անգամ սկսել եմ սիրել իրենից թաքուն, Որպես ապաշխարհանք քնելուց առաջ մի շիշ Գարեջուր եմ կոնծում: Ժամանակն ինձ անընդհատ Հավասարակշռությունից է հանում, Եվ ես 20-րդ դարն առանց կոմունիստների եմ հիշում- Ուր Մոսկվան երբեք իմ մայրաքաղաքը չի եղել: Երևանում չեմ ուզում մնալ, չգիտեմ թե ինչու- Չէ, խելքս թռցրել եմ ես այս տարիքում: Աշնակ չեմ ուզում գնալ, բայց Ջաղցի ձորը Հորս ձայնի արձագանքով ինձ է կանչում: Ելնեմ գնամ, երևի, քանի դեռ ձմռան մութը չի ընկել… ԿՈՆՅԱԿՈՎ ԳՐՎԱԾ ՄԻՏՔ Տարին կրկին պտտվում է, Աստծո շունչը՝ մտքիս վրա, Որձ աղավնին գեղգեղում է- Ցող է նստել կոպիս վրա` Տարին նորից պտտվում է, Շաղ է իջել գլխիս վրա… ԳԵՆԵՏԻԿԱ Երկու ճանճ «Օրբիտ» ծամոնի տուփի վրա բեղմնավորվեցին Ազատության գերագույն մակարդակ. Բայց ես հո գիտեմ, որ ծնված էակը Էլի ճանճ է լինելու: Իրե՛նք չգիտեն… Ամպրոպ ու կայծակ, Ես լռում եմ, դուք խոսե՛ք, Ես իմ ձայնը ձեզ եմ տալիս… ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ Կինը լաց է լինում- Այնքան շատ բան կա ասելու: Կինը լռում է- Այնքան շատ բան կա խոսելու: Կինը խոհանոցում է- Միթե՞ կյանքն ուտելու և քնելու մեջ է թաքնված: Կինը նայում է պատշգամբից դուրս- Ջեկո շունը բակում երեխաներին խաղացնում է: Կինը հեռուստացույց է դիտում- Կյանքն իրենից խռոված փախչում է: Կինը ծնողներին է հիշում- Կյանքն առանց սահմանի թռչուն է: Կինը մտնում է ննջարան- Հոգնած թևերն իրեն գրկում են: ԿԵՆՍԱԿԱՆ ԱՂՈԹՔ Արշալույսի ձայներ, ի՞նչ եք ուզում ինձանից, Տարիքս ինձ սնոտիապաշտ է դարձրել- Զորավոր եկեղեցու զանգեր. Մի՛ ուշացեք, թոռնիկիս ձայնով ավետեք Այսօրվա լուսաբացը… ՉՊԱՏՄՎՈՂ ԵՐԱԶ Ծամում ենք, ծամում եմ, ծամում Ինչ որ բան, որ անհամ է ու կեղտ, Եվ չգիտեմ կամ թե չկամ: Դուրս քաշեք իմ բերանից այս լկամը, Որ մի քիչ խոսեմ անձև Դրսում անձրևը բարակ է մաղում: Խոնավ է մեջս ու մգլոտ. Ոսկորներս կտամ օգոստոսի արևին, իսկ մազերս` պատահած հարավի քամուն: Եվ կամ էլ դուրս քաշեք այս լկամը Թեկուզ մի քիչ խոսեմ տձև: |
Like
1
Dislike
0
4322 | 0 | 1 | 0