Loading...

Articles

ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

14:33, Thursday, 03 August, 2017
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
     ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ
    
    

Ամեն անգամ մեր հանդիպմանը նոր երգեր էին ծնվում ու նոր հեքիաթներ հյուսվում: Ես հավատում էի նրանց իսկությանը...Հավատում էի վերադարձիդ...

Քամին անտես, անօթևան կառչում էր զգեստիս փեշերից ու տանում մոլոված կարոտներս հավաքելու: Հիմա էլ , երբ անցնում ես մեր ծանոթ պուրակով, սիրտս ողբում է քեզ կորցնելու ցավից:
     Նվիրվել էիր ուրիշի, թե"... ՈՒ քեզ չկորցնելու համար հավատս քամուն եմ հանձնել և սպասում եմ կգաս...և հույզերս կծովանան...Սիրտս արտասվում է սպասումի ուժից, դու եկ, սիրելիս, կարոտներս մարելու...

***

Իմ տնից ձգվող արահետն անգամ նեղ էր ու փոքրիկ: Չգիտեմ` ինչպես ոտք դրի վրան: Ես դեմդ ելա քեզնով բախտավոր ու լայն բացեցի դռները իմ տան: Իմ հանգչող հոգում ճառագեց մի շող, բայց դու անտարբեր թողիր հեռացար...Նեղ էր արահետն իմ տնից ձգվող, սրտիս դուռն էր լայն, բայց դու չիմացար..

***

Ամեն օր ծնվում եմ լույսի հետ: Թողեք, որ հանգիստ մնամ;

Ականջիս մեջ են օրվա ձայները, ձեր խրոխտ ու բիրտ քայլերը: Թողեք, որ ես հանգիստ մնամ: Ձայներն էլ տարեք, թող կորչեն...

Ամեն օր ծնվում եմ լույսի հետ` դաջված պուրակի անսահման լռությանը : Թողեք, որ ես հանգիստ մնամ ու հեշտ գտնեմ կորած որդիներիս ձայնը...


    

***

Անձրև է, հանդարտ աղմկում են մայթերը: Ջրհորդանները պղտոր թախիծ են շիթ-շիթ շաղ տալիս ասֆալտի վրա: Ոսկեհեր արփին իր բոց շուրթերը հպել է թաց անձրևանոցիս ու սրթսրթում է լռիկ: Քայլում եմ մենակությունից հոգնած. արհամարհելով հորդառատ անձրևը: Ոտքերս ասես կղզյակներ լինեն այդ ջրակույտերի խորխորատների մեջ, փախչող կղզյակներ: ՈՒ ջրակույտերից կզիներն այդ, ղեկը կորցրած նավի պես, ինձ շպրտում են հեռախոսախցիկի մոտ, որ խցիկի մեջ կարոտեմ ջրակույտերին: Անձրևում է, աղմկում են մայթերն իմ սիրո մասին...


    

***

Աշխարհն այս, որ ապրում եմ այսօր, լի է կյանքով, երազանքով, ծաղիկներով բուրումնավետ, սիրո քաղցր վայելքներով լի է աշխարհն այս: ԵՎ գետերով խռովահույզ, լճերով ջինջ, նաև խորունկ ծովերով ու շողերով արևալույս լի է կյանքն այս... Քաղաքներով հրաշագեղ, հրաշքներով անակնկալ և տենչերով երանավետ, որ ուզում եմ հավետ գոյատևել երջանկացած, քայլել հպարտ փողոցներով... Սակայն, ավաղ, մեր կյանքը , տես, մի երազ է անվերադարձ...


    

***

Մի սիրուն ծաղիկ բացեց աչքերը ու գտավ իրեն գարնան ջերմ գրկում...Իր ընկերները վաղուց էին հեռացել, երբ ինքը դեռ գարնան կարոտ էր երգում: Նա իր երգերում արև էր տեսնում ու վառ հեքիաթներ, նրա անպաճույճ և հոգեթով երգերի մասին... ԵՎ նրանից առաջ եկած ծաղիկներին հպվել էր արևը իր ջերմաշունչ շուրթերով, և ամեն մեկն իր հեքիաթն էր հյուսել պարզ ու սիրակարոտ: Քնքշաբույր ծաղիկը վեր սուրաց փնտրելու արևին, նրա ջերմ գրկում հալվելու..


    

***

Այնպես էր ծաղկել իմ տանձենին, որ շաղվում էին աչքերն աստղերի: Իմ երազների թրթիռները տաք, իմ տարիները անցած ու գալիք սերտաճել էին այս մի ծառի մեջ և դարձել ծաղիկ...Նախանձից երկնային մի ուժ անտես ձեռքերով թափահարեց ծառս և ծադիկներս մեղմորեն թաթվեցին գետնին: ԵՎ դա այն պահին, երբ դրանց վրա գոնե մեկ անգամ չէր նստել մեղուն:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3399 | 0 | 0
Facebook