Loading...

Articles

Արմենակ Ավետիսյան

19:47, Sunday, 23 July, 2017
Արմենակ Ավետիսյան

ԵՍ
     --------
    
     /հումորեսկ /


    

Ես շա"տ եմ շահել ողջ գիտակցական կյանքիս ընթացքում: Կասեմ….ոչինչ:

Ես շատ ուշ հասկացա ժամանակի ընթացքը, նրա պահանջը…շողոքորթել, ստել` հանուն դրամի, պաշտոնի, աթոռի:

Ես ի"նչ եմ ուզում…միայն հաց` որովայնիս քաղցը հագեցնելու համար և մի քանի փալաս-փուլուս մարմնիս անբարեմասնությունները ծածկելու համար:

Ես շատ թույլ եմ, ցավն է ինձ բռնել…հոգսը կեղեքում է ինձ: Քաղցը, սովը` ինձ հետ են սնվելուս պահից:

Ես կուզենայի հանգիստ առնել…չեմ լալիս, չեմ վախենում, բայց չէ որ սրիկաներն ապրում են ու լավ են ապրում: Ինչո"ւ չհավաքել նրանց բոլորին մի տեղ ու պատժել` թեկուզ կախել /հակամարդկային չհամարել/: Եվ այսօր թիվ չկա սրիկաներին…

Ես միայն հույսով ապրեցի: Չէ որ Հաբեթի զավակների ճշմարիտ արքայությունից եմ: Մեղավոր եմ, որ ուրախությամբ ընդունեցի խեղկատակությունը, անճարակությունը, խենթությունը:

Ես հասկացա, որ կյանքը դաժան է, հիմարանալը հեշտ: Իմ կյանքը` թյուրիմացություն, զուր ջանքեր` արդար ճանապարհորդ, ո"ւր հասար: Մեկը տրորում է ինձ, մյուսը դուրս շպրտում.մյուսը խաբում, որի"ն հավատաս ու ինչպե"ս դիմանաս: Իսկական կյանք մի խոսքով չունեցա:

Ես դրամին շատ եմ սպասում, անհագ որկրամոլի նման, սպասում հավատով, կարեկցանքով: Չկարծեք դրամապաշտ եմ: Չգիտեմ, երևի մոռացել եմ պարզապես, որ մեր կառավարության համար ստորին խմբի անդամ եմ:

Ես շատ հույս ունեմ, որ շուտով, շատ շուտով դոլար, եվրո կունենամ…և այդժամ կլինեմ դատարկապորտ, բռի, քծնող, ստախոս: Կխառնվեմ քաղաքական գործիչներին, կպաշտպանեմ մուրացիկների շահերը և ամենակարևորը նրանց զուր հույսեր չեմ ներշնչի:

Ես այժմ անիծված եմ, այո, այո, չնայած հավատում եմ Աստծո գոյությանը: Նա ինձ ուժ է տալիս, շատ թույլ եմ, բայց լավագույնը մի լավ հարբելն է ու քնել այգուս մեջ` կեռասենու տակ, երեքնուկների վրա նրանց բույրը շնչելով:

Ես քաղաքական գործիչներին, բարերարներին տանել չեմ կարողանում: Նրանք ընչաքաղց մոլագարներ են, նրանցից փրկվել է պետք, ճիշտը նրանց ետևից չգնալն է: Նրանց սիրով «կթաղեի» իմ որովայնում….գոնե քաղցս մեկ ժամով կանցներ: Դրամապաշտ չեմ ու լավ գիտեմ, որ երեսփոխաների իդեալը իրենց գրպանն է, նրա պարունակությունը` պահպանելը:

Ես գտնում եմ, որ այսօրվա կուսակցությունները շահամոլ են, նրանց ձգտումը իշխանությունը տիրելու մեջ է, կառավարության հավաքած գումարները գրպանելու և շռայլելու մեջ: Երեսփոխանի աթոռը գրավելու, եվրո, դոլար շահելու մեջ է, պրիստիժի հարց է:

Ի չիք կդարձնեի նրանց ձգտումը և այդ նախարարներին, երեսփոխաններին աշխատավարձ չէի նախատեսի: Պատկերացնում եք, թե մեր բյուջեն որքան կխնայեր այդ առումով:

Ես այսօրվա կյանքի զավեշտախաղին չեմ մասնակցում: Պարզապես իմ միամտության վրա եմ զարմանում: Կյանքը զավեշտ է: Հաշվապահ ընկերոջս մի երեսփոխան ծառայողական սանդուխքով մինչև վարչության պետ աթոռի տիրակալ դարձրեց: Նա ի նշան երախտագիտության երեսփոխայի տղայի հարսանիքին իր տիկնոջ հետ 24 ժամ պարեց հարսանյաց սրահում: Նա այդ ձևով կարողացավ պարտքի տակից դուրս գալ: Եվ բացի դա էլ նախարար դառնալու երազանք ունի:

Ես բյուր անգամ գտնում եմ, որ ամենահարուստը ինքս եմ, բոլոր քաղաքական գործիչներից, երեսփոխաններից…Նրանց պես անկշտում չեմ: Ինձ իմ ծիծաղն է ու ծաղրը, հեգնանքը, հումորեսկը` լի ու լի ապրելու համար: Հեգնում եմ իմ կարողության չափ: Գիտեմ, որ հեռացած եմ իսկական հեգնանքից, ծաղրի, երգիծանքի սահմաններից, բայց ապրելու հույս են տալիս Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը:

Նրանք են միայն ի վերուստ ծիծաղի համար ծնված և նրանց է պատկանում հայ երգիծանքի արքայական գահին նստելու պատիվը: Աստվածային շհնորհ ունեն և գիտակ են նորաթուխ երգիծանքով զբաղվողներին ուղենշելու գործում:

Սոսկալի ոչինչ չկա, երբ ասպարեզում չկան նման անհատականություններ ու դու ինչպես միշտ փորձում ես նմանակել նրանց, սա է իրողությունը:

Ես կուզենայի, որ բարի խոսքով լցվենք: Հույսով ապրենք, այն թեթևացնում է, բուժում վերքերը: Հոգնությունս նշանելի է, և ա’յո, և ո’չ: Ապահով դիրքի չեմ տեսնում` թեթևսոլիկություն է դա: Գիտեմ, որ լավ դիրքի հասնելու համար, վատ է միայն այն, որ շատերը ժամանակից հետ չեն մնում: : ՈՒնեն և մշակել են իրենց կարծիքով ճիշտ ապրելու գաղտնիքը: Նրանք ունեն սողալու ժամ, շողոքորթելու ժամ, ստելու ժամ, ճամարտակելու, կեղծ արցունքներ թափելու ժամանակ: Այդ գրաֆիկը ինքս չունեմ, չեմ օգտվում:

Ես չեմ համակրում ոչ մի քաղաքական կուսակցության, կեղծ բարեպաշտներին, ընչաքաղց պաշտոնյաններին, սուտ բարերարներին, փառամոլ երեսփոխաններին ու նախարարներին: Ինձ համար կարևորը սկզբունքն է, նրա ճիշտ օգտագործումը: Նրանց սկզբունքին եմ դեմ…միգուցե սկզբո"ւնք չունեն: Եվ եթե կլինեն մարդիկ, ովքեր կնմանեցնեն իրենց իմ հերոսների հետ, թող ինձ ներեն:

Ես չունեմ ոչ մի նյութական կարողություն, ուժասպասռ եմ եղել: Զրկանքները, որ կրում եմ` ժամ առ ժամ են ավելանում, ջլատում, հոգնեցնում մարմինս, հոգիս: Սոված եմ…և մահանալ չեմ պատրաստվում: Լավ հասկանում եմ, որ քաղցած փորով հնարավոր չէ լավ գրել: Իմը միայն հեգնանքն է և իմ կարողության չափով փորձում եմ հեշտացնել կյանքս:

Խնդրում եմ առանց չարամտության, առանց հետին մտքերի, որևէ ակնարկ չանել: Ազդեցությունը մեր մեծերի կա իմ գրվածքներում և ինձ երբեք ու երբեք, հազար անգամ, ոչ մի դեպքում գրող չեմ համարում: Գիտեմ, որ ծիծաղը ամենադիֆիցատային ապրանքն է և նրա շհնորհով հազվագյուտ մարդիկ են օժտված:

Ուղղակի չեմ կամենում 21-րդ դարում ապրել մեռելի կարգավիճակով: Ինձ համար կարևորը սկզբունքն է և ոչ թե իմ անձը, հետ վերադարձնել անցյալս չեմ պատրաստվում: Չգիտեմ կեղծել, ստել, շողոքորթել…Երանի թե իմանայի, գործածական կդարձնեի ու ինձ համար մի ճոխ թաղում կկազմակերպեի, իսկ կիսանդիրս էլ անպայման առանձնատանս բակում կտեղադրեի ինքնագրով. «Սոված մեռավ»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3897 | 0 | 0
Facebook