Loading...

Articles

Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

18:50, Sunday, 23 July, 2017
Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

/ Ֆանտաստիկ պատմություն

N թվականին, երբ Թուրքիան փլուզվեց և Ախուրյան-Եփրատ-Զաբ-Արաքս գետերի միջագետքում առաջացավ Նոր երկիր, Հայաստանի Հանրապետությունը դարձել էր Երկիր մոլորակի ամենածաղկուն ու բարգավաճ երկիրը, իսկ հայ լինելը ձեռք էր բերել կատարյալ մարդ լինելու համարում:
     Սկզբնական շրջանում ոչ ոք չէր կարողանում ստույգ ասել, թե ինչը կամ ինչերն էին այդ անհավատալի երևույթի պատճառները, երբ մի երկիր, որը գտնվում էր անընդհատ պատերազմի վիճակում և շրջափակման մեջ, որի տնտեսությունն այնքան քայքայված էր, որ բնակիչները զանգվածորեն լքում էին այն՝ օտար ափերում աշխատանք ու հաց որոնելով, հանկարծ կերպափոխվեց և ասես կախարդական զորությամբ վերածվեց երկրային դրախտի:
     Իրականում, սակայն, կախարդական ոչինչ չկար կատարվածի մեջ, եթե, իհարկե, կախարդանք չհամարենք ամբողջ ժողովրդի համընդհանուր վերամարմնավորումը ինչ-որ ոգեղեն տեսակի, որի նմանը դեռ չէր եղել մարդկության պատմության մեջ: Ոմանք այդ տեսակը համարում էին Նոր մարդու ծնունդ, որը կատարվել է այլմոլորակայինների միջամտությամբ, ոմանք, ընդհակառակը, գտնում էին, որ դա նախնական մեղքը դեռ չգործած Առաջին մարդու վերածնունդն է, բայց վստահաբար կարելի է ասել, որ սխալվում էին երկուսն էլ, թեև պիտի խոստովանել նաև, որ այդպես դատելու առերևույթ հիմքեր գուցեև կային:
     Հայաստանի աստեղային ժամը սկսվեց այն բանից հետո, երբ շահի վրա կառուցված աշխարհի գլոբալ անարդարությունից զզվելու չափ հոգնած ժողովուրդը ներքին մի խորունկ պոռթկումով հրաժարվեց արդարությունը այլ տեղերում փնտրելու մոլորությունից և հայացքն իր հոգու խորքերը ուղղելով՝ իր միջից պեղեց ոչ միայն անհաղորդ, այլև բացարձակ թշնամական միջավայրում հաղթանակելու և հաջողության հասնելու մոգական բանաձևը և սկսեց իր կյանքը կառուցել դրա հիման վրա:
     Այն ուներ մի քանի բաղադրիչներ, որոնք գրեթե հանրահայտ են. օրինակ՝ արդարություն, աշխատանք, պաշտպանվածություն, նպատակասլացություն և այլն: Սակայն մոգականը ոչ թե այս կամ այն բաղադրիչներն էին, այլ նրանց միավորող շաղախը, որն էլ հրաշագործ զորությամբ էր օժտել ժողովրդին ու երկրին: Օտարները զուր ճգնում էին բացահայտել այդ շաղախի բնույթը, առասպելներ էին տարածում այն գաղտնաթաքույց պահող, այլոց համար անհաղթահարելի պատնեշ ու արգելք հանդիսացող խորհրդավոր շղարշի մասին և այլն, և այլն, սակայն բնավ այդպես չէր: Շաղախի բաղադրությունը նույնպես պարզ ու հստակ էր, հայտնի՝ ժամանակների սկզբից ի վեր, բայց վաղուց մոռացության մատնված և գործածությունից հանված:
     Այդ շաղախը սերն էր: Ավելի ստույգ՝ գործուն սերը: Այսինքն՝ դա ոչ թե սոսկ զգացմունք էր, այլ վերաբերմունք, մարդիկ ամենագործնական հարցերում իսկ իրար վերաբերվում էին այնպես, ինչպես, օրինակ, սիրող ծնողը՝ իր թոթովախոս մանկանը և այլն, և այլն: Այդպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, բայց թողնենք դա և ասենք միայն, որ դրա շնորհիվ մարդիկ ասես պարուրվեցին լույսի խանձարուրով, վերածվեցին բոժոժների, որոնք մագնիսական զորությամբ ձգում էին միմյանց և միավորվելով՝ ստեղծում լույսի մի մեծ, համընդհանուր տիրույթ, և թռչունի թռիչքի բարձրությունից նայելիս կարելի էր հստակ նկատել, թե լուսեղեն բոժոժների վերածված մարդիկ ինչպես են երկրային խավարի մեջ պսպղում կենսատու աստղերի նման:
     Բայց տեղի ունեցավ ավելի ֆանտաստիկ բան, որը նկատելի էր միայն տիեզերական բարձունքներից. այնտեղից, միայն այնտեղից էր նկատելի, որ հատ-հատ բոժոժները, միավորվելով, ասես վերածվել են մի տեսակ տարածաշրջանային կենսոլորտի, որը ոգեղեն կենսունակությամբ էր օժտել Հայաստան աշխարհը, ինչպես, օրինակ, կենսոլորտն է ապահովում կյանքի գոյությունը Երկիր մոլորակի վրա:
     Ահա այս ոգեղենի և իրատեսականի միաձուլումն էր, որ Հայաստանը դարձրեց երկրային դրախտ և սկսեց դեպի իրեն ձգել աշխարհասփյուռ հայությանը: Սկիզբ առավ մի մեծ, համընդգրկուն ազգահավաք, քանզի, իրոք, միամտություն կլինի կարծել, թե իր ողջամտությամբ հայտնի ժողովուրդը կարող էր հեռու մնալ երկրային դրախտում, այն էլ՝ իր հայրենիքում վերաբնակվելու մղումից:
     Բայց սա նույնպես դեռ ամենը չէր:
     Հայաստանի օրինակը վարակիչ էր ողջ աշխարհի համար: Նրանից ելնող լիցքերը իսկապես մոգական զորությամբ ձգում էին այլ երկրների և ժողովուրդների, և շատերն էին ցանկություն հայտնում Հայաստանի մաս դառնալ կամ, նվազագույնը, դաշինք ու միություն ստեղծել նրա հետ: Սակայն այդ լիցքերը ունեցան նաև ճիշտ հակառակ ազդեցություն՝ առաջացնելով մաղձի, չարության և նախանձի մոլեգին հորձանքներ որոշ երկրների ու ժողովուրդների մեջ, ինչն էլ, ի հավելումն Թուրքիայի այլևայլ խնդիրների, հանդիսացավ նրա փլուզման անտեսանելի, բայց խորքային և հիմնական պատճառը, և Թուրքիան ուղղակի պայթեց:
     Ահա այս N թվականին էր, որ երբ Թուրքիան փլուզվեց, Նոր երկիրը նույնպես ցանկություն հայտնեց միանալու Հայաստանին կամ, ծայրահեղ դեպքում, նրա մաս կազմելու իբրև կոնֆեդերացիա: Ընդ որում՝ այս երկիրը նման ցանկություն հայտնող մյուս երկրների փաստարկներից բացի բերում էր նաև այլ կռվաններ, որոնք լրջագույն մտորումների մղեցին Հայաստանին:
     Դրանցից առաջինը պատմական արդարության վերականգնման փաստարկն էր: Ինքնին հասկանալի է, որ այս դեպքում կռվանը այն ճշմարտությունն էր, որ Նոր երկրի տարածքը համընկնում է Պատմական Հայաստանի տարածքի մի մասի հետ, ուստի դրա միացումը ժամանակակից Հայաստանին կլինի հիրավի արդարացի:
     Երկրորդ փաստարկը, որքան էլ զարմանալի թվա, գենետիկական էր: Նախ ասենք, որ արագորեն բացահայտվեցին և իրենց մասին բարձրաձայն հայտարարեցին ծպտյալ հայերը, բռնի մահմեդականացածները, ազգափոխներն ու կես-կեսները, և պարզվեց, որ Թուրքիայի տարածքում բավական ստվարաթիվ հայություն կա: Բայց սա էլ հարցի դեռ մի կողմն էր: Քանի որ հայ լինելը կատարյալ մարդու հոմանիշ էր դարձել, Հայաստանը՝ կատարյալ երկրի, և Հայաստանի մաս կազմելը նույնն էր, ինչ դրախտի պարտեզի մի պուրակ լինելը, Նոր երկրի բնակիչներն սկսեցին իրենց ծագման մեջ հայկական արմատներ փնտրել՝ խոստովանելով, թե իրենք սերում են այսինչ բռնաբարվածից կամ մանկության ժամանակ քրդացրած կամ թուրքացրած այնինչից: Եվ ամենազարմանալին այն էր, որ գենետիկ փորձաքննությունն իրոք այդպիսի բազմաթիվ օրինակներ ի հայտ բերեց, ինչից ոգևորված՝ Նոր երկրի գրեթե ամբողջ բնակչությունը դիմեց այդ ճանապարհով իրեն հայ հռչակելու միջոցին:
     Սակայն ամենահիմնական փաստարկը թերևս երրորդն էր, որը պնդում էր, թե ազգային պատկանելությունը գենետիկայով որոշելը վաղուց ժամանակավրեպ է դարձել, որ ազգը գաղափար է և բարոյականություն, որ կարևորը ազգային ինքնության գիտակցումն է, պատմական հանգամանքների բերումով Նոր երկրում վաղուց արդեն ձևավորվել է նոր էթնոս, և իրենք, քանի որ ձգտում են լինել կատարյալ մարդ և ժողովուրդ ու ապրել կատարյալ երկրում, իրենց հայ են գիտակցում, ցանկանում նվիրվել այդ էթնոսի գաղափարներին, կենսագործել նրա առաքելությունը և վայելել նրան պատկանելու առավելությունները: Բացի այդ, լրջագույն փաստարկներ էին բերվում նաև առ այն, որ ժամանակակից աշխարհում մարդն ազատ է և իրավունք ունի իր ազատ կամքով ընտրելու այն երկիրը, որի քաղաքացին ուզում է լինել: Եվ իրենք այս են ընտրում:
     Մի խոսքով, ստեղծվել էր մի ֆանտաստիկ վիճակ, որից դուրս գալու ելքը, ի դեպ, գտնվեց շատ պարզ ու հասարակ եղանակով. որոշվեց երկու երկրներում անցկացնել հանրաքվե և առաջնորդվել դրա արդյունքներով, ինչի մասին, իհարկե, մենք կիմանանք ժամանակին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3826 | 0 | 0
Facebook