Loading...

Articles

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

10:00, Sunday, 23 July, 2017
ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


    

Դրախտ և դժոխք
     Ի՞նչ պիտի ասեմ այնտեղ` երկնքում,
     որ քե՞զ էի շփոթել Աստծու հետ երկրի վրա.
     ու պիտի դատե՞ն ինձ:

Իմ ընկերոջ փոխարեն սիրեցի քեզ`
     ինչպես իմ անձը,
     որովհետև իմ մերձավորը դու ես:
     Երկնքի նմանությամբ ու երկրի
     և ջրերի մեջ եղածների մաքրությամբ
     քեզ կուռք սարքեցի:

Որպեսզի
     զուր տեղը չտամ մեր տեր Աստծու անունը,
     ես ամեն առիթով քո անունը կանչեցի:

Չպահեցի շաբաթը,
     որովհետև այդ օրը չկարողացա քեզ հանել ինձնից,
     իսկ իմ հորը և մորը քեզ ունենալով պատվեցի:

Գողացել եմ քո ծառի արգելված պտուղը
     և մարդկանց հոգնությանը հանձնել,
     որ աշխարհում գեղեցիկը չպակասի:

Սպանել եմ ինձ,
     որ իմ փոխարեն էլ դու լինես.
     երկու դու ու ոչ մի ես:

Արդյո՞ք ստել եմ` ասելով
     դու ես լույսը և խավարը,
     դու ես սկիզբը և վերջը,
     դու ես կյանքը և մահը:

Եթե քեզ սիրելը շնանալ է,
     ես այդ դժոխքը չեմ փոխում դրախտի հետ:

հ. գ.
     Աստծու հետ էի շփոթել քեզ,
     իսկ դու սատանային մատնեցիր ինձ:

Դատարկ եմ բոլոր ժամերի մեջ
     Անձև ու դատարկ էի,
     եկար և ասացիր` լույս լինի,
     և դու եղար իմ մեջ.
     տեսա, թե որքան կատարյալ եմ:
     Ես, որ չգիտեի անգամ շողի մասին,
     ինձ ցույց տվեցիր լույսը ու տարար քեզ հետ.
     հիմա ինչպե՞ս խաղաղվեմ:

Այգեպան էի,
     եկար և ասացիր`
     դու կարող ես հողից երկինք արարել.
     ես նայեցի քեզ
     ու քո տեսքով ստեղծեցի
     և հիացա` իմ այգին դրախտի պարտեզն էր:
     Ես, որ չէի տեսել իմ հողից վերև ոչ մի երկինք,
     համտեսեցի իմացության ծառից,
     և ինձ ուղարկեցիր երկիր.
     հիմա առանց դրախտ ինչպե՞ս ապրեմ:

Ոչ ոք ու ոչ մի տեղ էի,
     եկար և ասացիր` ե՛ս եմ,
     իրական եմ, ոչ թե երազ.
     հոգի եմ քո հոգուն,
     և մարմին` քո մարմնի համար:
     Ես, որ ոչինչ էի,
     ինձ տվեցիր էություն`
     ա՛ռ և լցվիր,
     ու չկաս,
     և դատարկ է մարմինս բոլոր ժամերի մեջ:

Երբ ինձնից տարել ես իմ վերջին օրը,
     հիմա ես ինչպե՞ս մեռնեմ.
     ոչինչ չկար քեզնից առաջ,
     ու ոչինչն է քեզնից հետո:

Դու ես հրաշքը
     Իմ հրաշքը դու ես,
     որ հայտնաբերել եմ երկրի վրա.
     և աշխարհը ափիս մեջ
     շրջում եմ Տիեզերական ոգու նման:

Գաղտնիքների գիրքն եմ կարդում հիմա,
     որ վաղնջական ու կորած էր.
     մարդիկ լսել են այդ մասին,
     բայց երբեք չեն տեսել,
     թե ինչպես է բառը առնում թևեր
     ու ճախրում է հմայումով քո հայացքի:

Քո մեկ հպումը մարգարե է ինձ դարձրել,
     պայծառատես ու գուշակ եմ կես նայվածքիդ շնորհիվ
     և քայլում եմ մարդկանց մեջ` ինչպես Փրկիչն էր:

Համրին եմ խոսեցնում,
     կույրին ստիպում եմ տեսնել
     և հարություն եմ տալիս մեռյալներին անգամ:

Ես կարող եմ հասկանալ թռչունների լեզուն,
     գազանների հետ զրուցել
     և լսել լռությունը ձկների.
     մինչև իսկ Էվրիդիկեին ետ բերել անդինից,
     որ չհաջողվեց Օրփեոսին:

Քո հրաշքը նախաստեղծ ու սկիզբ է դարձնում
     կյանքի կորցրած իմաստները.
     տիեզերքում ամեն բան իր տեղում է
     ու ճիշտ է նորից,
     որովհետև ժամանակը ուրիշ չափման մեջ է հիմա,
     և այդ չափը դու ես:

Քո մարմինը լույս է հորդում,
     բուրում է հաց և հոսում է ջուր,
     ու գեղեցկությունն է շրջում իր առաջին հմայքով`
     ինչպես որ էր.
     ես հավատո՛ւմ եմ, կրկնվել է դրախտը երկրի վրա:

Թող չասեն,
     թե էլի մեկը այդպես սիրել է ուրիշ մեկին.
     երանի ե՛ս լինեի այդ ուրիշը,
     և այն մեկը
     քո տեսքն ունենար ու իմ անունը կանչեր:

Վերջին բանաստեղծություն
     Քամին անցնում է
     քեզնից դատարկ կեսգիշերի սրտիս միջով,
     որտեղից դու քեզ տարար
     առանց մի կաթիլդ խնայելու:

Էլի մի քնահարամ ագռավ կռռում է անձրևի մեջ.
     ես, որ չգիտեմ թռչնի լեզուն,
     հասկանում եմ այս ուշ ժամի սև բառերը նրա.
     – Ինչո՞ւ քեզ տարար ինձնից`
     սիրտս թողնելով դատարկ կեսգիշերին:

Քամին սառն է, ձմռան պես կտրող.
     տա՞ք ես հագնվել,
     կոճկե՞լ ես վերարկուդ,
     շարֆդ կապե՞լ ես,
     սիրուն լուսավորս:
     Ո՞ւմ հետ ես այս ուշ ժամին,
     քո մասին հոգ տանո՞ւմ է,
     անհանգստանո՞ւմ է քեզ համար.
     չմրսես հանկարծ ինձնից դատարկ օրերիդ մեջ:

Քամին է կտրում իմ մարմինը առանց քեզ.
     չգիտեմ, ի՞մ սիրտն է, թե՞ ագռավի,
     որ թաց ու սև մնացել է կեսգիշերին…

Իմ գարունը քեզ,
     իմ ամառը քեզ,
     իմ աշնան տաքն էլ քեզ.
     հանկարծ չմնաս մենակ
     ինձնից հոգնած օրերիդ մեջ:

Ամբողջ երկիրը քեզ հետ տարար
     Դու չես կրկնվի,
     որովհետև այդպես իմ սիրտն է ցանկանում:

Փնտրեցի ու չգտա նմանակը բառի`
     միակս,
     որ ասել եմ քեզ:
     Գույների մեջ մինուճարը
     դու ես,
     որ առաջինն էր ու վերջինը.
     իմ աշխարհից տարար քեզ հետ:

Ես չեմ ասում` քո գնալուց թող լույս մնա,
     որովհետև այդ ճանապարհով ուրիշ
     մեկը չի հեռանալու:
     Անիմաստ է աշխարհում ամեն բան,
     ինչն առանց քեզ է.
     օդը չունի շունչ,
     ջուրը չունի ընթացք,
     հացը չունի բուրմունք,
     և գույն չունի լույսը,
     ու տիեզերքի երկու կողմն էլ մութ է:

Քեզ չեմ ասում ցտեսություն,
     որովհետև էլ երբեք ու նորից չենք տեսնվելու:
     Միայն
     իմ երկրի հնամենի արքայի նման
     ողբում եմ ողբը ունայնության.
     երբ դու գնացիր`
     ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
     ես այս ավերակների վրա
     ինչպե՞ս թագավորեմ:

Իմ հրաշալի ինքնախաբկանք
     Ինչ հեշտ քանդեցիր ամենը,
     որ ես էի սարքել դժվար:

Քեզ հետ վերցրու մի բեկորը,
     ափիդ մեջ սեղմիր թալիսմանի պես.
     ամեն մանրուքի մեջ սիրտ եմ դրել
     և իմ աղոթքը, որ քեզ հավատաց:

Այս անգամ քո անունն ուներ
     ու քո տեսքով էր
     էն շան տղա խոսքը,
     որ ասում է`
     ինքդ խաբել ես քեզ:

Որքան խեղճ է աշխարհն արարել Աստված,
     որ մոռացել է քեզ դնել քո մեջ,
     և որքան խեղճացա ես,
     երբ փնտրեցի ու քո մեջ չգտա քեզ:

Ես չէի ապրի,
     թե չհորինեի քեզ`
     լույս ու մաքրություն,
     էս անտեր աշխարհում.
     ու մեռնում եմ հիմա,
     երբ հասկացա,
     որ հորինել եմ քեզ:

Իմ հրաշալի ինքնախաբկանք,
     բոլորից չքնաղը դու էիր
     իմ անունով պատվիրված դիպուկահարների մեջ,
     որովհետև քո՛ ձեռքը չդողաց միայն
     և քո կրակոցն էր ամենաուղիղը.
     մի՛ որոնիր փամփուշտդ իմ մարմնից դուրս:

Քեզ չե՛ն կորցնում երկրորդ անգամ,
     երկրորդ անգամ ինձ չե՛ն գտնում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4549 | 0 | 0
Facebook