Loading...

Articles

Հայրենանվեր մարտիկը. Միշա Թադևոսյան . «Հայորդի» ամսաթերթ

08:54, Friday, 23 June, 2017
Հայրենանվեր մարտիկը. Միշա Թադևոսյան . «Հայորդի» ամսաթերթ

Արցախյան պատերազմը անջնջելի հետք թողեց հայ ժողովրդի կյանքում: Հատկապես մնաց հիշողությունների մեջ այն մանուկների, որոնց ճակատագիրն էր իրենց վրա վերցնել հայրենիքի պաշտպանության սրբազան գործը: Հիմա, երբ ասում ենք Արցախյան պատերազմ, հասկանում ենք և՛ 90-ականների, և՛ 2016-ի ապրիլյան պատերազմը: Այդ պատերազմներին իր հայրենանվեր գործն է կատարել Միշա Թադևոսյանը:

1966 թ. մայիսի 27-ն էր, երբ Դվին գյուղում՝ Թադևոսյանների ընտանիքում, ծնվեց հայրենիքի ապագա պաշտպանը՝ Միշան:

Հասակ է առել հասարակ գյուղացու ընտանիքում։ Մանկության մասին խոսելիս դեմքին անհոգ ժպիտ է հայտնվում: Մարդասեր է, երեխաների հետ` երեխա, մեծի հետ՝ մեծ:

Միշան սովորել է Դվինի դպրոցում, որն ավարտելով` կրթությունը շարունակել է Մասիսի գյուղտեխ. ուսումնարանում: 1984-86 թթ. ծառայում է Խորհրդային Ռուսաստանի բանակում:

1988 թ. սկսվեցին հայ-ադրբեջանական բախումները:

1991 թ. լսվում է հերթական գույժը. պատերազմը կրկին ներխուժել էր Արցախ:

Միշա Թադևոսյանը կամավոր մեկնում է առջնագիծ` իր պարտքը տալու հայրենիքին: Ասում են՝ կամավորը հերոս է պատերազմ մեկնելու առաջին իսկ օրից:

Միշան եղել է Լեոնիդ Ազգալդյանի ջոկատից: Նրա պատմելով` Լեոնիդը շատ խիստ էր, միևնույն ժամանակ` զինվորների ընկերը: Հրամանատարը սիրում էր, որ իր հրամանները կատարվեն և չմնան օդում: Լեոնիդն ուզում էր, որ բոլորը հասկանան հայրենիքի արժեքը, և իրենց կյանքի նպատակը համարեն երկիրը շենացնելու և հզորացնելու գործը:

...Թշնամին, չկարողանալով դիմադրել հայկական ուժերի վճռական գործողություններին և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից, 1994 թ. մայիսի 14-ին զինադադար է խնդրում:

...2016 թ. գարունն էր՝ ապրիլ ամիսը, երբ նորից խաթարվեց հայ ժողովրդի խաղաղ անդորրը: Այդ ժամանակ Միշան և իր ազատամարտիկ ընկերները կրկին իրենց տեղում էին՝ դիրքերում, և իրենց մարտական ոգին էին փոխանցում մեր քաջ հայորդիներին: Այս պատերազմն էլ անդառնալի հետք թողեց հայ ժողովրդի կյանքում, չսպիացող վերքեր՝ հայ մայրերի սրտերում:

Միշա Թադևոսյանը պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանություն», «Անդրանիկ Օզանյան», «Մարտական ծառայություն», ԼՂՀ և ՀՀ «Արիության» և այլ շքանշաններով:

Այսպիսով՝ Արցախյան պատերազմի բովում ծնվեց ազատաբաղձ, ազատատենչ քաջորդիներ մի ամբողջ համաստեղություն, որի «աստղերից» մեկն էլ Միշա Աղվանի Թադևոսյանն էր:


    
    

Լարիսա ՂԱԶԱՐՅԱՆ

Մարիա ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ
    
    
     «Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 3, մարտ 2017թ.
    
    
     https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
10056 | 0 | 0
Facebook