Loading...

Articles

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը-7/ Տրանսսեքսուալներ

19:59, Thursday, 22 June, 2017
Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը-7/ Տրանսսեքսուալներ
    
    

    
  • 22 июн, 2017 в 11: 18
-7-
     Տրանսսեքսուալներ

    
Սկիզբն այստեղ՝ 1/ 2/ 3/ 4/ 5/ 6

    

     Ինեկեն գործս հեշտացնելու համար ծրագիր էր տվել, որի շնորհիվ ես հստակ գիտեի, թե որ ժամին որտեղ պետք է լինեմ: Ամենալավն ուրբաթ օրվա ծրագիրն էր թվում. առավոտյան՝ գրադարան, ցերեկը՝ տրանսսեքսուալներ: Բնականաբար, ես ամբողջ առավոտն ինտերնետում էի անցկացնելու ու հազիվ թե գիտական կայքեր մտնեի: Իսկ երկրորդ հատվածը շատ հետաքրքիր էր. կյանքում տրանսսեքսուալներ չէի տեսել:
Գրադարանում մի լավ չատ անելուց հետո (թեև գիտական կայքեր, այնուամենայնիվ, մտել էի) բարձրացա բաժանմունք, որ իմանամ, թե որտեղ է տրանսսեքսուալների ընդունելությունը: Սենյակում միայն բժիշկն Կունենն էր:
     - Գնա առաջին հարկ: Բեայի սենյակը գիտե՞ս: Դրա կողքը Յոս անունով մի մարդ է նստում: Նա ամեն ինչ գիտի տրանսսեքսուալների մասին:
     Յոսին հեշտությամբ գտա: Նա զարմացավ, երբ իմացավ, որ պետք է մասնակցեմ տրանսսեքսուալների ընդունելությանը, որովհետև բժշկին ուղեկցող ուսանող արդեն կար, իսկ երկրորդը շատ էր:
     - Ո՞ր երկրից ես, - հարցրեց:
     - Հայաստանից:
     - Իմ տրանսսեքսուալ հիվանդների մեջ հայեր էլ կան… Լա՛վ, սպասիր, մի բան կմտածենք. Հայաստանում տրանսսեքսուալներ դժվար տեսնես:
     Որոշվեց, որ մինչև ժամը երեքը ես եմ ներկա գտնվելու, հետո՝ հոլանդացի ուսանողուհին:
Մտա ընդունելության սենյակ: Էլենը (երիտասարդ բժշկուհի, որի ազգանունը չեմ հիշում) ներսում էր:
     - Գիտե՞ս՝ այստեղ ինչ է լինելու:
     - Մոտավորապես:
     - Գալու են մարդիկ, որոնք ժամանակին վիրահատվել, սեռը փոխել են, բայց դեռ որոշ չափով կնոջ կամ տղամարդու տեսք ունեն: Վերանայում եմ նշանակված հորմոնները, պարզում, թե ինչպես են իրենց զգում, եթե պետք է, ճնշումը չափում, կշռում, ստուգում օստեոպորոզ սկսվել է, թե չէ:
Ներս մտավ առաջին հիվանդը: Միանգամից հասկացա, որ նախկին և ներկա սեռերը որոշելու համար պետք է հագուստին նայել. դիմագծերը ոչինչ չեն ասում: Մի խոսքով, եկողը կին էր, բայց մի ժամանակ տղամարդ է եղել: Ու կարծես ուզում էր գոռալ, բոլորի երեսին շպրտել, որ ինքը կին է: Մատներին՝ լիքը մատանիներ, պարանոցին՝ մի քանի տիպի վզնոց, դիմահարդարանքը չէր խնայել, բարձրակրունկներ էր հագել, իսկ հնաոճ շրջազգեստի մասին էլ չեմ խոսում: Դեմքը տղամարդու չէր, ոչ էլ կնոջ:
     - Ի՞նչ գանգատներ ունեք, - հարցրեց Էլենը:
     - Ոչ մի, եթե չհաշվենք քրոնիկական հոգնածության համախտանիշը, որով արդեն մի քանի տարի է՝ տառապում եմ:
Հաջորդը տղամարդու շորերով էր, հետևաբար նախկինում կին է եղել: Ավելի ճիշտ, ոնց որ դեռ չէր վիրահատվել, այլ միայն դեղեր էր ստանում, որովհետև որովայնի ցավերից էր գանգատվում, իսկ բժիշկը դա մեկնաբանեց որպես մենստրուացիայի նշան. հիվանդը վերջերս ավարտել էր հակամենստրուացիոն դեղերի կուրսը:
Երրորդն առաջինին շատ նման էր, միայն թե դեռ չէր վիրահատվել, հորմոններ չէր ստացել: Տղամարդու դեմք ուներ, իսկ գլխինը կեղծամ էր, երկար մազեր չուներ:
Ու դու չես հասկանում. քեզ ծաղրու՞մ են այս մարդիկ՝ ցույց տալով, թե մի սեռի են պատկանում, մինչդեռ այդպես չէ: Հոգեբուժարանու՞մ ես գտնվում, թե՞ կրկեսում: Ընթերցող, դու կասես, որ նրանց ընտրությունն է: Համաձայն եմ քեզ հետ: Ես էլ էի այդպես մտածում մինչև տեսնելս: Բայց լրիվ ուրիշ է, երբ կնոջ հագուստով տղամարդը ձեռքդ սեղմում է ու ներկայանում.
     - Էսթեր:
     Դու քեզ խաբված ու ծաղրված ես զգում:
Այդպես էր այն ժամանակ, երբ տրանսսեքսուալների մասին տպավորություններս թարմ էին, իսկ ես գաղափար չունեի, թե ինչ է նշանակում տրանսսեքսուալություն: Թվում էր՝ հեշտ է հասկանալ. մեկը, որ իրեն հակառակ սեռի ներկայացուցիչ է զգում ու որոշում է վիրահատվել: Իսկ ես չէի փորձել խորանալ, պարզել, թե իրականում ինչ է այն: Եվ եթե վերջերս չանցնեինք սեքսոլոգիա առարկան ու չքննարկեինք «տրանսսեքսուալություն» կոչվածը, կշարունակեի մնալ իմ կարծիքին, կմտածեի՝ այն ժամանակ ինձ ձեռ էին առնում:
Չեմ մանրանա, բոլորի մասին չեմ պատմի: Կուզեի ևս երկուսին առանձնացնել և ավարտել:
     Մեկը եկավ, որ արտաքինից ոչ մի կերպ չէիր կարող ասել, թե ինչ սեռի է. հագուստը սովորական էր, մազերը՝ երկար: Երբ Էլենը նրա մաշկի տակ էստրոգեն ներարկեց, հասկացա, որ նախկինում տղամարդ է եղել: Նրա նկատմամբ հարգանքով լցվեցի. իր կին լինելը չէր շպրտում մյուսների երեսին:
Տրանսսեքսուալությունը սեռական ինքնագիտակցության խանգարում է: Այսինքն՝ չնայած գենետիկական ու արտաքինից երևացող սեռին, նրանք իրենց զգում են հակառակ սեռի ներկայացուցիչ: Եվ դա այդքան պարզունակ չէ: Լուրջ խնդիր է, որը բնածին է լինում: Մեր սեքսոլոգիայի դասախոսը կասեր. «Պատկերացրեք՝ տղամարդու մարմնում կնոջ ուղեղ է»: Մարդիկ շատ են տանջվում դրանից, փորձում քողարկել արտաքին սեռական հատկանիշները: Իսկ եթե նույնիսկ վիրահատվում են, հինգ տոկոսի մոտ ավարտվում է ինքնասպանությամբ: Ավելին՝ հասարակության մեջ նրանք մերժված են: Հաճախ վիրահատվելուց հետո փոխում են անունն ու անձնագիրը, բնակավայրը:
Հետո մեկը ներս մտավ, որն իսկական տղամարդ էր: Նրան տեսնելիս վայրկյան անգամ չէիր տատանվի, չէիր կասկածի, որ նախկինում կին է եղել: Մասնագիտությամբ բժիշկ էր:
     Շարունակելի...
    
     ____________________________
     Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
     Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2903 | 0 | 0
Facebook