Loading...

Articles

Ճուտը» հսկա՛ էր պատերազմում. Լեոնիդ Ազգալդյանի խիզախ զինակիցը` Վազգեն Մեսրոպի Սաֆարյան . «Հայորդի» ամսաթերթ

09:16, Thursday, 22 June, 2017
Ճուտը» հսկա՛ էր պատերազմում. Լեոնիդ Ազգալդյանի խիզախ զինակիցը` Վազգեն Մեսրոպի Սաֆարյան . «Հայորդի» ամսաթերթ

Պատերազմ հանուն մի բուռ հողի, կռիվ, ազատագրական մարտեր: Ժամանակաշրջան, որը խոր հետք թողեց մարդկանց կյանքում: Ունեցանք ծանր կորուստներ, ընկան կորյուններ, իսկ ողջ մնացածներն իրենց հայրենասիրական ոգով ապրում և նույն կերպ դաստիարակում են գալիք սերունդներին:

Վազգեն Մեսրոպի Սաֆարյան:

Դեռ չէր բոլորել տասնութ տարին, երբ ինքնակամ մեկնեց ռազմաճակատ: Մարտական ընկերների «ճուտ» -ն էր, հրամանատարի` Լեոնիդ Ազգալդյանի խիզախ պատանին:

Վազգեն Սաֆարյանը ծնվել է 1972 թ. ապրիլի 9-ին Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում:

Ընտանիքի չորս զավակներից կրտսերն էր, ավարտել էր գյուղի միջնակարգ դպրոցը և աշխատավորի քրտինքով վաստակում էր իր հացը, երբ վրա հասավ 1988 թ.-ի հեղափոխիչ շրջադարձը:

Երիտասարդության շեմին նոր ոտք դրած Վազգենը, դեմ գնալով ծնողների կարծիքին, ինքնակամ միախառնվեց համաժողովրդական պայքարին:

Միշա Թադևոսյանի օգնությամբ նա դարձավ ջոկատի անդամ: 1989-ին նա արդեն Վարդենիսի շրջանում էր. մասնակցում է Քելբաջարի ուղղությամբ ձեռնարկվող ռազմական գործողություններին:

1991-93 թթ. մասնակցում է Մարտակերտի շրջանում` Թալիշում, Մարաղայում, Մատաղիսում, Մեծշենում, Կիչանում, Աղդապանում ընթացող ինքնապաշտպանական մարտերին:

Հիշողություններն այսօրվա պես ուղեկցում են մարտիկին: Ամեն անգամ, երբ ընկերներով հավաքվում են, հիշում են միասին անցկացրած դժվարին, բայց հետաքրքիր օրերը:

Անկախ պայմաններից, երբեք չեն հուսալքվել և միշտ մարտնչել են:

-1993-ն էր. գրավեցինք Հորադիսի շրջանի Աբդուլ Ռախմալ գյուղը: Մինչև հիմա ընկերներիս ձայները ականջներիս մեջ են: Ի՜նչ ոգևորությամբ էինք նշում ևս մեկ առաջխաղացումը: Մի բռունցք դարձած` առաջ էինք շարժվում: Ոչինչ և ոչ ոք չէր կարող ազդել մեր ոգևորության վրա: Մենք կռվում էինք հանուն հաղթանակի, - հուզմունքով, բայց և հպարտությամբ է պատմում Վազգենը:

Նրանք` մեր քաջամարտիկները, ամեն պարագայում չեն կորցրել իրենց հավատը և ապավինել են Աստծուն:

Վազգենը հպարտությամբ է հիշում, թե ինչպես տեսնելով ընկերների նահանջը, մնալով միայնակ` շարունակել է պայքարը: Նրա կողքին է մնացել միայն տիկին Ջեմման, ով նույնպես խնդրում էր նահանջել, իսկ Վազգենն ասել է. «Աստծո պահած գառին գելը չի ուտի», և մնացել է տեղում. քիչ անց տեղ է հասնում օգնությունը:

1992 թ.-ին հրամանատարի` Լեոնիդ Ազգալդյանի մահից հետո Վազգենը տեղափոխվում է «Ալաշկերտ» ջոկատ:

2000 թ. համալրում է Երկրապահ կամավորականների շարքերը:

Նա մասնակցել է նաև 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմին: Օրեր շարունակ կանգնելով զինվորների կողքին` իր պարտքն էր համարում սեփական անձը դնել հայրենիքի պաշտպանության գործին:

Իր խիզախության և արիության համար արժանացել է բազմաթիվ շքանշանների` «Անդրանիկ Օզանյան» մեդալ (ՀՀ ՊՆ 2009 թ.), «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ (ՀՀ նախագահ, 2013թ), «Մարշալ Բաղրամյան» մեդալ (ՀՀ ՊՆ 2015 թ.):

Բոլոր մարտընկեր-կամավորականները Հայոց բանակի հենասյուներն են: Մենք վստահ ենք, որ վտանգի պահին նրանք կրկին կմիանան և ձեռնամուխ կլինեն հայրենիքի պաշտպանության սրբազան գործին:


    

Մանե ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ


    
    

«Հայորդի» երտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ: Թիվ 2, փետր 2017թ.
    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3552 | 0 | 0
Facebook